| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|եւ|
հրապարակված է 01.11.2017 | լեո
ռուսահայոց գրականությունը
Երբ մի ազգ, դարավոր աղետներից, երկար քնից հետո սկսում է զարթնել, սկսում է հասկանալ, թե ինչ է նրան պակասում, մենք ասում ենք, որ այդ ազգը հասել է ինքնաճանաչության։ Ինքնաճանաչությունը ինքնաքննությունն է։ Քննել ինքն իրան, որոնել ու գտնել իր պակասությունները - ահա ինքնաճանաչ ազգի գործը։


1903թ. «Բազմավեպ»-ի այն ժամանակ խմբագիր Սիմոն Երեմյանի առաջարկով Լեոն գրում եւ Վենետիկում հրատարակվող «Գեղունի» եւ «Բազմավեպ» հանդեսներում հրատարակում է իր «Ռուսահայոց գրականությունը» աշխատանքը: Մեկ տարի անց Ս. Ղազարում այն հրատարակվում է առանձին գրքով: Աշխատանքը 19-րդ դարի ծնունդ արեւելահայ գրապատմական փորձը ամբողջացնող առաջին գործն է եւ որպես այդ ըմբռնելի է հայ իրականության արդիացման նախագծի կոնտեքստում: Ինքը` Լեոն խորապես գիտակից է սրան առնվազն երկու կետում: Հայերի արդիացումը, իբրեւ մասը համաշխարհային արդիացման պրոցեսների, ընթանում էր գրականությունը լայն զանգվածներին իջեցնելով. «...ժողովրդականացող գրականությունը պիտի նույն այդ ժողովուրդը լինի»,- գրում է նա, ինչը նշանակում էր գրականությամբ ժողովրդին իմացության լույսին բերելու եւ գրականությունը ազգային բնավորության գծերով տոգորելու դիմահայաց մի գործողություն: Փոխներթափանցող այս գործողությունը տեղի էր ունենում եվրոպական մտածողության նմանողությամբ: Օտար ներգործությունը «առաջնորդել են մեզ դեպի ինքնաճանաչություն, դեպի լույս եւ օգնել են մեզ մեր սեփական ցավերը հասկանալու, նրանց համար դարման գտնելու»,- գրում է նա։ Խորքի մեջ ուրիշի փորձի առջեւ բեկվող սեփական փորձի վերընթաց այս շարժումը հայերի արդիացման մյուս յուրահատուկ կողմն է, որ Լեոն դիտարկում էր իբրեւ դրական ներգործություն:

Լեոն, որքան որ թույլ էին տալիս իր ժամանակի պայմաններն ու իր անհատական հնարավորությունները, հիմք է դնում գրականությունը իբրեւ տարամիտող գաղափարների ու անհատական խառնվածքների բախումներով կազմավորվող ամբողջություն ընկալելու մի ավանդույթի: Վերահրատարակում ենք գրապատմական մեր կյանքի այս կարեւոր վավերաթղթի առաջին հատվածը, որտեղ Լեոն, ինչպես ինքն է ասում, ամփոփ ձեւով տալիս է գրականության պատմության իր ըմբռնումը: Աշխատանքի հաջորդող հատվածները արդեն գրականության պատմության «վավերաթղթերի» քննությունն է, որ հապավում ենք այստեղ: Շնորհակալ եմ ուսանողուհուս` Աստղիկ Սողոյանին, նյութի հրատարակությանը ցուցաբերած աջակցության համար:  
                                                                                        Ս.Դ.



Նախաբան
ԳՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՈԻՄՆ


Աշխատությանս վերնագիրը ամենից առաջ ցույց է տալիս մի խիստ որոշ շրջան, որոշ ժամանակամիջոց։


Կես դար առաջ չկար այդ անունը - ռուսահայոց գրականություն: Կես դար առաջ դեռ տիրապետող, դեռ ընդհանուր էր հայոց գրաբար գրականությունը, նա մի էր աշխարհի բոլոր կողմերում ցրված հայերի համար։ Կես դար առաջ նոր միայն կազմակերպվում էր մեր աշխարհիկ գրականությունը, նրա լեզուն Կ. Պոլսի բարբառի վրա հիմնված աշխարհաբարն էր։ Եվ թվում էր, թե նա պիտի բռնե գրաբարի տեղը, թվում էր, թե նոր գրականությունը, այդ լեզվով պիտի հանդես գա բոլոր տեղերի հայության մեջ։


Հանկարծ տեղի է ունենում բաժանում, աշխարհագրական այն գիծը, որ կազմում է երկու մեծ պետությունների՝ Թուրքիայի և Ռուսաստանի սահմանագլուխը, դառնում է մի մեծ անջրպետ. Ռուսաստանում ապրող հայությունը իր համար լեզու է ստեղծում, նոր, ինքնուրույն գրականություն է ստեղծում։


