| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 13.08.2012 | նարեկ մխիթարյան
“ես էլ”. գժանոցը մեկ օրում
Կարելի է կարծել, որ ռեժիսորն ընդհանրապես շփոթվել է ընտրության հարցում...


Լիլիթ Մովսիսյանի “Ես էլ” ֆիլմում ներկայացված է հոգեբուժարանում գտնվող մի երիտասարդի (Արսեն Գրիգորյան) առօրյան: Ֆիլմում դիալոգներ չկան եւ շեշտված են հերոսի ներքին ապրումները: Սակայն արտահայտչամիջոցները, որոնք ընտրում է ռեժիսորն, այնքան ծեծված ու ձանձրալի են, որ կարելի է միայն զինվել մեծ լավատեսությամբ` որեւէ օրիգինալ լուծում գտնելու համար:

Տղան պառկում է կծկված, տագնապած աչքերով դիտում է շրջապատը, չկապակցված շարժումներ է անում, այսինքն` դերասանի խաղը վերարտադրում է պարզ կլիշեն, որը կարելի է հանդիպել ամենահայտնի ֆիլմերում ու ամենատարածված գովազդային ու երաժշտական հոլովակներում (երեւի այստեղ օգնում է ռեժիսորի փորձը): Ձանձրույթից չի փրկում ոչ գդալով մեքենա քշող հիվանդը, ոչ էլ “գիժ երգչուհին” (Հասմիկ Մուրադյան). Հոգեբուժարանային - հիվանդագին տրամադրությունը ֆիլմում բացակայում է, ինչպես որ համոզիչ չեն թվում նրա բնակիչները: Ֆիլմը զուրկ է սյուժետային զարգացումից (դրվագները կարելի է դիտել ցանկացած հերթականությամբ, նույնիսկ, եթե հնարավոր լինի, վերջից սկիզբ. ոչինչ չի փոխվի), Նազենի Հովհաննիսյանի անակնկալ հայտնվելը թվում է ուրիշ ֆիլմից վերցված հատված: Առանձին կադրեր, որոնք կարող էին քիչ թե շատ մեդիտացիոն տրամադրություն ստեղծել, դեռ չսկսված` ընդհատվում են, այդպես էլ չհասնելով գեղարվեստական ընդհանրացման:

Հայտնի է, որ հոգեբուժարանը, որպես պայմանական միջավայր, կինոյում նեկայացնում է խիստ ուշագրավ ու սիմվոլիկ մի կենսատարածք, որտեղ հայտնված հերոսը փորձում է ինքնաբացահայտվել` հակադրվելով սոցիումին` ի դեմս մյուս հիվանդների, կյանքին, ճակատագրին, անգամ տիրող վարչակարգին, երբեմն էլ` ինքն իրեն: Բավական է թվարկել այդ ֆիլմերից մի քանիսը (Միլոշ Ֆորմանի “Թռիչք կկվի բնի վրայով”, Տերրի Գիլիամի “12 կապիկ”, Կարեն Շահնազարովի “Հիվանդասենյակ հ.6”, Յան Շվայնկմայերի “Խենթություն») եւ պարզ կդառնա, թե ինչքան բազմակողմանի ու լուրջ խնդիրներ կարող են արծարծել հոգեբուժարանի կամ հոգեկան հիվանդի ալեգորիկ կերպավորումները կինոյում: (Համեմատությունը դասական կինոյի հետ կարող է թվալ հավակնոտ, սակայն ցանկացած ֆիլմի հայտնվելը կինոփառատոնում պակաս հավակնոտություն չէ): Միաժամանակ դերասանները, որոնք խաղում են այս ֆիլմերում (Ջեք Նիքոլսոն, Վլադիմիր Իլյին, Բրեդ Փիթ), կարողացել են կերտել իրենց լավագույն դերերը եւ արժանացել են բարձր գնահատանքի ու պարգեւների:

«Ես էլ» ֆիլմը չի ներկայացնում վերը թվարկածներին գոնե քիչ մոտ որեւէ գաղափար, դերասանական թույլ խաղի հետեւում թաքնված է թերեւս սցենարական փնթիությունը, ինչն ուղղակի աններելի է կարճրամատերաժ ֆիլմի համար, որը, որպես կանոն, ձգտում է հնարավորինս կարճ ժամանակում հասնել առավելագույն էֆեկտի: Ֆիլմն ավարտվում է այնպես, ինչպես որ սկսվել էր` դատարկ ու անձայն, առանց հարցադրումների եւ հետեւաբար` առանց պատասխանի ու մեկնաբանության: Կարելի է կարծել, որ ռեժիսորն ընդհանրապես շփոթվել է ընտրության հարցում, եւ նկարել է ոչ թե ֆիլմ, այլ սովորական տեսահոլովակ` մի հիվանդի մասին` անհասցե, անանուն ու առանց հեղինակային խոսքի: Գուցե սա Արսեն Գրիգորյանի կյանքի “երկրորդ” օրն է` ով գիտե, թեեւ ազնվության համար պետք է ասեմ, որ ռեժիսորի նախորդ փորձը նույն դերասանի մասնակցությամբ (խոսքը գնում է “Կյանքը մեկ օրում” ֆիլմի մի դրվագի մասին) իր դոկումենտալ անմիջականությամբ շատ ավելի ջերմ ու հետաքրքիր է. կարծում եմ, որ ռեժիսորը դեռ պետք է ընտրություն անի` ինչ նկարել` լավ դոկումենտալ հոլովակ թե վատ կարճրամետրաժ ֆիլմ:


 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am