| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ռեւիզոր|
հրապարակված է 23.05.2016 | ռեւիզոր
«Ներքին գրոց» մատենաշար․ Աշոտ Հովհաննիսյան, «Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը»
Ո՞վ է, ուրեմն, Աշոտ Հովհաննիսյանը: Որքանո՞վ ենք իմացել նրան եւ որքանով ենք ի վիճակի իմանալ՝ ըմբռնողության այն եղանակներով, որոնցով կարող ենք խորհել այդ մասին: Աշոտ Հովհաննիսյանը մարտահրավեր է մեր ըմբռնողական եղանակներին, այս իմաստով, Հովհաննիսյանը նախեւառաջ փիլիսոփայական խնդիր է:

 

 

Լույս է տեսել «Ներքին գրոց» մատենաշարի առաջին հատորը, Աշոտ Հովհաննիսյանի՝ 1913 թվականին Մյունխենում պաշտպանած Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը դոկտորական ավարտաճառը: Մատենաշարի նպատակն է հայերեն թարգմանել եւ հրատարակել 19-րդ դարից մինչեւ 20-րդ դարասկիզբ ընկած ժամանակամիջոցում, գլխավորապես եվրոպական համալսարաններն ավարտած հայ ուսանողների այն ավարտաճառերը, որոնք վերաբերում են հումանիտար եւ հասարակական գիտություններին: Նշված ժամանակամիջոցում եվրոպական համալսարաններում սովորող հայ ուսանողները բազմաթիվ էին․ նրանք ունեին գործուն ուսանողական ընկերություններ, գրադարաններ, ապրում էին ոչ պակաս գործուն հասարակական-քաղաքական կյանքով: Այս ուսանողներից շատերը եղել են հայ հումանիտար եւ հասարակական, ինչպես նաեւ բնական ու ճշգրիտ գիտությունների հիմնադիրներ եւ կամ առանցքային ներկայացուցիչներ․ Ստեփանոս Նազարյանց եւ Գարեգին Հովսեփյան, Հակոբ Մանանդյան եւ Հրաչյա Աճառյան, Գուրգեն Էդիլյան եւ Սիրարփի Տեր-Ներսիսյան, շատերն էլ, ինչպես, օրինակ, Ֆլորա Վարդանյանը եւ Հայկ Հովհաննիսյանը դեռեւս մնում են անգիտության քողով ծածկված: Եվրոպական համալսարաններն ավարտած շատ գիտնականներ, հետագայում աշխատելով Խորհրդային Հայաստանում, ենթարկվեցին քաղաքական բռնաճնշումների, շատերը՝ վերացվեցին: Վերապրողները, որպես կանոն, փոփոխում կամ հնարավորինս գաղտնի էին պահում իրենց անցյալը, իսկ վերացվածներից շատերն այսօր իսկ մնում են անհայտության մեջ: Արդյունքում կարիք կա գործնականում վերաբացահայտելու 19-20-րդ դդ. հայկական գիտությունն ու դրա պատմությունը՝ այդ պատմության իսկ ջնջումների ու խմբագրումների թանձրույթի միջով: 


«Ներքին գրոց» մատենաշարի շրջանակում հրապարակված եւ հրապարակվելիք ավարտաճառերը ոչ այնքան նպատակ ունեն փաստական նորույթ մտցնել համապատասխան գիտակարգի մեջ, որքան վերաբացահայտել հայ մտավորական պատմությունն ու դրան հաղորդակից լինել, երբ վերջինս կայանում է «ուրիշի» հետ հարաբերության մեջ: Մատենաշարի անվանումը հղում է 5-6-րդ դարերի հայ թարգմանական շարժմանը, երբ հայերենով առաջին անգամ հնարավոր եղավ հոդավորել տեսական միտք՝ ի դեմս «արտաքին գրոց» թարգմանությունների: Եթե միջնադարում հայ մտքի զարգացումն ի կատար էր ածվում օտար հեղինակների հունաբան թարգմանություններով ու մեկնություններով, ապա այսօր մեր մտավոր պատմության մասն է արդեն այն յուրօրինակ գրականությունը, որտեղ հայկական համատեքստին վերաբերող խնդիրները հոդավորվել, թարգմանվել են օտար լեզուներով հենց հայ հեղինակների կողմից: Մեզ մեծամասամբ անհայտ այս գրականությունը հայերեն թարգմանելու, դրա մեջ ամփոփված բարդ մտավորական ջանքերը բացահայտելու հանգամանքն է նշում «Ներքին գրոց» մատենաշար անվանումը: Այնպես է ստացվել, փաստորեն, որ ինքներս մեզ այլության մեջ հայտնաբերելու եւ այդ կերպ կայանալու մեր փորձերը սպասում են մեր իսկ կողմից բացահայտվելուն:

Մատենաշարի շրջանակում ծրագրվում է հրատարակել Գարեգին Հովսեփյանի, Հովհաննես Հակոբյանի, Սիրարփի Տեր-Ներսիսյանի, Ավետիս Ահարոնյանի եւ այլոց ավարտաճառերը: Այժմ հրատարակության է պատրաստվում փիլիսոփա եւ աստվածաբան Միսակ Խոստիկյանի Դավիթ փիլիսոփան աշխատությունը, որը հեղինակը պաշտպանել է Բեռնի համալսարանում 1907 թվականին: Մատենաշարը Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությունն է:

 

Ստորեւ ներկայացնում ենք մատենաշարի առաջին հատորի՝ Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը գրքի՝ «Ինստիտուտի կողմից» վերտառությամբ առաջնորդողը: Գիրքը լույս է տեսել Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության աջակցությամբ եւ հասանելի է Երեւանի հիմնական գրադարաններում ու գրախանութներում: Գիրքը հրատարակչից ձեռք բերելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով․ +374 98 484028, +374 93 512602:

 

                                                                              Վ․ Ա․

 

 
 

Աշոտ Հովհաննիսյանը բարդ հեղինակ է, իսկ նրան ըմբռնելը՝ ենթակա կողմնակալության վտանգին, ճիշտ այնպես, ինչպես իր ուսումնասիրությունների գլխավոր գործող անձիք՝ իր իսկ հավաստմամբ․ «Նալբանդյանը չէր պատկանում այն գործիչների թվին, որոնց մասին ժամանակակիցները կամ հետնորդները կարող էին ունենալ անկողմնակալ վերաբերմունք»: [1] Կարծես այդպես էլ կա: Միքայել Նալբանդյանը «հեղափոխական դեմոկրա՞տ»[2] է, թե՞ ի վերջո «ազատական»[3], Իսրայել Օրին անձնապաստան բախտախնդի՞ր է,[4] թե՞ հայ ազատագրական շարժման անկեղծ նվիրյալ: [5] Եվ սրանք այս գործիչների կերպարն ակոսող միակ հակասությունները չեն: Հարցեր են սրանք, որոնք չեն հանգուցալուծվի որեւէ պատմական փաստի հայտնաբերմամբ: Այս հարցերը չեն հանգուցալուծվի նաեւ, եթե մտածենք, որ անցյալը տարտամ մի զանգված է, ամբողջովին ենթակա ներկայի շահերին․ խորհրդային տարիներին Նալբանդյանը «հեղափոխական դեմոկրատ» էր, ներկայիս Հայաստանում՝ ի վերջո «ազատական», 19-րդ դարի եվրոպական պատմագիտության համար Օրին բախտախնդիր էր, իսկ նույն դարի ազգային պատմագիտության համար՝ ազգի նվիրյալ: Որքան էլ այս վերջին պատասխանները խելամիտ են, նրանք խնդիրը ոչ թե լուծում են, այլ ավելի շուտ հանում, քանզի միտված են չեզոքացնելու խնդրո առարկան կամ գոնե նրա «սուր անկյունները»: Արդյունքում, այս գործիչներին վերաբերող հակասությունները կա´մ հարմարեցվում են ներկայի պահանջներին, կա´մ ընդունելի են համարվում նույն այդ հակասությունների մեկ կամ մյուս կողմը: Բայց թե´ հարմարեցումը, թե´ բեւեռներից մեկի կողմը բռնելը վկայում են որոշակի երկփեղկման մասին, որն իր հիմքում ունի առավելագույնս անհակասական գործչի կանխադրույթը, կամ այդպիսինի կերտումն ու ամրագրումը: Այս դիրքավորումը, բախվելով իր իսկ խնդրո առարկայի դիմադրությանը, երկփեղկվում է, ինչն էլ որոշակի ճշմարտություն է հաղորդում հենց առարկայի բնույթի մասին:

Իսկ ի՞նչ՝ եթե Նալբանդյանի եւ Օրիի գործունեության հարատեւության վկայություններն են այս երկփեղկումները, իսկ ի՞նչ՝ եթե նրանց ապրածն ու արածն անդրանցել են իրենց իսկ պատմական ժամանակն ու գերազանցել հարցասիրական այն սխեման, որով ուզում ենք նրանց հասկանալ: Արդյոք խնդրի էությունը նրանում չէ՞, որ նրանք գործիչներ են, ովքեր հավակնել են փոխել ազգային-հասարակական այն դրվածքն ու մտայնությունը, որով օրինականանում է ցանկացած դատողության անկողմնակալության համար անհրաժեշտ ապահով հեռավորությունը: Այս չէ՞ պատճառը, որ, ինչպես Նալբանդյանի եւ Օրիի, այնպես էլ հենց իր՝ Հովհաննիսյանի հանդեպ անկողմնակալ վերաբերմունքը դառնում է խնդրահարույց: Վերջինիս դեպքը է՛լ ավելի բարդ է կարծես: Լինելով հայոց պատմության նորագույն ու իրավամբ խիստ խնդրահարույց շրջանի գործիչներից մեկը՝ նա մի իսկական մարտահրավեր է մեր իմացության ու այն օրինականացնող դրվածքի համար: Դեռեւս իր իսկ կենդանության օրոք Հովհաննիսյանին հավասարապես մեղադրել են եւ՛ ազգայնականության, եւ՛ ազգադավության մեջ: Ինչպես բոլշեւիկների, այնպես էլ նրանցից սերած ստալինիստների համար նա ի վերջո մնաց անուղղելի ազգայնական,[6] իսկ ազգայնականների համար նա տիրահաճ բոլշեւիկ էր: [7] Վերջինները սեւացրին նրա անունը, առաջինները նաեւ բռնադատեցին: [8]

Ո՞վ է, ուրեմն, Աշոտ Հովհաննիսյանը: Որքանո՞վ ենք իմացել նրան եւ որքանով ենք ի վիճակի իմանալ՝ ըմբռնողության այն եղանակներով, որոնցով կարող ենք խորհել այդ մասին: Աշոտ Հովհաննիսյանը մարտահրավեր է մեր ըմբռնողական եղանակներին, այս իմաստով, Հովհաննիսյանը նախեւառաջ փիլիսոփայական խնդիր է: Իսկ նման խնդրի լուծման մեջ անելիք չունի «պատմական փաստերի» այնպիսի կիրառությունը, որն ի վերջո ծառայում է «մերկացման» տրամաբանությամբ առաջնորդվող, թեեւ փեղեկված, վերոհիշյալ կողմերին: Խնդիրը, ուստի, այս տրամաբանության եւ այն սնող էթիկայի հաղթահարումն է․ այս ճանապարհին ուղեցույց լինելու մեջ է Հովհաննիսյանի պատմական նշանակությունը: Նա մեկն է, ում եւ՛ քաղաքական, եւ՛ պատմագիտական գործունեությունը հնարավոր է հասկանալ միայն ճշմարտությունը որպես հակասա-կան ու նպատակային շարժում ըմբռնելու կարողության եւ հնարավորության պարագայում: Ընդգրկել հակադրությունը․ սա՛ է մտքին ուղղված ինչպես Հովհաննիսյանի, այնպես էլ նրա պատմական հերոսների՝ մեզ ուղղված գործնական ու կենդանի մարտահրավերը: Հասկանալ նրանց՝ առանց մեր հասկանալու եղանակների փոփոխման, հնարավոր է միայն ընկնելով վերոհիշյալ երկփեղկման մեջ, այսինքն՝ հասկանալ չհասկանալով: Հայտանշական չէ՞ արդյոք, որ միեւնույն անձը հայկական Վիքիպեդիայում ունի երկու առանձին կենսագրական էջ՝ մեկը՝ որպես պատմաբան, մյուսը՝ որպես քաղաքական գործիչ: «Հասկանալի» այս երկփեղկումը հետեւանք է Հովհաննիսյանին մոտենալիս մեզ համար «անհասկանալի» հակադրություններն ընդգրկելու անկարողության, այլ ոչ թե, անշուշտ, բացարձակ նույնական երկու առանձին մարդկանց գոյության:

 

- - -

 

1913 թվականին, Առաջին աշխարհամարտով քսաներորդ դարի բուն, այլ ոչ թե ժամանակագրական սկզբնավորման նախաշեմին, Ռուսական Կայսրության հպատակ, շուշեցի հայ ուսանող Աշոտ Հովհաննիսյանը Գերմանիայում պաշտպանում է Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը դոկտորական ավարտաճառը, որն ամփոփում է հետեւյալ տողերով․ «Օրին, սկզբում անգիտակցաբար, իր հայրենակիցների քաղաքական գիտակցության պատմության մեջ ազդարարել է մի նոր ժամանակ, քանզի վերջ ի վերջո ինքն է հարկադրված եղել ազատելու իր իսկ քաղաքական մտածողությունը հայկական միջնադարի այն դոգմատիկ պատկերացումներից ու պատմական վերհուշերից, որոնք դեռ շարունակում էին ապրել իր մեջ»: [9]

