| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
հրապարակված է 17.04.2013 | նարե հովհաննիսյան
նարե հովհաննիսյան | ԲԱՐԴՈՒՅԹ / ՀԱՅՐԵՆԻՔ
Ես երեւի դեպրեսիայի մեջ եմ, որի պատճառով էլ ինձ այսքան անհանգստացնում է հայրենիքի հարցը:


Դիմում


Խնդրում եմ ինձ ազատել ինքնակամ մասնակից լինելու պարտավորվածությունից՝ նմանատիպ բարդույթներից ձերբազատվելու հնարավորություն չունենալու պատճառով: Ես կարող եմ շարունակել իմ գործը, առանց վերջինների ներկայության:
                                                  դիմող՝ հոգեթերապեւտ

* գժերը բուժում են գժերին ...


Դիմում


Խնդրում եմ ինձ ազատել ինքնակամ մասնագետների կարիքն ունենալու դատապարտվածությունից, նրանցից շատ չտարբերվելու զգացողության պատճառով: Ես կարող եմ շարունակել իմ բարդույթների հետ՝ առանց վերջինների մասնակցության:
                                                   դիմող՝ պացիենտ..

* գժերը բուժում են առողջներին.......


Դիմում


Խնդրում եմ ինձ ազատել ոչ ինքնակամ մասնակից լինելու գերպարտավորությունից՝ չունենալով ոչ մի բարդույթ եւ կապվածություն ոչ մեկի եւ ոչ էլ մյուսի նկատմամբ: Հատկապես, որ այս մեկին առաջին անգամ եմ տեսնում: Ես կարող եմ լինել աթոռ՝ առանց վերջինների բարդույթների.
                                                    դիմող՝

* Աթոռը դու ես.
                                                     դիմումները ՝ Արա Հովսեփյան, քոմենթները՝ Գագիկ Կիլիկյան




Պացիենտ
- Ես ինձ զգում եմ աշխարհի ամենադժբախտ մարդը, ես չունեմ հայրենիք, զգում եմ, որ ոչմիտեղից եմ:

Հոգեթերապեւտ - Ինչու՞ պարզապես չեք փորձում «հայրենիքը» ընդունել որպես գենետիկական հասկացություն, որին ընդունված է պատմական կոչել:
Ձեզ անհանգստացնու՞մ է ինչ-որ անապահովվածության խնդիր կամ գուցե հոգածությա՞ն: Պատմեք, թե ինչ եք զգում, երբ խոսվում է հոգատարության մասին:

Պացիենտ - Օրինակ` իմ հայրենիքը իմ մասին հոգ է տանում, նա ինձ պարգեւել է երկու երեխա...

Հոգեթերապեւտ - Դուք նկատի ունեք Ձեր կնո՞ջը:

Պացիենտ – Հա՛, նա իմ հայրենիքն է, նա ... գիտե՞ք նա երեկ չթողեց, որ ես առանց բաճկոնի դուրս գամ .......
Ես երեւի դեպրեսիայի մեջ եմ, որի պատճառով էլ ինձ այսքան անհանգստացնում է հայրենիքի հարցը: Դա երեւի պարզապես խնդիր է, որը բարդ վիճակիս համապատասխան ձեռք է բերել ֆիքսված, ծանրացած վիճակ:

Հոգեթերապեւտ - Ձեզ իրո՞ք անհանգստացնում է հայրենիքի եւ պատկանելիության խնդիրը:

(Պացիենտը գլուխը վեր ու վար է շարժում)

Հոգեթերապեւտ - Իսկ Ձեզ չի՞ կաշկանդում այս աթոռը, ինչու՞ եք սա բերել...

Պացիենտ - Նրա՛ն:

Հոգեթերապեւտ - Նրա՞ն ... բերել այստեղ:

Պացիենտ - Ձեր ծանր գործը հեշտացնելու համար: Դուք, միեւնույնն է, ինձ խնդրելու էիք Նրա հետ գալ, ցանկանալու էիք տեսնել Նրան: Խնդրում եմ, մի՛ կաշկանդվեք,... ազատ խոսեք....

Հոգեթերապեւտ - Փաստորեն ամուսնացած եք . երեխա ունե՞ք (կարծես ստուգում է նախկին տեղեկությունը):

Պացիենտ - Երեխաներ:

Հոգեթերապեւտ - Ձեր երեխաները..

Պացիենտ (Բավականին գրգռված եւ նույնիսկ սարսափի հնչերանգով) - Նրանք էլ չունեն հայրենիք, դա ի՛մ պատճառով է ..........

Հոգեթերապեւտ - Ինչու՞ եք Ձե՛զ մեղադրում:

Պացիենտ - Որովհետեւ ե՛ս եմ դատապարտել նրանց հայրենիք լինելուն...երբեմն, իհարկե...

