| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
հրապարակված է 29.04.2015 | եվա սարգսյան
հայկական միջնադարը 21րդ դարում: Գրիգոր Առաքելյանի երաժշտական առաքելությունը
< հայկական երաժշտությունը ըստ իր կառուցվածքի ոչ թե արեւելյան երժշտության ճյուղ է, այլ բոլորովին ինքնուրույն համակարգ>

 

Գրիգոր Առաքելյանը կոմպոզիտոր է, թավջութակահար, նաեւ՝ խմբավար: Նա հին հայկական ընդհատված մշակույթն ու երաժշտական արվեստը կրում է այնքան մաքրությամբ ու խորը զգայականությամբ, որ իր՝ մեկ ստեղծագործողի կյանքի ընթացքում կարողանում է այդ ընդհատված երաժշտական մտածողությունը վերապրել դարերի զարգացմամբ՝ հասցնելով այն մինչ մեր օրերը


Ե.Ս. Պրն Առաքելյան, ի՞նչով էր պայմանավորված հոգեւոր եւ ժողովրդական երաժշտությամբ Ձեր հետաքրքրությունը

Գ.Ա. Ժողովրդական երաժշտության անսամբլները ստեղծվել են խորհրդային տարիներին, եւ դեռ այն ժամանակ ես այդ մշակումների մեջ խնդիր էի տեսնում, որը բաց դաշտ էր ուսումնասիրության համար: Այդ երաժշտության հնչողությունը բնորոշ չէ հայկականին, դրանք եվրոպական, նաեւ ռուսական դպրոցի՝ դասական հարմոնիայի օրենքներով ստեղծված մշակումներ էին, այն ինչ հայկական երաժշտությունը բացարձակապես այլ մտածողության մեջ է եւ, փառք Աստծո, Կոմիտասը հայ երաժշտության օրենքները գիտականորեն ֆիքսել է: Ըստ նրա՝ հայկական երաժշտությունը ըստ իր կառուցվածքի ոչ թե արեւելյան երժշտության ճյուղ է, այլ բոլորովին ինքնուրույն համակարգ է՝ կրելով ազդեցություններ թե հունական, թե պարսկական մշակույթներից: Ես մտածեցի, որ այդ մշակումները կարելի է անել հենց այդ համակարգի մեջ: Իմ մոտեցումն էր փորձել ներթափանցել երգի բնույթի մեջ՝ սկսած իր աուրայից մինչեւ հարմոնիկ մտածողությունը: Իմ նպատակն էր ստեղծել ոչ թե երգը պարզապես գեղեցկացնող նվագակցություն, այլ վերհանել այդ երգի այն գույները, որոնք ոչ պրոֆեսիոնալ մարդը չի կարող զգալ:

Ե.Ս. Ի՞նչու ազգային երաժշտությունը՝ այդ թվում եւ հայկականը, որոշ մարդկանց մոտ առաջացնում է բուռն սենտիմենտներ, իսկ այլոց զգայարանների համար այն համր է

Գ.Ա. Հայկական երաժտության համակարգը գալիս է դարերի խորքից, այն արմատացած է հայ մշակույթի եւ նույնիսկ հայ գենետիկայի մեջ, իր մեջ կրում է, այսպես ասած, հայ ազգային գենի կոդը, քանի որ երաժշտությունը իր մեջ շատ ինֆորմացիա է կրում, այն ինչ մենք ի վիճակի չենք արտահայտել լեզվով՝ շատ նուրբ զգացմունքներ, ելեւէջներ, կարող են արտահայտվել երաժշտության միջոցով: Կոմիտասը գտավ այդ գենետիկ կոդը երաժշտության մեջ, մաքրելով տարբեր ազդեցություններից՝ դուրս բերեց հայ երաժշտության մայր եղանակաները, այսինքն այն հնչողությունը, որը մեղեդին պետք է ունենար ստեղծման պահին, դրա սկզբնական տեսքը: Եվ հենց այդ երաժշտությունն է, որ կրում է այդ կոդը: Այդ պատճառով պետք չէ զարմանալ, երբ Կոմիտաս լսելիս որոշ մարդկանց մոտ արթնանում են որոշակի զգացումներ, դա ինչ-որ գենետիկ հիշողության հետ է կապված, որն իրեն զգացնել է տալիս նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր առաջին անգամ են լսում Կոմիտաս:

Ե.Ս. Իսկ սա նեղ ազգայի՞ն, թե՞ համամարդկային երեւույթ է

Գ.Ա. Եղել են դեպքեր, երբ մեր Օշական համույթի համերգներից հետո ֆրանսիացիք մոտեցել են եւ լացելով ասել՝ մենք զգում ենք, որ մենք էլ ենք հայ, մենք ուզում ենք հայ լինել: Սա, իհարկե, կատակի տեսքով: Բայց այն հանգամանքը, որ այլազգիները նույնպես ինչ որ հարազատ բան են լսում այս երաժշտության մեջ կարող է բերել այն մտքին, որ կյանքը տարածվել է հենց Արարատյան դաշտավայրից: Եվ զարմանալի չէ, որ մեր երաժշտական համակարգի մեջ աշխարհի չորս կողմերի՝ բոլոր ազգերի երաժշտական համակարգերը կան: Բայց ինձ համար սա շատ էական չէ՝ կենտրոնը Հայաստանն է եղել, թե՝ ոչ: Կարեւորը փաստն է:
 

