| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 01.09.2012 | ա-ակտուալ արվեստ
Խաչիկ Թոլոլյան | անդրազգայնականու- թյան բնույթը եւ նրա բազմամշակութային տարբերակները
Անդրազգայնականության տեսությունը հատուկ ուշադրություն է դարձնում ինքնիշխանության՝ սուվերենիտետի խնդրին...



Խաչիկ Թոլոլյանի երկրորդ դասախոսությունը Երեւանում

Ժամանակակից սոցիալական տեսությունը օգտագործում է բազմաթիվ եզրեր, որոնք առնչվում են իրար հետ, սակայն նկատի ունեն տարբեր սոցիալական գործընթացներ: Այդ տերմիններից ամենակարեւորներից նշենք “գլոբալացում”՝ համաշխարհայնացում, “ապատարածականացում” կամ “տրանսլոկալություն”՝ անդրտեղայինը: “Անդրազգային” եզրը լայն շրջանառություն է ստացել անցյալ դարի 70-ական թթ.: Առաջին հերթին այն կապված էր տնտեսական փոփոխությունների հետ, երբ անդրազգային կորպորացիաները սկսեցին նշանակալի դեր խաղալ: Միայն հետո է, որ այս եզրը հետազոտողներըը սկսում են օգտագործել միգրացիա երեւույթը նկարագրելու համար:

Սոցիոլոգիայի դասական մոտեցումներում հանրությունը անխզելիորեն կապված է տեղի եւ տարածքի հետ, եւ այդ կապը իրագործվում է մշակույթի միջոցով: Այսպիսով, որպեսզի միգրանտը ընդունող հավաքականության մաս դառնա, պետք է ձուլվի՝ ասիմիլացվի կամ հարմարվի ընդունող երկրի մշակույթին: Սակայն, 90-ականների սկզբի հետազոտողները, ինչպես օրինակ՝ Նինա Գլիկ Շիլլերը, սկսեցին կասկածի տակ առնել այս դրույթը: Առաջարկվեցին transmigrants եւ transnationalism եզրերը, որոնք, ըստ հետազոտողների, ավելի ճշգրիտ են արտահայտում ժամանակակից աշխարհի միգրացիոն պրոցեսների բնույթը: Անդրազգայնությունը, մասնավորապես, սահմանվեց այնպիսի սոցիալական պրոցես, որտեղ միգրանտները ստեղծում են սոցիալական դաշտեր, որոնք հատում են աշխարհագրական, մշակութային եւ քաղաքական սահմանները: Միգրանտները սկսում են զարգացնել եւ պաշտպանել բազմազան ընտանեկան, տնտեսական, սոցիալական, կրոնական եւ քաղաքական հարաբերություններ, որոնք հատում են պետական սահմանները: Այս տեսակի տրանս-միգրանտները կարծես ապրում են մի քանի տեղում եւ ներգրավված են մեկից ավելի հանրությունների մեջ, ստեղծում են նոր հարաբերություններ եւ կախվածություններ: Տրանսմիգրացիայի օրինակ կարող են ծառայել հայաստանյան “խոպանչիները”, որոնք կարծես երկու տեղ են բնակվում՝ իրենց ծագման վայրում՝ Հայաստանում եւ աշխատանքի տեղում՝ Ռուսաստանում: Հարմար առիթի դեպքում նրանք իրենց մոտ են տանում ընտանիքի անդամներին կամ աշխատանքի համար՝ ընկերներին, բարեկամներին:

Անդրազգայնականության տեսությունը հատուկ ուշադրություն է դարձնում ինքնիշխանության՝ սուվերենիտետի խնդրին: Պետության ինքնիշխանությունը կարելի է հասկանալ շատ պարզ՝ պետությունը վերահսկում է իր` մյուս միջազգային սուբյեկտների կողմից ճանաչված տարածքը: Սակայն, բնական հարց է ծագում. ինչպե՞ս է դա տեղի ունենում: Պետությունը կարող է վերահսկել իր տարածքը ոստիկանական միջոցներով, բայց կարող է դա անել այլ կերպ: Երբ պետությունը ստեղծում է հնարավորություն բոլոր մարդկանց մասնակցել տնտեսական, իրավունքի, առողջապահության, կրթության համակարգերի գործունեությանը, նա վերածում է նախկին հպատակներին քաղաքականապես ակտիվ քաղաքացիների: Քաղաքացիների ներգրավվածությունը քաղաքական համակարգում իր հերթին արդարացնում է պետության բռնության մենաշնորհը: Միգրանտները իրական աջակցություն ստանում են այնպիսի ցանցերից, որոնք շրջանցում են ինչպես ելման, այնպես էլ` ընդունող երկրի քաղաքական կենտրոնը: Պարզագույն օրինակը պարտադիր զինապարտությունն է: Գաղտնիք չէ, որ հայաստանցի շատ միգրանտների զավակներ, չլինելով Ռուսաստանի քաղաքացիներ, խուսափում են զինվորական ծառայությունից: Դա նշանակում է, որ այդ միգրանտները գերադասում են ընտանեկան ցանցերը պետության առաջարկած կոլեկտիվ կապերից: Ակնհայտ է, որ այդպիսի միգրանտի համար Հայաստանի ինքնիշխանությունը քիչ արժե:

Մյուս կարեւոր եզրը, որը պրոֆեսոր Խաչիկ Թոլոլյանը, հավանաբար ժամանակի սղության պատճառով չքննարկեց, “մուլտիկուլտուրալիզմն” է: Նրանք, ովքեր ապրել են Խորհրդային Միությունում, գիտեն, որ այն բազմազգ՝ “մուլտինեյշընալ” երկիր էր: Ո՞րն է “մուլտինեյշնալի” եւ “մուլտիքալչրալի” տարբերությունը: Մուլտիկուլտուրալիզմը, ինչպես կարելի է կռահել, կապված է միգրանտների մշակութային, սոցիալական եւ քաղաքական ձուլման խնդրին: Ինչպես գիտեք, դասական մոտեցումը պնդում է, որ միգրանտի համար ընդունող երկրի մշակույթը ընդունելը հիմնական պայմաններից է այդ երկրի քաղաքական մարմնի մաս կազմելու համար: Սակայն, ժամանակակից աշխարհում նույնիսկ արեւմտյան երկրները չեն կարող ասիմիլիացիայի ենթարկել միգրանտներին, իսկ միգրանտները այլեւս չեն ուզում մաս դառնալ ընդունող երկրի մշակույթին: Մուլտիկուլտուրալիզմը, մաս լինելով պոստմոդեռնիզմի գաղափարախոսության, անշուշտ, դրական կարեւոր ներդրումներ ունի: Կարելի է հիշել, օրինակ, մշակութային եվրակենտրոնականությունից հրաժարվելը: Սլավոյ Ժիժեկը` ժամանակակից ձախ մտածող, թերահավատ է եւ քննադատաբար է վերաբերվում մուլտիկուլտուրալիզմին եւ այդ մասին գիրք է գրել:

Մենք կներկայացնենք փոքր ինչ այլ տեսակետ անդրազգայնության եւ մուլտիկուլտուրալիզմի տարածման վերաբերյալ:

Ժամանակակից պետությունները Արեւմուտքում հիմնականում հրաժարվել են սոցիալական պետության որոշ դրույթներից: Մասնավորապես, սոցիալական աջակցության պետական ձեւերը դադարել են ստեղծել հավասարություն եւ վերածվել են ուժեղներին աջակցելու գործիքների: Սոցիալական ծառայությունները եւ ծրագրերը կախյալ են դարձել այն իրավունքներից, որոնք մարդը ձեռք է բերել իր աշխատանքային կարիերայի ընթացքում: Դա նշանակում է հրաժարվել ազգային հավաքականության անդամների համերաշխության գաղափարից:

Այստեղից ինքնությունների բազմակիացումը այլ լույսի տակ է երեւում: Ազգային-պետական համերաշխության արժեզրկումը ուղեկցվեց այնպիսի ինքնությունների տարածմամբ, որոնք դուրս են գալիս պետության շրջանակներից եւ նրա սահմաններից: Այդ ինքնությունները մտածվում են էթնիկական, տարածաշրջանային կամ տեղական կատեգորիաներով: Այդ ինքնությունները ստեղծում են պետության լոյալությունից տարբեր լոյալություններ՝ հավատարմություն էթնիկական, կրոնական, կլանային եւ այլ խմբերին: Այսինքն, մեկ պետության սահմաններում ապրող մարդիկ չունեն այն համերաշխությունը, ինչ ունեին, եւ պետությունը մուլտիկուլտուրալիզմի անվան տակ օրինականացնում է այն: Ամեն մի մշակութային ինքնություն, այսպիսով, ունի այլ իրավունքներ, քան մյուսները:

                                                                                                          Վարդան Ջալոյան

 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am