մոտեցումներ եւ հարցեր

| ակտուալ ա |

ակտուալ ա-ն ինտերակտիվ միջավայր է, որտեղ տարաբնույթ խոսակցությունների ու քննարկումների միջոցով փորձ է արվում վեր հանել արվեստի ու մշակույթի տարբեր ոլորտների հիմնախնդիրները: Այսօր հասարակության զանազան շերտերում ընթացող խմորումներն ի հայտ են բերում մշակութային նոր դիսկուրսի անհրաժեշտությունը: ակտուալ ա-ն ներհայեցումն ընտրում է իբրեւ սկզբունք ինքնազատագրման եւ այլ/տարբեր հնարավորությունների հնարավորության ստեղծման, որով մշակութային նոր դիսկուրսը կարող է դառնալ անընդհատ վերարտադրելի:

| ռեւիզոր |

ռեւիզոր-ը վերանայումը գործադրում է որպես քննադատություն: Ինչպես ասվում էր հինգ տարի առաջ հղացած ռեւիզոր արվեստի պատմության օնլայն հանդեսի խմբագրականում. «ուժեղի («բաշարող, անողի») գերիշխանությունը հաստատվում է պատմության և, հետևաբար, կենդանի հիշողության չեզոքացման հաշվին»: Վերանայումը քննադատաբար վերհիշելու արարք է:

| եւ |

Փլուզումները, կամայական ջնջումները տանում են խզումների անխուսափելիության, երբ միակ հրամայականը կամային խիստ ընդգծված իշխանական հատումներն են իբրեւ հնարավոր միակ իրականություն: եւ-ը դիմում է մեկնաբանությանը` իբրեւ կամրջումի հնարավորության: Մեկնաբանությունը հայտնվելով հե՛նց արանքներում անցումային իրողությունների փոխակերպումներն ու փոխանցումները դարձնում է հնարավոր` հնարավորինս մեղմելով ուժգին առճակատումների ոչնչացնող թափը:

| բադաբադա՞ |

բադաբադա՞-ն կոմիկսի ու դրա նման բաների բաժին է: Առաջին հայացքից կոմիկսը կապ չունի քննադատական կայքի հետ, սակայն նկարի ու խոսքի համակցումը շատ մեծ ու անկանխատեսելի ազդեցություն է թողնում: Այս էջը քաղաքական չէ, բայց քանի որ ազատությունը հետ համեմատական է քաղաքականացվածությանը (ինչքան քիչ է առաջինը այնքան շատ թեմաներ են համարվում քաղաքական), սոցիալական մեկնաբանությունը շատ անգամ վերածվում է քաղաքականի:

| մառան |

Մառան, տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց ժող. տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիք և ըմպելիք: Մ. լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, տկերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր և թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր և այլն: Ճարտ. առումով Մ. լեռնային-նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություև՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան): Հին և միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական և վանքապատկան համակառույցների կազմում Մ. եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք և ունեցել տնօրեն-մառանապետ: Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդ. արտադրության հետ, Մ. դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման և հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր:
Մ. գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաև որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ մեղրամսի ընթացքում:

| review |

review ենթաբաժինը ստեղծվել է ընթերցողի որոնումները դյուրացնելու համար՝ կայքում տեղադրված բոլոր գրախոսությունները մի տեղում ամփոփելով: Այստեղ կուտակվում են մեր բաժինների տարբեր ժանրերի գործերի մասին օրիգինալ եւ թարգմանական գրախոսություններն ու անդրադարձները, որոնց միջոցով review-ն հնարավորություն է ընձեռում կողմնորոշվելու անցած եւ սպասվելիք մշակութային իրադարձությունների օվկիանոսում:

խմբագրակազմ

ակտուալ ա | մկրտիչ մաթեւոսյան
ռեւիզոր | վարդան ազատյան
եւ | սիրանուշ դ՛վոյան
բադաբադա՞ | լեւոն գյուլխասյան