Մեր պատմությունը շատ քիչ ունի այնպիսի խոշոր երևույթ, որպիսին է այս բաժանումը։ Ամբողջ տասներեք ու կես դար, սկսած այն ժամանակից, երբ Ս. Մեսրոպը գտավ հայոց գրերը եւ սկիզբ դրեց ազգային գրականության, մենք, հայերս, մի եւ անբաժան էինք գրական տեսակետից։ Քաղաքական հանգամանքները այդ դարերի ընթացքում շատ անգամ են զանազան դիրքեր ստեղծել մեր հայրենիքի մեջ, բայց դիրքերի զանազանությունը գրականության խիստ զանազանությունը չէ առաջացրել։ Հայաստանը երկար ժամանակ բաժանված էր Բյուզանդիայի եւ Պարսկաստանի մեջ, բայց բյուզանդահայ եւ պարսկահայ գրականություն մենք չտեսանք։ Երկար ժամանակ Շիրակում գոյություն է պահպանում մեր Բագրատունիների անկախությունը, որի սահմաններից դուրս կար մի ամբողջ ստրուկ, հարստահարված հայություն, բայց անկախության եւ ստրկության սահմաններում պահպանվող գրականությունները չեն տարբերվում իրարից։ Նույնը՝ Ռուբինյան հարստության ժամանակ։ Միջերկրականի ափին, լեռնաստանի կատարները բարձրացած այդ ազատությունը լուսավորում էր հայության սեւ ճակատագիրը այնպիսի մի ժամանակ, երբ բուն հայրենիքի վրա ծանրացած էր թաթարական իսլամի լուծը։ Պայծառ փարոս էր Կիլիկիան, նա գտնվում էր Եվրոպայի ազդեցության տակ, շփվում էր արևմտյան ազգերի հետ, բայց նրա եւ արյունոտ Հայաստանի մտավոր գործունեությունների, գրքերի մեջ աչքի ընկնող տարբերություն չենք գտնում։


Միայն տասնիններորդ դարի երկրորդ կեսից իրողություն է դառնում, որ հայությունը բաղկացած է երկու խոշոր հատվածներից, որոնք տարբերվում են իրարից ոչ միայն լեզվով, այլեւ խառնվածքով, բնավորությամբ, մտածողության եղանակով։


Ինչպե՞ս պետք է նայել այդ բաժանման վրա։


Շատերն են եղել անցյալում եւ այսօր էլ շատերը կան, որոնք չեն կարողանում հաշտվել կատարված իրողության հետ։ Եվ իրավ, երեւույթը ունի իր տարօրինակությունը։ Միեւնույն ազգը, միեւնույն անցյալի, միեւնույն դարավոր ճակատագրի հարազատ զավակը ներկայացնում է գրական երկու հակասող ծայրեր։ Կարելի պետք է լիներ հուսալ, որ քաղաքականապես բաժան - բաժան եղած մի ազգություն գեթ գրականության միջոցով մի ամբողջություն կազմեր, մինչդեռ այսօր օտարացումը այդ երկու բաժինների մեջ այն կերպարանքն է ընդունել, որ, օրինակ, ռուսահայոց լեզվով գրված մի գործ թարգմանում են թուրքահայ լեզվով, որպեսզի նա մատչելի լինի թուրքահայ ընթերցողին։


Շատ լավ զգալով այդ բաժանման բոլոր անհարմարությունները, մենք, այնուամենայնիվ, չենք կարող ասել, թե դա մի անբնական, արհեստական, քմահաճ բաժանում է, թե կարելի է վերացնել այդ բաժանումը արհեստական միջոցներով, քարոզներով։ Այն մարդիկ, որոնք առաջին անգամ ռուսահայոց գրական անջատման գլուխ էին անցել, շատ լավ զգում էին, որ ընդհանուր ազգային շահերի տեսակետից դա շատ էլ ցանկալի բան չէ։ Բայց այդ մարդիկ զգում էին եւ մի այլ, ավելի հզոր բան, այն, որ չէ կարելի անտես անել ժամանակի պահանջն երբ, որ ժողովրդի զարգացման հանգամանքները ճակատագրական անհրաժեշտություն են դարձնում բաժանումը։ Սակայն բաժանումը նրանց համար վերջնական օտարացում չէր նշանակում։ Բաժանվելով, նրանք հույս ունեին նորից միանալ, նորից միության ճանապարհներ գտնել լեզվի մեջ։ Այսօր էլ կա այդ միտքը։ Այսօր էլ թվում է շատերին, թե երկու գրական լեզուները կմոտենան իրար, կգրկախառնվեն, մի ընդհանուր, համազգային ամբողջություն կկազմեն։


