| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
հրապարակված է 10.07.2016 | վարդան հայկազյան
պարադոքսալ աքաղաղը (մի ճամփորդության պատմություն)
Վազոյի հետ լուրջ սկսեցինք մտածել, թե ոնց պիտուխին, ինչպես Վազոն էր ասում` կատարվածի ողբերգական բաղադրիչը հնարավորինս մեղմելու, նվազեցնելու մտայնությամբ, դարձի բերենք...


                                                                                   Աննայի հիշատակին

Կանչեցին-կանչեցին` չգնացի, մինչեւ որ մի մղձավանջային շաբաթվա ընթացում հետս պատահածից սկսեցի ինքս ինձ խղճալ, որին վերջ տալ գուցեեւ դժվար կլիներ, բայց գոնե ընդհատել պետք էր:

Վերոնիկ Շիլցը, նույն ինքը Վերոն, որին գիտեի Մոսկվայից դեռ խռուշչեւյան ձնհալի տարիներից, պայմանականությունների նկատմամբ գեղեցկորեն անտարբեր էլզասախառը ֆրանսուհի էր, որ անցած տասնամյակների ընթացքում հասցրել էր էլ ավելի ընդարձակել իր հայրենիքում եւ նրանից դուրս գործող մի մարդասիրական-լուսավորչական-բարեգործական ցանց, որում ես դեռ ինչ որ տեղ զբաղեցնում էի, թաղել մի պատմական դեմք` նոբելյան դափնեկիր, եւ դառնալ իր երկրի 50 անմահներից մեկը` որպես աշխարհով մեկ ճանաչված արեւելագետ:

Այս ծանրակշիռ հանգամանքները չթողեցին, որ տարակուսեմ, թե ինչու ճակատագիրը օդանավակայանում (առիթից օգտվելով արգելում եմ որեւէ մեկին այսուհետ օգտագործել “օդակայան” բառը, քանի որ օդը կայանում է ամենուր, իսկ այստեղ` նաեւ օդանավերը, որոնք, ի դեպ, այլ տեղերում չեն կայանում) որպես առաջին հարազատ դեմք ներկայացրեց ոչ թե նրան, այլ Վազոյին, որն այնուամենայնիվ այդ ժամանակային պարագայում այդպիսին լինելու կայացման ընթացքում էր:



Վազոն` ազնվական Փահլավունիներից սերած, տարիներ առաջ այս կողմերում էր հայտնվել` գալով Գյումրիից, եւ քանի որ դա արել էր արժանապատվորեն, ոչ մոռացել էր, ոչ էլ ուրացել իր հայրենիքը, երկիրը նրան ընդունել էր իր բոլոր տարածքներում, իր թեթեւ տրամադրությամբ եւ արվեստի անծայրածիր շտեմարաններով: Տեղացիները նրա հետ հարաբերվում էին ոչ թե որպես ինչ որ անդեմ օտարականի, այլ որպես դիցուկ հայորդու, ինչի ականատեսը բազմիցս եղա հետագա օրերին, երբ Վազոն առավոտնից երեկո շտապում էր ապրել, բայց պահպանելով մի կարեւոր պայման` արվեստի մեջ մինչեւ կոկորդ թաթախված լինելը: Ընդ որում ոչ թե միայն հեռվից հիանում էր, այլ ձեռքերով ու ոտքերով չրմփացնում գեղեցիկի նյութերից առաջացած ծովերի մակերեսներին, լցնում այդ նյութերը գլխին ու քսում երեսին: Երբեմն էլ ընդամենը լուսանկարում էր: Բայց ինչպե~ս…

...Մինչ այդ եկավ ավտոբուսը, որը մի ակնթարթում հասցնելով մեզ կենտրոն, թույլ տվեց անդրադառնալ այդ ընթացքում Փարիզի ճարտարապետությանը` զարգացման հիմնական փուլերով եւ դերակատարներով, միջազգային տագնապալի եւ մեր հանրապետության թշվառ իրավիճակներին, մեր հետագա ուղեւորությունների մանրամասներին, իմ գործնական հանդիպումների ժամանակացույցին, իր` մոտ եւ հեռավոր ապագայի ծավալուն ծրագրերին: Շուտով հայտվեցինք մի կոկիկ ծաղկազարդ բակում գտնվվող Ջուդիի հյուրընկալ տանը, որն առաջարկեց պաշտոնապես հաստատել այն որպես օպերատիվ շտաբ` քաղաքում մեր հետագա դեգերումների ժամանակ օգտագործելու համար. ի դեպ այն ճիշտ Օպերայի դեմ-դիմաց էր գտնվում: Իննսունամյա համակրելի կենսասեր Ջուդին, որ ակտիվ կապ էր պահպանում իր աշխարհով մեկ ցրված բազմաթիվ ծննդաբերաց եւ որդեգրած զավակների հետ, կրում էր նաեւ Վազոյի զոքանչ լինելու պատվավոր եւ թեթեւ բեռը:

Օպերատիվ առաջին իսկ խորհրդակցության ժամանակ սպարապետ Վազոն, ձեռքը տանելով դեպի քարտեզ եւ մատն իջեցնելով Վերսալի հարեւանությամբ` արձանագրեց. սա է լինելու մեր իրական փարիզյան հանգրվանը մինչ դեպ հարավ ուղեւորվելը, քանի որ մարդս Փարիզում պետք է գործի, իսկ գլուխը դնի բարձին եւ առավոտներն արթնանա Իլ-Դը-Ֆրանսում: Առաջ անցնելով ասեմ, որ սպարապետի որոշումն ինչպես միշտ, անգամ եթե սկզզբում թվում էր, որ հեռու է օպտիմալ լինելուց, իրականում հանճարեղության աստիճան պարզ էր լինում, իսկ վերջում նաեւ դուրս էր գալիս, որ գործնականում միակն է: Այս դեպքում էլ այդպես ստացվեց. ինչպես պարզվեց հետագա օրերին, Ջուդիի չափազանց հոգատա-րությունը հեշտությամբ կարող էր հյուծել թե իրեն, թե մեզ, իսկ երկրորդ տարբերակը` նույնպես քաղաքի կենտրոնում գտնվող Վերոյի երբեմնի ընդարձակ բնակարանր, այն աստիճան էր ծանրաբեռնված` թեկուզ ժամանակավորապես, մի մեծ գրողի եւ մի մեծ գիտնականի արխիվներով, որ քո սենյակից որեւէ կարիքի համար գնում էիր գրքերից եւ փաստաթղթերի կիկլոպյան տրցակներից կառուցված թունելներով` բացատրական սլաքների ուղեկցությամբ, իսկ բնակարանի մյուս ծայրում գտնվողին որեւէ բան ասելու համար ավելի հեշտ էր զանգահարել նրան բջիջայինով: Եվ ամենակարեւորը. եթե չլիներ Մեծն Սպարապետի այդ պատմական որոշումը, ճակատագրի համար շատ դժվար կարող էր լինել Պոլ-Վազգենի եւ նրա անզուգական ընտանիքի հետ ծանոթանալու եւս մի առիթ կազմակերպելը:

Այս կարեւոր որոշումն ընդունելուց հետո մտանք վաղ աշնան դեռ երկար երեկոն, ուր իմ հմուտ վերգիլիոսը պետք է սկսեր իմ ծանոթացումը աշխարհի մշակույթային մայրաքաղաքի հետ` իր վերջերս պեղած հայտնագործությամբ` մի կացարանի հետ, ուր տարիներ ապրել եւ ստեղծագործել էր Վիլյամ Սարոյանը: (Ի դեպ, վերջերս էի կարդացել, որ բավականին տեւած իր փարիզյան շրջանը գրողն անցկացրել էր երեխաների հետ, որ հազվադեպ է պատահում բոհեմի ներկայացուցիչների հետ, ինչն անասելի ջերմացրել էր սիրտս:)

Աշխարհի մեծ քաղաքները հետաքրքիր է համեմատել նրանց եւ նրանցում բնակվող մարդկանց հետ ունեցած հարաբերությունների առումով: Միացյալ Նահանգների քաղաքացիները, թերեւսը բացառությամբ Նյու-Յորքի եւ Սան-Ֆրանցիսկոյի, կարող էին ապրել ցանկացած քաղաքում. նրանք, կարծես, մոնոֆունկցիոնալ են` դուրս են եկել իրենց գործերով, ու հենց որ ավարտեն, տուն են գնալու: Լոնդոնցին արդեն հենց էնպես չի անցնում իր փողոցներով, այլ վաելելով: Ֆրանսայի քաղաքացին` ի տարբերություն այլոց, դուրս է գալիս փողոց, որ հենց այնտեղ էլ ապրի, ուտի, հանդիպի, ուրախանա ու էլի չգիտես ինչ անի, որի առայժմ անորոշ լինելը, բայց միեւնույն ժամանակ պարտադիր կայացումը, կարծես գրված է իր ինչ որ` բայց պարտադիր շահագրգռվածություն արտահայտող դեմքին: Քաղաքները, որտեղ մենք ապրում ենք, հիմնականու բարեբախտաբար միանգամայն անտարբեր են քաղաքականության, գաղափարախոսության եւ նման` հավերժության տեսակետից թեթեւամիտ բաների նկատմամբ. նրանց մի քիչ հետաքրքրում են բնակիչների միմյանց հետ զարգացող հարաբերությունները, ավելի շատ հաջողությունները, եւ իհարկե ուրախությունն ու սերը: Եվ որքան շատ են մարդիք պահպանել քաղաքներում`որպես միջավայր, բնության ներկայությունը, այդքան լիարժեք են, եւ այդքանով էլ հնարավորություն ունեն պահպանելու այդ լիարժեքության շարունակականությունը:

…Արտագաղթն ունի երկու դեմք. մեկը մարդկային` եւ էմիգրացիա միջազգային անունն է կրում, մյուսը` անմարդկային, այսինքն թյուրքական, այսինքն` փախեփախ ու կոտորած: Անդրեասյանների ընտանիքը գլխավորում էր իրավաբան, իմա` կրթություն ստացած, որն օգտագործվում է եւ ոչ միայն վաստակ հայթաթելու համար, այլեւ որոշումներ կայացնելու, որտեղ ինտելեկտին միշտ կարեւոր դերակատարություն է թողնված: Հորս հայրը` Պետրոսը, գյուղացի էր, հարուստ գյուղացի, պատվավոր մարդ, որը Վանի պաշտպանության ժամանակ մթերք է տարել կռվողներին, դեռ տասնամյա Ցոլակ հորս էլ հետն է վերցրել: Բայց դժբախտաբար արտագաղթի երկրորդ ձեւին է ենթարկվել, որովհետեւ կայսրությանը այդքան կիրթ մարդ պետք չի եղել, ինչպես այժմ կուսակցականախեղտ արած երկրներում, որի հետեւանքով խեղճ մարդը ոչ թե որոշում է կայացրել, այլ ընդամենը ապավինել բնազդին: Դրա արդյունքում Անդրիասյան-պապն իր որդուն կարողացել է բժշկական որակյալ կրթություն տալ` ինչը Բերնարին դարձրեց երկրով մեկ հայտնի սրտաբան, իսկ նրա որդուն` Պոլ-Վազգենին, Փարիզի արվարձաններից մեկում, իր տան դեմ-դիմած, մի կտոր հող տալ ու օգնել նրան այդտեղ տուն կառուցել: Որի կողքով շատ-շատերը գուցե անցնեն անտարբեր, բայց ես ընդմիշտ հիշեցի այն, որովհետեւ տեսա եւ ճանաչեցի նաեւ նրա բնակիչներին, որոնց անվանեցի Նոր Հայեր, իսկ իրենց տունը` Տուն:

Իսկ Պետրոսի կամքն, ավաղ, հատնեց, եւ այդ պատկառելի, հորս պատմածով, գեղեցիկ տղամարդը, գաղթի երկար, անմխիթար ճանապարհին հիվանդացավ ու մեռավ` հազիվ ոտքը հայրենիքի սուրբ հողին դրած` Սուրբ Էջմիածնի պատերի տակ: Եվ ես այդպես էլ նրան չտեսա: Բայց Պետրոսի կորցրած կամքը գտավ Ցոլակը, ինչպես հազարավոր որբեր, ինրչպես եւ մայրս` Եվգինեն, որ չորս տարեկանում էր անցել գաղթի ճանփան: Նրանք Ալեքսանդրապոլ-Լենինականի տարբեր որբանոցներից իրար տեսան ու ուժը գտան իրենց մեջ կյանքի շարունակման սեփական սցենարը գրելու: Տարիքս առնելով ավելի եմ զարմանում ու հիանում արհավիրքներից պրծած մարդկանց կյանքը վերսկսելու զարմանալի ունակությամբ, բայց եւ գիտեմ, որ դրա համար պետք է կամ հզոր կենսունակություն, երբեմն էլ անմարդկային կամք ունենաալ, կամ… լինել երիտասարդ տարիքի, կենսական ուժով լեցուն: Եվ մեր ազգի հույսը` այս երկու գենատիպերի պահպանումն է:

…Հիդրոինժեներ Պոլ-Վազգեն Անդրիասյանի Տունը գտնվում էր կանաչապատ եւ խնամված Վիրոֆլեի երկու հատվող փողոցների միջեւ, մի փոքր թեքության վրա, որը սակայն բավարար էր, որ մի փողոցից, մտնելով առաջին հարկ, ուր գտնվում էին “հանրային ծառայությունները”` խոհանոց-ճաշարանը, ընդարցակ հյուրասենյակն իր բոլոր հարմարություններով եւ պարտեզի վրա կախված չքնաղ պատշգամբով, իջնում էիր նկուղային հարկաբաժին, նույնպես իր բոլոր հարմարություններով, որ Վազոին ու ինձ էին տրամադրված, ու հայտնվում էիր մյուս փողոցի վրա դուրս եկող պարտեզում, որտեղից արդեն ոչ մի տեղ չէիր ուզում գնալ. կողքի տներն ու հարեւան փողոցը օտարության նշույլ անգամ չեին կրում, այգին համեստ էր, չափավոր խնամված, բայց նախ այնտեղ ոչ մի ավելորդ բան չկար, եւ հետո այդ խնամվացությունը հաղորդված էր պարտեզին ոչ թե դաժան ինքնախոշտանգումների միջոցով, որը հատուկ է հողի լեզուն չհասկացող մարդկանց, որոնք սակայն ուզում են հողին, այլոց եւ իրենք իրենց մաքսիմալիստ թվալ, այլ չափածձեւած սիրով ու հարգանքով եւ` ուշադրությամբ: Ճիշտ այն ուշադրությամբ, որի մեր բաժինը հաջորդ մի քանի օրերին զգացի եւ որերրորդ անգամ հասկացա, որ չափն այն աստիճան հզոր է, որ կարող է անգամ երջանկության կայուն զգացում առաջացնել:

Օրեր անց, երբ Վերին ու Ներքին Պրովանսներով, Վոկլյուզով, Ավինյոնով ու պատմությունից-գրականությունից ծանոթ այլ հիշարժան վայրերով հասանք Լաջվարդափին` Տուլոնի ու Սեն Տրոպեի արանքում ծվարած, իր բուռն կյանքում շատ բան տեսած Լե Լավանդու կոչվող ազնվականների որճը, որտեղ մեզ սպասում էր իր սեփական Կադուր անունը կրող առանձնատանը Մարիա-Թերեզը, ինձ նորից համակեց կացարանի ոգին զգալու ունակությունը. ես հստակ տեսա Կադուրը պատող անառակության քողը, բայց դրա տակ նաեւ` երկու միմյանց հետ քնքշորեն կապված հավատարիմ էակների անբաժան ճակատագիրը…

Բայց այդ մասին հետո: Երբ Վազոյի հետ Տան մեջ վերջնականապես արթնանում էինք, մինչեւ ես ինչ-որ բաներ էի խզբզում իմ սենյակում, իսկ չգիտես որտեղ պաղ առած Վազոն ինքն իրեն կարգի էր հրավիրում` իր բնում, Պոլն ու Անահիտն արդեն աշխատանքի էին մեկնած լինում, իսկ խոհանոցի սեղանին մեզ համբերատար սպասում էր համեստ, բայց չափազանց համեղ նախաճաշը, պարտադիր նոր թխված բուրումնավետ հացով, որը ճաշակելիս մեզ երբեմն միանում էր` վերեվի ննջարաններից գլորվելով` երեխաներից որեւէ մեկը: Փարիզում մեր գործերն ավարտելուց հետո նորից վերադառնում էինք Տուն, վայելում երեկոյան սեղանի շուրջ հավագված Ընտանիքի հմայքը` ճաշակով մատուցված բարիքներով: Եվ այդպես մի քանի անմոռանալի օրեր, մինչեւ դեպի հարավ` գյուղեր մեկնելը:

Ինչու “գյուղեր”, որովհետեւ Վերոն կենում էր մի գյուղում, Վազոն մյուսում, իսկ միասին մենք լինում էինք նաեւ Շատիյոնում եւ Դիում` գյուղական հիասքանչ շուկաներում առեւտուր անելու, դասական ու ժողովրդական երաժշտության համերգներ հաճախելու եւ պարզապես ֆրանսիական գյուղի հմայքը զգալու. ամեն գյուղ կենտրոնում ունի իր աղբյուրը կամ շատրվանը, կոկիկ ծաղկազարդ հրապարակն իր կաֆեյով կամ ռեստորանով (իսկ շատ անգամ թե մեկով, թե մյուսով ), ուր բոլորովին այլ կերպ, քան մենք ենք անում, ֆիզիկապես տեսանելի կերպով վայելում են իրենց վայելքը պարզ գյուղացի մարդիք: Այլ շատ գյուղերում էլ եղանք, որովհետեւ ֆրանսացին, ինչպես եւ հայերս, եթե այսինչի տունը այնինչն է հյուր գալիս, իսկ մտերիմ աբորիգենները հարգում են այսինչին, ուրեմն հարգում են նաեւ այնինչին եւ բոլորին միասին մի լավ հյուրասիրության են կանչում: Ասեմ, որ Վերոյին ու Վազոյին այդ կողմերում հարգողներ շատ կային:

Ֆրանսական շուկաների մասին, իհարկե, պետք է առանձին խոսք ասել, եւ ոչ միայն Ֆրանսական: Առանց դույզն ինչ կարմրելու պետք է խոստովանեմ, որ հատուկ վերաբերմունք ունեմ դրանց նկատմամբ, ինչպես երեւի շատերը, քանի որ դրանք էլ գերեզմանատների նման շատ բան գիտեն ու շատ բան են ասում: Տարբեր առիթներով հիշում եմ Կիեւի հենց Կրեշչատիկում գտնվող ծածկած շուկան` գիրուծքների աներեւակաելի բազմազանությամբ, Լենինգրադի Վասիլեօստրովսկի շուկան, ուր առաջին անգամ րեժանով մորի փորձեցի, Տալլինի Իյսմյաէյի շուկան` խոշոր գույնսգույն պոմիդորներով, Տաշքենդում շատ կարեւոր մասնագիտական հանդիպումների ու քննարկումների հետ չի մոռացվում ճոխագույն հսկայական Ալայսկի կոչվող շուկան, ուր հարստությունն արտահայտված է ոչ միայն բարիքների անեւրեւակաելի առատությամբ, այլեւ բարիացակամությամբ եւ մի տեսակ ժողովրդավարական ընդհանուր տրամադրությամբ: Փարիզում կան երկու ընդգծված տոնական շուկաներ, կենտրոնում` Լուի Դագերի եւ Մուֆթար փողոցների վրա, ուր առեւտուր անելը պարզապես հաճույք է պատճառում: Բայց գյուղական շուկաներ Ֆրանսայում մինչ այդ տեսած չկայի. այստեղ ամեն ինչ, ինչպես եւ պետք է լինի, ավելի տնական է, փարիզյան շուկաների շքերթային խառնվածքն ու շտապողականության ընդհանուր տրամադրությունն այստեղ զիջում է անշտապ զրույցներին, որտեղ պարզաբանվում են տեխնոլոգիական մանրամասներ եւ հանգամանալից` իհարկե չափի սահմաննեերում, համտեսներին: Տպավորիչ է երշիկների, պանիրների, հացաբուլկեղենի, գինիների, տապենադի տեսականին, որ ձիթապտղից, անչոուսներից եւ այլ բաղադրիչներից պատրաստված մածուկներ են, առանց որի ֆրանսացին սեղան չի նստի: Հատուկ վերաբերմունքի է արժանանում ազգային ձիթապտուղներից Նյոնսից բերածը, որ այստեղից մի 100-150 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Գները հիմնականում տպավորիչ են, բայց նախ որակին համապատասխանում են, եւ հետո մխիթարվում ես այն հանգամանքով, որ հակառակ դեպքում անընդմեջ պետք է այդ բոլորը ներս անեիր, ինչն անում են ֆրանսացիները, որոնք ի տարբերություն մեզ մխիթարվում են բարձր աշխատավարձով:

Վերոն ամառներն անց էր կացնում` հանգստանալով ու աշխատություններ գրելով, “Ջրաղաց” կոչվող ագարակում, որ ժառանգել էր ծնողներից եւ որը գտնվում էր Պոյոլ գյուղակից ոչ հեռու, եւ աշխահից կտրվածի առողջ տպավորություն էր թողնում: Իսկ Վազոն` Ռեկուբոյում, որ ոտքով մի ժամվա հեռավորության վրա էր եւ անցուդարձերին ավելի մոտ: Վազոյի գյուղն ավելի մեծոտ էր, ժամանակին այդտեղ մենաստան է եղել, որն անցած դարում դադարել էր կատարել իր ստանձնած դերը: Այդժամ Վովոն իր կնոջ` Աննիկի հետ գնել էին այն, առաջին հարկում տեղավորվել իրենք, վերջին` չորրորդ հարկը տվել իրենց որդուն, դրանով իսկ վերջնականապես հաստատելով սեփականության փոփոխման գործընթացը, իսկ երրորդ հարկը ծիծաղելի գնով հանձնել անժամկետ վարձակալությամբ Վազոյին, որն իրենց դուր էր եկել եւ որն այդ ժամանակներում դեգերում էր մոտակայքերում իր արդեն կյանքի ընկեր դարձած Դոմինիկի հետ, որին Ռեկուբո բերող ճանապարհն էլ սկիզբ էր առել հեռավոր ավստրալիաներում:

Մենաստանի երկրորդ հարկը տանտերերն ամառները հանձնում էին զբոսաշրջիկներին` նույնպես սիմվոլիկ գներով. փողի նկատմամբ անտարբեր մարդիք մեր կյանքում հազվադեպ են պատահում եւ համոզված եմ, որ բոլորի ուշադրության առարկա են հանդիսանում: Դա լավ է, որովհետեւ արդեն մեծ թվով մարկանց կարող եմ հարցս ուղղել. արդյոք տեսել էք, որ դրանց մեջ քեթ մի սրիկա ձեզ հանդիպած լինի: Միշտ հաճելի է սպասել պատասխանի, երբ այն գիտես:

Ես բնակվեցի մենաստանի երկրորդ հարկում, որի բազմաթիվ սենյակներից մեկում էլ բնակվում էր երկրորդ եւ վերջին կենվորը, քանի որ սեպտեմբերի կեսերին էինք արդեն հասնում: Ֆիլիպը տարօրինակություններով, բայց զուսպ եւ կիրթ նիհարիկ տղամարդ էր` քառասունին մոտ, որը մերթ կիթառ էր նվագում, մերթ յոգական վարժություններ անում: Նրա հետ հիմնականում հանդիպում էինք խոհանոցում, որ հարում էր ավելի քան ընդարձակ ընդհանուր հյուրասենյակին եւ որտեղ մենք փոփոխական հաջողությամբ մեր լափթոփերով փորձում էինք որսալ անընդհատ անհետացող վայ-ֆայ կապը: Երբեմն էլ Ֆիլիպը մի քանի որով կորչում էր` խաղողի բերքահավաքին մի քանի եւրո վաստակելու, ինչի համար եւ ժամանել էր Նիդերլանդներից:



…Երեւի առաջին իսկ գիշերն էր, երբ լույսը դեռ չբացված լսեցի աքաղաղի կանչ հիշեցնող մի խզխզոց, որը մի քանի անգամ կրկնվեց: Երբ ցերեկը, մեր զբոսանքներից մեկի ժամանակ հարցրեցի Վազոյին, թե ինչ կարող էր դա լինել, նա հուսահատ ձեռքը թափ տվեց ու միանգամից տխրեց: Ու պատմեց, թե ինչպես օրեր շարունակ մի շատ մուգ կզաքիս, որին գյուղում էլի տեսնող է եղել, մտել է հավաբուն ու ամեն անգամ մի քանի հավ ջարդել` աքաղաղի աչքի առաջ: Վազոյի տրամադրության շոշափելի անկումը գումարվում էր հավերի նկատմամբ ունեցած խղճահարությունից եւ Աննիկի ու Վովոի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից, քանի որ վերջիններս, մի շափաթով ինչ որ տեղ մեկնելուց առաջ, խնդրել էին աչքը տնտեսության վրա պահել: Ու չնայած վերադառնալուց հետո շատ ի միջի այլոց էին վերաբերվել տեղի ունեցած կորստին ու մի բոլ մխիթարել Վազոին, Վազոն չեր մխիթարվում: Ինձ եւս տագնապ տիրեց, բայց դրա արմատներն այլ էին. ես միանգամից հիշեցի, որ աքաղաղը Ֆրանսայի սիմվոլն է, եւ որ դեռ նախորդ տարեմուտի ավարտին կանխազգացել էի եկող տարվա դանդաղ ծավալվող ահարկու շունչը թե անձիս, թե երկրի, թե մոլորակիս համար: (Նորից առաջ անցնելով ասեմ, որ հազիվ Երեւան հասնելուս պես ստիպված եղա ընկերներիս ցավակցական երկտող հղել` հանրահայտ խմբագրության նկատմամբ ահաբեկչական ահավոր ակցիայի կապակցությամբ:)

Վազոյի հետ լուրջ սկսեցինք մտածել, թե ոնց պիտուխին, ինչպես Վազոն էր ասում` կատարվածի ողբերգական բաղադրիչը հնարավորինս մեղմելու, նվազեցնելու մտայնությամբ, դարձի բերենք: Եվ հասկացա, որ Վազոն գտել է, երբ միջանցքում մի քանի օր անց անպատեհ ժամին լսեցի նրա ոտնաձայները. սովորաբար նա գալիս էր վերեւ կանչելու` մի կտոր հաց ուտելու կամ մի բաժակ բան կըլըթացնելու համար: Բայց նախ դրա ժամը չեր, եւ հետո քայլերն էին հանդիսավոր:

Դուրս եկանք հարավային կեսգիշերի մեջ. խաղաղված բնությունը կանչում էր մեծ գործերի: Վազոն հավաբուն չհասած կանգ առավ ու մթի մեջ շշնջաց.

- Ես գնում եմ պիտուխին նախապատրաստեմ` քեզ չի ճանաչում: Իսկ դու մի քիչ կնաես բարձր նոճու ծայրին կանգ առած ձնաստղին: Աշխատիր տեսնել այս ամսվա մանդալան, որ հասկանաս ինչ ենք խոսում ու հարկ եղած դեպքում միջամտես:

Ես գլխով արեցի ու սիրիուսախառը կենտրոնացա: Երեւի ահագին ժամանակ անցավ, որովհետեւ հասցրեցի մտածել շատ բաների մասին ու շատ բան աչքիս առաջ եկավ անցավ: Նախ, ինչպես պատվիրվել էր, տեսա եւ շարունակեցի պահի համար անհրաժեշտ մանդալան. ստացվեց սիմետրիայի առանցքի բավական բարձր կարգով եւ ամառ-աշնանային գույներով շաղախված մի պատկեր, որտեղ տեղավորեցի անհանգստությունս ու տեսա աշխարհի բուրգային ինքնակառավարվող մոդելը, որ փաստորեն չեր գործում, որովհետեւ եկեղեցին, որ ճանաչվելուց հետո գրեթե առանց պայքարի տիրեց մարդկանց գիտակցությանը, ոչ այնքան գրավեց մարդուն իր սիրով ու հավատով, որքան մոլորեցրեց նրան իր դոգմաներով` մարդկանց հիմարացնելու եւ իրենց գործը հեշտացնելու համար: Այդպիսի եկեղեցին իհարկե պետք է թուլանար, եւ թուլացավ, բայց նրան գրեթե իսկույն եկան փոխարինելու կուսակցությունները, որոնց իբր թե նվիրյալների մեջ իսկական նվիրյալներն արդեն շատ ավելի պակաս էին, քան եկեղեցում: Փոխարենը անազնիվ կտոր հացի ինստիտուտը կրկնապատկվեց, դրանց մերկացնողների ուժերը ջլատվեցին, իսկ մարդ-բանջարեղենի զանգվածն աննախադեպ աճեց: Եվ գնալով ավելի դժվար է դառնում քայլող բանջարին բացատրել, որ Աստծուն դեռ մի ապավինիր այնտեղ, որտեղ դու ինքդ խելքից դուրս անելիք ունես: Դրանից օգտվելով, գլորվող երկրներում իշխանություն զավթածները պահպանում են իրենց կայունությունը ավելի արագ գլորվողների հաշվին, իսկ առայժմ կայուն երկրներում քիչ թե շատ օրինաչափորեն առաջ անցածները արժեքներ են հորինում, որոնք երբեք այդպիսին չեն եղել: Դրանից օգտվում են չգիտես ում դրդումով չգիտես որտեղից հայտնված այդ գոյություն չունեցող արժեքների երդվյալ քուրմերը եւ դրանք խոռչելու համար հերթ կանգնում` անհանդուրժող ու ագրեսիվ արդեն ամեն բանի նկատմամբ, որ իրենց սրտով չի. եւ սա միանգամայն անթաքույց:

“ Ով ինչ պետք է անի այս պարագայում” հարցն ինքս ինձ տալով` հետագաներում դրա պատասխանը հնարելու մտադրությամբ, մտա հավաբուն, ուր գլխիկոր պիտուխն ինչ որ բան էր արդարանալու համար մրթմրթում, իսկ Վազոն նրան չափավոր կոշտությամբ խրատում էր.

- Էդպես, ուրեմն, սիրտս տառապել էր ուզում,- երեւի որերրորդ անգամ փորձում էր համոզիչ լինել խեղճ թռչունը, - այսպես ասած` կատարսիս:

- Բայց դա քո ինչ բանն էր, թշվառական, - ջղաձգվում էր Վազոն, - քեզ, ինչպես եւ ամեն մի էակի, ճանաչում են այն պարտականություններով, որ տրված են մեզ ի վերուստ: Դրանից հետո նոր քեզ կլսեն ու կդատեն, հարիսա էս դու, ազգի հերոս, թե հանցագործ: Մի մեծ տիրության առաջին դեմք չմուշկներով իջնում է ծովի հատակը, իրար վրա կազմակերպություններ ստեղծում ու ժողովրդին նախիրի պես քշում այնտեղ: Փոխանակ երկիրը մարդավարի կառավարի:

- Ինչ հիմարություն, - անթաքույց մեծամտությամբ նետեց աքաղաղը – կյանքում նման բան չէի անի:

- Բայց դու բեթարն էս արել. եթե ուզում էս իրոք քեզնից վեր բաներ արած լինես, ապա թող դա լինի ավելի բարձր պատասխանատվությունը: Սա է բոլորիս իմպերատիվ կարգախոսը:
- Բառերդ ադամանդ են ու զմրուխտ…- մեղադրյալը փորձեց քծնել Վազոյին, բայց հասկանալով, որ դիմացինը դեռ էն պինդ կակալներից է, ուզեց շտկել իրավիճակը. – պարզապես ասա, հիմա ինչպես վարվեմ…

- Վարվիր այնպես, որ, կարծես, քո պատասխանատվության տակ ոչ թե մի քանի հավ ու ճիվ է, այլ մի ամբողջ երկիր: Դրանով էլ ուրիշներին իրենց պարտականությունները կհիշեցնես - Հանդիսավորությամբ ավարտեց Վազոն ու ես հասկացա, որ զրույցն ավարտված է, պիտուխը դարձի է բերվել, եւ իմ միջամտության կարիք այլեւս չկա:

Դուրս գալով դեռ աստղազարդ, բայց արեւելքից արդեն մարգարտացող երկնքի տակ, նաեցի ժամացույցին: Ճիշտ այդ պահին երեւի նույն բանն արեց պիտուխը, որովհետեւ մեջքիս ետեւում լսվեց նրա դեռ ոչ լրիվ վերականգնված, բայց արդեն զրնգուն, խզխզոցներից գրեթե զուրկ կանչը: Վազոյին թերագնահատողը մեկ անգամ չէ, որ պիտի փոշմանի իր կյանքում:

Այս կարեւոր ու անկարեւոր գործերում անցավ ժամանակը եւ մոտեցավ արդեն Լաջվարդափ մեկնելու պահը: Նախորեին վարպետի մոտից վերցրել էինք Վազոենց մեքենան (Վերոյինը միայն կարճատեւ ուղեվորությունների համար էր. բացի մանր մունր անսարքություններից, դռներից մեկը լավ չեր փակվում, իսկ մյուսը ոչ հաճախ, բայց ցանկացած պահին կարող էր բացվել), որ ես վերամբարձորեն կոչել էի Դոմինիկյան հանրապետության (իսկ այսպես էի անվանել Վազոյի ու Դոմինիկի համերաշխ եւ օրինակելի միությունը) տրանսպորտային միջոցներ, բեռնել այն անհրաժեշտ պարագաներով, այնպես որ միջին հզորությամբ նախաճաշ առնելուց հետո անմիջապես ճանապարհ ընկանք: Երթեւեկեցինք խաղաղ, առանց մանր բաների համար` թե որտեղ կարճ դադարի համար կանգնենք, որտեղ երկար, այս ճանապարհով գնանք, թե այն` վիճելու: Նյոնսը, որ հանրահայտ ձիթապտղի հայրենիքն էր, Գրինյանը, որ միջնադարյան հանրահայտ դղյակ-ամրոց էր, եւ այդպիսինը ինչ որ տեղ, որ Վերոյի համակուրսեցու տոհմական բունն էր, պետք է այցելվեյին նախապես ընդունված համատեղ որոշմամբ, հատկապես վերջինը, որովհետեւ Բրունոն նախազգուշացված էր եւ սպասում էր մեզ: Դրանից բացի յուրաքնչյուրն ազատ էր հնթացս առաջարկություններ անելու: (Այլ բան է, թե դրանք կընդունվեին, թե ոչ:)

Անիվների գլորվելու հետ ծավալվում էր անշտապ զրույցը: Չորսով հաղորդակցվում էինք միաժամանակ չորս լեզուներով, որպեսզի բոլորն իրար հասկանան. ես Վերոն ու Վազոն ռուսերեն էինք բացատրվում: Դրանից ավելի “դեմոկրատականը” անգլերենն էր, որ հասկանում էին բոլորը, բայց բացի Դոմինիկից դա տեւական լինելու դեպքում հոգնեցնող էր մյուսների համար: Իսկ երբ ես ու Վազոն հայերեն էինք խոսում, իսկ Դոմին ու Վերոն այդ պահին իրար ասելու բան ունեին, նրանք դա անում էին ֆրանսերեն, որին Վազոն մի ականջով հետեւում էր ու անհրաժեշտության դեպքում ինձ ներկայացնում հայերեն ռեզյումեն: Այսպես ընթանում էինք երկրորդական եւ երրորդական ճանապարհներով, որպեսզի ավելին տեսնենք, թողնելով արագընթաց մայրուղին ետդարձի համար, երբ արդեն հոգնած ես ու ուզում ես ժամ առաջ տեղ հասնել:

Ճանապարհային տպավորությունները միշտ այնքան հարուստ են լինում, որ ժամանակ պետք է անցնի, որ կարեւորն անկարեւորից զատվի, ու ամեն պատմություն իր լսարանին հասնի: Հարավ տանող ճանապարհն էլ էր հարուստ տպավորություններով, որոնց բյուրեղանալը դեռ ընթացքում է, բայց երկու բան արդեն հասցրել է առանձնանալ: Մեկը, որ համադամների նկատմամբ ոչ այդքան շահագրգիռ Վազոն ու Դոմին ջանում էին բկլիկներիս` ինձ ու Վերոյին զերծ չպահել հնարավոր խոհարարական գայթակղություններից, թեկուզ սեղանից նոր վերկացած` փորձելով բացահայտել դրանց հնարավոր է, որ թաքնված լինելու վայրերը եւ առաջարկում դրանք ուշադրության արժանացնել, կանգ առնել եւ համտեսել, կամ գոնե հետազոտություն կատարել` վայրին հատուկ որեւէ ուտեստ փորձելով, ինչը մենք համեստորեն մերժում էինք: Մյուսը Բրունոյի կալվածքի պատմությունն էր, որ մենք ուշադրությամբ լսեցինք, քանի որ չափազանց ուսանելի էր մի քանի առումներով. թե ինպես է տոհմը հնարավոր է, որ կորցնի, եւ ապա վերադարձնի ունեցվածքը, ինչ դեր է խաղում այս բոլորում պետությունը` ի դեմս տեղական եւ կենտրոնական իշխանությունների, եւ ինպես է այդ բոլորին վերաբերվում ժողովուրդը, որը ոչ միայն ժամերով հերթ է կանգնում դղյակն այցելելու համար եւ դեռ վճարում 10 եւրո, որի մի մասը գնում է սեփականատիրոջը, մյուսը` տեղական իշխանություններին, ու երկուսն իրար հետ մրցելով վերականգնում են շինություններն ու բարեկարգում տարածքը, այլեւ, փաստորեն ինչ որ մեկի ունեցվածքը չգիտես ինչու համարում է ազգային հարստություն եւ վերաբերվում է դրան ըստ այդմ:



…Լե Լավանդու արդեն մթով հասանք, գտանք Կադուրը, ուր Վերոյի լավ բարեկամ կոմսուհի Մարիա-Թերեզ Առկանգեզը` ծնունդով բասկերի երկրից, անց էր կացնում տարվա մի մասը, մյուս մասերին բաժին թողնելով իր Լոնդոնյան եւ Փարիզյան ապարանքներն ու տոհմային Առկանգեզ բնակավայրը: Դեռ մինչեւ Երեւանից դուրս գալս Վերոն հա զանգում ու հարցնում էր, թե ինչ հատուկ ցանկություններ ունեմ: Եթե չունենայի, մի բան պիտի հնարեի, որ չհիասթափեցնեյի նրան, բայց քանի որ ունեի` պիտի թաքցնեի. հայ ենք, չէ, պիտի տեղի-անտեղի քաշվենք, համեստ երեւանք: Բայց որ շատ պնդեց` ասացի: Ինչ որ մի տեղ կարդացել էի մեկի հուշերը Մարսելի արվարձանների դուքյաններից մեկում ապշեցուցիչ բույաբես մատուցելու մասին, որն ավելի պարզ արտահայտվելու դեպքում փոքր ինչ բարդացված ձկնապուր է նշանակում: Վերոն սկզբում ասաց, որ այդպիսի չնչին ցանկության կատարումը ոչինչ է, բայց անմիջապես մեկնելուցս առաջ հեռազանգեց ու ասաց, որ Մարսելը փոխարինվում է այլ վայրով` կոմսակոմպենսացումով, իսկ բույաբեսը կլինի առաջին իսկ օրը: Այդպես էլ եղավ. մեր տեղ հասնելուն պես ծովափնյա մի թանկ ռեստորանում այդ արդեն պատմական դարձած կերակուրը մատուցվեց` մեջը հսկայական ծովախեցգետիններով, բայց որպես հիմնական տպավորություն իմ Լաջվարդափի առաջին այցելության մասին մնացին մեր չորսի եւ կոմսուհու ու իր ողջ կյանքի մտերիմ ընկերուհու առավոտյան ու երեկոյան թեյախմությունները` ծովի վրա կախված պատշգամբում, որոնք ուղեկցվում էին բազմալեզու հոգեթով զրույցներով:

Գյուղ վերադառնալուն պես զգացինք, որ հոգնել էինք` անգամ այն բանից հետո, երբ հաջորդ առավոտ բավականին ուշ արթնացանք: Քանի որ հոգնել էինք ոչ այնքան ֆիզիկապես, որքան վիթխարի տպավորությունների հաճելի բեռից: Մի քանի օրում տեսածը պետք էր երկար մարսել` լեռնային բավականին դաժան զանդվածներից բռնած, ուր Վերոն մեզ հասցրեց ետճամփին` ցույց տալու համար, որ միայն հայերս չէ, որ լեռնաշխարհ ունենք` եւ համոզեց, մինչեւ այն չքնաղ, կարծես անձեռակերտ գյուղակը, որ շեշտակի մագլցում էր դեպի երկինք ու ուր որ է պիտի պոկվեր մայր հողից: Այսպիսի տպավորություններով կարելի էր եւ ավարտել ուղեվորությունս ու տուն վերադառնալ, բայց Վերոն ինձ մի հաճելի անակնկալ էլ էր նախապատրաստել:

Պատմության ետեւում, որ ինձ սխեմատիկորեն ներկայացվեց, առանձնապես մեծ բովանդակություն սկզբում չնկատեցի. մի ընտանիքում, ուր երիտասարդ հասակում կորցրել էին մորը, մեծացել է մի աղջիկ, որին մի քանի տարի առաջ եկել են ուզելու մի տղա իր մոր հետ, որոնք ինչ որ ժամանակ կորցրել էին իրենց հորը: Համաձայնության գալուց հետո պարզվել է, որ իրենց զույգերը կորցրաց ծնողները միմյանց դուր են եկել, եւ այդ տրամադրվածությունը դեռ հարսանիքից առաջ հասցրել է զարգանալ մինչեւ այնպիսի զգացմունք, որ, ասենք, ջահելների հարսանիքը տարերայնորեն վերածվել է երկու զույգերի հարսանիքի: Լավ, հետո? Հետո այդ երկու ընտանիքները` իրենց մոտ ազգականներով, մտերմացել են, դարձել են, ասես, մի ընտանիք, այնքան մեծ, որ վիճակագրորեն հնարավոր է դարձել մեկ օրում դրա անդամներից երկուսի ծննդյան օրվա համընկնումը, որի կապակցությամբ էլ մեզ երկուսիս հրավիրում են այսինչ գյուղ, ներկա գտնվելու եւ այլն…

Կանչել են, լավ են արել, ուրեմն գնանք: Նստեցինք Վերոյի մեքենան, ինչ որ ֆրանսական ու հայկական նվերներ հետներս վերցնելով, գնացինք: Մեկնեցինք արդեն ուշացումով, գյուղն էլ բավական հեռու էր, հասանք մթով` երբ քեֆ-ուրախությունն իր գագաթնակետին էր հասել: Տան դիմացի հսկայական բացատում եռուզեռ էր տիրում, մոտ վաթսուն հոգուց բաղկացած բարեկամությունը երեք գրեթե հավասար խմբերի էր բաժանված. կենտրոնում գտնվող տաղավարի սեղանի ողջ երկայնքով միաժամանակ երեք գործողություն էր կատարվում: Այնտեղ սալաթներ էին պատրաստում ու հասցնում կրակի մոտ գտնվող խոհարարական ու ֆուրշեթային սեղաններին, նաեւ տանն ավելի մոտ գտնվող գլխավոր սեղանին, որի շուրջ բազմել էին տանտերերն ու գլխավոր հյուրերը, եւ ուր ուղղվեց Վերոն, երբ տեսավ, որ երկու “նորածինները” հենց մեքենայի մոտից ինձ առան իրենց հովանու տակ: Տաղավարի երկար սեղանի շուրջ նստած էին նրանք, ով չեր կամեցել կրակի մոտ կանգնել, ու երեխաները, որոնք անցել էին արդեն անուշի: Հարցին, թե որ խմբին կուզեի միանալ, պատասխանեցի, որ մեջս արթնացած հեթանոսը տանում է ինձ դեպի հսկայական խարույք:

Չնայած առաջին պահին թվաց, որ ամենուր ժխոր է, պարզվեց, որ ընդհակառակը, ամենուր կարգ ու կանոն է. ամենքը գիտեր իր գործը, որը կայանում էր նրանում, որ ուրախանային, ուտեին-խմեին ու ձեռքի հետ` հաճույքով ու թեթեւորեն որեւէ մի օգտակար գործ անեին: Զգացվում էր, որ դերերը վաղուց բաշխված են, բայց նաեւ ամեն մեկը մի քանի բան կարող էր անել: Օրինակ, ոչխարը պտտողներից մեկը, որ իսպանական գրանդի զգեստ էր հագել, նաեւ շվի եւ կիթառ էր նվագում, դրա հետ մեկտեղ` ընդհանուր տոնական տրամադրություն ստեղծողներից մեկն էր. ինչպես պարզվեց հաջորդ օրը, կրկեսի դերասան էր: Ի դեպ ոչխարն այստեղ ոչ թե կրակի վերեւում են պտտում, այլ կողքից:

Երեւի մի երկու ժամ անցկացրի խարույքի մոտ` գինի, զրույց, երգ, կատակ: Հետո “նախագահական” սեղանի շուրջ արտակարգ համեղության հաց ու պանիր կերանք, հետո նորից վերադարձա խարույքի մոտ: Նայում էի կրակին ու մտածում. որն է այսչափ կենսասիրության աղբյուրը: Սկսեցի հարցնել կողքիններիս, ասացին` երեւի գեները: Իսկ կարելի ասել, որ դա ֆրանսացու առաջին, որոշիչ որակն է, հարցրեցի, ասացին` ամենայն հավանականությամբ, իսկ մի աղջիկ պարզապես թեւը վզովս գցեց ու համբուրեց: Ու ես հասկացա, որ անտարակույս` այո, առաջինն է: Ու ավելի լավ հասկացա իմաստուն Վերոյին, որ շատ էր ուզում իսկապես ընկալեմ, թե ինչ է Ֆրանսան: Եվ ես վերջապես ընկալեցի. այս մարդիք ուրախ էին այն բանի համար, որ այսքան մարդ ուրախ էն: Որ յուրաքանյուրն իրենցից Ֆրանսացի է, բայց բոլորը միասին արդեն` Ֆրանսա:

Բաժանվեցինք կեսգիշերն անց: “Նորածիններից” մյուսը, որ տանտերը չեր, ասաց, որ հաջորդ օրը, այսինքն արդեն նույն օրը, իրենց գյուղում կշարունակեն այսօրվա սկսածն ու ես մերժելու իրավունքից զրկվում եմ, քանի, որ մտահղացման մյուս դրթապատճառներն էլ Վերոյի Փարիզ մեկնելն է` հավանաբար մինչեւ գարուն, եւ իմ հրաժեշտի, ավելի երկար ճանապարհի բարի լինելու համար բաժակ բարձրացնելն է: Ես հուզվեցի, իսկ նա ավելացրեց, որ ինձ համար երեւի հետաքրքիր կլինի տեսնել իր ուղտայծերին, քանի որ գյուղատնտեսության հետ առնչություն ունեմ:

Ասել, որ եւս մի հիանալի օր անցկացրեցինք, նշանակում է ոչինչ չասել. ես ինձ զգացի այդ մեծ ընտանիքի անդամ, իսկ տուն վերադառնալուն պես տեսա, որ գուանակոների հետ նկարներում չի էլ երեւում, որ այդ օրն այդքան բաժակ բարձրացվեց: Որովհետեւ դրանք բարձրացվեցին հանուն այն բոլոր լավ բաների, որ այդքան մարդ արդեն ստեղծել ու վաելել են կյանքում, եւ այդքանով բավարարվելու մտադրություն ներկաներից ոչ ոք չուներ:



Ես խմեցի բոլոր ներկաների եւ նրանց բարեկեցության համար, Վերոյի եւ նրա մեծ շրջապատի ու նույնքան մեծ սրտի համար, Դոմինիկյան Հանրապետության եւ նրա ողջ բնակչության համար, ինձ հրավիրած կազմակերպության համահիմնադիր ու նախագահ Շուրդ Վարտենայի բազմաշնորհության համար, որից, համոզված եմ, ավելի շատ բան սովորեցի, քան ինքն ինձնից, Անդրեասյանների, Ռեմիի, Շանթի, Վալերի-Աշխենի, Հարությունի, Կատրինի, իմ վաղեմի բարեկամ Ժան Բոնամուրի, որի հետ վերջին օրը Փարիզում ոտի տակ տվեցինք քաղաքի ծայրամասի հնությունների շուկան ու Լյուքսեմբուրգյան այգին, որից դուրս գալով մի բոլ պաղպաղակ կերանք, եւ մեկ այլ վաղեմի բարեկամի համար, որն այլեւս ննջում է հավերժ Սեն-Ժենեվյեվ դ’Բուա ռուսական գերեզմանատանը, քանի որ ռուս էր` սպիտակ շարժման առաջնորդ Լավր Գեորգիեւիչ Կոռնիլովի գերեզմանից քիչ հեռու, որովհետեւ աշխարը փոքր է, շատ փոքր… Եվ, վերջապես բոլոր նրանց համար, ով ինձ այդ անմոռանալի օրերին, եւ ընդհանրապես կյանքում, նվիրաբերեց իր ուշադրության ու ջերմության պաշարներից գետ մեկ հյուլե…

Ֆրանսայի բարեկամներիս խոոստացել էի երկրում անցկացրած 21 անմոռանալի օրերից ուլունքաշար հավաքել եւ իրենց ուղարկել մինչեւ տարվա վերջ, որ տոնաց ծառից կախ տան, բայց պարագաներն ու մուսան կամեցան, որ այն ավելի ֆրեզիաների գարնանափունջի նմանվի, որն էլ երախտագիտությամբ ճամփում եմ, փառք տալով այդ հրաշք երկրի արեւին ու ջրին, որ օգնեցին աճեցնել դրանք այն երկարուձիք երեք շաբաթների ընթացքում, որ կարողացել էին թակնվել գեթ մեկ ակնթարթի մեջ:
 

| 2016 փետրվար | Երեւան|

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am