| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ռեւիզոր|
հրապարակված է 05.06.2015 | իմմանուել կանտ
պատասխան հարցին․ ի՞նչ է լուսավորականությունը
Եթե ես խելք սովորեցնող մի գիրք ունենամ, խիղճ ունեցող մի հոգեւորական, դիետ առաջարկող մի բժիշկ, կարիք չեմ ունենա ինքս չարչարվելու։ Չպետք է մտածել այնտեղ, ուր կարող եմ միայն վճարել՝ այդ ձանձրալի գործն ուրիշներն արդեն վերցրել են ինձանից։

 

Իմմանուել Կանտի այս փոքրիկ, բայց ծրագրային տեքստը լուսավորականությունը սահմանում է որպես ելք այն վիճակից, երբ մարդն իր խելքի օգտագործումն իրականացնում է ուրիշի ղեկավարությամբ: «Խելքը» կամ «հասկացողությունը» (Verstand) Կանտը ըմբռնում է որպես փորձն ու դրա առարկան հնարավոր դարձնող ունակություն, որը, ըստ Կանտի, իր հերթին կարգավորվում է բանականությամբ (Vernunft): Բանականությունը Կանտը սահմանում է նախևառաջ իբրեւ փորձով սահմանված պայմաններից անդին անցնելու ունակություն, ըստ այդմ՝այն  կապվում է ազատության (ներառյալ՝ դրան զուգակցվող թյուրիմացություններն ու հակասությունները) եւ հանրայինի հետ: Կանտը գտնում է, որ բանականության հանրային օգտագործման մեջ է դրսեւորվում դրա կոչումը՝ հակառակ բանականության մասնավոր օգտագործման, երբ իմացությունն ու մտածումը վերածվում են փորձագիտության ու ենթարկվում ծառայողական նպատակների, ինչի արդյունքում բանականությունը պարփակվում է փորձի սահմանների ներսում ու դավաճանում իր իսկ կոչմանը՝ փորձի սահմաններից անդին անցնելը: Հետաքրքրական է, որ հանրայինը Կանտի մոտ հանդես է գալիս սահմանափակ փորձի ներսում հենց այդ նույն փորձի սահմանափակությունն անցնելու հնարավորություն:

Տեքստը գերմաներենից թարգմանեց Աշոտ Ոսկանյանը: Թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել հետեւյալ հրատարակությամբ․ Աշոտ Ոսկանյան (խմբ․), Հայաստանը Եվրոպայի ճանապարհին (Երեւան: Անտարես, 2005), էջ 141-148: Արտերիայի այս հրատարակության համար թարգմանիչը տեքստը վերանայել է՝ բնագրի հետ համեմատությամբ: Տեքստը թվայնացրեց Նարե Հովհաննիսյանը:
                                                                                                            Վ․ Ա․

 

 


Լուսավորականությունը մարդու ելքն է անչափահասության վիճակից, որի մեղավորը մարդն ինքն է։ Անչափահասությունը սեփական խելքն առանց ուրիշի ղեկավարության օգտագործելու անկարողությունն է։ Անչափահասության մեղքը մարդունն է, քանի որ դրա պատճառը ոչ թե խելքի պակասն է, այլ բացության եւ սեփական խելքից առանց ուրիշի ղեկավարության օգտվելու համարձակության պակասը։ Sapere aude [1] համարձակություն ունեցիր սեփական խելքից օգտվելու. ահա սա է լուսավորականության բնաբանը։