Թողնենք այդ հարցր։ Ապագայի մասին գուշակություններ անելը առնվազն ապարդյուն է։ Պատմությունը գործ ունի եղած փաստերի հետ, կարող է նրանց էությունը բացատրել, նրանց ընթացքը լուսաբանել։ Թողնելով այն, ինչ կարող է լինել, մենք նկատի կառնենք այն, ինչ եղել է, ինչ կա այսօր։


Բաժանումը ունի իր խոր պատճառները, իր հաստատուն հիմքերը։ Բաժանումը անխուսափելի էր, քանի որ նրանից առաջ եկավ կյանք։


Նա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մեր գրականությունը, վերջապես, դարձավ բուն ժողովրդական ազգային գրականություն։ Մի եւ ընդհանուր էր նա, քանի հեռու էր ժողովրդից, քանի նա մի փոքրաթիվ դասակարգի, գլխավորապես եկեղեցականության սեփականությունն էր։ Տասնիններորդ դարը ազգայնությունների, ռամկավարական սկզբունքների մրցության դար էր։ Մեծ շարժման ալիքները ողողեցին Եվրոպան, հասան եւ այն երկիրները, որոնք կամ Եվրոպա չէին, կամ Եվրոպայից շատ էին ետ մնացել, բայց հասկացել էին, որ եվրոպականությունը փրկություն է, կյանքի եւ մահվան խնդիր է։


Ժամանակը եռանդոտ, գործունյա, մտավոր խմորումը ամեն տեղ, նոր աշխարհայեցողությունը արբեցրել է մարդկանց։ Ամեն տեղ պարզված է միեւնույն դրոշակը՝ ժողովրդի, ամբոխի դատը։ Ստրուկ է ամբոխը, պետք է ազատել նրան։ Տգետ է ամբոխը, պետք է կրթել նրան։ Ամբոխը աղքատ է, դարավոր անարդարությունը բարձել է նրա վրա ամեն տեսակ հարստահարությունների բեռներ, պետք է նրան ցույց տալ նյութական բարեկեցության ճանապարհները։ Ամեն ինչ ժողովրդի համար, դասակարգային արտոնությունները պետք է ոչնչանան, որպեսզի առաջ գա ազատ, գիտակից ժողովուրդը։ Եվ եթե կա աշխարհիս վրա մի բարերար, որ այդպիսի հրաշալի մեծագործություններ պիտի իրականացնե, դա ուրիշ ոչ ոք չէ, բայց միայն լուսավորությունը:


Եվ գրականությունը, գիտությունը մոտենում են ժողովրդին, նրա մեջ ապրելը, նրանից կենդանության նյութեր քաղելը միակ արդարացի, միակ օրինավոր նպատակ են համարում։ Ժողովուրդը իր հողի, իր միջավայրի, իր պատմական անցյալի, իր ցեղային առանձնահատկությունների արդյունքն է, եւ ժողովրդականացող գրականությունը պիտի նույն այդ ժողովուրդը լինի։ Նա ազգայնանում է, ավելի եւ ավելի խիստ է ենթարկվում տեղային առանձնահատուկ պայմաններին։ Նա այլեւս վերացականություն չէ, երկնքի թարգմանը չէ։ Երկինքը միանման է ամբողջ աշխարհի համար, նա շատ է հեռու եւ միատեսակ կապույտ տարածություն է ներկայացնում։ Երկնքից գրականությունը իջնում է երկրի վրա։ Այստեղ արդեն ուրիշ բան է՝ այստեղ մայր հողն է, որի վրա յուրաքանչյուր խորշ, յուրաքանչյուր լեռնային բարձրություն, հովիտ իր առանձնահատկություններն է մտցնում, իր հզոր պայմաններն է օրենք դարձնում, որին պետք է հպատակի մարդը։ Կեցության, բնավորության, խառնվածքի որքան խայտաճամուկ բազմազանություն։ Հողի, իրականության վրա հիմնված ժողովրդային գրականությունն էլ պիտի այսպիսի կերպարանք ընդունե։


