| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ռեւիզոր|
հրապարակված է 11.05.2012 | ումբերտո էկո
հավերժական Ֆաշիզմ. սեւ բլուզավորին նայելու տասնչորս եղանակ
Եւ քանի որ սեռն էլ բավականին դժվար խաղ է, ուռ-ֆա­շիզմի հերոսը խա­ղում է ատրճանակով, ասել է թե` ֆալոսի էրզա­ցով: Մշ­տական զորախա­ղերը հավերժական invidia penis-ն ունեն իրենց հիմքում:


1945 թվականին Գերմանիայի ժամանակով մայիսի 8-ին ստորագրվեց նացիստական Գերմանիայի կապիտուլացիայի փաստաթուղթը: Ինքնագերադասության այդ ճղճիմ եւ, մասամբ հենց այդ պատճառով, ահռելի մասշտաբի հասած ուժը, ջախջախվեց՝ մարդկության պատմության մեջ երեւի թե ամենասրտառուչ համերաշխության շնորհիվ: Խորհրդային Հայաստանը, իր բնակչության թվաքանակի համեմատ, աշխարհում ամենաշատ զոհը տվեց հանուն այդ հաղթանակի՝ երեք հարյուր հազար մարդ: Վաթսուն յոթ տարի անց, այդ նույն օրը, հետխորհրդային Հայաստանի մայրաքաղաքում ինքնագերադասության ֆաշիստական մղումներից դրդված մի խումբ երիտասարդներ դիմեցին բռնարարքի՝ պայթեցրին Երեւանի DIY բարը: Արարքը մակերեսայնորեն խորհրդանշական էր. ներկայության հաստատում՝ սեփական հերոսների կործանման օրը: Բայց «հաղթականության» այդ արարքի հնարավորությունը նրանց տվել է նաեւ մեկ այլ իրադարձություն. Շուշիի հաղթանակի օրը, որը համընկավ ֆաշիզմի պարտության օրվա հետ: Եզրակացությունը կարծես մեկն է. Շուշիի հաղթանակն այդ երիտասարդների համար խորհրդանշում է ֆաշիզմի վերադարձի հնարավորություն, Երկրորդ Աշխարհամարտում հաղթանակի երկրորդացման, նույնիսկ չեզոքացման հնարավորություն: Ցավալի է, բայց այս մոտեցման համար պարարտ հող է տրամադրում մեր երկրի հատկապես վերջին տարիների պաշտոնական կուրսը: Չլիներ այն, չէր լինի ֆաշիստական հանդգնության այս աստիճանը: Ֆաշիզմի հենակետը միշտ էլ եղել է դյուրաբեկ միջին խավը, գրագետ, բայց ոչ այնքան, որ ի վիճակի լինի հարցադրելու ինքն իրեն՝ պատմա-տնտեսական համատեքստում: Մտավոր եւ հոգեբանական անորոշությունը ֆաշիզմի տարածման անհրաժեշտ պայման է: Ներկայացնում ենք իտալացի փիլիսոփա Ումբերտո Էկոյի՝ ֆաշիզմը որոշակի բնութագրող պարբերությունները:
Վերահրատարակվում է՝ ըստ ա-ակտուալ արվեստ, թիվ 6, 2008, էջ 6-10:
                                                                                                                          Վ.Ա.


 
Մարտիրոս Սարյան, Ծաղիկներ. Հայրենական Մեծ Պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին, 1945
 

“Ֆաշիզմ” տերմինն օգտագործվում է ամենուր, որովհետեւ եթե նույնիսկ իտա­­­լական ֆաշիստական ռեժիմից հանենք մեկ կամ ավել աս­պեկտներ, մի­եւ­­­նույն է այն կշարունակի ճանաչվել որպես ֆա­շիս­տա­կան: Իտա­­­­լական ֆա­շիզ­մից վերացնելով իմպերիալիզմը` կստանաք Ֆրանկո կամ Սալա­զարա: Վե­րա­­ց­նենք գաղութարարությունը - կստացվի բալկանյան ֆա­­շիզմ: Իտա­լա­կան ֆա­­շիզ­մին ավելացնենք ռադիկալ հակակապիտալիզմ (ին­չով եր­բեւէ չէր տա­ռա­պում Մուսոլինին), եւ կստացվի Էզրա Փաունդ: Ավե­լաց­­նենք “շեղվա­ծու­­թյուն” առ կելտական միֆոլոգիա եւ Գրաալի պաշ­տա­մունք ( ի­­տա­­լական ֆա­շիզ­մին բա­ցարձա­կա­պես օտար), ու մեր առջեւ է ֆաշիստական ամե­նա­­հարգ­­­ված գուրունե­րից մեկը` Յուլիուս Էվոլան:

