| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 02.08.2016 | ելենա այդինյան
ավանգարդից ավանգարդ
խորհրդային պատմության փուլերի համադրումը, միմյանց միջոցով դրանց ցուցադրումը կարեւոր են ոչ միայն ինքնին, այլ նաեւ որպես այսօրվա Հայաստանի մշակութային կյանքում մի իրադարձություն


Խորհրդային քսանականները ուտոպիայի կառուցման շրջան էին: Այդ ուտոպիան միանգամայն իրականանալի էր թվում: Ռուսական ավանգարդը նոր աշխարհ կառուցելու ճանապարհներից մեկն էր: Խորհրդային պատմության հաջորդ փուլերը վկայում էին քսանականների ենթադրած ուտոպիայի իրականացման ձախողման մասին: Դրանք մեկը մյուսի հետեւից հեռվացնում եւ գունատում էին դրա ուրվագիծը:



Կարեն Օհանյանի կոլաժներն առաջին հայացքից հիշեցնում են ռուսական կոնստրուկտիվիզմի գործեր՝ սեւի, սպիտակի, մոխրագույնի եւ կարմիրի համադրության, սեւ եւ սպիտակ լուսանկարների օգտագործման եւ հստակ երկրաչափական ձեւերի շնորհիվ: Ավելի ուշադիր դիտելիս՝ հասկանում ես, որ ժամանակի միջով մեծ ճանապարհորդության վկա ես: Արվեստագետը որպես կոլաժների նյութ օգտագործել է 1950-ական թթ.-ից ի վեր տպագրված խորհրդային ռուսալեզու ամսագրերից հատվածներ: «Կտրտելով» ուտոպիայի ձախողման ժամանակաշրջանի արտադրանքը՝ արվեստագետն այն վերադասավորում է այնպես, որ այն նորից վերակենդանանում է որպես ավանգարդ: Այն, ինչ ստացվում է վերադասավորումից, սակայն, քսանականների ավանգարդի վերածնունդը կամ շարունակությունը չէ: Այն պատկանում է իր ժամանակին եւ իր ստեղածման համատեքստին: Նախ եւ առաջ՝ այս արվեստը զրկված է այն բացահայտ քաղաքական ֆունկցիայից, որն ուներ դրա «նախատիպը»: Այն նոր աշխարհ կառուցել չի հավակնում, այլ փորձում է գլուխ հանել այն աշխարհից, որում գտնվում է: Դրա քաղաքական դիմադրությունը մշակութային շրջանակներում է մնում:

Այս կոլաժները մշակութային անհամադրելի նշանների համադրություն են: Մի կողմից՝ կոնստրուկտիվիզմին հղող ձեւն է, մյուս կողմից՝ հետստալինյան խորհրդային պատմությանը հղող պատկերները: Այսպես, օրինակ, «Գնդակահարություն» գրությամբ կոլաժը, 1920-ականներին հղելով հանդերձ, ներկայացնում է ստալինյան բռնաճնշումների թեման: Բացի այդ՝ այս կոլաժը հզոր հուզական ազդեցություն է թողնում, ինչը հատուկ չէ կոնստրուկտիվիզմին՝ ըստ սահմանման:

«Բռնապետի մահից հետո» գրությամբ կոլաժը ստիպում է կասկածել՝ արդյո՞ք այդ մահը իրոք տեղի է ունեցել, երբ բռնապետը իր նենգ ժպիտով դուրս է սպրդում կարմիր դաշտի միջից եւ ողջույնի ժեստով հավաստիացնում է, որ մեզ հետ է: Հետաքրքիր է այն, որ Ստալինի լուսանկարի շուրջ կարմիր գիծ է գծված: Դա պարզապես ամսագրի ձեւավորման մաս է, որը կոնստրուկտիվիզմի չի հղում, բայց հատվածաբար վերցված՝ դառնում է կոնստրուկտիվիստական էսթետիկայի տարր:

Այնուամենայնիվ՝ «Արձանը» մակագրությամբ կոլաժում մի այլ բռնապետ արդեն վերածված է զուտ պատկերի: Գրեթե սիմետրիկ կոմպոզիցիայի ներսում կերպարը դարձել է դեկորատիվ տարր, քանի որ զրկվել է ուժի ամենակարեւոր գործիքից՝ հայացքից: Լուսանկարը կորցրել է իրականությանը հղելու իր հատկությունը եւ մատնել իր փաստաթուղթ լինելը:

Մի այլ կոլաժում էլ Լավրենտի Բերիային հիշեցնող կերպարը «զոհ» է գնում աբստրակտ տարրերին եւ աբստրակտ տարր դարձած տեքստին եւ ինքն էլ աբստրակտ տարր դառնում:

Սպորտին վերաբերող կոլաժներն առավել մոտ են կոնստրուկտիվիզմի գործերին: Որոշ դեպքերում կարելի էր նույնիսկ շփոթել դրանք ռուս կոնստրուկտիվիստների գործերի հետ: Այնումաենայնիվ՝ պատկերը կրկին մատնում է ժամանակագրական անհամապատասխանությունը: Մարզիկների պատկերները տիպիկ են Լճացման շրջանի ամսագրերի համար եւ միանգամայն հենց այդ ժամանակաշրջանի հետ զուգորդումներ են առաջացնում:

Առավել եւս նման զուգորդումներ է առաջացնում “НЛО” գրությամբ կոլաժը: Թռչող ափսեների, կանաչ մարդուկների տեսքով այլմոլորակայինների եւ նման այլ երեւույթների հանդեպ հետաքրքրությունն ու ուշադրությունը հնարավոր էր միայն Լճացման շրջանում, բայց ոչ մի դեպքում ոչ խորհրդային վաղ շրջանում, երբ թե՛ գիտնականները, թե՛ արվեստագետները ձեռնամուխ էին լինում Երկրի վրա նոր իարակնության կառուցմանը: Զուգահեռ իրականություններ փնտրելու անհրաժեշտությունն այդ կառուցման ձախողման արդյունք է:



«Պայթուցիկ նյութը ռելսերի վրա» գրությամբ կոլաժը յուրահատուկ օրինակ է կոնստրուկտիվիստական աբստրակտ տարրերի եւ տեքստի սեմանտիկ նշանակության միջեւ զուգահեռի. կոմպոզիցիայի ուղղահայաց առանցքը կազմող մոխրագույն գծերը քանդվող ռելսեր են հիշեցնում:

«7-րդ օրը, պարապմունք յոթերորդ, կիրակի» կոլաժը հակասական զուգահեռ է անցկացնում խորհրդային իրականության եւ աստվածաշնչյան հղումների միջեւ: Մի կողմից՝ «Յոթերորդ օրը» արտահայտությունը հղում է Աշխարհի արարմանը, մյուս կողմից՝ «Պարապմունք յոթերորդ»-ը հղում է առօրեական պլանային աշխատանքի: Մի կողմից՝ պատկերն, ամենայն հավանականությամբ, առողջական կամ սպորտային որեւէ գործողություն է ներկայացնում, մյուս կողմից՝ ֆիգուրը նման է չարչարանքի կամ մահվան դատապարտված եւ այդ դատապարտումն անտրտունջ ընդունող հերոսի: Անպաշտպանության եւ կատարյալ «բացության» այդ տպավորությունը ստացվել է պառկած ֆիգուրը ուղղահայաց շրջելու շնորհիվ:



Տասնհինգ կոլաժներից միայն մեկն է ձգտում ձեւերի եւ տեքստի միանգամայն աբստրակտ պատկեր լինելուն: «Ձեւ» բառն այստեղ երկրաչափական պատկերների հետ միասին աբստրակտ կոմպոզիցիա է կազմում՝ նեքեւից վերեւ եւ ձախից աջ ուղղված շարժմամբ:



Խորհրդային պատմության փուլերի համադրումը, միմյանց միջոցով դրանց ցուցադրումը, սակայն, կարեւոր են ոչ միայն ինքնին, այլ նաեւ որպես այսօրվա Հայաստանի մշակութային կյանքում մի իրադարձություն: Սա մեր անցյալը՝ որպես խորհրդային անցյալ գիտակցելու մի փորձ է: Մենք արգասիք ենք գործընթացների մի բարդ փնջի, որն այսօր հենց այդպես՝ փնջով էլ հետեւողականորեն ջնջվում է մեր պատմական հիշողությունից:



Արվեստագետը կարեւորագույն մի քայլ է կատարում. առանց որեւէ պաթոսի, գնահատականների եւ հունական երգչախմբի՝ նա ստեղծում է մի մշակութային տարածք, որում մեր հասարակությունը կարող է վերապրել իր իսկ մշակութային պատմության այն ասպեկտը, որն առօրյայում ամենից հաճախ չի գիտակցում:



Ավանգարդիստ լինելն արվեստագետի համար կարեւոր է, դա է մշակութային տարածքում իր դիրքը: Նա խաղում է մշակութային նշանների հետ՝ համադրելով անհամադրելին: Այս ժեստի մեջ հեգնանք է առկա: Այնուամենայնիվ՝ Օհանյանի գործերը չեն դառնում Կոմառի եւ Մելամիդի ճակատային եւ կոպիտ համադրումները: Դրանք նուրբ եւ սրամիտ դիտարկումներ են մեր ընդհանուր «մանկության» մասին:

 

 

 


 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am