Ամենից առաջ այս հանգամանքի մեջ պետք է որոնել մեր գրական բաժանման իսկական պատճառները։ Հայաստանի մեջ գավառներն անգամ տարբերվում են իրարից աշխարհագրական դիրքով, ժողովրդական կեցության, լեզվի հանգամանքներով։ Միաձույլ ազգային բնավորություն, խառնվածք չկա մեզանում եւ չէր էլ եղել։ Դա մեր պատմության, մեր հողի մշակած օրենքն է։ Եվ երբ եկավ ժողովրդական գրականության ժամանակը, այդ միջոցին պարզվեց, պատմական իրողություն դարձավ, որ մենք երկու առանձին մեծ մասերի պիտի բաժանվենք՝ արևելյան և արևմտյան հայություն։
Ավելի հարմար, ավելի ճիշտ կլիներ այս անուններով էլ (արեւելյան եւ արևմտյան) կոչել մեր այժմյան երկու գրականությունները, որովհետեւ այդ֊պիսով ավելի որոշակի կարտահայտվեր ազգի երկու մասերի հոգեբանությունը։ Պարսկաստանը Ռուսաստան չէ, բայց այնտեղի հայերը լեզվով եւ գրականությամբ միացած են ռուսահայերի հետ, թեեւ նրանց վրա մեծ ազդեցություն են արել եւ թուրքահայերի մամուլն ու գրականությունը։ Պարսկաստանի մեջ ծնված, մեծացած Րաֆֆին ռուսահայոց գրականության խոշոր գործիչներից մեկը դարձավ եւ մի ամբողջ հեղափոխություն առաջացրեց մեր վիպագրության մեջ։ Եվ եթե արեւելյան հայոց գրականությունը համարյա միշտ կոչվում է ռուսահայոց գրականություն, դրա պատճառը միայն այն պետք է համարել, որ նա ծնվեց ու զարգացավ ռուսահայերի մեջ, պարսկահայերը մինչեւ այսօր էլ ոչինչ սեփական գրականություն չունին։


Սակայն բաժանման պատճառը միայն աշխարհագրական դիրքը, ժողովրդի բնավորությունը չէ։ Հավասար չափով զորեղ է եւ ազդեցության, գրական դաստիարակության հարցը։

Անպատրաստ, ինքնուրույնությունից զուրկ ազգերին, այն ազգերին, որոնց ստեղծագործող ուժերը քնած դրության մեջ են, հատուկ է ենթարկվելը, քաղաքակրթությամբ, մտավոր առաջադիմությամբ հզոր ազգերի ազդեցության։ Այս հանգամանքը հատուկ է մանավանդ փոքրիկ, անպաշտպան, ցիրուցան եղած ազգերին, մանավանդ, երբ նրանք աղքատ են հոգով, երբ նրանք սեփական անկախ շավիղ չեն կարող հարթել քաղաքակրթության դաշտում եւ պիտի շարունակ սովորեն, աշակերտեն։


Հայի խիստ ենթարկվող բնավորությունը չափազանց աչք ծակող պատմական մի իրողություն է։ Օտարին ենթարկվելու, օտարինը յուրացնելու համար հային հարկավոր էլ չէ, որ այդ օտարը նրանից շատ բարձր լինի իր քաղաքակրթությամբ, իր մտավոր ուժով։ Երբ մենք տեսնում ենք Լեհաստանի հայությունը կորցրած իր ազգային լեզուն, ազգային առանձնահատկությունները, ասում ենք, որ դա մի բնական օրենք է, որ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ թույլը, անպատրաստը, քիչվորը պիտի կլանվի, ոչնչանա գոյության կռվի մեջ։ Բայց ահա տեսնում ենք հայեր քրդերի, չերքեզների, թաթարների մեջ։ Ըստ երեւույթին, այդ միջավայրում հայը պիտի բարձր լիներ իրան շրջապատողներից իբրեւ մտավոր ուժ եւ եթե չենթարկեր նրանց իր ազդեցության, գոնե պիտի հեշտ պահպաներ իր ինքնուրույնությունը։ Բայց բոլորովին հակառակն ենք տեսնում։ Նույնիսկ այդպիսի տեղերում հայը այնքան խիստ ենթարկվող էր, որ մոռանում է իր լեզուն, ամեն կողմով նմանվում է շրջապատին, պահպանելով միայն, այն էլ ոչ միշտ, իր կրոնը։


Այսպիսի հատկություններով օժտված մի ազգի մտավոր սեփականությունը բնական է, որ պիտի կրե օտարների խիստ ազդեցության կնիքը: Ռուսահայերի գրականությունը ռուսաց խիստ ազդեցության տակ է առաջ եկել եւ այսօր էլ արևմտյան հայ գրողները շեշտում են այդ հանգամանքը մի առանձին ձեւով, կարծես նոր գյուտ են արել։ Միանգամայն ճիշտ է, որ մեր արեւելյան գրականությունը իր ուղղությամբ, իր ձգտումներով, արտահայտության ձեւերով ռուսաց գրականության մի փոքրիկ զավակն է։ Բայց ե՞րբ եւ ո՞ւր է հայը բոլորովին ազատ եղել դրսի ազդեցություններից։ Դեռ Հերոդոտը ապացուցում էր, որ հայերը պարսիկներ են, որովհետև համարյա ոչնչով չեն զանազանվում պարսիկներից։ Քսենոփոնը ասում է, որ հայ գեղջկուհիների հետ կարելի էր խոսել պարսկերեն լեզվով։ Հինգերորդ դարի մեր գրականությունը հունական խիստ ազդեցություն է կրում։ Հայաստանը արաբական իշխանության տակ է ընկնում, եւ իսկույն մեր գրականության մեջ երեւան է գալիս արաբական ոճը։ Միջնադարյան սքոլաստիկան էլ շնորհ է բերել մեր հայրենիքը Արևմտյան Եվրոպայից։ Այն էլ երբ։ Մի սեւ ժամանակ, երբ լենկթեմուրները արյան ծովերի մեջ խեղդում էին Հայաստանը, երբ գիրք կարդալը անհասկանալի մի բան պիտի լիներ այն ահավոր սպանդանոցում։ Լատինական լեզուն թռչում է Իտալիայից, ծովեր ու սարեր է անցնում եւ հիմնավորապես աղճատում է մեր լեզուն Արաքսի ափին, Նախիջևանի գավառում:


Ազդեցություններ՝ որքան կամենաք։ Արեեւմտյան հայերի լեզուն ենթարկվում է թուրքերենին, ընդունում է նրա ձեւերը, ողողվում է նրա բառերով։ Դեռ մի երեսուն-քառասուն տարի առաջ կարելի էր կարդալ թուրքամոլ եվրոպացիների գրվածքներում, թե հայերը Թուրքիայում համարյա նույն թուրքերն են։ Իսկ թուրքահայ նոր գրականությունը, ո՞ւմ համար է սա գաղտնիք, սկզբից եւեթ ֆրանսիական գրականության պատճենն էր ձգտում դառնալ։ Հազիվ թե մի ուրիշ օտար երկրում ֆրանսիական գրականության հսկաները այնպիսի ջերմ պաշտամունքի առարկա դարձած լինին, ինչպես թուրքահայերի մեջ։ Ներկայումս էլ, ինչպես տասնյակ տարիների ընթացքում, Կ. Պոլսի հայոց մամուլը կերակրում է իր ընթերցողներին ֆրանսիական փողոցային, խայտառակ վեպերի թարգմանություններով։ Սա արդեն պարզ ազդեցություն չէ, այլ մոլություն։


Ի՞նչ է ցույց տալիս այս ամենը։


Այն, որ ազդեցությունների, հետեւողության հարցը ոչ մի կողմով խորթ չէ մեր ազգի բազմադարյան կյանքին։ Մենք վաղուց ենք սովոր փոխառությունների, վաղուց ենք աշակերտում ուրիշներին, յուրացնում օտարինը։ Այսօր էլ նույնքան բնական, անխուսափելի է մի որեւէ ազդեցության տակ ապրելը, ինչպես հազարավոր տարիներ առաջ։ Մնում է չվրդովվել, որ մենք կատարյալ ինքնուրույնություն չենք կարողացել ցույց տալ, որ մեզ չէ վիճակվել մտավոր կատարյալ անկախություն պահպանել։ Մնում է սառն կերպով վերլուծել մեզ վրա ներգործած ազդեցությունների հետեւանքները։ Եթե մենք, ազդվելով օտարներից, մի որեւէ բան արել ենք մեր հայրենի տունը շեն պահելու համար, դրանից ի՞նչ վնաս։ Ընդհակառակն, մենք պիտի մեծարենք, բարերար համարենք այն ազդեցությունները, որոնք առաջնորդել են մեզ դեպի ինքնաճանաչություն, դեպի լույս եւ օգնել են մեզ մեր սեփական ցավերը հասկանալու, նրանց համար դարման գտնելու։


Եվ այսպես ահա, մեր գրականության երկու մեծ ճյուղերը կես դարի ընթացքում զարգանում են առանձին-առանձին, կրելով իրանց վրա թե՛ աշխարհագրական եւ ժողովրդական առնձնահատկությունների եւ թե՛ արտաքին որոշ ազդեցությունների կնիքը։ Այսօր դրանք երեւան են գալիս մեր առջեւ իբրեւ հետաքրքրական մեծություններ, հետաքրքրական գլխավորապես այն պատճառով, որ դրանք հակոտնյաներ են։


Մենք ներկա աշխատության մեջ կփորձենք ռուսահայոց գրականության մի թռուցիկ տեսությունը ամփոփել։ Մենք կխոսինք ռուսահայոց գրքերի մասին, բայց չենք վերցնի գիրքը իբրեւ սոսկ գիրք, իբրեւ մի հայտնի բովանդակություն ունեցող, մի հայտնի դեր կատարած գրական առանձին երեւույթ։


Երեւելի Հիպպոլիտ Տենը իր «Անգլիական գրականության պատմության» առաջաբանում պարզել է, թե ինչ է գիրքր:։ «Գրական արտադրությունը,- ասում է նա,- երեւակայության մի հասարակ խաղ չէ կամ տաք գլխի մի մեկուսացած քմահաճույք, այլ շրջապատող բարքերի հարազատ պատճենն է եւ մտքի մի հայտնի դրության նշանը»։


