| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
հրապարակված է 27.07.2017 | կարլ թեոդոր ֆոն հայգել
Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառի եզրակացությունը
Մեր գերմանացի ուսանողներից շատ-շատերը չէ, որ ի վիճակի կլինեին ներկայացնելու այդպիսի հմուտ կառուցվածք ունեցող եւ այդքան ճաշակով գրված աշխատանք:


հրատարակվում է Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 130-ամյակի կապակցությամբ

Գերմանացի պատմաբան Կարլ Թեոդոր ֆոն Հայգելն Աշոտ Հովհաննիսյանի՝ 1913 թվականին Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանում պաշտպանած Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը ավարտաճառի ղեկավարն էր: Հրապարակվող տեքստը Հայգելի եզրակացությունն է ավարտաճառի մասին: Հրատարակվում է՝ ըստ Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը (Երեւան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 480-481:

 

Սույն աշխատանքի համար խթան է հանդիսացել երեսուն տարի առաջ իմ հրատարակած մի հոդված՝ «Հայ արկածախնդիրը՝ կուրփֆալցյան արքունիքում»: [1] Իսպանական ժառանգության համար պատերազմում կուրփֆալցյան քաղաքականության մասին իմ հետազոտությունների ժամանակ հանդիպել էի կուրֆյուրստ Հովհան Վիլհելմի եւ Իսրայել Օրի անունով մի հայ վաճառականի միջեւ տարօրինակ մի նամակագրության. դրանում քննարկվում էր այն արտասովոր նախագիծը, ըստ որի՝ կուրֆյուրստը պետք է դեպի Հայաստան առաջնորդի մի փոքրաթիվ բանակ, ազատագրի հայ քրիստոնյաներին ու ի հատուցումն ստանա Հայաստանի թագը: Այդ ամբողջ նախագիծն ինձ խիստ կասկածելի թվաց, եւ ես բացահայտորեն արտահայտեցի իմ անվստահությունը Խաչակրաց արշավանքի հայ քարոզչի հանդեպ: Փֆալցյան նախագծից այնուհետեւ ոչինչ չի ստացվել. փոխարենը Իսրայել Օրին հետագայում նշանակալի դեր է խաղացել որպես Պետրոս ցարի դեսպան:

Այդ հայի հանդեպ իմ թերահավատ կեցվածքը խիստ վիրավորել է Օրիի մի հայրենակցի՝ Եզովին: Օրիի պատիվը փրկելու համար նա գրել է հաստափոր մի գիրք, որը, ինչպես ինձ ժամանակին հայտնել է պարոն Իզվոլսկին, [2] լեփ-լեցուն է իմ դեմ կատաղի հարձակումներով: Բայց դա ինձ խիստ չի վիրավորել, քանի որ հայերեն գրված գիրքը չէի կարող կարդալ: [3]

Ահա այս նյութի վրա ես հրավիրեցի հայազգի երիտասարդ Յոհաննիսյանցի ուշադրությունը, ով մի քանի տարի է, ինչ պատմական սեմինարի անդամ է: Սույն աշխատության մեջ ներկայացված է նրա երկամյա աշխատանքի պտուղը:

Յոհաննիսյանցը շատ ավելի խորն է պրպտել, քան ինձ դա հնարավոր է եղել, ինչին նրան օգնել է առաջին հերթին ռուսերենի եւ հայերենի իմացությունը:

Նա նախ տեղական աղբյուրների հիման վրա քննում է անհավատների ստրկությունից Հայաստանի հնարավոր ազատագրման ամբողջ լեգենդը՝ հասնելով մինչեւ հնագույն ժամանակներ: Սրանով մեր առջեւ առիթ է ներկայանում՝ մեծ հիմնական գծերով բացել Հայաստանի ողջ մշակութային կյանքը: Իհարկե, աշխատանքի այդ մասը ես ի վիճակի չեմ հիմնովին վերահսկել, բայց եկել եմ այն համոզման, որ ամեն ինչ աղբյուրների մասով հետազոտված ու մեթոդապես արժեքավորված է: Միայն թե հեղինակն, ըստ իս, շատ ու շատ հեռվից է սկսում: Նա շարունակաբար ուսումնասիրում է աղբյուրների աղբյուրները, եւ ինձ թվում է, որ ներգրավում է որոշ բաներ, որոնք անպայման չէ, որ վերաբերում են թեմային: Ինչում նա հանդիմանում է Պետիկին՝ որ վերջինս ավելորդաբար «տրվել է բավականին հեռավոր պատմական վերհուշերի», դրանում կարելի է հանդիմանել հենց իրեն:

Հիմնական մասը՝ Իսրայել Օրիի բուն պատմությունը, հետազոտության, քննության եւ ներկայացման առումով, իմ կարծիքով, համապատասխանում է նաեւ առավել բարձր պահանջների: Հայ հեղինակն իր հայրենիքի ենթադրյալ փրկչին վերաբերում է ոչ պակաս չափով թերահավատորեն, քան ես եմ ժամանակին այդ բանն անհրաժեշտ համարել: Նա թեեւ ապացուցում է, որ Օրիի վերաբերյալ ճիզվիտ Կրուշինսկու հաղորդածը տառապում է կողմնապահ չափազանցումներով, բայց նաեւ Օրիի սեփական բացատրություններն է ենթարկում խիստ եւ հաճախ մերժողական քննադատության: Նա համոզիչ կերպով ապացուցում է, որ Օրին Արեւմուտքում հայտնվելու ժամանակ ոչ մի դեպքում դեռեւս քաղաքական առաքելությամբ օժտված չի եղել, ինչպես պնդում է Եզովը, եւ որ նա հետագայում է ex professio իր վրա վերցրել հայ ազատագրական գաղափարի ներկայացուցչի դերը: Որ նա եղել է պայծառ, ճարպիկ գլուխ, նաեւ ես եմ ընդունել: Իր բարձր ծագման մասին նրա պնդումների համար մինչ այժմ չեն գտնվել հավաստի ելակետային տվյալներ:

Ձեւի առումով եւս Յոհաննիսյանցի աշխատանքն արժանի է ամենայն գովեստի: Այն ընթերցվում է գերազանց: Առաջին ընթերցանության ժամանակ ես ընդամենը քիչ թվով ոչ գերմաներեն դարձվածքների եւ արտահայտությունների շտկման կարիք եմ ունեցել: Մեր գերմանացի ուսանողներից շատ-շատերը չէ, որ ի վիճակի կլինեին ներկայացնելու այդպիսի հմուտ կառուցվածք ունեցող եւ այդքան ճաշակով գրված աշխատանք:

Թույլատրե՛լ:
 

27 հունվարի 1913թ.
Հայգել

________________________
[1]  Հայգելի հոդվածը տե՛ս Karl Theodor Heigel, “Über den Plan des Kurfürsten Johann Wilhelm von der Pfalz, die armenische Königskrone zu gewinnen (1698-1705)”, Sitzungsberichte der Philosophisch-Philologischen und Historischen Classe der K. B. Akademie der Wissenschaften zu München, (2.2) 1893, S. 273-319: (ծնթ․ խմբ․)

[2]  Խոսքը, ըստ ամենայնի, ռուս քաղաքական գործիչ եւ դիվանագետ Ալեքսանդր Իզվոլսկու մասին է, ով դիվանագիտական գործունեություն է ծավալել նաեւ Մյունխենում: (ծնթ․ խմբ․)

[3]  Այստեղ, ըստ երեւույթին, թյուրիմացություն կա: Եզյանի գիրքը գրված է ռուսերեն, չհաշված, բնականաբար վավերագրերը, որոնք տարբեր լեզուներով են: (ծնթ․ խմբ․)

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am