| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 25.10.2017 | վարդան հայկազյան
ուխտագնացություն
Մի վայր, ուր հավատն արդեն վաղուց ուսմունքն էր դարձել՝ հենվելով գթացող հոգու ու պայծառ մտքի վրա. շատ է հավանական, որ այս ուղին չընտրած բազմաթիվ հավատներ մարեն, եթե արդեն չեն մարում:

                             

                                                              Ժամանակի քամին, ինչպես աշնան տերեւներ,
                                                              քշում տանում է մեր սիրելիների հոգիները…

                                                                                                           անհայտ բանաստեղծ

                                                          …Քանզի զորավոր է սերն իբրեւ մահ:
                                                                                                          Երգ երգոց

Արեւը հորիզոնից արդեն բավական բարձրացել էր, բայց ծովափն ամայի էր: Թեթեւ, հաճելի խշշոցով ափի ողորկ քարերը լիզող ալիքը մի անգամ էլ ետ ու առաջ արեց դրանք, ու իմ բռում հավաքած գույնզգույն քարերի հետ միասին տարավ ինձ դեպի տալ-առնելու դիսկուրս, որ տարիներ առաջ անավարտ էր մնացել իմ ու ուսուցչիս զրույցում: Հասել էինք այնտեղ, որ երեխաների կողմից ամենասիրելի խաղալիքի, ասենք, պատուհանից դուրս նետելը, ասել է թե իր փոքրիկ աշխարհից արտաքսելը, իրոք ենթագիտակցությամբ թելադրված դաժան փորձություն է`Ֆրեյդի լավագույն մեկնաբանություններին արժանի, որով երեխան ենթագիտակցաբար ինքն իրեն նախապատրաստում է հետագա տարիների անդարձելի կորուստներին:

Սա լավ թեզ էր, որ զարգացում էր պահանջում: Չե որ հետո ամբողջ կյանքում անընդհատ մեծ ու փոքր կորուստներ ենք ունենում, որտեղ կարգավորումներն ընթանում են կենտրոնացման եւ ավելի կարեւորը պակաս կարեւորից զատելու առանցքի շուրջ: Տարիքի հետ գալիս է նաեւ կորցրածի եւ առայժմ պահպանվածի բաղդատմամբ պայմանավորված ինքնամխիթարումը, ու հենց այդ ժամանակ սկսում է համոզիչ թվալ ճակատագրի միջամտության իմաստավորված դերը. ավելի մեծ արժեքը, կարծես, կարողանում է պահպանվել: Որն ավելի շուտ լավ քողարկված ինքնախաբեություն է, կամ, ինչպես համոզված է ընկերս, ինքնախաբեբայություն:

Դեռ վաղ առավոտյան, մինչեւ ծով գնալս, մի փոքրիկ աղջիկ դուռս ծեծեց եւ ասաց, որ կատվի ձագին է կորցրել: Ասացի, որ կաշխատեմ հնարավորին չափով օգնել իրեն, չնայած դույզն ինչ չէի պատկերացնում, թե ինչպես: Լողափից վերադառնալուն պես հասկացա, որ դրա համար ինչ որ բառեր գտնվել են արդեն, քանի որ ուզեցին, որ դրանք գրի առնեմ:

Կորուստը, ինչպես եւ շատ բաներ մեր կյանքում իմաստավորելուց հետո, մեզ ահագին բան կարող է ասել: Հատկապես, եթե կորուստն աչքիդ առաջ է տեղի ունենում, այն անմիջապես գնահատման ռեֆլեքսիա է առաջացնում: Երբ հյուսիսային գետերից մեկում թիավարելիս վայր գցեցի ձեռքիցս ակնոցն ու այն ակնթարթում աչքիցս անհետացավ ջրերի խորքում, թեթեւություն զգացի: Չգիտեմ ինչու, գնահատեցի դա որպես ճակատագրի հուշում, որ տեսողությունս այդքան էլ վատ չի եւ կարելի է ակնոց չկրել, թողնելով բանը հասակի հետ կատարվող ադապտացումներին: Ինչպես հետագայում պարզվեց, իրավացի էի: Բոլորովին այլ զգացում ինձ համակեց, երբ մի ժամանակ անց էլ ծովում ամուսնական մատանին սահեց եւ ընկավ մատիցս. կայծակի նման ոչ միայն միտքս, այլեւ մարմինս շամփրեց անդարձելիության ու դժբախտության համապարփակ կանխազգացումը: Երբ ամիսներ անց նախազգուշացմանը հետեւեց իրադարձությունն ու շուրջս միանգամից ամայացավ, հիշեցի, որ այլ պարագաներում եւս կորցրել եմ ոչ պակաս նյութական արժեք ու նաեւ խորհուրդ ունեցող բաներ, բայց վերաբերվել եմ դրանց շատ թեթեւ, անգամ մանկական ինչ որ չարաճճիությամբ. իբր, քաջատեղյակ եմ, որ աշխարհում շատ ավելի մեծ արժեքներ կան: Տարբերությունն այստեղ ծովի անհուն խորություններն էին, որոնցով մտովին թափանցումը սովորական բնազդս բազմապատկեց, ու հասցրեց ինձ անդարձելիության կանխատեսման, որից ամբողջ կյանքում վախեցել եմ: …Ասել է թե, ամեն մի կորուստ, անգամ իրար նման, ջրի անհունի կողմից հավերժորեն տարած, կարող է տարակերպ ընկալվել:

Ինչ եմ ասում, անգամ մոտ, ամենահարազատ մարդկանց կորուստները միանգամայն տարբեր կարող են ընկալվել, եթե ոչ խորությամբ, ապա գույներով ու տարբեր զզյարանների մասնակցությամբ. քո միս ու արյունից առաջացածի կորուստը նետում է քեզ միանգամից անապատի մեջ, ուր մնում ես մեն-մենակ, առանց որեւէ բան անելու կամ ասելու ցանկության: Բայց քանի որ անընդատ բզում-քաշքշում են, քեզ տվյալ դեպքում փրկարար կենցաղի տիրութ վերադարձնելու նպատակով՝ կանչում են աշխատանքի, մի կտոր հաց ուտելու ու չգիտես էլ ինչի համար, ստեղծում ես քո երկվորյակը, որի հետ թույլ ես տալիս, որ անհրաժեշտ գործողություններ կատարեն: Հետո, իհարկե, տարիներ են անցնում, եւ աննկատ կերպով այլ ժամանակ գալիս, ու գնալով ավելի հաճախ, երկվորյակները սկսում են համընկնել եւ ի վերջո նորից մեկ մարդ են դառնում: Գուցե նրա համար, որ նախապատրաստվես նոր կորստի, որ կարող է լինել մեկ այլ տիպի կորուստ, ասենք, կորցնում ես կյանքիդ ընկերոջը: Երեւի տարբեր մարդկանց մոտ սա տարբեր կերպով է արտահայտվում, բայց ես այս անգամ էլ հայտնվեցի ոչ թե անապատում, որ գոնե շոշափելի էր ու արդեն ծանոթ, այլ մի ինչ որ ամայի, անդեմ, անառարկա վակումի մեջ, որտեղ միայն դու ես ու քո զարմանքը: Առ այն, որ կորուստդ այդպիսի տիեզերական չափերի է հասնում՝ մի քիչ էլ քեզ համար անսպասելի: Գուցե այդ զարմանքն է, որ քեզ սթափ է պահում, ու աճապարելով լցնում ես այդ ամեհի դատարկությունը հարազատ մանրամասներով, որ մինչ այդ առօրեական է եղել, ինչ որ արարներով ու արարումներով. տարբեր բարեմասնություններով, ժպիտներով, կամեցողությամբ ու զանազան տաքուկ, մաքուր, լուսավոր հուշերով, ու մտքովդ էլ երբեք չեր անցել, որ դրանք այդչափ ստվար են եղել: Ու արդեն սկսում ես մտածել. իրավ է, էնպես ստացվեց, որ մարդը չկա, ո՞վ է վիճում, բայց նրան ողջ կյանքում ուղեկցող արժեքներին ինչ որ բա՞ն է պատահել, ի՞նչ է (ու հասկանում ես, որ մարդն իրոք հետը ոչինչ չի տանում): Եվ դրանցով լցվում ու լցվում է դատարկությունը: Եվ այն մի պահ կարծես դադարում է գոյություն ունենալ, այդ դատարկությունը: Ու ինչ որ չափով սփոփում կորուստդ, երբեմն էլ թվում է, թե վերջ տալիս բաժանման: Ու հասկանում ես, որ Աստված եթե կանգնեցնում է քո առջեւ փակ դուռ, ուրեմն ինչ որ տեղ դրել է նաեւ բանալին ու տվել քեզ այն գտնելու ունակություն:

Կարող է, իհարկե, հարց ծագել. սա մեզ ետ չի՞ պահում կյանքի համաչափ ու սովոր ընթացքից, չի՞ ծռում մեր վիզը դեպի անցածն ու գնացածը: Կարծում եմ, որ ոչ: Ընդհակառակը, մեր առջեւ հավասարեցվում է հավանականությունը իրականում գոյություն ունեցող լինելու ու չլինելու հնարավորությունների միջեւ, ինչը սթափ է պահում մեզ ու հավասարակշռված, հեռու անմահության համենայնդեպս անբնական պատրանքից ու սարսափ առաջացնող վայրկյանական անհետացումից. ամեն մի պահի մեր շուրջը հեռանում են ու հայտնվում, գնացողներ են լինում ու եկողներ: Ու թե եկողը, թե գնացողը անկրկնելի են լինում ՝ իրենցից առաջ եղածների որակների իրոք չկրկնվող համադրում են իրենց հետ բերում, չնայած որ բազմաթիվ, բայց չէ՞ որ վերջավոր թվով լեգոներից կառուցված: Ինչն ինձ համար պարզ դարձավ՝ շատ այլ կարեւոր բաների հետ, անապատում գտնված ժամանակներում, որ տեղի էին ունեցել տխուր ու եզակի ուղեւորությանս ընթացքում:

Երբ ծովից տուն դարձա, աղջիկն արդեն ձագին գտել էր. դռանս առջեւ նստած շոյում էր ու հետը խոսում: Ես էլ շոյեցի, ու մատներիս տակ զգացի երջանկացած կատվի շնչառության երաժշտությունը: Խաղաղված անկողին մտա, բայց գիշերը վատ քնեցի. փորձում էի մերժել երբեմնի պատրաստակամորեն ընդունած Լեյբնիցի ժամանակային պատկերացումները, որտեղ ներկան ընդամենը մի գիծ է՝ անցյալի ու ապագայի հսկայական տարածքները բաժանող: Իրոք, խեղճն ինչ իմանար՝ էն դանդաղ ընթացող ժամանակներում, երբ ակադեմիական ձիրքդ մղում է քեզ դեպի պատմական հեռուներ, որ էնտեղից մի քիչ խնամքով դիզած կենսափորձ բերես՝ ոտքերիդ վրա քիչ ավելի վստահ կանգնելու համար, որ թույլ երեւակայությանդ տրամաբանական զարգացումով խթանես իբր թե ապագան տեսնելու հնարավորությունդ: Ոչ, եղբայր. անցյալն ընդամենը մշուշում հազիվ նշմարվող մի պատառիկ է, որտեղից ինչ որ մեզ պետք է, արդեն բերել ենք, հիմայի ու այստեղի մեջ դրել, իսկ ապագան ընդամենը եկող մի քանի շաբաթները կամ ամիսներն են՝ ամենաշատը, մինչեւ հերթական արձակուրդ, որի մեջ պետք է տեսնես մոտավոր անելիքդ ու աշխարհի հիմնական ընթացքների ուրվագիծը: Ու էդ մեծացած ներկայի տիեզերանման տարածքում արդեն տեղավորվում են էն այն ութսուներեք միլիարդ մարդը, որ մինչեւ հիմա աշխարհ է եկել ու մեծ մասն էլ գնացել. բա թե չէ ո՞ւր պիտի գնային, ո՞րն է իրենց համար այդ ավելի հարազատ տեղը: Ու այս բոլորը մեկ պատկերվում է որպես մի անընդգրկուն էակ, տիեզերքի եզակի, խորհրդավոր ու հավերժ բնակիչ, մեկ որպես մեր ունեցած անգնահատելի էներգիայի պաշար, որ էսօր էլ տարուբերվում է մեր միջեւ, մեր գնացածների հիշողություն, որ ժամանակ առ ժամանակ նոր շունչ դարձած վերադառնում է, որ ապրի վախկոտի, հանճարի, սրիկայի կյանքով ու գնա՝ նորից ու նորից նոր կերպարանքներով հայտնվելու համար՝ որպես գիտնական, իշխանավոր կամ, մեղա եմ, Աստված՝ ոստիկան:

Այս մտքերն ինձ մինչեւ լուսը բացվելն արդեն կանգնեցրել էին ուխտագնացության անհրաժեշտության առջեւ. ասելու բանս շատ էր՝ ինչպես եւ լսելունը: Առաջին միտքը, որ արդեն լուսավորեց գնալիք ճամփաս, Տիբեթի հետ էր կապված: Մի վայր, ուր հավատն արդեն վաղուց ուսմունքն էր դարձել՝ հենվելով գթացող հոգու ու պայծառ մտքի վրա. շատ է հավանական, որ այս ուղին չընտրած բազմաթիվ հավատներ մարեն, եթե արդեն չեն մարում: Ու դա կլինի մահ՝ պատվով, քանզի անպատիվ վախճանը հավատի համար իշխանություններին ծառաելն է, մի բան, որ աշխարհում ոչ միայն սկիզբ է առել, այլեւ բավական առաջ գնացել: Իսկ տիբեթցու առաջ խոնարհումս վավերացվում է նաեւ մեկ նրանով, որ դրանցից յուրաքնչյուրն ամեն առավոտ իր աղոթքն սկսում է ի հոգու փրկություն եւ բարօրություն ամեն ոգի համար այս եւ այլ աշխարհներում, մեկ էլ՝ ուխտ գնալու իրենց ուրույն եղանակով, որով անցած ճամփան ոչ թե ոտքերով են չափում, այլ ամբողջ հասակով. պառկելով, վեր կենալով ու նորից մի բոյ առաջ պառկելով:

Նաեւ մոտավոր ուղիս տեսա. պիտի անցնեյի ծովի եզրով մինչեւ Սարպի կոկիկ գյուղը, անտառներով հասնեի Բոլնիս-Խաչեն, Սառչապետով ու Լաստիվերի ձորով դուրս գայի միշտ մի քանի արածող ձիերով էն թեթեւ զառիվեր բաց տարածքը, որտեղից հեռվում երեւացող յայլաները հեռվում էլ թողնելով՝ գնայի հասնեի Դեղձնուտ…ու էստեղ միտքս գայթում էր, կանգ առնում. ուր գնալս սկսում էի մոռանալ, որովհետեւ անկշտում նայում էի այդ անկրկնելի հրաշքին, որ վերջին անգամ արդեն չեմ հիշում երբ էի տեսել:

Ու պահ չկորցնելով շարժվեցի: Ու չէի ասի, թե իմ տեղաշարժվելու անսովոր եղանակը շփոթմունք էր առաջացնում անցնողների մոտ. ինչ որ տեղ մեր կովկասյան նրբանկատությունը հիշեցնում է Լոնդոնի փողոցներում հանդիպող ճեմող կամ շտապողներին, երբ մայթի այս եզրն ընտրած անցորդին չանհանգստացնելու համար ինքն այն եզրով է անցնում, բայց երբ նկատում է, որ բան ես ուզում հարցնել՝ համակ ուշադրություն է դառնում: Անցա ծովեզրի մարդաշատ մասը, ժամանակ անց հանդիպեցի գույնզգույն վաչեր՝ ժապավեններով ու ծաղիկներով զարդարված, որով մունջերի թափառող թատերախումբը հերթական ելույթի վայր էր ուղեւորվում: Ինձ ողջունեցին, մի քանիսն էլ ծափահարեցին՝ չի բացառվում ինձ յուրայինի տեղ դնելով: Կեսօրն անցել էր, բանը դեպի երեկո էր գնում, արդեն ծովը պիտի լքեի ու դեպի ձախ սարնիվեր բարձրանայի, երբ ափին շատ մոտ մի տարօրինակ նավ նկատեցի. երեւում էր, որ աներթեւեկելի է արդեն, վրան առագաստներ չկային, բայց կայմերին ինչ որ արարածներ էին թառած: Քայլերս ինձնից անկախ ուղղեցի այդտեղ, մոտենալով ավելի դանդաղ, բայց էլի բան չեի հասկանում: Կողքովս մեկն անցավ, հետո շրջվեց, բարեւեց ու ինձ սպասեց: Էլի մոլորված էի ու մի տեսակ աշխարհից վերացած: Անծանոթը շատ էր նման Կոմիտաս վարդապետին, բայց կարծես ամեն տեղից եկող նրա ձայնը Կոմիտասինը չէր, մի տեսակ անկենդան էր՝ չնայած հիշվող, ինչ որ բանով անկրկնելի, չլսված: Տեսնելով զարմանքս բացատրեց, որ այդ տարօրինակ նավն իր բնակիչներով՝ հիմնականում ժամանակավոր, նեղացվածների ծառ է կոչվում. անարդարության հանդիպած, նեղսրտած, ինչ որ բանից վիրավորված մարդիկ ու ոչ միայն՝ կայմի վրա, իրոք, մի աքաղաղ կար թառած, իսկ տախտակամածին՝ մի տրտում շուն, գալիս էստեղ հանգրվանում են, մինչեւ նեղացնողները չգան իրենց սիրտն առնեն: Ասաց, սովորաբար էդպես էլ ավարտվում է ամեն բան: Ու բացեց ձեռքի տոպրակը, որ մի բան էլ ես վերցնեմ. ուտելու բան էր բերել նավաբեկյալներին: Ցույց տվեցի մաղախս, ասաց՝ քու ճամփեն երկար է, քունը պահի: Վերցրեցի, մոտեցանք: Բացի հիշյալ կենդանիներից մի քանի երեխա կային՝ տարբեր հասակի, երկու տղամարդ, գինու շշի միջոցով իրար հետ հաղորդակցվող, ու էլի ինչ որ մարդիկ իմ երազներից: Կոմպոզիցիայի կենտրոնում մի տարիքով կին վարի հորիզոնական կայմին տեղավորված ամուսնուն էր համոզում.

