| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ռեւիզոր|
հրապարակված է 03.07.2017 | վարդան ազատյան
կյանքը՝ ստեղծագործություն․ Լիլիթ Զաքարյանի հիշատակին
Էլլան նրբանկատ զրուցակից էր, անուղղելի հետաքրքրասեր, լայն ու խորը իմացության տեր, իմացություն, որն ի ցույց չդնելն էական էթիկական սկզբունք էր իր համար:





Մեղմ բարքով, իր եւ դիմացինի խոսքի ու վարքի հանդեպ պատասխանատվության պահանջով, նուրբ հումորով եւ սեփական երկրի ու ժողովրդի ներկայով անընդհատ մտահոգ արվեստաբան եւ քննադատ էր Լիլիթ Զաքարյանը՝ Էլլան: Էլլան նրբանկատ զրուցակից էր, անուղղելի հետաքրքրասեր, լայն ու խորը իմացության տեր, իմացություն, որն ի ցույց չդնելն էական էթիկական սկզբունք էր իր համար: Նա խորաթափանց, զգայուն եւ կենսուրախ մարդ էր, որպիսիք քիչ են հանդիպում գիտական հաստատությունների պատերի ներսում փակված, անապատական կամ բյուրոկրատ գիտնականների շրջանում: Էլլան 1960-1970-ական թվականներին ասպարեզ իջած հայաստանյան արվեստաբանների շրջանակի մի յուրահատուկ ներկայացուցիչ էր, արվեստաբաններ, որոնք ազգային մշակութային զարթոնքի գաղափարներին իրենց նվիրվածությամբ եւ արդիադավան հետաքրքրություններով ձգտում էին հաղթահարել մեր արվեստաբանության մեջ ստալինյան ժառանգություն բյուրոկրատական մտածողությունն ու «ակադեմիական» գիտնականի կարծրացած տիպարը, նեղ փաստագրականությունն ու «ռեալիզմի» անքննադատ ջատագովությունը: Լիլիթ Զաքարյանը Վիլհելմ Մաթեւոսյանի, Հենրիկ Հովհաննիսյանի, Վիգեն Ղազարյանի հետ միասին, տեսական գրականության հանդեպ իր հետաքրքրություններով, եվրոպական լեզուների իմացությամբ, կենդանի արվեստի ու նկարիչների հետ անընդհատ շփման մեջ՝ ձգտում էր կենդանություն հաղորդել խորհրդահայ արվեստաբանության կարծրացած սկզբունքներին:

Խորհրդահայ իրականության մեջ, որտեղ արվեստաբանը գիտական աստիճան ստանալու հնարավորություն չուներ, Էլլան առաջիններից էր, որ Վասպուրականի մանրանկարչության մասին իր թեկնածուական աշխատանքը պաշտպանեց Ռուսաստանում, բյուզանդագետ Վիկտոր Լազարեւի մոտ: Նա շեշտում էր, որ շատ բան է սովորել Լազարեւից: Գիտական ճշգրտության Լազարեւի՝ հաճախ չափազանցության հասնող սկզբունքներից զատ, որոնք անշուշտ իրենց դերն ունեցան Էլլայի՝ աներկբա գիտական բարեխղճության մշակման գործում, նրան գրավում էր Լազարեւի բարոյական տիպարը: Խորհրդային ճնշող միջավայրում Լազարեւի բարեկրթությունն ու հայ ուսանողներին աջակցելու պատրաստակամությունը Էլլայի մոտ կապվում էր տոհմիկ լինելու փաստի հետ՝ այդ կերպ հարազատության մի ներքին կապ հաստատելով իր իսկ ծագման հետ: Նրանց համատեղ աշխատանքի մեջ Էլլայի աչքում կարծես հանդիպել էին Զաքարյաններն ու Լազարյանները: Ազնվացեղական այս հայացքը, խնդրահարույց լինելով հանդերձ, խորհրդային համակարգի դեմ մի դիմադրություն էր, համակարգ, որի գեղագիտական սկզբունքների դեմ էր ուղղված նաեւ ատենախոսության թեման․ Վասպուրականի մանրանկարչության պարզ ու ազնիվ գեղագիտության պաշտպանությունն արդիադավան մի քայլ էր՝ ընդդեմ խորհրդային բարձր ռեալիզմի սկզբունքների, փորձ՝ վերհանելու նույն այդ սկզբունքների տեսակետից հորջորջված կիլիկյան մանրանկարչության ստվերում մնացած գեղագիտական ավանդույթը: Երբ ազնվադավանությունն ու արդիադավանությունը միակցող այս ատենախոսությունը որպես գիրք հրատարակվեց 1980 թվականին, Էլլան նպատակահարմար գտավ բացել այն Լերուայի հետեւյալ տողերով․ «Ամենայն հնություն անհրաժեշտաբար գեղեցիկ չէ, բայց միշտ հետաքրքիր է»: Սոցիալիստական ռեալիզմի տեսակետից «տգեղի» հանդեպ արդիադավան հետաքրքրությունն էր ընկած գրքի հիմքում: Եվ պատահական չէ, որ, Լազարեւից զատ, գիրքը խմբագրել էր Վիգեն Ղազարյանը, իսկ տպագրության երաշխավորել Վիլհելմ Մաթեւոսյանը:

Ֆրանսիացի միջնադարագետ Ժյուլ Լերուայի միտքը Էլլան մեջբերում է ֆրանսերեն բնագրից: Էլլայի «ֆրանկոֆիլիայից» զատ, այս հանգամանքը վկայում է եվրոպական գիտության հետ ուղիղ հարաբերության մեջ հայ միջնադարյան արվեստն ուսումնասիրելու համոզման մասին: Եվ այս խաչմերուկում է, որ հառնում է Էլլայի արվեստաբանության համար մյուս էական հեղինակության՝ Սիրարփի Տեր-Ներսիսյանի կերպարը: Էլլան անձնապես մտերիմ էր Տեր-Ներսիսյանի հետ, ով, իր իսկ վկայությամբ, բարձր էր գնահատել նրա այս աշխատությունը: 1976 թվականին, Տեր-Ներսիսյանի ծննդյան 80-ամյակի առիթով հրապարակած իր հոդվածում Էլլան գրում էր․ «Տեր-Ներսիսյանի կյանքում ամեն ինչ ենթարկվել է մեկ գերագույն, համապարփակ նպատակի՝ ստեղծագործության»: Սա Էլլայի նվիրական համոզմունքն էր․ կյանքի նպատակը ստեղծագործությունն է, կյանքը՝ ստեղծագործություն: Ինքն այդպես էր ապրում: Հայաստանյան արդի եւ ժամանակակից արվեստի հետ նրա սերտ կապերը, այդ դաշտի մասը լինելու հանգամանքը պատահակունություն չէր: Միջնադարագետը միաժամանակ ներգրավված էր կենդանի արվեստի ստեղծման, կայացման, քննարկման գործընթացներում․ նա արդի հայ արվեստի քննադատ էր: Նրա բարեկամությունն իր սերնդի այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Էդվարդ Խարազյանը, Վիգեն Թադեւոսյանը, Ռոբերտ Էլիբեկյանը վկայում էր նրա ազգային արդիադավան համոզմունքների մասին: 1987 թվականին Թադեւոսյանի մասին գրված իր հոդվածում Էլլան հատուկ շեշտում է տեղական արդի արվեստում հոգեւոր արժեքների հաստատումը՝ եվրոպական արդիադավան բանաստեղծների ազգային յուրացմանը զուգահեռ: Միաժամանակ, ինչպես իրական գործուն քննադատ, նա իր ներդրումն էր ունենում արվեստագետների ստեղծագործության շրջանառման գործում: Հավաքորդ Գարիկ Բասմաջյանի հետ նրա մտերմությունն այս տեսակետից եւս նշանակալի է: Էլլան 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին «Ակտուալ արվեստ» ժամանակակից արվեստի եւ մշակույթի քննադատական հանդեսի խմբագրակազմի անդամ էր եւ հետաքրքրություն էր ցուցաբերում ժամանակակից արվեստի առավել նոր սերնդի ներկայացուցիչների ստեղծագործության նկատմամբ:

Էլլայի կյանքն ու գործունեությունը կապված էր նախեւառաջ մեկ հաստատության՝ Մատենադարանի հետ․ նա իրեն իրավամբ «մատենադարանական» էր համարում եւ անկեղծորեն տոգորված էր Մատենադարանը հայ մշակույթի մտավորական գործուն եւ նորարար կենտրոն տեսնելու ցանկությամբ: Մինչեւ Մատենադարանի շենքի վերակառուցումը, Էլլայի աշխատասենյակն այն նույն սենյակն էր, որտեղ պահվում էր Տեր-Ներսիսյանի գրադարանն ու արխիվը: Այդտեղ աշխատելն իրապես հաճո էր նրա սրտին եւ ինքնին խորհրդանշական:

Որպես ներկայի խնդիրներով ապրող մտավորական, ով մտահոգ էր իր ժողովրդի ու երկրի բարօրությամբ՝ Էլլան քաղաքանապես գիտակից գիտնական էր: Նրա քաղաքական համակրանքները ազգային-ազատականության կողմն էին․ նա մեծ հույսեր էր կապում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձով սկսված 2008-ի շարժման հետ: Սակայն մարտի 1-ն ու շարժման ձախողումն իրենց աներկբա դերն ունեցան Էլլայի առողջական վիճակի վատթարացման գործում: Ներկան ավելի ու ավելի դադարեց իրականություն լինել նրա համար եւ անցյալի հիշողություններն ահագնացան այնքան, որ սկսեցին դառնալ կեցավայր՝ անհույս դարձած իրականության համեմատ: Կյանքի վերջին տարիներին նա կարծես մարմնով սկսեց ապրել այն հոգեւոր արժեքների մեջ, որոնք, իր իսկ խոսքով, կազմում էին ստեղծագործողի «միակ ճշմարիտ իրականությունը»: Ուրեմն, վատառողջ վիճակում իսկ նա գոյությա՛մբ շարունակում էր հաստատել ստեղծագործողի իր հավատամքը: Էլլան վախճանվեց 2017 թվականի հունիսի 30-ին, 78 տարեկան հասակում:




 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am