| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
հրապարակված է 21.06.2015 | գայանե պապիկյան
կամք առ կյանք
Վերջին շրջանի Գյումրիի ժամանակակից արվեստի իրականության մեջ այս ցուցահանդեսը առանձնահատուկ էր եւ կարեւոր իր թե մասշտաբով, գաղափարական բազմազանությամբ, եւ թե ոճական, միջոցների ու մասնակիցների քանակով:


Հայոց Մեծ եղեռնի հարյուր ամյակին նվիրված մշակութային միջոցառումներով, ցուցահանդեսներով հագեցած էին եւ Երեւանը, եւ Գյումրին, ինչպես նաեւ Հայաստանից դուրս` հայաշատ բազմաթիվ քաղաքներ: Միջոցառումների շրջանակներում տարատեսակ հայացքներով, արարքներով, միջոցներով մեկնաբանվեց հայոց ցեղասպանությունը: Սակայն, այս ամենի հարացույցում թե իր բնույթով, եւ թե ծավալով, աչքի ընկավ ապրիլի 24-ից երկու օր առաջ Գյումրիի "Ստիլ" սրահում Արման Գրիգորյանի եւ Վահագն Ղուկասյանի կողմից նախաձեռնած "Կամք առ կյանք" ցուցահանդեսը:



Ցուցահանդեսի հիմնական հղացքը, թերեւս, ամփոփված է եւ ընթեռնելի վերնագրի մեջ`"Կամք առ կյանք", կամք` կյանքի նկատմամբ, ապրելու նկատմամբ: Կամք, որը տրված է առհասարակ մարդուն եւ որը առավելապես բնորոշ է հայ ժողովրդին իր գոյության պահպանման համար: Այս դեպքում արդեն վերածնված հայի, Հայաստանում եւ ոչ Հայաստանում ապրող հայի կամքն է առ կյանք, առ գոյություն, հայ` ով 100 տարի անց, ունի արարելու ունակություն, ուժ եւ հավատ, որն էլ ապրեցնում է հայերին:







Հենց արվեստով վերածնվելու, կյանքն առաջ տանելու ձգտումը, արվեստային նախագծերով, արարքներով, նախաձեռնություններով արհավիրքներին, աղետներին սոցիալ-քաղաքական ցնցումներին (Հայոց Մեծ եղեռնից բացի նկատի ունենալով առաջին հանրապետության ստեղծումը, խորհրդային նախագիծը եւ դրա ավարտը, չմոռանանք նաեւ բնական աղետը եւս) դիմակայելու, եւ իրականությունը (թե ֆիզիկական եւ թե արվեստային) շարունակելու միտումը բնորոշ է Հայաստանին` հատկապես Գյումրին: Ու պատահական չէր, որ հենց Գյումրին 90-ականներին հանդիսացավ արվեստով վերակենդանացվելու այն տարածքը, որտեղ անցկացվեց Հայաստանի ժամանակակից արվեստի կարեւոր ֆորումներից մեկը` միջազգային բիենալեն: Հենց բիենալեները դարձան այն հարթակը, որտեղ տարիներ շարունակ ցուցադրվել են այն արվեստագետներն, ովքեր հանդիսացել եւ շարունակում են հանդիսանալ Հայաստանի ավանգարդ արվեստի կարելի է ասել հիմնասյուները: Ու գրեթե այդ նույն արվեստագետներն էին, որ մասնակցություն ունեցան "Կամք առ կյանք" ցուցահանդեսում: Գյումրիից ներկայացված էին հիմնականում տարբեր բիենալեների եւ արվեստային բազմաթիվ նախագծերի մասնակից եւ նախաձեռնող երիտասարդ սերնդի արվեստագետները:



Նշենք` որ որոշ գործեր մինչ "Կամք առ կյանք"-ն արդեն ցուցադրված եղել են, այլ ցուցադրություններում, սակայն աշխատանքների գրեթե մեծ մասը կատարված էր կոնկրետ այս ցուցահանդեսի համար:



Այժմ, ասվածի մասին խոսենք գործերի մակարդակով:

Ուրեմն` սկսենք, թերեւս, դրսից, որտեղ ցուցասրահի պատուհանից, հեռուստացույցի միջից դեպի փողոց են նայում կնոջ աչքերը: Սա Աննա Բարսեղյանի " Անվերնագիր 2" գործն է, որը Գյումրիի առաջին բիենալեի ժամանակ (1998թ) ցուցադրված Աննայի "Դիտող աչք" վիդեո-ինստալացիայի վերամշակումն էր:



Ցուցասրահից դեռ ներս չմտած, աչքի է ընկնում առաջին հարկից երկրորդ հարկ տանող հենց աստիճանների վրա պատկերված դիմանկարը: Մի փոքր ուշադիր նայելուց հասկանալի է դառնում, որ դա Կոստան Զարյաննի դիմանկարն է, ով 1914 թվականին Պոլսում նեո-հեթանոսական շարժմանը ներգրավված հայտնի մտավորականներ ` Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի եւ Ահարոն Ծատուրյանի հետ միասին հիմնել է «Մեհեան» հանդեսը: Գրաֆիտիներ աստիճանների վրա այն էլ ցուցասրահի ներսում Գյումրիում դեռ չէր ցուցադրվել, սակայն երիտասարդ Հարություն Ալեքսանյանը զբաղվում է հենց այս ոճով եւ սա իր առաջին փորձը չէր նման դիմանկարներ ստեղծելու:



Առաջին հարկում ներկայացված էին Արթուր Սարգսյանի ցույցեր ու զանգվածային բողոքի այլ տեսարաններ պատկերող "Ապացուցման նյարդ" աշխատանքը եւ Դիանա Հակոբյանի "Ես կարող էի լինել հերոս" գործերը, որը ինչպես Դիանայի այլ նմանատիպ գործերը համակարգչային ծրագրով մշակված լուսանկարների վերախաղարկումներ են: Տվյալ աշխատանքում` ժամանակակից քաղաքի վրայով, մեծ արագությամբ դեպի հանդիսատեսն է սլանում "մեր ժամանակի հերոսուհին"`աղջիկը: Սակայն ինչպես վերնագրի "կարող էի" մասնիկն է հուշում նրա սխրանք կատարելու, հերոս լինելու կարողությունը հարցականի տակ է դրված:



Վահագն Ղուկասյանի գործը չորացած ծաղիկների ստվերներ պատկերող չորս կտավներ են: Կտավների միջեւ թողնված է որոշ հեռավորություն: Գործը "Ստվերներ" շարքից է: "Կամք առ կանք"-ին ներկայացված "100 տարվա ստվերներ" աշխատանքը կատարված է հատուկ այս նախագծի համար: Կտավների միջեւ թողնված հորիզոնական եւ ուղղահայաց հեռավորությունը, ինչը մասնատում է գործը, ինքնին շատ խորհրդանշական է: "Ստվերների շարքը, որ անում էի հենց սկզբից էլ ռեալ կյանքի, օրվա ժամի, կոնկրետ րոպեի եւ վայրկյանի, շարունակվող կյանքի, այսինքն` փոփոխական ու առաջ գնացող կյանքի մասին է: Իմ համար ստվերը լույսի խորհրդանիշ է, այսինքն` որովհետեւ կա արեւ, դրանից է ստվեր առաջանում: "100 տարվա ստվերը" դա իմ ուղերձն է ամբողջ աշխարհին, որ հիմա` 2015 -ին 100 տարի անց, մենք ապրում ենք ու կանք.. Ինքը լինելով կյանք խորհրդանշող գործ, մասնատված է, այսինքն` նկարը հեռվից ընդհանուր է, բայց ինքը իրականության մեջ մեր ազգի նման է, մենք հայ ենք ունենք հայրենիք, բայց մասնատված ենք":

Ինչպես միշտ Էներգետիկ լարվածությամբ եւ հագեցվածությամբ լի էր Մոկո (Մարիամ Խաչատրյան)-ի գործը, որը վերացական արվեստի լեզվով, մեծաչափ կտավի սեւ ֆոնի վրա համաձուլված էքսպրեսիվ գունաբծերով շոշափում է, թե՛ բացասական, եւ թէ՛ դրական գաղափարական, հոգեբանական ֆիզիոլոգիական ներիմաստներ: Մոկոն մի քանի տարի է, ինչ ապրում է Հայաստանում, եւ ինչպես ցանկացած հայ մարդ եւ արվեստագետ նա եւս անտարբեր եւ անմասն չէր կարողացել մնալ եղեռնին նվիրված ցուցահանդեսին մասնակցելուց: Ինչպես այս, այնպես էլ Մոկոյի գրեթե բոլոր գործերը իրենց մեջ կրում են տրագիզմ, մարդկային գոյության, ենթագիտակցական վախերի զգացողություններ: Ինչպես արվեստագետն ինքն է նշում "ցանկացած հայ մարդ ակամայից գենետիկորեն կրում է իր մեջ եղեռնի այդ տրագիկ հոգեբանությունը, սակայն բոլոր գործերում կա լույս եւ հավատ":



