| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|եւ|
հրապարակված է 28.01.2016 | անտոնիո գրամշի
անտարբերություն
Ես ատում եմ անտարբերներին նաեւ այն պատճառով, քանի որ ինձ զայրացնում է այդ հավերժ անմեղների նվնվոցը: Ես նրանցից յուրաքանչյուրից հաշիվ եմ պահանջում՝ ինչպե՞ս են կատարել նրանք այն խնդիրը, որը նրանց առջեւ դրել եւ շարունակում է ամեն օր դնել կյանքը, եւ թե ի՞նչ են նրանք արել, եւ հատկապես ի՞նչ չեն արել...


Այս հոդվածն Անտոնիո Գրամշին (1891-1937) գրել է 26 տարեկանում՝ շուրջ հարյուր տարի առաջ: Սակայն հարյուր տարի անց էլ անտարբերության հիմնախնդիրը մնում է արդիական ու հրատապ:
Նկատենք, որ անտարբերների եւ անտարբերության նկատմամբ Գրամշիի ատելությունը, ունենալով բացասական ելակետ, այդուամենայնիվ դրական հեռանկարների հնարավորություն է ենթադրում, քանի որ ուղղված է ընդդեմ հասարակության (հանրույթի) այն շերտի, որի համար գոյություն ունեցող իրականությունը բնական փաստ է եւ զուրկ է որեւէ այլընտրանքից: Այլ կերպ ասած՝ լինել մասնակից, նշանակում է լինել գործուն, կազմակերպված եւ նպատակասլաց, «օրենքների վրա հանգստանալու» փոխարեն մասնակցել տեղի ունեցող իրադարձություններին, ջարդել եւ փոխել կարծրատիպերը, լինել արարող:

Սա հիշեցնում է դեռ հազարամյակներ առաջ հույն (աթենացի) խոշոր քաղաքական գործիչ, օրենսդիր եւ բանաստեղծ, «յոթ իմաստուններից» Սոլոնի (մ.թ.ա 640/635-մոտ 559/558 թթ.) քիչ «տարօրինակ» նորամուծությունը: Համաձայն դրա՝ «Քաղաքացիական երկպառակությունների ժամանակ այն քաղաքացին, ով զենքը ձեռքին չէր միացել կողմերից որեւէ մեկին, պիտի զրկվեր քաղաքացիությունից եւ մասնակցություն չունենար պետական գործերին» (Aristote, Constitution d՛Athènes, Texteé tabliet traduit par G. Mathieuet B. Haussoullier, Paris, Belles Lettres, 1930,p. 9 [Chapitre 8]):

Այդու՝ Սոլոնը «ցանկանում էր, որ խռովության հենց սկզբից նրանք՝ [քաղաքացիները], նվիրվեին ավելի արդար գործի, եւ չսպասելով, թե հաղթանակը [հօգուտ] որ կողմի կգրանցվի, օգնեին ազնիվ մարդկանց եւ կիսեին նրանց հետ վտանգը»: (Plutarque, Vies des hommes illustres, Traduction par Alexis Pierron, Charpentier, 1853,p. 205 [Chapitre XX]): Այն է՝ Սոլոնը նման օրենքի ընդունմամբ նպատակ ուներ «արմատախիլ անել սոցիալական անտարբերությունն ու երեսպաշտությունը եւ ստիպել քաղաքացիներին ոչ միայն խոսքով, այլեւ կոնկրետ գործով պատվար դառնալ հասարակական շահին ու բարօրությանը» (Ալբերտ Ստեփանյան, Մ.թ.ա. 8-6-րդ դդ. Ատտիկան եւ Սոլոնի բարեփոխումները, Երեւան, 1984, էջ 27): Թերեւս Գրամշիի հոդվածի եւ Սոլոնի ռեֆորմի միջեւ առկա է եթե ոչ ուղղակի, ապա համակրական կապ, որի մասին ենթադրել է տալիս դեռ մեկ տարի առաջ (29 հունվարի, 1916) գրված «Սոցիալիզմ եւ մշակույթ» հոդվածում Գրամշիի անդրադարձը Սոլոնին (թեկուզ Ջամբատիստա Վիկոյի միջնորդությամբ).

«Վիկոն […] Սոլոնի հայտնի ասույթին (հետագայում Սոկրատեսի կողմից փիլիսոփայության նկատմամբ կիրառված)՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ», տալիս է քաղաքական մեկանաբնություն: Վիկոն պնդում է, որ այդ խոսքերով Սոլոնը պլեբեյներին, որոնք հավատում էին իրենց կենդանական ծագումին, իսկ ազնվականների՝ աստվածային ծագումին, կոչ էր անում խորհրդածել իրենց մասին, ճանաչել իրենց եւ ազնվականների միեւնույն մարդկային բնույթը եւ, հետեւաբար, պահանջել, որ իրենց հավասար քաղաքացիական իրավունքներ ընձեռեն: Այնուհետեւ Վիկոն պլեբեյների ու ազնվականների մարդկային հավասարության այդ գիտակցությունն ընդունում է իբրեւ անտիկ աշխարհում դեմոկրատական հանրապետության ծագման պատմական հիմք ու պատճառ» (A. Gramsci, Socialisme et culture, URL:// https://www.marxists.org/francais/gramsci/works/1916/01/gramsci_19160129.htm; (22.01.2015): Վերոհիշյալ մեջբերման վերաբերյալ տե՛ս Peter Mayo, Hegemony and education under neoliberalism: insights from Gramsci, Routledge, 2015, p. xii; Catherine H. Zuckert (ed.), Political Philosophy in the Twentieth Century, Authors and Arguments, Cambridge University Press, 2011, p. 51):
Թե՛ մեջբերված հատվածը եւ թե՛ հոդվածն ընդհանրապես ուշագրավ են այն առումով, որ Գրամշին արդեն զարգացնում է քաղաքական կամ քաղաքացիական մասնակցության հղացքը, որը սկսվում է, ինչպես նկատում է Ջոզեֆ Բաթգիգը (Joseph Buttigieg), «ինտելեկտուալ արտացոլումից, որը թույլ է տալիս անհատականությանը ձեռք բերել ինքնագիտակցություն (selfawareness) եւ շրջապատի հետ իր հարաբերության հասկացում» (Joseph Buttigieg, Antonio Gramsci: liberation begins with critical thinking, in Catherine H. Zuckert (ed.), op. cit., p. 51): Հղացք, որը յոթ ամիս անց արդեն կզարգացվի «Անտարբերություն» (ի դեպ՝ 1916 թ. գրված այդ հոդվածի հիման վրա է գրված և ստորև ներկայացվող թարգմանությունը, որը հրատարակվել է 1917 թ. փետրվարի 11-ին) եւ մի շարք այլ հոդված(ներ)ում:

Ոչ պակաս կարեւոր է այն հանգամանքը, որ Գրամշին ստացել է բանասիրական կրթություն (տե՛ս Л. Ломбардо-Радиче, Дж. Карбоне, Жизнь Антонио Грамши, М., Изд-во Инностранной литературы,1953; B. G. Fiori, Antonio Gramsci. Life of a Revolutionary, London; New York: NLB; E. P. Dutton, 1970) եւ, բացի այդ, մեծ հետաքրքրություն է ունեցել պատմության նկատմամբ (տե՛ս Benedetto Fontana, Logos and Kratos: Gramsci and the Ancients on Hegemony, Journal of the History of Ideas, Vol. 61, No. 2 (Apr., 2000), pp. 305-326: Բենեդետտո Ֆոնտանայի հոդվածում Սոլոնի դեպքը եւս քննարկվում է):
Ամեն դեպքում, թե՛ Սոլոնի, թե՛ Գրամշիի մոտ կարեւորվում էր հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցության, պարտքի զգացման բարձրացումը:
Եվ ի վերջո, «լինել մասնակից» նշանակում է լինել մասնակից Պատմությանը:
                                                                                                 
  Ս. Հ.
  
© Թարգմանությունը ֆրանսերենից, առաջաբանը եւ ծանոթագրությունները՝ Սմբատ Հովհաննիսյանի (ֆրանսերեն տեքստը տե՛ս Antonio Gramsci, Je hais les indifférents/Traduit de l’italien par Olivier Favier, URL://http://dormirajamais.org/gramsci/; 15.01.2016)): Թարգմանությունն իրականացրել եմ իտալերեն բնագրի հետ համեմատությամբ (տե՛ս Antonio Gramsci, L’indifferenza, URL://https://www.marxists.org/italiano/gramsci/17/cittafutura.htm#c; 15.01.2016): Օգտվել եմ նաեւ անգլերեն (Antonio Gramsci, I hate the indifferent/ Translated from Italian by Giovanni Tiso, URL:// https://overland.org.au/2013/03/i-hate-the-indifferent/; 15.01.2015) եւ ռուսերեն (Грамши А. Равнодушные // ГрамшиА., Избранные произведения / пер. ситал.; под общ. ред. И. В. Григорьевой и др.; вступ. ст. Г. П. Смирнова; прим. И. В. Григорьевой, К.Ф. Мизиано. – М.: Политиздат, 1980, с. 21–23) թարգմանություններից:




Ատում եմ անտարբերներին. ինչպես Ֆրիդրիխ Հեբբելը [1], հավատում եմ, որ «ապրել, նշանակում է լինել մասնակից»: Չեն կարող գոյություն ունենալ ուղղակի մարդիկ՝ քաղաքից [2] դուրս: Նա, ով հիրավի ապրում է, չի կարող չլինել քաղաքացի, չի կարող չլինել մասնակից: Անտարբերությունը կյանք չէ, այլ անկամություն է [3], մակաբուծություն, վախկոտություն: Ուստիեւ ատում եմ անտարբերներին:

Անտարբերությունը պատմության մեռած բեռն է։ Այն արճճե գնդակն է նորարարի համար, անտարբեր նյութը, որում հաճախ խորտակվում են ամենապայծառ խանդավառությունները: Դա ճահիճ է՝ հին քաղաքը շրջապատող եւ նրան ավելի լավ պաշտպանող, քան ամենաամուր պատերը, քան ռազմիկների կրծքերը, քանի որ այն գրոհայիններին ներքաշում է իր տղմոտ ճահիճը, տասանորդում [4] եւ վհատեցնում է նրանց՝ երբեմն ստիպելով հրաժարվել հերոսական ձեռնարկումից: Անտարբերությունը գործուն ուժ է պատմության մեջ: Այն գործում է կրավորաբար, բայց գործում է: Ճակատագիրն է հենց այն, ինչի վրա չի կարելի հույս դնել, ինչը կործանում է ծրագրերն ու զգետնում լավագույն նախագծերը. բիրտ նյութն է՝ բանականության դեմ ընդվզող եւ բանականությունը խեղդող: Այն, ինչը տեղի է ունենում, կա՛մ չարիքն է, որը թափվում է բոլորի վրա, կա՛մ հնարավոր բարիքը, որը կարող է ծնունդ տալ հերոսական գործողության (համընդգրկուն նշանակության)՝ կախված ոչ այնքան այն քչերի ձեռնարկումից, որոնք գործում են, որքան մեծամասնության անտարբերությունից, գործալքումից (absentéisme) [5]: Այն, ինչը տեղի է ունենում, տեղի է ունենում ոչ այնքան այն պատճառով, որ ոմանք դա են ուզում, որքան այն, որ մարդկանց զանգվածը հրաժարվում է իր կամքից, թույլ է տալիս գործել, հյուսել հանգույցներ, որոնք հետո միայն սուրը կարող է կտրել, թույլ է տալիս հրատարակել օրենքներ, որոնք հետո միայն ապստամբությունը կստիպի չեղարկել, թույլ է տալիս իշխանության հասնել մարդկանց, որոնց միայն խռովությունը կարող է զգետնել: Ճակատագրականությունը, որը կարծես տիրում է պատմությանը, ոչ այլ ինչ է, քան հենց այդ անտարբերության, այդ գործալքումի խաբուսիկ արտաքին ծածկույթը: Իրադարձությունները հասունանում են ստվերներում, ոչ շատ մարդկանց ձեռքերում, որոնք գտնվում են ամենայն հսկողությունից դուրս, հյուսում են կոլեկտիվ կյանքի գործվածքը, եւ զանգվածը արհամարհում է, քանի որ դրա համար նա չի անհանգստանում: Դարաշրջանների ճակատագրերը ձեռնածության են ենթարկում համաձայն նեղ տեսլականների, անմիջական նպատակների, փոքրիկ ակտիվ խմբերի հավակնությունների եւ անձնական կրքերի, եւ զանգվածը արհամարհում է, քանի որ դրա համար նա չի անհանգստանում: Բայց իրադարձությունները, որոնք հասունացել են, թափվում են: Ստվերում հյուսված գործվածքն իր լրմանն է հասնում, եւ այդժամ թվում է, թե ճակատագիրն է, որ գլխիվայր է շուռ տվել ամեն-ամեն ինչ, որ պատմությունը բնության վիթխարի երեւույթ է, ժայթքումը, երկրաշարժը, որի զոհերը բոլորն են՝ ե՛ւ նա, ով սա էր ուզում, եւ նա՛, ով սա չէր ուզում, ով գիտեր եւ ով չգիտեր, ով ակտիվ էր եւ ով անտարբեր էր: Եվ վերջինս ցասնում է, քանի որ կուզենար խուսափել հետեւանքներից, կուզենար, որ պարզ դառնա, որ ինքը դա չէր ցանկանում, որ պատասխանատվություն չի կրում: Ոմանք աղիողորմ նվնվում, ոմանք էլ անպարկեշտորեն կշտամբում են, բայց ոչ ոք կամ գրեթե ոչ ոք հարց չի տալիս՝ իսկ եթե ես էլ իմ պարտականությունը կատարեի, եթե ես էլ փորձեի իմը պնդել, ստիպեի լսել իմ խորհուրդը, ապա այդ ժամանակ կպատահե՞ր այն, ինչը պատահեց: Ոչ ոք կամ գրեթե ոչ ոք մեղք չի համարում սեփական անտարբերությունը, կասկածամտությունը, օգնության ձեռք մեկնելուց եւ աջակցելուց հրաժարումը քաղաքացիների այն խմբին, որոնք պայքարել են հատկապես այն բանի համար, որ թույլ չտան չարիքի կայացումը, ձգտել են հենց նրան, որ բարիքի հասնեն:

Այդպիսի մարդկանց մեծ մասը, ընդհակառակը, երբ արդեն ամեն ինչ իրականացել է, նախընտրում են դատողություններ անել գաղափարների կործանման մասին, ծրագրերի եւ այլ համանման հաճելի բաների վերջնական ջախջախման մասին: Այդպես նրանք շարունակում են խուսափել ամենայն պատասխանատվությունից: Եվ բոլորովին էլ ոչ նրա համար, որ նրանք գլուխ չեն հանում տեղի ունեցածից կամ ի վիճակի չեն երբեմն առաջադրել ամենահրատապ խնդիրների գերազանց լուծումներ, կամ այնպիսի խնդիրների, որոնք իրենց լուծման համար թեպետ պահանջում են ավելի լուրջ պատրաստվածություն եւ ժամանակ, այդուհանդերձ անհետաձգելի են: Սակայն այդ լուծումները մնում են գերազանցապես անպտուղ, եւ կոլեկտիվ կյանքում այդ ներդրումը չի վերակենդանանում բարոյական եւ ոչ մի լույսից. այն բանական հետաքրքրասիրության արդյունք է, այլ ոչ թե պատմական պատասխանատվության սուր զգացումի, որը պահանջում է բոլորից կյանքում ակտիվ լինել, թույլ չտալ որեւէ անճանաչականության (agnosticisme) [6] եւ որեւէ անտարբերության տեսակ:

Ես ատում եմ անտարբերներին նաեւ այն պատճառով, քանի որ ինձ զայրացնում է այդ հավերժ անմեղների նվնվոցը: Ես նրանցից յուրաքանչյուրից հաշիվ եմ պահանջում՝ ինչպե՞ս են կատարել նրանք այն խնդիրը, որը նրանց առջեւ դրել եւ շարունակում է ամեն օր դնել կյանքը, եւ թե ի՞նչ են նրանք արել, եւ հատկապես ի՞նչ չեն արել: Ընդ որում՝ ես զգում եմ, որ կարող եմ անողոք լինել, որ ես չպետք է վատնեմ իմ կարեկցանքը, չպետք է նրանց հետ արցունք թափեմ:

Ես մասնակից եմ, ես ապրում եմ, ես զգում եմ արդեն՝ իմ զինակիցների առնական գիտակցությունների մեջ ինչպես է բաբախում ապագա քաղաքի աշխատանքը, որն իմ զինակիցներն են կառուցում: Եվ այնտեղ սոցիալական կապը կախված չի լինելու միայն քչերից: Այնտեղ կատարվող ամեն մի բան պատահականության, անխուսափելիության արդյունք չէ, այլ խելամիտ քաղաքացիների գործն է: Այնտեղ չեն լինի այնպիսիք, որոնք պատուհանից կնայեն, թե ինչպես են քչերը, արյուն թափելով, զոհաբերում իրենց: Եվ նա, ով դարանակալելով մնում է պատուհանի թիկունքում, ցանկանում է օգտվել փոքր բարօրությունից, ինչը քչերի գործունեության արդյունքն է, եւ իր հիասթափությունն է արտահայտում, որպեսզի հարձակվի նրանց վրա, որոնք զոհաբերել են իրենց, արյուն են թափել, քանի որ ձախողվել են իր դիտավորությունները:
Ես ապրում եմ եւ մասնակից եմ։ Ուստի ատում եմ նրանց, որոնք չեն մասնակցում. ես ատում եմ անտարբերներին:

11 փետրվարի, 1917

 

________________________

[1]Ֆրիդրիխ Հեբբել (Friedrich Hebbel, 1813-1863) – Գերմանացի բանաստեղծ եւ դրամատուրգ: Մեջբերված հատվածը Ֆրիդրիխ Հեբբելի՝ 1912 թվականին իտալերենով հրատարակված օրագրից է, ավելի կոնկրետ՝ «Հոգու մշակույթ (Culturadell’anima)»-ից. «Ապրել, նշանակում է լինել մասնակիցներ» (vivere significaes ser partigiani): Գրամշիի մոտ (իտալերեն բնագրում) մեջբերումն այլ է՝ «vivere vuol dire essere partigiani», բայց նույն իմաստով (բնագրում «vuol dire (նշանակել, նշանակություն ունենալ)»-ը Գրամշիի մոտ փոխվել է «significa (նշանակել, նշանակություն ունենալ)»-ի): Հայերեն թարգամանության մեջ նախընտրեցինք «partigiani» հոգնակի թվով դրված բառը թարգմանել եզակի թվով՝ «մասնակից», այլ ոչ թե «մասնակիցներ» (ինչպես իտալերեն բնագրում եւ ֆրանսերեն թարգմանության (տե՛ս Antonio Gramsci, Je hais les indifférents/Traduit de l’italien par Olivier Favier, URL://http://dormirajamais.org/gramsci/; 15.01.2016) մեջ է: Անգլերեն եւ ռուսերեն թարգմանություններում եւս նախընտրել են եզակի թվով տարբերակը:

[2] Քաղաք (cité) – Գրամշիի կողմից կիրառված «քաղաք» բառը (իտալերենում՝ La città) թերեւս կարելի է թարգմանել եւ «հանրույթ, հասարակություն», ինչպես վարվել է ռուսերնի թարգմանիչը՝ թարգմանելով այն «общество» (տե՛ս А. Грамши, Указ. соч., с. 21): Նկատենք, որ անգլերենի թարգմանիչը եւս թարգմանել է «քաղաք» (city): Թերեւս բառի մեջ ներառված է հին հունական եւ հին հռոմեական պատկերացման (հասարակական համակեցության մի տեսակ, համաձայն որի՝ «քաղաքը» (պոլիսը) ոչ թե քաղաքի պատերն են, այլ մարդիկ, քաղաքացիական համայնքը) ավելի ընդլայնված-վերաիմաստավորված տարբերակը, որտեղ «քաղաքն» արդեն համահունչ է ե՛ւ «հանրույթին, քաղաքացիությանը», ե՛ւ «համամարդկայինին»:

[3] Ֆրանսերեն բնագրում՝ «aboulie» (իտալերենում եւս՝ «è abulia»), այն է՝ «աբուլի(յա)» (հին հուն.՝ἀ- ժխտական մասիկ եւ βουλή — կամք, այսու՝ «անկամություն, անվճռականություն»), որը հոգեբանական սինդրոմ է (նյարդաբանության եւ հոգեթերապիայի եզրույթ), որը նշանակում է կամքի բացակայության հոգեբանական վիճակը, որի դեպքում հիվանդն անընդունակ է գործողություններ կատարել, որոնց անհրաժեշտությունը գիտակցում է, բայց անկարող է անհրաժեշտ վճիռ կայացնել:

[4] Տասանորդում (décime) - Բառը ծագում է լատիներեն «decimatio»-ից (decimus — «(յուրաքանչյուր) տասներորդը»): Հռոմեական բանակում կարգապահական պատժի տեսակ էր՝ յուրաքանչյուր տասներորդի մահապատիժն ըստ վիճակահանության: Այն է՝ պատիժը կրող ստորաբաժանումը բաժանվում էր տաս հոգանոց խմբերի, եւ վիճակահանության միջոցով որոշվում էր, թե ով պետք է ենթարկվի մահապատժի (ինչն էլ իրականացվում էր քարկոծման կամ փայտերով հարվածների միջոցով՝ մնացած ինը զինվորների կողմից)։ Առնչակցվում է նաեւ «տասանորդ» (իտալերեն՝ decima) հարկատեսակի հետ, որը ենթադրում էր ստացված եկամտի տասներորդ մասը (տրամաբանությունը նույնն է, մի դեպքում՝ վերացնում են, մյուսի դեպքում՝ վերցնում):

[5] Absentéisme-ը կարելի էր թարգմանել «անմասնակցություն», քանի որ Գրամշին բազմիցս շեշտադրում է «մասնակցության» կարեւորությունը: Այստեղ նախընտրեցինք թարգմանել «գործալքում»՝ ելնելով համատեքստից, որտեղ խոսվում է «գործից», «պատասխանատվությունից» (եւ այլնից) խուսափելու մասին: Հատկապես նկատի ունենալով այն, որ թե՛ ֆրանսերենում եւ թե՛ իտալերենում (assenteismo) բառի երկրորդային իմաստներն են «գործալքում»-ը, «պարապուրդ»-ը: Իսկ բառացի նշանակում է «բացակայականություն»:

[6] Անճանաչականություն (agnosticisme) - փիլիսոփայական ուսմունք (հին հուն.՝ ἄγνωστος՝ անճանաչելի բառից), որը վերաբերում է Աստծո, օբյեկտիվ աշխարհի եւ ճշմարտության՝ լիովին կամ մասնակի կերպով անճանաչելի լինելուն։ Ավելի գործածական է «ագնոստիցիզմ» տարբերակը:

 

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am