| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 24.04.2014 | վահրամ դանիելյան
մեկ այլ ոճիրի գեղարվեստական մանրամասները
...ոճիրը չի հանգուցալուծվում իրավական դատավճռով, այն չի վերանում, երբ մեկը վճիռ է կայացնում ու փակում դատական պրոցեսը


(Բերնհարդ Շլինկի "Ընթերցողը" վեպը)

Բերնհարդ Շլինկի Ընթերցողը վեպը Գերմանիայում լույս է տեսել 1995-ին, երկու տարի հետո` 1997-ին, վեպն արդեն անգլերեն թարգմանությամբ հասանելի էր նաեւ Միացյալ Նահանգներում` դառնալով The New York Times-ի բեսթսելերների ցանկի առաջատարը, ինչը վաղուց տեղի չէր ունենում գերմանական գրականության հետ: Ընթերցողը տարբեր լսարաններ գրավեց. այն մի կողմից քննարկվում էր Օփրայի Գրքերի ակումբ-ում, մյուս կողմից` գրախոսվում The Guardian–ում: Շլինկի վեպի հիման վրա Հոլիվուդը նկարահանեց համանուն ֆիլմը, որը մի շարք անվանակարգերում Օսկարի արժանացավ` ներառյալ լավագույն կինեմատոգրաֆիա եւ լավագույն դերասանուհի անվանակարգերը: Հետագայում վեպը թարգմանվեց ավելի քան 40 լեզուներով` գրավելով բազմազգ գրաշուկաներ: Հայերեն թարգմանությամբ Ընթերցողը լույս է տեսել 2012-ին (թարգմանիչ` Գայանե Գինոյան, Զանգակ հրատարակչություն):
 

Այն, ինչ նկարագրվեց վերեւում, անշուշտ կարեւոր է ժամանակակից գրողի եւ ընթերցողի համար, բայց անհրաժեշտ տուրքից հետո կցանկանայի խոսել որոշ օրինաչափությունների ու առանձնահատկությունների մասին, ինչը հենց վեպի ժանրի, հատկապես դրա ժամանակակից դրսեւորումների հետ է կապվում: Ընթերցողը գերմանական, այսինքն` եվրոպական վեպի դրսեւորում է, որի` 20-րդ դարի առաջին քառորդից սկսած ճգնաժամի մասին շատ է խոսվել: Այն, որ եվրոպական վեպը իր ծաղկման շրջանում` 18-19-րդ դարերում, գեղարվեստական արժեք ներկայացնելով հանդերձ` նաեւ շուկայական մեծ շրջանառություն էր ապահովում, պատմական իրողություն է: Փաստ է նաեւ այն, որ վեպը արեւմտյան օրիենտալիզմի մշակութային կարեւոր գործիքներից էր, որի միջոցով նաեւ Կենտրոնական Եվրոպան աշխարհաճանաչողության իր մշակութակերպը արտահանում էր, ըստ իրեն, առավել պակաս զարգացած երկրներ եւ աշխարհամասեր: Սա, մի կողմից նպաստելով այդ պակաս զարգացածների արեւմտականացմանը, մյուս կողմից հանգեցրեց ժանրի ճգնաժամի հենց իր` Կենտրոնական Եվրոպայի ներսում: Այն պահից սկսած, երբ վեպի շրջանառության գործառույթը (գոնե շուկայի առումով) իր վրա վերցրեց ԱՄՆ-ը, Եվրոպան վիպագրության մոդել թելադրողի մենաշնորհից զրկվեց:
 

