| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ռեւիզոր|
հրապարակված է 27.07.2017 | վարդան ազատյան
Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտության բանաստեղծականը
Պատմության գեղարվեստական վերապատկերումը ավելի ճշմարիտ է, քան պատմաբանի գիտական փաստագրությունը, քանի որ բանաստեղծությունը թափանցում է երեւույթների էությունը, մինչդեռ պատմաբանի ճշգրիտ հաշվետվությունը հանգում է սոսկ մանրամասնությունների թվարկման:


հրատարակվում է Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 130-ամյակի կապակցությամբ

Հրատարակվող տեքստը մի հատված է Վարդան Ազատյանի ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղեւն»»․ Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը եւ նրա գործուն պատմագիտությունը» ուսումնասիրությունից, տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը (Երեւան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 662-667:


Հովհաննիսյանի պատմագիտությունը բանաստեղծական է: Բանաստեղծական է, նախեւառաջ, նրա գրելաոճը, բայց ոճի բանաստեղծականությունը նրա մոտ ձեւական հարց չէ, այլ մտքի, քանզի գրելաոճն ինքը մտքի՛ «հագուստն» է: [1] Հովհաննիսյանի «մոնիստական» աշխարհայացքում գոյություն չունի պարզապես ձեւական հարց, ինչպես գոյություն չունի պարզապես բովանդակության հարց: Միտքը Հովհաննիսյանի մոտ ըմբռնվում է գոյաբանորեն եւ սոցիալականորեն՝ որպես գիտակցված սոցիալական գոյություն: Միտքը, ուստի, բնույթով պատմական է, եւ նրանում բացահայտվում է պատմական շարժման գիտակցումը՝ որպես այդ շարժման մի եղանակ: Ուստի, ոճի բանաստեղծականությունը՝ որպես պատմաբանի մտքի առանձնահատկություն, պատմական երեւույթների շարժումը հենց շարժման մեջ կերպավորելու եւ ծավալելու հնարավորություն է: Մի իմաստով, բանաստեղծականությունը փաստորեն հատուկ է պատմության ընթացքին, ճիշտ այնպես, ինչպես poesis հունարեն բառը նշում է անելու գործողություն՝ ստեղծելու, արտադրելու իր ներիմաստներով: Այս իմաստն, անշուշտ, առկա է նաեւ հայերեն «բանաստեղծություն» բառի մեջ, մանավանդ, եթե «բան»-ը հասկանանք ոչ միայն «խոսք», այլեւ «ընդհանրապէս գործունէութիւն, ոյժերի լարումն՝ մի նպատակի հասնելու համար»: [2] Այս տեսակետից, մարքսյան աշխարհայացքում պատմության բովանդակությունը կազմող արտադրական գործունեության առանձնահատկությունը չէ՞ արդյոք բանաստեղծականությունը:

Հովհաննիսյանի նոթատետրերից մեկում պահպանվել է շատ հետաքրքրական մի գրառում՝ «Ad. Մահարու վեպը» խորագրով: [3] Գրառումն անխոս վերաբերում է Գուրգեն Մահարու՝ առաջին անգամ 1966 թվականին լույս տեսած Այրվող այգեստաններ վեպին եւ գրված է վեպի շուրջ անմիջապես բորբոքված խորհրդահայ գրական ու գիտական հասարակայնության կրքերի բովում, ամենայն հավանականությամբ, երբ վեպը քննարկման էր դրված Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում: [4] Վեպի հեղինակը մեղադրվում էր քսաներորդ դարասկզբի ազգային-ազատագրական շարժումը նսեմացնելու մեջ: [5] Այս քարկոծումը, ի վերջո, հանգեցրեց ստալինյան երկարամյա աքսորը վերապրած գրողի մահվան: [6] Հովհաննիսյանը վեպի առնչությամբ իր նոթատետրում գրում է․ «Պատմության գեղարվեստական վերապատկերումը ավելի ճշմարիտ է, քան պատմաբանի գիտական փաստագրությունը, քանի որ բանաստեղծությունը թափանցում է երեւույթների էությունը, մինչդեռ պատմաբանի ճշգրիտ հաշվետվությունը հանգում է սոսկ մանրամասնությունների թվարկման»: [7]

