| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ռեւիզոր|
հրապարակված է 22.08.2016 | ֆրենսիս բեքոն
ծնողների ու երեխաների մասին
Երեխաները քաղցրացնում են թափած ջանքերը, բայց ավելի են դառնացնում դժբախտությունները: Նրանք հավելում են կյանքի հոգսերը, բայց մեղմում մահն ի հուշ ածելը:

 

Ֆրենսիս Բեքոնի հոգեզավակներն են բոլոր նրանք, ում սրտին դիպել է եվրոպական արդիությունը թե՛ իբրեւ բերկրանք, թե՛ վիշտ ու վախ: Այդ նա է, որ մարդու պարագայում մեկտեղելով ուժն ու գիտելիքը, միտքն ու ձեռքը, գործն ու մահը, պատճառն ու կանոնը, ժամանակն ու ճշմարտությունը, քաղաքականությունն ու դատողությունը, նվաճումն ու տարերքին պատկանելը, իրերը կրկին տեսել է իրենց մերկությամբ՝ որպես «ոգու իսկական նվաստությամբ» առաջնորդվող անսիրտ ու բարի մի գործնական իմաստուն, ում բառերը, բանաստեղծի խոսքով, «կայծակ են շամփրել»: Բեքոնին հուզել է ժամանակի ծնունդն ու իր այդ մտահոգությանը հետամուտ՝ նա ինքը կարծես երկնել է նոր ժամանակի՝ արդիությա՛ն հարացույցի գործնական ուղենիշը․ գիտելիքն իբրեւ ճանապարհորդական փորձառություն՝ բնությանը ենթակա, օտարությանն ընդառաջ, նվաճումին հետամուտ: Այս է, իրականում, Բեքոնի՝ այդքան չարչրկված «փորձառական մեթոդի» բովանդակությունը, երբ մտածելը բռնել է, գիտելիքը՝ ըմբռնում՝ ծնված ու սնված բնության ծառայի փորձելու գործողությունից:

Բեքոնը աշխատասիրել է «փորձեր»՝ Փորձեր, կամ խորհուրդներ՝ քաղաքական եւ բարոյական: Այս փորձերը նա փորձարկել է տարիներ շարունակ եւ սրանցից մեկն է նրա՝ «Ծնողների ու երեխաների մասին» փորձը, որի հայերեն թարգմանությունը տալիս եմ ստորեւ: Բեքոնի այս «փորձերը» թարգմանելիս՝ գործ ունես բառ-գործերի հետ, որոնք «մեխում» են ճշմարտություններ՝ սուր, բռնի ու նրբամիտ, որոնք սեղմում են ու շոյում, փայլակում ու գետնահարում: Թարգմանությունը նվիրում եմ Աշոտ Գրիգորյանին, ում շնորհիվ վերաբացահայտեցի Բեքոնին: Թարգմանությունն ի կատար է ածվել հետեւյալ  հրատարակությունից.

PS Հատուկ շնորհակալ եմ Մերուժան Հարությունյանին, որ հայերեն այդքան պատկերավոր թարգմանել է Դիլան Թոմասի to fork lightning արտահայտությունը՝ «կայծակ շամփրել», մի արտահայտություն, որը հիանալի արտահայտում է Բեքոնի բառերի ուժը:


                                                                                           Վարդան Ազատյան

 



Ծնողների բերկրանքները գաղտնի են․ այդպիսին են նաեւ նրանց վշտերն ու վախերը: Նրանք չեն կարող ասել առաջինները, իսկ երկրորդները չեն ասի: Երեխաները քաղցրացնում են թափած ջանքերը, բայց ավելի են դառնացնում դժբախտությունները: Նրանք հավելում են կյանքի հոգսերը, բայց մեղմում մահն ի հուշ ածելը: Սերնդով հանապազորդությունը սովորական է գազանների համար, բայց հուշը, հարգն ու ազնիվ բանքը պատշաճ են մարդուն: Եւ հիրավի մարդս կտեսնի, որ ազնվագույն բանքն ու հիմքը սերել են անզավակ մարդկանցից, ովքեր հետամտել են արտահայտել իրենց հոգեպատկերները, երբ պատկերներն իրենց մարմինների ի դերեւ են ելել: Ուստի սերունդների հանդեպ հոգատարությունն առավելագույնն է նրանց մոտ, ովքեր սերունդ չունեն: Նրանք, ովքեր առաջին ամբառնողներն են իրենց տների, առավելագույնս գթառատ են իրենց երեխաների հանդեպ՝ դիտելով նրանց իբրեւ շարունակող ոչ միայն իրենց տեսակի, այլեւ գործի, ուստի՝ իբրեւ թե՛ երեխաներ, թե՛ արարածներ:

Ծնողների՝ իրենց զանազան երեխաների հանդեպ գորովանքի տարբերությունն անհավասար է եւ երբեմն՝ անվայելուչ, մանավանդ մայրերի մոտ․ ինչպես Սողոմոնն է ասել՝ «Իմաստուն որդին բերկրում է հորը, բայց ապաշնորհը՝ նշավակում մորը»: Մարդս կտեսնի, որ այնտեղ, ուր տունը լի է երեխաներով, ավագներից մեկ-երկուսին հարգում են, իսկ ամենից փոքրերին՝ դարձնում երեսառած, սակայն միջնեկները, այնպիսիք, որոնք, այսպես ասած, մոռացված են, այդուհանդերձ, բազմիցս դրեւսորում են իրենց լավագույնս: Երեխաներին հատկագումար տալու մեջ ծնողների ժլատությունը կորստաբեր մոլորություն է․ սա նրանց դարձնում է ստոր, ընտելացնում խաբեությունների, դրդում անարգ ընկերակցության, իսկ հարստանալիս՝ ստիպում շվայտել ավելին: Այդ իսկ պատճառով, լավագույնն այն է, որ մարդիկ երեխաների մոտ պահեն իրենց հեղինակությունը, բայց ոչ քսակը: Մարդիկ հիմար սովորություն ունեն (ինչպես ծնողները, այնպես էլ ուսուցչապետերն ու ծառաները)՝ մանուկ հասակում եղբայրների միջեւ ծնել ու սնել մրցակցություն, որը, երբ սրանք այրանում են, բազմիցս վերաճում է գժտության եւ խռովում ընտանիքներ: Իտալացիները քիչ տարբերություն են դնում երեխաների եւ եղբորորդիների կամ մերձավոր ազգականների միջեւ․ միայն թե լինեն իրենց կտորը, եւ նրանք կհոգան սրանց մասին, թեեւ իրե՛նց մարմնի պտուղը չեն: Եւ, իսկն ասած, այդկերպ է նաեւ բնության մեջ, այնքան, որ տեսնում ենք՝ հորեղբորորդին երբեմն ավելի նման է քեռուն կամ այլ ազգականի, քան իր իսկ ծնողներին․ արյունն անում է իր գործը: Թող ծնողները վաղորդայն ընտրեն կոչումներն ու ճամփեքը, որ կարծում են պարտադիր են իրենց երեխաների համար, քանզի այդժամ նրանք առավելագույնս ճկուն են, եւ թող չափազանց անձնատուր չլինեն իրենց երեխաների հակումին՝ խորհելով, թե սրանք լավագույնս կշահեն նրանից, ինչին միտված են առավելագույնս: Ճշմարիտ է՝ եթե երեխաների ախորժանքն ու ձգտումը արտառոց է, ապա լավ է չհատել դրանք, բայց ընդհանուր առմամբ լավ է խրատը՝ optimum elige, suave et facile illud faciet consuetudo[1]: Փոքր եղբայրները սովորաբար բախտավոր են, բայց հազվադեպ, կամ երբեք այդպիսին չեն, եթե ավագները ժառանգազուրկ են:

________________________
[1] Ընտրիր լավագույնը, իսկ սովորությունը կդարձնի այն դուրեկան ու դյուրին:


 

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am