| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
հրապարակված է 09.11.2017 | գեւորգ տեր-գաբրիելյան
պոստմոդեռնիզմի մասին
Վերջապես՝ ճշմարտության՝ հարաբերական լինելն ազդարարելն ու գիտակցելն օգուտ է ավելի, քան հակառակ հայտը, որն իսկույն բերում է պրիմիտիվ իշխանական դիսկուրսի, իսկ տվյալ պնդումը՝ ավելի իմաստուն հայտ է օպոզիցիոն դիսկուրսի:


Պոստմոդեռնիզմը, ինձ համար, մեթոդ է, որը սկսեց ձեւավորվել քսաներորդ դարի առաջին երրորդ մասում եւ ծաղկունքի հասավ վաթսունականներին, լրացնելով իր ստեղծագործ լիցքը ԽՍՀՄ փլուզման հետ: Այն փորձում էր ռեակցիա տալ մինչ այդ թագավորող պրիմիտիվ հասկացված լուսավորչական ռացիոնալիզմին: Թեեւ պոստմոդեռնիզմը սկզբունքորեն հրաժարվել է իր մեթոդը ձեւակերպելուց, քանի որ դա նրան կհանգեցներ այն լուսավորչական ռացիոնալիզմին, որից նա խորշում էր, ես համենայն դեպս կնշեմ մի քանի հանրահայտ տերմին-ուղեցույց, որոնք ցույց են տալիս, որ տվյալ տեքստը, եթե այն նրանց վրա հիմնվում է, ունի պոստմոդեռնիստական մոտեցումներ. «իշխանական, իշխող դիսկուրս» (կամ «մետանառռածիվ», «գրանդ նառռածիվ» «մեյնսթրիմ»), «դեկոնստրուկցիա» եւ «սիմուլյակր»: Վերջինիս հակառակը կարելի է համարել «դիֆֆեռանդ»-ը, այն իրադրությունը՝ երբ, «գժվելով» լեզվի ապիկարությունից՝ «իրականությունն» արտահայտել ու սուտ չասել, մարդ հաջողում է այդ ապիկարության իսկ միջոցով, այդ «մկրատի» միջոցով՝ «իրականության» ու լեզվի միջեւ, հաղորդել եթե ոչ իրականությունը՝ ապա իր ցավը, որ այն անհաղորդելի է, որը եւ դառնում է գլխավոր իրականություն: Թերեւս այս երեք թե չորս հասկացություններն են, այս կետոսները, որոնց վրա հիմնված է պոստմոդեռն աշխարհը, որոնք հանդիսանում են պոստմոռդենիզմի գլխավոր նվաճումները: Իհարկե, նրա մտածողությունը երբեմն տանում են մինչեւ Նիցշե, կամ նույնիսկ Շոպենհաուեր, էլ չասած Մարքս, իսկ եթե շատ խորանանք՝ ցանկացած մտածողի, որը փորձել է երբեւէ վերա-«հերկել» հիերարխիկ «լուսավորչական» իշխանական դիսկուրսի դաշտը: Այդ իմաստով հենց «իշխանական դիսկուրս» հասկացության ներմուծումը Ֆուկոյի կողմից ուղղակիորեն կապում է նրան մարքսիզմի հետ: Սակայն, ռելատիվիստորեն (հարաբերականորեն) ժխտելով «ճշմարտության» հնարավորությունը, այդ մոտեցումը նաեւ հրաժարվում է մարքսիզմի եւ ցանկացած «հումանիզմի» հետ իր հստակ կապից:

Սակայն դիտարկենք, թե ինչ օգուտ է բերել մարդկային մտածողությանը պոստմոդեռնիզմը: Բնականորեն, այդ նշածս հասկացություններն (ու նրանց առնչվող մի շարք այլ հասկացություններ, ասենք «ինտերտեքստուալություն») օգուտ են. նրանք թույլ են տալիս հեշտությամբ նշել որոշակի երեւույթներ՝ առանց շատ ժամանակ կորցնելու դրանց բացատրության վրա: «Իշխանական դիսկուրս» հասկացությունը ցույց է տալիս, թե ինչպես է մարդկության (որեւէ մասի) կողմից սովորաբար «ընդունված» մեկնաբանությունն աշխարհի կարգի՝ իրականում վերարտադրում որոշակի ուժային հարաբերություններ եւ շահագործում: Դրանով այն, ինչպես ասացի, շատ նման է Լենինի «ով այսօր մեզ հետ չի երգում՝ նա մեր դեմ է» մոտեցմանը: «Դասակարգային» վերլուծությունը ցույց է տալիս, որ պատմականորեն կա մի հարատեւ կապ «ճշմարտությունների» եւ իշխողների դիսկուրսի միջեւ, որը, շատ հաճախ եթե ոչ միշտ, անարդար է: Դա լավ ցույց տվեց Ֆուկոն իր վերլուծության մեջ՝ խելագարության կամ բանտի, ինչպես նաեւ՝ օրինակ՝ Բրոդելի հարած պատմական դպրոցը՝ գլխիվայր շուռ տալով իշխանական պատմական դիսկուրսը, որը պնդում էր, որ պատմությունն իշխողների մասին է:

Հենց որ իշխանական դիսկուրսի այս հատկությունը հայտնաբերվում եւ դառնում է համընդհանուր փաստ՝ նրա հնարավորությունը վերանում է, սկսվում է պայքար՝ իշխանիկական դիսկուրսիկների միջեւ, մեծ գրանդ մետանառռածիվների դարն անցնում է, ինչով եւ բացատրելի է ծիծաղելիությունն ու անլրջությունն ինչպես պուծինիզմի դիսկուրսի, այնպես էլ տեռռորիզմի եւ կամ «իսլամական պետության», չնայած նրանց մակաբերած զոհերի:

Հենց դրանումն է մտածողությունների այդ տարատեսակների տարբերությունը՝ նախապոստմոդեռն (եթե այն անկեղծ է) ու պոստմոդեռն. որ նախապոստմոդեռնն ընկալում է պոստմոդեռնը որպես մետանառռածիվ, որի դեմ պետք է պայքարել ու որը հաղթել, եւ կամ ձեւ է թափում այդպիսի, փորձելով մասսաներին պահել նախապոստմոդեռն վիճակում, մինչդեռ՝ եթե ճիշտ հասկանալ «պատմության վերջի» գլխավոր ու ճիշտ դրույթը՝ «կապիտալիզմն» ու «արեւմուտքը» չունեն այլեւս մետանառռածիվ, իշխանական դիսկուրս, նրանք անձեւ ու տձեւ «կյանքն» են՝ «ինչպես այն կա», «քաոտիկ», եւ հենց դա է աշխարհում այսօր իշխող մետանառռածիվը: Այսինքն պուծինիզմը չի կարող հաղթել «արեւմուտքին» ոչ թե որովհետեւ թույլ է, այլ որովհետեւ իր դեմ թշնամի չկա, ինքն այդ նույն մթնոլորտի մեջ է ընկղմված, իսկ այն «թշնամին», որն իր դեմ կա՝ համատարած է, ինչպես արար աշխարհ: Եթե կյանքաշխարհը թշնամի ընկալել՝ ուրեմն դու պայքարում ես հանուն մահվան ուժերի: Իսկ եթե խոսքը պարզապես կլասիկ ապստամբության մասին է կյանքի բարդության դեմ՝ դա արդեն ուրիշ հարց, դա ոչ այլ ինչ է քան պարմանու ապստամբություն:

Հետաքրքիր պարադոքս է, որ եւս մեկ սառը պատերազմի այդ անհնարինությունը, որ արձանագրեց պոստմոդեռնիզմը, հասկանալու համար օգտագործվում է պոստմոդեռնիզմի մեթոդաբանությունը, մինչդեռ այն իրեն արդեն սպառել է որպես ուղղություն այն պահից՝ ինչ կարիք է առաջացել՝ նրա մեթոդաբանությունն օգտագործելով՝ բացատրել, որ այլեւս սառը պատերազմ հնարավոր չէ: Հենց այդ «ութնուկն» էլ պարադոքսների՝ ու բոլոր գաղափարախոսությունների՝ պոստմոդեռնիզմի եւս մեկ հայտնագործությունն էր, կամ համենայն դեպս այն՝ ինչ ինքը նշեց որպես գռանդ նառռածիվների անխուսափելի ստիպված վայրէջք առաջացնող պարագա («the պոստմոդեռն պայման»):

Ուրիշ բան, որ այդ «ինչպես որ կա» մթնլորտը նույնպես ունի մետանառռածիվի հատկանիշներ, սակայն՝ սիմուլյակր մետանառռածիվի, ճիշտ ինչպես իր դեմ ընդվզող, ասենք, պուծինիզմը, որը եւ ցույց են տալիս նրա դեմ ընդվզումները (եթե անկեղծ են):

