|
|
|մառան|
հրապարակված է 01.06.2012 | ալեքսանդր մելքոնյան
եթե այս ամենին նայենք ներսից “կդզվի”
...հիմա մենք արժենք իրար՝ թե վերադաս, թե ստորադաս, նախագահ, թե քաղաքացի, գեներալ, թե շարքային:
- Քաղաքական կայունություն - քաղաքականության բացակայություն, հասարակության բացարձակ անտարբերություն “իշխանության” եւ “ընդդիմության” հանդեպ. նրա գործունեության ինքնաբավարարվուծություն, անվստահություն ու հեգնանք հասարակության կողմից քաղաքական բոլոր ճյուղերի հանդեպ, կլոնային համակարգի պրակտիկա: Քաղաքականությունը մեր իրականության մեջ հարմար է տնտեսական պաշտպանվածության առումով... Մեր ներկայիս կայունության գրավականը կենցաղային պրոբլեմների մեջ թաղված ժողովրդի անտարբերությունն է, որը սովոր է ապրելու իր դարավոր պրակտիկայի շնորհիվ` առանց պետական պաշտպանվածության` ընտանիքով, ծանոթով, բարեկամական շրջապատով...
- Միջազգային ճանաչում - պատրանք` ստեղծված համաշխարհային հանրության կողմից, որպեսզի մենք փարատենք եւ գուրգուրենք մեր թվացյալ հաջողությունները (փափուկ բարձ գլխի տակ): Իմանալով մեր հավակնությունները` աշխատել չգրգռել հասարակական ակտիվություն, ինչը եւ հաջողվում է, մանավանդ, որ մենք ինքներս էլ ձգտում ենք շուտափույթ ինքնագոհանալ եւ բավարարվել եղածով...
- Տնտեսական դինամիկա - շուկայական հարաբերությունների նախադրյալներ, արդյունական ճիշտ վերազինում ըստ միջազգային շուկայի պահանջների, արժանի տեղ գրավելու նպատակով. բազմամիլիոնանոց սփյուռքի շնորհիվ` գլուխ պահելու հնարավորություն, տնտեսության եւ արդյունաբերության վերջնական կախվածություն արտաքին ներմուծումներից եւ ռազմավարական ներուժի կորուստ...
- Իրավական եւ օրենսդիր դաշտի կազմավորում - իրավական եւ օրենսդիր բացարձակ բանաձեւերի եւ տեսակների կոնգլոմերատ, խճճվածություն եւ ինքնահակասում, դաշտ, որը չի արտացոլում մեր ազգային պատկերը: Լիակատար ընդունակություն օպերատիվ ոլորտում եւ բազմակողմանի կախվածություն քաղաքական պատվերից ու իրավիճակից: Հասարակության մեջ անվստահություն եւ վախ հարուցող մի ատյան, որը ոչ մի հենարան չունի հայ մարդու սրտում, սակայն անհատի կողմից ընկալվում է որպես պարտադիր մի տառապանք եւ ինքնըստինքյան նորմալ երեւույթ, որը կապ չունի հայ մարդու հոգու օրենքի հետ...
- Ուժային ինստիտուտների մարտունակություն, արհեստավարժություն, կադրային կազմի վսեմություն եւ հայրենասիրություն - համատարած ակներեւ վախ, կասկած հասարակության կողմից, խեղճերի եւ զոռբաների միջավայր, ներքին մթնոլորտի անառողջություն, բամբասանքներ, բանսարկություններ: Արտաքին փայլ եւ ներքին անհամապատասխանություն: Ստվերային տնտեսության համար հովանի եւ պաշտպան: Կադրային կազմի ցածրագույն մասնագիտական եւ կուլտուրական մակարդակ...