Ծուլությունն ու վախկոտությունն են պատճառներն այն բանի, թե ինչու մարդկանց այդքան մեծ մասը, բնությունը վաղուց ի վեր օտար ղեկավարումից ազատ հայտարարած լինելով (naturaliter majorennes [2] ),այնուամենայնիվ իրենց ողջ կյանքում հոժարակամ անչափահաս է մնում, եւ թե ինչու մյուսներին այդքան հեշտությամբ հաջողվում է սրանց խնամակալությունն իրենց ձեռքը գցել։ Անչափահաս լինելը շատ հարմար է։ Եթե ես խելք սովորեցնող մի գիրք ունենամ, խիղճ ունեցող մի հոգեւորական, դիետ առաջարկող մի բժիշկ, կարիք չեմ ունենա ինքս չարչարվելու։ Չպետք է մտածել այնտեղ, ուր կարող եմ միայն վճարել՝ այդ ձանձրալի գործն ուրիշներն արդեն վերցրել են ինձանից։ Որպեսզի մարդկանց ճնշող մեծամասնությունը (այդ թվում՝ գեղեցիկ սեռն ամբողջությամբ) դեպի չափահասություն արվող քայլը ոչ միայն ծանրաբեռնող, այլեւ վտանգավոր համարի, հոգ են տանում այն խնամակալները, որոնք բարեհոգաբար իրենց են վերապահում վերահսկողության իրավունքը։ Իրենց տնային անասուններին հիմարացնելուց եւ այնպես թոկակապ անելուց հետո, որ այդ հանդարտ արարածները մի քայլ էլ չհամարձակվեն անել այն գոմից, որում փակված են, նրանք ցուցադրում են այն վտանգը, որը սպառնում է սրանց, եթե ինքնուրույն քայլել համարձակվեն։ Այդ վտանգն, անշուշտ, այնքան էլ մեծ չէ՝ մի քանի անգամ ընկնելուց հետո նրանք վերջապես քայլել կսովորեն. նման կարգի օրինակները սակայն, վախ ու սարսափ են ներշնչում եւ հետ պահում բոլոր հետագա փորձերից։

Այնպես որ ամեն մի առանձին մարդու համար դժվար է, համարյա բնավորության վերածված անչափահասությունից դուրս գալու ծանր աշխատանքը գլուխ բերելը։ Այն արդեն հաճելի սովորության է վերածվել, եւ մարդ սկզբում իսկապես անկարող է սեփական խելքն օգտագործելու, որովհետեւ նրան երբեք թույլ չի տրվել նման փորձ կատարել։ Կանոնադրություններն ու բանաձեւերը՝ մարդուս բնական պարգեւը բանականորեն օգտագործելով՝ շահելու կամ ավելի շուտ՝ այն չարաշահելու այդ մեխանիկական գործիքները, հարատեւ անչափահասության կապանքներ են միայն։ Բայց դրանց մի կողմ նետողը, նույնիսկ ամենաչնչին արգելքի վրայով երեւի սոսկ անապահով մի ցատկ կարողանա կատարել, քանի որ նման ազատ շարժումն անսովոր է իր համար։ Դա է պատճառը, որ միայն քչերին է հաջողվել սեփական ոգու մշակման միջոցով անչափահասության կապանքից ազատվել եւ ապա վստահ քայլերով առաջ ընթանալ։

Բայց հասարակության (Publikum) ինքնալուսավորումն ավելի քան հնարավոր է. այն համարյա անխուսափելի է, եթե նրան ազատություն է տրվում։ Քանի որ նրանում միշտ կգտնվեն առանձին ինքնուրույն մտածողներ՝ նույնիսկ մեծ բազմության համար նշանակված խնամակալների շրջանակներում, որոնք իրենց անչափահասության լուծը մի կողմ նետելուց հետո, իրենց շուրջը կտարածեն սեփական արժեքի եւ յուրաքանչյուր մարդու կոչման մասին ինքնուրույն մտածելու ոգին։ Ընդ որում յուրահատուկն այն է, որ հասարակությունը, որն ավելի վաղ հենց այդ մարդկանց կողմից էր լուծի տակ դրվել, հետագայում ինքն է պարտադրում նրանց լուծի տակ մնալ՝ դրդվելով իր խնամակալների այն մասի կողմից, որոնք ունակ չեն լուսավորության, ահա թե որքան վտանգավոր է նախապաշարմունքներ ցանելը, քանի որ նրանք ի վերջո վրեժխնդիր են լինում իրենց անմիջական հեղինակների կամ նրանց հետնորդների նկատմամբ։ Դա է պատճառը, որ հասարակությունը միայն դանդաղորեն կարող է լուսավորության հասնել։ Հեղափոխությունն, անշուշտ, կարող է բերել անձնական դեսպոտիզմի, շահամոլ կամ իշխանամոլ բռնապետության անկմանը, բայց այն երբեք չի հանգեցնի մտածելակերպի իրական բարեփոխման. նոր նախապաշարմունքները՝ հներից ոչ պակաս հաջողությամբ՝ վզնոց կդառնան, անմիտ մեծ բազմությունն ուղղորդելու համար։

