| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 22.03.2017 | արթուր անդրանիկյան
գիտագործնական բառարան-ուղեցույց
...որի հրատարակումը աննախադեպ իրողություն է հայ բառարանագրության պատմության մեջ


Հայ բառարանագրության պատմության մեջ սակավ են այն իրողությունները, երբ բառարանն օգտագործելով ես... մի պահ մտովի վերանում ես, որ բառարան ես թերթում. ինչու՞ եմ շղագրում բառը, որովհետեւ բառարանն ընդհանրապես թերթում են՝ գտնելու համապատասխան անհրաժեշտ բառը կամ բառակապակցությունը: Վարդան Հայկազյանի, Վաչե Ավագյանի եւ Պետրոս Բեդիրյանի “Երկրագործական” եռալեզու /հայերեն-անգլերեն-ռուսերեն/ բառարանի պարագային /որի հրատարակումը աննախադեպ իրողություն է հայ բառարանագրության պատմության մեջ՝ այս ընկալումը՝ թերթելու անհրաժեշտությունը ամենեւին չենք ունենում, քանի որ գյուղմշակույթի, բնագիտության, բնապահպանության “բառարանային միջավայրը” ստիպում է առավելս խորամուխ լինել, ինչպես իրավացիորեն նշում է ժողտնտեսագիտության դոկտոր պրոֆ. Սամվել Ավետիսյանը. “Կարծես այս աշխատության մասին է գրեթե մեկ դար առաջ արտահայտվել մեծն Բակունցը, ասելով... այդ ամենը կարելի է ի մի գումարել եւ հիմք դնել մի ժողովածուի՝ գյուղատնտեսական բառերի տերմինների հավաքածուի: Այդ կլինի պարտադիր ամբողջ երկրի համար, միաժամանակ եւ անսպառ աղբյուր գալիք գյուղատնտեսական գրականության համար”:

Հիրավի, չափազանց ճշմարտացի բնորոշում, որը բառարանն ընթերցողների համար իրապես կդառնա ընթերցանության գիրք, ինչու չէ, նաեւ դասագրքային նշանակություն կունենա գյուղատնտեսությամբ, բնապահպանությամբ, բնագիտությամբ հետաքրքրվողների, եւ հատկապես գիտական-մասնագիտական շրջանակների համար: Ամեն դեպքում այս հսկայածավալ եւ չափազանց շնորհակալ հրատարակությունը, որը գրահրատարակչական բացառիկ ու անթերի մակադակով իրականացրել է “ակտուալ արվեստ” հրատարակչությունը, ամենեւին հասցեագրված չէ զուտ մասնագետներին, նաեւ նշյալ ոլորտներով հետաքրքրվողների համար, այն իրապես կարող է զուտ ընթերցողական առումով հետաքրքրել այն անձանց, ովքեր հայերեն-ռուսերեն-անգլերեն լեզուների տիրապետելով՝ կարող են իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնել հիշյալ լեզուներում միեւնույն բառերի, բառարմատների մեջ խորամուխ լինելով: Անշուշտ, նկատի ունեմ նաեւ թարգմանիչներին, որոնց թարգմանած գեղարվեստական ստեղծագործություններում մշտապես հանդիպում են բառարանային ոլորտի գիտական եզրաբառեր:

Անձամբ ինձ, որպես հայ ընթերցողի եւ գրականագետի, ինչու հրապուրեց ընթերցել այս ինքնօրինակ բառարանը. բառարանում ընդգրկված շուրջ 10 000 բառերը /համարժեքներով/, նրանց նշանակությունը, բառարմատային իմաստները ուսումնասիրելիս,- այո, ուսումնասիրելիս,- “հանդիպեցի” այնպիսի նկարչագեղ, բանաստեղծական “շունչ ու ոգի” ունեցող բառերի, ավելի ճշգրիտ՝ բառ-իմաստների, արդեն բառարանում իսկ իմաստավորված, փայլ ու շուք ստացած բառերի, որ, անկեղծորեն կլանվեցի նրանց “շնչավորած” տրամադրությամբ: Միջանկյալ նշեմ, որ հայ գրողները մեծավ մասամբ կամ գուցե եւ ընդհանրապես բառարան չեն ընթերցում, որպես այդպիսին, որպես ընթերցանության համար ստեղծված. Պ.Սեւակն իր ժամանակին նույնիսկ դժգոհել է իրավացիորեն:

Այսպիսով ողջունելով ու չափազանց հրատապ համարելով բառարանի հրատարակումը, գնահատելով կատարված տքնաջան ու պատվաբեր աշխատանքը, չեմ կարող չառանձնացնել հազարավոր բառերից այնպիսի պատկերաստեղծ բառեր, որոնք իրենց զուտ բառային նշանակությունից վերանում են՝ ստեղծելով բնապատկեր-կոլորիտ, սա նաեւ հայոց լեզվի ոսկեղենիկության մենաշնորհն է. մոմածաղիկ, մոխրաջուր, մոխրածաղիկ-մոխրածաղկավոր, մոխրայնություն, մոխրահող, ալրափոշի, ալրաորդ, աղաթուփ, ջրաբուծարան եւ այլն: Եթե առանձնացնելու լինենք այլ բառեր, ապա տասնյակ էջեր չեն բավարարի:

“Երկրագործական” բառարանի կարեւորագույն առանձնահատկություններից է նաեւ առօրյայում եւ գրականության մեջ հաճախակի օգտագործվող բազմաթիվ բառերի ոչ հայերեն համարժեքները: Բառարանը չափազանց օգտակար է նաեւ այս առումով, որ մեր լեզվամտածողությունից “դուրս գրենք” օտարամուտ այն բառերը, որոնց համարժեքները կան մեր լեզվում եւ որոնք գործածումը անհրաժեշտ է Մայրենիի անթերիությունը պահպանելու համար: Դրանք վերաբերում են հիմնականում բուսաշխարհին, շրջակա միջավայրին եւ բնագիտությանն ընդհանրապես: Իհարկե, կան բառեր, որոնք մեր լեզվամտածողության մեջ արմատավորված են,- գուցե եւ ինչ-ինչ առումներով անթարգմանելի,- հեղինակներից Պ.Բեդիրյանը “չի ցանկացել” մաքրամոլություն /լեզվական/ դրսեւորի: Օրինակ՝ կլիմա բառը հայերենում նույն է, ինչ ռուսերենում: Այսօրինակ բառերը կարծում ենք ժամանակի ընթացքում “հայացվել” են եւ ամենեւին անհարիր չեն մեր լեզվամտածողությանը եւ դասվում են եզրերի /տերմինների/ շարքին եւ դրանով իսկ գործածական են եւ ընդունելի:

Այս ամենով հանդերձ, մնում է զարմանք եւ հիացմունք հայտնել “Երկրագործական” բառարանի լույսընծայման առիթով, եւ քանի որ այն ուղակիորեն կապ ունի Հողի հետ, ուրեմն անվարան կարելի է ասել, որ ազնվամտություն են հեղինակները սերմանել ընթերցողի գիտակցության մեջ:


 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am