Արիստոտելի Պոետիկայից ըստ ամենայնի հիշողությամբ վերարտադրված այս տողերը գրել է ոչ թե բանաստեղծը կամ փիլիսոփան, այլ հենց պատմաբանը: Սա փոխում է խնդրի էությունը՝ պատմաբանի գործի առնչությամբ, հատկապես, «երեւույթների էության» որպես «կենսագործընթացի» մարքսյան ըմբռնման տեսակետից: Բանաստեղծությունը, իրերի պատմականորեն ծավալվող բովանդակությունը թափանցելու իր ուժով, ըմբռնվում է իբրեւ ճշմարտության գործ, այնինչ պատմաբանությունը՝ մանրամասնությունների իր թվարկմամբ, լավագյուն դեպքում՝ «ճշգրիտ հաշվետվություն»: Հովհաննիսյանի համար պատմաբանությունն իմաստ ունի, քանի դեռ բանաստեղծական է: Զարմանալի չէ, ուրեմն, որ «երեւույթների էությունը թափանցելու» բանաստեղծության իր սահմանման տեսակետից է նա բնորոշում իր իսկ պատմաբանությունն ու որոշակիորեն հեռացնում այն այստեղ բնութագրված «պատմաբանի» փաստահավաքությունից․ «Մեր ուսումնասիրության մեջ չպիտի արհամարենք կենսագրական «մանրուքը»: Սակայն «մանրուքի» կուտակումը չէ մեր խնդիրը, այլ կուտակածի արժեքավորումը: Պիտի ի հայտ բերել մասնավոր փաստերի կապն ընդհանուրի եւ էականի հետ, իմաստավորել փաստերը մեզ ղեկավարող հարցասիրության տեսակետից»: [8] Իսկ «էականը», Հովհաննիսյանին ղեկավարող հարցասիրության տեսակետից, Նալբանդյանի շարժուն ու հակասալից, բայց նպատակային կերպարն էր՝ ըմբռնված բնության հետ միջնորդված հարաբերության մեջ կայացող մարդկային արտադրական գործունեության արդյունքում ծնված նույնքան շարժուն ու հակասալից, բայց առաջընթաց հասարակական հարաբերությունների ու մշակութային կազմավորումների հետ փոխազդեցության մեջ: Այդ գրքի՝ Նալբանդյանը եւ նրա ժամանակը պարզ ու ավանդական վերնագիրն իրականում այս էր նշում:

Հետաքրքրական է, որ երբ համեմատում ենք այս մեջբերումը Արիստոտելի Պոետիկայի համապատասխան հատվածի հետ, նկատում ենք, որոշ իմաստային տարբերություններ: Պատճառը, հավանաբար, հիշողությամբ վերարտադրված լինելու մեջ է: Բայց հենց այդ պատճառով նույն այդ մեջբերումը ուշագրավ է, քանզի բացահայտում է Արիստոտելի Հովհաննիսյանի՛ ըմբռնումը: Այդուհանդերձ, Նալբանդյանը եւ նրա ժամանակը գրքի էջերում ակնհայտ է բանաստեղծի եւ պատմաբանի փոխառնչության Արիստոտելին ավելի հավատարիմ ըմբռնումը, որը հավելյալ իմաստով է օժտում բանաստեղծական պատմաբանության Հովհաննիսյանի ընկալումը:

Արիստոտելը գրում էր, որ պատմաբանի եւ բանաստեղծի «ճշմարիտ տարբերությունն այն է, որ մեկը պատմում է ինչ տեղի է ունեցել, մյուսը՝ ինչ հնարավոր է տեղի ունենա: Բանաստեղծությունը, ուստի, ավելի փիլիսոփայական ու բարձր բան է, քան պատմությունը, քանզի բանաստեղծությունը հակված է արտահայտել համընդհանուրը, պատմությունը՝ մասնավորը»: [9] Հովհաննիսյանը գրում էր․ «Բանաստեղծությունը ընդգրկում է իրականությունը ոչ թե փաստական, այլ հնարավոր սահմանների մեջ (Ընդգծումը՝ Հովհաննիսյանի – Վ․ Ա․)»: [10]  Իրականությունն ըստ հնարավորի ընդգրկելու բանաստեղծության այս չափումը հատուկ է նաեւ Հովհաննիսյանի՝ պատմաբանի աշխատանքի ըմբռնմանը: Պատմաբանը՝ իբրեւ պատմական շարժման դինամիկայի բացահայտող, ըստ սահմանման, գործ ունի ոչ միայն անցյալի, այլեւ ապագայի իմացության հետ այնքանով, որքանով այն չի անցնում հնարավորի սահմանը՝ «գալիքի շավիղները նշմարելը»: [11] Պատմբանությանը, ինչպես բանաստեղծությանը, հատուկ է «մարգարեական թռիչք», [12] բայց ոչ երբեք մարգարեություն, որի պատմական դրսեւորումներն, անշուշտ, Հովհաննիսյանի պատմագիտական գլխավոր հետաքրքրություններից էր: Ուստի, որքան նա դեմ էր անցյալն արդիականացնելուն, նույնքան եւ խորթ էր նրան ապագան կանխագուշակելու ինքնահավանությունը՝ «մարգարեություններով զբաղվելը»: [13] Բանաստեղծ-մարգարեն ոչ թե գուշակում է ապագան, այլ առինքնում է գալիքը՝ որպես ներկա արթնացումի ուղենիշ․ սա նուրբ, բայց էական տարբերություն է: Այնպես որ, դեռեւս ավարտաճառում հանդիպող Հովհաննիսյանի շատ հետաքրքրական ձեւակերպումը՝ «ապագայի աշխարհիկ իմացությունն» [14] ու դրա պատմաբանական հնարավորությունը գտնվում է «մոնիստական» աշխարհայացքի համար առանցքային՝ նույն Արիստոտելի «անդրադարձումի» հիմնարար սկզբունքի ուղեծրում: Հնարավորն ընդգրկողի եւ հնարավորի գոյության միջեւ գոյաբանական ներակա կապ կա․ հնարավոր է անդրադարձնել միայն այն, ինչը հնարավոր է, որ տեղի ունենա: Իսկ եթե, ինչպես Մարքսի պարագայում, հնարավորի գոյությունն իսկ ըմբռնվում է իրենց պատմությունը հակասալից կերպով կերտող մարդկանց արտադրական գործունեության՝ «բանաստեղծության» տեսակետից, ապա «բանաստեղծականությունը» դառնում է պատմության հիմնարար հատկանիշը, իսկ պատմաբանի գործը ըմբռնվում իբրեւ «պատմաբանաստեղծություն»: [15]

________________________
[1]  Ըստ՝ Նորայր Սարուխանյան, Մտորումներ եւ հուշեր ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի մասին (Երեւան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2012), էջ 68:

[2]  Ստեփան Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հ․ 1 (Երեւան: Պետհրատ, 1944), էջ 324:

[3]  Ad նախածանցը լատիներենում ունի «դեպի» իմաստը, որը օգտագործվում է նաեւ «առնչություն» իմաստով, ինչպես այս դեպքում:

[4]  Հովհաննիսյանը սովորություն ուներ նոթատետրում գրառումներ անել այս կամ այն նիստի, կամ նիստին ասված ճառի առիթով:

[5]  Մահարու վեպն իր երեք տարբերակներով արդեն հասու է գիտական հրատարկությամբ, որն աշխատասիրել է Գրիգոր Աճեմյանը, տե՛ս Գուրգեն Մահարի, Այրուող այգեստաններ (Երեւան: Ապոլոն, 2004): Գիրքը համալրված է Մարկ Նշանյանի նախաբանով եւ պարունակում է վեպի շուրջ ծավալված սուր բանավեճերի անհրաժեշտ հղումները:

[6]  Հետաքրքրական է ու միաժամանակ տխուր, որ նույն այս դրության մեջ էր հայտնվելու նաեւ նախկին աքսորական Հովհաննիսյանը, ով իր մահկանացուն պետք է կնքեր այդ նույն նյութին վերաբերող իր վերջին, այդպես էլ անտիպ մնացած գրքի շուրջ բորբոքված մեղադրանքների բովում: Հովհաննիսյանի պարագայում, Մահարուն հալածող ուշ խորհրդահայ նույն ազգայնականության գիտական թեւը, պատսպարված ազգային կուսակցությունների, մասնավորապես, Դաշնակցության մասին ընդունված «խիստ հաստատուն հիմնավորված եւ վերջնական հայացքի» ստալինյան կուսակցական որոշումների տակ, ամեն ինչ արեց, որպեսզի ազգային-ազատագրական շարժման խորհրդահայ ըմբռնումը չանցնի մեղադրական փքուն հռետորությունից անդին եւ չձեւավորվի մեր պատմության այդ վճռական դրվագի մասին քննական պատկերացում, այն, ինչը բխում էր նաեւ Մահարու գրքի առաջին հրատարակությունից: Այս երկու գրքերի ու նրանց հեղինակների ճակատագրերը տարբեր կողմերից խորհրդանշորեն ազդարարեցին բրեժնեւյան «զարգացած սոցիալիզմի» գալուստը:

[7]  Մատենադարան, Հովհաննիսյանի ֆոնդ, թղթ․ 24417, վավ․ 10, թ․ 5:

[8]  Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, հ․ 1 (Երեւան: Հայպետհրատ, 1955), էջ 12:

[9]  Aristotle, Poetics, առցանց անգլերեն հրատարակությունը տե՛ս http://classics.mit.edu/Aristotle/poetics.1.1.html, այց՝ 23․11․15:

[10] Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, հ․ 2, (Երեւան: Հայպետհրատ, 1956) էջ 422:

[11] Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, հ․ 2, էջ 511:

[12] Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը (Երեւան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), 43:

[13] Հովհաննիսյան, Մեր պայքարը, նվաճումները յեվ անելիքը (Յերեւան: Պետհրատ, 1925), էջ 5:

[14] Հովհաննիսյան, Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը, էջ 53:

[15] Պատմագիտության բանաստեղծական այս հարացույցը մտքում ունենալով է, որ հնարավոր է ըստ էության հասկանալ այն սերտ ու տեւական կապը, որը Հովհաննիսյանը ունեցել է բանաստեղծության ու բանեստեղծների հետ թե՛ իբրեւ հետազոտության նյութ ու պատմական ճշմարտության բացահայտման հավաստի աղբյուր, ինչպես, օրինակ, Ֆրիկն ու Նալբանդյանը, թե՛ անձնական մտերմության, համագործակցության եւ քննադատության մակարդակով, ինչպես Տերյանի, Չարենցի ու վերջինիս հետ նաեւ քսանականների գրական մշակույթի բազմաթիվ այլ ներկայացուցիչների պարագայում: Հովհաննիսյանի գործունեության այս կողմի ամենավառ դրսեւորումը, անշուշտ, Նորք հանդեսն էր, որի հիմնական խմագիրն էր նա: Առաջին անգամ այստեղ հրատարակվեց Չարենցի Երկիր Նայիրին՝ հիմնադրելով հայ գրականության մեջ վիպագրության այն ժանրը, որին պատկանում էր նաեւ Մահարու Այրվող այգեստաններ վեպը: Նորքում Հովհաննիսյանի գործունեության մասին առանձին՝ Հարություն Ֆելեքյան, ««Նորք» հանդեսը», տե՛ս Վ․ Բ․ Բարխուդարյան եւ Վ․ Ա․ Հակոբյան (խմբ․), Էջեր հայ ժողովրդի պատմության եւ բանասիրության (Երեւան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971), էջ 323-339, ինչպես նաեւ Նորայր Սարուխանյան, Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական ժառանգությունը (Երեւան: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2015), էջ 54-58:
 

 

 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am