| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 13.09.2016 | ա-ակտուալ արվեստ
փախստականի վկայությունը
Ժամանակակից աշխարհում փախստականների թիվը անշեղորեն աճում է եւ նրանց խնդրների լուծումը դառնում է ավելի ու ավելի դժվար: Առաջին համաշխարհային պատերազմից հետո փախստականների նախադեպը արքետիպային է ժամանակակից փախստականների համար:


Նախագծի հիմքում հեղինակի ( Հովհաննես Մարգարյան) հոր` Հրանտ Մարգարյանի հիշողություններն են: Այն դրամատիկ իրադարձություններով լեցուն փախստականի վկայություն է 1915 թվականի ցեղասպանության, Հունաստանում փախստականների ապրած կյանքի, նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբարների, ԽՍՀՄ-ում ստալինյան հալածանքների տարիների, ինչպես նաեւ մեր օրերում դրանց արձագանքների ու հետեւանքների մասին:

Նախագծում հենվելով բանավոր պատմությունների եւ եղած փաստաթղթերի վրա, հեղինակը փորձում է ներկայացնել փախստականի կյանքի էությունը, նրա տեղը եւ ակնկալիքները ժամանակակից աշխարհում:

Նախագծում առանձնակի շեշտադրվել են հատկապես քսաներորդ դարասկզբի իրադարձություններն ու Լոզանի կոնֆերանսը:

Լոզանի խաղաղության կոնֆերանսը ճակատագրական էր մերձավոր արեւելքի երկրների միլիոնավոր մարդկանց համար: Հրանտ Մարգարյանի գերդաստանը, փախստականների այն խմբի մեջ էր, ովքեր 1919 – 1922 թվականներն բնակվում էին Հույն - Թուրքական պատերազմի թատերաբեմ դարձած Աֆիոն-Կարահիսար քաղաքում:

Լոզանի Կոնֆերանսը չլուծեց ամենակարեւոր խնդիրը` փախստականների հարցը: Այդ հարցը ի վերջո զոհաբերվեց գերտերությունների քաղաքական շահերին եւ մոտ մեկուկես միլիոն մարդ, Օսմանյան կայսրության նախկին հպատակներ` Հույներ, Հայեր, Թուրքեր եւ այլ ժողովուրդներ, դարձան գաղթական:

Ինչպես նշված է «Լոզանի խաղաղության խորհրդաժողով» (Պէյրութ, 1983) գրքի 206 էջում, «…կալվածքները հետզհետե գրավվեցան Թուրքիոյ մեջ, հպատակության իրավունքներ» զրկվեցանք, եւ եղանք «ափաթրիանթներ»:

Ի վերջո այդ խնդրի լուծումը հանձնվեց Ազգերի լիգային, այնուհետեւ նրա իրավահաջորդ հանդիսացող ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն Կոմիսարիատին: Սակայն նրա գործունեությունը կրել է ոչ թե քաղաքական, այլ հումանիտար բնույթ:

Ջ. Ագամբենը գրում է. «Չնայած հանդիսավոր կոչերին` պահպանել «սրբազան եւ անօտարելի» մարդու իրավունքները, այդ կազմակերպությունները ոչ միայն բացարձակապես անընդունակ են լուծել խնդիրը, այլ նույնիսկ փոքրիշատե համարժեք մոտենալ նրան»:

Նախագծում ցանկացել եմ ընդգծել, թե ինչ է նշանակում լինել փախստական, չունենալ հայրենիք, իրավունք, քաղաքացիություն: Մարդ, որը մերժված է ամեն տեղից, չունի ոչ մի երկրի քաղաքացիություն եւ պաշտպանված չէ: Ժամանակակից աշխարհում փախստականների թիվը անշեղորեն աճում է եւ նրանց խնդրների լուծումը դառնում է ավելի ու ավելի դժվար:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո փախստականների նախադեպը արքետիպային է ժամանակակից փախստականների համար:
| 2016 |