Հոգեթերապեւտ - Հայրենիքը Ձեզ չի՞ ջղայնացնում:

Պացիենտ – Այո՛, ջղայնացնում է, ինձ չի՞ սիրում, չէ՛, չի՛ սիրում, եթե սիրեր, կլիներ:

Հոգեթերապեւտ - Իսկ չի՞ խանգարում:

Պացիենտ - Խանգարու՛մ է ապրել, շնչել, խանգարում է լինել: Հայրենիքը չի լինում, ինչքան էլ փորձեմ ստեղծել: Չի՛ լինում:

Հոգեթերապեւտ - Հնարավոր է` դա բոլորիս կամ մեզանից շատերի խնդիրն է, ի վերջո նույն խնդիրը բոլորիս մոտ էլ կա, բայց տեսե՛ք` մենք այն չենք առանձնացնում, չենք դարձնում անընդհատ խանգարող հանգամանք, քանի որ մարդիկ ինքնապաշտպանական ռեֆլեքսի շնորհիվ չեն ֆիքսվում այն բանի վրա, ինչը իրենց անհանգստացնում է, մինչդեռ Դուք մազոխիստաբար արդեն երկար ժամանակ սկսել եք Ձեզ անհանգստացնող նույնիսկ մանրուքներից կառչել:

Պացիենտ - Չէ՛, ես կառչում եմ դրանցից ինձ ոչ միայն տանջելու, նսեմացնելու, այլեւ ուժեղ զգալու համար: Դուք չե՞ք հասկանում, որ դրանով իսկ ես ինձ ենթագիտակցորեն համոզում եմ, կամ միգուցե նույնիսկ ապացուցում, կամ ուղղակի ցույց տալիս, որ ուժեղ եմ, քանի որ ուժ եմ գտնում խոսելու ինձ հետ այն բանից, որը մոռանալ, անտեսել ավելի հեշտ է:

Հոգեթերապեւտ – Ահա՜........

Պացիենտ - Մի՛ նայեք Նրան (ձեռքով փակում է Աթոռը): Կկաշկանդվի:

Հոգեթերապեւտ - Կարծում եք խնդիրը Նրա՞ մեջ է:
(Պատասխան չկա)


Հոգեթերապեւտ - Ինչու՞ եք բերել, խնդիրը Ձեզանու՛մ է, ինչու՞ եք բերել ...:
Եթե նրան հարց տամ, նա՛ կպատասխանի՞:

Պացիենտ - Իրոք կարծում եք, թե կարո՞ղ է:

Հոգեթերապեւտ - Փաստորեն նրա ֆունկցիան լսելն է:

Պացիենտ - Նրա ներկայությունն արդեն ֆունկցիա է:

Հոգեթերապեւտ - Շատ լավ... դեռեւս անկեղծ չեք ... Դուք խոսում եք ինչ-որ խնդրից, բայց միայն մե՛կ ինչ-որ տեսակի մեջ ...: Կարելի՞ է նստել նրա վրա:

Պացիենտ (Վրդովված տոնով) - Դուք արդեն նստած եք: ....Եթե շատ եք ուզում, իմ տեղը նստեք:

Հոգեթերապեւտ - Ձե՛զ կարելի՞ է:

Պացիենտ - Հիմա` ո՛չ:

Հոգեթերապեւտ - Իմ ներկայությամբ չե՞ք ցանկանում:

Պացիենտ - Ինչու՞ եք այսքա՜ն ուշադրություն դարձնում Նրան, Նա Ձեզ իրոք որ շեղում է, բայց, խնդրում եմ, պատկերացրե՛ք, թե Նա չկա, ոչ ոք հայրենիքին այսքան ուշադրություն չի դարձնում, կարիք չկա:

Հոգեթերապեւտ - Նա՞ է հայրենիքը:

Պացիենտ - Ո՛չ:

Հոգեթերապեւտ - Ինչու՞ եք անընդհատ շեշտում հայրենիք բառը, չէ՞ որ Դուք դրանից չեք խոսում:

Պացիենտ – Որովհետեւ մենք այն կորցրինք... կործանեցինք... նրանք կործանեցին ի՛նձ, ինքը կործանեց մեզ... չէ՛, կործանու՛մ է: Ես ինձ մենակ եմ զգում իմ հայրենիքում ...կամ մեղավոր...ես մենակ եմ նույնիսկ ի՛մ հայրենիքում:

Հոգեթերապեւտ - Հիմա ի՞նչ նկատի ունեք` հայրենիք ասելով:

Պացիենտ - Իմ սեփական հայրենիքը:

Հոգեթերապեւտ - Ձեր տու՞նը:

Պացիենտ - Ո՛չ, հայրենիքը, հայրենի՛քը: Որտեղ ունեմ երկու երեխա, կին, որոնք չեն նկատում ո՛չ ինձ, ո՛չ հայրենիքը:

Հոգեթերապեւտ - Մենք չունենք այդ հայրենիքը, ու դրա հետ պետք է համակերպվել. չհամակերպվելու դեպքում մարդիկ կհայտնվեն Ձեր վիճակում ...