- Մշակույթի, հոգեւոր, կրթական եւ դաստիարակչական ինստիտուտների բազմազանություն, ազգային եւ համաշխարհային արժեքների սինթեզում եւ համապատասխանում – մի կողմից բացարձակ գռեհիկ ազգայնամոլություն եւ մյուս կողմից` տիեզերամոլություն, ձեւամոլություն: Կադրային կազմի ցածրագույն մասնագիտական եւ քաղաքացիական մակարդակ, օտարամոլություն, անձնավորվածություն, խմբակայնություն: Պետական ծրագրերի բացակայություն: Աղանդամոլություն, որը հասարակության մեծ մասի կողմից բոլոր ոլորտներում ընդունվում է որպես պատճառաբանված հնարավորություն` խույս տալ քաղաքացիական, պետական, զինվորական ծառայություններից:
Ասպարեզների հիանալի դաշտ պարազիտիզմի համար...
Ինչը մեր սրտով չէ. ինչն է մեր սրտով:
Պարզ է դառնում այն, որ մեր "քաղաքական" մարմինը չի ստում, քանի որ այդ իրավունքը նա ստացել է անհատից, որն ապահովում է իր գոյատեւումը հորիզոնական հարաբերությունների, այսինքն` գողության միջոցով, որն արտահայտվում է կամ ինքն իրեն հայրենիքից գողանալով եւ օտար պետությանը տալով, կամ օտարի ունեցվածքն ու քրտինքը գողանալով, կամ “զոռբայական” տարբերակով յուրայիններից գողանալով, քանզի մենք հիմա ունենք “գայլեր եւ ոչխարներ” միջանձնային համակարգը...
Սրանով այս “անհատը” թույլ է տալիս իրեն ուղղահայաց ձեւացնող ատյանին ասել այս ամենը, ինչը եւ ճիշտ է այնքանով, ինչքանով անգույնը սպիտակ է...
......................
Նման իրավիճակ նկարագրել է մեծն Մովսես Խորենացին հինգերորդ դարում, բայց, ավա~ղ, իրավիճակը կրկնվում է նորից եւ նորից: Սակայն, եթե համեմատենք հինգերորդ դարը եւ մեր իրականությունը, կնկատենք, որ այն աշխարհը դեռ չէր պարպել իրեն, նոր էր կառուցում իր ուղղահայացը, դեռեւս չկար քաղաքական եւ տնտեսական վհատվածությունը համաշխարհային առումով: Աշխարհը դեռ մահացու հիվանդ չէր եւ, հետեւապես, վտանգավոր չէր իր հոգեվարքի պահին, որին հատուկ են ինքնափրկության անսահման անբարոյականությունն ու դաժանությունը:
Այն աշխարհը ամբողջ էր, թեպետ բիրտ էր եւ անողոք, եւ դա արդարացնում էր մեր` հայերիս չմասնակցելն այն արյունոտ խրախճանքին: Մենք տեղափոխեցինք մեր պետությունը մեր ընտանիք եւ այդպես գոյատեւեցինք. դա արդարացված էր:
Սակայն հիմա:
Մենք կկարողանանք մշակույթ ստեղծել, եթե տեղափոխենք մեր պետությունը մեր ընտանիք: Ու՞մ ենք մենք հակադրվում` պարսիկի՞ն, բյուզանդացո՞ւն, թուրքի՞ն, թե՞ խորհրդային պետությանը, ումի՞ց ենք մենք ծպտվում, ո՞ւմ մենք չենք ծառայում, ո՞ւմ պետությունն ենք մենք քանդում:
Այս “խորիմաստ”, “իմաստուն” բարդույթը միշտ մեր անձի պաշտպանն էր, մեր գոյատեւման բանաձեւը, սակայն այն, լինելով մեր ուժեղ հատկությունը, թուլացնում է մեր իսկ համահավաքի հատկությունը` համընդհանուր մարտունակության որակը:
Մարտունակությունը զենք կամ զինվորական արտահագուստ հագած բազմաքանակ ամբոխ չէ. դա, առաջին հերթին, սերն է միմյանց նկատմամբ, ուշադրությունը, զոհաբերվելու պատրաստակամությունը` որպես այս ամենի հավաքական արդյունք, իսկ միջոցը` պետությունը...