«Սիմուլյակր» հասկացությունը, իր հերթին, թույլ է տալիս պայքարել այն բոլոր երեւութականության դեմ, որով ողողոված է մեր ինֆորմացիոն աշխարհը, ցույց տալով, որ այդ երեւութականությունը հիմնականում շինծու է եւ, կրկին, վերարտադրվում է որոշակի նպատակներով՝ իշխելու եւ իշխանական հարաբերությունները որքան կարելի է անսասան պահպանելու: Հիշեցնենք, որ սիմուլյակրը ոչ թե իրականությունն աղավաղող դիսկուրսն է, այլ իրականության հետ կապ չունեցողը, սակայն այնպիսին՝ որի մեջ կա իրականության հետ կապ ունենալու վալենտություն, այսինքն սիմուլյակրը դա մի դիսկուրս է, որ ֆանտոմային ցավ է առաջացնում՝ ռեֆերենտի իր փնտրտուքում, եւ այդ իսկ պատճառով այդքան հեշտ է դառնում նրա ռեֆերենտի փոխարեն տեղը դնել ցանկացած ֆառշ, ֆալսիֆիկացիա, իսկ իրականում՝ ռեֆերենտը փոխարինել պրագմատիզմով (տես ստորեւ):

Երբեմն դրա լավագույն պրիոմներից են համարում աբստրակցիան դիսկուրսայնորեն կոնկրետացնելու մեթոդը, ասենք՝ որոշակի ռեֆերենտի «ֆաշիստ» պիտակով կնքելը, որը լավագույն միջոցն է՝ ոչ թե պարզապես իրականությունը կեղծել՝ այլ ստեղծել անռեֆերենտ, սակայն նրա ֆանտոմային ցավով տառապող դիսկուրս:
«Դեկոնստրուկցիան» էլ հենց այն մեթոդն է, որով իշխանական կամ իշխանականի հավակնող դիսկուրսները կարելի է քանդել, մերկացնելով նրանց սիմուլյակրները: Հենց ուժային հարաբերությունները, իշխելու պրագմատիզմը դիսկուրսի ետեւում ճանաչելն արդեն դեկոնստրուկցիա է, որը շատ հաճախ, կրկին, օգտագործվել է մարքսիզմի եւ նրան հարակից շարժումների կողմից (քննադատական տեսություն եւ այլն): Լավագույն դեկոնստրուկցիան դիսկուրսի միջից «դիֆֆեռանդի» պեղում-արտահայտումն է:

Այս հասկացությունները, գումարած պոստմոդեռնիստների համատարած հայտարարումը՝ որ «ճշմարտություն» չկա եւ որ այն անճանաչելի է ու հարաբերական, հանդիսանում են այս մոտեցման հիմքը: Այն նաեւ իր մեջ բնականոն կերպով ընդգրկում է Թոմաս Կունի «պարադիգմների հեղափոխության» տեսությունը, հասցված աբսուրդի, ըստ որի ճշմարտությունը «սոցիոլոգիական» հիմք ունի, այլ ոչ թե «ներքին», այսինքն Էնյշտեյնի տեսությունը հաղթանակեց այն բանից հետո, երբ համալսարաններում սկսեցին այն սովորեցնել, եւ դա դարձավ սովորություն, սովորական բան, ինստիտուցիա եւ ուրեմն՝ անհերքելի, եւ ոչ թե որովհետեւ այն «ճշմարիտ» էր ի սկզբանե: Եթե դա աբսուրդի հասցնել՝ ապա ժողովուրդներն ի վերջո կարող են ետ հավատալ, որ արեւը պտտվում է երկրի շուրջ, ինչի օրինակը մենք, որոշակի մոտավորությամբ, տեսնում ենք այսօր Ռուսաստանում կամ Իսլամական պետությունում:

Սակայն եթե նայենք պատմականորեն, թե ինչ բերեց պոստմոդեռնիզմը, տեսնում ենք մի քիչ այլ, ավելի ամբողջական պատկեր: Եթե մի կողմ թողնենք ճշմարտության մասին նրանց թեզը, քանի որ անկախ նրանից մենք նրան հավատում ենք թե ոչ, մենք գործում ենք մասնակի ճշմարտությունների վրա հենվելով, ապա մենք կունենանք մի շարժում եւ մոտեցում, որն իրականում աշխարհ է բերել ու ֆիքսել մի շարք կարեւոր հասկացումներ:

Նախ՝ աշխարհը միշտ, մարդկության գոյության օրվանից, եղել է իշխանական եւ ոչ իշխանական դիսկուրսների պայքարի վրա հիմնված: Այդ պատճառով էլ ոչ միայն պոստմոդեռնիզմի դարից սկսած, այլեւ ողջ պատմության ընթացքում կարելի է վերլուծել տեքստերն ու տեսնել, թե ինչպես է իշխանական դիսկուրսը, կամ որոշակի դիսկուրս՝ իշխանավորվելով, ձեւավորում իր շուրջ աշխարհը (կոնստրուկտիվիզմ):