Շլինկի վեպի առթիվ լույս տեսած գրախոսություններից մեկում գրախոսող հեղինակը գրում է, որ գերմանացի հրատարակիչների համար դժվարացել էր գերմանացի հեղինակներին վաճառել գերմանական լսարանին, որովհետեւ լսարանը անգլո-սաքսոնական ոճի տեքստեր էր նախընտրում (այստեղ անգլո-սաքսոնական ասելով` նկատի ունի ոչ թե հենց այդ երկրների գրողներին, այլ ընդհանրապես գրողներին, որոնք խաղում են այդ կանոններով): Ըստ գրախոսի` Շլինկը ընդառաջ է գնում հենց այս ոճին` բարձրացրած խնդիրների եւ պատմելու ձեւի առումով իր վեպը մոտեցնելով շրջանառվող պահանջներին: Ընթերցողը վեպում մի հատված կա, որտեղ գլխավոր կերպարը խոսում է իր գրական նախապատվությունների մասին եւ փորձում բացատրել դրա շարժառիթները. Չեմ հիշում նաեւ, որ ինձ երբեւէ տվել եմ այն հարցը, թե ես կանցնեի Կաֆկային, Ֆրիշին, Յոնսոնին, Բախմանին, Լենցի եւ էքսպերիմետալ գրականությանը, որտեղ պատմությունը անճանաչելի է, որտեղ գործող ոչ մի անձի չեմ սիրում, կարո՞ղ էի արդյոք դրանք ընթերցել: Ինձ համար հասկանալի էր, որ էքսպերիմենտալ գրականությունը փորձեր է կատարում ընթերցողի հետ, իսկ դա ո՛չ Հաննային էր հարկավոր, ո՛չ էլ ինձ (էջ 162):

Շլինկի վեպը երեք մասից է բաղկացած, որոնք մեկ միասնական նարատիվ ունենալով հանդերձ` առանձնանում են իրենց թեմատիկ շեշտադրումներով: Առաջին մասը տասնհինգամյա դպրոցական Միխայել Բերգի եւ երեսունվեցամյա Հաննա Շմիցի սիրային պատմությունն է: Պատմողը արդեն հասուն տարիքի Միխայելն է, բայց պատմությունը տասնհինգամյա տղայի աչքերով ու զգացողությամբ է վերարտադրվում: Հաննան օգնում է հիվանդ տղային տուն հասնել, ապաքինվելուց հետո տղան մոր հորդորով, որպես երախտագիտություն, ծաղիկներով այցելում է կնոջը, եւ այդ այցելությունը ճակատագրական է դառնում: Նրանց սիրային կապի գլխավոր մոտիվը դառնում է ընթերցանությունը. Միխայելը Հաննայի համար բարձրաձայն գրքեր է կարդում` հունական ու գերմանական դասականներից մինչեւ ռուս հեղինակներ: Ընթերցումը մի տեսակ վարձատրություն է դառնում սիրային հանդիպումների դիմաց: Հաննան շատ պահանջկոտ ու սակավախոս է, եւ տղան պարբերաբար անհարմար վիճակներում է հայտնվում ու ստիպված լինում ներողություն խնդրել: Սիրային կապը ընդհատվում է այնտեղ, երբ Հաննային, որ մինչ այդ տրամվայի տոմսավաճառ էր աշխատում, առաջարկում են այլ աշխատանք, որի համար վերապատրաստում պետք է անցնի: Հաննան հեռանում է քաղաքից` առանց հրաժեշտ տալու, իսկ տղան կարծում է, որ հեռացման պատճառն իր անտարբերությունն է եղել:
 

Վեպի երկրորդ մասում Միխայելն արդեն համալսարանի իրավաբանական բաժնի ուսանող է եւ մասնակցում է Հոլոքոստի հարցերին նվիրված կրթական սեմինարի: Սեմինարի մասնակիցները դիտորդի կարգավիճակով ներգրավվում են Հոլոքոստի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում աշխատած մի քանի կանանց դատավարությանը: Միխայելը այդ դատավարության ընթացքում նորից է հանդիպում Հաննային` արդեն մեղադրյալի կարգավիճակով: Պարզվում է` Հաննան եղել է Օսվենցիմի եւ Կրակովի ճամբարների հսկիչներից մեկը: Այս դատավարությունը հետպատերազմյան Գերմանիայի սերունդների բախման օրինակներից է, երբ նոր սերունդը մեղադրում է ավագներին Հոլոքոստի մեջ ներգրավված լինելու կամ այս կամ այն կերպ այդ սարսափելի սպանդի դեմը չառնելու մեջ: Պարզվում է, որ Հաննան ընթերցողներ է ունեցել նաեւ Հոլոքոստի զոհերի մեջ. թույլ ու վտիտ կանանց, ովքեր անկարող էին աշխատել ճամբարներում, նա վերցրել է իր հովանավորության տակ, ովքեր ազատվել են աշխատանքից Հաննայի համար գրքեր ընթերցելու գնով, մինչեւ նրանց Օսվենցիմի գազախցեր ուղարկելը: Այս գլխում Միխայելն իր համար պարզում է նաեւ Հաննայի մեծ գաղտնիքը` հասկանալով, որ Հաննան անտառաճանաչ է, եւ ընթերցողները գրքերի աշխարհի հետ հարաբերվելու նրա միակ հնարավորությունն են եղել: Հաննան հետեւողականորեն թաքցնում է այս փաստը դատարանից, ինչի արդյուքում շատ ավելի խիստ պատժի է արժանանում, քան մյուս կանայք, իսկ Միխայելը չի համարձակվում բացել նրա գաղտնիքը:
 

