| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|եւ|
հրապարակված է 25.08.2017 | էդվարդ պողոսյան
հայերը որպես տեքստային ժողովուրդ (տեքստայնության փուլերը եւ նրանց համեմատությունը հրեական մոդելի հետ)
Եթե նույնիսկ հայերի եւ հրեաների տեքստային ժողովուրդ լինելու գաղափարը ընդունվի որպես թե մի աքսիոմա, որը ապացույցի կարիք չունի, միեւնույն է առաջանում է մի շատ կարեւոր հարց, որն է` արդյոք կարե՞լի է հայերին եւ հրեաներին դնել տեքստայնության միեւնույն կշռային սանդղակի վրա եւ ասել, որ հայերը նույնքան տեքստային են որքան հրեաները:

 

 

արտերիան իր այս հրապարակումով շարունակում է ՀՀ բուհերի ուսանողների հաջողված աշխատանքների լույս ընծայումը: Ներկայացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի չորրորդ կուրսի ուսանող Էդվարդ Պողոսյանի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում իրականացրած ավարտական աշխատանքը  (դասախոս` Աշոտ Ոսկանյան)։ Թեման կապված է հայերին որպես «տեքստային ժողովուրդ» դիտարկող հղացքի հետ, որ առաջադրել է ամերիկահայ նշանավոր մտավորական Խաչիկ Թոլոլյանը։ Դասընթացի ընթացքում դիտարկվել է տեքստայնության դրսեւորման մի քանի փուլ՝ կապված ազգային մշակութային ավանդության ձեւավորման (Ագաթանգեղոս, Կորյուն, Եղիշե), Ջուղայի վաճառականության ստեղծած հաղորդակցական ցանցերի, ինչպես նաեւ Մխիթարյանների նախաձեռնած «հայրենիքի ինտելեկտուալ վերստեղծման» հետ։ Էդվարդի աշխատանքի յուրահատկությունն այն է, որ նա համեմատության մեջ է դրել տեքստայնության դրսեւորումները հայերի եւ հրեաների մոտ ու դրանով իսկ հետազոտության նոր շերտ առաջարկել։

                                                                                                                       Ա.Ո.

 


Բրայն Սթոքը [1] տեքստայնության գաղափարի մեկնաբանությունը եւ սահմանումը տալիս է, որպես մի պրոցես, որով գրագիտության մակարդակի աճին եւ հերետիկոսական շարժումների ի հայտ գալուն զուգընթաց, 11-րդ եւ 12-րդ դարերի Ֆրանսիայում կրոնական համայնքները (սկսած հերետիկոսական աղանդներից ընդհուպ մինչեւ Օրթոդոքս համայնքներ) սկսեցին ընկալել իրենց ինքնությունը գրավոր տեքստերի միջնորդությամբ, որոնք երբեմն մեկնաբանվում էին կոնկրետ անհատների կողմից: Այս կերպ տեքստը կամ գրավոր խոսքը հանձն է առնում կենտրոնադիր գործառույթ ազգային ինքնության ձեւավորման պրոցեսում: Հատկանշական է այն փաստը, որ «ինքնություն» բառը ոչ թե կապված է ուրիշից տարբերվելու, հենց ինքը լինելու պարագայի հետ (այդ դեպքում օգտագործվում է եզրերի հետեւյալ խումբը` Ego, Self, Selfness), այլ կարեւորվում է ինքնության կենտրոնացում-խտացումը, որը շեշտվում է վիճակների նույնությունն արձանագրելու միջոցով (նման դեպքերում համապատասխանում է Identity, Identitat եզրը): Տեքստայնության գաղափարի քննարկման շրջանակներում հիմնականում արծարծվում եւ շեշտադրվում է տեքստային լինելու կամ չլինելու հարցը: Մինչդեռ կարեւոր եմ համարում այդ մտորումների տեղափոխումը մեկ այլ մակարդակ, որտեղ ծնունդ կառնի ոչ թե տեքստայնության ներկայության խնդիրը, այլ տեքստայնության տարբեր մակարդակների /փուլերի/ նկարագրությունը եւ համադրությունը։ Թեեւ ամեն փիլիսոփայական մտքի արգասիք հղի է վտանգով` դիտվելու որպես վիճահարույց եւ իռացիոնալ երեւույթ, այնուամենայնիվ ասել, որ հայերը, կամ թե հայկական սփյուռքը տեքստային են, զուրկ է պրովոկատիվ սուր եզրերից` խարսխված լինելով արգումենտների մի ամբողջական բազիսի վրա, որոնց ավելի մոտիկից կուսումնասիրենք հետագա պարագրաֆներում: Եվ կրկին` պնդել, որ հրեաները տեքստային ժողովուրդ են, շատ ավելի համոզիչ է եւ քիչ հակասական, քան ասել հակառակը: Սակայն, եթե նույնիսկ հայերի եւ հրեաների տեքստային ժողովուրդ լինելու գաղափարը ընդունվի որպես թե մի աքսիոմա, որը ապացույցի կարիք չունի, միեւնույն է առաջանում է մի շատ կարևոր հարց, որն է` արդյոք կարե՞լի է հայերին եւ հրեաներին դնել տեքստայնության միեւնույն կշռային սանդղակի վրա եւ ասել, որ հայերը նույնքան տեքստային են որքան հրեաները: Բարձրացված հարցի պատասխանը պետք է գա որպես հավելում մեկ այլ կարեւորագույն հարցի, որն է` արդյո՞ք հայերի` որպես տեքստային ժողովուրդ լինելու գաղափարը ստատիկ է եւ հանդես է գալիս ընդամենը մեկ փուլով` ի դեմս պատմության եռաձայնի, [2] թե՞ պատմության ընթացքում եղել են տրանզիցիոն փուլեր, որոնք նոր երանգ են հաղորդել հայերի տեքստային ժողովուրդ լինելու փաստին:

 

Խաչիկ Թոլոլյանը [3] պնդում է, որ ի տարբերություն հուդիզմի, որը հիմնված է մեկ հարացուցային տեքստի վրա, որն է Թորան (հնգամատյանը գրված Մովսեսի կողմից), հայերի տեքստայնության գաղափարը խարիսխված է ոչ թե մեկ, այլ մի քանի, ոչ այդ չափ կապակցված, բայց երբեմն իրար լրացնող նարատիվների խմբի վրա, որոնք հանդես են գալիս հայկական սփյուռքի համայնքների համար որպես ինքնա-ներկայացման և ինքնա-լեգիտիմության աղբյուր: Որպես հայկական ինքնությունը պայմանավորած երեք հիմնական տեքստ կարող ենք դիտարկել Ագաթանգեղոսի, Կորյունի եւ Եղիշեի տեքստերը, որոնք քրիստոնեության ընդունման, գրերի ստեղծման եւ այդ երկու նվաճումները ռազմի դաշտում՝ Ավարայրի ճակատամարտում, պաշտպանելու մասին են: Այս երեք իրադարաձությունների անջնջելի հետքը հայոց ինքնության մեջ Նինա Գարսոյանը [4] պայմանավորում է նրանով, որ V-րդ դարի երկրորդ կեսին, գրերի ստեղծման շնորհիվ, արագ զարգացում ապրեց հայ գրականությունը, որը հիմնականում նվիրված էր վարքաբանությանը եւ պատմությանը` հաջորդելով 451 թ. դեպքերին: Ստեղծված լինելով այդպիսի պատմաքաղաքական իրավիճակում` այդ գրականությունը արտացոլում էր հայերի անժխտելի մերժումը զրադաշտականության եւ իր Պարսկական ժառանգության: Այսպիսով սկիզբ էր դրվում իդեալոգիայի, որը հակառակ էր քաղաքական ռեալիզմին, քանզի քաղաքական ռեալիզմը կարեւորում է ձգտումը դեպի ուժը եւ իշխանությունը, իսկ այդ ամենի կրողը այն ժամանակ հենց Պարսկաստանն էր: Հենց այս պահից սկսված է, որ ժառանգած այն գրավոր ավանդույթը, որով հայ ժողովուրդը որոշեց հիշել իր իսկ պատմությունը դարերի ընթացքում, ծնունդ տվեց հայոց նկարագրին, որն է` քրիստոնյա սահմանմամբ կամ ծնունդով: Այստեղ է, որ պետք է ձեւավորվեր ազգային ոգին, որի կրողը ազգն է: Անհատներն, ըստ Հեգելի կապված են իրենց ժողովրդի սուբստանցիոնալ կեցության հետ եւ պետք է վերջինիս համապատասխան գործեն, ընդ որում այս պնդումը ոչ թե պիտոյության, այլ կանխատրված անխուսափելիության բնույթ ունի` «անհատի համար իր ժողովրդի ոգու վրայով ցատկել անցնելը նույնքան անհնարին է, որքան երկրագնդի վրայով ցատկելը» [5] Իրապես, քրիստոնեությունը այնպես է դաջված հայի ինքնության մեջ, որ գրեթե անհնարին է պատկերացնել հայի, ով ոչ թե քրիստոնյա է, այլ ասենք մուսուլման: Գարսոյանը այս տեքստերին ավելացնում է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»: Չափազանց կարեւոր եմ համարում Խորենացու անվան արծարծումը տեքստայնության գաղափարի շրջանակներում, քանզի հենց Խորենացին էր, որ հայոց ազգածագումը կարողացավ տանել եւ կապել Նոյի որդի Հաբեթի հետ, ինչը նշանակում էր, որ հայերի ծագումնաբանության արմատները գնում եւ միանում էին մի կարեւորագույն տեքստի, որը հենց Թորան է: Կարելի է նույնիսկ պնդել, որ Խորենացին առաջիններից էր, եթե ոչ առաջինը, ով հասկացավ տեքստայնության կարեւորությունը եւ փորձեց այն ցույց տալ:



Առաջ անցնելով 11 հարյուրամյակ պետք է առճակատվենք մի տեսարանի հետ, որտեղ Եվրոպան եւ Ասիան ոտքի տակ տված Խոջայական կապիտալը, որ Լեոյի ասելով կծծի հավաքող եւ դիզող էր, [6] բռնի ուժով տեղահանվում էր Սպահան, որը պիտի դառնար Նոր Ջուղան: Ջուղան դատապարտված էր ձեռք բերել Ռոբեն Քոհենի [7] առաջադրած «victim diaspora» կարգավիճակը, որը կարճ ժամանակ անց պիտի վերափոխվեր բարգավաճ «trade diaspora»-ի: Հասկանալու համար, թե ինչպես էր այս առեւտրական սփյուռքը գործում, եւ թե ինչպես էր գեներացնում այն պետականությունից զուրկ ուժերը (stateless power), որոնք օգնում էին դիմակայել մրցակցային աշխարհին, կարիք կա ուսումնասիրել «շրջանառության» եւ «առեւտրային ցանցայնության» գաղափարները` առաջադրված Քլաուդ Մարկովիչի կողմից: [8]  Ըստ Մարկովիչի առեւտրային ցանցը մի օղակ է, որ կազմված է հանգույց հիշեցնող կենտրոնից եւ իր շուրջը ցրված մի փունջ կետերից, որոնք եւ կապված են մեկզմեկու, եւ միահյուսված են կենտրոնին: Եվ երբ նմանատիպ առեւտրականների մեծ խումբ է հանդես գալիս, տվյալ վայրում սկսում են երեւան գալ էթնո-կրոնական հաստատություններ` ի դեմս եկեղեցիների եւ սինագոգների, որոնք նպատակաուղղված են փոխանցելու իրենց ինքնությունը: Այսօր հայտնի փաստ է, որ հրեաները իրենց աշխարհասփյուռ համայնքներում ունեն սինագոգներ, որոնք ծառայում են որպես հավաքատեղի, ուր ընթերցվում է գրված տեքստը ` Թորան: Այսպիսով, այն ինչով այս կետերը կապված են իրար եւ կենտրոնին, Մարկովիչն անվանում է «մարդկանց եւ իրերի շրջանառություն»: Կարելի է պնդել, որ ամենաքիչը հինգ այդպիսի բան կա շրջանառվող նմանատիպ օղակների կամ ցանցերի մեջ. 1. վաճառականներ 2. կրեդիտ 3. ապրանքներ 4. ինֆորմացիա 5. կանայք: Սրանցից միայն կանայք եւ ինֆորմացիան են, որ շրջանառվում են միմիայն ցանցի ներսում: Սրա պատճառը հասկանալը բավականին պարզ է, քանզի կանայք եւ ինֆորմացիան վճռական դեր են խաղում ինքնության պահպանման մեջ: Վերը նշված ցանցայնության եւ ինֆորմացիայի շրջանառության գոյության ապացույցը Ջուղայի կյանքում, որը Ռենե Բառենդսը [9]  կոչում է Նոր Ջուղայի «global intelligence network», կարելի է տեսնել այն 1700 նամակների առկայության մեջ, որոնք առգրավվեցին Սանտա Կատարինա [10]  նավի դատաքննության ժամանակ անգլիացիների կողմից: Սանտա Կատարինան հայկական բեռնափոխադրումներով զբաղվող նավ էր, որի բեռը առգրավվել էր Բրիտանական նավատորմի կողմից Հնդկաստանում 1748 թվականին: 1749-1752 թվականներին տեղի է ունենում ինտենսիվ դատական պրոցեսներ կապված կոնֆիսկացված բեռի հետ: Այսպիսով այս նամակագրական կապը, որը ապահովում էր ցանցայնության ստեղծումը, ինֆորմացիայի փոխանցումը եւ ինքնության պահպանությունը, կարելի է համարել հայերի տեքստայնության երկրորդ տրանզիցիոն փուլ:

 

Կրկին առաջ պտտելով պատմական հորձանուտների անիվը` պետք է բախվենք մի անջնջելի իրողության, որ կոչվում է Հայոց Ցեղասպանություն: Ի տարբերություն Խոջայական կապիտալի բռնի տեղահանմանը, որը կարողացավ վերափոխվել «victim diaspora»-ից բարգավաճ «trade diaspora»-ի եւ ի զորու եղավ պահել իր ինքնությունը` օգտագործելով ցանցայնության գաղափարը ու նամակագրական կապը, որը ապահովում էր ինֆորմացիայի հոսքը ցանցի ներսում, նոր ձեւավորված սփյուռքը եւ տեղի հայերին ինքնության առումով սկսեց կապել մի նոր բան, որն է գաղափարախոսություն կապված ցեղասպանության իրողության հետ: 1915 թիվը եւ Մեծ Եղեռն հասկացությունը հավերժական կնիք դարձան հայերի ինքնության մեջ: Հայ եւ ցեղասպանություն բառերը այնքան միահյուսվեցին, որ երբ աշխարհը լսում է հայ բառը, առաջին միտքը, որ գալիս է նրանց մտքում, ցեղասպանությունն է: Եվ այն գաղափարախոսությունը, որ կապում է աշխարհասփյուռ հայերին, ունի երկու հակադիր սլաքներ: Առաջինը գնում է դեպի անցյալ եւ հող է նախապատրաստում երկրորդի լեգիտիմության համար ներկայում և ապագայում: Այդ միտքը պատմական Հայաստանի վերականգնումն է: Կարևոր է հասկանալ պատմական բառի կարեւորությունը, քանզի ցանկացած երեւույթի պատմականությունը հաստատություն է գտնում գրավոր տեքստի առկայությամբ: Պատմական իրողությունների գրավոր արձանագրումն է իրավասու դարձնում հանդես գալու պահանջատիրական նկրտումներով: Մի նոր կարեւորում է ստանում հայերի տեքստային լինելը, քանզի դա է, որ իրավունք է տալիս պնդել, որ Արեւմտյան Հայաստանը մերն է: Պատմական Հայաստան արտահայտությունը կարեւոր տեղ էր զբաղեցնում ԱՍԱԼԱ [11]  տեռորիստական կազմակերպության գաղափարախոսության մեջ, քանզի պատմականության եւ տեքստայնության առկայությունն է ծառայում նրանց համար որպես իրենց գոյությունը օրինականացնող հանգամանք: Ինչպես տեքստայնության առաջին փուլում, այստեղ եւս ոչ թե կարեւորվում է մեկ կոնկրետ տեքստի առկայությունը, այլ ցանկացած տեքստերի եւ նարատիվների խումբը, որ հաստատում է պատմական Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Զուգահեռ տանելով հրեաների հետ` տեղին է հիշել հրեա ժողովրդի «Սիոնիզմ» [12]  ազգային շարժումը հիմնադրված Թեոդոր Հերցլի կողմից, որը նպատակաուղված էր Հրեաստանի հաստատմանը Իսրայելի պատմական տարածքում, որին համապատասխանում են Պաղեստինը եւ Քանանը, որոնց միասնությունը կոչվում է Սուրբ Երկիր: Հրեաների պնդումը կապված Սուրբ Երկրի տարածքային ամբողջականության հետ կրկին խարիսխված եւ արմատավորված է տեքստի վրա, որն է Թորան, քանզի Աստծուց խոստում կար` իրենց` որպես ընտրյալ ժողովրդի կաթ ու մեղր բխող երկիր տալու: Այսպես է ասում Աստված. «Եվ իջա նրանց եգիպտացիների ձեռքից ազատելու եւ նրանց այն երկրից մեկ լավ ու լայնարձակ երկիր` կաթ ու մեղր բխող երկիր` Քանանացիների եւ Քետացիների տեղը հանելու»: [13] 