- Այ բիձի, ինձ խայտառակ անիլ մի օտարության մեջ: Խալխը որ իմանա՝ մարոժնու համար ես տնից գնացել, ես ամոթու քու տեղը գետինն եմ մտնելու…

Բիձին անվրդով էր: Մտքերով ընկած բռնեցի ծովից հեռացող ճամփան: Ամենամեծ փորձությունը, որ մեզ ի վերուստ տրված է, դա մեր իրականում բարձր կարգավիճակն անընդհատ փորձության ենթարկող կենցաղն է, որին՝ այդ փորձությանը, իհարկե, պատահական չէ, որ ենթարկվում ենք: Կենցաղի մեջ մխրճված ապրում ենք միասին մի ամբողջ հավերժություն, ու երբ պահը գալիս է ու հավերժությունն ընդհատվում է՝ այնինչ պիտի չընդհատվեր, որովհետեւ հավերժություն էր արդեն դարձել, հասկանում ես, որ ամենակարեւոր բաներն այդպես էլ մոռացել ես ասել. կենցաղը դրա համար ժամանակ չի թողել: Անմոռանալի վայրկյանը գոնե րոպե չես կարողացել դարձնել, փլված պատը ոչ միայն անմիջապես չես շարել, այլեւ դույզն ինչ չես էլ ափսոսել, որ փլվել է, շարունակել ես գրել, առանց սպասելու, որ արդեն գրածդ կարդան ու մի բան ասեն: Ու եթե չասեն էլ՝ դու հարցնես: Հետո մոտեցնես բնությունն ու մոտենաս նրան, ու սիրես, գտնես սիրելունն ամեն օր, տեսնելով փնթփնթոցի մեջ բարությունը, անուշադրության մեջ՝ գուցե թաքնված մեծահոգություն, միշտ զարմանաս քո ու ուրիշի երեխաների ամեն ինչով ու երբեք չանտեսես մանկականը: Ասածս անուշադրությունը մոլորվածությունից ծնվածն է՝ բթությունից խնամքով ծնված անուշադրությունից տարբերվող, որի շեմն անցնելով իրեն դեռ մարդ համարողը հայտնվում է անտարբերության քարանձավում, որն իրականում այն մահիճն է, ուր դեռ չմտած առհավետ ջնջվում ես մարդկության հիշողությունից: Քանի որ անտարբերությունը արատ էլ չի, այլ մարդկության նկատմամբ կատարված ոճրագործություն: Ու գնացողների մեծահոգությունը նաեւ նրանում է կայանում, որ կենցաղային աղբն իրենց մասին հուշերում չեն թողնում որ մնա. մնում է մի մաքրված կտավ, որտեղ թերություն թվացողն իրականում արդեն հասկացող արվեստասերի աչքերում վարպետի տաղանդն ու ուրույնությունն է փաստում: Մյուս կողմից էլ ապերախտ չլինենք, հիշենք, որ կենցաղն է, որ կարող է ցրել չափից դուրս կուտակված լրջությունը. այդպես է, անգամ սեւն ու սպիտակն իրենց երանգներն ունեն, գիտցող մարդիկ ասում են՝ հիսունից էլ ավելի:

Գիշերեցի սիրունիկ Սարպի գյուղում ու առավոտյան համոզվելով, որ իրոք երեւի ողջ աշխարհի գյուղական բակերի ամենալավ զարդը փիփերթածաղիկն է՝ հատկապես արեւային պտուղներով ընդելուզված ծառերի հարեւանությամբ, ճանապարհս շարունակեցի, վերին կետից մի հայացք էլ գցելով ծովին: Հետզհետե վարժվում էի ճանապարհորդելու նոր եղանակիս. իրիկվա կողմ տիբեթասողն արդեն տիբեթավազքի էր վերածվել: Մթնշաղին հարմար տեղ գտա ու գիշերեցի: Այդպես օրեր գնացի: Երբ հոգնում էի, մանկահասակ հորս ու մորս գաղթի ճանապարհով եկող թեթեւ ոտքերն էի առնում ու շարունակում ճամփաս. հերթով, երեք տարեկանում Բիթլիսը թողած մորս ու տասնմեկ տարեկան հորս, որ հասցրել էր արդեն Վանի պաշտպանության ժամանակ ընկերների հետ պատերը քչփորելով թշնամու փամփուշտների արճիճը հավաքել ու ձուլողներին հասցնել, այսինքն, կռիվ տեսած տղամարդ էր: Ոտքերս այդ ժամանակ շատ թեթեւ էին դառնում, բայց փոխարենը սրտիս վրա մեծ ծանրություն էր նստում, որովհետեւ մտքումս էր՝ ու միշտ մտքումս է եղել, նրանց ապրած թեեւ երկար, բայց փորձություններով լի դառնահամ կյանքը: Գաղթի ճամփան հասցրել էր մերոնց՝ հասկանալի է, առայժմ առանձին-առանձին, Էջմիածնի պատերի տակ, այդտեղից որբանոցներ, որտեղ փրկված լինելու պարագան ու դրանից հետո կյանք մտնելու ունակությունը հետագայում մնացյալ որբուկների հետ միասին շատ ավելի ուշ հասկացվեց ու գնահատվեց: Իսկ կյանք մտնելն սկսվեց Կարաչինարում՝ ուսուցչությունից, որն ինչքան հասկանում եմ, ամենաքաղցր ժամանակներ են եղել: Հետո պատերազմ, հայերի գերեզման դարձած Կերչը, համակենտրոնացման ճամբար ու սով այնտեղ, գերության մասին փսփսոցներ ու սով այստեղ, քանի որ երկրորդ կտոր հացից գերի ընկածի ընտանիքը զրկվում էր: Հետո բոլորին գրկաբաց ընդունող ԿԳԲ-ն, հետո անընդհատ ու անընդմեջ փորձություններն ու հանկարծ՝ տեղի ունեցավ հրաշք. անընդհատ տուժած լինելու քողի տակից հառնեցին գեղեցիկ, ուժեղ, պաշտելի, քաղաքում սիրված, լույս արձակող երկու անձնավորություն: Այդպես է լինում, երբ դիմանում ես կյանքի հարվածներին առանց բարեմասնություններդ դես ու դեն թափռտելու: Ու օտար ամայի ճամփեքի վրա մեկեն հասկացա, որ ողջ կյանքս հպարտացել եմ ծնողներովս, բայց միայն այդ պահին գիտակցեցի, որ նաեւ սիրել եմ ու սիրում եմ՝ երեխաներիս պես: Ճանապարհն աչքերիս մշուշոտվեց, նստեցի ու մի կուշտ լաց եղա. սկզբից միասին երկուսի համար, հետո առանձին-առանձին:

…Արդեն Բոլնիս-Խաչեն էի հասնում: Բայց անհույս մոլորվելուց հետո. խուճապի մատնված մեկ կողմնացույցին էի նայում, մեկ արեւին, մինչեւ դուրս եկա նոսրանտառ, ուր ճամփաբաժանի նման մի բան էր նշմարվում: Հայացքով սանրում էի տեղանքը, երբ հստակ նկատեցի ճամփաբաժանը, բայց ուրախանալու փոխարեն ինչ որ բան մեջս անասելի լարվեց: Մի քանի քայլ անելուց հետո, ոչ հեռու մի ծառի տակ կարծես շորերի կույտ էր դրված՝ ամայի անտառում: Վախվորած մոտենում էի, երբ կույտը շարժվեց, ինչը սաղմնացող սարսափը արագ փոխարինեց հետաքրքրությամբ, ու առաջ գալով թեթեւ շունչ քաշեցի, քանի որ ծառի տակ տխուր ու աշխարհից վերացած նստած էր վարդապետանման մարդը: Առաջը մի գլխարկ էր շրջված դրված՝ ինպես մուրացկաններն են անում, բայց վրան մի թղթի կտոր էր հենած, որի վրա բառացիորեն գրված էր. Ոչ մեկ մարդ է մեկ մարդ: Լավ եմ հիշում: Ծանոթ լինելու որեւէ նշան չեր դրսեւորում, մտածում էի՝ ինչպես հարցնեմ ճամփան, երբ թղթի վրա մի բան էլ նկատեցի, որը սլաք էր՝ ինձնից դեպի ձախ ու մի քիչ էլ ներքեւ թեքված: Գլուխ տվեցի, ու լուռ ու մունջ սկսեցի հեռանալ նշված ուղությամբ, երբ մի ծանոթ մեղեդի հասավ ականջիս. արդեն լավ տրամադրություն ունեցողի ձայն էր՝ ինչպես ծովափին հանդիպած ժամանակ ամեն տեղից եկող: Մի պահ մտածեցի ետ դառնամ, բայց հիշելով, որ ծանոթություն չտվեց, շարունակեցի ճանապարհս՝ չգիտես ինչու ոտքերիս թաթերի վրա զգուշությամբ քայլելով: Գյուղին մոտենալով ավելի լավ էի կողմնորոշվում, քանի որ ժամանակին եղել եմ այստեղ. ճամփես էնպես թեքեցի, որ մեծն հեքիաթասած Ղազարոս Աղայանի երգած Զիզի-քարի մոտով անցնեմ՝ գետակի մեջ ո՛ր ժամանակներից միայնակ կանգնած, ու լավ արեցի, որովհետեւ երկու տակավին պատանի զինվոր տեսա, հավանաբար մի երկու օրով տուն եկած, որ պատմական քարի մոտ նկարվում էին: Մաքուր, անմիջական տղաներ էին երեւում, դեռ սելֆիացավ չկպած, դրա համար բախտ ունեցա երկուսին միասին հավերժացնելու: Դրա դիմաց տղաներն ինձ մի թելի ծայր տվեցին, որից սկսեց քանդվել մտքերիս հաջորդ կծիկը:

Բնության մեջ մի երեւութ կա, հատկապես հավասարակշռությունների ձգտող համակարգերում, իսկ բնությունը, կարծես, այլ իրավիճակներ չունի էլ, որը տեխնիկական լեզվով կոչվում է դիսմուտացում կամ դիսմուտացիա, ասելե թե անցանկալի իրավիճակից դուրս գալու հնարավորություն: Երեւույթի էությունն այն է, որ միջինացված վիճակում գտնվող համակարգը որոշակի պարագաներում գոնե մասնակիորեն կարող է տրոհվել ծայրաստիճան դրական ու նույնքան բացասական վիճակների: Տղաներին նայելով էր, որ այդ միտքն առաջացավ. հաճախ է լինում, երբ հասարակությունում գործում են բնության օրենքները: Թե արցախյան պատերազմը, եւ թե հատկապես քառօրյան, եկան մեզ հիշեցնելու, որ իշխանական լծակները հանցավոր կերպով օգտագործող միանգամայն բացասական ուժերը պետք է որ հավասարակշռվեին խիստ դրական հասարակական որակներով, որն էլ տեղի ունեցավ: Այդ որակներն էին հերոսությունն ու ինքնազոհությունը, եւ դրանք ոչ միայն անհրաժեշտ պահին դրսեւորվեցին, այլեւ ներկայացվեցին որպես առօրեական երեւույթներ՝ անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստ լինելով նորից ի հայտ գալու: Այդպես եղավ երկու պատերազմում էլ, եւ ի տարբերություն ամեն ինչի տեր դարձած առաջինների, ազգի նվիրյալներն օգտագործեցին իրենց տրամադրության տակ գտնվող միակ ռեսուրսը՝ մարդկային կյանքը:

Քանի ավարտին էր մոտենում ուխտագնացությունս, այնքան աճում էր տագնապն առ այն համարձակ քայլը, որ նախաձեռնել էի. ո՞վ ես դու, այ հանդուգն, քեզ ո՞վ է կանչել, որ գնում ես: Սրտիս ձայնը՝ պատասխանում եմ ինքս ինձ: Ու ասելու բան էլ ունեմ՝ եթե հարցնի: Չի հարցնի՝ կլսեմ միայն, չի խոսի՝ ուխտս ավարտած կհամարեմ, տուն կդառնամ. արդեն ինքս ինձ շատ բան էի հասցրել ասել այս օրերին, որ ասած չկայի երբեւիցե: Ու լսած էլ չկայի, որ լսեցի:

Դեղձնուտ հասնելու նախորդ գիշերն անցկացրեցի անտառում, ուր այդ նպատակով էլ թեքվել էի: Ինչպես ռուսական անտառում, մի մեծ եղեւնի էի գտել, գետնին մոտ աճող առաջին շարք ճյուղերի վրա պառկել էի ու հաջորդ շարքով ծածկվել: Բայց ինչ որ բան էնպես չեի արել, ինչպես պետք էր, ու ցրտից արթնացա. լրիվ մութ երկինքը՝ առանց որեւէ աստղի, աչքիս առաջ անշտապ ներկվում էր ջրով բացած կաթով: Ծառերի մեջ երեւացող մի կտոր հորիզոնից քիչ վեր Լուսաստղն երեւաց: Չգիտես ինչի, քմահաճություններ առհամարողս կաթնծիրն ուզեցի տեսնել, որն այդ պահին, իհարկե, անհնարին էր: Փոխարենը միտս եկավ աստղի մյուս՝ ավելի ռոմանտիկ Հարդագողի ճամփան անունը, որը քիչ անց մի քանի փոփոխվող երաժշտական հանգավորումների միջոցով տարօրինակորեն վերածվեց ,,վարսավիրական կատակներ,, դիքոտոմիայի: Հավանաբար, մոսկովյան տարիների մեր ամենապայծառամիտ ընկերն՝ Արտաշեսը, որ այդ արտահայտության հեղինակն էր՝ մի պատեհ առիթով, վաղուց արդեն ծեծում էր հիշողությանս դռները: Արդեն գիտական ասպարեզ մուտք գործած այրեր էինք, մեզանից ոմանք անգամ հաճելիորեն երեխաներով ծանրաբեռնված, բայց արագացված ծանոթացման հանդիսավոր փուլն արդեն ավարտել էինք, ու մի օր լաբորատորիա շտապող Արտաշեսն իր հետ տարավ բոլորովին այլ բովանդակության գրքեր, որոնցով վաղ առավոտյան փոխարինել էինք մասնագիտականները:

Գնացածներին մոռանալ չի կարելի. որքան կանք, պետք է նրանց հիշենք: Որ օգնենք Բարձրյալին իր փոքր ու մեծ գործերով զբաղված՝ ժամանակ ունենա ըստ արժանվույն գնահատի ու տնօրինի նրանց հետագա ճակատագրերը: Իմ սիրած առակներից է դրախտից կամավոր կերպով հրաժարված քարտաշի մասին առակը, որի հրաժարման պատճառն օրական իր մի գավաթ սառը սպիտակ գինի խմելն է եղել: Վերին գրասենյակում՝ նրա հետեւողական շիտակությունը ողջ կյանքում գնահատելով, տալիս են նրան այդ անելու հնարավորություն նաեւ դրախտում: Քարտաշը գոհ մեկնում է դրախտ, ուր կիսաթաքուն, համենայնդեպս մեկուսացած, երկար ժամանակ վայելում է իր գինին, մինչեւ մի օր գավաթը դատարկ է տեսնում ու զարմանում. դրախտում մարդը մի քիչ հիմարանում է ու մոռանում, որ որեւէ նյութական բան հավերժ լինել ոչ մի պարագայում չի կարող: Իսկ իր զարմանքի դիմաց պատասխան է լսում, որ իրեն հիշող վերջին մարդը գետնի վրա այլեւս չի հիշում իրեն:

…Արտաշեսն եկել էր բոլորիս զարմացնելու Ախալքալակի Մերենյա գյուղից, որտեղ մի չքնաղ աղբյուր կար՝ չորս բոլորը հսկայական սալաքարերով պատված: Դրանք տեսնելուց հետո էր, որ հասկացա յուրաքնչյուր ծննդավայրում մի թաքնված հրաշքի առկայությունը, որով իր որդիները միշտ ետ են կանչվում: Իսկ թաքնված՝ որ չխանգարի որեւէ ուրացողի ուրանալու՝ իրեն աշխարհով մեկ հավերժորեն ու ավաղ, անհետք, տարրալուծելով:

Մերենյաում օղին գարու հացից էին քաշում. հյուր գնալիս իրեն մի շիշ վիսկի էի տարել, ինքն էլ մեկնելուց առաջ ինձ հետ մի շիշ իրենց գյուղի օղուց դրեց: Երբ Երեւան հասնելուց հետո փորձեցի, հասկացա նմանությունը հեռավոր Շոթլանդիայի ավանդական ըմպելիքի հետ: Նմանությունը նկատել էր նաեւ Արտաշեսը. տարբերությունը հումքի ձեւն է՝ մի դեպքում գարու հատիկ, մյուսում՝ դրանից թխած հաց, որը խմորում է անցնում ցորենի ածիկի միջոցով, երկու դեպքում էլ պարտադիր է աղբյուրի մաքրամաքուր ջուրը: Տարբերվում է նաեւ պահվածքը. շոտլանդացիները հնեցնում են կաղնու տակառներում, մերենեցիների մտքով էլ չի անցնում նման օղին հնեցնեն, ջահել-ջահել խմում են:

Ինչ որ տագնապ ու պատասխանատվություն էի զգում, որոնք առայժմ ընդհատված էին ուզում պահել ճանապարհորդությունս. կարծես եզրափակիչ քայլից առաջ ինչ որ կարեւոր բան էլ ուզում էի հասկանալ : Հիշեցի Արտաշեսի մահվան նախորեի զրույցն ինձ հետ՝ քառասունը դեռ չլրացած հեռանում էր մեզանից: Ասաց՝ չեմ ուզում մեռնել: Ապուշ էի կտրել. դեմ դիմաց նստած իրար էինք նայում. ինչ որ հիմար բաներ ասացի, լավ է, որ չլսեց էլ: Հիմա, որ իր ապրած տարիքի չափ էլ ապրել էի, ուզում էի ինչ որ մի վառ հիշողությունով էլ իմաստավորել այդ ակնթարթի պես անցած ահագին ժամանակահատվածը: Բայց հիշողությանս մեջ հայտնվեց մի անկարեւոր դեպք, որի անկարեւորությունը գրեթե անմիջապես հերքվեց՝ առաջացած ջերմության ընդարձակ ալիքներով: Զբոսանքի դուրս բերած ճակատագիրն Արտաշեսին տարել էր մոտակա շուկա, ուր նրա ուշադրությունը գրավել էր ճակնդեղ վաճառող մի հալալ կաթնակեր, որի հետ խոսքի էր բռնվել: Քաղցր ձայնով ոգեւորված Արտաշեսը գնել էր ողջ ապրանքը, որից հետո հուզված աղջիկն անզգուշաբար նրան քեռի էր ասել, ու մենք կես ժամ անց տեսանք Ատաշեսին մեր դռան շեմին՝ վրդովված ու ճակնդեղի հսկայական պաշարը շալակին:

- Ինձ թվաց արդեն մենք մտերմանում ենք, եւ հանկարծ՝ քեռի – Արտաշեսի վրդովմունքը ոչ մի կերպ չեր անցնում: Բայց թուլացավ օրերի շարանում ճակնդեղի պաշարը հետզհետե մարելու հետ:

Այդ շաբաթների ընթացքում, որոնք մեզ վիտամինների հարուստ փնջի հետ բարձր տրամադրություն էին պարգեւվում, Արտաշեսն իր ամոթխած դեմքին ավելի երկար ժամանակով էր կպցնում իր բարի ժպիտը, բայց ճակնդեղի տեսքը կամ հիշատակումը դեռ երկար ժամանակ շփոթմունք էին առաջացնում նրա մոտ:
Քանի որ ուխտագնացությանս վերջին հատվածի անտեսանելի արգելքը դեռ առկա էր, մտքերս շարունակվեցին դեպի մոսկովյան օրերի ու վարսավիրության ածանցյալը, որն էր գրողների տան վարսավիրանոցն ու նրա միակ վարսավիրը: Այդ հյուրընկալ տան ճաշասրահում գրող ու թարգմանիչ ընկերներիս հետ համեղ ու բովանդակալից օրեր շատ ենք անցկացրել, այդ ժամանակվա երեւելիների հետ շփվել: Դրանցից մեկը հենց այդտեղի՝ ազգությամբ հրեա վարսավիրն էր, որին անգամ երկրի սահմաններից դուրս հայտնի գրողները ակնածանքով էին վերաբերվում. նրան ցիտել էլ ինքը Ուինստոն Չերչիլը: Էս մարդը դեռ պատերազմի սկզբին՝ որպես քիչ թե շատ սրամիտ մարդ, միշտ շրջապատված լինելով ինչ-ինչ ակնկալիքներով իրենց ուղին շեղած գրող-մրողներով, մի չխմազ բան էր ասել, սրանք դրսերում կրկնել էին, ու բանն ի վերջո հասել էր ամենաիրեն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետին: Ու հետաքրքիրն այն է, որ առանց աղավաղման. սկզբնաղբյուրն ասել էր՝ այս պատերազմում ամենակարեւորը ողջ մնալն է, ու մեծ մարդն այդ իմանալով բացականչել էր՝ ինչպիսի իմաստություն: Ու տակը ստորագրել. մեծ մարդու առավելությունն այդ է՝ ինչ որ տեղ, ինչ որ մեկի ասածի տակ ստորագրում է՝ ու ավելի մեծ դառնում: Ինչեւէ, մոսկովյան այդ օրերից տասնամյակներ անցան: Գործուղվել էի Էսեքսի համալսարան: Համալսարանի հյուրանոցում, ուր մնացի երկու շաբաթ, ամենուր Չերչիլի նկարներն էին, ինչն ինձ զարմացրեց: Հարցուփորձ արեցի ու պարզվեց, որ պատերազմի ժամանակ հաճախ վարչապետը քաղաքացիական պաշտպանության վիճակի մշտադիտարկումներ է կատարել անձամբ, ու այս տարածաշրջանում ստուգումներ անցկացնելիս գիշերել է ,,մեր,, հյուրանոցում: Համենայնդեպս հարցրեցի, արդյո՞ք հայտնի է, թե ո՞ր սենյակներում է գիշերել, եւ ինչու այդ սենյակներին չկա փակցրած որեւէ հիշատակում այդ մասին: Ասին՝ մեզ համար, ու երեւի ձեզ համար էլ, ճիշտ կլինի մտածել, որ դիցուկ ձեր սենյակում է գիշերել հայկական կոնյակի սիրահար, ինչ որ տեղ նաեւ ձեր Ուինստոն հոպարը: Ես դրան դեմ չէի: Ու հեշտությաբ զսպեցի Երկրորդ Համաշխարհայինում նրա ու այն վարսավիրի կողմից բացահայտված իմաստությանն ինչ որ կերպ առնչվելու պարագայի խոստովանումը:

Այս մտքերի հետ, պարզվեց, արդեն ճամփա էի ընկել, ու երբ Դեղձնուտն երեւաց, անսպասելիությունից հետս ինչ որ բան կատարվեց: Սիրտս ուժեղ բաբախում էր, կարծես ուշաթափվում էի. կատարյալ լռություն էր տիրում, ականջներիս թեթեւ խշշոցն էլ չկար, որ լսեցի Նրա՝ ինձ համար արդեն ծանոթ ձայնը: Ու չզարմացա, որովհետեւ արդեն հասկացել էի ամեն բան:

- Հավատում ե՞ս ինձ – հարցրեց:
- Այո – ասացի:
- Ո՞ր բարի գործիս համար:
- Այն որ թույլ ես տալիս, որ մարդիկ տառապեն՝ մերձավորների կորուստը ծանրագույնս տանելով, բայց փոխարենը գնացողն այս աշխարհից հեռանում է խաղաղված՝ եթե մեծ ոճիրներ չի գործել, սեփական մահի հետ անձնապես այդպես էլ չհանդիպելով:
- Հըմ – ասաց – Բայց չէ որ, այնուամենայնիվ, մինչ այդ տառապում են, այն էլ մեկից ավելի անգամ:
- Այդպիսին է կյանքի այս տեսակը – ասացի, - գուցե մեկ այլ կենսատարածքում այլ կերպ լինի:
Երկար ժամանակ լռեց, հետո հարցրեց.
- Ո՞րն է իմ երկրորդ անունը:
- Գուցե, Տիեզերական Գիտակցություն:
Այս անգամ ավելի երկար ժամանակ լռեց, ու կարծես քթի տակ ինչ որ բան էր դնդնում: Հետո նորից հարցեր հնչեցրեց.
- Դժոխքի մասին ինչ կասեիր, էդ ինչ մազալու նկարներ եք նկարում ու ստեր փչում: Ու միանգամից պատմի, ոնց ենք մենք Տիեզերական Գիտակցության հետ աշխարհ ղեկավարում: Իսկ միգուցե դու՞ք եք մեզ ղեկավարում…
- Կարող է եւ այդպես – ինքս իմ համարձակության վրա զարմացա: Զգալով՝ քմծիծաղ տվեց: Ես շարունակեցի – Դժոխքի բանը հեշտ է, էդտեղից սկսեմ: Դեռ դույզն ինչ չհասկացած ինչ կատարվեց իր հետ, դեռ մարմինն ու հոգին միմյանցից չանջատված, մարդն արդեն զղջում է իր բոլոր վատ արարքների համար, որ կատարել է կյանքի ընթացքում՝ ահավոր ուժգնությամբ այդ բոլորը սրտին մոտ ընդունելով: Ահա թե ինչու գնացածի մասին՝ միայն լավը. ինքն իրեն ամենադաժան պատիժների է ենթարկում ու նրան գթալ է պետք:
- Չեմ հարցնում Նարեկացի կարդում ես թե չէ: Շարունակիր:
- Այս մասով ավարտեցինք: Երկրորդ կետով՝ ամենասկզբից, ինչպես ասում են՝ ab ovo: Երբեք չեմ տեսել, որ անհաջող օրինակն այդքան երկարակյաց լինի, երբ ասում են, ինչն է առաջ եղել՝ հավը թե ձուն: Պարզ չի, որ ձուն, եղբայր (վերջին բառը մտքիս մեջ ասեցի). համաշխարհային օվկիանոս, միաբջիջներ, պարզագույններ, կյանքի պարզ ձեւերից՝ դեպի բարդ: Ու այդ ժամանակներից սկսած մինչեւ հիմա մի կարեւոր մեխանիզմ է աշխատում, որն ի տարբերություն բոլորի կողմից սիրված օնթոգենեզի,
- ՞…
- որ առանձին օրգանիզմի կենսաբանական ավարտուն շրջան է նշանակում, շատերի կողմից աննկատ է մնում ֆիլոգենեզը, որ տեսակների կենսագրություն է, բացատրող, թե ինչպես անընդհատ փոփոխվող պայաններին սերունդե սերունդ համապատասխանելը շարունակություն ու զարգացում է նշանակում, իսկ չհամապատասխանելը՝ ավարտ: Շատ հավանական է, որ մարդիկ, կազմելով երկրագնդով մեկ մարդկային գերօրգանիզմի մասեր՝ միմյանց վրա ազդող, ոչ միայն հասցրել են իրենց տեսակը մինչ մեր օրեր, այլ որպես սոցիալական էակ միշտ կարողանալով բացատրել էվոլյուցիան, որոշակիորեն ազդել են աշխարհի զարգացումների, մարդկության ճակատագրերի վրա: Այստեղ է, որ մարդը կարող է համեմատվել Քո եւ Բարձրագույն Գիտակցության հետ: Ներող եղիր:
- Իսկ դրա՝ ձեր լեզվով ասած, մեխանիզմը ո՞րն է:
- Բուրգը, կամ կոնը. մեկ առ մեկ մարդու ճակատագիր խմբագրելն անհնարին է՝ անգամ այսպես ցավոտ վրիպումներ են լինում, գիտենք, դրա համար ըստ իս վերեւից մենք պետք է որ երեւանք որեւէ մեծությամբ համույթներով՝ հաղորդակցությունն ավելի դյուրին դարձնող սրածայր գմբեթով ամփոփված, ինչպես մեր եկեղեցիներն են: Իզուր չե, որ սլավոնական ժողովուրդները հպարտանում են իրենց իրոք հզորացնող ժողովող տաճարայնությամբ, դրանո՛ւմ տեսնելով իրենց հավատի իմաստը: Մեր եկեղեցում այս հանգամանքը շեշտված չէ, բայց ազգն իր արվեստի ու գրականության միջոցով ընդգծել է այդ մեզ շատ պակասող որակը: Եվ հետո, բնության կողմից որ օժտվածը կուրանա, որ իրեն որեւէ բանից ավելի քան ուրիշին հասածից նա մաս պետք է հանի՝ իր եղբայրներին վերադարձնելու ու բնության անարդարությունը շտկելու համար: Նման վարքով է, որ վերեւից գնահատում եք մեր միկրոսոցիումներն ու ըստ արժանվույն հատուցում:
- Իսկ ինչպիսի՞ն է այսօր եկեղեցիդ՝ ըստ քեզ:
- Տղայական՝ բոլոր առումներով: Նախ կին արմատն ի դերեւս է մեր եկեղեցուց, չնայած ժամանակին ոչ միայն եղել, այլեւ սրբացել են: Եվ ապա, հատկապես այժմ, շատ բան անելով կարողանում են այն չանել, ինչ որ պետք է անեին. այբ, որ իր խոսքն ասում է պետության բերանով, որից այն ավելի հեղինակավոր չի դառնում, եւ բեն, պետությունից չզատվելով, իր լրջության սեւը դարձեց ոչ թե խստության, այլ քողարկող սեւ, ու սույն կառույցում այդպես էլ չբազմապատկեց այն նվազ բարին, որ կա այդտեղ: Գիմ, դան, եչ, զան որոշեցի չասել:
- Տխուր է, բայց անցողիկ: Ետ գնանք մի քիչ. ինչ վերաբերվում է մարդուն, բոլորովին դեմ չեմ, որ իմ ու այդ Գիտակցության կողքին կանգնի նա եւս: Իսկ Քրիստոսի համար տեղ մնու՞մ է,- ձայնի մեջ լրջություն էլ կար, հեգնանք էլ:
- Իհարկե – մեծահոգաբար համաձայնվեցի – Նա ի հայտ եկավ, որովհետեւ ռեալ մարդ է եղել՝ հետաքրքիր, մահկանացուներիս համար գրավիչ կենսագրությունով. վերածականը շատերի համար այնքան էլ ընդունելի չէ…
- Չափդ իմացիր (բայց դիտողության համար ձայնը շատ մեղմ էր հնչում):
- …մեղա եմ, իսկ անմերելին մերելու համար Նա ուղղակի հայտնություն էր: Դրա համար էլ շաղախեց բոլորիս՝ որպես Քո որդի, նաեւ Բարձրագույն Գիտակցության մարմնավորում ու մեր հայրը…
- Ուրեմն ես մարդկության պապիկն եմ…հըմ, գուցե վատ չէ…

Արթնացա նրանից, որ երեսիս ձյան փաթիլ իջավ. ինչ որ պատշգամբում էի՝ գեղեցիկ պարտեզի վրա դուրս եկող: Հարմար բազկաթոռում մեկնված քնել էի՝ գիքը գրկած, ինչ որ հոգատար ձեռք խնամքով ծածկել էր: Վեր կացա, որ հասկանամ՝ ինչ եմ ուզում, նաեւ ինչ որ բաներ տեղը բերելու կարիք ունեի: Անցա հայելու մոտով, տեսա ինձ, բայց դա ես չէի: Հետո հասկացա, ժպտացի ու բարձրաձայն ասեցի՝ ինչքան ծիրան ուտես, կհիշես ինձ: Ուզում էի ավելացնել՝ սառը սպիտակ գինի խմելիս էլ, բայց մտածեցի, որ շատ կլինի:
Առավոտյան ինձ դռան զանգն արթնացրեց: Բաց արեցի. շեմին մի մանչ էր կանգնած, որ առանց իր կորցրած քոթոթի շատ տխուր տեսք ուներ: Նա դեռ պիտի ապրեր ու հասկանար, որ կորցրածդ եթե չգտնես էլ, նրա մի մասն արդեն քո մեջ մնում է:


| Երեւան – Տաք Աղբյուր, 2017-ի աշուն |

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am