Ե.Ս. Ունենալով այդքան նմանություններ՝ թե մշակութային խաչասերումների արդյունքում, թե բուն կառուցվածքի մեջ, ի՞նչն է, որ ի վերջո տարբերակում է նմանատիպ մշակույթների ազգային երաժշտությունը

Գ.Ա. Որոշ գործիքներ, օրինակ ուդը կամ քանոնը, այլ մշակույթներում նույնպես տարածված են: Բայց ո՞րն է մեր մշակույթի մեջ այդ գործիքների կատարման տարբերությունը: Եթե մենք նվագենք այնպես, ինչպես այլոք, մենք դրանով չենք հարստացնի մեր մշակույթը: Մենք պետք է գտնենք հային բնորոշ նվագելու ոճը, հայ երաժշտությանը բնորոշ նվագելու հնարքները: Նույն դուդուկը այլ ազգեր նույնպես ունեն, բայց հենց հայկական կատարման ոճն է հայտնի աշխարհում եւ սիրված բոլոր ազգերի կողմից: Իսկ, օրինակ, նույն քանոնը, որը նվագում են անսամբլներում խորհրդային տարիներից սկսած, ինձ ավելի շատ հիշեցնում է ռուսական բալալայկան: Բայց կա նաեւ կոմիտասյան մոտեցումը, որի կիրառման դեպքում քանոնը հնչում է միջնադարյան տավիղի նման, որը Հայաստանում եղել է: Եվ եթե քանոնը ընկալենք որպես տավիղ՝ այդ մեկնաբանությամբ մատուցենք, շատ հետաքրքիր, առանձնահատուկ գույներ կստանանք, որը հային բնորոշ տեսակ կլինի:

Ե.Ս. Իսկ ի՞նչպես ստացվեց Ձեր ստեղծագործական կյանքում անցումը միջնադարյան եւ ազգային երաժշտությունից դեպի բարոկ երաժշտությունը

Գ.Ա. Դեռ ուսանող տարիներին ես բախտ ունեցա շփվել Մոսկվայի հայտնի երաժիշտներ Տատիանա Գրիդենկոյի եւ Ալեքսեյ Լյուբիմովի հետ, ովքեր ինձ ծանոթացրեցին բարոկ ոճին, որը եվրոպայում արդեն տարածվում էր, բայց խորհրդային երկրներում չէր ընդունվում: Ես էլ իմ ուսուչիչների հետ այստեղ կոնֆլիկտներ էի ունենում այդ ոճական հարցերի վերաբերյալ, բայց այսօր այդ ոճն ավելի հեշտ է ընդունվում, որովհետեւ այստեղի երաժիշտները գիտեն, որ դա աշխարհում կա, ընդունված է, հնարավոր չէ դրանից զերծ մնալ: Բայց, օրինակ, այստեղ կոնսերվատորիայի ուսանող երգիչները այդ ոճով երգեցողություն չեն կիրառում, քանի որ վախենում են ձայնը կորցնելուց, մինչդեռ եվրոպայում այս ոճը պարտադիր դաս է ուսումնակասն ծրագրի մեջ:

Ե.Ս. Այսինքն աշխարհն այսօր վերադառնում է մաքուր ակունքներին, աուտենտիկ կատարման ոճին: Ի՞նչպես է այս գործընթացն ընկալվում մեր երաժշտական շրջանակներում

Գ.Ա. Այսօր ողջ աշխարհում կան օրենքներ միջնադարյան, վերածննդի, բարոկ երաժշտություն կատարելու համար, որոնք կատարողի ազգության հետ կապ չունեն, դրանք պարտադիր կանոններ են: Չի կարելի օպերային ձայնով կամ բելկանտոյով երգել որեւիցէ ազգի երաժշտություն, ինչը մենք մեզ մոտ շատ ենք տեսոնւմ: Բայց վստահ եմ որ սա անցնելու է, սա աշխարհի հետ շփման հարց է: Մյուս կողմից էլ մեր երաժիշտները հաճախ համարում են, որ այլազգի երաժիշտների՝ հայկական երաժշտության կատարումները հարազատ չեն մեզ, ըստ նրանց մեր կատարումներն ավելի ‘ջերմ’ են: Բայց ես վստահորեն կարող եմ ասել, որ դա ոչ թե ‘ջերմն’ է, այլ ռուսական երգեցողության կամ բելկանտոյի ոճն է, որը նույնպես հայկական չէ: Պետք է այդ ոճից հրաժարվել եւ հասկանալ, թե միջնադարյան երաժշտությունը ինչպես է մատուցվում այլ ազգի երաժիշտների կողմից:

Ե.Ս. Ի դեպ, Ձեր գործիքը նույնպես պատրաստված է հին հայկական վիոլայի սկզբունքով: Ի՞նչպես կարելի է բնորոշել այդ գործիքը՝ հնի վերստեղծում, թե՞ արդիականացում

Գ.Ա. Այս գործիքները պատրաստել է Մարտին Երիցյանը իմ առաջարկով: Սա փորձարարական բան էր, բայց չէի ասի, որ մենք նոր բան ենք հորինել: Ճիշտ է, գործիքային հին, միջնադարյան արվեստը մեզ մոտ չի պահպանվել, բայց մենք ոկալ արվեստից ելնելով՝ իհարկե նաեւ գիտելիքը եւ երեւակայությունը գործածելով կարող ենք ենթադրել, թե ինչպես այս կամ այն նվագարանը կարող էր հնչել այն ժամանակ: Բայց ես համարում եմ, որ միայն պահպանելով ավանդույթը, ինչպես շատերն են ձգտում եղածը պահպանել մաքուր ձեւով, այն երկար կյանք չի ունենա, եթե դու իրեն չվերապրես եւ նոր՝ քո անհատին եւ այսօրվա աշխարհին հարիր մոտեցումներ չցուցաբերես: Այս նվագարանը ես համարում եմ, որ ավանդականի նոր մոտեցումն է, որի միջոցով ավանդույթը նոր կյանք է ստանում:

Ե.Ս. պատմեք, խնդրեմ, Ձեր վերջին՝ Կանադայի համերգի մասին: Գիտեմ, որ այն բացառիկ էր եւ մե հաջողություն է ունեցել: Ինչումն էր այդ բացառիկությունն ու հաջողության գաղտնիքը

Գ.Ա. Կանադայի համերգը որպես երեւույթ շատ բացառիկ էր, քանի որ Մոնթրեալի Համազգայինի Սանահին մասնաճյուղը որոշել էր, որ Հայաստանի անկախության տոնը պետք է նշել դասական երաժշտության համերգով, ընդ որում ոչ հայ, ճանաչված կատարողների մասնակցությամբ: Սա շատ կարեւոր է, քանի որ հայ մշակույթը այդպիսով ինքն իր մեջ պարփակված չի մնում, այլ տարածում է ստանում այլոց մեջ: Մենք դիմեցինք Մոնթրեալի երեք լավագույն երգչախմբերից մեկին՝ ‘Վիվա Ոչէին’: Նրանք մեկ անգամ արդեն փորձառություն ունեին Կոմիտաս երգելու, բայց այս անգամ խնդիրը դրված էր երկու բաժին Կոմիտասի մշակումները ներկայացնել՝ հայկական վիոլայի նվագակցությամբ: Մեկ տարի պատրաստվել ենք այդ համերգին, ես իրենց բոլոր տեքստերը լատինատառ գրված ուղարկեցի, եւ քանի որ իրենք շատ լուրջ պրոֆեսիոնալներ են՝ ընդամենը երեք փորձ ենք արել: Իրենք շատ գոհ եւ շնորհակալ էին, որ ես այս երաժշտությամբ իրենց հետ կիսվեցի: Շատ հաճելի է, երբ նման մոտեցում կա երաժիշտների կողմից: Իսկ երգչախմբի ղեկավար Փիթեր Շուբերտը համերգի վերջում հատուկ շեշտեց, որ սա իրենց համար ոչ միայն ուղղակի համերգ է, այլ նաեւ սովորելու առիթ, իրենք նոր բան են սովորում եւ դրանով հարստանում են:

| առաջին անգամ կրճատումներով հրապակվել է imyerevan.com կայքում, 23 հոկտեմբեր 2013 |
 

Գրիգոր Առաքելյանը 1991-92 թթ. Հիմնադրել է Փյունիկ ազգային նվագարանների համույթը, որը համերգներ է ունեցել Շվեյցարիայում, ֆրանսիայում, Լոնդոնում: 2004 թ-ին հիմնադրում է Օշական համույթը, որը համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներով՝ այդ թվում շուրջ 80 համերգներ տրվել են միայն ֆրանսիայում: Համույթը ելույթ է ունեցել այնպիսի դահլիճներում, ինչպիսին Փարիզի Ազգային Ռադիոյի Օլիվիե Մեսիան դահլիճն է, սեպտեմբերի 21ին՝ Հայաստանի անկախության տոնին նվիրված համերգով եւ Մոնակոյի Մայր Տաճարը՝ կատարելով ամենամյա սբ. Ծննդյան համերգների բացումը հայկական միջնադարյան երաժշտությամբ: Գրիգոր Առաքելյանը նաեւ վարպետաց դասեր եւ դասախոսություններ է անցկացրել ֆրանսիայում, մասնակցել հոգեւոր երաժշտության բազմաթիվ ֆստիվալների Քվեբեկում, Ֆեզում, Դիժոնում, Բոժոլեում:

 

նույն հեղինակի հոդվածը երաժշտության, հայկականության ու մի քիչ էլ ճարտարապետության շուրջ 2015թ. ապրիլի 25-ին Թումոյում կայացած հանդիպման մասին տես | այստեղ |
|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am