| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 29.12.2014 | անահիտ ավետիսյան
ալեն ռոբ–գրիյեի "խանդը" վեպը
Տարբերությունը եւ կրկնությունն այն հիմնական հասկացություններից են, որ անհրաժեշտ են Բեթհովենի սիմֆոնիան, կամ, առավել եւս, Վագների օպերան հասկանալու համար:



Ա­լեն Ռոբ-Գ­րիյեն (1922 թ., Բրեստ – 2008թ., Կան), ֆրան­սիա­ցի գրող եւ կի­նո­գոր­ծիչ, հայտ­նի է հատ­կա­պես որ­պես Նոր վե­պի հիմ­նա­դիր­նե­րից մե­կը։ Իհար­կե, բազ­միցս է շեշտ­վել, որ Նոր վե­պը չի կա­րե­լի հա­մա­րել գրա­կան դպ­րոց, ոչ էլ նույ­նիսկ հա­մա­սեռ գրա­կան ուղ­ղու­թյուն, այլ պար­զա­պես մի ան­վա­նում, որի տակ խմբ­ված էին շատ տար­բեր մտա­հո­գու­թյուն­նե­րի, ոճե­րի ու ծրագ­րե­րի տեր գրող­ներ, որոնց թե­րեւս միավո­րում էր եր­կու բան՝ հրա­տա­րակ­չու­թյու­նը (Մի­նյուի) եւ ավան­դա­կան վե­պի հիմ­նա­րար գա­ղա­փար­նե­րի մեր­ժու­մը՝ վի­պա­կան ինտ­րիգ, կեր­պար, հո­գե­բա­նա­կան դի­ման­կար, եւ այլն։ Այդ տե­սան­կյու­նից, իհար­կե, բո­լոր այն գրող­նե­րի մեջ, որոնց վե­րագր­վել է Նոր վե­պին պատ­կա­նե­լու­թյու­նը՝ Ռո­բեր Պեն­ժե, Կլոդ Սի­մոն, Նա­թա­լի Սա­ռոտ, Մի­շել Բյու­տոր, եւ այլն, դժ­վար է առանձ­նաց­նել հիմ­նա­դիր­նե­րի եւ հե­տե­ւորդ­նե­րի։ Բայց եւ այն­պես, հենց Ռոբ-Գ­րիյեի անունն է, որ ան­մի­ջա­պես ասո­ցիաց­վում է Նոր վե­պի հետ։

Հա­կադր­վե­լով վե­պի հատ­կա­պես բալ­զա­կյան կա­ղա­պար­նե­րին, Նոր վե­պը հա­վակ­նում է վե­պի կենտ­րո­նում դնել հենց գի­րը, գրե­լու գոր­ծըն­թա­ցը, շա­րադր­ման, պա­տու­մի խն­­դիր­նե­րը։ Վեպն այս­պի­սով դառ­նում է մի գոր­ծո­ղու­թյուն, որի թի­րա­խը հենց լե­զուն է։ Ըստ Ռոբ-Գ­րիյեի, վե­պը ոչ թե այն վայրն է, որ­տեղ ինչ­-որ կեր­պար­ներ ինչ­-որ գոր­ծո­ղու­թյուն­­ներն են կա­տա­րում, այլ հենց ին­քը վեպն է ինքն իրեն ստեղ­ծում, ինքն իրեն կաս­կա­ծի տակ դնում, ինքն իրեն քն­նա­դա­տում՝ պա­տու­մի, գրի, առար­կա­նե­րի կամ իրա­վի­ճակ­նե­րի մա­կար­դա­կում։ Այլ կերպ ասած, ամեն պա­հի առ­կա է գրի պայ­մա­նա­կա­նու­թյան գի­տակ­ցու­մը։ Հե­ղի­նա­կը մեր­ժում է ֆոր­մա­լիս­տա­կան­-ոչ ֆոր­մա­լիս­տա­կան հա­կադ­րու­թյու­նը, քան­զի ըստ նրա, գրա­կա­նու­թյու­նը միայն ֆոր­մալ կա­րող է լի­նել, ար­վես­տը գո­յու­թյուն ու­նի միայն ձե­ւի մեջ։ Վեր­ջա­պես, կաս­կա­ծի տակ է դր­վում ամե­նա­գետ պատ­­­մո­ղը, որը, Աստ­ծո հան­գույն, վե­րե­ւից տես­նում է ամեն ինչ եւ պատ­մում մեզ։ Նոր վե­պում պատ­մողն ինչ­-որ մեկն է, եր­բեմն՝ անոր­սա­լի մե­կը, եր­բեմն նույ­նիսկ փո­փոխ­վող պատ­մող­ներ կան, սա­կայն միշտ իրենց հա­տուկ, սահ­մա­նա­փակ դի­տան­կյու­նով, որոնք հա­ճախ իրենք էլ լավ չեն հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում եւ խճճ­վում են իրենց իսկ հա­կա­սու­թյուն­նե­րի մեջ։­

