| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ռեւիզոր|
հրապարակված է 19.04.2015 | ալեքսանդր թամանյան
զեկուցում Յերևանի հատակագծման մասին
Առողջապահական նկատառումներով քաղաքը պետք ե ունենա կանաչ գոտենման փողոցներ և այգիներ, առանց շինությունների, այսպես կոչված «քաղաքի թոքեր», վորոնցով մաքուր ոդ ե անցնելու դեպի քաղաքի կենտրոնը:

 

 

Ներկայացվող տեքստը Ալեքսանդր Թամանյանի՝ 1924թ. ընթերցած զեկույցն է՝ Երեւանի նոր հատակագծման մասին: Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով 1923թ. Պարսկաստանից կրկին ետ վերադառնալով Հայաստան, Թամանյանը հանձն է առնում ազգային գետնի վրա ապագա համաշխարհային կոմունիզմի մի հենակետի դերը ստաձնած երկրի քաղաքաշինական եւ ճարտարապետական հիմնական կարիքների բավարարման գործը: Այս կարիքներից կարեւորագույնն ու մեծամասշտաբը նոր մայրաքաղաքի ստեղծումն էր, որն էլ կապահովեր նոր քաղաքային հանրային ոլորտի հնարավորությունը: Թամանյանի համար այս նպատակին լավագույնս ծառայող մոդելը «քաղաք-պարտեզն» էր, որը 1898թ. առաջ էր քաշել Էբենեզեր Հովարդն իր Վաղը. խաղաղ անցում դեպի իրական բարեփոխում գրքում: Գիրքը, ոգեշնչված 19-րդ դարավերջի ուտոպիական գրականությունից, քաղաք-պարտեզը պատկերացնում էր որպես արդյունաբերականացմամբ գյուղի եւ քաղաքի միջեւ խորացող անդունդը կամրջող եւ աշխատավոր դասակարգի համար կյանքի առողջ ու հարմարավետ պայմաններ տրամադրող նախագիծ: Թամանյանի նախագիծը, արժանանալով Խորհրդային Հայաստանի կառավարության լիակատար համաձայնությանը, Երեւանը նախեւառաջ պատկերացնում էր իբրեւ եվրոպական փորձի վրա հիմնված կենտրոնակազմ եւ ինքը կենտրոն հանդիսացող մի քաղաք, որտեղ սոցիալական (առողջապահական պայմանների ապահովում), բնակլիմայական (լեռնային եւ դաշտային հատվածների միավորում) եւ խորհրդանշական (Արարատին նայող փողոցներ) ասպեկտները ներդաշնակված էին: Թամանյանի զեկուցումը առաջին անգամ լույս է տեսել 1924թ․ Խորհրդային Հայաստան թերթի նոյեմբերի 4-ի համարում: Վերահրատարակվում է ըստ՝ Վարդան Ազատյան (խմբ․), Հանրային ոլորտի եւ հասարակայնության միջեւ (Երեւան: Ուտոպիանա, Հովհաննիսյան ինստիտուտ, 2015), էջ 111-119:
                                                                                             Վ․ Ա․

 

 

Յերևան քաղաքի շինարարությունը կարելի յե բաժանաել յերկու մասի. հին՝ պարսկականը և նոր՝ ռուսաց իշխանության որով:

Սկզբում, պարսկական իշխանության որով, քաղաքի կենտրոն յեղել ե բերդը, վորի շուրջ յեղել ե գյուղանման մի բնակություն, ուր ապրել ե թուրք բնակչությունը, իսկ մի քիչ հեռու՝ բարձրության վրա՝ հայերը: Բերդին շատ մոտ շինված եր շուկան՝ առևտրական մասը: Յերևանն սկզբում շատ փոքր ե յեղել, բայց աստիճանաբար աճել ե՝ բերդի շրջանից դեպի բարձունքները: Այժմյան Աբովյան փողոցի ձախ կողմում բնակվել են հայերը, իսկ աջ կողմում թուքերը: Այդ մասերը քաղաքի կերպարանքից զուրկ են, նրանց փողոցները յեվրոպական իմաստով փողոց անվանել չի կարելի, վորովհետև սրանք ավելի շուտ նեղլիկ ու անկանոն անցքեր են, վորոնք հաճախ փակուղիով են վերջանում:

Քաղաքն այս ձևով մնաց մինչև ռուսաց իշխանության հաստատումն այստեղ, և այդ ժամանակվանից սկսվեց նրա կանոնավորումը: Անհրաժեշտ եր անցք դեպի Քանաքեռի շոսեն, նա բացվեց և այժմ կազմում ե Աբովյան փողոցը, մի քանի այլ զուգահեռ փողոցներով: Այս բանը Յերևանին մի քիչ քաղաքի ձև տվեց: Սակայն, նույն դրության մեջ շարունակում ե մնալ մինչև այժմ. այդ անբավարար դրություն ե. և յեթե այդպես շարունակվի, հետագայում անհաղթելի դժվարությունների առաջ կանգնած կը լինի քաղաքը:

Դուք գիտեք, վոր քաղաքում բնակելի տարածություն շատ քիչ կա: Հրատարակված դեկրետի համեմատ, մենք չունենք անհրաժեշտ տարածությունը. մեր ունեցած տարածությունը 50 տոկոսով քիչ ե, քան հարկավոր ե բնակչությանը բավարարելու համար: Մենք կանգնած ենք մի հարցի առաջ. - ընդարձակել քաղաքը, մեծ թվով շենքեր կառուցել բնակչությանը տեղավորելու համար: Քաղաքի շինարար աշխատանքներն այժմյան հատակագծի սահմաններում շարունակելը կը ստեղծի խոշոր խտացում, վորը շատ վտանգավոր կը լինի բնակչության, մանավանդ մատաղ սերնդի համար առողջապահական տեսակետից: Ուրեմն պետք ե մեծ և համարձակ քայլեր անել, վորպեսզի քաղաքի ընդարձակումը կատարվի անսխալ կերպով:

Մեր քաղաքը գտնվում ե լեռնային ու դաշտային սահմանների վրա: Հյուսիսային կողմից կա յուրահատուկ և հարավային կողմում դաշտային տնտեսություն: Այս հանգամանքը քաղաքի զարգացմանը նպաստում ե: Յեթե հարց դնենք, արդյոք լավ չե՞ր լինի նոր քաղաք շինել այլ տեղում, այն ժամանակ ես կասեմ՝ իմ կարծիքն այն ե, վոր քաղաքի այժմյան տեղը շատ լավ ե և հարմար. նրա շուրջը գտնվում են մի շարք բնակելի խոշոր վայրեր՝ Ղամարլու, Վաղարշապատ, Աշտարակ, Ոշական, Ախտա և այլն: Այս վայրերն իրենց տնտեսական կյանքով ձգտում են դեպի կենտրոն, այն ե՝ Յերևան՝ իր ներկա դիրքով: Կենտրոն հանդիսանալու հանգամանքը խոշոր դեր ե խաղում և ամենից առաջ հաշվի յե առնվում և՛ Յեվրոպայում, և՛ Ամերիկայում: Յեվ այդ նույնպես անհրաժեշտ ե Յերևանին, նա իր տեղում պիտի մնա, բայց պիտի փոխի իր ձևը նոր հատակագծման միջոցով:

Յեթե հետաքրքրվենք՝ յեղե՞լ ե արդյոք դեպք, վոր թույլատրվի քաղաքի ձևը փոխել, հինը քանդելով, - պատասխանը պատրաստ ե, և այդ մասին ճոխ գրականություն կա: Յեվրոպայում չկա քաղաք, վոր այս վիճակին յենթարկված չլինի: Հարյուր և ավելի տարիներ առաջ Յեվրոպայում այս ուղղությամբ շատ աշխատանք ե կատարվել: Այդ աշխատանքների արդյունքն այժմ մեր առաջ ե դրված: Փարիզը սրանից հարյուր տարի առաջ հիմնապես փոփոխվել ե, նրա մի քառորդը քանդված և նորից ե շինված բոլորովին նոր ձևով՝ նոր պարտեզներ, լայն փողոցներ, հրապարակներ և այլն. դրա համար Ֆրանսիան մեծ փոխառություն կնքեց մի միլլիարդ 200 միլիոն ֆրանկ, վորը հնարավորություն տվեց այդ մեծ աշխատանքը կատարելու: Նույնը նաև Բերլինի, Լոնդոնի, Վիեննայի, Հռոմի և այլ մեծ քաղաքների մասին կարելի յե ասել: Ամենաարժեքավոր թաղամասերը քանդվեցին հիմնովին, նույնիսկ 6-8 հարկանի տներ: Ուլմ քաղաքը 80 տոկոսով քանդվեց և նորից շինվեց: Ավելի մոտենանք. այժմ նույն աշխատանքների առաջ կանգնած ե Մոսկվան, ուր աշխատում ե իմ մոտ ընկեր ակադեմիկ Շչուսեվը, և Մոսկվայի նոր հատակագիծը հաստատված ե և արդեն իրագործվում ե:

Ուրեմն, պետք ե օգտվել Յեվրոպայի ու Ռուսաստանի պատմական դասերից և ունեցած փորձից ու ձեռնարկել աշխատանքի: Պետք ե ասել, վոր իմ կազմած Յերևանի հատակագծման նախագիծն արժանացել ե մեր իշխանության հաստատմանը և արդեն հանձնված ե իրագործման: Տարածությունն ընդգրկում ե 833 դեսյատին կամ 2 միլիոն քառակուսի սաժեն, վոր կարող ե տեղավորել մինչև 100-200 հազար բնակիչ, նայած այն բանին, թե ինչ տարածություն կորոշվի ամեն մի շնչի համար: Զանազան յերկրներում զանազան նորմաներ կան - 10, 15, 20 և ավելի. Ռուսաստանում կան դեպքեր՝ մինչև 100 քառ. սաժենի: Մենք, ի հարկե, գիտենք, վոր քիչ հող ունենք և պիտի բավարարվենք մինիմումով. լավ կը լիներ վերցնել 15-20 քառ. սաժ. և այդ հնարավորություն կը տար տեղավորելու մինչև 150,000 բնակչություն: Յեթե չեմ սխալվում, 60,000 արդեն ունենք, այնպես վոր 2-2 և կես անգամ կավելանա բնակչությունը:

Այժմյան գլխավոր փողոցը՝ Աբովյանը շատ ե զբաղված հետիոտն անցորդներով և այնչափ, վոր վորոշ տարածության վրա ձիերի, կառքերի, ավտոմոբիլների յերթևեկությունն արգելված ե: Այս պատճառով հաղորդակցությունը խանգարված և աննորմալ դրության մեջ ե: Հատակագծված քաղաքը կը տա հարմարություն դրա համար: Այս առաջին: Յերկրորդ՝ մաքրության տեսակետրց մեր քաղաքը չունի վորոշ հարմարություններ, գլխավորապես կանալիզացիա: Յեթե այժմյան հատակագծով շարունակենք շինարար աշխատանքները, կրկնում եմ, կը ստեղծվի անտանելի դրություն, հողը կը կեղտոտվի և կառաջանա առողջական տեսակետից վտանգավոր դրություն: Նոր հատակագիծը հնարավորություն ե տալիս ունենալու սիստեմատիկ և որինակելի կանալիզացիա: Յերրորդ հանգամանքը, վոր ստիպում ե նոր հատակագծման դիմել, այդ այն ե, վոր ազատ տեղեր չունենք և ստիված ենք ազատ հողեր փնտրել տներ շինելու համար:

Ահա այս յերեք հանգամանքները ստիպում են անցնել Յերևանի հատակագծման աշխատանքներին ամիջապես:

Յես առաջարկում եմ մի ձև, վորը հեշտ իրագործելի յե քաղաքի ներկա տափարակ և գեղեցիկ տեղում: Յես առաջարկում եմ մի ձև, վորը Յեվրոպայում շատ ե ընդունված: Քաղաքը պետք ե ունենա կենտրոն և մի քանի քաղաքամասեր, վորոնք այնպես են դասավորված, վոր շրջանակաձև փողոցների միջոցով ամենակարճ ճանապարհով իրար միացած լինեն, զանազան ուղղությամբ հեշտ լինի հաղորդակցություն պահպանել քաղաքի կենտրոնի հետ: Առողջապահական նկատառումներովքաղաքը պետք ե ունենա կանաչ գոտենման փողոցներ և այգիներ, առանց շինությունների, այսպես կոչված «քաղաքի թոքեր», վորոնցով մաքուր ոդ ե անցնելու դեպի քաղաքի կենտրոնը: Յեթե այդ իրագործվի, ամեն մի շնչին կը հասնի 2-3 ք. սաժեն կանաչ տարածություն: Քաղաքի մի վեցերորդ կամ յոթերորդ մասը այսինքն 300-450 հազար ք. ս. տարածություն կանաչով պիտի ծածկված լինի:

Հաստատված այս ծրագրով (ցույց ե տալիս հատակագիծը) քաղաքի կենտրոնում կա մի հրապարակ՝ Լենինի անվան, վորը կը տարածվի բուլվարից մինչև Կուլտուրայի տունը սահման ունենալով մի կողմից Աբովյան ու Նալբանդյան փողոցները: Արձանը հրապարակի վրա արդեն հիմնադրված ե: Նույն այս հրապարակի վրա ծրագրվում ե պետական գլխավոր շենքերը Կենտրոնական Գործադիր Կոմիտեյի, Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի, և հրապարակի շուրջը՝ մյուս պետական հիմնարկները: Այս կը լինի վարչական կենտրոնը՝ քաղաքամասը:

Այս կենտրոնին շատ մոտ, այժմյան տեղում գտնվելու յե առևտրական մասը՝ շուկան.նա արդեն իր տեղն ունի, բայց յեռանկյունի յե.յես առաջարկում եմ սահմաններն ուղղել և քառանկյուն դարձնել, այնպես վոր սահման կունենա Մարքսի փողոցի շարունակությունը. Կոմունարների այգու շարքի խանութները և մյուս կողմից այգու զուգահեռ փողոցը:

Նույն տեղում կը գտնվի բանվորական բորսան և քաղգավգործկոմի շենքը:
Կոմունարների այգու մյուս կողմում մեծ հրապարակ ե լինելու, վորի վրա տեղավորվում ե յերկաթուղու կայարանը. այս հարցն արդեն լուծված ե և միայն վորոշ հանգամանքներ խանգարում են կայարանի շենքի կառուցումը սկսելուն, չնայած այն բանին, վոր Անդրկովկասյան յերկաթուղու վարչությունն շտապեցնում ե:

Նոր կայարանի կողքին տարածվելու յե արդյունաբերական քաղաքամասը, ուր տեղ են գտնելու բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, գործարանները: Կա վորոշ հարմարություններ. յերկաթուղակայարանին շատ մոտ լինելն ե, վոր կարևոր հանգամանք ե:
Հետեվյալ քաղաքամասը հյուսիս-արևելյան կողմում ե տարածվում. դա Համալսարանային քաղաքամասն ե 22 դեսյատին հողի վրա, ներկա տեղում տեղավորված կը լինի բժշկական ֆակուլտետը իր կլինիկաներով. իսկ ֆակուլտետները կը գտնվեն Աբովյանի ձախ կողմում: Կենտրոնական աուդիտորիան կը տեղավորի 1,000 մարդ: Նույն տեղում կը գտնվեն նաև ուսանողների կացարաններն ու դասախոսների բնակարանները:

Ներկա Սունդուկյանի փողոցի շարունակության վերջում բացվելիք հրապարակի վրա տեղավորվելու յե Պետական թատրոնը, իսկ մոտերքում Կոնսերվատորիան, Գեղարվեստական, Տեխնիքական դպրոց, վորոնց ներկա շենքերը շատ փոքր են և անհարմար: Սրան մոտ հյուսիս-արևմտյան մասում կը լինի ստադիոնը՝ մարզանքների հրապարակ: Այժմ Յեվրոպայում չկա մեծ քաղաք, վորը ստադիոն չունենա. այժմ մարմնամարզությանը խոշոր տեղ ե տրվում, վորովհետև մատաղ սերնդի ֆիզիքական զարգացումն առաջնակարգ կարեվորություն ե ստանում: Մենք ել հետ չպիտի մնանք այս գործում:

Սարի վրա՝ Կոնդում, վորտեղից շատ գեղեցիկ տեսարան ե բացվում տեղավորվելու յե թանգարանային քաղաքամասը:

Քաղաքը պիտի տարածվի ի հաշիվ այգիների. և հավանական ե հարց տրվի, թե հապա ինչո՞վ պիտի փոխարինենք այն տարածությունը, վորը խլում ենք այգիներից: Այդ առիթով կարելի յե ասել, վոր քաղաքի հարավային մասում կան անջուր հողեր. այժմ սրանց վրա կատարվում ե հետազոտական աշխատանք, ջրելու հնարավորությունները պարզելու համար, և արդեն մշակված ծրագիր կա մոտ 700 դեսյատին հողի մի մասն ելեկտրականության ոգնությամբ վոռոգելու մասին: Այսպիսով, հնարավորություն ենք ունենում այգիներից վերցված տարածությունը մի քանի անգամ ավելի չափով վերադարձնել, քաղաքի շուրջն ստեղծելով ողակաձև կանաչ գոտի այնպես, վոր յուրաքանչյուր քաղաքամաս կունենա իրեն մոտիկ զբոսավայրը:

Բացի դրանից, մի շարք նոր փողոցներ են բացվելու, այսպես՝ մեծ պրոսպեկտ, վոր առաջանում ե այժմյան Բեհրության ու Ցարսկայա փողոցների ձուլումից. այս պրոսպեկտի շարունակությունը Կուլտուրայի Տան հետևումն ե:
Մարքսի փողոցի շարունակության վրա մինչև Թոխմախան լիճը լինելու յե մի այլ բուլվար, մի տնկարան, վորով նույնպես լավ ոդ ե մատակարարվելու արդյունաբերական քաղաքամասի համար:

Մի այլ փողոց բացվելու յե վարչական քաղաքամասից դեպի կայարանը, մի փողոց, վորով բացվելու յե սիրուն տեսարան դեպի Արարատ: Մի յերկրորդ փողոց տանելու յե դեպի Հրազդան (Զանգու) գետը, վորը իր գեղեցկությամբ ծածկված ե մեր տեսողությունից և տեսնել ցանկացողն ստիպված ե անցնել մի շարք կեղտոտ փողոցներով: Այս փողոցի շարունակությունը կը տանի Սայաթ-Նովայի պարտեզը: Այս փողոցի կառուցումն արդեն սկսված ե: Սրա շարունակությունը պրոսպեկտի հետ միանում ե տունելի միջոցով, Կոնդի տակով:

Մի քանի փողոցներ պետք կը լինի լայնացնել՝ բնակարաններին անհրաժեշտ լույս տալու նպատակով: Մեր Աբովյան փողոցի լայնությունը միայն 9 ¾ սաժեն ե, միչդեռ Թիֆլիսի Գոլովինսկիյ փողոցինը 20 սաժեն ե: Պրոսպեկտից դեպի Արագած բացվում ե գեղեցիկ տեսարան:

Կառուցվելիք շենքերը բաժանվում են 2 տեսակի՝ համայնական նպատակներիև մասնավոր բնակության կարիքներին ծառայող. առաջինները 2-3-4, իսկ երկրորդները վոչ ավելի, քան 2 հարկանի: Յեվրոպայում կան քաղաքներ, ուր չորսից ավելի հարկանի տներ կառուցելն արգելված ե:*

________________________
* Բուն տեքստից հետո Խորհրդային Հայաստան թերթի խմբագրությունը զետեղել է հետևյալ հետարքրական տեղեկատվությունը. «Այնուհետև ակադեմիկոս Ա. Թամանյանը, կանգ առնելով մի քանի հանգամանքների վրա ևս, ավարտում ե իր խոսքը հասարակության բուռն ծափահարության ներքո, ասելով, վոր Յերևանի հատակագծումը պիտի կատարել Յեվրոպայի 100-ամյա փորձառության հիման վրա, նպատակ ունենալով ապահովել ժողովրդի առողջությունը:
Այս զեկուցման առթիվ արտահայտվում են ընկերներ Ա. Կարինյանը և Տատյանը, վորոնք հավանություն են տալիս ծրագրին և առաջարկում անհապաղ անցնել նրա իրականացմանը:
Քաղխորհուրդը միաձայն ընդունել ե հետևյալ բանաձևը.«Յերևանի Քաղխորհուրդը, լսելով ընկ.Թամանյանի զեկուցումը Յերևանի բարեկարգման և քաղաքի նոր հատակագծի մասին, լիակատար հավանություն ե տալիս հատակագծին և անհրաժեշտ ե համարում ավելի մեծ թափ տալ քաղաքի բարեկարգման հետ կապված բոլոր աշխատանքներին և ձեռնարկություններին, միշտ ղեկավարվելով ընկ. Թամանյանի հիմնական նախագծով:
Միաժամանակ Քաղխորհուրդն առաջարկում ե քաղաքային Գործադիր Կոմիտեյին՝ միջոցներ վորոնել և ստեղծել հատուկ ֆոնդ ընկ. Թամանյանի ծրագրի կիրարկման համար»:
Քաղխորհուրդը նույն նիստում վորոշում ե կայացրել հատակագծված քաղաքի մեծ փողոցներից մեկն անվանել ակադեմիկոս Թամանյանի անունով»:





|  Մ.Սարյան, Ա.Թամանյան, Մ.Մազմանյան 1931թ.Երեւան  | Աղբյուրը` այստեղ:
 

 

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am