Պացիենտ - Դուք բավարարվում եք գենետիկական հայրենիքով, որովհետեւ Ձեզ առավել հարմար է պնդել, որ ունեք մե՛կը, քան, որ չունեք մյու՛սը:

Հոգեթերապեւտ - Ինձ համար կարեւոր չի դրանց նշանակության տարբերությունը, ես մարդ եմ ու..

Պացիենտ - Դուք արդեն կորցնում եք խոսքերի նշանակության վերահսկումը, ինչպես կորցրել եք Ձեր ՀԱՅՐԵՆԻՔԸ:

Հոգեթերապեւտ - Ես չգիտեմ` որ հայրենիքում ապրեմ :

Պացիենտ - Ապրեք հայրենիքից դուրս, Ձեզ իմ խորհուրդը, դու՛րս: Է՜հհհ, ես հայրենիք եմ սկսել կոչել իրերը:

Հոգեթերապեւտ - Հայրենիք հասկացությունի՞ց դուրս, հայրենիք նշանակությունի՞ց դուրս, երբ հայրենիքով միացնում ես հայրենիքը, նստում հայրենիքի մեջ, օգտվում հայրենիքից ու խոսում հայրենիքի հետ հայրենիքի մասի՞ն:

Պացիենտ (ծիծաղ) -  Երբ ապրում ես հայրենիքից դուրս, ամեն ինչ դառնում է հայրենիք: (երկար լռություն) Գիտե՞ք,արդեն հաճախակի ես սկսել եմ մոռանալ այն երկրի անունը, որտեղ ապրում եմ, ճիշտն ասած, նույնիսկ մոռանում եմ, որ գոյություն ունի որոշակի կոնկրետ սահման, տարածություն, ուր մենք բոլորս ենք, ինձ համար կարծես թե չկան այս կամ այն սահմանափակումները, կորել է սահման հասկացությունը, մնացել է ինչ-որ տարածություն, որը չունի մասշտաբային մեծ կամ փոքր զգացողություն հարուցելու հատկություն, համենայն դեպս ինձ համար:

Հոգեթերապեւտ - Իսկ Ձեզ չի՞ թվում, որ դա նույնիսկ, հնարավոր է, լավ է:

Պացիենտ – Չէ՛, ինձ համար միեւնույնն է:

Հոգեթերապեւտ - Այսինքն Դուք Ձեր զգացողություններին գնահատական չեք տալիս: Եվ ինչքա՞ն ժամանակ է, որ այսպես է:

Պացիենտ (Մինչ պատասխանը, կարծես հուշում ակնկալելուվ, նայում է Աթոռին- Չգիտեմ, ես նույնիսկ ուշադրություն չեմ դարձրել:

Հոգեթերապեւտ - Չէ՛, ուշադրություն դարձրել եք, դրա համար էլ հիմա անուշադրության ու միեւնույնը լինելու մասին պատմություններ եմ լսում: Այո՛, որոշ առումով Ձեզ համար այս երեւույթները իրենց կարեւորությունը կորցրել են, բայց չեք ժխտի, չէ՞, որ չէին կարողանա կորցնել նախքան ձեռք բերելը: Ուրեմն հիմա ինձ ասեք, թե ո՞ր էտապից հետո սկսվեց տարածության եւ Ձեր հակասությունը:

Պացիենտ - Հարցն անիմաստ է, իսկ կռվի մասին խոսելը` անհեթեթ, որովհետեւ ես արդեն վաղուց հաղթել եմ այդ կռվում՝ սպանելով տարածությունը:

Հոգեթերապեւտ - Եվ Դուք Ձեզ լա՞վ եք զգում անտարածական միջավայրում:

Պացիենտ - Համենայն դեպս չեն բողոքում, ես էլ բողոքներ չունեմ:

Հոգեթերապեւտ - Չե՞ք կարծում, որ հնարավոր է` Ձեր ասած հայրենիքից դուրս ապրելն է, որ հանգեցրել է Ձեր այս անտարածական վիճակին:

Պացիենտ - Իսկ չե՞ք կարծում, որ հայրենիքի մեջ ապրելուց է, որ հանգել եմ հայրենիքից, ապա տարածությունից դուրս գտնվելուն:

Հոգեթերապեւտ - Կարծում եմ, որ կրկնվում ենք . . . . . Ես Ձեզ պիտի մի քանի բառակապակցություն ասեմ` հայրենիքին վերաբերող, Դուք ասեք, թե ինչպես եք հասկանում դրանք` նյութական հայրենիք, գենետիկական հայրենիք, հոգեւոր հայրենիք. . .