«Լուսավորականություն» ասվածին, սակայն, ոչինչ պետք չէ, բացի ազատությունից. այն էլ այնպիսի, որ երբեւէ ազատություն կոչված բոլոր երեւույթներից ամենաանվնասն է. խոսքը բոլոր դեպքերում սեփական բանականության հանրային օգտագործման (öffentliches Gebrauch) մասին է։ Ահա մենք ամեն կողմից լսում ենք՝ դատողություններ մի արեք։ Սպան ասում է՝ դատողություններ մի արեք, վարժություններ արեք։ Հարկահավաք պաշտոնյան ասում է՝ դատողություններ մի արեք, վճարեք։ Հոգեւորականը՝ դատողություններ մի արեք, հավատացեք։ (Եվ միայն մի տիրակալ է աշխարհում ասում՝ [3] դատողություններ արեք, որքան որ կուզեք եւ ինչի մասին կուզեք, բայց հնազանդվեք)։ Այստեղ ամենուրեք ազատության սահմանափակում կա։ Բայց ո՞ր սահմանափակումն է լուսավորականության համար խանգարիչ եւ ո՞րը՝ անվնաս կամ նույնիսկ օգտակար։ Ահա պատասխանս. բանականության հանրային օգտագործումը պետք է միշտ ազատ լինի. միայն դա է ի վիճակի մարդկանց լուսավորյալ դարձնել, սակայն միեւնույն բանականության մասնավոր օգտագործումը կարող է հաճախ խիստ սահմանափակվել՝ առանց լուսավորության առաջընթացն առանձնապես խանգարելու։ Սեփական բանականության հանրային օգտագործման տակ ես հասկանում եմ այն, երբ ուսյալ մեկն այն բանեցնում է ողջ ընթերցող հասարակության (Publikum) առջեւ։ Մասնավորը բանականության այն օգտագործումն է, որը վերապահված է միեւնույն մարդուն իրեն վստահված քաղաքացիական պաշտոնի կամ ծառայության շրջանակներում։ Չէ՞ որ հանրային կառույցի (gemeines Wesen) [4] շահերին վերաբերվող գործերի համար անհրաժեշտ է որոշակի մեխանիզմ, որն ապահովում է այդ կառույցի առանձին անդամների պասիվ գործելակերպը, որպեսզի կառավարությունը, արհեստական միաձայնության միջոցով, կարողանա դրանց ուղղորդել հանրային նպատակների (öffentliche Zwecke) կատարմանը, կամ առնվազն արգելակել այդ նպատակների քայքայումը։ Այստեղ, իհարկե, դատողություններ անելը թույլատրված չէ՝ մարդ պետք է հնազանդվի։ Որքանով որ, սակայն, այդ մեքենայի առանձին մասը միեւնույն ժամանակ դիտարկում է իրեն որպես ամբողջ հասարակության (gemeines Wesen), կամ նույնիսկ աշխարհաքաղաքացիական հասարակության (Weltbürgergesellschaft) մի օղակ, որ նաեւ ուսյալի որակներ ունի եւ կարող է սեփական խելքով ստեղծված գրվածքով հանրությանը դիմել, այդպիսի մեկն իհարկե իրավունք ունի դատողություններ անել, եթե միայն դրանից չի տուժում այն գործը, որին նա մասամբ կցված է որպես պասիվ մեկ անդամ։ Այսպես, չափազանց քայքայիչ կլիներ, եթե որեւէ սպա, որը հրամանատարից հրաման է ստացել, ծառայության ժամանակ սկսեր բարձրաձայն քննարկել այդ հրամանի նպատակահարմարությունը կամ օգտակարությունը՝ նա պարտավոր է հնազանդվել: Բայց, որպես ուսյալ, նա բնականաբար չի կարոդ զուրկ լինել, պաշտպանության