| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 11.09.2012 | ա-ակտուալ արվեստ
Խաչիկ Թոլոլյան | համաշխարհայնացումը. միատարրում, թե՞ նոր Բաբելոն
«Այսօրվա թեման ձեր սիրած գլոբալիզացիան է, որ մենք ասում ենք համաշխարհայնացում»:






Համաշխարհայնացումը ամերիկահայ սփյուռքագետ Խ. Թոլոլյանի տեսանկյունից

Ինչո՞ւ “սիրած”: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, “գլոբալացումը” եւ նրա քննադատությունը հանդիսանում է աջ պոպուլիստների սիրած թեման: Կարելի է հիշել Գրողների միության նախագահի “հերոսական” պայքարը գլոբալացման դեմ: Ինչպե՞ս ավարտվեց այս “մենամարտը” դժվարանում եմ ասել, հավանաբար՝ գլոբալացման պարտությամբ:

Մոտ տաս տարի առաջ ես ինքս թարգմանեցի սապատիստական շարժման առաջնորդ սուբկոմենդանտե Մարկոսի շատ հայտնի “Չորրորդ համաշխարհային պատերազմը սկսել է” գրքույկը, որը հրատարակվեց 99 տիրաժով: Այն համարվում է գլոբալացման ձախ քննադատության առաջին օրինակներից: Ցավոք, նույնիսկ ինքս այդ գրքույկի օրինակը չունեմ: Այսօր այդ շարժման կողմնակիցները ավելի շուտ իրենց համարում են ալտեր-՝ այլընտրանքային գլոբալացման կողմնակիցներ: Հայաստանում արդի արվեստին հարող արվեստագետները, երբ հրատարակեցի այդ գրքույկը, հիմնականում կողմ էին գլոբալացմանը, համարելով, որ աջ ազգայնականների ծրագիրը, այն է՝ մեկուսացնել Հայաստանը եւ հայաստանյան արվեստը խիստ վտանգավոր է: Հայաստանյան պայմաններում, այդ տարիներին, ընտրությունը նեոլիբերալ գլոբալացման եւ աջ ազգայնական մեկուսացնող գաղափարախոսության միջեւ համարյա միանշանակ էր թվում:

Հայաստանը - այստեղ իմ հետ շատերը կհամաձայնվեն - զարգացման համարյա ոչ մի հեռանկար չունի: Ընդ որում, չի կարելի ասել, որ գլոբալացումը շրջանցել է մեր երկիրը, եթե վերջինիս տակ հասկանանք կապիտալի, ապրանքների եւ աշխատուժի շարժունակությունը: Որպես օրինակ կարելի է բերել այն փաստը, որ մեր խոշոր ձեռնարկությունների մի զգալի մասը գրանցված է օֆշոր գոտիներում, եւ հենց օֆշոր գոտիներ է հոսում հայաստանյան ստվերային տնտեսության եկամուտները:

Գլոբալացման տեսությունը շատերի համար հանդիսանում է մոդեռնիզացման հին տեսությունների “մոդեռնիզացված” տարատեսակը: Այս ասպեկտը համարյա ներկայացված չէ Խ. Թոլոլյանի դասախոսությունունում եւ որոշ համընդհանուր դարձած դրույթներ արժե կրկնել: “Մոդեռնիզացիայի” “հին” տեսության հիմքում ընկած է սոցիալ-դարվինիզմի տեսությունը, որի հիմնական դրույթը այն է, որ որոշ մարդկային հասարակություններ ավելի պրիմիտիվ են քան մյուսները եւ զարգացումը գնում է պարզից դեպի բարդր՝ իմա դեպի արեւմտյան քաղաքակրթությունը: Այս մոտեցման մեջ շփոթված են կենսաբանական եւ սոցիալական պլանները: Կենսաբանորեն անգլիացին եւ էսկիմոսը ոչնչով չեն տարբերվում, սակայն միջավայրի հետ հարմարումը հանգեցրել է տարբեր հասարակությունների եւ մշակութների ձեւավորմանը: Այստեղից հետեւում է, որ եվրոպական արեւմտյան հասարակությունը միշտ չէ, որ եղել է ամենամրցունակը եւ, առավել եւս՝ լավագույնը: Ըստ «մոդեռնիզացիայի» տեսության, օրինակ, Հայաստանը այնքան “առաջավոր” չէ որքան Ֆրանսիան եւ, եթե Հայաստանը “ճիշտ” տնտեսական քաղաքականություն վարի կդառնա համարյա Ֆրանսիա. Ֆրանսիան օրիակելի երկիր է, նրա օրինակին հետեւելով մենք կկրկնենք նրա հաջողությունը:

Երբ արեւմտյան կարեւոր երկրները, հատկապես Ֆրանսիան եւ Բրիտանիան դարձան հզոր իմպերիալիստական տերություններ, արեւելաեւրոպական բոլոր երկրները, այլ երկրներ՝ ինչպես Հայաստանը, փորձեցին կրկնել դրանց փորձը: Սակայն 1945 թ. հետո մոռեռնիզացման գաղափարը արմատական փոփոխության ենթարկվեց. նույնիսկ արեւմտյան Եվրոպայի համար օրինակելի զարգացման օրինակ դարձավ ԱՄՆ-ը:

Պրոֆեսոր Խ. Թոլոլյանին զարմացրեց ներկաներից մեկի /Հ. Բայադյանի/ այն անվերապահ պնդումը, որ հայերը արեւմտյան ժողովուրդ են: Եթե դա այդպես է, ապա այդ պատկերացումը, եթե ոչ առասպելը, պետք է, որ ստեղծված լիներ հեղինակավոր ատյանի կողմից եւ այնպիսի միջոցներով, որոնք կասկած չեն հարուցում: Իհարկե, որպես առասպել այն ստեղծված է արեւելահայ լիբերալ ազգայնականների շնորհիվ. հիշենք Գ. Արծրունու դարձվածքը՝ “երբ մենք տաճարներ էինք կառուցում, թուրքերը ծառի վրա էին”: Բայց առասպելը “իրականություն” վերածեց Ստալինը:

Առաջին հնգամյակից առաջ հարկավոր էր լուծել այն հարցը, թե ո՞ր ազգերը կամ ժողովուրդներն են հանդիսանում զարգացած եւ որոնք զարգացող, արեւմտյան եւ արեւելյան: Արեւմտյան տվյալ դեպքում նշանակում է ավելի գիտակից եւ, հետեւաբար, ավելի պատրաստ կոմունիզմի գաղափարների եւ սոցիալիստական շինարարության համար: Քաղբյուրոյի անդամներից շատերը դեմ էին վրացիներին եւ հայերեն “ավելի գիտակից” ժողովուրդների ցանկի մեջ ընդգրկելուն, համարելով, որ բոլոր կովկասյան ժողովուրդները հիմնականում արեւելյան կենցաղավարություն ունեն: Ի վերջո, ստալինիստները առաջարկեցին “օբյեկտիվ” չափանիշ. գրագիտության ցուցանիշն ըստ 1926 թ. մարդահամարի: Ընտրվեցին 20 ամենախոշոր էթնիկական խմբեր: Վրացիները, որոնց մեջ ընդգրկված չէին մենգրելները եւ սվանները, զբաղեցրեցին 7-րդ տեղը, իսկ հայերը, որոնց մեջ ընդգրկված չէին հեմշիլները, միայն 10-րդ: Առաջին տասնյակը համարվեց “զարգացած”, երկրորդը՝ “զարգացող”: 11-րդ տեղում թաթարներն էին, որոնք հայերին զիջում էին տոկոսի մասնաբաժիններով: Կարելի է համարել պարզ պատահականություն, որ թաթարները չդարձան “զարգացած”, իսկ հայերը՝ “զարգացող”: Այս մանյովրի շնորհիվ Ստալինը դարձավ այն ժողովրդի ներկայացուցիչ, որը “գիտակից է” եւ, հետեւաբար, ավելի պատրաստ կոմունիզմի գաղափարների համար: Մյուս կողմից, ակնհայտ է, որ հայերին “գիտակից” ժողովուրդ հռչակելը որոշիչ նշանակություն ունեցով սովետահայ ազգայնականության համար:

Խորհրդային Միությունը պետք է վերականգներ որպես ինդուստրիալ հասարակություն դեռեւս ավերակների մեջ գտնվող երկիրը: Նրան անհրաժեշտ էր որեւէ “մոդեռնիզացիոն տեսություն”, որը սխեմատիկ ներկայացրեցինք վերեւում: Երկրորդ համաշխարհայինից հետո այդ խնդրին բախվեցին Միացյալ Նահանգները: Եթե Խորհրդային Միությունում դա անհրաժեշտ էր պլանային տնտեսություն ստեղծելու համար, ապա ԱՄՆ-ի համար պլանային ինստիտուտների համարժեքը Համաշխարհային Բանկը եւ Միջազգային Արժութային Հիմնադրամն էին: Խորհրդային Միությունը պետք է լուծեր ցարական կայսրության տապալումից հետո կիսանկախ միավորների քաղաքականության խնդիրը, ապա Բրետտոն-Վիլսոնյան հիշատակված ինստիտուտների խնդիրը գաղութային կախվածությունից ազատագրված երկրների զարգացման խնդիրն էր: Դա ավելի արմատական տեսություն պետք է լիներ, քան նույնիսկ՝ սովետականը:

Զարգացման խնդիրը նախկինում տեսնվում էր, մասնավորապես, բրիտանական գաղութատիրության տերմիններով, այս բանաձեւի համաձայն՝ գաղութարարները քաղաքակրթություն են տանում գաղութացված ժողովուրդներին: Սովետական համակարգը հաշվի էր առել այդ համակարգի նկատմամբ վիլսոնյան քննադատությունը եւ զուր չէ, որ Լենինը առաջինը պաշտպանեց ազգերի ինքնորոշման ամերիկյան գաղափարը: Այդ գաղափարը ոչ մի ձեւով չէր համապատասխանում այդ տարիների մարքսիստական մեյնստրիմին, որը կողմնորաշված էր այսպես կոչված ավտոնոմիզացիայի գաղափարին: Ազգայինն, ըստ մարքսիզմի, թույլատրելի է այնքանով, որքանով չի հակասում աշխատավորների, ճնշվածների համերաշխությանը: Լենինը հավատում էր ժողովուրդների բարեկամությանը:
Ամերիկյան մոդեռնիզացման տեսությունը ավելի հավաստի է թվում, չնայած նրա հիմքում շատ պարզ գաղափար է. ԱՄՆ-ը ամենաազատ երկիրն է եւ բոլորը ձգտում են այդպիսի երկիր դառնալ: “Ամերիկյան մոդեռնիզացման” քաղաքականությունը ընթանում էր որոշակի ստերեոտիպով: Այն երկրներին, որոնք մինչեւ վերջ “մոդեռնիզացված” չեն, դոնոր երկրները օգնում են “մոդեռնիզացվելու”: Պսեւդոդեմոկրատական կառավարությունները սկսում են ստանալ մեծ միջոցներ դեմոկրատացմանը աջակցող երկրներից եւ արդյունքում սկսում են կողմնորոշվել ոչ թե ժողովրդական, այլ “տեսական” դեմոկրատիայի, այսինքն պետություն-դոնորների կամքի վրա:

Այն մի քանի հետեւանքներ ունի: Օրինակ. մենք ազատ չենք իշխանության եւ կառավարության ընտրությունում, պետք է հաշվի առնենք Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի դիրքորոշումը, բայց, իհարկե, վճռորոշը Հայաստանի համար Ռուսաստանի ազդեցությունն է: Այսինքն՝ արտաքին ազդեցությունները մեզ զրկում են լավագույն ընտրության հնարավորությունից: Սա միայն բազմաթիվ գործոններց մեկն է: Դոնոր երկիրը օգնություն ստացող երկրում զարգացնում է այն ճյուղերը, որոնք անհրաժեշտ են իր տնտեսությանը, այն ոլորտները որոնք կարող են դառնալ իր ապրանքների շուկա: Այս տեսությունը կոչվում է “կախվածության տեսություն”, որի ներկայացուցիչներից է Բրազիլիայի նախկին նախագահներից մեկը՝ հայտնի տնտեսագետ Ֆերնանդո Կարդոզոն: Այսպիսով՝ անհավասարությունը աշխարհում անընդհատ աճում է:

Ինչպես ասացինք գլոբալացումը իրողություն է եւ դրանում կարելի է համոզվել դուրս գալով փողոց, որտեղ ակնառու երեւում են, թե ինչպես են մրցակցում անդրազգային բջջային օպերատորները, ավտոմոբիլային ընկերությունները եւ այլն: Արվեստի վրա եւս գլոբալացումը իր հետքն է դրել: Հետրեւաբար, կարեւոր է, թե երկիրը ինչ ինստիտուտներ է զարգացնում: Իշխանությունները կարող են ասել. մենք աշխատում ենք արտահանումը մեծացնելու ուղղությամբ, բայց կարող է ասել, որ հարկավոր է զարգացնել ներմուծումը փոխարինող ճյուղերը: Կարող է ասել. մեզ արվեստագետներ եւ գիտնականներ պետք չեն, շոու բիզնեսը եւ եկեղեցին լիովին բավական են, թող նրանցով զբաղվեն անդրազգային հիմնադրամները, բայց կարող է նաեւ աջակցել արվեստին եւ գիտությանը: Ընտրությունը մերն է:
Գլոբալացման ամենահետաքրքիր դրսեւորումներից է տարածական պատկերացումների փոփոխությունը, ինչին առանձնակի ուշադրություն է դարձնում պրոֆեսոր Թոլոլյանը:

                                                                                                                 Վ. Ջալոյան
 

 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am