Ինչու՞ ենք մենք վախենում լուրջ վերաբերվել համընդհանուրին, համահավաքին. ինչո՞ւ ենք մենք քմծիծաղով վերաբերվում ամեն մի կոլեկտիվ մշակույթի եւ գործողության:
Երեւի մենք` հայերս, չենք ընկալում մարդկային արդարությունը, բարերարությունը “պետություն” ասվածի համատեքստում: Մեզ համար լավ պետություն չի լինում...
Իսկ եթե մեզ` վառ ”անհատականություններիս” է հենց ի վերուստ տրված ստեղծել նոր պետություն, նոր հավաքական միավոր, որը կլինի նույնչափ ներդաշնակ, սիրված եւ բարոյական, որչափ Հայ Ընտանիքը... Թե՞ մեր թերահավատ համեստությունը մեզանից չի ընդունի այդ միտքը (երեւի, եթե օտարը ասի, կհավատանք): Սակայն, հիմա մենք արժենք իրար` թե վերադաս, թե ստորադաս, թե նախագահ, թե քաղաքացի, թե գեներալ, թե շարքային: Իրար խաբում ենք եւ մտածում, թե դիմացինը կհավատա ... (Մի կատարյալ մկների ժողով):
Այս ամենը չէր առաջացնի անհանգստություն, եթե լիներ մեր նախաձեռնությունը: Կարող է լինել դժվար կամ ծանր իրավիճակ, բայց մեզ մոտ այն հիմա պարզապես վատ է:
Վատ է, որովհետեւ այս ամենը հոգեհարազատ չէ մեզ, մեր է-ին, մեր “ես”-ին:
Մենք չենք կամենում այս ամենը պաշտպանել սեփական կյանքի գնով, որովհետեւ, եթե մենք զոհվենք, ներկա պետությունը չի պաշտպանի մեր ընտանիք-պետությունը, որովհետեւ մենք նրան չենք ստեղծել մեր ընտանիքի պես, որովհետեւ այն հայ ընտանիքների պետություն է, այլ ոչ թե հայ պետության ընտանիքը...
Դրա ախտորոշիչն է մեր վերաբերմունքը զինվորական պարտադիր ծառայության նկատմամբ, որն ավելի շուտ պարտադրված ծառայություն է: Իսկ մեզ համար պարտադրվածն օտար է... Եթե կամավոր չէ, այն մերը չէ: Մենք կամավոր ինքնահավաքվում ենք միայն ֆիզիկական վտանգի դեպքում, իսկ հիմա մենք չենք զգում, չենք տեսնում, որ վտանգը կա եւ ավելին` այն ներխուժել է մեր մեջ, եւ մենք օր օրի պարտվում ենք դրանից:
Վտանգված է ոչ թե հայ անհատի ֆիզիոլոգիան, այլ ազգի բարոյական, հոգեւոր եւ գաղափարական սուբստանտ հանդիսանալն ընդհանրապես: Պարզ ուրվագծվում է Էնդեմիկ պարազիտ լինելու մոդելը: Խոսքն իրերի մասին չէ` ոչ Զվարթնոցի, ոչ Մատենադարանի: Ոչ: Վտանգված է այս գեղեցիկ նյութական արժեքների հեղինակ-անձ-անհատի ապրելակերպը: Այդ ամենի ահազանգը պետք է տայինք մենք` նոր պետական համայնքը` մեր նոր տիպի միջանձնային հարաբերություններով:
Փորձենք հասկանալ մեր համայնականի բացասականը եւ նրա կոնֆլիկտն անհատի դրականի հետ: Դարեր շարունակ մենք ընդդիմացել ենք բազմաթիվ թե կոնցեպտուալ, թե կրոնական, թե փիլիսոփայական, թե մշակութային գլոբալ տեսությունների արշավներին ու հալածանքներին: Դիմակայել ենք անհատապես` հրաժարվելով սեփական համահավաք-համակարգից, հասկանալով, որ նրան կարող է տապալել ավելի հզոր համակարգը, քանի որ համակարգը միշտ կոնկրետ է եւ հասցեագրված (այսինքն` պետությունը): (Եթե մենք մեզ հանձնեինք նրան, իր տապալման հետ կտապալվեինք եւ մենք:) Ոչ, մենք ապապետական ազգ չենք, մենք ունենք պետական մտածելակերպ, սակայն մեր “պետական մտածելակերպը” եղել է հակապետական եւ այդքանով բավարարվել, այնինչ մենք գոյատեւել ենք ընտանիքի շնորհիվ` դարձնելով վերջինը միկրոպետություն` ի հակադրություն օտար պետության: Գոյատեւման իմաստով սա եզակի միջոց է:
Ներկա պարագայում մենք չենք կարողանում հաղթահարել հենց այդ բարդույթը: (Կարելի է ասել` պետության թշնամին ընտանիքն է:) Մենք չենք հասկանում, թե ինչպես կարող է գումարվել համահավաք-պետություն, որը համապատասխանի հայ անձի ներքնաշխարհի բարոյականությանը, չլինի գերակշռող, լինի արդար ու ճիշտ եւ իր վրա վերցնի անձի անհատական, կենսական պրոբլեմների հոգսը. այդ դեպքում անձն ի՞նչ անի... եւ այդպիսով ընտանիքը դառնում է պարտադիր ծառայություն:
Այն իրավիճակը, որն առկա է, անբարոյական է կրկնակի. նախ` որովհետեւ մենք չենք ուզում վստահել միմյանց մեր անձնականը եւ ստեղծել ընդհանուրը, որը կպաշտպանի մեզ` բոլորիս, երկրորդ` որ մենք ոչ միայն կասկածում ենք միմյանց, այլեւ համոզված չենք, որ գումարվելով, ստեղծելով ընդհանուր մի ատյան` իսկույն չենք սկսի հավաքական ուժը կիրառել ուրիշների դեմ, վրեժխնդիր լինել բազմադարյան թուլության համար, եւ այդպիսով նորից կվտանգենք մեր փոքր պետությունը եւ նրա ամենագլխավոր կուռքը` Ես-ը, մեծն Ես-ը, ընտանիք Ես-ը...
Այս ամենն անբարոյական է այն պատճառով, որ այս ստի, այս մեր արհեստականորեն ճիշտ, արդար մարդաստծո պահպանման պատրանքի համար պետք է պատասխան տա եւս մեկ հայ` հայ զինվորը:
Ինչի՞ համար պետք է իր կյանքը վտանգի մի մարդ, որն իր կյանքի գնով պարտավոր է պաշտպանել (թեպետ նա նույնպես Ես է) մեր այս “պետության” նման հերթական ձեւականությունը. ուր մնացին մեր եսասիրությունը, անհատասիրությունը եւ կյանքը գնահատելը: Թե՞ նա, այդ պաշտպան կոչվածը, հայ չէ:
Իսկ քանի որ նա նույնպես հայ է եւ ունի նույն մոտեցումը, դաստիարակությունը եւ ծառայում է իր ընտանիքին եւ իրեն, մենք տեսնում ենք այն, ինչ մենք ուզում ենք չտեսնել` վախ, խուսափում բանակից, անտարբերություն, հարկադրանք եւ այլն:
Էլ ինչո՞ւ ենք զարմանում: Մենք մեզ նորից խաբում ենք` ուղղակի հիմա պետություն ձեւանալով...
Վտանգավոր եւ անբարոյական թատրոն...
|
|