Գրքի ետեւում պիտի երեւա գործող ու մտածող մարդը։ Գրական երկերը մարդկային ոգու պատմության վավերաթղթերն են։ Նրանք պատմում են իրանց ժամանակի մասին, ցույց են տալիս հասարակական հոսանքները, ոգեւորող գաղափարները, պարզում են այն աշխարհայեցողությունները, որոնք մի հայտնի ժամանակամիջոցում տիրում են մտքերին։ Նրանք տրամադրությունների հայելին են եւ նրանց միջոցով կարելի է պարզ տեսնել, թե ինչպես են պատրաստվում պատմական դեպքերը։ Մի խոսքով, գրականությունը մի հասարակության պատմությունն է։


Մենք էլ կառաջնորդվենք այս սկզբունքով, որքան թույլ կտան մեզ հանգամանքները։ Մեր տեսության առարկան կլինի ռուսահայոց գեղարվեստական գրականությունը իր երեք գլխավոր ճյուղերով՝ բանաստեղծություն, վիպագրություն, թատերագրություն:


Գլուխ աոաջին
ՄԵՐ ԱՇԽԱՐՀԻԿ ԳՐԱԿԱՆՈԻԹՅՈԻՆԸ


Երբ մի ազգ, դարավոր աղետներից, երկար քնից հետո սկսում է զարթնել, սկսում է հասկանալ, թե ինչ է նրան պակասում, մենք ասում ենք, որ այդ ազգը հասել է ինքնաճանաչության։ Ինքնաճանաչությունը ինքնաքննությունն է։ Քննել ինքն իրան, որոնել ու գտնել իր պակասությունները - ահա ինքնաճանաչ ազգի գործը։ Առանց այդ գործի ոչ մի ազգ չէ կարող ասել, թե զարթնել է քնից, ուզում է ապրել, կենսունակ լինել։


Մեր ազգային ինքնաճանաչությունը իր առաջին իսկ քայլերից նկատեց մեր մեծ պակասություններից մեկը՝ այն, որ մենք չունենք աշխարհիկ գրականություն։
Իսկ ե՞րբ զարթնեց մեր ինքնաճանաչությունը։


Ազգերի մեջ միանգամից, մի թռիչքով, հրաշք չէ կատարվում։ Երևույթները պատրաստվում են երկար ժամանակի ընթացքում։ Նույնիսկ անկումն էլ ժամանակ է պահանջում, որպեսզի ընդհանուր, վերջնական երեւույթ դառնա։ Իսկ անկումից հարություն առնելը ավելի երկար ջանքերի, համառ գործունեության է կարոտ, մանավանդ, երբ հարություն առնողը շրջապատված է խիստ աննպաստ հանգամանքներով։


Ո՞րն է մեր ազգային ինքնաճանաչության թվականը։ Ո՞ր տարուց սկսած մենք սկսեցինք գիտակցորեն, քննողաբար շոշափել մեր մարմինը։


Որոշ տարեթիվ չկա եւ չէ էլ կարող լինել։ Եթե բոլոր առհասարակ ազգերի համար օրենք է, որ առաջադիմության, վերածնության գործը րոպեի մեջ չծնվի, այլ սերունդների համառ աշխատանքով, այդ օրենքը առավել մեզ պես մի խեղճ, անօգնական, դարերով թշվառությունների մրուրը քամած ազգի համար պիտի լինի անողոք, խիստ ու կոշտ։ Եվ մենք պիտի մի շատ երկար ժամանակամիջոց բերենք մեր աչքի առաջ, որպեսզի տեսնենք մեր մեջ կատարված շարժումը հանուն մեր ինքնաճանաչության, հանուն մեր փրկության։


Այդ ժամանակամիջոցը ամբողջ երկու դարի շրջան է կազմում։ Տասնութերորդ դարի սկզբից մենք տեսնում ենք հայկական հորիզոնի վրա երկու խոշոր երեւույթներ, որոնք ցույց են տալիս, թե մենք սկսում ենք ապրել։ Այդ երեւույթները մեր երկնակամարի երկու հակառակ ծայրերում են լույս տալիս՝ արեւելքում եւ հեռու արեւմուտքում։ Արեւելքում Իսրայել Օրի, Հայ մելիքներ, Դավիթ-Բեկ՝ քաղաքական ազատության գաղափարը, արեւմուտքում՝ Մխիթար եւ իր միաբանությունը՝ գրական վերածնության գաղափարը։


Մեր ազգային ինքնաճանաչության այդ երկու մեծ գործոնները, այդ երկու սյուները միանգամից պատրաստված ու կազմակերպված չէին, երբ երեւան եկան մեր աշխարհում։ Դրանք դեռ սերմեր էին, դեռ սկզբնավորություն միայն։ Երկար ժամանակ նույնիսկ միմյանցից բոլորովին անջատված էին ապրում, բոլորովին մեկուսացած։ Առաջին շարժումը, այն, որ արեւելյան հայության մեջ էր կատարվում եւ քաղաքական գույն ուներ, մեր աշխատության սահմաններից դուրս է։ Խոսենք միայն գրական շարժման մասին։