Պացիենտ (Ընդհատելով եւ հարցը չլսած) - Այդ դեպքում, որ ասում էիք, թե պրոբլեմներից խուսափելու կամ ցավը խլացնելու, բուժելու համար, որպես հայրենիք պետք է ընդունել միայն գենետիկական հասկացությունը .......

Հոգեթերապեւտ – Ո՛չ, ո՛չ , ես նկատի ..

Պացիենտ - Ես Ձեզ մի հարց տամ` ինչ պիտի անի այն մարդը, ում հայրը մի ազգի է պատկանում, մայրը` մեկ այլ, ասենք` հայրս ֆրանսիացի է, մայրս` իտալուհի, հիմա իմ հայրենիքը ո՞րն է: Մեկ-մեկ երբ մտածում եմ, թե ինչ պիտի անեն նման մարդիկ, ինչ են զգում, այնքան ուրախ ու շնորհակալ եմ լինում, որ գոնե գենետիկական հայրենիք ունեմ:

Հոգեթերապեւտ - Բայց ինչի ՞ եք որոշել, որ երկու ազգի պատկանելը դժբախտություն է, վերցնենք այն, որ նրա գենետիկական հայրենիքը երկուսն են:

Պացիենտ - Չէ՛, հնարավոր չի՛, հայրենիքը պետք է մեկը լինի, միա՛կը:

Հոգեթերապեւտ - Ինչի՞ եք ամեն ինչ ծայրահեղացնում, այդ դեպքում ասե ՛ք, մարդ կարո՞ղ է 2 անգամ ամուսնանալ իր կյանքում:

Պացիենտ - Չէ՛, իրավունք չունե՛մ:

Հոգեթերապեւտ - Լավ, այդ դեպքում այսպես բացատրեմ, ասենք թե մեկը սխալ որոշում է կայացրել, սխալվել է, հանկարծակի դժբախտացել, մի ՞թե իրավունք չունի բաժանվելու եւ ամեն ինչ ճիշտ վերանայելով՝ շարունակելու կյանքը, բայց արդեն երջանիկ...

Պացիենտ - Չէ ՛, իրավունք չունի՛:
(լռություն)
Իրավունք չունի, թող հիմար չլինե՛ր ու չսխալվեր, ամուսնանալը խաղ չի, ճիշտ մտածել է պետք, իսկ եթե բաժանվում է` խնդրեմ, թող բաժանվի, բայց երկրորդ անգամ չամուսնանա:

Հոգեթերապեւտ - Ահա՜..... պարզ է ... լավ....: Իսկ ի՞նչ եք մտածում Միացյալ Եվրոպայի մասին, եթե պրոպագանդվում է Եվրոպայի հայրենիք լինելը ..... ի՞ նչ եք կարծում, Դուք չե՞ք կարող համարվել Եվրոպայի քաղաքացի, իսկ Եվրոպան` Ձեր հայրենիքը:

Պացիենտ - Նույն հաջողությամբ ես կարող եմ համարվել աշխարհի քաղաքացի, եւ հետո իմ պրոբլեմը լրիվ այլ է (թողեք մարդ մի հայրենիք ունենա, հետո նոր մտածեք երկրորդի մասին), իսկ Ձեր պրոբլեմը ինչպիսին հայրենիք ուզելու խնդրում չկողմնորոշվելու մեջ է: ... Գիտե՞ք, ինձ դուր է գալիս հիվանդ լինելը, երբ ինչ-որ տեղս ցավում է, կամ թույլ եմ ...Դա նույնիսկ հաճելի է, սկսում ես ինքդ քեզ սիրել.....: .... Միգուցե միայն հայրենիք ունենալով կկարողանաս քեզ զգալ նաեւ աշխարհի քաղաքացի:
Եթե հոգեւոր հայրենիքը նյութական հայրենիքից զատելու խնդիրը չլիներ ատելի ու զզվելի, որպես հիմար մարդու անինտելեկտուալ ռոմանտիզմի խորը ու խճճված բարդույթի տիպի անհասկանալի զգացմունք եւ օգտագործվեր իմ կողմից, լիովին համոզված ապուշի նման, միգուցե այսքան ծանր չթվար այս հարցը, որը բոլորովին կապ չունի ո՛չ նյութական, ո ՛չ հոգեւոր հայրենիքի հետ, եւ թվում է բացարձակապես անհասկանալի ու զառանցալի թեմա, հիվանդ ուղեղի զբաղմունք, եւ նույնիսկ կարող էր պատահել, որ այն հասկացվեր որպես սովորական, բայց շատ կարեւոր, օրակարգային հարց, ինչից նույնիսկ կարելի է հոգեկան շեղում ստանալ, ինչպես յուրաքանչյուր սովորական, կենցաղային հարցի մեջ խորանալուց, ու եթե նույնիսկ չի հասկացվում, որ սա պարզապես աբսուրդ չի, նրանից է, որ չի հասկացվում նման հայեցակետի աբսուրդայնությունը:

Հոգեթերապեւտ - Վերադառնանք նախորդ կետին. Դուք գտնում եք, որ անհատը սխալվելու իրավունքից է զրկված, միգուցե դրա պակասի՞ց է, որ հայրենիքի բարդույթ է առաջանում:

Պացիենտ - Ինչպե՞ս թե, սխալվելու իրավունք չունենալուց բարդու՞յթ: Դուք ինձ հիմարի տե՞ղ եք դրել............

