| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|մառան|
հրապարակված է 14.02.2013 | դավիթ բալասանյան
լադաձեւավորման տեսակաբանության խնդիրները` դասակարգումը որպես տեսակաբանության հիմք
Ինտոնացիոն – լադային համալիրները միջնորդաբար կապված են պատմականորեն որոշակի տեսակի մտածողության, իսկ արդյունքում` աշխարհընկալման հետ:


"Լադերի, դրանց կառուցվածքային առանձնահատկությունների, ներքին փոխհարաբերությունների, արտահայտչա-կան հնարավորությունների, իրար հետ փոխկապակցվածության, ինչպես նաեւ` երաժշտական ձեւի ձեւավորման գործընթացում դրանց դերի ուսումնասիրությունը տեսական ցանկացած հետազոտության համար պետք է ծառայի որպես ելման կետ…"
                                                                        Քրիստափոր Քուշնարյան


Հարմոնիայի կարեւորագույն այնպիսի կատեգորիաների շարքում, ինչպիսիք են` լադը, ակորդը, ձայնատարությունը, ֆակտուրան, լադի կատեգորիան ժամանակակից երաժշտագիտական գրականությունում դառնում է հիմնարար: Լադը լայնածավալ հասկացություն է, գործածվում է, ինչպես երաժշտա-էսթետիկական, այնպես էլ տեսական նշանակությամբ: Այն իր մեջ ներառում է որոշակի հնչյունաբարձրությունների կապերով պայմանավորվող որակական բնութագիր եւ բուն բարձրությունների կապերի համակարգի բնութագիր:

Լադը, որպես էսթետիկական կատեգորիա, հանդիսանում է լսողական գիտակցությունում հնչյունների միջեւ համակարգային հարաբերությունների առաջացման եւ ամրապնդման հիմք:

Տ.Բերշադսկայայի բնորոշմամբ, "լադը տոների փոխենթակայությամբ հնչյունա-բարձրությունների համակարգ է` հիմնված դրանց տրամաբանական /սուբորդինացիոն/ տարանջատման վրա" (№2, էջ 48):

Ի.Սպոսոբինը լադն ընկալում է որպես "հնչյունային կապերի համակարգ` միավորված մեկ հնչյունի կամ համահնչյունի տեսք ունեցող տոնիկական կենտրոնով" (№8, էջ 24):

Յու.Տյուլինի բնութագրմամբ` լադը "ֆունկցիոնալ հարաբերություններով միավորված տոների տրամաբանական դիֆերենցված համակարգ է" (№8,էջ 60): Նա ընդգծում է, որ "լադը, որպես երաժշտական մտածողության տրամաբանական հիմք, հանդիսանում է ապերցեպցիոն համակարգ" (№8, էջ 9):

Հաշվի առնելով հնչյունաբարձրությունների, այդ թվում եւ ժամանակակից, համակարգերի բազմազանությունը, Յու.Խոլոպովը մատնանշում է "լադ "հասկացությունն ընդլայնելու, այն որպես "հնչյունաբարձրությունների կապերի համակարգություն", եւ որպես "երաժշտա-տրամաբանական փոխենթակայությամբ հնչյունների եւ համահնչյունների" որոշակի հնչյունային համակարգ մեկնաբանելու անհրաժեշտությունը (№9, էջ 29):

Լադն իրենից ներկայացնում է ինտոնացիոն համակարգ, նրա գենեզիսը` հնչյունաբարձրությունների հարաբերությունների սկզբնական մարմնավորումներում, ինչպիսին են` մեղեդային մոտիվները: Ինտոնացիոն – լադային համալիրները միջնորդաբար կապված են պատմականորեն որոշակի տեսակի մտածողության, իսկ արդյունքում` աշխարհընկալման հետ:

Բ.Ասաֆյեւի սահմանման համաձայն, լադի ինտոնացիոն հիմքը ձեւավորող հնչյունային բանաձեւերը կազմում են "դարաշրջանի ինտոնացիոն բառարան": Ինտոնացիոն շարքի նորացումը բերում է լադի ներքին վերակառուցման (№1):