Իր տե­սա­կան խո­հագ­րու­թյուն­նե­րում Ռոբ-Գ­րիյեն հե­տա­գա­յում կա­ռանձ­նաց­նի գրո­ղի եր­կու հա­կա­դիր տե­սակ. գրող, ով հաս­կա­նում է աշ­խար­հը, որն իր հա­մար լիովին պարզ է, կա­պակց­ված, ինչ­պես օրի­նակ Բալ­զա­կը, եւ գրող, ով չի հաս­կա­նում աշ­խար­հը, ում հա­մար ան­հաղ­թա­հա­րե­լի, ան­հաս­կա­նա­լի «բա­ցեր» կան, եւ հենց դա է դր­դում նրան գրե­լու։ Այս­պի­սով, ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը կա­ռուց­վում է գրի ըն­թաց­քում, կեր­պար­նե­րը՝ դրանց առ­կա­յու­թյան դեպ­քում, ստեղ­ծում են իրենք իրենց։ Ընդ որում, ըստ նրա, այդ եր­կու տի­պե­րը միշտ էլ գո­յու­թյուն են ու­նե­ցել, եւ դա ամե­նե­ւին իր կամ Նոր վե­պի այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հայտ­նա­գոր­ծու­թյու­նը չէ։ «Ես կա­րող եմ Բալ­զակ կար­դալ առանց որե­ւէ էներ­գիա ներդ­նե­լու, – ասում է Ռոբ-Գ­րիյեն,– նրա նկա­րագ­րած աշ­խարհն իմ կա­րի­քը չու­նի, այն գո­յու­թյուն ու­նի եւ շատ լավ գոր­ծում է: Կա­րող եմ փոր­ձել մտ­նել այն­տեղ, բայց այն չեմ ստեղ­ծի: Մինչ­դեռ երբ կար­դում ենք «Օ­տա­րը», Կաֆ­կայի «Դ­ղյա­կը» կամ Ֆոլք­նե­րի «Սր­բա­վայ­րը», տար­բեր է, քան­զի այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում ի հայտ է գա­լիս գրող­նե­րի մի ամ­բողջ աստ­ղա­բույլ, որոնք մի նոր աշ­խարհ են կա­ռու­ցում, ասես հին աշ­խարհն անընդ­հատ վերս­տեղ­ծե­լու են­թա­կա լի­ներ, այս­պես ասած՝ միշտ ավե­րակ­նե­րի մեջ:» («­Նե­րա­ծու­թյուն գրո­ղի կյան­քի», Ակ­տուալ ար­վեստ, 2014, թարգմ.՝ Անա­հիտ Ավե­տի­սյան, էջ 35)։ Այս­պի­սով, ըն­թեր­ցո­ղից որո­շա­կի ջանք է պա­հանջ­վում, նույ­նիսկ ավե­լին՝ դառ­նալ ակ­տիվ գոր­ծող ան­ձ ստեղ­ծա­գոր­ծու­թյունն ըն­թեր­ցե­լիս, որը իմաստ ձեռք կբե­րի հենց իր ըն­թեր­ցա­նու­թյան շնոր­հիվ, այն աշ­խար­հի, որը նա կկա­ռու­ցի իր ըն­թեր­ցու­մով։

Երբ 1957թ.-ին լույս է տես­նում «Խան­դը»՝ նրա եր­րորդ վե­պը, հե­ղի­նակն ար­դեն որո­շա­կի համ­բավ էր ձեռք բե­րել – հիմ­նա­կա­նում բա­ցա­սա­կան – ինչ­պես իր նա­խորդ եր­կու վե­պե­րի շնոր­հիվ, այն­պես էլ ար­դեն հրա­պա­րակ­ված որոշ տե­սա­կան հոդ­ված­նե­րի, որոնք հե­տա­գա­յում խմբ­վե­ցին մեկ գր­քում՝ «Նոր վե­պի հա­մար» վեր­նագ­րով։ Այս­պի­սով, նա ար­դեն բա­վա­կան հայտ­նի, թեեւ վի­ճա­հա­րույց գրող էր, եւ ար­դեն փոքր­-ինչ ծա­նոթ լի­նե­լով նրա տե­սա­կան մտ­քին՝ քն­նա­դատ­ներն այս վե­պը դի­տար­կե­ցին որ­պես իր տե­սա­կան մտ­քե­րի ոչ այն­քան հա­ջող առար­կա­յա­ցում։