Այն սերմը, որ տնկեց Մխիթարը իր միաբանությամբ, չափազանց դանդաղ էր զարգանում։ Մենք մի նոր Ղազարոս էինք, ուզում էինք մեր գերեզմանից դուրս գալ, բայց չափազանց թույլ էինք, եւ մեր քայլերը երկար ժամանակ դանդաղ ու երերուն էին։ Ինքնաճանաչությունր մեզ ասում էր, որ չկա աշխարհիկ գրականություն, բայց այդ գրականությունը միայն մի քանի թեթեւ արտահայտություններով էր իրան ցույց տալիս։ Դեռ զորեղ էր հինը, վանական-աստվածաբանականը։


Աշխարհիկ գրականություն ասելով մենք պարզապես հասկանում ենք մի գրականություն, որ կյանքի, աշխարհի հետ գործ ունի, որ պատրաստում է մարդուն այս աշխարհում իբրեւ քաղաքացի, իբրեւ գիտակից անհատ ապրելու համար։ Եվ աշխարհիկ ասելով մենք չենք հասկանում միայն այն գրականությունը, որի լեզուն աշխարհաբարն է։ Ո՛չ, ինչո՞ւ ուրանալ, որ դեռ այն ժամանակները, երբ գրաբարն էր տիրում ամեն տեղ, մեր նոր գրականությունը ջանքեր էր անում աշխարհիկ կերպարանք ստանալու։ Այդ ջանքերից մեծագույնը մենք համարում ենք Հ. Չամչյանի «Հայոց պատմությունը», տասնութերորդ դարի այդ գրական կոթողը, որի կատարած դերը ուղղակի անգնահատելի է։ Միասին հավաքած, մանրամասն, ամբողջ մի ազգային պատմություն. այս գործը հարկավոր էր մեզ ճիշտ այն ժամանակ, երբ մենք զարթնում էինք դարավոր քնից։ Բնական է, ինչպես բնական է եղել շատ ազգերի համար, որ հայը, տրորելով իր քնաթաթախ աչքերը, ամենից առաջ կամենար իմանալ, թե ինչ է ինքը, որտեղի՞ց է գալիս եւ ո՞ւր է գնում։ ճիշտ մի այսպիսի հարց էլ հասունացավ, մեծ պահանջ դարձավ հինգերորդ դարի մեր մտավոր շարժման ժամանակ եւ Խորենացին, մեր հին գրականության այդ եզակի մեծ անձը, հանձն առավ մեզ հասկացնել «զսուտն և զզիարդն»։ Հ. Չամչյանի կատարած գործի մեծությունը մեզ անհրաժեշտ է աչքի առաջ ունենաք այժմ իսկ, քանի որ, ինչպես կտեսնենք, մեր ինքնուրույն գրականությունը մեր պատմությունից էր նյութեր քաղում, թե՛ բանաստեղծության, թե՛ վիպագրության եւ թե՛ թատերագրության համար։


Աշխարհիկ գրականությունը մեծ քայլեր անել սկսեց տասնիններորդ դարի սկզբից: Նш շարունակեց Հնդկաստանում սկիզբ առած պարբերական մամուլը, տվեց Ադոնցի եւ Ինճիճյանի հսկա աշխարհագրությունը, թվաբանություն, նկարչական արվեստ, ընդհանուր պատմություն, առեւտրական հաշվապահություն եւ այլն եւ այլն։ Բայց մի ազգի գրականություն, մանավանդ տասնիններորդ դարում, չէր կարող բավականանալ միայն գիտությամբ։ Նա պիտի տար եւ գեղարվեստական գրվածքներ։ Այդ պահանջն էլ սկսեց կատարել մեր գրաբար գրականությունը, մեծ ուշադրություն դարձնելով թարգմանությունների վրա։ Բայց թարգմանություններով բավականանալ չէր կարելի։ Եվ Հոմերոսի ու Վիրգիլիոսի, Ֆենելոնի ու Շատոբրիանի, Ռասինի հետ մեզանում առաջ են գալիս եւ ինքնուրույն հեղինակություններ։ Այդ հեղինակությունների մեջ մենք գտնում ենք գեղարվեստական գրականության երեք ճյուղերն էլ՝ բանաստեղծություն, վեպ, թատերագրություն։
Ամենից շատ բանաստեղծությունն է գրավում մեր հեղինակներին։ Հյուսվում են ոչ միայն անթիվ փոքրիկ տաղեր, այլեւ այնպիսի հաստափոր դյուցազներգություններ, ինչպես են Բագրատունու «Հայկ Դիւցազնը», Վանանդեցու «Արփիականն» ու «Ոսկեդարը»։ Մեսրոպ Թաղիադյանը Հնդկաստանում, բացի իր «Սոս եւ Սոնդիպի» քերթվածից, հրատարակում է «Վեպ Վարդգիսի» եւ «Վեպ Վարսենկան» արձակ գրվածքները, որոնք առաջին տպագրված ինքնուրույն վեպերն են մեզանում։ Իսկ առաջին ինքնուրույն թատերագրությունն է «Խոսրով Մեծն» ողբերգությունը, որ տպագրվեց Վենետիկում 1845-ին։


