| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 07.03.2014 | զուլֆա օհանյան
սեր – ուղեկից, գեղեցկության օվկիանոս եւ… ողբերգության | Ժան-Մարի Գուստավ Լեկլեզիո. թափառող աստղը
Մելոդրամատիկությունը կինոյում եւ մելոդրամատիկությունը գրականության մեջ համարժեք չեն. գրականությունն առավելագույնս պետք է հեռու լինի բնության, սիրո եւ նույնիսկ մահվան ավելորդ բանաստեղծականացումից եւ ռոմանտիկականացումից:

 

Խորխե Լուիս Բորխեսը գրում էր, որ հպարտանում է ոչ այնքան ամեն մի գրված գրքով, որքան ամեն մի կարդացածով: Համահեղինակության զարմանալի զգացումով է հիանում նաեւ շարքային ընթերցողը` ընկղմվելով Ժ-Մ Լեկլեզիոյի բանաստեղծական ռոմանտիկ պատմության մեջ, ով իր վեպը նվիրել է գերեվարված երեխաներին` անկախ նրանց պատկանելիության որեւէ ազգության կամ երկրի: Հեղինակի հղացքն առավելապես պարզ է` ընդգծված են բոլոր շերտերը եւ միտումնավոր կերպով պարզեցված կոմպոզիցիան: Այստեղ ձայնակցվում են երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափները եւ դրանց հաջորդած պատերազմական դժվարությունները խառնափնթորությունները վերապրած երկու աղջիկների` հրեա Էլենի /Էսթեր/ եւ արաբուհի Նեջմայի ճակատագրերը: Երկուսի անուններն էլ թարգմանաբար աստղ է նշանակում, եւ նրանք իրենք էլ ուղեկից աստղեր են ատելության եւ դաժանության ճիրաններում հայտնվածների համար եւ օգնում են պահպանել հավատն առ սիրո եւ գեղեցկության վերջնական հաղթանակ: Որպես բնաբան` հեղինակն ընտրել է տողեր պերուական երգից.

Թափառող աստղը
Սերն – ուղեկից
Հետեւում է քեզ
Ծովում եւ ցամաքում
Քանդում է կապանքները քո:

Էսթերի թե անցյալի, թե համեմատաբար բարեկեցիկ ներկայի մասին իմանում ենք բավականին շատ, իսկ Նեջմային` թողնում ճամփաբաժնին: Մի քանի կարճ ակնթարթով հատվեցին նրանց ուղիները, երբ Էսթերը, կորցնելով հորը, երկար մաքառումներից հետո, մոր հետ ժամանեց պատմական հայրենիք` Իսրայել, իսկ Նեջման այդ նույն ժամանակ մեկնում էր պաղեստինյան փախստականների ճամբար: Նրանք միայն հասցրեցին փոխանակվել անուն – աստղիկներով` գրված Նեջմայի տետրում, ով հենց դրանցում էլ /Էսթերի համար/ կնկարագրի իր գլխին եկածը: Ու թեպետ այդ հանդիպումից նրանց կմնա լոկ հիշողություն /զուգահեռները չեն հատվում/, հեղինակին դա բավարար է այդ ճակատագրերը մանր կութերով միացնել եւ ընթերցողին հաղորդակից դարձնել նրանց տառապանքներին: Վեպը ընթերցվում է զարմանալիորեն թեթեւ, նույնիսկ ինչ-որ տեղ հիշեցնում է մելոդրամային ժանրի սցենար, սակայն ասվածը ամենեւին կշտամբանք չէ Նոբելյան դափնեկրի հասցեին, քանզի մելոդրաման կինոյի ամենագրավիչ ժանրերից է:

Եվ այսպես, Ֆրանսիա, 1943թ.-ի ամառ: Էսթերն ընտանիքով Սեն-Մարտեն-Վեզյուբիում է, որը գտնվում է իտալական բանակի տիրապետության տակ: Հրեաների հանդեպ վերաբերմունքն համեմատաբար տանելի է. նրանք ամիսը մեկ անգամ պարտավոր են գրանցվեն մթերքի քարտեր ստանալու համար, գործում է անգամ սինագոգը: Սակայն Էլենի /Էսթեր/ հայրը, ինչպես նաեւ տասներեքամյա աղջկա ընկերը` իտալացի Մարիոն, մակիի անդամ են եւ նրանց վիճակված է մեռնել: Հերոսուհու կյանք մշտապես փոթորկի նման /դժվար է այլ բառ գտնել/ գեղեցկությունն է ներխուժում: Դա` եւ նրա մոր եւ իտալացի սպայի հետ սիրային կապ ունեցող ոմն Ռաշելի գեղեցկությունն է, եւ բնության ու երաժշտության գեղեցկությունը: Եվ իհարկե հոգու պոռթկումների գեղեցկությունը, երբ դեռատի հերոսուհին ունկնդրում է հատվածներ Հին Կտակարանից: Ահավասիկ Լեկլեզիոյի պարզ եւ հուզական ոճի մի նմուշ /Էսթերը լսում է ոմն զառամյալ պարոն Ֆերնի դաշնամուրի նվագը, ով ժամանակին հանդես էր գալիս Վիեննայի մեծ դահլիճներում` երեկոյան զգեստներ եւ սեւ բաճկոններ հագած տիկնաց եւ պարոնաց համար/.

"Եվ հենց այստեղ էլ երաժշտությունն իսկապես սկսվեց, հորդեց դաշնամուրից, լցրեց ողջ տունը, այգի ու փողոց, իսկ հետո հանկարծ դարձավ նուրբ եւ առեղծվածային: Այժմ այն թռչում էր, գեղգեղում գետակի ջրերի պես ուղիղ դեպի ամպերը` երկնքի կենտրոն եւ միախառնվում լույսին: Սլանում առ բոլոր լեռները, հասնում էր զույգ լեռնային գետերի ակունքներն եւ ինքն էլ լսելի էր գետակի նման": Կամ. "Արեւը շողում էր, երկնքում արդեն փքվել էին առաջին ամպերը, մարգագետինների վրա կախվել էին արեւի լույսով ողողված ճանճերն ու մեղուները, սեւին էին տալիս լեռաց ու անտառների պատերը, եւ այդ ամենը կարող էր տեւել ու տեւել: Դա դեռ վերջին օրը չէր, հիմա նա գիտեր, որ ամեն ինչ դեռ լինելու է, ամենը կմնա, երբեք վերջ չի գալու եւ ոչ ոք ի զորու չէ խաթարել դա": Նույնպես բանաստեղծորեն է նկարագրված զույգ իժերի "սերը", որոնք, մեկ անկենդաննանում էին ավազին պառկած, սառն ու անշարժ` երկու կոտրած ճյուղի նման, մեկ էլ հանկարծ ցնցվում ու սկսում էին զարկվել` միահյուսվելով այնքան կիպ, որ գլխիկները չէին երեւում: " Ու տեսածի եւ լսածի գեղեցկությունից, հեղինակի վկայությամբ, հերոսուհու մեկ սիրտն է նվաղում, մեկ արյունը քունքին տալիս, մեկ շունչը կտրվում:

Վեպի վերջում Էսթերն` արդեն չափահաս պատանու մայր, Կանադայում հաստատված եւ ամուսնու հետ համատեղ հիվանդանոցի սեփականատեր, ժամանում է Նիցցա մոր վերջին շնչին ներկա լինելու եւ նրա աճյունը ծովին փոշեցրիվ անելու համար: Սակայն գեղեցկությունն այստեղ էլ է վրա հասնում, թեեւ նա արդեն ոչ թե տասներեք տարեկան է, այլ ամբողջ հիսուներկու. "Որքան գեղեցիկ է ծովը մթնշաղին: Խռնվել են ջուր, երկինք ու երկիր: Ծավալվում է մառախուղը` աննկատելիորեն պարուրելով հորիզոնը: Եվ ինչ լռություն…": Հասկանալի է, որ գեղեցկության նկարագրությունն ըդգծում է պատերազմի արհավիրքները, բնության նկարագրությունը զուգորդվում է մահվան նկարագրություններով, արաբուհի Աամմա Խուրիայի հեքիաթների դրախտը` "երկիրը նման էր հսկայական այգու` շրջապատված կախարդական գետով, որը կարող էր հոսել երկու ուղղությամբ` դեպի մայրամուտ եւ դեպի արեւածագ" նմանեցվում է Նուր-Շամսայի ճամբարում իր վերջին ապաստանը գտած ծեր Նասայի տրտմալի հարցին` "միթե արեւը բոլորին չի լուսավորում":

Ինչ ասես արժե նկարագրությունը ճամբար խուժած ժանտախտի, որ խլեց աղքատների, թշվառ տառապյալների կյանքեր, եւ վերջին հստակ գրաֆիկական պատկերը սարերի ֆոնին` Նեջման, օտար մի մանուկ գրկին, եւ նրա պաշտպան դարձած Սաադին այծի հետ, որ կոչված է կերակրել այդ ծծկերին: Թեեւ երբեմն Նեջմայի սիրտն էլ է թալկանում բնության եւ մարդու գեղեցկությունից: Հասկանալի է, այս հակադրությունները հարկավոր են գրողին. դրանք ոգեկոչում են այն լավը, որ դեռ մնացել է մարդկանց մեջ, եւ ոչ բոլորն են այդքան ցինիկ, որպեսզի մեղադրեն հեղինակին էսթետիկ ավելորդությունների մեջ: Եվ ինչպես այստեղ չհիշել Պուշկինի խոսքերն առ այն, թե արձակն է մտքի լեզուն: Չորուցամաքության եւ ճարտարասածության կշտամբանքներն ամեն դեպքում չեն սպառնում հեղինակին, սակայն մեզ թվում է, որ բացի բազմաթիվ այլ վեպերից հայտնի փաստերի գեղեցիկ նկարագրությունից, մենք իրավունք ունենք սպասել Նորբելյան դափնեկրից որոշակի անկեղծություն, ինչն, ավաղ, բացակայում է:

Մելոդրամատիկությունը կինոյում եւ մելոդրամատիկությունը գրականության մեջ համարժեք չեն. գրականությունն առավելագույնս պետք է հեռու լինի բնության, սիրո եւ նույնիսկ մահվան ավելորդ բանաստեղծականացումից եւ ռոմանտիկականացումից: Ասենք, հեղինակային անհատականությունն ընդգծվում է նաեւ տվյալ դեպքում նրա կողմից ընտրված պատկերման մեթոդով, ինչը հեշտացնում է նրա գերխնդիրը: Ըստ երեւույթին ուրվագծելով ինչ-որ պլան, կառուցելով հստակ կոմպոզիցիա` Լեկլեզիոն իր արտասովոր տաղանդի ողջ ուժով պարզ ու մատչելի կերպով ընթերցողին հաղորդակից է դարձնում գեղեցկությանը, հերոսների հոգու հարստությանը, մասնակից դարձնում նրանց ապրումներին: Եվ ընթերցողը` հոգնած կյանքի անիծյալ անլուծելի հարցերից, կեղծիքից, ատելությունից եւ բռնությունից, դյուրությամբ ու անկաշկանդ հետեւում է հեղինակին: Իսկ վեպի բարդացված կառուցվածքների, անսովոր արարքների, հերոսների անհասկանալի հոգեկան ապրոմների, անսովոր իրադրության սիրահարներին կարելի է հղել առ այն հողինակները, ովքեր սիրահար են ենթագիտակցության խաղի` անհեթեթության/ իմաստակություն եւ հանդերձյալ ուժերի ներգրավմամբ:

| թարգմանությունը ռուսերենից` արեւ մաթեւոսյան |


 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am