Տ.Բերշադսկայայի կարծիքով, անհրաժեշտ է "լադ" հասկացությունն ընկալել որպես երաժշտական ինտոնացիայի հատկություն եւ բացահայտել այն կազմող տոների բազմանշանակությունը, դիֆերենցվածությունը` ոչ միայն բացարձակ բարձրությամբ, այլեւ դրանց առաջացրած հոգեբանական ազդեցությամբ, այն է` արգելակման զգացողություն կամ շարժման սպասողական զգացողություն ստեղծելու ընդունակությամբ, այսինքն, տարբերակել տոները` տրամաբանական դերի առումով, ըստ այդմ, պարզաբանելով միմյանց հետ փոխհարաբերությունների բնույթը" (№2,էջ 46):

Լ.Դյաչկովան նշում է այն հանգամանքը, որ "լադը հանդես է գալիս ոչ այնքան որպես ընդհանրացնող կատեգորիա, որքան ձեռք է բերում ակտիվ արտահայտչական եւ կառուցողական միջոցի դեր կատարող տարրի կարգավիճակ" (№5, էջ 45):

Ն.Գուլյանիցկայան գտնում է, որ "լադ" տերմինով պետք է բնութագրել որոշակի կառուցվածք, կազմակերպումը, համակարգի ֆունկցիոնալ կառույցը, իսկ "լադի հնչյունաշար" տերմինն անվանել ընտրված հնչյունների համակարգվածված հաջորդականութուն: "Լադը տերմինաբանական այս իրավիճակում, համակարգային հարաբերությունների սկզբունքով, նշանակում է այդ հարաբերությունների, դրանց կապի յուրատեսակ ասպեկտ եւ փոխազդեցություն` հնչյունային տարրերի որոշակի ամբողջականության պայմաններում՚: Ժամանակակից մոդալային տեսության հեղինակներից մեկը` (№4, էջ71)

Ա.Վիեռուն, իր դիրքորոշումն է ներկայացնում այդ խնդրի վերաբերյալ. "Միախառնված լադերի աշխարհը համարվում է բացառապես` համալիր: Հնչյունների եւ ինտերվալների այս աստիճանավանդակում, որոնց տարբեր հեղինակներ անվանում են հարմոնիաներ, ակորդներ, լադեր, հնչյունաշարեր, գամմաներ եւ այլն, գտնվում է ողջ երաժշտության սաղմը" (№3, էջ 175):

Այսպիսով, լադի կատեգորիայի վերլուծությունը կապված է դրա համակարգային բնութագրի, ինտոնացիոն միջավայրի, երաժշտական տեքստում դրանց դրսեւորումների բազմազանությունն ընդգծելու ձգտման /մղվածության/ հետ: Որոշ հետազոտողներ իրենց աշխատություններում հատուկ նշանակություն են տալիս դրա ձեւավորման մեխանիզմների որոնմանը, ինչը հատուկ խնդիր է առաջացնում` կապված հարմոնիկ միավորների առանձնացման եւ ըստ ֆունկցիոնալ կառուցվածքների` տեսակավորման /տեսակաբանության/ հետ:

Այսպես, օրինակ, լադաձեւավորման տեսակաբանության խնդիրը դիտարկելիս, Ն.Գուլյանիցկայան կարեւոր է համարում առարկան տարբեր կողմերից բնութագրող էական հատկանիշների առանձնացումը եւ ընդգծում տեսակաբանական շարքում երեւույթների խումբը դիտարկելու անհրաժեշտությունը` ելնելով հետեւյալ չափանիշներից. նյութի աղբյուրից, կազմակերպման ձեւերից, կառուցվածքային սկզբունքներից, հնչյունաշարի ծավալից, տարրերի փոխկապակցվածության բնույթից, որոշակի հնչյունային հյուսվածքում նրանց փոխազդեցությունից եւ այլ պարամետրերից: Լադերն ըստ գլխավոր ու օժանդակի բաժանելով եւ "մոդալային կառուցվածքի" սկզբունքով "մոդալային տարբերակների" ձեւավորումը բնութագրելով, գիտնականն էական է համարում լադերի հորիզոնական եւ ուղղահայաց ֆակտուրային կոորդինատներում փոխհարաբերությունների հետ կապված հատկանիշները:
"Մոդալային կառուցվածք" հասկացությանը հանդիպում ենք Ա.Վիեռուի աշխատություններում (№3, էջ52), որտեղ այն հավասարեցվում է մեկ լադին պատկանող ինտերվալների շարքերին:

Երաժշտագիտական աշխատություններում բերված է լադերի դասակարգումը:

Յու.Ն.Խոլոպովի հետազոտություններում այն ընդգրկում է.