Հե­ղի­նա­կը պատ­մում է, որ «Խան­դի» կա­պակ­ցու­թյամբ քն­նա­դատ­նե­րից մե­կը Մոնդ թեր­թի իր հոդ­վա­ծում գրել էր, որ այն­պի­սի տպա­վո­րու­թյուն ու­նի, թե թե­րի օրի­նակ է ստա­ցել: «Նա մտա­ծում էր, թե էջե­րը թափ­վել էին կազ­մե­լու ըն­թաց­քում եւ հե­տո սխալ հեր­թա­կա­նու­թյամբ էին հա­վա­քել, ու հա­վա­նա­բար տար­բեր օրի­նակ­նե­րից վերց­ված նույն էջե­րը դրել միեւ­նույն գր­քում, ինչն իր կար­ծի­քով բա­ցատ­րում էր այն փաս­տը, որ միշտ նույն տե­սա­րանն էր ըն­թա­նում՝ մի քա­նի տար­բե­րա­կով, առանց իրա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գաց­ման:» («­Նե­րա­ծու­թյուն գրո­ղի կյան­քի», էջ 90)։

Իս­կա­պես, պատ­մու­թյան՝ իրա­դար­ձային տե­սան­կյու­նից, վե­պը չու­նի ոչ սկիզբ, ոչ վերջ։ Դժ­վար է առանձ­նաց­նել ինչ­-որ կոնկ­րետ սյու­ժե, առա­վել եւս` ժա­մա­նա­կագ­րա­կան գիծ, զար­գա­ցում. պատ­կեր­նե­րի եւ իրա­վի­ճակ­նե­րի կրկ­նու­թյունն ու բազ­մա­պատ­կու­մը մո­լո­րեց­նում են ըն­թեր­ցո­ղին, ստի­պում նրան դե­գե­րել ան­ժա­մա­նակ ու ան­տա­րա­ծու­թյուն մի վայ­րում։

Պա­տու­մը, որ բաղ­կա­ցած է ինը մա­սից, ժա­մա­նա­կագ­րա­կան ոչ մի տրա­մա­բա­նու­թյան չի հե­տե­ւում, այլ գոր­ծում է կրկ­նու­թյուն­նե­րի, վերսկ­սում­նե­րի, վե­րա­դար­ձե­րի, կրկ­ներ­գե­րի սկզ­բուն­քով, ինչ­պես նկա­րագ­րում է վե­պի այս հատ­վա­ծը, որը թեեւ «տե­ղաբ­նիկ մի մե­ղե­դու» մա­սին է, բայց ակն­հայ­տո­րեն մե­տա­տեքս­տային նշա­նա­կու­թյուն ու­նի.

«Ան­կաս­կած նույն պոեմն է շա­րու­նակ­վում: Եթե մերթ ընդ մերթ թե­մա­նե­րը լղոզ­վում են, ապա քիչ ան­ց հայտն­վում նո­րից, ավե­լի հս­տակ վե­րա­հաս­տատ­վե­լով, գրե­թե ճիշտ նույ­նա­կան: Սա­կայն այդ կրկ­նու­թյուն­նե­րը, այդ ան­նշան վա­րիացիանե­րը, այդ ընդ­մի­ջում­ներն, այդ հե­տո­ղոր­մյա­նե­րը կա­րող են հան­գեց­նել փո­փո­խու­թյուն­նե­րի – թեեւ հա­զիվ նշ­մա­րե­լի – ի վեր­ջո տա­նե­լով մեկ­նա­կե­տից շատ հե­ռու:»­