Արման Գրիգորյանի "Պատմությունը սովորեցնում է" հայկական փոփ-արթ ոճով կատարված գործը հատուկ "Կամք առ կյանք" ցուցահանդեսի համար է մտածված: Նկարում մերկ ֆիգուրները, պատկերված են Երեւանի Հանրապետության հրապարակում, այն հրապարակում, որն ըստ Թամանյանի մտահղացմամբ պետք է խորհրդանշեր վերածնվող հայ ազգը: Մերկ այդ կերպարները պատկերասրահի պատին գրում են "Պաշտպանել ապրող կյանքը", որն ըստ արվեստագետի պետք է հասկանալ որպես արվեստի եւ ստեղծագործական գործունեության հենց բուն իմաստը: Արմանը իր այս աշխատանքով, կապ է ստեղծել նաեւ ցեղասպանության թանգարանում ցուցադրվող Ժանսեմի գեղանկարչական պատկերների հետ:

Որոշակիորեն հայակական փոփ-արթին բնորոշ արտահայտչամիջոցներ (ուրվագծային ֆիգուրներ, վառ արդյունաբերական գույներ, տեքստային հատված, ծորացող ներկեր) տեսանելի էին նաեւ Վահագն Համալբաշյանի "Ձգողականություն" աշխատանքում: Համալբաշյանն իր գործերում կարեւորում է կոնկրետ ուղերձը: "Ընդհանուր առումով գործը աշխարհի մասին է, ընդհանուր ասելիքը նրանում է, որ աշխարհի ցանկացած կետում կատարվող դեպքը կարեւոր է եւ կապված է ամբողջի հետ եւ պետք չէ համարել, որ մեկը մյուսից ավելի կամ պակաս կարեւոր է":

Դավիթ Կարեյանի աշխատանքները հինգ տարբեր վերնագրերով`"Մթից հերքված պատկերներ", "Հեռու ու ավելի հեռու", "Այնտեղ ուր միայնությունն է աճում", "Օրեցօր հեռացող բնություն" "Ճանապարհներ տեսնող քանի" միմյանցից անկախ, բայց իրար լրացնող վեցանկյուն մակերեսին տեղակայված պատկերներ են: Ընդհանրապես Կարեյանի գաղափարները եւ տվյալ աշխատանքների հղացքը հասկանալու փորձը ուղղակիորեն տանում է մեզ «Նոր տեղականություն» նախագիծ: Մեջբերենք նախագծի եւ իր գործերի մասին հենց Դավիթի մտքերը:

«…Նոր տեղակայնություն» նախագիծը միտված է բացահայտել ժամանակակից մարդու ինքնությունը մշակույթային գլոբալացման, տեխնիկական հեղափոխությունների ու կենսաբանական խեղումների դարաշրջանում: Այն բաղկացած է իրարից անկախ եւ միմյանց լրացնող մի շարք կտավներից: Վեցանկյուն մակերեսին տեղակայված պատկերները համակարգչային ծրագրերով ստեղծված թվային անիմացիաներ են, որոնք վերարտադրվել են կտավին յուղաներկով: Համակարգչի միջոցով վերացական արվեստի ինքնավարությանը միացնելով սյուրռեալիստական ինքնաբերության սկզբունքը, ավելացնելով պոպ-արտի արդյունաբերական գեղագիտությունը` ես ձգտում եմ գտնել գեղանկարչության նոր հեռանկարներ":

Լեւոն Ֆլջյանը այս ցուցահանդեսին ներկայանում է իր փոփ-արթային "պիկսելներով", "Հիշողություն 1", " Հիշողություն 2", " Հիշողություն 3": Առաջին կտավում`քաղաքային տեսարան է, որտեղ պատկերված է հին մակնիշի ավտոմեքենա, մյուս կտավում եւս փողոցի հատված է, բայց արդեն ձիակառքի պատկերով, իսկ երրորդում ավելի մեծացված (կտավի ամբողջ մեծությամբ) նորից հին մակնիշի մեքենայի դրվագ է: Դրանք հիշողության մեջ դրոշմված մտապատկերային դրվագներ են, որոնք կապված են Գյումրի-Լենինական կարոտախտի հետ, եւ պատահական չէ, որ ուղղակի համարակալված են թվերով: Գործը արվեստագետի "Պիկսել 3" նախագծից մի հատվածն է:

Կարեն Բարսեղյանի "Հայկական ջինս" գործը իրենից ներկայացնում է կտավի վրա փակցված տարբեր ջինսերի քառակուսի կտորներ, որոնց վրա պատկերված են տարբեր դիրքերով կանանց եւ տղամարդկանց մերկ ֆիգուրներ: Քսաներորդ դարից զանգվածայնորեն տարածված հագուստը` ջինսը միանգամից ասոցացվում է արեւմուտքի աշխատավորների պայքարի հետ, սակայն, որն այս դեպքում ապակոնտեքստայնացված է, ստանալով արդեն "հայկական" ածականը:

Սարգիս Հովհաննիսյանի ինստալացիան բաղկացած է տարբեր թերթերից հավաքված ուղղահայաց դասավորված երեք հարթություններից` մարմնավորված "ինֆորմացիոն պատերից", իսկ դրանց միջեւ եղած տարածության մեջ իջնում են, թերթերով պատրաստված թռչուններ: Հեղինակի մտահղացմամբ սրանք մարմիններ են տարածության մեջ, որոնք կրում են քաղաքական ինֆորմացիա: Տվյալ դեպքում տեղեկատվական աղբյուրը տպագրված տեքստերն են` թերթերը: Թռչուններից մեկն ամբողջովին սպիտակ էր , ըստ հեղինակի "…սպիտակ թռչունը հանդիսատեսի ազատ ընկալումն է, ինչպես նաեւ այն, որ ամեն մարդ իր պատմությունը սկսում է մաքուր էջից…":

Տիգրան Խաչատրյանի "9-ը հարկանի շենք" վիդեո-արտում, երեք մասի բաժանված էկրանի մի հատվածում շենքի պատկերն է, բնության տեսարանը, իսկ մյուսում` հեղինակի մեծ մայրն է, ով զրույցի միջոցով, հիշում է դրվագներ, եւ մանրամասն պատմում իր ծնողների, հատկապես հոր կյանքի պատմությունը, կապված 30-ականների բոլշեւիկյան իշխանության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետ: Վիդեոն ավելի շուտ դիտվում է որպես փաստագրական նյութ, որը այսօր մեծ տարածում ունի Ժամանակակից արվեստում:



Սոնա Պալասանյանի "Մայրիկ"-ը Արշիլ Գորկու "Նկարիչը ու իր մայրը" նկարի յուրահատուկ մեկնաբանությունն է: Վիդեոյում սկզբում ամբողջ էկրանին երեւում է Գորկու մոր սեւ ու սպիտակ դեմքը: Մի քանի րոպե դիմապատկերը ֆիքսվում է, այնուհետեւ աննկատելիորեն դիմագծերը սկսում են ձուլվել սպիտակ ֆոնին, որից արդեն նկատելի է մեկ այլ պատկեր` փոքրիկ տղան կանգնած է մահացած մոր մահճակալի կողքին:

"Կամք առ կյանք"-ում, իրենց մասնակցությունը ցուցաբերել Հերիքնազ Գալստյանը իր յուրահատուկ էթնո-ավանգարդ ոճով արված Սայլ աշխատանքով, Սեւը (Հենրիկ Խաչատրյան) իր Գյումրիի 8-րդ բիենալեի ժամանակ կատարած փերֆորմանսի արդյունք-աշխատանքով, Քիքին (Գրիգոր Միքաելյան) նույն ժամանակ կատարած փերֆորմանսից ստացված "Բոբո"-ով, Արարատ Սարգսայնը իր սեւ ու սպիտակ դաշտով ,Ազատ Սարգսյանը "Կյանքի ծաղիկ" եւ Աշոտ-Աշոտը "Afactum" գործերով, ինչպես նաեւ Սարգիս Համալբաշյանը, Թենի Վարդանյանը եւ ուրիշներ:



Ինչպես ցուցահանդեսի հղացքում է նշված`"Կամք առ կյանք" ցուցահանդեսը մի յուրահատուկ հնարավորություն է ժամանակակից արվեստի ստեղծագործությունների միջոցով ներկայացնել հայ ժողովրդի կենսահաստատ ու ստեղծագործական մոտեցումը իր անցյալի հանդեպ":  Վերջին շրջանի Գյումրիի ժամանակակից արվեստի իրականության մեջ այս ցուցահանդեսը առանձնահատուկ էր եւ կարեւոր իր թե մասշտաբով, գաղափարական բազմազանությամբ, եւ թե ոճական, միջոցների ու մասնակիցների (43 մասնակից) քանակով:


 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am