ընդհանուր տեսարան Աֆիոն Կարահիսար քաղաքից՝ հեռվում Սեւ լեռը


հատված Աֆիոն Կարահիսար քաղաքից. կիսալուսնով հայկական եկողեցու գմբեթը

փախստականի վկայությունը
Սա հորս մանկության հիշողությունների, գաղթի, որբանոցում եղբոր հետ անցկացրած տարիների, աղքատության, Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի պատմության ժամանակագրությունն է: Մանկության սեփական հիշողությունները հորս համար լրացրել են ընտանիքի անդամների պատմած դրվագները: Աֆիոն-Կարահիսարը (թուրք.` Afionkarahisar), որտեղ ապրել են հորս ծնողներն ու հարազատները, քաղաք է Թուրքիայում` Կենտրոնական անատոլիական սարահարթի արեւմտյան մասում: Հայերն Աֆիոն-Կարահիսարում բնակվել են 16-րդ դարի վերջից մինչեւ Մեծ Եղեռնի օրերը:

Թե կոնկրետ երբ են նախնիներս հայտնվել Աֆիոն-Կարահիսարում, ինձ հայտնի չէ: Գիտեմ միայն, որ ունեցել են մեծ գերդաստան, ապրել են բարեկեցիկ, հիմնականում եղել են ագարակատերեր, զբաղվել են առեւտրով: Պապս` Մարգարը, եւ նրա եղբայրը` Հաջի Հովհաննես Մարգարյանը (Հաջի-ն տիտղոս է, որ տրվում է Երուսաղեմ ուխտի գնացածներին), ունեցել են ափիոնի դաշտեր եւ, ըստ Չերքեզյանի «Աֆիոն-Կարահիսարի հայ գաղթօջախը» գրքի, համարվել են քաղաքի երեւելի վաճառականներ:

Առաջին աշխարհամարտի ժամանակ` 1915 թվականի ապրիլի 15-ին, երիտթուրքական կառավարությունը տեղական, տվյալ դեպքում Աֆիոն-Կարահիսարի իշխանություններին հրահանգ է տալիս հայերի եւ առհասարակ բոլոր ոչ մահմեդականների տեղահանման մասին:

Հայերին, որոնց մեջ էր նաեւ Մարգարյանների ընտանիքը, Աֆիոն-Կարահիսարից տեղահանում են Կոնիա, որպեսզի այնտեղից էլ արտաքսեն դեպի Միջագետքի խորքը` Դեր Զորի անապատը: Մարդիկ, իրենց տուն ու տեղը թողնելով, բռնում են գաղթի ճանապարհը…

1916 թվականին արդեն Կոնիայում բողոքական հայերի ընտանիքում ծնվում է հայրս` Հրանտ Մարգարյանը:


Մարգարյանների ընտանիքը: Սիրանուշը (Սառան), Մարիան, Գեւորգը, նստած, Նուրիցան՝ իրենց մայրը, Հրանտը եւ մորաքրոջ տղան՝ Հակոբը


Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող քոլեջը, ուր ուսանել է Գեւորգ Մարգարյանը, աջից վերջինը, կանգնած

Մարգարյան ընտանիքին հաջողվում է խուսափել Դեր Զորի անապատ քշվելուց: Թե ինչպես է դա եղել, ինձ հայտնի չէ: Ըստ որոշ տեղեկությունների` հետ էին ուղարկվում պետական շինարարություններում կամ անգլո-ամերիկյան բարեգործական կազմակերպություններում աշխատանք ունեցող մարդկանց ընտանիքները: Ուրեմն ինչ-որ հրաշքով Մարգարյանների ընտանիքը վերադառնում է Աֆիոն-Կարահիսար` տուն:

Սակայն 1919 թվականին սկսվում է հույն-թուրքական պատերազմը: Նույն թվականին հորս հայրը` Մարգար պապս, բազմաթիվ հայ տղամարդկանց հետ զորակոչի պատրվակով հավաքագրվում եւ աքսորվում է Դեր Զոր:


վերեւի ձախ կողմը՝ Լոզանի խաղաղության խորհրդաժողովի մասնակիցները պայմանագրի ստորագրման պահին

վերեւի աջ կողմը՝ Մոսկվայում Ռուս-Թուրքական հաշտության եւ եղբայրության պայմանագրի ստորագրման մասնակիցները

ներքեւի ձախ կողմը՝ Մոսկվայում Ռուս-Թուրքական հաշտության եւ եղբայրության պայմանագրի ստորագրման մասնակիցները, աջից երկրորդը ՌԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինը

ներքեւի աջը՝ Լոզանի հաշտության խորհրդաժողովի մասնակիցները



Յոթ անձից բաղկացած բազմանդամ ընտանիքը` նորածին երեխան` Ռոզան, երեք տարեկան հայրս` Հրանտը, նրա ութնամյա եղբայրը` Գեւորգը, եւ տասներկուամյա քույրը` Մարին, մնում է մոր եւ ավագ քրոջ` Սառա (Սիրանուշ) Մարգարյանի խնամքին: Սառան այդ ժամանակ աշխատում էր Ստամբուլում գործող ամերիկյան «Կարմիր խաչ» բարեգործական կազմակերպություններից մեկում:

Հույն-թուրքական պատերազմն սկսվելուն պես Սառա Մարգարյանը, տեսնելով հայության առջեւ ծառացած վտանգը, երկու կրտսեր եղբայրներին` Հրանտին եւ Գեւորգին, փրկելու նպատակով տեղավորում է Ստամբուլի ամերիկյան որբանոցներից մեկում:


անգլո-ամերիկյան “կարմիր խաչ” կազմակերպության աշխատակիցները: Վերեւի շարքում աջից վերջինը՝ Սիրանուշ Մարգարյան

Ցավոք, որբանոցի կյանքից մեզ տեղեկություններ չեն հասել: Հիշողությունների մեջ պահպանվել է մեկ դրվագ. հորեղբայրս ունեցել է բարձր ջերմություն եւ տենդ, նրան փրկել է մի բուժքույր, որ, երեխային փաթաթելով սառը սավանի մեջ, իջեցրել է ջերմությունը:

1922 թվականին Աֆիոն-Կարահիսար լուրեր են հասնում, որ հույները տանուլ են տվել պատերազմը, եւ սպասվում են քրիստոնյաների նոր կոտորածներ: Հունական զորքը այնտեղ մնացած քրիստոնյաների հետ գնացքով փախչում է դեպի Իզմիր: Այդ քաղաքը դեռ հունական զորքի հսկողության տակ էր:

Փախուստը հապճեպ էր, անկազմակերպ, խուճապային: Մարդիկ ոչ միայն չէին հասցրել իրենց հետ առաջին անհրաժեշտության իրեր վերցնել, այլեւ չէին հասցրել անգամ փախչել, եւ նրանցից շատերի ճակատագիրը մնացել է անհայտ:

Տատս` Նուրիցան, գիտակցելով, որ պահն օրհասական է, անմիջապես վերցնում է դուստրերին` նորածին Ռոզային եւ տասներկումյա Մարիին, ծեր, հաշմանդամ մորը, Աստվածաշունչը (այն մինչ այժմ պահպանվում է), մի քանի մանկական հագուստներ է հասցնում դնել դույլի մեջ եւ շտապում է երկաթուղային կայարան` հունական զորքի հետ փախչելու համար: Գնացքն արդեն շարժվելիս է լինում, եւ զինվորներն օգնում են երեխաներին բարձրանալ այնտեղ: Տատս սպասում է հաշմանդամ մորը, որ չէր կարողացել իրենց հետեւից հասնել գնացքին: Խառնաշփոթի ժամանակ զինվորները ուժով, «սատանան տանի» գոռալով, տատիս` Նուրիցային, նունպես քաշում են գնացքի մեջ` այդպես փրկելով նրան եւ երեխաներին, սակայն բախտի քմահաճույքին են թողնում հետ մնացած հաշմանդամ, ծեր մորը, որից այլեւս ոչ մի լուր չունեցան: Տատս մինչեւ կյանքի վերջը ցավով էր հիշում այդ պահը:

Իզմիրը, սակայն, նունպես պիտի հանձնվեր: Այնտեղից էլ մարդիկ հապճեպ նստում են դեպի հունական ափեր շարժվող նավերը եւ հրաշքով խուսափելով ջրասույզ լինելուց (թուրքական զորքը ջրասույզ էր անում բոլոր նավերը, որոնցով փախչում էին հույն եւ հայ կանայք, երեխաները, ծերունիները)` հասնում են Հունաստանի Սալոնիկ քաղաքը:

1922 թվականին ամերիկյան հովանավորության տակ գտնող որբանոցը (ենթադրում եմ, որ անգլո-ամերիկյան զինվորականների հսկողության տակ) նույպես տեղափոխվում է Հունաստան:

Արդեն Հունաստանում կազմվում են մահից մազապուրծ եղած մարդկանց ցուցակները, որոնց միջոցով հարազատները գտնում էին միմյանց:

Կազմված ցուցակների եւ ամերիկյան բարեգործական կազմակերպությունների օգնությամբ Ստամբուլի որբանոցից Հունաստան տեղափոխված հայրս, հորեղբայրս եւ իրենց ավագ քույրը գտնում են իրար եւ ընտանիքի մյուս անդամներին: Այսպիսով, ընտանիքի մի մասը կարողանում է վերամիավորվել:

1922 թվականին պապս` Մարգարը, գիշերով ընկերոջ հետ կարողանում է փախչել Դեր Զորից, բազմաթիվ տառապանքներով ու զրկանքներով, շատ հյուծված վերջապես հասնում է սիրիական բնակավայրեր: Տեղի բնակիչները, որոնք բարեսիրտ մարդիկ են լինում, նրանց ընդունում եւ աջակցում են: Կազդուրվելով եւ փոքր-ինչ հավաքելով ուժերը` պապս հասնում է Երուսաղեմ եւ տեղի հայկական եկեղեցում տեղեկանում իր ընտանիքի գտնվելու վայրի մասին:

Առաջին իսկ հնարավորության ժամանակ նա մեկնում է Սալոնիկ եւ միանում ընտանիքի անդամներին:

Այսպիսով, Մարգարյանների բազմանդամ գերդաստանից փրկվում է միայն Մարգար պապիս ընտանիքը` թողնելով տատիս հիշողության մեջ իր մոր չսպիացող կորուստը:
1923 թվականին տարափոխիկ (կարմրուկ) հիվանդությունից մահանում է ընտանիքի ամենակրտսեր անդամը` երեքամյա Ռոզան:

Հունաստանում Մարգարյանների ընտանիքը հիմնականում զբաղվում էր առեւտրով, տղաները արդեն մեծացել էին եւ զբաղվում էին արհեստագործությամբ: Հորեղբայրս տարվել էր այդ ժամանակ մոդայիկ դարձած ձախ գաղափարներով եւ ընդգրկվել հունական կոմունիստական կուսակցության շարքերում: Ցավոք, համեմատաբար խաղաղ այս ընթացքում ականջի սուր բորբոքման պատճառով 1936 թվականին մահանում է նրանց ավագ քույրը` Սառա (Սիրանուշ) Մարգարյանը: Այնուհետեւ երկարատեւ հիվանդությունից հետո, որը արդյունք էր Դեր Զորի անապատում կրած զրկանքների, 1942 թվականին մահանում է նաեւ պապս` Մարգար Մարգարյանը:

Սկսվում է Երկրորդ աշխարհամարտը:

1941 թվականին գերմանական զորքերը օկուպացնում են Հունաստանը: Պատերազմի եւ համատարած սովի տարիներին հայրս աշխատում էր պահեստում, սակայն կազմակերպած սաբոտաժի համար կարճ ժամանակ անց գերմանացիները նրան ձերբակալում են: Դատավարության ժամանակ նրան գնդակահարությունից փրկում է այն փաստը, որ այդ պահեստում ապրանքները հունական արտադրության էին, ոչ թե գերմանական: Հորս դատապարտում են սկզբում ցմահ ազատազրկման, այնուհետեւ մեղմում են դատավճիռը` տալով տասը տարվա բանտարկություն:

1943 թվականին Հունաստանից նրան տեղափոխում են Ավստրիա` Zuchthaus Stein (Donau) բնակավայրում գտնվող բանտ, այնուհետեւ Մյունխենի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբար:

1945 թվականի մայիսին Մյունխենը ազատագրում են ամերիկյան զորքերը:

Բանտում հայրս աշխատում էր որպես կոշկակար: Բանտից ազատվելուց հետո նրան առաջարկում են մնալ եւ արդեն որպես քաղաքացի աշխատել այդ բնակավայրում, սակայն հայրս մերժում է եւ վերադառնում Հունաստան` արդեն որերորդ անգամ վերամիավորվելու իր ընտանիքին:

1936 թվականին հորեղբայրս` Գեւորգ Մարգարյանը, լինելով հունական կոմունիստական կուսակցության ղեկավար անդամ եւ հակաֆաշիստ, ձերբակալվում է եւ դատապարտվում ութ տարվա ազատազրկման Հունաստանում այդ ժամանակ հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ռեժիմի կողմից: Ազատազրկումը կրում է Հունական Կորֆու կղզու բանտում: Այստեղ նա ենթարկվում է բազմաթիվ կտտանքների, սակայն չի ընկճվում եւ այդ ընթացքում կազմակերպում է մի քանի անհաջող փախուստներ: Այնուամենայնիվ, պատերազմի ավարտից առաջ` 1945 թվականին, նրան հաջողվում է փախչել բանտից:

1946 թվականին Մարգարյան ընտանիքը դարձյալ գաղթում է` այս անգամ դեպի Խորհրդային Հայաստան: Հաստատվում են Երեւան քաղաքում, որտեղ նույնպես իրենց քաղցր կյանք չէր սպասում. անընդհատ զրկանքներ, իսկ ստալինյան տեռորի տարիներին` նույնիսկ Սիբիր աքսորվելու վտանգ:

Երեւանում հայրս եւ հորեղբայրս աշխատում էին տարբեր տեղերում. հայրս հիդրոպոմպերի գործարանում` որպես վարպետ, իսկ հորեղբայրս ուսումնաարտադրական կոմբինատում` որպես կոշիկի մոդելավորող վարպետ: Հորաքույրս դերձակուհի էր: Այդ ընթացքում նրանք տուն են կառուցում եւ հակառակ բոլոր դժվարությունների` կարողանում են ընտանիք կազմել եւ ունենալ երեխաներ:


անգլո-ամերիկյան “կարմիր խաչ” կազմակերպության աշխատակից՝ Սիրանուշ Մարգարյան

Հայրս ամուսնանում է դարձյալ Հունաստանի Սալոնիկ քաղաքից ներգաղթած Գեղանուշ Սիմոնյանի հետ, որի ծնողները Քյոթահիա քաղաքից էին, նույնպես կրել էին բազմաթիվ զրկանքներ եւ կորուստներ, սակայն դա արդեն մեկ այլ պատմություն է:

Նրանք ունենում են երկու զավակ, առաջնեկը` Սիրանուշն է, որը ժամանակին ֆրանսերենի մասնագետ էր, թարգմանչուհի, իսկ որդին` Հովհաննեսը (ես եմ), նկարիչ է, հեղինակ եւ մասնակից բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների:

Հորեղբայրս` Գեւորգը, ունենում է երեք զավակ. առաջնեկը` Նուրիցան, երաժշտության ուսուցչուհի է, այժմ բնակվում է Բուլղարիայում: Միջնեկ դուստրը` Ռոզան, բնակվում է Երեւանում, աշխարհագրության ուսուցչուհի է: Կրտսեր դուստրը` Մարգարիտան, այժմ բնակվում է ԱՄՆ-ում եւ աշխատում է պետական ծառայության ոլորտում որպես տեսուչ:

Երեւանում մենք այսօր էլ ապրում ենք հորս եւ հորեղբորս կառուցած տանը:




 

