| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
հրապարակված է 16.07.2013 | վահան իշխանյան
երեք ժամ պոեզիա. Արմեն Շեկոյանի 60-ամյակին
Արմեն Շեկոյանն իր 60-ամյակին նվեր արեց բոլորիս, երեք ժամ բանաստեղծություններ կարդալով "ականաթ" գալերի-սրճարանի եւ "ինքնագիր" գրական ակումբի կազմակերպած երեկոյում



 
«Արմեն,-ասում եմ,- «Երեւան հյուրանոցը» մի հատ էլ տպի ծանոթագրություններով»: «Ականաթ» սրճարանի ծխողների ապակեպատ խցում բոլորը խնդում են: Կխնդան բա ինչ, 22 էջանոց «Երեւան հյուրանոցը» պոեմում 864 հոգու անուն կա: Նրանց անուններն են, ովքեր ճանաչել են Արմեն Շեկոյանին: Ուրեմն, բանաստեղծության ծավալից մի քանի անգամ երկար 864 հատ ծանոթագրություն կլինի, իսկ եթե մի քիչ ծավալուն անի ծանոթագրությունները, էլի մի երկու անգամ ծավալը կմեծանա:


Պոեմը էնքան երկար է, որ ընթերցանության կեսից ընդմիջում արեցինք: 10 տարի առաջ «Փողոցի ռիթմը խլացնում է հավերժականը» տեքստում «Երեւան Հյուրանոցի» մասին գրել էի. «Նույնիսկ եթե ընթերցողը շատերին չի ճանաչում, միեւնույն է, պոեմը հետաքրքրությամբ ընթերցում է, քանի որ այդ անուններն այնքան բնորոշ են Երեւանին, որ քաղաքի անձնանունային խճանկար են ստեղծում. ընթերցողը նույն անունը կրող մի ուրիշին կարող է պատկերացնել։ Կամ նրանցից մեկին բնորոշում է մի հատկությամբ, որ ընթերցողին ծանոթ այլ մարդկանց կսազեր։ Օրինակ, «գիտեն Գովոն ու դուբլ Հերոսը,/ որ Հովիվյանից սիրուն էր խաղում,/ բայց ալրաղացում ալյուր է մաղում» (Հովիվյանը՝ 60-70 ականների ֆուտբոլի աստղ)։ Դուբլ Հերոսին չճանաչող ընթերցողը նրա փոխարեն կարող է հիշել իր թաղում վիրտուոզ ֆուտբոլ խաղացող մեկին, որ այժմ կամ հարբեցող է, կամ շուկայում կարտոլ է վաճառում»։
Հա, ճիշտ է , չճանաչելով թվարկվող մարդկանց հավեսով կարդում ես, բայց ծանոթագրությունները արդեն առանձին գործ կդառնան, պոեմի հետ միասին էլ մեկ ուրիշ առանձին գործ:

Իհարկե Արմենը հավես չի անի ծանոթագրել, բայց եթե ժամանակակից գրականությունից ու նորարարությունից հասկացող ու փող ունեցող մեկը մի հազար, կամ ինչու չէ, երկու հազար դոլար տար, հաստատ կծանոթագրեր:




Արմեն Շեկոյանի հետ հանդիպում նվիրված նրա 60 ամյակին:

Ոչ ճառեր, ոչ կենացներ: «Ականաթ» սրճարանի լեփ-լեցուն սրահում Արմեն Շեկոյանը ընթերցում է բանաստեղծություններ՝ «Անտիպոեզիա» եւ «Երեւան հյուրանոց» գրքերից, այն գրեքերից, որոնք ակադեմիական գրականագետները համարում են անկում, իսկ ոչ ակադեմիականները ժամերով լսում այն ինչ արդեն մի քանի անգամ տպվել է:

Ի՞նչն էր գերում, որ կարդացածդ բանաստեղծությունները այդպես ականջդրուկ լսում ես: Արմենին լսում, լսում եմ ու հասկանում, որ 10 տարի առաջ նրա բանաստեղծությունների մասին գրածս նյութում ինչ-որ բան բաց եմ թողել, չեմ նկատել նրա բանաստեղծություններում էն թախիծը, որ միայն Արմենի շուրթերով է արտահայտվում: Թախիծ, որ հումորը դրամատիկացնում է:

Տասը տարի առաջ մի բան էլ չէի գրել, խուսափել էի այդ օրերին թերթերի բերանն ընկած պոստմոդեռնիզմ բառից: Հիմա արդեն կարելի ա ասել. եթե դասախոսը «Պոսմոդերնիզմը պոեզիայում» դասախոսություն կարդա, առաջինը պիտի հանձնարարի Արմեն Շեկոյանի այս երկու գրքերը: Այստեղ կգտնեն պոստմոդերնիստակն պոեզիային բնորոշ մի քանի ոճեր՝ պրիմիտիվիզմ(մանկական պոեզիայի ոճի օգտագործում), ինչպես Ռոնալդոյի արիայում.

Այ իմ գնդակ, ջան գնդակ,
Կանաչ, կապույտ, սպիտակ,
Թռիր վերեւ իջիր ցած,
Սիմենը մնա զարմացած:


Պարոդիա

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ մութ ուժեր չկան,
Ախր ուրիշ տեղ բութ ուժեր չկան,
Ախր ուրիշ տեղ օրը ցերեկով
Ազգային ժողով ներխուժել չկա:


Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ վեհ, հայրենաշունչ
Էսքան երգ, էսքան երգի տող չկա:
Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ,
Երբ գրպանումըս տոմսի փող չկա:


Երգի կամ բանաստեղծության ամբողջական կամ մասնակի մեջբերում


Հուսո առագաստ

Եփոյի Լոս-Անջելես մշտական
Բնակության մեկնելու նախօրյակին
Դու էլ ես գնում մեզնից, Եփո՛,
չնայած ունես եւ հարգանք եւ փող:
Էս կյանքը խաղ է, փուչ է եւ ունայն,
բայց դու մի գնա էդպես ձեռնունայն.
վերցրու քեզ հետ սրտերը մեր,
մեր լեռներից խաղաղ հովեր,
վերցրու քեզ հետ խաչված քարեր,
ծով դաշտերից ոսկե հասկեր.
մեր Կիլիկիո անմար երգով,
մեր պապերի կարոտ էրգրով,
հուսո ճերմակ առագաստով
հասիր բաց ծով:

Բազմաթիվ հղումներ եւ այլն: Սակայն եթե կարողանաս լսել բանաստեղծության թախիծը, մի քիչ կցրվի պոսմոդերնիստական ընկալումը:








Հանդիպումը տեւեց երեք ու կես ժամ, երեք թե չորս անգամ ընդմիջումով: Արմենը երբ վերջում ընթերցում էր «Երեւան հյուրանոց» եւ Poker պոեմները դահլիճը նոսրացել էր, քչերն էին կարողանում դիմանալ «հազար հազար»-ով սկսվող անհաշվելի թվացող կամ հազար-հազարավոր թվացող տողերի վիբրացիային: Poker-ում 146 տող սկսում է «հազար-հազար մարդ» բառակապակցությամբ:

Հանդիպման տեսանյութը արդեն առցանց է, հիմա տեսնենք քանի՞ հոգի կարող է դիտել մինչեւ վերջ երկու ժամանոց տեագրությունը:



 

 
| արտատպված է թերթ.am կայքից |


|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am