բնագավառում տեղ գտած սխալների մասին դիտողություններ անելու եւ դրանք հասարակության (Publikum) դատին ներկայացնելու իր իրավունքից: Քաղաքացին չի կարող խուսափել առաջադրված հարկերի վճարումից, եթե դա իսկապես իր պարտքն է, ապա արդեն իսկ արձանագրված հարկի հանդուգն պարսավումը կարող է պատժվել որպես չարախոսություն (որ կարող է համընդհանուր ընդդիմության պատճառ հանդիսանալ): Բայց նույն այդ անհատի գործողությունը հակառակ չի լինի քաղաքացու պարտքին, եթե նա, որպես ուսյալ, հրապարակի իր մտքերը նման հարկերի անկատարության կամ էլ անարդարության վերաբերյալ: Նույն ձեւով էլ հոգեւորականը պարտավոր է իր աշակերտներին եւ իր համայնքին (Gemeinde) ներկայացնել եկեղեցու հավատո հանգանակը, որին նա ծառայում է, քանի որ նրան այդ պայմանանով են ընդունել: Սակայն, որպես ուսյալ, նա լիովին ազատ է եւ նույնիսկ կոչված է հասարակությանը (Publikum) հաղորդակից դարձնելու այդ հավատո հանգանակի թերություններին, ինչպես նաեւ կրոնական եւ եկեղեցական գործերի ընթացքի բարելավմանը վերաբերվող իր բոլոր՝ հոգածությամբ ճշտված եւ բարեմիտ գաղափարներին: Ըստ այդմ, այստեղ չկա ոչինչ, որ կարող էր ծանրաբեռնել նրա խիղճը: Քանի որ այն, ինչ նա սովորեցնում է իր պաշտոնի բերումով, որպես եկեղեցու գործակատար, նա ներկայացնում է այնպիսի մի բան, որն ինքն ազատ չէ իր սեփական պատկերացումներով ուսուցանելու, այլ պարտավոր է շարադրել ուրիշի հանձնարարականով եւ ուրիշի անունից: Նա ասելու է. մեր եկեղեցին սովորեցնում է այս եւ այս, սրանք են այն հիմնավորումները, որոնք նա օգտագործում է: Դրանով նա քաղում է բոլոր գործնական օգուտներն իր համայնքի համար այն կանոնակարգերից, որոնց տակ չէր ստորագրի լրիվ համոզվածությամբ, բայց պարտավոր է դասավանդել, քանի որ բացառված չէ, որ նրանցում ծածկյալ ճշմարտություն կա, համենայն դեպս, գոնե չկա ոչինչ, որ հակասեր ներքին կրոնին: Քանզի, եթե նա կարծեր, որ այդտեղ նման բան կա, չէր կարող պաշտոնը խղճով վարել եւ պետք է վայր դներ այն: Այսպիսով, ծառայող ուսուցիչն իր համայնքի առջեւ իր բանականությունը միայն մասնավոր ձեւով է օգտագործում, քանի որ համայնքը, թեեւ մեծ, բայց տնական մի հավաքույթ է, եւ նրա նկատմամբ նա, որպես քահանա, ազատ չէ եւ պետք էլ չէ, որ ազատ լինի, քանի որ ուրիշի հանձնարարություն է կատարում: Դրան հակառակ, որպես ուսյալ, որն իր գրվածքներով անմիջականորեն հասարակության, այսինքն՝ աշխարհի հետ է խոսում, որպես իր բանականությունն հանրայնորեն օգտագործող հոգեւորական, նա ըմբոշխնում է սեփական բանականությունը օգտագործելու եւ իր անձի անունից խոսելու անսահմանափակ ազատությունը։ Քանզի կարծել, թե ժողովրդի խնամակալները (հոգեւոր հարցերում) իրենք էլ անչափահաս պետք է լինեն, այնպիսի մի անմտություն է, որն անմտությունը հավերժ է դարձնում:

Բայց իրավասու չէ՞ արդյոք հոգեւորականների մի հանրույթ (Gesellschaft), եկեղեցական մի ժողով կամ պատվելիների մի դաս (ինչպես դա անվանում են հոլանդացիները), միմյանց մեջ կայացած երդվյալ պարտավորությամբ մի որոշակի անփոփոխելի հավատո հանգանակ ընդունել, որպեսզի դրանով երբեք չընդհատվող գերակա խնամակալություն իրականացնեն իրենց յուրաքանչյուր անդամի, իսկ դրա միջոցով՝ ամբողջ ժողովրդի նկատմամբ, եւ այդպիսով նույնիսկ հավերժացնեն այն։ Ես ասում եմ. դա բացարձակապես անհնարին է։ Նման համաձայնությունը, որն ընդմիշտ կարգելակեր մարդկային ցեղի հետագա ամեն մի լուսավորություն, պարզապես ոչինչ կլիներ եւ զրո, եթե նույնիսկ հաստատված լիներ գերագույն իշխանության, խորհրդարանների եւ հանդիսավորությամբ կնքված խաղաղության պայմանագրերի միջոցով։ Որեւէ դարաշրջան չի կարող միավորվել եւ իր երդումով հաջորդին մի այնպիսի իրավիճակի մեջ դնել, որում անհնարին լինի իր (ամեն առումով այդքան անհրաժեշտ) գիտելիքներն ընդլայնել, սխալներից մաքրազատվել եւ ընդհանրապես լուսավորության մեջ առաջընթաց ունենալ։ Դա հանցագործություն կլիներ մարդկային բնության դեմ, որի նախասկզբնական կոչումը հենց այդ առաջընթացն է կազմում, եւ հետագա սերունդներն այսպիսով լիովին իրավունք ունեն անիրավ եւ անօրեն ձեւով ընդունված որոշումները մի կողմ դնելու։ Փորձաքարն այն ամենի, ինչ կարող է ժողովրդի համար որպես օրենք սահմանվել, հետեւյալ հարցն է. արդյո՞ք ժողովուրդն ինքն իր համար նման օրենք կընդուներ։ Եթե այո, ապա այդ օրենքն, անշուշտ, հնարավոր կլիներ՝ ապագայում ավելի լավն ունենալու ակնկալիքով, որոշակի կարճ ժամանակով, մի որոշ կարգ մտցնելու համար։ Միեւնույն ժամանակ յուրաքանչյուր քաղաքացու, նախ եւ առաջ հոգեւորականի, պետք է ազատություն տրվի՝ ուսյալի կարգավիճակով, հանրայնորեն (öffentlich), այսինքն՝ գրավոր երկասիրության միջոցով, դիտողություններ անել այդ պահին գործող դրվածքի բացերի մասին. ընդ որում, արդեն ներմուծված կարգը պետք է գոյատեւի այնքան ժամանակ, մինչ այդ գործերի բնույթի մասին տեսակետն այնպիսի հրապարակային տարածում եւ հիմնավորում ստանա, որ այն իր (եթե նույնիսկ ոչ բոլոր) ձայները միավորելով՝ առաջարկություն ներկայացնի գահին՝ ի պաշտպանություն այն համայնքների, որոնք ելնելով ավելի լավ կարգավորման մասին իրենց պատկերացումներից՝համաձայնության են եկել կրոնական դրվածքի փոփոխության վերաբերյալ, առանց, սակայն, արգելակելու նրանց, որ կցանկանային շարունակել հնի կիրառությունը: Սակայն պարզապես անթույլատրելի է, համաձայնության գալ մի անփոփոխ, նույնիսկ մեկ մարդկային սերնդի ընթացքում հասարակայնորեն կասկածի տակ չդրվող կրոնական սահմանադրության վերաբերյալ եւ, դրանով իսկ, մարդկության` դեպի կատարելագործում տանող ընթացքից մի ժամանակաշրջան ոչնչացնել եւ անպտուղ դարձնել, անբարենպաստ վիճակի մեջ դնելով գալիք սերունդներին։ Մարդը թեեւ կարող է, այն էլ միայն որոշ ժամանակով, հետաձգել լուսավորությունն իր անձի վերաբերյալ, սակայն դրանից հրաժարվելը՝ սեփական անձի կամ, առավել եւս, գալիք սերունդների համար՝ կնշանակեր խախտել եւ ոտնատակ անել մարդկության սրբազան իրավունքները։ Բայց այն, ինչ նույնիսկ ժողովուրդն իր մասին որոշելու իրավունք չունի, շատ ավելի քիչ իրավունք ունի որոշելու միապետը, քանի որ նրա օրինաստեղծ հեղինակության հիմքը հենց այն է, որ նա իր կամքի մեջ ողջ ժողովրդի կամքն է միավորում։ Եթե նա միայն հսկում է, որ ամեն մի ճշմարիտ կամ կարծեցյալ բարելավում համապատասխանի քաղաքացիական կարգին, ապա նա կարող է թողնել, որ իր հպատակներն ինքնուրույն որոշեն, ինչն են իրենք անհրաժեշտ համարում իրենց հոգու փրկության համար։ Դա իրեն չի վերաբերում, իր բանն այն է, որ մեկը մյուսին բռնությամբ չխանգարի փրկության հաստատուն ըմբռնում ձեռք բերելու եւ փրկությանն իր կարողության չափով ձգտելու ջանքերում։ Նա վնաս է հասցնում իր մեծությանը, երբ միջամտում է խնդրին եւ կառավարական վերահսկողության է արժանացնում այն երկասիրությունները, որոնցով իր հպատակները փորձում են ճշտել իրենց հայացքները, նաեւ այն ժամանակ, երբ դա սեփական բարձրագույն հայեցողությամբ է անում՝ խոցելի դառնալով Caesar non est supra Grammaticos կշտամբանքի համար [5], բայց նաեւ այն դեպքում, երբ ստորացնում է իր գերագույն իշխանությունը, սեփական պետության մեջ առանձին բռնակալների հոգեւոր դեսպոտիզմն իր մնացած հպատակների դեմ պաշտպանելով։