Ինչ­պես ին­քը՝ հե­ղի­նակն էր շեշ­տում, տար­բե­րու­թյու­նը եւ կրկ­նու­թյունն այն հիմ­նա­կան հաս­կա­ցու­թյուն­նե­րից են, որ ան­հրա­ժեշտ են Բեթ­հո­վե­նի սիմ­ֆո­նիան, կամ, առա­վել եւս, Վագ­նե­րի օպե­րան հաս­կա­նա­լու հա­մար: Եւ, այս պա­րա­գա­յում, գրա­կա­նու­թյու­նը մո­տե­նում է երաշժ­տա­կան կա­ռուց­ված­քին:

Այս­պի­սով, վե­պում մի քա­նի հիմ­նա­կան թե­մա կամ տե­սա­րան են ի հայտ գա­լիս՝ ինչ­պես օրի­նակ Ֆրան­կի եւ Ա...-ի քա­ղաք գնա­լու պատ­մու­թյու­նը, կամ տե­ռա­սում սուրճ եւ ապե­րի­տիվ մա­տու­ցե­լու ան­վերջ «ծի­սա­կա­տա­րու­թյու­նը», կամ հա­զա­րոտ­նու­կին ճխ­լե­լու տե­սա­րա­նը­,եւ այլն..., որ կրկն­վում են ան­վերջ, փո­փոխ­վող տար­բե­րակ­նե­րով, մտած­մուն­քի եւ հե­տե­ւու­թյուն­նե­րի տե­ղիք տա­լիս, ստի­պում կր­կին ան­դրա­դառ­նալ, նոր իմաստ­ներ ստա­նում, ահագ­նա­նում: Հենց այս վա­րիացիաներն են, որ առաջ են տա­նում պա­տու­մը, եւ հենց այս հար­թու­թյան վրա է, որ պետք է ըն­կալ­վի տեքս­տի «զար­գա­ցու­մը»։

Ե­թե փոր­ձենք այ­նոամե­նայ­նիվ ինչ­-որ իրա­դար­ձային կա­ռույց վեր­հա­նել, ապա կա­րե­լի է ասել, որ սա դա­սա­կան սի­րային եռան­կյու­նու «պատ­մու­թյուն» է. մի կին՝ Ա...-ն, մի տղա­մարդ՝ Ֆրան­կը, եւ պատ­մո­ղը, միաժա­մա­նակ բա­ցա­կա եւ ամե­նա­գո, որին ըն­թեր­ցո­ղը շու­տով վե­րագ­րում է Ա...-ի ամուս­նու դե­րը։

«Jalousie» վեր­նա­գի­րը, ֆրան­սե­րե­նում, ակն­հայ­տո­րեն խա­ղում է եր­կի­մաս­տու­թյան վրա, որն ան­հնար էր ամ­բող­ջո­վին վե­րար­տադ­րել հայե­րեն մեկ բա­ռում, քա­նի որ նշա­նա­կում է միաժա­մա­նակ առար­կա` այն շեր­տա­վա­րա­գույ­րը, որի արանք­նե­րով հնա­րա­վոր է նայել, առանց երե­ւա­լու, եւ զգացում` խան­դը, որ կր­ծում է պատ­մող­-ա­մուս­նուն, ան­հանգս­տաց­նող եւ անո­ղոք մի կիրք, որ աղա­վա­ղում է այն ամենն, ինչ նա տես­նում է:­

Այս­պի­սով, պատ­մո­ղը՝ խան­դոտ ամու­սի­նը, որն անընդ­հատ հե­տե­ւում է կնո­ջը, հան­գույ­ցի կենտ­րո­նում է, քա­նի որ ըն­թեր­ցո­ղը տես­նում է, շարժ­վում է, լսում եւ զգում միայն նրա հետ եւ նրա մի­ջո­ցով։ Նա ասես մի դա­տար­կու­թյուն լի­նի իրե­րի ու իրա­դար­ձու­թյուն­նե­րի կենտ­րո­նում։ Բայց մի դա­տար­կու­թյուն, որից սկս­վում եւ որով վեր­ջա­նում է ամեն ինչ։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ պատմ­վում է միայն մեկ՝ պատ­մո­ղի դի­տան­կյու­նից, որն առա­վել քան սահ­մա­նա­փակ է, ինչ­պես ու­ղիղ իմաս­տով (հա­յաց­քը հա­ճախ ստիպ­ված է բա­վա­րար­վել նրա­նով, ինչ թույլ են տա­լիս շեր­տա­վա­րա­գույ­րի բաց­վածք­նե­րը, կամ այս կամ այն ան­կյու­նային դի­տա­կե­տը), այն­պես էլ՝ փո­խա­բե­րա­կան (խան­դը հա­ճախ աղա­վա­ղում է նրա՝ նույ­նիսկ ամե­նա­պարզ տե­սա­րան­նե­րի կամ իրա­վի­ճակ­նե­րի ըն­կա­լու­մը, փո­խա­րենն ստի­պե­լով դրանց մեջ թաքն­ված իմաստ փնտ­րել)։ Պատ­մո­ղի խան­դը զգում ենք, տես­նում, թեեւ ոչ մի խոսք չկա դրա մա­սին, ոչ մի ներ­քին մտո­րում, ոչ մի ներ­քին մե­նա­խո­սու­թյուն, հո­գե­վի­ճա­կի նկա­րագ­րու­թյուն, այլ պար­զա­պես իրար հա­ջոր­դող նկա­րագ­րու­թյուն­ներ. աչ­քը գրան­ցում է տե­սա­ծը, ամե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ, կանգ առ­նե­լով «տա­րօ­րի­նակ» կամ «ար­տա­սո­վոր» կամ «եր­կի­մաստ» ման­րուք­նե­րի վրա, վե­րա­դառ­նա­լով հետ, գնա­լով առաջ, մնա­լով սա­կայն միայն ար­տա­քին նկա­րագ­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կում։­

Իս­կա­պես, վե­պի հենց սկզ­բից, եւ ամ­բողջ ըն­թաց­քում, մեզ են տրա­մադր­վում «երկ­րա­չա­փա­կան» ճշգր­տու­թյան եւ ման­րա­մաս­նե­րի գե­րա­ռա­տու­թյամբ լի նկա­րագ­րու­թյուն­ներ, ուր ան­դա­դար, կար­ծես, ճշգրտ­վում են ուղ­ղու­թյուն­նե­րը, մի առար­կան մյու­սից բա­ժա­նող տա­րա­ծու­թյուն­նե­րը, հե­ռա­վո­րու­թյուն­նե­րը, դրանց չափ­սե­րը, ձե­ւե­րը, գույ­նե­րը, քա­նա­կը, եւ այլն: Այ­նու­հան­դերձ, այս­քան ճշգր­տու­թյու­նից հե­տո, զգում ենք, որ բա­վա­կան դժ­վար է կողմ­նո­րոշ­վել տեքս­տի տա­րած­քում: Ման­րա­մաս­նե­րի ծայ­րա­հեղ առա­տու­թյու­նը, առա­ջին հա­յաց­քից, «երկ­րա­չա­փա­կան» կամ «գի­տա­կան» օբյեկ­տի­վու­թյան տպա­վո­րու­թյուն է ստեղ­ծում, ասես որե­ւէ զգաց­մուն­քից զուրկ, ամե­նա­գետ պատ­մո­ղը ներ­կա­յաց­նի այն ամենն, ինչ կա­տար­վում է իր շուր­ջը: Այ­նինչ, կար­դա­լուն զու­գըն­թաց, հաս­կա­նում ենք, որ սա ավե­լի շուտ հի­վան­դա­գին ու­շադ­րու­թյուն է ցան­կա­ցած ման­րու­քին, եւ որ պատ­մո­ղը, ոչ միայն «օբյեկ­տիվ» վկա չէ իրա­դար­ձու­թյուն­նե­րի, այլ որ ցան­կա­ցած իրա­դար­ձու­թյուն ան­ցնում է նրա ան­ձնա­կան ոսպ­նյա­կի մի­ջով, աղա­վաղ­վում, մե­ծա­նում կամ փոք­րա­նում, այս կամ այն ձեւն ըն­դու­նում, ճիշտ ինչ­պես ար­տա­քին առար­կա­նե­րը` իրենց տան պա­տու­հան­նե­րի հաստ, խոր­դու­բորդ ապա­կի­նե­րի ան­հար­թու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ:

Ճշգր­տու­թյան այդ ձգ­տու­մը, որ դառ­նում է նկա­րագ­րա­կան մո­լուցք, գու­ցեեւ նշա­նա­կում է, որ պատ­մո­ղը փոր­ձում է ինքն էլ գլուխ հա­նել իրեն շր­ջա­պա­տող աշ­խար­հից, ան­հու­սո­րեն փոր­ձում է կարգ ու կա­նոն մտց­նել այն­տեղ, ուր խառ­նաշ­փո­թը վրա է հաս­նում ամեն կող­մից, ուր իր կաս­կած­ներն ու­տում են իրեն ներ­սից, ու փոր­ձում է, ցան­կա­ցած ման­րու­քի մի­ջո­ցով, նո­րա­նոր ապա­ցույց­ներ գտ­նել իր կաս­կած­նե­րը հաս­տա­տող կամ ժխ­տող։

