| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 25.06.2012 | աշոտ աշոտ
միմիկրիա
Այն, ինչ այսօր մենք անվանում ենք ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ, ոչ այլ ինչ է, քան պետության գաղափարախոսության կրող: ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ դիկտատուրան շատ նման է սոցիալիստական կարգերի ու անձի պաշտամունքի գովաբանման միջոցով սոցիալիստական ռեալիզմի դիկ­­տա­տուրային:


Իրականության հետ կապն առաջանում է, երբ շրջակա աշխարհը մարդն ընկալում է որպես սեփական ԵՍ-ի բաղադրիչ: 30 տարի ապրելով Սովետական Միությունում՝ նրա իրական գոյության մասին իմացա միայն նրա փլուզումից հետո: Ասել է թե, ապրում էի ոչ այնտեղ, այլ իմ սեփական զգայական աշխարհում, որի մասին միայն Տեր Աստված գիտեր: Բոլոր խոսակցություններն ազգային այլության եւ այն մասին, թե հայերն ունեն պատ­մական առաքելություն, ինձ համար բացարձակապես օտար ու անհասկանալի էին: Մինչ այժմ էլ ես դա չեմ հասկանում: Յոթ տարի անընդմեջ Ֆրանսիայում ապրելով, ես այցելեցի Հայաստան: Երկիրն, ուր ես ծնվել ու մեծացել էի, այլեւս չկար: Զգում էի ինձ նոր երկիր ու նոր ժողովուրդ բացահայտող զբոսաշրջիկ: Ամեն բան փոխված էր; փոխվել էի ես, սակայն իմ մշտագո աշխարհն ինձ հետ էր. այն տեղաշարժվում է հետս ուր որ լինեմ:

Ստացվում է, որ ծնվել, հասակ եմ առել Սովետական Միությունում, սակայն երբեք այնտեղ չեմ ապրել: Ինձնից բացի այս ֆենոմենը ուրիշ մեկի վերաբերում է թե ոչ` չգիտեմ: Պիոներական վզկապը վզիս` երբեք պիոներ չեմ եղել, խանութում կաշառք տալով գործակատարին՝ չգիտեի, որ դա կաշառք է, մայիսմեկյան տոներին հրապարակով անցնելիս, սոսկ տեղաշարժվում էի մի կետից մյուսը:

Ուրեմն, առաջին հերթին այդ երկիրը գոյություն չուներ, երկրորդ` 1993-ին ես լքում էի ոչ թե Սովետական Միության մի բեկորը, ոչ էլ հապճեպաթուխ Հայկական հանրապետությունը. ես թողնում էի իմ չիրականացված միասնությունն այն մարդկանց հետ, որոնք ուզում էին ապրել ու շփվել իրար հետ բացառիկ կերպով` “հայավարի”, ինչն օտար էր ինձ դեռ վաղ մանկությունից:

Առնաձնահատուկ բույս է արվեստագետը. իրեն չի վերաբերվում միմետիզմի ֆենոմենը: Արտաքին պայմանները սոսկ արագացնում կամ դանդաղեցնում են այդ բույսի աճը: Արվեստագետի համար արվեստն է իրա­կանությունը հասկանալու լավագույն միջոցը, քանզի միայն արվեստն է սոցիալական կյանքում պահպանում զգայական վերապրումի ձեւը:
Որպես սուր ընկալող անհատականություն նրան խորթ է կոլեկտիվ գիտակցությունը, ինչից եւ բխում է իր արտադրանքի անհամապատասխանությունը կոլեկտիվ ընկալման հետ, արտադրանքի՝ որպես անհատական գի­­­տակ­ցության տրանսֆորմացիայի առարկա:

Կարո՞ղ եմ արդյոք ես ինձ-արվեստագետիս դիտարկել որպես սոցիալական միավոր: Կա՞ արդյոք իմ գիտակցության մեջ սոցիալական սահման: Ինչու՞ սոցիալական մակարդակում շփումը մարդուն տալիս է տառապանքի ու դժբախտության զգացողություն, ուր մեղավորներ չկան:

Արվեստագետի վզին փաթաթած սոցիալական շրջանակները պակաս ճնշող են քան էթնիկական, ազգային, ավանդութայինները: Այս վերջիններն առավել սահմանափակում են կենսաձեւի, մտածելակերպի անձնական ընտրության ազատությունը ու դառնում ազատ ինքնարտահայտման ժանդարմներ:

Մի առիթով Կարլ Անդրեն նկատել է. "Այն, ինչ մենք անում ենք արվեստ է: Այն ինչ մեզ են անում` մշակույթ": Պարզեցնել այն ու սարքել բոլորին հասու – սպանում է արվեստն ինքնին, դարձնելով այն մշակույթ: Հայ ժողովուրդն իր մշակութային կողմնորոշմամբ ոչ մի կերպ չի կարող որոշակիանալ. գտնվելով Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ Հայաստանը ծառի նման արմատներով հասնում է Արեւելք, իսկ սաղարթով` Արեւմուտք: Երբեմն տերեւները թափվում են, ու ճյուղերը, որպես արմատների տրամաբանական շարունակություն, մերկացնում են իրենց իրական ծագումը:

Արյան մեջ առկա գենետիկ կոդը գործուն մասնակցություն է բերում ստեղծագործական պրոցեսում, նախանշելով ստեղծագործության տեմպերամենտն ու ջերմա-գունային բնույթը: Սա գուցե ինձ որպես մարդ ու արվեստագետ Հայաստանի ու հայերի հետ կապող շղթայի ամենազորեղ օղակն է: Ժողովրդին, մշակույթին ու հայրենիքին սեփական պատկանելության մշտական որոնումները հանգեցնում են անհատականության իրական գոյության իսպառ վերացմանը: Ինձ համար այդ որոնումներն ավարտվեցին բոլոր սոցիալ-քաղաքական, ազգային-աշխարհագրական պայմանականությունների շրջանակներից դուրս եկող` իմ իրական ԵՍ-ի գոյության բացահայտմամբ: Հոգեւոր արժեքները զերծ են նման դասակարգումներից: Աստված ու Հոգի – սա բոլորովին այլ հիմք է: Նրանց կապը զուրկ է որեւէ սոցիումից, սրանք զուտ անհատական կապեր են անշահախնդիր սիրո եւ բացարձակ նվիրումի վրա հիմնված: Աստված չի կարող լինել հայկական, հրեական կամ ֆրանսիական: Մեր ճշմարիտ էության գիտակցումից հետո, մենք այլեւս ազգային պատկանելության ոչ մի զգացում չունենք: Միայն նման հարթության վրա է սոցիալական իրականությունը վերածվում կատարելապես անհատական ներդաշնակության մարդկանց եւ ողջ գոյի միջեւ: Մեր բոլոր անհանգստությունների պատճառը Բացարձակի հետ խզված կապն է, սակայն մենք` բոլորովին այլ վերացական պատճառներ ենք փնտրում, միամտորեն կարծելով, թե նյութական բարեկեցությունը խաղաղություն կհաստատի ողջ աշխարհում: Մենք մոռանում ենք, որ իրականում դա նախանձն է, ագահությունը, զայրույթը, ծուլությունն ու սնապարծությունն են ամեն օր քանդում մեր տիեզերական ներդաշնակությունը:

Մեր ողջ պատրանքային գործունեության միակ ուղղությունը` կապվածությունն է մեր մարմնին: Ուժի ու փառքի ծարավը տկարների նպատակն է: Դրանք արտահայտված են մարդկային ակկումուլացված աշխատանքի` փողի մեջ: Արվեստի գործում այդ աշխատանքին գումարվում են արվեստագետի ապրումներն ու կյանքի իմաստը: Ահա թե ինչու են նրանք ամե­նաթանկ առարկաները երկրի վրա: Երկրի վրա, բայց ոչ երկնքում:

Հայաստանից մեկնելուցս առաջ մշակութային կենտրոնի տնօրենն, ուր դասավանդում էի, հրաժեշտ տալուց ասաց. “գնա, սա նույնպես հայ մշակույթի պահպանման ձեւ է”: Այս խոսքերը շատ թեթեւացրին հոգիս:

Շատ հաճախ ինքս ինձ հարցնում եմ. լքեցի՞ արդյոք Հյաստանը, թե՞ պարզապես մեկնեցի ապրելու Ֆրանսիա: Ըստ երեւույթին` ոչ մեկը, ոչ մյուսը: Դրա պատճառը ավելի շուտ բարոյական ազատության ու անձնական կյանքի անձեռնմխելիության իսպառ բացակայությունն էր Սովետական Հայաստանում, ինչպես նաեւ ետսովետականում:
Արվեստն իբրեւ անտեսանելի բալասան փափկացնում ու բուժում է հոգեկան վերքերը: Այն չի կարող կատարել ադմինիստրատիվ, սոցիալական, քաղաքական գործառույթներ, քանզի պարզապես կդադարի արվեստ լինելուց, վերածվելով գործունեության այլ ոլորտի: Որպես հոգեւոր գործունեություն արվեստն ուղղված է հոգուն, նրա ուսումնասիրմանը, ու որպես ամենաարժեքավոր հատկություն` սիրո վերականգնմանը:

Այն, ինչ այսօր մենք անվանում ենք ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏ, ոչ այլ ինչ է, քան պետության գաղափարախոսության կրող: ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ դիկտատուրան շատ նման է սոցիալիստական կարգերի ու անձի պաշտամունքի գովաբանման միջոցով սոցիալիստական ռեալիզմի դիկ­­տա­տուրային: ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԸ նույնն է անում, սակայն էկոլոգիայի պաշտպանության, ոչ բռնության, մարդու իրավունքների ու նման բաների տեսքով: Ինստիտուցիաները ֆինանսավորում են նման նախագծերը, որոնք կարճ երկու-երեք տարում օճառի պղպջակի պես պայթում են: Որովհետեւ այդպիսի արվեստագետը չի ապրում այն կյանքով, ինչ քարոզում է, եւ արդյունքում այդ ամենը դառնում է "սպառել ավելի լավ, սպառել ավելի շատ": Նման ինստիտուցիաները այժմ էլ շարունակում են կերակրել այսպիսի "ընտրյալների", այն ժամանակ երբ արդի սպառողական գաղափարախոսությունն ամրապնդելու ոչ մի անհրաժեշտություն չկա - սպառման առարկաներն իրենք իսկ դա անում են լավագույնս: Այսօր տպավորություն է ստեղծվում, թե հայ ժողովուրդը իր գոյության ամբողջ ընթացքում սոսկ որկորը լցնելու եւ շքեղ մեքենաներով ֆռֆռալու մասին էր երազում: Մտածելու այս կերպը չափազանց օտար է ինձ եւ հենց այն ուժով դուրս էր մղում ինձ մարդկային բնությանը խորթ այդ միջավայրից: Դժվար ու համարյա անհնար է ապրել մի տեղ, ուր ամեն վեհն ու բարձրը դուրս են մղվում “ես լավ եմ ապրում, որովհետեւ դու վատ ես ապրում” կենսակերպի ու երջանկության հայկական բանաձեւի հանգույն: “Սիրիր մերձավորիդ”-ը փոխարինված է ավելի “աստվածաշնչյան” “ստո­րացրու մերձավորիդ”-ով: Սովետական ժամանակներում սա էր հարգված մարդու հիմնական դիրքը Հայատանում: Այն պահպանվեց եւ վայրի կապիտալիզմի ժամանակներում: Իմ դեպքում միմետիզմը չաշխատեց ոչ հայրենիքում, ոչ արտասահմանում: Հասարակությունը անձնական հարաբերությունները սպանում է համընդհանուր տնտեսական զարգացման գաղափարաբանությամբ ու բարձր մակարդակի սպառողականությամբ:

Մարդն ի վերջո պետք չէ ոչ մեկին, թե հայրենիքում, թե օտարության մեջ: Այդ նա նրանց կարիքն ունի, այսինքն իր փոքրիկ անձնական ազատության պաշտպանության համար: Թե հայրենիքը եւ թե օտար հողը մեկ են` մարդկային կուտակումներ մայր հողի վրա: Մարդիկ տեղափոխվում են նրա վրայով ու ստեղծում պետություններ, անվանելով հայրենիք: Իսկ ու՞մ է այն պատկանում` հայրենիքը: Եթե ես կարող եմ հանգիստ թողնել հայրենիքը, կնշանակի ես նրան չե՞մ պատկանում, կնշանակի պարզապես նրան պետք չե՞մ: Ավելի շուտ ես կարծում եմ` այդ նա է ինձ օտար ափ ուղարկում` իր իսկ փրկության համար…

Բոլոր մեր աշխարհագրական տեղաշարժերը կապված են այն ազատու­թյան որոնման հետ, որ գոյություն ունի միայն մեր անձնական բառարանում: Մնացածը պատմության հարց է` մի գիտության, որ տանում է մո­լո­րության:

Ազատություն ու ինքնություն ունենալու իրավունքը բնորոշ է բարձրագույն քաղաքակրթություններին: Եվրոպական երկրներում այդ ազատությունն ու իրավունքը առկա են մեղմ կամ լավ կառավարվող էգոիզմի հենքով: Հայ երեխային էգոիզմը ներարկվում է ծնված օրից, ու արդեն պատանությունից նա վստահ է, որ իրենից լավը չկա: Ով որ կրթության կամ գիտակցության բացության պատճառով այդպես չի մտածում, ստիպված որդեգրում է այսպիսի պաշտպանական դիրքորոշում. "ես այնպիսին եմ ինչպես բոլորը, բայց` մի փոքր ավելի լավ":

Բարձր քաղաքկրթության մեկ այլ կարեւոր արժեքներից է կարեկցանքը: Այն անհատի հոգեւոր առաջընթացի եւ առողջ հասարակության հատկանիշ է: Կարեկցանքը ձեռք է բերվում պարտքի անշահախնդիր կատարմամբ:

Կատարյալ հասարակության վեդական հայեցակարգում ասվում է. "Թագավորը պետք է անձնական շահերը զոհաբերի հանուն ընտանեկան շահերի, ընտանեկան շահերը զոհաբերի հանուն պետական շահերի, պետական շահերը` հանուն ժողովրդի շահերի, ժողովրդի շահերը` հանուն համայն մարդկության շահերի":

Յուրաքանչյուր ժողովուրդ գրում է իր, ինչպես նաեւ այլոց պատմությունը, հաշվի առնելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք` արդարություն, պատիվ, ազատություն, սեր առ մերձավոր…սակայն ազգային շահերի տեսանկյունից, չհասկանալով, որ այդ արժեքները չեն կարող լինել ազգային:

Պատմությունը գրվում է ամբիցիաներով, սնուցվելով համայնական գիտակցությամբ: Մարդկանց, ինչպես նաեւ կենդանիների ու բույսերի մոտ միմիկրիան ինքնապաշտպանական բնազդ է: Ես այդ բնազդի կարիքը չունեմ. սա սոսկ մարդկային կարծեցյալ պաշտպանությունն է, սա մարդը մարդուն շահագործելու ակնհայտ ձեւերից մեկն է:

Անձի ճշմարիտ պաշտպանությունը վերից է տրվում, եւ նրա վրա չեն ազդում ոչ սոցիալական, ոչ էթնիկ, ոչ անձնական փորձանքները: Այդ պաշտպանությունն է, որ տեղափոխում է ինձ ժամանակի ու տարածության մեջ:

[ բեռլին 12.07.2008 ]

[ ա-ակտուալ արվեստ, անտիպ էջեր, #7, թարգմանությունը ռուսերենից՝ մ. մաթեւոսյանի ]






աշոտ աշոտի աշխատանքներից. "TRIPLE SAUT " ցուցահանդես՝ Seine 51 ցուցասրահում, 2011 թ.։

[ առավել մանրամասն ցուցահանդեսի մասին կարող եք տեսնել այստեղ ]
 

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am