Վեպի երրորդ մասը արդեն հասուն Միխայելի պատմությունն է: Նա ամուսնանում է մի կնոջ հետ, որից երեխա է ունենում, սակայն ընտանիքը բաժանվում է: Միխայելի`կանանց հետ լուրջ հարաբերություններ ստեղծելու փորձերը չեն ստացվում կամ անլիարժեք են մնում: Հաննայի կերպարը այսպես թե այնպես հետապնդում է նրան: Միխայելը հրաժարվում է դատավոր կամ դատապաշտպան դառնալու հեռանկարից եւ զբաղվում է իրավագիտության պատմությամբ: Նրա հերթական հանդիպումը Հաննայի հետ կայանում է նորից ընթերցանության շնորհիվ: Միխայելը բարձրաձայն գրքեր է ընթերցում եւ ձայնագրություններն ուղարկում Հաննային: Վերջինս այդ գրքերի շնորհիվ մեծ ճիգերի գնով տառաճանաչ է դառնում ու սկսում նամակներ գրել Միխայելին: Տասնութ տարի բանտային կյանքից հետո Հաննան համաներվում է, սակայն բանտից դուրս գալուց առաջ ինքնասպանություն է գործում: Իր վերջին նամակով նա խնդրում է Միխայելին իր կյանքի ընթացքում կուտակած գումարը հանձնել Հոլոքոստ վերապրած մի կնոջ, ով գիրք էր գրել այդ դեպքերի մասին եւ մասնակցել դատավարությանը: Գումարը փոխանցվում է մի հրեական ֆոնդի, որը զբաղվում է անգրագիտության հաղթահարման խնդիրներով:

Սա վեպի ընդհանուր սյուժետային գիծն էր, որը, ինչպես նկատելի է, շատ գրավիչ է մեծ լսարանի համար. մի կողմից անչափահաս տղայի եւ հասուն կնոջ սիրային պատմությունը, որը տեղավորվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների` այսօր ամերիկյան միջավայրում այդքան քննարկվող խնդրի կոնտեքստում, մյուս կողմից Հոլոքոստը եւ դրանով պայմանավորված ոճիրի գեղարվեստական մանրամասները եւս առավել հաճախ ուշադրության կենտրոնում հայտնվող խնդիրներից են: Նման մասսայականություն վայելող խնդիրներով լսարան գրավելով հանդերձ`հետաքրքիր մեկ այլ օրինաչափություն է ընդգծվում: Եթե ասենք` արեւմտյան լսարանի համար տասնամյակներ առաջ էկզոտիկ էր համարվում չադրաներով կանանց եւ լատինական բռնակալների մասին պատմությունները, ապա այսօր Շլինկի վեպում արդեն էկզոտիկ է հնչում գլխավոր կերպարի այն խոստովանությունը, որ իր հայրը փիլիսոփա է եւ գրքեր է գրում Կանտի ու Հեգելի մասին:

Շլինկի վեպը յուրովի արձագանքում է նաեւ ժամանակին աղմուկ հանած Հաննա Արենդտի Երուսաղեմում ընթացած Այշմանի դատավարության մասին հոդվածաշարին, որ լույս էր տեսել The New York Times-ում(Eichmann in Jerusalem) եւ մասնավորապես Արենդտի առաջ քաշած չարի սովորականության (Banality of Evil) մասին թեզին: Հետաքրքիր է, որ Միխայելը Հաննայի բանտախցում գտնում է հենց Արենդտի այդ հայտնի հրապրակումը: Վեպի հատվածներից մեկում, երբ Միխայելը այցելում է համակենտրոնացման ճամբարներից մեկը, մեքենայի վարորդը նրան ասում է. Դահիճը չի հետեւում հրամանին: Նա կատարում է իր աշխատանքը մահապարտի ենթարկվողների հանդեպ առանց ատելության, առանց վրեժի զգացումի, չի սպանում նրանց, որովհետեւ իր ճանապարհին են կանգնել կամ սպառնում են: Դահիճը նրանց հանդեպ բոլորովին անտարբեր է (էջ 134): Միխայելը մեղադրում է վարորդին այս տեսակետի համար, որը գրեթե բառացիորեն կրկնում էր չարի սովորականության մասին Արենդտի առաջ քաշած թեզը, բայց Միխայելի անվան տակ եւ նրա անունից վեպը պատմող հեղինակը իր գլխավոր կերպարին հենց Հաննա անունն է տալիս (թերեւս հենց Հաննա Արենդտի պատվին): Ընթերցողի հասցեին հնչած քննադատությունները հաճախ նմանվում են Արենդտի հոդվածի գլխավոր քննադատությանը. այն, որ չարի սովորականությունը Արենդտի դեպքում, իսկ անտառաճանաչությունը Շլինկի վեպի դեպքում կարող են որպես մեղմացուցիչ դեպք հանցանաց դիտվել ահավոր ոճրագործության համար: Շլինկը ոչ մի տեղ բաց տեքստով չի արդարացնում Հաննայի արարքը, սակայն դատավարության ընթացքում Հաննան հարց է ուղղում դատավորին, թե վերջինս ինչ կաներ իր փոխարեն, եւ այդ հարցը, մեծ հաշվով, անպատասխան է մնում: Սա նաեւ հենց հեղինակի հարցն է, ով մի կողմից գրում է իր ժողովրդի սահմռկեցուցիչ անցյալի մասին, բայց հեռու է այդ սահմռկեցուցիչ անցյալը որոշակի սերնդի դիվայնությամբ բացատրելու նեղմտությունից:
 

Շլինկի վեպի գլխավոր կերպար Միխայելը (ի դեպ վեպը կիսա-ինքնակենսագրական է համարվում (semi-autobiographical) հրաժարվում է դատավորի կամ դատապաշտպանի մասնագիտությունից եւ ընտրում իրավունքի պատմաբան-հետազոտողի աշխատանքը, որը համատեղում է գրողական գործունեության հետ` նկատելով այս երկուսի ընդհանրությունները.Այն ժամանակ ես վերընթերցում էի Ոդիսեւսը, որն առաջին անգամ դպրոցում էի կարդացել, այն հիշողությանս մեջ մնացել էր որպես տունդարձի պատմություն: Բայց դա բոլորովին էլ տունդարձի պատմություն չէ: Հույները, իմանալով, որ մարդ երկրորդ անգամ նույն գետը չի մտնում, ինչպե՞ս կարող էին այլեւս տունդարձին հավատալ: Ոդիսեւսը չի վերադառնում, որ մնա, այլ վերադառնում է, որ նոր ճանապարհորդություն սկսի: Ոդիսեւսը շարժման պատմություն է, միաժամանակ նպատակաուղղված եւ աննպատակ, հաջողակ եւ ապարդյուն: Իսկ ինչո՞վ է նրանից տարբերվում իրավագիտության պատմությունը (էջ 160):

Անշուշտ, Ոդիսեւսը մեկնող այս տեսությունը իր յուրօրինակությամբ հանդերձ նաեւ վիճարկելի է, որովհետեւ շփոթ կա էպոսային եւ վիպական իրականությունների միջեւ, բայց այստեղ կարեւորը Շլինկ իրավաբանի նախապատվությունն է առ գրականություն: Առ այն, որ ոճիրը չի հանգուցալուծվում իրավական դատավճռով, այն չի վերանում, երբ մեկը վճիռ է կայացնում ու փակում դատական պրոցեսը: Մնում են ոճիրի գեղարվեստական մանրամասները, որոնք այլեւս վիպական աշխարհի ոդիսականից են, ինչի հերթական բարձրաճաշակ դրսեւորումներից մեկն էլ հենց Բերնհարդ Շլինկի Ընթերցողը վեպն է:
 


 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am