| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 05.08.2012 | նարեկ մխիթարյան
տատիկի դաջվածքները՝ տառապանքի դրոշմներ
Մարմնավաճառության դատապարտված կինը կրում է սոցիալական դերակատարության ամոթալի խարանը, կրում է ոչ միայն բարոյապես, հոգեպես, այլ ֆիզիկապես` իր մարմնի վրա` դաջվածքների տեսքով...


Ֆիլմը մի հայ կնոջ երկարատեւ ու անլուր տառապանքների պատմություն է, կուտակված ցավի, ամոթի, խեղված մանկության փաստագրություն: Ցեղասպանությունից մազապուրծ մի ընտանիք, ավելի շուտ` ընքանիքի բեկորներ` մայր ու աղջիկ, փրկելով իրենց կյանքը` դատապարտվում են պատվազրկության, սեռական ստրկության ու ..կյանքի:

Ֆիլմի հեղինակը թիզ առ թիզ բացում է իր տատի ահավոր պատմության կծիկը` սյուժեի զարգացումը տանելով դեպի հետ, դեպի սարսափի կետը, ինչպես դեպի հետ հաշվարկը` ռումբի պայթյունի ժամանակ: Եղեռնից փրկված դեռատի աղջկա ճակատագիրը բոլոր հնարավոր զարգացումներից ընդունում է ամենածանր, ամենացավոտ, ամենաեղերական ձեւը` ստրկությունը: Յաթաղանից փրկված հազարավոր քրիստոնյա կանանց դառն կյանքի ստվերները սողոսկում են այս ֆիլմի ամեն մի անկյունից, ականատեսների, վերապրածների, սերունդների ցնցող պատմություններից, այն աստիճան սարսափելի, որ անգամ խոսելն այդ ամենի մասին դառնում է արգելք, տաբու: Լռությունը ստեղծում է մոռացության պատրանք, խոսքերը փնտրում են իմաստներ, իսկ այն, ինչ տեղի է ունեցել բռնբարված, ստրկացված ու պոռնկացված կանանց հետ, ենթակա չէ իմաստավորման, խոսքի, հիշվելու, պատմվելու:

Մարմնավաճառության դատապարտված կինը կրում է սոցիալական դերակատարության ամոթալի խարանը, կրում է ոչ միայն բարոյապես, հոգեպես, այլ ֆիզիկապես` իր մարմնի վրա` դաջվածքների տեսքով, որպես մերօրյա եգիպտական ստրկուհի կամ չինական հարճ, որպես արեւելյան մարդատյացության ու կույր հալածանքի վկայություն 20-րդ դարում` քաղաքակիրթ աշխարհում ու քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ:

Հարկադիր մեղքի ու ամոթի տարիները կարճ են տեւում, բայց չեն ավարտվում ողջ կյանքում: Ընդամենը հինգ տարի: Հետո` լռություն, հետո` կյանք… ամուսին, զավակներ, թոռներ, ու նորից լռություն ու նորից… կյանք: Հետո` կյանքից հեռանում են զավակները, մինչդեռ նա շարունակում է ապրել, ապրել, ապրել` չսիրելով, մերժելով ամուսնու գուրգուրանքները, թոռների սերը վերածելով փոխադարձ սառնության:

Իսկ Սյուզան Խարդալյանը համառորեն փորձում է բացահայտել այդ սառնության պատճառները. ինչու՞ տատը չէր սիրում իրենց, ինչու՞ էր մեկուսանում ընտանեկան հավաքույթների ժամանակ. չէ որ այնքան մեծ հաջողություն, գրեթե` աստծո պարգեւ էր փրկվել ցեղասպանությունից, չէ՞ որ տատն աշխատել էր, գորգ էր գործել ու տուն կառուցել, ստեղծել այն ամենը, ինչ հիմա իրենք ունեն, բայց ինչու՞ նա չէր սիրում իրենց, չէր համբուրում, եւ այդ ինչ՞ դաջվածքներ էին տատիկի ձեռքերին, դեմքին` տարօրինակ, անհասկանալի, վանող:

Եվ հիմա` պարզելուց հետո, նա Տեր-Զորի անապատում է, հազարավոր անթաղ մասունքների ու հողմահար ավազակույտերի միջեւ: Նա լալիս է` ինքն էլ չգիտե, թե ինչու: Տատի լռությունը դարձել է ցավի աղաղակ, որ մոլորված թոռնուհին փորձում է խեղդել ինքնարդարացման, այս ողջ պատմությունը բացահայտելու անզոր փորձերում: Այլեւս ոչինչ այն չէ. ոչ Եղեռնը, ոչ էլ Տեր-Զորը. անգամ լացակումած թոռնուհիների հուսահատությունը մի տեսակ անըմբռնելի է, կարծես` լուսանցքից դուրս: Մնում են միայն տատիկի խամրած լուսանկարն ու… տառապանքի դրոշմները:
 


|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am