Հոգեթերապեւտ – Չէ՛, ասեք:

Պացիենտ – Չէ՛, չեմ կարող, ես այդպես չեմ կարծում:

Հոգեթերապեւտ – Հավատացեք, ճի ՛շտ եք:

Պացիենտ – Չէ՛, դա դժվար է .... հա՛ .. հա՛ միգուցե, .. չէ՛, հաստա՛տ .. ավելին ասեմ, սխալվելու իրավունք չունենալուց է, որ առաջանում են բոլո՛ր բարդույթները, բոլո՛ր ... ախր սխալվելու իրավունք չունենալը դեռ չի նշանակում չսխալվել:

Հոգեթերապեւտ – Բայց Դուք մոռացել եք, որ մարդ սխալական է. մարդ կատարյալ արարած չի, բայց ձգտում է դրան, ասեք խնդրեմ, Դուք ինչու՞ եք մարդ արարածից վերցրել, ավելի ճիշտ մարդուն զրկել այն հատկությունից (իրավունքից), որով նա օժտված է եղել արարման իսկ պահից:

Պացիենտ - Բայց ես բոլորովին չեմ խոսել սխալվելու իրավունք չունենալուց ... ես խոսել եմ սխալվելու իրավունք չունենալու բարդույթի՛ց: Բայց, իհարկե, Դուք գաղափար անգամ չունեք, թե ինչպիսի անհեթեթ, դաժան ու ճի՛շտ բարդույթ է դա ..... (իսկ ինչպե՞ս ունենայիք, դրա մասին գրված չի, չէ՞, ձեր բժշկական փտած գրքույկներում):

Հոգեթերապեւտ - Դուք... Դուք.. գիտակցու՞մ եք ...

Պացիենտ - Ես գիտակցում եմ ամեն ինչ, ինչպես նաեւ այն, որ կարիք չկար բազմաթիվ խճճված ու բարդ ճանապարհներից, որոնք բերում են խնդրի հանգուցալուծմանը, ընտրել ամենախճճված ու ամենաբարդ ու ամենաերկար ճանապարհը եւ մոտենալ այն կողմից, որը բոլորովին չի խոստանում լավ արդյունք ..

Հոգեթերապեւտ - Բայց որը միակն է:

Պացիենտ - Դա էլ է ճիշտ, բայց ինձ դուր չի գալիս:

Հոգեթերապեւտ - Եթե Դուք չեք ուզում խոսել խնդրին հանգեցնող հանգամանքից, այլ գերադասում եք խոսել խնդրից, խնդրեմ ...բայց հիշեցնեմ, որ պացիենտները հենց միայն դա էլ անում են, ինչ խոսում են խնդրից, դա նրանց դուր է գալիս, անվերջ խոսել, խոսել, հաճախ հաճույք ստանալով իրենց մտածած զառանցանքից, որով գրեթե անլուծելի խնդիր են դնում զոհի առջեւ, բայց պատճառահետեւանքային կապի մասին նրանց մոտ անգամ հիշատակելն անհնար բան է, ինչի՞ համար, նրանք..

Պացիենտ – Այո՛, այո՛, Դուք ճիշտ նկատեցիք, ես ուզում եմ հեշտացնել Ձեր գործը, խոսել հետեւանքից, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք պատճառի մասին խոսելու Ձեր մյուս փորձը ավելի արդյունավետ կատարելու ...

Հոգեթերապեւտ - Խոսե՛ք, խնդրե ՛մ: Դուք անկեղծ եք Ձեզ հետ, բայց ոչ մյուսների ... Խոսե՛ք ...... պատկերացրեք Ձեր հայրենիքը, Ձեզ այդքան սիրելի եւ ատելի հայրենիքը եւ ամենայն մանրամասնությամբ նկարագրեք ինձ նրան:

Պացիենտ - Սկսեմ նկարագրե՞լ . .. նա .. նա .. փայտից է, ունի սլացիկ, երկար ոտքեր, հարմար թիկնակ ... նստատեղն ու թիկնակը մահուդից են, նրա ոտքերի արանքում գտնվում են ոտքերը միմյանց միացնող հորիզոնական, գայթակղիչ ամրանները: Ես երեւի թե ամենայն մանրամասնությամբ չնկարագրեմ ֆորմաները, կարծում եմ` դա ավելի անձնական է ..