Եվ նաեւ՝ ցանկացած քննադատ մտածող զբաղվել է իր շուրջ եղած իշխանական դիսկուրսները քանդելով, որոշակի իմաստով, ինչպես նաեւ՝ նոր իշխանական դիսկուրսներ հիմնելով: Այսպիսով՝ սոցիալական կոնստրուկտիվիզմն ու քննադատական մոտեցումը, որպես մեթոդներ, դառնում են միանգամայն ընդունված եւ շատ օգտակար՝ պոստմոդեռնիզմի դարաշրջանից սկսած, բայց օգտագործելի՝ ողջ պատմության նկատմամբ եւ ցանկացած մշակույթի:

Դրան գումարած՝ կարեւոր է հասկանալ, թե որոնք են սիմուլյակրները, ինչպես են դրանք առաջանում, արտադրվում, թեւածում: Սա նույնպես վերը նշվածի բնականոն մաս է: Տեքստին, դիսկուրսին, «ի սկզբանե էր բանն»-ին ուշադրությունը՝ ընդհանրապես, պոստմոդեռնիզմի շնորհիվ էր, որ դուրս եկավ իր նախորդ՝ ավելի մասնակի տեսությունների (ֆորմալիզմ, ստրուկտուրալիզմ, սեմիոտիկա եւն) շրջանակներից եւ դարձավ էպոխայի ու մարդկության զարգացման փուլի մաս, որն իր մեջ նաեւ ընդգրկում է իր նախորդը, ինչպես Էյնշտեյնի տեսությունը՝ նյուտոնյան ֆիզիկայից հետո: Կամ այդ պրոցեսը՝ «տեքստահենությունը», ամենաշատն ասոցացվեց պոստմոդեռնիզմի հետ: Հասկանալ, որ «ինչ»-ի առջեւում միշտ գտնվում է նրա «զգեստը»՝ «ինչպիսին»-ը, բովանդակությունը միշտ ունի ձեւ, որ այն ձեւավորում է ու նաեւ այդ իմաստով փոքր-ինչ աղավաղում, որպես ամենատարած փաստ՝ շատ կարեւոր էր մարդկության համար:

Ուրիշ բան՝ որ այս մոտեցումներն արգելում են տեսնել իրական ռեֆերենտ՝ տեքստի ետեւում, հայտարարելով, որ ցանկացած տեքստ «միայն տեքստ» է եւ, ուրեմն, հանգեցնելով ցանկացած տեքստ «սիմուլյակր»-ի, ինչ-որ իմաստով, քանի որ եթե տեքստը չունի «իրական» ռեֆերենտ՝ հենց դա է, որ նրան դարձնում է իրական ռեֆերենտ ունենալու սիմուլյացիա անող, քանի որ «տեքստ» հասկացության՝ մարդկության զարգացրած հասկացումը հենց հիմնված է նրա վրա՝ որ այն (կամ նրա մասերը) ունի/ունեն «իրական» ռեֆերենտ, այսինքն այդ վալենտությանը համապատասխանող մասը եթե բացակայում է՝ հենց դա է սիմուլյացիան: Ուրիշ բան, թե ինչ է այդ ռեֆերենտը:

Բայց հենց որ նույնիսկ տեքստից հասնում ես «դիսկուրսին»՝ այսինքն ավելացնում ես տեքստին այն ինտենցիան, որ «իշխանության հասնելու» նպատակով նրա հեղինակը նրա մեջ դրել է, այսինքն ավելացնում ես պրագմատիզմը, հեղինակազրկում նրան («հեղինակը մահացած է», քանի որ «աստված մահացած է») ու դարձնում տեքստերի «դասակարգային» կամ «պատմական» հոսք՝ իսկույն «իսկական» ռեֆերնտը «ետնաբակից» ետ է գալիս, քանի որ տեքստի ռեֆերենտային վալենտությունը լրացնելու համար լրիվ բավական է պրագմատիկան, այսինքն ողջ սեմանտիկան տեսականորեն պրագմատիկայից մակաբերելի է ճիշտ այնպես՝ ինչպես քերականությունը (պարադիգմատիկան)՝ սինտագմատիկայից, կամ կառուցվածքը՝ մարմնից, նույնիսկ հոսուն, հոսքից: Ասա ում է դա օգտավետ, ինչ շահ է հետապնդում՝ եւ ես կասեմ թե ում պոստմոդեռնիզմն է դա: Այսինքն օգուտը, շահը, ինտենցիան՝ պրագմատիկան, միշտ կարող է դառնալ/փոխարինել պրիմիտիվ հասկացված սեմանտիկային: Երբ մարդ գոռում է «գա՛յլը»՝ նա ոչ թե գայլ է ցույց տալիս այլ ազդանշան տալիս՝ որ գայլը հարձակվում է: Նա կարող էր փոխարենը գոռալ «ուշադի՛ր», եւ էլի փաստորեն գայլին ցույց տալիս կլիներ ինչ-որ իմաստով՝ պրագմատիկորեն ասած:

Այդ քայլը՝ սեմանտիկան պրագմատիկայից մակաբերելը, չեն կատարում ինդիվիդուալ լիբերալիզմի սխալ մեթոդաբանությանը հարող դեգեներացված արիստոկրատ անգլոսաքսոն նրանք՝ ովքեր վարակված են քերականական նոմինալիզմով, այսինքն հավատում են, որ լեզվի հիմքում բառն է ընկած՝ որը «իր» է նախանշում նախ եւ առաջ, եւ աշխարհը կազմված է «իրերից», որոնցից ամեն մեկին համապատասխանում է «բառ»: Նրանք, ովքեր հասկացել են, որ լեզվի հիմքում ընկած է խոսքը՝ ասելիքը՝ որը նախանշում է գործողություն՝ արտահայտում եւ ընկալում՝ արարք՝ որն օգուտ է կամ վնաս՝ սրա կամ նրա շահից է՝ արդեն հաղթահարել են այդ թակարդը:

Վերջապես՝ ճշմարտության՝ հարաբերական լինելն ազդարարելն ու գիտակցելն օգուտ է ավելի, քան հակառակ հայտը, որն իսկույն բերում է պրիմիտիվ իշխանական դիսկուրսի, իսկ տվյալ պնդումը՝ ավելի իմաստուն հայտ է օպոզիցիոն դիսկուրսի:

Կարելի է պոստմոդեռնիզմի այդ պնդումների փակ շրջանակից դուրս գալ եւ շարունակել գործ անել, օգտագործելով պոստմոդեռնիզմի տված հասկացություններն ու շատ ավելի բան՝ որ մարդկությունը կուտակել է, որպես մեթոդ: Այդ էլ նրա օգուտը:

Սահմանափակությունը պոստմոդեռնիզմի նաեւ երեւի այն է, որ այն փորձեց փրկել նառռածիվ սինտագմատիկ փիլիսոփայությունը՝ տեքստային-մոնոլոգիկ փիլիսոփայությունը, որն ինքնին արդեն հնացած իշխանական դիսկուրս էր ու հաճախ՝ անիմաստ: Նա շարունակեց պնդել, որ կա «փիլիսոփայություն» որպես այդպիսին, ու, չնայած իր «հեղափոխական» մոտեցումներին՝ ընդունում էր նախկին փիլիսոփաների վաստակն ու հաճախ անքննադատորեն հենվում դրա վրա (ոչ միայն բովանդակության, այլեւ մեթոդի): Այդպիսով նա փաստորեն վերարտադրում էր այն թյուր մտայնությունը, որ փիլիսոփայությունը դա ակադեմիական գիտություն է, հիմնականում հիմնված նախորդ փիլիսոփաների հասկացածի ու տերմինների բացատրության ու մեկնաբանման վրա: Դա հենց այն թակարդն է ու ճահիճը, որ թույլ է տալիս շատերին ասել, որ փիլիսոփայությունը մահացած է: Փաստորեն պոստմոդեռնիզմը, ակադեմիականանալու ու փիլիսոփայության դարավոր տեքստերի շարանների մեջ ընդգրկվելու իր միտումով, մեղադրվեց կամ մեղանչեց, երեսպաշտություն ու համաձայնողականություն դրսեւորելով, քանի որ իրական հեղափոխականությունը, պարադիգմի փոփոխումը չի կարող լինել ակադեմիական ու օֆիցիալ:

Այդ ամենի արդյունքը բազում բառախաղերն էին, եւ՛ հին փիլիսոփայության, եւ՛ պոստմոդեռնիզմի, որոնք փաստորեն «աղբացնում» էին մարդու ականջը, աչքն ու ուղեղն ավելին, քան ավելացնում աշխարհի հետազոտությունը: Այդ է պատճառը, որ ես ընտրեցի մի քանի իրոք կարեւոր ու օգտագործելի հասկացություն այս էսսեի համար, չշեղվելով ո՛չ հեղինակներին քննարկելու, ո՛չ էլ շատ հասկացություններ մեջբերելու վրա, քանի որ կարեւորը տեսնելն է, թե հեղինակը կամ ուղղությունն ի՛նչ գործիք է տվել՝ հաջորդ քայլը կատարելու համար, ի՛նչն է նրանց ժառանգությունից օգտագործելի՝ նոր հարցեր բարձրացնելու համար, այլ ոչ թե նրանց արածը վերարտադրել փորձելը, մեկնաբանելով, թե նրանք ինչ էին ասում:
Դա նրան քննադատելու հիմնական պատճառներից է, եւ նրա ու («կոնտինենտալ») փիլիսոփայության՝ որոշ ոչ շատ սոցիալացված տարօրինակ մարդկանց էզոտերիկ զբաղմունքի մակարդակի հատկացումն ու այդտեղ երկփեղկումը, ասենք՝ կոշիկի շնուռոկ հավաքող կոլեկցիոներների ակումբի պես:
Նույնիսկ ավելին. այն օգտագործվեց քաղաքականություններ արդարացնելու համար, ինչպես օրինակ «մուլտիկուլտուրալիզմը», երբեմն՝ հաջող, երբեմն՝ ոչ, սակայն դա է՛լ ավելի կարծրացրեց, պատվանդանացրեց ու բրոնզավորեց այն, է՛լ ավելի մոտեցնելով իր կոնցեպտուալ վախճանին:
Դրանով եւս մեկ անգամ ազդարարվեց համալսարանական կլասիկ կլասիցիստական ավանդական «փիլիսոփայության» մահը՝ ի հեճուկս գիտության եւ մտագործունեության մեթոդաբանության:

Դա հասկանալի տրագեդիա էր. հատկապես ծաղկելով կոնտինենտալ Ֆրանսիայում, պատերազմից հետո՝ պոստմոդեռնիզմն իրենով խորհրդանշում էր ֆրանսական «քաղաքակրթության» պարտությունը՝ դառնալ համատարած... Որը նա փոխակերպում էր («եվրոպական», «եվրոպակենտրոն», «քրիստոնեական», «ատլանտյան») ճշմարտության «պարտությամբ»՝ որպես սիմուլյակրով: Մի կողմից՝ ողբալով իր «պարտությունը», մյուս կողմից՝ իր ամենատիրությունը փորձելով, «առանց դա նկատելու», ետնաբակից ներս բերել՝ «դե ֆակտո» հայտարարելով, որ, իբր, ֆրանսական «քաղաքակրթության» պարտությունը հավասարազոր է եվրոպական «քաղաքակրթության» պարտությանն ու, ընդլայնելով՝ ողջ մարդկության պարտությանը՝ իմաստներից գլուխ հանել: Այն, որ աշխարհը բացատրելի չէ ավանդական անալիտիկայի «հոդակապերը» (joints) եթե քանդես, որ իմաստներն «այնտեղ չեն», ուր նայում էին, կարծրատիպերի մեջ կորչելով, հնոտիանալով, եվրոպակենտրոն լուսավորչությունն ու ռացիոնալիզմը (մոտեցում, որը հայտնի է փիլիսոփայության մեջ, իսկ արվեստի՝ հենարաններից մեկն է, օրինակներ՝ եւ՛ Կանտը, եւ՛ Տոլստոյը, եւ՛ Հումբոլդտը, եւ՛ դիֆֆեռանդը, եւ՛ «օստրաննենիե»-ն՝ ֆորմալիզմի ներբերած «տարօրինակացումը», եւ՛ Մարքսի «օտարացումը», եւ՛ Բախտինի կառնավալը, եւ՛ Մամարդաշվիլին, եւ՛ մոդայիկները՝ ասենք ֆեմինիզմն ու Սայիդը եւ այլն եւ այլն)՝ վերափոխվեց «իմաստ չկա»-յի:

Քանի դեռ փորձում էր բացատրել պոստինդուստրիալ հասարակարգն ու կոնսյումերիզմը՝ էսպես կոչված «կապիտալիզմը»՝ պոստմոդեռնիզմը շարունակում էր մնալ սազական, սակայն այն չկարողացավ լիքը ուրիշ բան բացատրել, ասենք՝ ընդհարվելիս բացատրել թվայնացման դարաշրջանը (կամ չափից դուրս կիսատ է բացատրում), եւ այդ էռան արդեն մնաց նրանից դուրս ու պահանջեց այլ մոտեցումներ, չնայած նրա ներկայացուցիչների ու հակաջատագով թշնամիների բոլոր ջանքերին՝ այն նույնպես խցկել իր մեջ:

Պրիմիտիվ ընդհանրությունը պոստմոդեռնիզմի սեւեռվածության՝ դիսկուրսի ու տեքստի ու ինտերտեքստուալության վրա, շուկայից ալերգիան, եւ նրա, որ ինտերնետը դիսկուրս ու տեքստ է՝ նրանք փորձում են ներկայացնել որպես ինտերնետը՝ պոստմոդեռնիզմի բարձրագույն եւ վերջին ստադիա լինելու հանգամանք, սակայն դա նույնն է, ինչ այն հանգամանքը, որ մարդն ու ջրափոսը մեծ մասամբ ջրից են կազմված՝ օգտագործել բացատրելու համար, որ մարդը ջրափոսի բարձրագույն կամ վերջին ստադիան է, կամ հակառակը: Որոշակի ճշմարտություն այդ պնդումների մեջ էլ կարող է լինել, իհարկե, մանավանդ՝ նայած ինչ մարդ (կամ ջրափոս), բայց արդյոք պե՞տք է մեզ այդպիսի ճշմարտությունը: Այդ իմաստով՝ ամեն ինչն է ամեն ինչի ստադիա:

Մյուս աղերսը պոստմոդեռնիզմի՝ իր իրականության հետ այն էր, որ նրա շատ ջատագովներ արարքը, հեղափոխության մասնակցությունն ազդարարեցին փիլիսոփայության անքակտելի մաս: Այստեղ կարելի է զուգահեռ անցկացնել ժամանակակից արվեստի մոտեցման հետ, որտեղ ոչ թե արդյունք իրի նշանակալիությունն է արվեստ հռչակվում, այլ արարման ակցիան ու գործողության պրոցեսը, այսինքն՝ հաղորդակցությունն արվեստագետի ու կոնսյումերի միջեւ: Կրկին, պրագմատիզմը գալիս է փոխարինելու ռեֆերենտի եւ սեմանտիկայի նշանակությանը: Այդ տեսակետից լավագույն արվեստ է, իհարկե, մարդուն ցավ պատճառելը, քանի որ դրանից ավելի զգացնել տալ դժվար է, շատ-շատ՝ նրա հետ կենակցել կարելի է նույն սկզբունքով, եւ ուրեմն գերագույն պոստմոդեռն արվեստ է՝ մարդու գլուխը իրականում հրապարակավ կտրելը յություբում, ինչի համար Իսլամական պետությունը, երեւի, պիտի Նոբելյան մրցանակ ստանա:

Այսինքն պոստմոդեռնիզմը լրիվ չկորավ, դուրս-ետ մղվեց «երկրորդ աշխարհ», որը համարվեց միաժամանակ նրա անվերապահ հաղթանակի տիրույթ՝ շատ ավելի անվերապահ, քան ավանդական արեւմտյան կապիտալիզմը՝ եւ նաեւ նրա միակ, առանձին վերցված, գերագույն եւ վերջնական հաղթանակի տիրույթ, ընդ որում ուշացած, քանի որ աշխարհի մնացած մասն արդեն այլ կողմ էր շարժվել:

Միակ՝ այն իմաստով, որ պարզ դարձավ, որ այն ավելի հարմարեցված էր հետխորհրդային, հետսառըպատերազմյան իրականությանը՝ քան ցանկացած այլ, եւ մինչեւ այդ իրականության ձեւավորումը այն հատուկ ձեւի սիմուլյակր էր՝ առանց հնարավոր ռեֆերենտի, իսկ հետխորհրդային աշխարհում արմատանալուց հետո՝ նա դադարեց լինել սիմուլյակր, դառնալով իրականություն, եւ այդպիսով ինքնակործանվեց: Նա կարող է թեւածել միայն նախաթվայնացած հասարակարգում, կամ ավելի ճիշտ՝ այն հասարակարգում՝ որն ինքը (գոնե՝ դեռ) չի հայտնագործել թվայնացումը եւ չի խորասուզվել դրանից հետեւող հետեւությունների փնտրտուքի մեջ:

Նրա հետ տեղի ունեցավ նույնը, ինչ սոցիալիզմի հետ, որի անվերապահ ու վերջնական հաղթանակը մեր առանձին վերցված տեղանքում ազդարարեց նաեւ նրա անվերապահ տեսակի մահն ու անհնարինությունը:

Մեզ համար՝ հայերիս (ինչպես եւ, երեւի, մի շարք այլ «փոքր» ազգերի ու մշակույթների), որոնք սովոր են, որ իրենց նպատակները երբեք չեն համընկնում մարդկային մեծ հանրույթների պատմականորեն հաղթանակած դիսկուրսներին, եւ որոնք լավ են տեսնում ճեղքերը՝ մեծ իմաստությունների, պոստմոդեռն լինելը, բայց միաժամանակ դրան կուլ չգնալը հեշտ է: Մեզ համար դա ոչ թե հայտնություն է՝ այլ բնականոն վիճակ, միաֆիզիտիզմ, քննադատական մոտեցումն իշխանական դիսկուրսներին՝ մեր ստիպված վայրէջքն է, մեր Ավարայրը՝ որ օգնում է նրանցից խուսափել, մեր պատրվակը՝ չմասնակցել, մեր՝ գոյատեւելու ու հարմարվելու մեթոդը: Մենք ճակատագրի բերումով «դիֆֆեռանդ» ենք, դեկոնստրուկտիվիստ եւ, ինչ-որ իմաստով՝ սիմուլյակր. մենք ունենք միֆ ավելի՝ քան ռեֆերենտ, գրեթե ուրվականի պես:

Համատարած ու հաղթական իշխանական դիսկուրսները, որոնք մեզ պարտադրվել են դարեր ի վեր, մեզանում միշտ ունեցել են մի ճեղքվածք՝ մի տարբերություն՝ անսահման լրջությունից, մի խեթ հայացք, մի ոչ լրիվ տրվածություն, ծաղրական նվիրվածություն, ի տարբերություն այն տրվածության՝ որը նրանց հատկացվում էր իշխող «լուրջ» դիսկուրսի կրիչի, ագենտի կողմից, ասենք՝ ռուսախորհրդային մարքսիզմի, կամ այսօր՝ պուծինիզմի: Նույն կերպ ետխորհդային տարածքում, Ռուսաստանում (ներառյալ Ուկրաինան), պոստմոդեռնիզմն այդքան հաղթականորեն ու հեշտորեն թեւածեց ու թագավորեց, մեռնելով, որովհետեւ մեծ իշխանական ճշմարտությունները լրիվ սնանկացել էին (հիշենք թեկուզ Պելեւինի «Պի ջեներացիան», պոստմոդեռնիզմի մասին մի կլասիկ երկրորդական գործ, որ այնտեղ դարձավ հիթ ու այդպես էլ մնաց հիթված), դարձել սիմուլյակրի մեմ, եւ արդյունքում ծնեց իր վիշապիկին՝ պուծինիզմի ձեւով:

Ռուսաստանյան (ետսովետական) մշակութային արեալին, կամ Իգիլին, կամ, ասենք, նացիզմին պոստմոդեռնիզմը՝ իր «ճշմարտություն չկա», «իմաստ չկա» աղավաղված տարբերակով, հեշտ է գալիս, հարմար է վրան նստում, քանի որ երբ ճշմարտությունը խորապես աղավաղված է ու դրա վրա է հիմնված պետական կառավարումը՝ մարդն ավելի հեշտ է ընդունում, որ ճշմարտություն չկա, քան այն, որ ճշմարտությունն ու հակաճշմարտությունը հավասար ստատուս ունեն ժամանակավորապես տվյալ հասարակությունում: Եթե ճշմարտություն չկա՝ ամեն ինչ կարելի է, գրեթե ինչպես Դոստոեւսկին էր ասում, իսկ եթե այն կա, պարզապես աղավաղված է՝ ադապտացվելը, ծախվելը, «քցվելը», «հեշտ ապրելը» բացառվում է, էկզիստենցիալ ընտրություն է պետք, իսկ դա վատ է տիպական ծույլ «կոնսյումերի» «փսայքե»-ի համար: Ավելի հեշտ է մարդու գլուխ կտրել յություբում կամ հազարավոր զոհերով պատերազմ հրահրել քմահաճույքից ելնելով, եթե ճշմարտություն չկա՝ քան եթե դու ունես քո սեփական, նորաաճ, քո գուռուների կողմից քո մեջ լցոնած, աբսորբացված ճշմարտությունը, քո դարավոր ներքին ճշմարտությանը հակադիր, անմարդկային: Դու կասես, թե դա նրանց ճշմարտությունն է՝ բայց դա կլինի սիմուլյակր, իսկ հոգուդ խորքում գիտես, որ այն չկա:

Բայց հենց այն պահից, երբ այն հաղթում է մեռնելով՝ մենք՝ հայերս, քանի որ դա էլ մեր ընտրածը չէ՝ վերականգնում ենք մեր խեթ թերահավատ հայացքը դրան (նման՝ լճացման ժամանակվա մեր ցինիզմին) ու դրան էլ, առողջ ցինիզմով լեցուն, լրիվ չենք հավատում, լավ տեսնելով նրա մի խոշոր մասի (բացի նշածս տերմիններից) սիմուլյակրությունն ու սիմուլյակրության սիմուլյակրությունը, ու մեմության մեմությունը, մայմունության մայմունության մայմունությունը, ու պոստմոդեռնիզմը որպես մեմ ու մեմը որպես կարծրատիպ, ո՛չ դրանց ենք հավատում, ո՛չ դրանց մահերին կամ ուրվականներին, նույնիսկ եթե, պրագմատիկ նպատակներով, արտաքնապես ձեւ ենք թափում, թե այն ընդունում ենք, կամ չենք խառնվում նրա «իրական» լինել-չլինելու բանավեճին:

... Իսկ թվայնացման դարաշրջանը դեռ մնում է բացահայտման ու հասկանալու կարոտ:

| 2015-2017 |
 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am