| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|re-view|
հրապարակված է 18.06.2012 | զուլֆա օհանյան
“ձյուն” եւ ոչ միայն
ընթերցման ընթացքում տպավորություն էր ստեղծվում, որ հեղինակը դոփում է տեղում եւ ողջ սյուժեն կարելի էր համառոտել` հասցնելով այն նովելի ծավալի


Հեշտ չէ գրել Նոբելյան դափնեկրի մասին: Հատկապես, երբ նա Թուրքիայից է եւ տարիներ առաջ արտահայտվել է իր երկրի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, որի համար էլ ենթարկվել էր հալածանքների. բանտ էր ընկել, մայրն ու եղբայրը երես էին թեքել նրանից եւ, նա ստիպված էր հեռանալ Նյու-Յորք: Այս ամենի մասին պարզ, խիստ չափավորված զգացմունքայնությամբ է գրում իր “Այլ գույներ” գրքում այժմ արդեն համաշխարհային դեմք Օրհան Փամուկը: Եվ խոստովանեմ, հենց այս գիրքն էլ դրդեց ինձ անդրադառնալ նրա մյուս ստեղծագործություններին: Սակայն “Անմեղության թանգարան” վեպը նրա հանդեպ առաջացած հիացմունքս բավականաչափ նվազեցրեց: Գրելու ձիրքն ակնհայտ է, վեպի եվրոպականացված ձեւը` նույնպես, պահպանված է նաեւ դասական վեպին բնորոշ հիմնական պահանջը` կենտրոնում պարտադիր “մեծ ու դժբախտ սեր”:

Սակայն ընթերցման ընթացքում տպավորություն էր ստեղծվում, որ հեղինակը դոփում է տեղում եւ ողջ սյուժեն կարելի էր համառոտել` հասցնելով այն նովելի ծավալի: Ինչի՞ մասին է վեպը: Էմանսիպացված սիրահար զույգի. բավականին հաջողակ երիտասարդի եւ պատվարժան, խելացի օրիորդի հարսանիքը սարերի հետեւում չէ, բայց ահա հերոսի մոտ զուգահեռ նոր սիրավեպ է սկսվում, որը նրան ամբողջովին կլանում է: Հերոսի ֆետիշացումը ի հայտ է գալիս հենց սկզբում, երբ նա սկսում է հավաքել աղջկան պատկանող իրեր: Սակայն հրաժարվել հարսնացուից նա նույնպես չի կարող: Արդյունքում` շքեղ նշանադրություն, համատեղ, բայց ոչ ուրախ կյանք ու չստացված հարաբերություններ կանացի նրբազգացությամբ եւ համբերատարությամբ օժտված հարսնացուի հետ: Ի վերջո նա հեռանում է կնոջից, իմանում, որ սիրած աղջիկն ամուսնացել է, եւ, չնայած դրան, սկսում է այցելել վերջինիս ընտանիքը: Երկար եւ ձանձրալի այցելությունների արդյունքում նա համալրում է իր թանգարանը` ամեն անգամ տանելով իր հետ աղջկան պատկանող ինչ-որ մի իր: Հասկանալի է, լինելով ֆետիշիստ` նա կարող է դիմանալ այս ամենին, իսկ ընթերցո՞ղը ( նրա ինչի՞ն է պետք այս ամենը ): Նամանավանդ, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ աղջիկը չգիտես ինչու կարեկցանք չեն առաջացնում: Ու չնայած արդյունքում աղջիկը, ով այդպես էլ չներեց նրան ամենաթանկը` պատիվը խլելու համար (թեպետ ինչպես հիշում ենք, սկզբում նա այդ ընդունեց բուռն խանդավառությամբ), մահանում է, իսկ հերոսն անկում է ապրում, մինչ եւս կմեռնի, (նրա միակ սփոփանքն ու կյանքի հանդեպ ունեցած հետաքրքրությունը թանգարանն է), նրանց հանդեպ կարեկցանք չկա եւ չի էլ եղել: Կարելի է բավարարվել ունիվերսալ ֆրազով` “ինչ ասես որ կյանքում չի լինում”… ոչ ավելին:

Մինչդեռ նմանատիպ իրադրություններն անվերջ կարելի է շոշափել, չձանձրացնելով ընթերցողին: Դրա վառ ապացույցն են Ֆրանսուազ Սագանի վեպերը: Սակայն ինձ համար այն ավելի շուտ ասոցացվում է Ջոնաթան Էյմսի “Լրացուցիչ մարդը” վեպի հետ: Այստեղ նույնպես նկարագրված է ֆետիշիստ, հարկադրված ֆետիշիստ, քանզի կինն առաջացնում է նրա մեջ այնպիսի ուժեղ էմոցիաներ, որ նա կորցնում է իրեն եւ արդյունքում բավարարվում գողացված կանացի ներքնազգեստի պարագաներով եւ տրանսվեստիտների ակումբների այցելություններով: Այժմյան մոդայիկ շեղումների մասին իմ (ավագ) սերունդը կնախընտրեր ընդհանրապես ոչինչ չիմանալ, սակայն գրողը ներթափանցեց մարդկային հոգու նուրբ գաղտնարանները, ստեղծեց հերոսի հուզական եւ խոցելի մի այնպիսի կերպար, որ վեպի վերջում թեթեւություն ես զգում, երբ հերոսը ճամփորդության է մեկնում 70-ամյա ջենտլմենի հետ` անկեղծորեն սիրելով նրան: Վերջինիս կերպարն ամենեւին էլ միանշանակ չէ: Նա չի նողկում ոչնչից ոչ միայն ջրի երեսին մնալու, այլեւ բարձր հասարակությունում լինելու համար: Ճարպկորեն առաջադրում է իր թեքնածությունը` տեսնելով, որ տարեց հարուստ կանայք չունեն ուղեկցող եւ արժանի ընկերակցություն: Դժվար է ասել, թե որքան անմեղորեն կդասավորվեն այդ երկուսի հարաբերությունները, սակայն մենության շնչահեղձությունն այլեւս հերոսին չի սպառնում: Ավելին, հնարավոր է “լրացուցիչ մարդը”, որի խրատները մեզ տանում են դեպի Օսկար Ուալդի պարադոքսները, կդարձնի երիտասարդին ավելի անկաշկանդ եւ կյանքին պիտանի:

… Այնուհետ եղավ Օ. Փամուկի “Սեւ գիրքը”, գրված կիսադեդեկտիվ ժանրում եւ շռայլորեն հագեցված առասպելներով, ավանդություններով. վկայություն հեղինակի զարմանալի էրուդիցիայի: Եվ հենց այդ ստեղծագործությունն էլ ստիպեց ինձ անպայման գտնել եւ կարդալ “Ձյուն” վեպը, որի մասին այնքան լսել էի:

“Ես չեմ կարող առանց գրքերի, սակայն նրանք այնքան էլ շռայլ չեն, որքան ծաղիկները: Չէ որ գրքերին տրված չէ մեռնել, վերածնվել ու նորից մեռնել, արդեն հավիտյան: Բուժում է միայն անցողիկը: Չես գտնի սփոփանք այն ամենի մեջ, ինչը հավակնում է անմահության”… ստորագրում եմ Փամուկի հասակակից ֆրանսիացի գրող Քրիսթիան Բոբենի խոսքերի տակ: (երկուսն էլ ծնվել են 20-րդ դարի 50-ականների սկզբին):