Հետ գալով աշխատության սկզբում առաջադրված հարցերին եւ հիմնվելով վերը նշված փաստարկների բույլի վրա` կարելի է ասել, որ Հայերի տեքստային ժողովուրդ լինելը ստատիկ չէ եւ ունեցել է անցումային փուլեր: Սկիզբը դրվեց պատմության եռաժանիով, քանզի ինչպես Ադոնցն է ասում. «Հայոց պատմությունը բառիս բուն իմաստով սկսում է քրիստոնեության հաստատումից: Պատմություն, որը հնարավորություն է տալիս գաղափար կազմել նրա հոգեւոր նկարագրի մասին, գոյություն ունի միայն այդ ժամանակից սկսյալ: Պատմական կյանքի վկան գիրն ու դպրությունն են: Հայ պատմագրությունը սկսվում է դպրության երեւան գալու ժամանակներից»: [14] Սրան հաջորդեց Ջուղայեցիների ցանցայնությունը եւ նամակագրությունը, իսկ եզրահանգումը տվեց գաղափարախոսության երեւան գալը, որի լեգիտիմությունը տեքստայնության ներկայությունն է: Եվ անդրադառնալով Հայերի ու Հրեաների տեքստայնության համեմատականին` պետք է պնդել, որ հրեաները ավելի կապված են տեքստին, քանզի սինագոգներում Թորա կարդալն ու ուսումնասիրությունը կրում են ամենաօրյա բնույթ, եւ եթե վերը նշված տրանզիցիոն փուլերը հայերի մոտ հաջորդում են մեկը մյուսին, ապա հրեաների մոտ հանդես են գալիս միասին: Նրանք ունեն Թորան, ունեն ընտրյալ ժողովուրդ լինելու գաղափարախոսությունը, եւ այդ ամենը ներքաշված է ցանցային շրջանառության մեջ:

 

________________________

1.  Grisé C. A. (2002) "The Textual Community of Syon Abbey", McMaster University, Florilegium, https://journals.lib.unb.ca/index.php/flor/article/viewFile/12510/13436, այց` 18.07.1017:


2. Տե՛ս Ոսկանյան Ա., «Ուխտի միաբանությունը», Ռուբիկոն, 2/10/2006, էջ 22-51: 


3. Tölöyan K. (1987) "Terrorism in the Textual Community”, in: Theory and Strategy in the Third World: Critical Exchanges #22, Spring, 1987, pp. 23-35.


4. Garsoian N. (1999) "Reality and Myth in Armenian History", pp. 125-127.


5. Ոսկանյան Ա., «Ազգային ինքնության հիմնահարցը եւ մտավորականության կոչումը», Կամար հրատարակչություն, Երեւան, 1995, էջ 11-12:


6. Լեո, Խոջոյական կապիտալը եւ նրա հասարակական-քաղքական դերը հայերի մեջ, Պետական հրատ., Երեւան, 1934:


7. Aslanian S. (Spring 2004)  "From the Indian Ocean to the Mediterranean: The Global Trade Networks of Armenian Merchants from New Julfa", "Journal of Transnational Studies", Volume 13, Number 1, pp. 40-41, 42-43, 37 (Article), Published by University of Toronto Press.


8. Markovits C Jacques (2003) "Society and Circulation: Mobile Peoples and Itinerant Cultures in South Asia, 1750–1950". Delhi: PermanentBlack.


9. Aslanian S. (Spring 2004), "From the Indian Ocean to the Mediterranean: The Global Trade Networks of Armenian Merchants from New Julfa",  "Journal of Transnational Studies", Volume 13, Number1, pp. 38 (Article), Published by University of Toronto Press.


10. Aslanian S. (2004) «Trade diaspora versus Colonial state: Armenian merchants, English EASt Indian Compnay, and the admiralty of London, 1748-1752», pp. 37, Published by University of Toronto Press.


11. ԱՍԱԼԱ, (30/06/2007), https://web.archive.org/web/20071115020146/http://www.tkb.org/Group.jsp?groupID=258


12. The Editors of Encyclopedia Britanica (6/9/2015) "Zionism nationalistic movement", https://www.britannica.com/topic/Zionism, այց` 18.07.2017:


13. Գիրք Ելից 3:8 (Թորայի երկրորդ գիրքը Ծննդոցից հետո):


14. Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի օրոք, Երեւանի համալս. հրատ., Երեւան, 1971:

 

 

 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am