պատմական ակնարկ
Լոզանում 1922թ. նոյեմբերի 20-ից 1923թ. հուլիսի 24-ը տեղի է ունեցել Մերձավոր Արեւելքի՝ մասնավորապես Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախապատրաստման եւ Սեւ ծովյան նեղուցների կարգավիճակի հարցերով միջազգային կոնֆերանս: Մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումինիան, Հարավսլավիան, Թուրքիան, ինչպես նաեւ՝ դիտորդի կարգավիճակով ԱՄՆ-ն եւ Խորհրդային (ռուս-ուկրաինական-վրացական) միացյալ պատվիրակությունը: Լոզանի կոնֆերանսը ավարտվեց մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնց մեջ ամենակարեւորը, իհարկե, Լոզանի հաշտության պայմանագիրն էր: Այն հաստատեց Թուրքիայի արդի սահմանները: Լոզանի կոնֆերանսում քննարկվեց նաեւ Հայկական հարցը։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը չթույլատրվեց պաշտոնապես մասնակցել կոնֆերանսին, քանի որ նա այլեւս չէր ներկայացնում Հայաստանը, որի արեւելյան հատվածի վրա արդեն հաստատվել էր խորհրդային իշխանություն։ Վերանայվեց 1920 թվականի Սեւրի հաշտության պայմանագիրը, որը նախատեսում էր Հայկական պետության ստեղծում Օսմանյան Թուրքիայի արեւելյան տարածքում եւ Հունական պետություն Անատոլիայի արեւմուտքում: Թուրքական պատվիրակությունը հայտարարեց, որ ինքը հողեր չունի անջատելու մայր հայրենիքից եւ տալու ուրիշներին, բացի այդ Թուրքիան միջազգային իրավունքին համապատասխան պայմանագրեր է կնքել (նկատի ունեն Մոսկվայի եւ Կարսի 1921 թվականի պայմանագրերը) եւ հաստատել է «բարիդրացիական հարաբերություններ» ներկայումս գոյություն ունեցող «անկախ Հայաստանի», այսինքն՝ ՀՍԽՀ-ի հետ, եւ դրան հակառակ կլիներ պատկերացնել որեւէ «այլ (Արեւմտյան) Հայաստանի գոյությունը»։ Մի վերջին անգամ Հայկական հարցը շոշափվեց առաջին հանձնաժաղովի 1923թ. հուլիսի 17-ի նիստում: Այն այսպես կոչված հայկական օջախից վերածվեց «հայ գաղթականության» հարցի, եւ փոխանցվեց Ազգերի լիգային: Այդպիսով մերժվեց բազմահազար տարագիր հայերի վերադարձի իրավունքը հայրենի երկիր։ Լոզանի կոնֆերանսում ճշտվեցին այժմյան Թուրքիայի եւ նրան հարակից երկրների սահմանները, որի արդյունքում մոտ մեկուկես միլիոն մարդ, Օսմանյան կայսրության նախկին հպատակներ` հույներ, հայեր, թուրքեր եւ այլ ժողովուրդներ, դարձան գաղթական:


| Ամատունի Վիրաբյան Հայաստանի Ազգային Արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր 2016 |


A REFUGEE TESTIMONY

 

The project is based on the memories of the author’s father -- Hrant Margaryan . This testimony is full of dramatic events of 1915: the refugee life in Greece, the Nazi Concentration camps, the years of Stalin reprisals in the USSR, and their subsequent impact on today’s events.

Based on the verbal stories and exiting documents, the author attempts to demonstrate the essence of the refugee life, and the place and expectations of the refugees in the contemporary world.

The project particularly focuses on the events of the beginning of the 20th century and the Piece Conference of Lausanne. The Piece Conference of Lausanne was a fatal blow for millions of people in the Middle Eastern countries. Hrant Margaryan’s family was among the refugees who lived in Afion-karaisar during 1919-1922. During the Greco-Turkish war this city became the arena of military operations.


The Piece Conference of Lausanne didn’t solve the most important problem: the issue of the refugees. That issue eventually was sacrificed to the political interests of superpowers and, as a consequence, about 1.5 million Armenian, Greek, and Turkish citizens of Ottoman Empire became refugees.

As it is mentioned in the book “The Piece Conference of Lausanne ” (Beirut 1983, page 206) “…in Turkey the estates were gradually taken over, we lost our citizenship, our civil rights and became stateless”.

Ultimately, this matter was referred to The League of Nations then to its -- the United Nations High Commissioner for Refugees. However, its activities were humanitarian and not political.

G. Agamben writes: ”Despite the ceremonial calls to keep the human rights sacred and inalienable, those organizations are not only unable to solve issues, but can not even begin to provide a reasonable approach to it.” In this project I wanted to highlight what it means to be a refugee, to leave without motherland, civil rights and citizenship, and to regain the desire to re-establish the identity of difference.

In the contemporary world the number of refugees is dramatically increasing and the solution of their problems is becoming more and more difficult.

The precedent of refugees after the First World War is archetypal for the refugees of our times.

 

| 2016 |


Մարգարյան ընտանիքի անդամները: Նստած՝ Հրանտ եւ Սիրանուշ, կանգնած՝ Գեւորգ եւ Մարի

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am