էկմելիկան;

անգեմիտոնիկան;

դիատոնիկան եւ միքսոդիատոնիկան;

գեմեոլիկան;

քրոմատիզմը,
իր մեջ ներառելով` պոլիդիատոնիկան, սիմետրիկ /համաչափ/ եւ ուրիշ լադերի ոչ ամբողջական քրոմատիզմը, քրոմատիզմի ամբողջական, տասներկուտոնային ձեւը, ինչպես նաեւ` միկրոքրոմատիզմը:

Ընդ որում, պոլիդիատոնիկայի պատկանելությունը քրոմատիզմին որոշվում է մեծացված պրիմայի, փոքրացված կամ մեծացված օկտավայի քրոմատիկ ինտերվալի համադրվող հնչողության առկայությամբ: Հեղինակի ուշադրության կենտրոնում է պոլիլադայնության բազմազան երեւույթները:

Ք.Քուշնարյանի "Հայկական մոնոդիկ երաժշտության պատմության եւ տեսության հարցեր" հիմնարար աշխատության շուրջն առաջացած գիտական մեծ ռեզոնանսը բավականաչափ եւ բազմակողմանիորեն արդարացվում է ժողովրդական երաժշտության լադերի դասակարգումով: "Դրանց դասակարգումը պայմանավորված է մեզ հայտնի մի շարք դժվարություններով, քանի որ դրա իրագործման ընթացքում հարկ է լինում հաշվի նստել` իրենց առանձնահատկություններով տարբեր հարթություններում գտնվող շատ համակարգերի հետ, մասնավորապես. իրենց ներքին կապերի կոնցենտրացիոն ձեւերով, իրենց թեքվածությամբ, լադային տոնիկաների նկատմամբ հարակից աստիճանների դասավորության հաջորդականությամբ, միացվող սկզբնական տոների քանակից կախված` համակարգերի բարդության աստիճանով": (№6, էջ357) Հեղինակը ստեղծում է դասակարգային նկարագրության ճյուղավորված համակարգ, որտեղ խստորեն պահպանվում են մակարդակների փոխենթկայությունները: Ընդ որում, ելակետային մակարդակում հաշվի է առնվում լադերի կառուցվածքը; լադահնչյունաշարային հիմքը` մեկ-, երկու-, երեք-, բազմա- օղակային համակարգերը; այնուհետեւ, որոշվում է հնչյունատարրերի փոխհարաբերությունը` "միատոնիկությունը", երկակիությունը:

 

Գ Ր Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1. Асафьев Б. - Музыкальная форма как процесс. - Л.: Музыка, 1971. - 376с.

2. Бершадская Т. - Лекции по гармонии. - Л.: Музыка, 1978. - 238с.

3. Vieru A. - Cartea modurilor. Bucuresti: Editura muzicala, 1980. 224 с.

4. Гуляницкая Н.С. - Современная гармония: Цикл лекций для студентов музыкальных вузов. - М., 1977.

5. Дьячкова Л.С. - Гармония в музыке XX века: Учебное пособие. - М.:РАМ. им.Гнесиных, 2003. - 296с.

6. Кушнарев Х.С. - Вопросы истории и теории армянской монодической музыки. – Государственное музыкальное издательство, Ленинград, 1958, с.312, с.357

7. Способин И.В. - Лекции по курсу гармонии. - М.: Музыка, 1969. - 240с.

8. Тюлин Ю. - Краткий теоретический курс гармонии. - М.: Музыка, 1978. -167с.

9. Холопов Ю.Н. - Гармония. Теоретический курс. Учебное пособие. - М.: Музыка, 1988.- 510с.

 

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am