Եվ եթե հարց տրվի, արդյո՞ք մենք այժմ լուսավորյալ դարաշրջանում ենք ապրում, պատասխանը կլինի՝ ոչ, բայց վստահ՝ լուսավորականության դարաշրջանում։ Իրերի այժմյան դրությամբ դեռ շատ բան է պակասում, որպեսզի մարդիկ, ամբողջությամբ վերցված, արդեն ի վիճակի լինեն, կամ գոնե դրան ուղղորդված, կրոնի հարցերում սեփական խելքն առանց ուրիշի ղեկավարության վստահ եւ լավ օգտագործելու։ Բայց այժմ այդ ուղղությամբ ինքնուրույն աշխատելու դաշտը գնալով բացվում է եւ ընդհանուր լուսավորականության կամ սեփական մեղքով շարունակվող անչափահասությունից դուրս գալու արգելքները հետզհետե պակասում են. դրա նշաններն ակնհայտ են։ Այս տեսակետից է, որ այս դարաշրջանը լուսավորության դարաշրջան է, կամ՝ Ֆրիդրիխի դար։

Իշխանը, որն իր համար անպատվաբեր չի համարում ասել, որ մարդկանց կրոնական խնդիրներին չմիջամտելը, նրանց այդ հարցերում լիակատար ազատություն տրամադրելն իր պարտքն է, որը մերժում է նույնիսկ կրել հանդուրժողականի հպարտ տիտղոսը, ինքնին լուսավորյալ է եւ արժանի, որպեսզի շնորհակալ աշխարհը եւ գալիք սերունդները փառաբանեն նրան որպես մեկի, որը մարդկային ցեղն ազատեց անչափահասությունից, առնվազն կառավարության խնամակալության առումով, եւ ազատություն տվեց յուրաքանչյուրին այն ամենում, ինչ խղճի գործերին է վերաբերում, առաջնորդվել սեփական բանականությամբ։ Նրա իշխանության ներքո արժանապատիվ հոգեւորականները կարող են, առանց իրենց ծառայական պարտականություններին վնաս հասցնելու, ուսյալի կարգավիճակով՝ հավատո ընդունված հանգանակից այս կամ այն կերպ շեղվող իրենց դատողություններն ու հայացքներն ազատ եւ հանրայնորեն ներկայացնել աշխարհի դատին, բայց առավել եւս դա կարող է անել յուրաքանչյուր ոք, ով սահմանափակված չէ ծառայական պարտքով։ Ազատության այս ոգին տարածվում է նաեւ դրսում, նույնիսկ այնտեղ, ուր նա ստիպված է պայքարել իր բնույթը կեղծ ըմբռնող կառավարության հարուցած արգելքների դեմ։ Որովհետեւ նրա առաջ, այնուամենայնիվ, փայլատակում է մի օրինակ՝ ազատության պայմաններում հանրային խաղաղության եւ հասարակության (gemeine Wesen) միասնության մասին անհանգստանալու որեւէ, նույնիսկ ամենաչնչին, հիմք չկա։ Մարդիկ ինքնուրույն գործադրվող ջանքերի շնորհիվ՝ գնալով ավելի ու ավելի են դուրս գալիս իրենց վիճակից, եթե նրանց այդ վիճակում պահելու համար դիտավորությամբ միջոցներ չեն հորինվում։