Ակներեւ է, որ այս տողերի հիմնական ասելիքը հայ քաղաքական գիտակցության պատմության մեջ, հանձին Իսրայել Օրիի, որակապես նոր ժամանակի ի հայտ գալու մասին է, մի ժամանակ, որը Հովհաննիսյանը, կրկին ակներեւաբար, հակադրում է միջնադարյան պատկերացումներին ու անցյալի վերապրուկներին եւ ուրեմն ըմբռնում իբրեւ սկզբունքորեն աշխարհիկ ու միաժամանակ այժմեական կողմնորոշում ունեցող ժամանակ: Ընդսմին, Հովհաննիսյանը նկատում է, որ Օրին նոր քաղաքական մտածողության ժամանակն ազդարարել է նախեւառաջ ինքն իր մտածողության հետ կատարած գործողությամբ, ինչը նրան հանդես է բերում որպես սուբյեկտ, այսինքն՝ ինքն իրեն հաղթահարող ու զարգացնող գործիչ: Իսկ պատմական ժամանակի աշխարհիկությունն ու այժմեականությունը եւ սրանք իրացնող սուբյեկտի կանխադրումն արդեն ավանդաբար համարվել է եվրոպական Արդիության թերեւս հիմնական ցուցիչը: [10]  Ուստի, ակնհայտ է, որ հանձին Օրիի Հովհաննիսյանը խոսում է հայոց պատմության մեջ արդիական քաղաքական մտածողության ասպարեզ իջնելու մասին: Եվ Հովհաննիսյանի այս առաջին աշխատությունը, ինչու չէ՝ նաեւ նրա հետագա ողջ պատմագիտական գործունեությունը կարելի է դիտարկել որպես հայերի արդիականացման բարդ գործընթացների, սրանց պատմական հետնախորքի, թեր ու դեմ կողմերի բացահայտմանը նվիրված քննական աշխատանք: Այս ճիշտ է, անշուշտ, բայց ոչ ամբողջը:

Հարկ է փոքր-ինչ ավելի մոտիկից դիտել մեջբերված նախադասությունը՝ ուշադրություն դարձնելով ավելի ցածր ելեւէջներին, այն նուրբ շեշտադրումներին, որոնցով Հովհաննիսյանն առաջադրում է իր հիմնական ասելիքը: Նախադասության սկզբում Հովհաննիսյանը շեշտում է, որ Օրին հայ քաղաքական գիտակցության նոր ժամանակը ազդարարել է «սկզբում անգիտակցաբար», իսկ նախադասության վերջում ընդգծում, որ այն ամենը, ինչ նա հաղթահարում էր՝ «դեռ շարունակում էին ապրել իր մեջ»: Եթե լուրջ ենք վերաբերվում այս շեշտադրումներին, ինչը պետք է անպայմանորեն անենք, ապա նկատում ենք, որ սրանք Օրիի իրականացրած գործողությունը տարաձգում, բացում են թե՛ հոգեբանորեն, երբ տեղ են թողնում անգիտակցական վարքագծի համար, թե՛ ժամանակայնորեն, երբ կանխադրում են անցյալից եկող հաղթահարման առարկայի հարատեւությունը հաղթահարողի մեջ: Այսպես, արդիականացման բեկումնային արարքը չի դիտվում օբյեկտի նկատմամբ սուբյեկտի իրականացրած արտաքին արարքի տեսակետից, այլ սուբյեկտի սահմաններն իսկ դառնում են փոփոխուն եւ ծակոտկեն՝ բովանդակելով գիտակցությունից անդինն ու նաեւ այն, ինչից այն ձգտում է ազատվել արդեն գիտակցաբար: Արդյունքում, Օրին հանդես չի գալիս որպես սեւեռապինդ մի երեւույթ, այլ որպես շարժում: Եվ հենց այս իմաստով է նա պատմական սուբյեկտ: Այո՛, Հովհաննիսյանին չի հետաքրքրում արդիականացման գործողությունն ինքնին կամ մաս առ մաս, այլ իր կայացման ընթացքի մեջ, այսինքն՝ պատմականորեն:

Արդեն այս առաջին աշխատության մեջ ու թերեւս հենց այստեղ ենք ամենայն հստակությամբ տեսնում Հովհաննիսյանի առանձնահատուկ հետաքրքրությունը հայոց պատմության այսպիսի սուբյեկտների հանդեպ: Ահա՛ թե նա ինչպես էր բնութագրելու Ֆրիկին․ «Ֆրիկը պատկանում է միջնադարյան Հայաստանի այն մարդկանց թվին, որոնց կյանքի մռայլ իրիկնաժամը հանդիսանում էր նրանց հուսառատ լուսաբացի հակապատկերը»: [11] Ահա՛ թե նա ինչպես էր ներկայացնում Նալբանդյանին․ «Նալբանդյանի կյանքն ու գործունեությունը ջանում ենք ընդգրկել շարժուն վիճակում…»: [12] Նույնն է նաեւ «հայ ազատագրական լեգենդի» նրա ըմբռնումը․ «Հետաքրքրականն ինքյան լեգենդը չէ, որի զարգացման ապրուն օղակները փորձեցինք հայտ բերել ու միակցել մեր հետազոտած պատմության ամբողջ ընթացքի հետ: Հետաքրքրականը լեգենդի զարգացման հարաճուն պատկերն է, նրա «միջանցիկ գործողությունը»…»: [13]

Մի վերջին անգամ եւս հայացք նետենք Օրիի մասին մեջբերմանը, որպեսզի փոքր-ինչ ճշգրտենք այս «շարժուն վիճակի» առանձնահատկությունը: Հովհաննիսյանը շեշտում է, որ Օրին «հարկադրված է եղել» ազատել իրեն իր իսկ պատկերացումներից ու անցյալի վերհուշերից: Արդիականացման գործողությունը, փաստորեն, եղել է ինչ-ինչ պատճառների ներգործության հետեւանք: Մեջբերումից կարող ենք ենթադրել, որ այդ պատճառները կախված չեն եղել Օրիի կամքից: Եվ չենք սխալվի: Ավարտաճառում Հովհաննիսյանն անշեղորեն առաջ է տանում այն միտքը, որ Օրին հայտնվում էր իրենից անկախ զարգացող, իր փորձից ու գիտակցությունից սկզբունքորեն ավելի մեծ սոցիալ-քաղաքական հարաբերությունների մեջ եւ ստիպված էր լինում վերանայել, նույնիսկ հորինել իրեն, որպեսզի ի վիճակի լիներ հարափոփոխ դասավորվածքներում առաջ տանել այն նպատակադրումները, որոնք նույնքան չէին սահմանափակվում իր անձով, որքան պայմանները, որոնցում փորձում էր իրագործել դրանք: Այնպես որ հայ քաղաքական մտքի արդիական շրջափուլն ազդարարող Օրիի գործողությունը Հովհաննիսյանը չի դիտարկում միայն նրա անձնական հատկությունների ու կարողությունների տեսակետից, այլ այս վերջինները տեսնում է սրանցից դուրս ծավալվող պատմական գործընթացների հետ փոխկապակցվածության մեջ: Ուստի, պատմական սուբյեկտի «շարժուն վիճակը» ներհատուկորեն, բայց եւ յուրովի անդրադարձնում է սոցիալ-քաղաքական հարաբերությունների շարժումը, ինչպես նաեւ փոխազդում վերջինիս հետ՝ իբրեւ այն փոխելու ուժ:

Հովհաննիսյանը պատմաբան է եւ հեղափոխական գործիչ միաժամանակ: Նրա աշխատությունների արժեքն իրավամբ հնարավոր չի լինի բացահայտել, եթե դրանք քննվեն իբրեւ համապատասխան պատմական կրթություն ստացած եւ համապատասխան մեթոդաբանություններ գործադրող սենյակային պատմաբանի տեքստեր: Այո՛, Հովհաննիսյանը կատարելապես տիրապետել է «պատմաբանի արհեստին»՝ մի քանի հին ու նոր լեզուների իմացություն, աղբյուրների բացահայտում, վավերագրերի որոշարկում եւ խմբավորում, սրանց հեղինակային պատկանելության ճշգրտման, պատմական իրադարձությունների ու թվականների վերստուգման հմտություններ, ավելին՝ քննական վերաբերմունք եւ տեսական պատրաստվածություն: Այս ամենը, ի թիվս այլոց, նա ունեցել է եւ գործադրել հմտորեն, բարեխղճորեն ու նաեւ գրավչորեն: Բայց գլխավորապես մարդկային գործունեությամբ սահմանված պատմական երեւույթների շարժման ընթացքի հանդեպ նրա զգայունությունը, ըստ ամենայնի, պայմանավորված է իր իսկ գործիչ լինելու հանգամանքով: Ընդսմին Հովհաննիսյանի տեքստերն իրենք ծավալվում են իրենց նյութի շարժմանը համընթաց․ նրա գիրն իր նյութն է՝ վերառնված գրի մակարդակ: Սա է պատճառը, որ Հովհաննիսյանի տեքստերի վերլուծությունը չի կարող սահմանափակվել «ասելիքի» քննարկմամբ՝ առանց այդ տեքստերի ծավալման դինամիկան խնդրո առարկա դարձնելու: Հովհաննիսյանի տեքստերն ընդամենը տեքստեր չեն ինչ-որ թեմայի «մասին», այլ կենդանի գործընթացներ անդրադարձնող կենդանի գործընթացներ:

Այս իրողությունն էր նկատել Հովհաննիսյանի պրոֆեսորներից Հերման Հայնրիխ Գրաուերթը, երբ գրում էր, որ նրա ավարտաճառը գրված է «պատմական կենդանի զգացողությամբ»: [14] Իսկ Հովհաննիսյանի անմիջական ղեկավար Կարլ Թեոդոր ֆոն Հայգելը հատուկ ուշադրություն էր դարձնում իր ուսանողի՝ նյութի, «աղբյուրների աղբյուրների» մեջ չափազանց խորամուխ լինելու հատկության վրա: [15] Պատմական կենդանի զգացողությունը նյութի հետ հենց այս սերտ ու կենդանի կապվածության արդյունք է, հետազոտության առարկայի եւ հետազոտողի միջեւ ներակա ու գործնական կապերի գոյության հայտաբերման ապացույց: Հովհաննիսյանի պատմագիտության մեջ թերեւս ամենահատկանշականը, այդ իսկ պատճառով, պատմական երեւույթներն իրենց ծավալման ընթացքի մեջ ըմբռնելն է, սրանց ծավալման ընթացքի առանձնահատուկ դասավորությունները գործնականում վեր հանելը:

 

Հասկանալու եւ վերագնահատելու համար Հովհաննիսյանի գործն այս անկյան տակ, հարկ է խորամուխ լինել նախեւառաջ նրա երախայրիքի մեջ, ըմբռնել վերջինիս հենքը, վեր հանել այն իրադրություններն ու գաղափարները, որոնց մեջ այն կայացել է, եղանակները, որոնցով նա իրականացրել է այդ գործը, նպատակադրումները, որոնք հետապնդել է այդ անելիս, ինչպես նաեւ դրա արդյունքները, հետագա զարգացումներն ու ճակատագիրը: Ահա այս հնարավորություններն է ընձեռում այս գիրքը, որն ունի բավական բարդ կառուցվածք:

Գրքի հիմնական մասը, բնականաբար, բուն ավարտաճառն է՝ հայերեն թարգմանությամբ եւ հանդիպադիր գերմաներեն բնագրով: Այստեղ թարգմանությունը չի զբաղեցնում բնագրի տեղն ու հայ ընթերցողից փակում բնագրին հասու լինելու հնարավորությունները: Գիրքը որքան շրջանառում է թարգմանությունը, այնքան էլ բնագիրը, եւ ընթերցողը, կարիքի դեպքում, հնարավորություն ունի միաժամանակ հետեւելու նաեւ բնագրին: Ավարտաճառի բուն տեքստին հաջորդում է վերջինիս հավելվածը՝ կրկին հայերեն թարգմանությամբ եւ հանդիպադիր բնագրով: Այս հավելվածը գլխավորապես ներառում է Մյունխենում պահվող Օրիի նամակագրությունը: Հովհաննիսյանն այստեղ ներառել է նաեւ ճիզվիտ կրոնավոր Յուդաշ Թադեուշ Կրուշինսկու՝ Օրիի մասին դեպի դրականը փոխված վկայությունը, որը գտնում ենք նրա՝ Պարսկաստանի մասին գրքի երկրորդ հրատարակությունում: Այս տեքստը Հովհաննիսյանի ձեռքին կարեւոր կռվան էր՝ հակազդելու Օրիի անձնավորության այն քննադատությանը, որն առաջադրում էր Հայգելը:

Ավարտաճառի տեքստն ունի ծանոթագրական եռաշերտ համակարգ: Տողատակում զետեղված Հովհաննիսյանի ծանոթագրություններից զատ, այն համալրված է ավարտաճառի՝ Հովհաննիսյանի անձնական օրինակում տեղ գտած աշխատանքային նոթերով եւ նշումներով, որոնք զետեղված են գրքի վերջում: Վերջիններս բացահայտում են ավարտաճառի այս կամ այն հատվածի հանդեպ Հովհաննիսյանի հետագա վերաբերմունքներն ու տեքստն ի ցույց դնում իր զարգացման աշխատանքային ընթացքի մեջ: Ծանոթագրությունների երրորդ շերտը խմբագրինն է․ բացի տեքստին վերաբերող պարզաբանումներից եւ օտարալեզու մեջբերումների թարգմանություններից, այն թույլ է տալիս ավարտաճառը համեմատության մեջ տեսնել վերջինիս զարգացման մեկ այլ հանգրվանի՝ Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության երկհատոր ուսումնասիրության հետ: Իրականում, պետք է նշել, որ Դրվագները ամբողջությամբ կառուցված է ավարտաճառի վրա․ վերջինս առաջինի ողնաշարն է, եւ Դրվագներում կան բազմաթիվ հատվածներ, որոնք գրեթե նույնությամբ վերարտադրում են ավարտաճառի տեքստի համապատասխան հատվածները: Խմբագրի ծանոթագրությունները, այսպիսով, հնարավորություն են ընձեռում ավարտաճառը տեսնել վերջինիս զարգացման մեկ այլ ընթացքի մեջ: Հովհաննիսյանի ընդմիջարկությունները եւ հատկապես խմբագրի ծանոթագրություններն առանձնակի կարեւոր են նրանով, որ ընթերցողին հնարավորություն են տալիս բացահայտել ավարտաճառում հանդիպող արդեն հնացած փաստական տվյալները, նախեւառաջ մելիքների անունից Օրիի գրած նամակների հարցը, մի հանգամանք, որն այն ժամանակ Հովհաննիսյանը դեռեւս չէր հայտնաբերել: Արդյունքում, Հովհաննիսյանի երախայրիքը հանդես է գալիս իրեն թերեւս ամենից շատ պատշաճող վիճակում․ զարգացման հարաճուն ընթացքի մեջ:

Ավարտաճառին հաջորդում է «Վավերագրեր» բաժինը, որը ներառում է չորս վավերագիր: Առաջինը Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի դեկանի նամակն է Հովհաննիսյանի պրոֆեսորներին՝ վերջինիս ավարտաճառը պաշտպանության երաշխավորելու հարցումով: Մյուս երկուսը Հայգելի եւ Գրաուերթի պատասխաններն են այդ նամակին: Պատասխան այս գրություններն արժեքավոր են, քանզի պատկերացում են տալիս, թե Հովհաննիսյանի ավարտաճառն ինչպես է ընդունվել իր պրոֆեսորների կողմից: Բոլոր երեք վավերագրերը տրված են հայերեն թարգմանությամբ: Չորրորդ եւ վերջին վավերագիրը 1955 թվականին Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայում Հովհաննիսյանի՝ դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ արտասանած ճառն է: Այստեղ նա անդրադառնում է Օրիի մասին իր ատենախոսության պատմությանը՝ սկսած ավարտաճառից եւ հնարավորություն տալիս պատկերացում կազմել, թե ինքն ինչպես է հետահայաց ըմբռնել իր երախայրիքի զարգացման ուղին ընդհուպ մինչեւ Դրվագներ, որն այլ բան չէր, քան իր դոկտորական ատենախոսությունը:

Գիրքն ամփոփում է Հովհաննիսյանի եւ նրա ավարտաճառի մասին Վարդան Ազատյանի հանգամանալից ուսումնասիրությունը, որը, արխիվային եւ այլ նյութերի տրամադրած տվյալների ներքո, քննարկում է Հովհաննիսյանի ճանապարհը դեպի իր ավարտաճառը, վերջինիս նշանակությունը նրա՝ որպես մտածող գործչի համար, հետագա զարգացումներն ու արժեքն այսօր:

Գրքի այս կառուցվածքը մտածված է այնպես, որ ընթերցողը հնարավորություն ունենա հընթացս հաղորդակից լինելու Հովհաննիսյանի ավարտաճառին ու դրա զարգացման բարդ ու հետաքրքիր ճանապարհին:

________________________
[1]  Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, հ․ 2 (Երեւան: Հայպետհրատ, 1956), էջ 596:

[2]  Հայ ժողովրդի պատմություն, հ․ 5 (Երեւան: ՀՍՍՀ ԳԱ հատարակչություն, 1974), էջ 405:

[3]  Հայոց պատմություն, հ. 3, գ․1 (Երեւան: Զանգակ-97, 2010), էջ 380: «Ազատական հոսանքի» ներսում Նալբանդյանը բնորոշվում է որպես այդ հոսանքի «հեղափոխական ժողովրդավար» ներկայացուցիչ (էջ 380-381):

[4]  Karl Theodor Heigel, “Über den Plan des Kurfürsten Johann Wilhelm von der Pfalz, die armenische Königskrone zu gewinnen (1698-1705)”, Sitzungsberichte der Philosophisch-Philologischen und Historischen Classe der K. B. Akademie der Wissenschaften zu München, (2.2) 1893, S. 273-319.

[5]  Տե՛ս Г. А. Эзовъ, Сношенiя Петра Великаго съ армянскимъ народом (С.-Петербургъ: Тип. Императорской Академiи Наукъ, 1898), стр. XIX-XLIX, հատկապես LXXXIII-LXXXIV:

[6]  Տե՛ս Ե․ Սուրենի (Սուրեն Երզնկյան), «Բոլշևիկյան պատմության մեշչանական ըմբռնման մի նմուշ», Հայարտուն, թիվ 1, 1925, էջ 153-172, Սարգիս Կասյան, Սպեցիֆիկները յեվ սպեցիֆիզմը (Թիֆլիս: Զակկնիգա, 1928), էջ 140-184, ինչպես նաեւ «ստալինյան ցուցակներում» պահվող նրա ազգայնական հանցանքների մասին պաշտոնական տեղեկանքը: Վերջինիս առցանց հրատարակությունը տե՛ս http://stalin.memo.ru/spravki/13-166.HTM - այց՝ 07․12․15:

[7]  Բախշի Իշխանեան, Յերկու ամիս բօլշեւիկեան բանտում (Գահիրէ: Յուսաբեր, 1924), էջ 22-23:

[8]  Հովհաննիսյանի բռնադատման մեջ էական դեր են կատարել հայկական սփյուռքի հետ նրա՝ մինչեւ կյանքի վերջ տեւած ամուր կապերն ու ներգրավվածությունը Հայաստանի օգնության կոմիտեի կազմակերպման գործի մեջ: Այս մասին տե՛ս Гаянэ Ахвердян и Александр Мец, «По следам путешествия в Армению О. Мандельштама: О судьбе обитателей «образцовой квартиры Вартаньянов»», առցանց հրատարակությունը՝ http://sites.utoronto.ca/tsq/38/tsq38_hakhverdyan_mets.pdf - 07․12․15:

[9]  Տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 429:

[10] Սուբյեկտի` որպես արդիական պատումի քննադատական ըմբռնման մասին տե՛ս Jean-François Lyotard, The Postmodern Condition: A Report on Knowledge, trans. by G. Bennington and B. Massumi (1979) (Minneapolis: University of Minnesota Press, 1984): Հակառակ Լիոթարի, արդիական միտքը սուբյեկտի հասկացության մեջ դրականորեն խարսխելու համար տե՛ս Jürgen Habermas, Der philosophische Diskurs der Moderne: Zwölf Vorlesungen (Frankfurt am Main: Suhrkamp, 1985): Հետարդիական իրադրությամբ առաջ եկած «սուբյեկտի մահվան» շուրջ քննարկումների համար տե՛ս Eduardo Cadava et al (eds.) Who Comes after the Subject? (New York: Routledge, 1991): Սուբյեկտի հետարդիական քննադատության հաղթահարման համար տե՛ս Alain Badiou, Being and Event, trans by O. Feltham (1988) (New York: Bloomsbury Academic, 2013), ինչպես նաեւ Slavoj Žižek, The Ticklish Subject: The Absent Centre of Political Ontology (London, New York: Verso, 1999):

[11] Աշոտ Հովհաննիսյան, Ֆրիկը պատմաքննական լույսի տակ (Երեւան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1955), էջ 5:

[12] Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ 1 (Երեւան: Հայպետհրատ, 1955), էջ 10:

[13] Աշոտ Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ․ 2 (Երեւան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1959), էջ 626:

[14] Տե՛ս Հովհաննիսյան, Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը, էջ 481:

[15] Տե՛ս Հովհաննիսյան, Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը, էջ 483:

 

 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am