Եվ ահա երկար սպասված “Ձյուն” վեպը: Հատկանշական է, որ եթե ինքնակենսագրական գիրքը լույս տեսավ ռուսերենով 2008 թվականին, ապա նշված մյուս երեքը` 2009-ին: “Ձյան” թափն ավելի ընդգրկուն է: Այստեղ կա ոչ միայն “մեծ դժբախտ սեր”, ոչ միայն պոետ, ով ստիպված է մեկնել Գերմանիա, հետո որոշ ժամանակով Կարս վերադառնալ, այլեւ պետական մասշաբի իրադարձություններ` իշխանությունների կողմից եվրոպականացման նոր դիրքորոշում եւ պայքար ավանդական իսլամիստների դեմ: Եվ ողջ պատմվածքի ընթացքում` ձյուն, որը ծածկում է անցյալն ու ապագան եւ թույլ չի տալիս հերոսին կայանալ ոչ որպես պոետ, ոչ էլ որպես երջանիկ սիրեկան: Գ. Տեր-Գաբրիելյանի ընդարձակ գրախոսականը կարդալուց հետո, որը թափանցում է փիլիսոփայական խորքեր եւ կառուցում ամուր թեորեթիկ հենք (միայն Բախտինի եւ Դոստոեւսկու անունները տվյալ կոնտեքստում ստիպում են սարսռել), արտահայտվելն այնքան էլ հեշտ չէ: Սակայն փորձենք: Նախեւառաջ բազմանշանակ “ձյուն” խորհրդանիշը (անձրեւը` Մարկեսի, քամին` Բլոկի եւ Չարենցի մոտ) ինքնին արժեք չի ներկայացնում եւ, ըստ էության, պատմվածքին ոչինչ չի ավելացնում: Երկրորդ` կերպարներն այնպես են պատկերված, որ նրանցից ոչ մեկը ոչ միայն համակրանք, այլեւ ոչ մի հատուկ հետաքրքրություն չի առաջացնում: Ստեղծվում է տպավորություն, որ Կա պոետը (հիշենք Կաֆկայի հողաչափին) չկայացավ, քանի որ պարզապես չէր կարող կայանալ: Սա բացարձակ գրամոլություն է, երբ տողերը գալիս եւ անհետանում են, եթե չհասցնես դրանք գրի առնել: Ուզում էր լինել քաղաքականությունից դուրս (դա հասկանալի է), սակայն ազատություն գնեց ասես դավաճանությամբ: Ուզում էր սեր, բայց հետ կանգնեց` իմանալով կնոջ երկերեսանիության մասին: Եվ Գերմանիայում էլ նրան սպանեցին ոչ այն պատճառով, որ ինչ-որ վտանգ էր ներկայացնում որեւէ մեկի համար, այլ հենց այնպես, համենայն դեպս, որ էլ չձանձրացնի: Եվ նրա լալկան սերն անտարբեր է թողնում ընթերցողին, մինչդեռ գեղեցկուհի Իպեկը հենց այդպիսին էլ պիտի լինի` ստատիկ, անվրդով, նույնիսկ ոչ թե մեղսավորությունից դուրս, այլ նրա վրա: Հետաքրքիր է դերասան ամուսնական զույգի կերպարը` թերեւս ամենահաջողվածը վեպում: Այժմ վեպի “հայկական հետքի” մասին: Գ. Տեր-Գաբրիելյանի պատկերացմամբ Փամուկը ակնարկներով, դիվանագիտորեն, բայց այնուամենայնիվ շոշափում է այս թեման: Սակայն ինձ թվում է, որ սա անցյալի ոչ զգուշավոր արտահայտությունների ջնջում է, եւ եթե վեպում ժողովի ժամանակ ինչ-որ մեկը հարցնում է, “իսկ ո՞ւր կորան այստեղ ապրող մեկ ու կես միլիոն հայերը”, ապա դա անկասկած պրովոկատոր է: Թեպետ Փամուկը թռուցիկ խոստովանում է, որ հայերն ու ռուսները որոշ բան ներմուծեցին թուրքական մշակույթ: Եվ դարձյալ, չնայած տեսարաններին, գործող անձանց առատությանը, վեպն անընդհատ կրկնում է ինքն իրեն ստեղծված պայմաններում քաղաքական այլընտրանքի անհնարինության մասին հիմնական թեզը: Իհարկե, Փամուկին չեն վախեցնում իրեն հասցեագրված քննադատության չնչին փշրանքները, ու հնարավոր է բանն այն է, որ մենք սովորել ենք եվրոպական եւ ռուսական վեպին, իսկ մյուսների նկատմամբ անխուսափելիորեն օտարացում ենք զգում: Եվ Փամուկի գրքերի ընթերցումը հակված չենք համարելու ժամանակի զուր վատնում. ժամանակակից Թուրքիայի համայնապատկերը գունեղ է, հստակ գծագրված եւ համոզիչ, իսկ ընթերցման պրոցեսի բաղկացուցիչներից մեկն էլ ճանաչողական կողմն է, ինչպիսի վերջնական արդյունքի էլ որ բերի: Եվ պետք չէ առանձնապես մտահոգվել, որ մերօրյա Նոբելյան դափնեկիրները ոչ թե Սարթրն ու Կամյուն են, Պաստերնակն ու Սոլժենիցինը, այլ Փամուկը, Ֆլեմինգը, Ելլինեկը, Կուտզեեն, Լեկլեզիոն:

Ու թե չկան ձմռան կեսին ծաղիկներ
Ապա տխրել դրանց համար հարկ չկա! /Ս. Եսենին/

 

|
 
թարմ նյութեր
Orange գրքի մրցանակ 2012
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am