­Հա­կա­ռակ տա­րա­ծա­կան «ճշգր­տու­թյա­նը», ժա­մա­նա­կային հար­թու­թյու­նը բա­ցար­ձակ անըն­կա­լե­լի ու անո­րոշ է մնում: Մի կող­մից, հենց պատ­մողն ին­քը բազ­միցս շեշ­տում է այս կամ այն իրա­դար­ձու­թյան ժա­մա­նա­կային անո­րո­շու­թյու­նը (հա­զա­րոտ­նու­կը «ճզմ­վել էր ան­ցած շա­բաթ, կամ ամս­վա սկզ­բին, գու­ցե մի ամիս առաջ կամ ավե­լի ուշ», Ա...-ն ու Ֆրանկն ան­շարժ իրար են նա­յում «մի քա­նի րո­պե կամ մի քա­նի վայր­կյան», մո­րեխ­նե­րի խլաց­նող ճռճ­ռո­ցը լս­վում է «րո­պե­ներ, թե ժա­մեր, դժ­վար է ասել, քան­զի ոչ մի սկիզբ հնա­րա­վոր չի եղել գրան­ցել որե­ւէ պա­հի», եւ այլն): Սա­կայն նույ­նիսկ երբ պատ­մողն ին­քը որե­ւէ կաս­կած չի հայտ­նում իր պատ­մած­նե­րի վե­րա­բե­րյալ, անո­րո­շու­թյան մեջ է նե­տում ըն­թեր­ցո­ղին յու­րա­քան­չյուր նոր տար­բե­րակ ներ­կա­յաց­նե­լիս, որով­հե­տեւ այդ­ժամ նույն հաս­տա­տու­նու­թյամբ ներ­կա­յաց­վում են նա­խոր­դին հա­կա­սող տար­րեր, եւ ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը, թեեւ ան­նշան, փո­փոխ­վում է, ժա­մա­նա­կային ու տա­րա­ծա­կան մի նոր հար­թու­թյան մեջ ենք հայտն­վում:­

Ի­րա­կա­նում, տա­րա­ծու­թյու­նը եւ ժա­մա­նա­կը նրա մոտ «կա­ռուց­վում են», տեքս­տին զու­գա­հեռ, առանց ավան­դա­կան պատ­ճա­ռա­հե­տե­ւան­քային կա­պե­րի կամ ժա­մա­նա­կագ­րու­թյան: Ար­տա­քին ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը լիովին խախտ­ված է, սա­կայն ներ­քին մի ժա­մա­նա­կագ­րու­թյուն կա, որ են­թարկ­վում է զգա­ցա­կան, ասո­ցիատիվ կա­պե­րի, որ­տեղ նվա­զա­գույն պատ­կե­րը, նվա­զա­գույն ձայ­նը ան­ցման, միջ­նոր­դի դեր են ստանձ­նում։ Սա­դա­փե շր­ջա­նա­կի մեջ դր­ված նկա­րում երե­ւա­ցող Ա...-ի պատ­կե­րից, որ նս­տած է բա­ցօ­թյա սր­ճա­րա­նում, ձեռ­քին՝ բա­ժակ բռ­նած, սա­հուն ան­ցում ենք կա­տա­րում դե­պի տան տե­ռա­սին նս­տած Ա...-ն, որը ձեռ­քի բա­ժա­կը սե­ղա­նին է դնում այդ պա­հին։ Պա­տից հա­զա­րոտ­նու­կի հետ­քը ջն­ջե­լը, ան­նկատ, դառ­նում է բաց-­կապ­տա­վուն թղ­թի վրա ինչ­-որ անո­րոշ գրու­թյուն ջն­ջե­լու գոր­ծո­ղու­թյուն։ Հա­զա­րոտ­նու­կի հա­նած ծղծ­ղո­ցը մե­կեն վե­րած­վում է Ա...-ի մա­զե­րով սա­հող խո­զա­նա­կի ձայ­նին, այ­նու­հե­տեւ պատ­կե­րը գնում է դե­պի պատ­մո­ղի երե­ւա­կա­յու­թյու­նը. հու­սա­հատ փնտ­րե­լով նրանց ու­շաց­ման պատ­ճառ­նե­րը, նա պատ­կե­րաց­նում է մե­քե­նան, որ խփ­վում է ծա­ռին ու բռնկ­վում, եւ հր­դե­հի բո­ցե­րը նույն այդ ճար­ճա­տյունն են ար­ձա­կում` հա­զա­րոտ­նու­կի կամ վար­սե­րով սա­հող խո­զա­նա­կի:

­Տե­սա­րան­նե­րը կրկն­վում են ամեն ան­գամ ավե­լի ու ավե­լի լար­ված մթ­նո­լոր­տում, ուր ամեն ինչ ահագ­նա­ցել է, ստա­ցել էլ ավե­լի մեծ ու խո­րի­մաստ չա­փեր: Հա­զա­րոտ­նու­կի չա­փե­րը գնա­լով մե­ծա­նում են՝ մատ­նա­չա­փից աս­տի­ճա­նա­բար դառ­նա­լով ափ­սեաչափ, իսկ Ա...-ի ձեռ­քը, որ առա­ջին տե­սա­րա­նում, մի­ջա­տից սար­սա­փած, սեղմել էր դա­նա­կի կո­թը, երկ­րոր­դում ջղա­ձիգ քա­շում է սե­ղա­նի սփ­ռո­ցը, որը հա­ջորդ տե­սա­րա­նում պար­զա­պես կտոր է՝ հայտ­նի չէ ինչ, մինչ­դեռ վեր­ջին տե­սա­րա­նում՝ Ա...-ի մատ­ներն ար­դեն ջղաձգ­վում են սպի­տակ սա­վա­նի վրա: Ա...-ի ու Ֆրան­կի ձեռ­քերն ար­դեն նրա հա­մար չեն տար­բե­րակ­վում, պար­զա­պես հա­մա­րա­կալ­վում են. «չորս ձեռ­քից եր­կու­սը, նույն մա­տին, նույն ոս­կե մա­տա­նին են կրում....»: Եվ այլն, եւ այլն...

Օ­րի­նակ­նե­րը բա­զում են, ինչ­պես եւ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Ու­շա­դիր ըն­թեր­ցողն այս­տեղ բա­զում այլ հղում­ներ կգտ­նի, այլ փո­խա­բե­րու­թյուն­ներ, ակ­նարկ­ներ, ըն­թերց­ման այլ հար­թու­թյուն­ներ։ Մա­նա­վանդ, որ տեքս­տի կա­ռույ­ցի շնոր­հիվ, ոչինչ չի ավարտ­վում, չի հան­գու­ցա­լուծ­վում, ամեն ինչ մնում է հա­վեր­ժո­րեն անո­րոշ ու վերսկս­ման են­թա­կա։ Եվ դա է ասում ին­քը վե­պը, թեեւ կր­կին տե­ղաբ­նիկ մե­ղե­դու առն­չու­թյամբ. «...թ­վում է, թե ուր որ է ինչ­-որ բա­նի վերջն է հաս­նում, եւ ամեն բան դա է մատ­նան­շում. տո­նի հե­տե­ւո­ղա­կան նվա­զու­մը, վե­րագտն­ված հան­դար­տու­թյու­նը, զգա­ցու­մը, որ ոչինչ չի մնա­ցել ավե­լաց­նե­լու, սա­կայն վեր­ջի­նը թվա­ցող նո­տային հա­ջոր­դում է մյու­սը, առանց շա­րու­նա­կա­կա­նու­թյան որե­ւէ լու­ծում տա­լու, նույն­քան ան­բռ­նազ­բոս, դրա­նից հե­տո եւս մե­կը ու էլի ու­րիշ­ներ, եւ ունկն­դի­րը կար­ծում է, թե պոե­մի ճիշտ մեջ­տե­ղում է հայտն­վել… ու հան­կարծ, առանց որե­ւէ նա­խազ­գու­շաց­ման ամեն ինչ ավարտ­վում է»:
 

| այս տեքստը տպագրվել է որպես "Խանդը" վեպի հայերեն հրատարակության վերջաբան՝ թարգմանչի կողմից։ Ակտուալ արվեստ հրատարակչություն, 2014թ.|

 

Ռոբ–Գրիյեի "Խանդը" եւ "Ներածություն գրողի կյանքի" ստեղծագործությունների հայերեն թարգմանության շնորհանդեսի տեսագրությունը տես | այստեղ |

 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am