"Գյումրին ցուցահանդեսների քաղաք է". այսպես բնորոշեց իր քաղաքը Երեւանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը 2012թ. ապրիլի 20-ին Բեռլին հյուրանոցային համալիրում տեղի ունեցած ցուցահանդեսի բացման ժամանակ:
Այս տարի լրանում է Միջազգային անիմացիոն դասընթացների 30-րդ տարելիցը: Այս կապակցությամբ Հայաստանից` մասնավորապես Գյումրիից,Դրեզդեն էին մեկնել երկու արվեստագետներ` Սարգիս Հովհաննիսյանը եւ դեռեւս ուսանող Արմեն Տիրատուրյանը: Նրանք մասնակցել են Artist in Residence ANIMA 2012թ. նախագծին, որը ընթացել է փետրվարի 4-ից մինչեւ մարտի 5-ը: Մինչ այդ հայ արվեստագետները նմանատիպ ANIMA ծրագրերի մասնակցության հնարավորություն չեն ունեցել: Կային մասնակիցներ նաեւ Լեհաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից եւ Ուկրաինայից, ընդհանուր առմամբ 45 արվեստագետ:

Հեղինակներից մեկի` Սարգիս Հովհաննիսյանի հետ զրույցի ընթացքում շատ հետաքրքիր եւ կարեւոր տեղեկություններ պարզվեցին այդ նախագծի վերաբերյալ: Բեռլին հյուրանոցային համալիրում ներկայացված աշխատանքները Գերմանիայի Դրեզդեն քաղաքում անիմացիայի դասընթացների մասնակցության ժամանակ ստեղծված գործերն էին: Ս. Հովհաննիսյանի խոսքերով դա շփման մի նոր եղանակ էր, որը մինչ այդ չկար:
Արվեստագետները ներկայացրել էին հետաքրքիր անիմացիոն ֆիլմեր: Ս. Հովհաննիսյանը նշում է, որ նախապես մտածված եւ պլանավորված չի եղել, թե ինչ է ներկայացնելու Դրեզդենում: Վերջինիս խոսքերով տարածքն է հուշում, թե ինչպես եւ ինչ ստեղծի արվեստագետը (այլ կերպ ասած տարածքն է թելադրում իր կանոնները):
Ներկայացված անիմացիոն ֆիլմերից մեկում շունը, որը դուրս է գալիս քաղաք այնտեղից, որտեղ ապրում էին հայ արվեստագետները, տեղաշարժվում է քաղաքի մեջ, թափառում եւ վերադառնում է այն վայրը, որտեղ նրանք ստեղծագործում էին: Ս. Հովհաննիսյանը նշեց, որ այն հանգամանքը, որ շունը դուրս էր գալիս այն վայրից, որտեղ իրենք ապրում էին, խոսում է այն մասին, որ այդ շունը բերված էր հենց Հայաստանից, քանի որ Գերմանիայում չկան թափառող շներ, իսկ Հայաստանում նրանք ապրում են գրեթե մարդկանց հետ հավասար ազատ:

Անիմացիայի ժամանակ օգտագործված լուսանկարները պատահական չէին ընտրված: Հեղինակի խոսքերով դրանք արվել էին այն վայրերում, որտեղ հնարավոր է, որ շուն լիներ, այսինքն այն միջավայրում, որտեղ հեղինակը ակնկալում էր տեսնել տվյալ շանը: Ս. Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ շան ճանապարհորդությունը հանդիսացավ ANIMA 2012-ի այցեքարտը եւ կարծես տվյալ նախագծի սիմվոլը դարձավ:
Վերջինիս ներկայացրած հաջորդ անիմացիոն ֆիլմը տարբեր թերթերից կտրված ֆիգուրներով "Կյանքը շրջանակից դուրս" աշխատանքն էր: Հեղինակի խոսքերով, երբ նա ֆիգուրներ է գծել, նրանց միշտ մտովի շարժման մեջ է տեսել, բայց թե ինչպես կարելի է դա իրականացնել, չի պատկերացրել: Բացի այդ, վերջինս կիսվեց իր ուսանողական տարիների տպավորությունների հետ, երբ նկարելու համար թուղթը չէր բավարարում եւ իրենք օգտագործում էին նույնիսկ արդեն տպագրված թերթերը: Եվ այս նախագծի շնորհիվ նրան հնարավորություն ընձեռնվեց իրագործել իր մտահղացումները՝ օգտագործելով նաեւ ուսանողական տարիների հիշողությունները: Ֆիգուրները, որոնք կտրված են տարբեր գերմանալեզու թերթերից (ընդ որում, հեղինակի խոսքերով դրանք պատահականորեն ընտրված թերթեր էին, այսինքն վերջիններիս տեքստերի բովանդակությունը միտումնավոր ընտրված չէր), դուրս են գալիս իրենց "տարածքից" եւ շարժվում քաղաքի տարբեր վայրերում: Նրանց թվում են տարբեր ժամանակաշրջանների պատմական դեմքեր` թագուհիներ, թագավորներ, Չ. Չապլինը, Վ.Պուտինը եւ ուրիշներ:
.jpg)
Նրանք քաղաքով տեղաշարժվելուց հետո գալիս հավաքվում են մի շրջանակի մեջ: Հեղինակը նշում է, որ դա պատահական չի ընտրված, քանի որ այդպիսի մի դատարկ շրջանակ կա դրված հենց Դրեզդեն քաղաքի կենտրոնում, որը կարծես քաղաքի այդ հատվածը "հավաքում է" իր մեջ եւ ստեղծում պատկեր, որը չնայած իր ստատիկությանը, օրվա ընթացքում որոշակի փոփոխվում է ` վերածվելով առանձին գեղանկարչական կտավների` թե ՛ գունային առումով, թե ՛ ֆորմայի առումով: Ամենակարեւորը, որ դրանք շարժվող են եւ անընդհատ ռիթմի մեջ են: Այսինքն Ս.Հովհաննիսյանի այս անիմացիոն ֆիլմը կյանքն է շրջանակից դուրս եւ շրջանակի մեջ:
.jpg)
Դրեզդենում արվեստագետները ստեղծագործել են եւ ցուցադրել իրենց ստեղծագործությունները նախկին հրշեջ ծառայության շենքում եւ նախկին ադամանդի վերամշակման գործարանում ու նմանատիպ այլ վայրերում: Ս. Հովհաննիսյանի խոսքերով իր համար շատ ավելի հետաքրքիր է աշխատել անծանոթ տարածքում, քան թե թանգարանում, քանի որ սիրում է "շփվել" տարածքի հետ: Այդպես, օրինակ ներկայացվել էր քանդակագործ Բենյամին Շլուտիկի փայտե քանդակը, որը Ս. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ անձնավորվեց` վերածվելով թղթեպատ կերպարի, որի նպատակը, ըստ հեղինակի, քանդակը միավորելն էր տվյալ տարածքի հետ` կրկին անիմացիայի միջոցով:

.jpg)
Հետաքրքիր է, որ այս դասընթացների ընթացքում նաեւ իմպրովիզ աշխատանք է տեղի ունեցել Ս. Հովհաննիսյանի եւ գերմանացի արվեստագետի միջեւ: Նրանք նկարել են ապակու վրա, որը նոր մոտեցում է եղել Ս. Հովհաննիսյանի համար եւ ինչպես ինքն է նշում, դա նման էր մի քանդակագործության, որը կարծես ապակու վրա "քանդակելու" միջոցով նոր ֆորմա է ստեղծել:

Այս նախագիծը եւս մի քայլ էր եվրոպական արվեստի եւ հայկական մշակույթի փոխանակման եւ արվեստագետների միջեւ փոխշփման ապահովման համար: