| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
հրապարակված է 11.06.2016 | մանե մաթեւոսյան
Գյումրիի իմ աշխարհը
փորձ խոսակցություն սկսել պատկերներով իր մեջ մնացած քաղաքի հետ...

 

Մանե Մաթեւոսյանի այս նյութը մասն է խմբային ավարտական աշխատանքի, որն իրականացրել են Հայաստանի ամերիկյան համալսարանի մի խումբ ուսանողներ` Գյումրի այցելությունից հետո: Այն փորձ է խոսակցություն սկսել պատկերներով իր մեջ մնացած քաղաքի հետ: Փորձ է ոչ թե պատկերի մեջ մտնելու, որքան էլ երկմտում է նա այս առումով, այլ որոշակի հեռավորությունից որսալ, դեպի իրեն բերել դրանցում արձանագրված էական մանրամասները: Աշխատանքը կատարվել է ՀԱՀ-ում, Հայոց լեզու եւ գրականություն դասընթացի շրջանակներում, 2016 ուստարվա ավարտին (դասախոս` Ս. Դվոյան, օգնական դասախոս` Լ. Սարգսյան): Լուսանկարների հեղինակ`Ազնիվ Թադեւոսյան:


 

Արեւը՝ անդին թաքստոցում, երկինքը՝ սպիտակին տված
Միջամտե՞մ, չմիջամտե՞մ, ներխուժե՞մ, պատսպարվե՞մ․․․
Չոր, բայց մոխիր փողոցներ,
Շարժ կամ կյանք ունե՞ք, իսկ անշարժ շենքե՞րը․․․
Համահունչ, միասին, հավատարիմ, շարք շարքի։
Քարերի կանչող հոտ, որ հասկանալ է պետք կամ գոնե հասկացվել է ուզում։
Քայլելիս, չասե՛ս թե զառամյալ են,
Չասե՛ս մասնատված են,
Կասեմ՝ դեռ կենդան են,
Ինքնությունները հին են,
բայց մենակ չեն,
Մենակ չենք։
Տես գույները
Տարբեր են,
Տար հետ բեր
Սպասում են տարբերակես, որ հետո տարբերվեն։
Տես՝ ծիրանի ծառ, ծիլ, ծաղիկ ու խոտ
Հարեւանները՝ խոնջ բնակիչների։
Ձեր Եվրոպայի շինարարական ճիչը չեն,
Բայց կանչում ենք քեզ,
Կանչում են քեզ ներս,
Որ գաս, պրպտես
Տեսնես ու փնտրես
Հետո սիրես ու անչափ կարոտես․․․
Տեղեր են, ուր մարդու հետք չկա
Ոչ մի անգույն ստվեր,
Ժամեր ու դրանք ապրողներ։
Շագանակ հիշեցնող տուն,
Կողքին՝ նեղացած մի փոքր բոսոր,
Բայց, նայիր, ծառ կա փլատակներում,
Այսինքն՝ շնչում են, կյանք է նշմարվում։
Միահամուռ հոգեվիճակներ
Փողոցում Գյումրիի՝ կողք կողքի,
Մարդուց էլ կանգուն ու հավատարիմ
Թաքուն պատումներով լի
Տարբերվող, հին բույրով, հրավիրող։
Զգույշ անցիր
Անհետք
Աննկատ,
Բայց
Վեհ։


 

Արտացոլանքի ցոլքը ցոլաց,
Թափվեց ուղիղ ցած
Առանց մտածելու
Ո՛չ երկար, ո՛չ բարակ։
Թե շտապես՝
Սխալ կտեսնես,
Ցնորք կթվա,
Ցեխաջուր չէ սա,
Ոչ էլ ոտնահետքոտված քարի ջրափոս։
Երեւակայես՝ նոր աշխարհ ստեղծես
Մի քիչ անծանոթ, բայց հոգուդ շատ մոտ
Քեզ քար, ավազ, ջուր, հող։
Հետո, տես՝ ինչե՞ր կան անծայր երկնքում
Այդ ինչե՜րն են մեզ անդրադառնում
Ջուր դարձած փոսում,
Դարձնում անդադրում։
Ինչո՞ւ արտացոլանքին ենք մենք սեւեռվում,
Տպավորությա՞ն՝ այն լի օրվա,
Որ ապրեցինք, այն էլ շատ երկար,
Թե՞ անիրական ցանկությունների
Այդքան ցանկալի, բայց շատ անկատար
Անցյալում ապրած, շատ կամակատար։
Բայց հիմա, ի՞նչ,
Տեսածիս զգացա՞ծն է,
Թե՞ զգացողության
Վախն է ապրածս։


 

Քամին ոնց քշում էր մարմինս, էդպես էլ քշում էր խելքս։ Սկզբում չէր շտապում, սկսեց աջից ձախ հրել, զիջում էր կարծես, հետո ավելի շեշտակի թափ հավաքեց ու ոտքից գլուխ մի լավ թափահարեց։ Կարծես, այն անցանկալի անցումները լինեին, երբ իրականում չապրած ու ժամանակի պես վատնած օրերը դառնում էին կյանքումդ տեղ չգտած մասեր։ Նույն պատառը բաժին էր ընկել նաեւ այն թաց անծանոթին՝ լվացքին։ Ու էլի շարժումներ՝ ձախից աջ, աջից ձախ, առաջ, հետ։ Թվում էր, թե ապահով են, չէ՞ որ պարանից կախված են, ու որ այդ նույն պարանն էլ թելով փաթաթված է մի խողովակի։ Բայց արդյո՞ք քամին դա կարեւորում էր։ Ոնց մարդկանց համար, այդպես էլ քամու համար միանգամային անկարեւոր էր այն, ինչ ներսում չէր։ Չէր նայի, թե պարանից ստորացածը տղամարդու նախկին փոշոտ տաբատ է, երեխայի գունատված շապիկ, թե կնոջ հոգնատանջ սրբիչ։ Երբ մեզ մի բան է պետք, մեկ է, թե դա մեզ որքան հեռու կտանի։ Հեռու մեր ներաշխարհից ու մարդկանցից, թե չէ հողից հեռուն ի՞նչ է։

Մեկնումները ո՜նց չեմ սիրում, բայց քամին էր սիրում՝ քշում էր։ Այդ լուռ սուլող հոգին, որ միշտ թիկունքիդ կար, բայց երբ շրջվեիր՝ ո՞ւր էր։ Լվացքները գունատ, երեւի նույն մտքին էին՝ սպասում էին, թե երբ վերջնականապես կհաղթահարեն իրենց ներքին խոնավությունը։
Կաթկթոց։ Թվում էր, թե քամու հետ էի, բայց, չէ՛, մենակ էի։ Մենախոսություն վարողը՝ ես էի, ընդդիմացողը՝ ես, արձագանքողն էլ էի ես։ Զզվեցի, ինչքա՞ն ես, ես, ես․․․ ձանձրալի էր հավերժ լինել Ես, բա՞ Դու-ն, Նա-ն, Նրանք-ը, որ ժամանակին Մենք էին, լավ, բա՞ դո՛ւ, թաց լվացք․․․





Ասեղներ, որ միշտ ձեռքիցս փախչում էին, հատակում կորչում ու հետո՝ ոտք ցավեցնում։ Փոքր ու մեծ գլխանի, բայց մետաղից ասեղներ, որ մեծ ուշադրություն, եռանդ ու արեւի լույս էին պահանջում։ Հետաքրքիր է, աննշան, բայց՝ պահանջող։ Ասեղը թել է պահանջում կարելու համար, իսկ մե՞նք՝ մարդիկ, ներողամտություն, խոսել, շատ խոսել ու հետո, թե պետք եղավ, մի քիչ էլ հասկանալ։

Կյանքը դրսում շարունակվում էր։ Կեղծ լույսերը աչք էին ցավեցնում ու իմ ապրելու թելը շարունակ կտրվում էր, համառորեն մոռանալով, որ պետք է կյանքի հունի մեջ մտներ, ինչպես թելը՝ ասեղի անցքի։ Միգուցե անազատություն չէ՞ր սիրում, ճնշումներ։ Բայց արի ու տես, որ աղետը անմարդկային լինելով՝ մարդկանց դեռ կարելու հույսեր էր տալիս։ Հույս, որ ասեղը ձեռքներն առնեն ու վստահ կարեն։ Չէ՛, մաշված շոր կամ գուլպա չէ, այլ շենք, որ դարերի ընթացքում է ավերվում, մաշվում ու հետո էլ մարդկանց փոխարեն «անպիտան է» պիտակը կրում։

Մտքեր, հայացքներ՝ ուղղված շենքի կարված ճակատին, որ առանձնացնում էր պատը հին ընկերներից։ Կարերը ցաք ու ցրիվ եղած, բայց ազդեցիկ հիշողության պես անվերադարձ խոցել էին ներսս։ Թվում էր, թե երբ հեռանամ, կմոռանամ թե՛ կարերը, թե՛ թիկունքի սարերը, բայց պատկերը պատմություն էր, որ արդեն ամուր կարված իմ մի մաս էր։ Կտրե՞ս, չէ, մկրատն անզոր է․ անտարբեր քարերից այն կողմ, ոգին անկոտրուն է, համառ, քան սրածայր մկրատդ է։ Մոռցա՞ր, որ միշտ հիշողության արմատներն ավելի խորն են լինում, քան ցավերդ մոռացության տալու ցանկությունը։

Իրար հաջորդող շենքեր, մարդկանց քայլեր՝ վերափոխված վազվզոցների, որտեղ ժամանակն իրեն հավատարիմ մնալով՝ կանգ չէր առնում։ Բայց կարծես այդ կարված շենքը ինձ համար կարել էր ժամի սլաքները․ այլեւս չէի զգում սլաքների անվերջ թվացող զարկերը։ Եվ մեծագույն նվաճում էր այն, երբ ապրեցիր մի ժամ առանց ժամի, երբ մի վիրավոր շենք՝ լի կարված վերքերով, կարող էր տեղիք տալ մտքերի, որոնց թելը արդեն իմ մտքում էր։ Ամեն մռայլ քարը, մի մասն էր այս անլեզու գրավչության։ Ծաղկող տպավորություն կարված հին շենքից, որ իր քարերից հետո թելոտված աշխարհս անդարձ կարկատեց։

 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am