Հոգեթերապեւտ - Շատ լավ, շատ լավ, իսկ հիմա նկարագրեք ձեր փոխհարաբերությունները:

Պացիենտ - Ես, ես վստահում եմ Նրան, այո՛, դա այն է, ինչ պետք է, վստահու՛մ եմ ... Ես զգում եմ Նրա կարիքը, իսկ Նա՝ իմ, անպայման . . ., ես.. ես կարող եմ հանգստանալ՝ նստելով Նրա վրա, նստած անել ամենը, ինչ ինձ պետք է` չհեռանալով Նրանից, կարող եմ հենվել Նրան, ես ինձ զգում եմ ապահով Նրա մեջ, իսկ Նա էլ, ինչպես ասացի, իմ կարիքն է զգում, ինձ միշտ սպասում է, Նա դատարկ է առանց ինձ ..., իսկ հետո մենք ազատ ենք, ո ՛չ մի կոնֆլիկտ, երբե՛ք, միայն հոգատարություն ....

Հոգեթերապեւտ - Դուք ասացիք` ազատ եք, ի՞նչ նկատի ունեիք, ինչու՞մ է Ձեր ազատությունը կայանում, եւ ինչու՞մ` նրա:

Պացիենտ - Ես ազատ եմ իմ վարքով, վերաբերմունքով, իհարկե ազատության գաղափարը չի ենթադրում անպատասխանատվության ինչ-որ միտումներ, չէ՛, բոլորովին ...

Հոգեթերապեւտ - Իսկ ի՞նչ է ազատությունը:

Պացիենտ - Երեւի այն, ինչ չկա ....

Հոգեթերապեւտ - Ազատություն չկա՞:

Պացիենտ - Չէ՛, սխալ եք հասկանում, նկատի ունեմ այն, որ ազատությունն այն բանն է, որը չկա, չի բավարարում ..... չէ, մոռացեք, ասածս հիմարություն էր, մի բառով չես ասի, թե դա ինչ է, բայց համոզված եղեք, որ ես գիտեմ, գիտեմ, թե ինչ է...

Հոգեթերապեւտ - Ի՞նչ եք կարծում, միգուցե մենք անազատ ենք, որովհետեւ մեզ ստեղծել են, մենք չենք ստեղծվել:

Պացիենտ - Ոչ, մենք չենք ստեղծվել, բայց ստեղծվել ենք ազատ: Ես այն եմ, ինչ կամ, իսկ կամ, ինչ ուզում եմ .....( այն եմ, ինչ ստեղծել եմ ):

Հոգեթերապեւտ - Լավ, վերադառնանք.. շարունակեք ... բայց խնդրում եմ կոնկրետ իրավիճակներ նկարագրեք, պատմեք ինձ պատմություններ` կապված ձեր երկուսի հետ, որոնք Ձեզ երբեւէ հուզել կամ հուզում են:

Պացիենտ - Ես երեւի շատ կանկեղծանամ ... բայց ինչպես կուզեք ... ես սիրում եմ Նրան, սիրում եմ հպվել, շոյել Նրան, Նրա մեջ այնքա՜ն ջերմություն կա, այնքա՜ն հոգատարություն, բայց ես կեղծեցի, երբ ասացի, թե ոչ մի կոնֆլիկտ երբեւէ չի եղել, կարծում եմ՝ Դուք էլ հասկացաք, որ նման սիրո դեպքում, որքան էլ որ փոխըմբռնումը մեծ լինի, ընդհարումներից խուսափելն անհանար բան է... չնայած խոստովանեմ, որ դրանց պատճառը շատ անգամ ես եմ եղել եւ դիտմամբ եմ ստեղծել այդ իրավիճակները, թե՛ նյարդերիս գրգռված լինելու պատճառով, եւ թե՛ դրանց բացակայությունը լրացնելու մտադրությամբ (միգուցե վերջինը անհեթեթ թվա, բայց ինձ Նրա հետ լարված հարաբերությունների մեջ լինելն էլ է դուր գալիս ):
Ես երբեւէ չեմ մոռանա այն այլանդակ զգացումը, որ ունենում էի, երբ Նրան դիպչում էին ուրիշները, պատկերացնու՞մ եք, զզվելի է չէ՞ ...ահավոր էր, նրանք համարձակվում էին նստել Նրա վրա, նստել ի՛մ հայրենիքի մեջ, հենվել Նրան, ես ինձ հազիվ էի զսպում ... տան անդամները երբեք իրենց թույլ չէին տալիս նման բաներ անել՝ իմանալով իմ խանդի մասին, բայց հյուրերը ...... ես երդվում էի, որ կսպանեմ նրանցից յուրաքանչյուրին, ով կհամարձակվի ցավ պատճառել Նրան,... դա աննկարագրելի է .... ես նույնիսկ հիմա եմ վրդովվում ....իհարկե, հետո ես ամենայն մանրամասնությամբ ու զգուշությամբ մաքրում էի Նրա փափուկ, նուրբ նստատեղը, ամուր, բայց քնքուշ թիկնակը: Սակայն այլեւս չէի կարող տանել այդ օտարների ոտնձգությունները, եւ ես ... ես մի օր չդիմացա ու տանից դուրս շպրտեցի կնոջս եղբորը... բայց դա շատ.. ես չէի ցանկանա հիշել այդ օրը, կարեւորն այն է, որ այլեւս ոչ-ոք մատով իսկ չի դիպչում Նրան ( այո՛, Նա միայն իմն է), քանի անգամ է եղել, որ ինձ բողոքել է նրանցից, քանի անգամ, ես ինքս վիրավորված, օրեր շարունակ չեմ մոտեցել Նրան, բայց վե՛րջ, այլեւս նման բան չի կրկնվի, վե՛րջ: Հա՛, իսկ պատկերացնու՞մ եք ինչ եղավ ինձ հետ, երբ կինս հայտարարեց, որ ուզում է փոխել տան կահույքը, ես զգացի, թե ինչպես որովայնիցս մինչեւ կոկորդ ինչ-որ այլանդակ այրող փոթորիկ բարձրացավ, կարծես տակն ու վրա արեց բոլոր ներքին օրգաններս, ահավոր էր, բայց չէի ուզում կնոջս ցույց տալ, հասկացա, որ խանդում է, չնայած դա երբեք չէի նկատել , եւ ամեն ինչ այնպես արեցի ( երկար պատմություն է ), որ այժմ կնոջս խելքը իրենը չի մեր հին կահույքի համար ........... ա՜խ իմ փոքրիկ աթոռիկ, ինչե՜ր ասես միասին չենք հաղթահարել ...