Լուսավորականության, այսինքն՝ սեփական մեղքով առաջացած անչափահասության վիճակից դուրս գալու, խնդրի ծանրակետը ես գերազանցապես կրոնական գործերի վրա դրեցի, քանի որ արվեստների եւ գիտությունների հարցում մեր տիրակալներն իրենց հպատակների նկատմամբ խնամակալի դեր ստանձնելու շահագրգռություն չունեն։ Բացի այդ, անչափահասության հենց այդ ձեւն է, ամենախանգարիչը եւ ամենաանպատվաբերը բոլոր մյուսների համեմատությամբ։ Բայց պետության ղեկավարի մտածելակերպը, որ խրախուսում է առաջինը, ավելի հեռու է գնում եւ տեսնում, որ նույնիսկ օրենսդրության բնագավառում վտանգավոր չէ թույլ տալ հպատակներին հանրայնորեն օգտագործել սեփական բանականությունը եւ իրենց՝ օրենսդրության ավելի լավ ձեւակերպման կամ նույնիսկ արդեն տրվածի ազատամիտ քննադատության հետ կապված՝ մտքերը հանրայնորե ններկայացնել աշխարհին։ Մենք ունենք դրա լավագույն օրինակը, եւ այդ առումով աշխարհի ոչ մի միապետ ավելի առաջ չի եղել նրանից, ում մենք այժմ պատիվ ենք մատուցում։

Մյուս կողմից, սակայն, միայն նա, ով ուսյալ լինելով՝ իր ստվերից չի վախենում եւ միեւնույն ժամանակ, ձեռքի տակ մեծաթիվ եւ բարձր կարգապահությամբ օժտված բանակ ունի՝ հանրային խաղաղությունը երաշխավորելու համար, կարող է ասել այն, ինչ հանրապետությունն անել չէր համարձակվի. դատողություններ արեք ինչքան ուզում եք եւ ինչի մասին ուզում եք. միայն՝ ենթարկվե՛ք։ Այդպես երեւան է գալիս մարդուս գործերի տարօրինակ, անսպասելի ընթացքը. ինչպես միշտ, երբ այն իր ամբողջության մեջ է դիտարկվում, համարյա ամեն ինչ դրանում պարադոքս է։ Թվում է, որ քաղաքացիական ազատության ավելի մեծ աստիճանն առավելություն է բերում ժողովրդի ոգու ազատությանը, բայց հենց նա էլ անհաղթահարելիորեն սահմանափակում է այն։ Դրան հակառակ՝ մեկ աստիճան պակասը ստեղծում է այն տարածությունը, որում հնարավոր է ընդարձակվել ողջ կարողությունների չափով։ Եվ ահա, երբ բնությունը՝ կոշտ կեղեւի պաշտպանության ներքո զարգացնում է այն սաղմը, որի մասին հոգ է տանում առավելապես, այսինքն՝ հակումն ու կոչումն առ ազատ մտածողություն, վերջինս աստիճանաբար հետադարձ ազդեցություն է ունենում ժողովրդի ընկալակերպի վրա (որի շնորհիվ նա ավելի եւ ավելի ունակ է դառնում ազատ գործելու) եւ ի վերջո՝ նաեւ կառավարության հիմնադրույթների վրա, որն այլեւս ինքն էլ իր համար օգտակար է համարում մարդուն, որը, չէ՞ որ, ավելին է, քան մեքենան, վերաբերվել նրա արժանիքին համաձայն։


( Քյոնիգսբերգ Պրուսիայում | 30 սեպտեմբերի 1784 )

 

________________________
[1] Համարձակություն ունեցիր գիտենալու (Հորացիոս)։ (լատ․)

[2] Բնությամբ չափահասներ։ (լատ․)

[3] Ակնարկը վերաբերում է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդին (1740-86) – Ա․ Ո․։

[4] Das gemeine Wesen արտահայտության տակ Կանտը հասկացել է այնպիսի հանրություն, որի բոլոր անդամները ենթարկաված են մեկ ընդհանուր օրենքի – Ա․ Ո․:

[5] Կեսարը քերականներից վեր չէ։ (լատ․)
 

Թարմացված՝ փետրվար 9, 2017 թ․

 

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am