Մենք չենք խոսում այդ երկերի արժանավորությունների մասին, այլ միայն արձանագրում ենք նրանց երեւան գալը իբրեւ մի հանգամանք, որ ցույց է տալիս, թե աշխարհիկ գրականության պահանջը գնալով ավելի եւ ավելի զգալի էր դառնում մեր գրող դասակարգի մեջ։ Ժամանակը, քայլ առ քայլ զարգացող ազգային ինքնաճանաչությունը այնքան հզոր ու անողոք հանդիսացան, որ աշխարհիկ գրականության մեծ պահանջը անխուսափելի դարձրեց գրական մի մեծ հեղափոխության անհրաժեշտությունը մեզանում։


Առաջ եկավ լեզվի հրատապ խնդիրը։ Մի խնդիր էր դա, որ իզուր արհամարհվում էր դարերի րնթացքում, որ պիտի կանգներ մեր առջեւ վաղ թե ուշ, որ չէր կարող հերթական, տանջող չդառնալ։

Ի՞նչ էր ցույց տալիս մեր գրաբար լեզուն։ Այն, որ կարելի է ունենալ հարուստ, նույնիսկ ճոխ գրականություն, բայց մի գրականություն, որ ազգի ամբողջության չէ ծառայում, այլ նրա մի շատ փոքրիկ, շատ աննշան մասին։ Ժողովուրդը, ազգի ամբոխը հեռու էր, կտրված էր գրականությունից։ Տասնիններորդ դարի ոգին չէր կարող հաշտվել մի այսպիսի դրության հետ։ Սկսվեց մաքառումը գրաբարի եւ աշխարհաբարի կուսակիցների մեջ։ Մենք մի ուրիշ տեղ* մանրամասն պատմել ենք այդ մեծ պայքարը։ Այստեղ միայն կշեշտենք այն մի քանի իրողությունները, որոնք աշխարհաբարի հաղթության արդյունքներն են եւ որոնք տիրապետեցին մեր գրականության մեջ։


Հրաժարվելով հին լեզվից, հայոց գրականությունը հրաժարվում էր եւ հին ավանդություններից, քարացնող պահպանողականությունից։ Աշխարհիկ ուղղության պահանջը սկսում է ավելի եւ ավելի մեծանալ, լայնանալ։ Կազմվում է գրողների մի նոր դասակարգ։ Առաջ գրողներ էին մեզանում գլխավորապես, եթե ոչ բացառապես, հոգևորականները։ Այժմ վերանում էր այդ մենաշնորհը. գրականության դռներր բացվում են բոլոր դասակարգերի առաջ։ Մեր երիտասարդությունը կրթություն էր ստանում Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում։ Ենթարկվելով այդ երկրներում տիրող ուղղություններին, տոգորվելով եվրոպական նորագույն մտքերով ու գաղափարներով, այդ երիտասարդներից շատերր մտնում են մեր գրական ասպարեզր, գործում են մեծ եռանդով։ Եվ մեզանում էլ սկսվում են զանազան հոսանքներ, գաղափաների ընդհարումներ։ Ճահճացած կյանքի մեջ, ուր առաջներում կատարյալ անտարբերություն, թմրություն եւ անզգայություն էր տիրում, հանդես են բաց անում գաղափարական մարտնչողները։ Եվ հայը, որին առաջ մատչելի էին միայն նյութական շահերը եւ կրոնական հակաճառությունները, սկսում է հուզվել համաշխարհային մտապատկերներով, գաղափարներով։


Ահա աշխարհիկ գրականության մեծ գործը։ Հիսուն տարվա պատմություն ունի նա։ Եվ այդ պատմությունն էլ, ինչպես ամեն մի պատմություն, պատկերացնում է աստիճանական, քայլ առ քայլ առաջադիմություն։ Այստեղ էլ, ինչպես կենդանական աշխարհի ուրիշ երևույթների մեջ, մենք տեսնում ենք սաղմնային դրություն, մանկություն, պատանեկություն։
Մեր գրականության այս ընդհանուր գծերը որոշելուց հետո, այժմ դիմենք ռուսահայոց գրականության:

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am