Հոգեթերապեւտ - Փաստորեն դուք միմյանց հանդեպ այսքան քնքուշ զգացմունքներ եք տածում:

Պացիենտ - Հենց նոր հիշեցի մի երեկո ... կարծում եմ` Ձեզ կհետաքրքրի .... ի դեպ, ես Նրան վաղուց տարել եմ իմ աշխատասենյակ, այնտեղ, որտեղ Նրա տեղն է, որտեղ որ Նա գտնվում էր մինչ ճաշասենյակում հայտնվելը, որտեղից էլ տեղափոխվեց ննջասենյակ, բայց կնոջս աչքից նրան հեռու պահելու համար անհրաժեշտ էր բաց անել կողքի սենյակի դուռը եւ վերադարձնել աշխատասենյակիս իր անփոխարինելի զարդը ... այո ... ը՜մմ .. այդ երեկո ես շատ էի աշխատել (ի դեպ, Նրա մեջ նույնիսկ ուղեղս է լավ աշխատում ), կինս թեյ բերեց .. ես մի կողմ դրեցի գրիչը (կինս արդեն գնացել էր), բաց արեցի պատուհանը, որ այլեւս չկաշկանդեմ առանց այն էլ բավական մեծ չափեր ունեցող լուսնին, թարմ օդ թափանցեց սենյակ, արդեն բավականին մթնել էր, մենք երկուսս էինք միայն սենյակում, ես հատուկ վառված թողեցի լամպերը, որ դրսի ու ներսի հակադրությունը իրեն զգացնել տա, փոքր ինչ առանձին-առանձին մտորելուց հետո սկսեցինք զրուցել ... ես գլուխս հետ էի գցել, քանի որ թիկնակն ամբողջովին չէր ընդգրկել գլուխս, միայն ծոծրակս էր հպված թիկնակի վերին եզրին, եւ երբ գլուխս փոքր-ինչ վերեւ-ներքեւ էի շարժում, Նա կարծես շոյում էր մազերս, այնքան հաճելի էր....., երբ համբուրում էի նրա փափկությունը, կարծեցի, թե հղի է ..., ես աչքերս փակել ու տեսնում էի ............ չգիտեմ, թե ինչպես ստիպեցիք պատմել Ձեզ այս ամենը, բայց հիմա ափսոսում եմ այս վերջին րոպեներին արտաբերածս ամեն մի խոսքի համար ...

Հոգեթերապեւտ - Ես պարզապես ապշած եմ ... այլ դեպքում կզարմանայի հայրենիքի հետ նման փոխհարաբերություններից, բայց ... հետո ...

Պացիենտ - Նա այնքան խիզախ է, շատ դեպքերում ինձ ուժ է տալիս, տրամադրում է մարտական .... Աստված իմ, ի ՜նչ եմ խոսում ....

Հոգեթերապեւտ - Բան չկա ... եթե ուզում եք` ավարտեք հիշողությունները, Դուք շարունակեք ձեր փոխհարաբերությունների նկարագրությունը՝ ազատություն, պատասխանատվություն ....

Պացիենտ - Հա ... մենք...մենք պատասխանատու ենք միմյանց նկատմամբ, բայց .. բայց ես ազատ եմ իմ վարքագծում, կարող եմ նստել, երբ ուզեմ, վեր կենալ, երբ կամենամ, հենվել, կանգնել, չկան արգելող, կաշկանդո՛ղ օրենքներ, բայց նաեւ չի կորչում հոգատարության զգացումը, ես երբեք չեմ վնասի, անզգույշ չեմ վարվի Նրա հետ եւ հակառակը ... հա, ես ազատ եմ իմ կամքի մեջ, ու դա հրաշալի է, ինչպես նաեւ Նա, Նա էլ է ազատ ...

Հոգեթերապեւտ – Բացատրե՛ք, թե ինչ էր կարող անել աթո՛ռը, որ դրսեւորեր իր անազատությունը եւ կամ ինչու ՞մ է դրսեւորվում նրա ազատությունը:

Պացիենտ - Ինչպե՞ս, .. ինչի՞ եք ասում .............ախր հնարավոր է . .

Հոգեթերապեւտ - Չէ՛, հնարավոր չի ՛: Չլինի՞ թե կարծում էիք, որ նա կարող է առարկել, երբ կանգնում եք նրա վրա, չլինի՞ թե նրան կարող է դուր չգալ, որ նստում եք վրան, կամ էլ կարծում եք՝ կարող եք Ձեր ազատությունից ելնելով նստել վրան այն պահին, երբ ուզում եք, իսկ նա կարող է իր ազատությունից ելնելով հրաժարվել` պատճառաբանելով, որ հանգստանա՞լ է ուզում ...... .... ..

Պացիենտ - Իմ հայրենիքը ինձանից չի ՛ դժգոհում, իսկ ես նրան չե՛մ օգտագործում...

Հոգեթերապեւտ – Չէ, չե՛ք օգտագործում, հարմարեցնում եք, հարմարեցնում եք Ձեր կամքին, որովհետեւ այդ իրը դրա համար էլ նախատեսված է, չնայած Դուք գտնում եք, թե երկու կողմն էլ բավարարված են, մինչդեռ երկրորդ կողմը բերան անգամ չունի, որ արտահայտվի ...

Պացիենտ - Ես չե՛մ ծառայեցնում Նրան, չեմ ստրկացնում ....

Հոգեթերապեւտ - Խնդրու՜մ եմ ...

Պացիենտ - Դուք ի վիճակի չեք հասկանալ մեր փոխհարաբերությունները:

Հոգեթերապեւտ - Որովհետեւ իր եւ մարդ փոխհարաբերություններ չպիտի լինեն:

Պացիենտ - Բայց ես խոսում եմ հայրենիք – մարդ փոխհարաբ.., Դուք իրո՞ք կարծում եք, որ դա մարդ –իր ..

Հոգեթերապեւտ - Իհարկե ո՛չ, ես բավականին պրոֆեսիոնալ եմ հասկանալու համար, որ դա մարդ – մարդ փոխհարաբերություն է` Դուք եւ Դուք:

Պացիենտ - Ես գիտեմ:

Հոգեթերապեւտ - Դուք գիտեք ու ընդունում եք ... մենք դրա մասին խոսել ենք ...բայց սխալ .... իհարկե ....,ինչպես գլխի չէի ընկնում .. Դուք հայրենիք չե՛ք կոչում իրերը, ո՛չ, բոլորովի՛ն, ..Դուք հայրենիք եք անվանում Ձեզ .... Դուք եք դառնում իր .. Դուք եք դառնում աթոռ եւ աթոռի անունից երեւի թե հաճախ կրկնում ինքներդ Ձեզ, թե "իմ մեջ դու ապահով ես" եւ այլն ... հետո նման "երկխոսություններ" ունենում ամեն ինչի հետ, ինչ նյութական է եւ նույնիսկ ոչ ...

Պացիենտ - Ես եմ իմ հայրենիքը .... Ձեր սիրելի գենետիկականն էլ ... մնացած բոլոր տեսակներն էլ.. . . . Սա ավելի ծանր է, քան դուք կարող եք պատկերացնել ....

Հոգեթերապեւտ - Իսկ երբեք չե՞ք փորձել Ձեզ հետ միանգամից առաջին դեմքով խոսել ..դե երկուսն էլ առաջին դեմքով ...

Պացիենտ - Դուք, ինչ է, ինձ լրի ՞վ հիվանդի տեղ եք դրել:

Հոգեթերապեւտ - Ես չգիտեմ` բուժելու կարիք կա՞, թե՞ Դուք արդեն բուժել եք Ձեզ:

Պացիենտ - Բուժելու կարիք կա, բայց այս էտապից հետո ...


[ 2011թ.] 

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am