Այս խառնաշփոթը վերացնելու համար, ըստ իս, հարկավոր է զատորոշել Հա­վե­ր­ժական Ֆաշիզմի (ուռ-ֆաշիզմի*) տիպիկ բնորոշիչների ցանկը, թեեւ դրան­­ցից մեկի առկայությունն էլ բավական է, որպեսզի սկսի որոշակիանալ ֆա­շիստական մշուշոտությունը:

1. Ուռ-ֆաշիզմի առաջին բնորոշիչը ավանդույթի պաշտամունքն է: Ավանդա­պաշ­­տությունը ֆաշիզմից հին է: Այն հանդես է գալիս որպես կաթոլիկ հակա­հե­ղա­փոխական մտ­­քի դոմինանտ ֆրան­սի­ա­­կան հեղափոխությունից հետո, թեեւ ծն­վել է ուշ հելլենիստական շրջանում` իբրեւ հակազդեցություն դա­սա­կան Հու­նաս­տանի ռացիոնալիզմին:

Միջերկրական ծովի ավազանի` տարբեր կրոնների պատկանող ժողովուրդ­նե­րը (նրանց բո­լո­րին հավասար հանդուրժողականությամբ թույլ էր տրված մուտ­քը հռոմեա­կան Պանթեոն) որոնում էին մի հայտնություն, որը ծագել էր դեռ մարդ­կության պատ­մու­թյան արշալույսին: Այդ հայտնությունը դարեր շարունակ պա­րուր­ված էր լեզուների ծածկոցով, որոնց իմաստը կորսված էր: Հայտնու­թյու­նը հանձ­նված էր եգիպտական հիերոգլիֆներին, կելտական ռունաներին, ինչ­պես նաեւ սրբազան` մինչ օրս էլ չպարզաբանված ասիական կրոնների հու­շար­ձան­նե­րին:

Այդ նոր մշակույթը անխուսափելիորեն պարզվում էր, որ սինկրետիկ է: Սին­կրե­տիզ­­մը ոչ թե, ինչպես նշում են բառարանները, բազմաբնույթ հավա­տա­­լիք­ների ու փորձառությունների համադրություն է: Համադրության հիմքն այս­տեղ առաջին հեր­թին հակասությունների հան­դեպ արհամարհանքն է: Այս տրամաբանությամբ` բոլոր նախագո բացահայ­տում­նե­րը ներա­ռում են ճշ­մարտության հատիկ, եւ եթե նրանք տարաբնույթ են կամ առհասա­րակ անհա­մա­տեղելի, հոգ չէ, քանի որ այլաբա­նո­րեն միեւ­նույն է սերում են մի ինչ-որ բուն ճշմարտությունից:

Դրանից բխում է, որ տեղ չկա գիտելիքի զարգացման համար: Ճշմարտությունն այ­լեւս հռչակված է մեկընդմիշտ. մնում է միայն լուսաբանել նրա մութ խորքերը: Բա­վական է նայել ցանկացած ֆաշիստական մշակույթի “պահունակ”. այնտեղ միայն ավանդապաշտ-մտածողները տեղ ունեն: Գերմանա-ֆաշիս­տա­կան գնոզիսը սնվում էր ա­վան­­դապաշտ, սինկրե­տիկ, օկուլտ /ախթարական/ ակունք­ներից: Նոր իտա­լա­կան աջերի կարեւո­րա­գույն տեսական աղբյուր Յու­լի­ուս Էվոլան խառնում է Գրաալը “Սի­ոնի իմաստունների ար­ձա­նա­գրություններ”-ի հետ, ալքիմիան` Հռո­մեական Սրբազան կայսրության: Փաստն ինքնին, որ մտա­հո­րի­զոնն ընդլայ­նե­լու համար այժմ իտալա­կան աջերի մի մասը ընդար­ձա­կել է պահունակը, այնտեղ ներառելով Դե Մես­տր, Գենոն ու Գրամշի, սին­կրե­տիզ­մի փայլուն դրսե­ւո­րում է: ...Մեկ կույտի մեջ Ավգուս­տին ու Սթունհենջ լց­նե­լու սկզ­բունքն ինքնին ուռ-ֆա­շիզ­մի ախտանշան է հենց:

2. Ավանդապաշտությունը անխուսափելիորեն հանգեցնում է մոդեռնիզմը չըն­դու­­­նե­լուն: Ինչպես իտալական ֆաշիստները, այնպես էլ գերմանական նա­­ցիստ­­­ները կարծես թե պաշտում էին տեխնիկան, այն դեպքում, երբ ավան­դա­­պաշտ մտածողները սովորաբար փնովում են այն` նրա մեջ ա­վան­դական հո­գեւոր արժեքների ժխտում տեսնելով: Սակայն, իրականում, նացիզմն իր ին­դուս­տրիալիզացիայի սոսկ արտաքին ասպեկտով էր հիանում: Իր գաղա­փա­րա­խոսության խորքում գերիշխում էր Blut und Bo­den /”Արյուն եւ հող”/ տեսու­թյու­նը: Կա­պի­տա­լիստական արդիականության քողի տակ տեղի էր ունենում ժա­մանակակից աշ­խարհի ժխտումը : Սա, ըստ էու­թյան, 1789-ի (ինչպես նաեւ, բնա­կանաբար,1776-ի) ոգու` Լու­սա­վորության ոգու ժխտումն էր: Ռա­ցիո­նա­լիզ­մի դարաշր­ջա­նը դիտվում է որ­պես ժա­մա­­նա­կա­կից այլասերության սկիզբ: Այդ պատճա­ռով ուռ-ֆաշիզմը կա­րող է սահ­­­­մանվել որպես իռացիոնալիզմ:

3. Իռացիոնալիզմը սերտորեն կապված է գործողություն հանուն գործո­ղու­թյան պաշ­տամունքի հետ: Գործելն ինքնին հիանալի է եւ այդ իսկ պատ­­­­­­­­­­­ճառով իրակա­նա­նալի` առանց ռեֆլեքսիայի եւ դրանից դուրս: Մտածու­մը տղա­մարդու գործ չէ: Լի­նելով քն­նադա­տա­­կան վերաբերմունքի պոտենցիալ կրող` մշակույթը կաս­կա­ծի տակ է առնվում: Այս է ամենը - եւ Գե­բել­­սի ար­տա­հայ­տությունը` “Երբ լսում եմ “մշա­կույթ” բառը, ձեռքս ատրճանակին եմ տանում”, եւ քնքուշ ընդհանուր խոս­քերը ինտե­լեկ­տուալ թափ­թփուկ­ների, ձվագլուխ ինտե­լի­գենտների, ռադիկալ-սնո­բիզմի ու համա­լսա­րան­ների` կոմունիս­տա­­­­­­կան վարակի այդ տարա­ծող­նե­րի: Ին­տե­­­­լեկ­տուալ աշխարհի հանդեպ կաս­կածամտու­թյու­նը միշտ ազդա­րա­րում է ուռ-ֆաշիզմի ներ­կա­­յությունը: Պաշ­­­­­­տոնական ֆաշիստական մտածող­նե­րը հիմնականում զբաղ­ված էին նրա­նով, որ մեղադրում էին ժամանակակից մշա­­կույթն ու ազատական մտա­վո­րականությանը հավերժական արժեքների ու­րաց­­ման մեջ:

4. Սինկրետիզմի եւ ոչ մի տեսակ քննադատություն չի կարող հանդուրժել: Քն­նա­դա­տա­կան մոտեցումը գործում է դիստինկցիաներով, դիստինկցիա­ներն էլ իրենց հերթին արդիականության ատրիբուտներ են հան­դի­­­սանում: Ար­դի մշա­կույ­թի մեջ գի­տա­կան խմբակցությունը հարգում է անհամա­ձայ­նու­թյու­­նը` որպես գիտու­թյան զար­գացման հիմք: Ուռ-ֆաշիզմի աչքում ան­հա­մա­­ձայնությունը դա­վա­ճա­նու­­թյուն է:



Լուսինե Թալալյան, Իմ արյունը չի հիշում ձեր պատմությունը, 2002


5. Անհամաձայնությունը այլության նշան է նաեւ: Ուռ-ֆաշիզմն աճում ու փո­­­­­­հա­­­մաձայնություններ է որոնում` այլածինի բնական վախը շահա­գոր­ծե­լով: Ֆա­­­­շիստոիդ կամ մերձ-ֆաշիստոիդ շարժումների առաջ­նա­գույն լո­զունգ­ներն ուղ­ղված են այլածինների դեմ: Ուռ-ֆաշիզմն, այսպիսով, սեւեռ­ված է դեպ ռա­­սիզմ:

6. Ուռ-ֆաշիզմը ծնվում է անհատական կամ սոցիալական ֆրուս­տրա­ցիա­յից: Այդ պատճառով էլ բոլոր պատմական ֆաշիզմները հենվում են ֆրուստ­րաց­­ված մի­ջին դասակարգերի վրա, որոնք տուժել են որեւէ տնտեսական կամ քա­ղա­­քա­կան ճգ­նաժամից ու վախենում են գրգռված ցածր խավերի սպառ­­նա­լի­քներից: Մեր օ­րե­րում, երբ երբեմնի “պրոլետարները” վերածվում են մանր բուրժուազիայի, երբ լյումպենը ինքնաբացարկվում է քաղաքական կյան­­քից, ֆա­շիզմն այդ նոր մեծամասնության մեջ իր համար հրաշալի լսա­րան կ­գտ­նի:

7. Նրանց, ովքեր ընդհանրապես տնանկ են, ուռ-ֆաշիզմն ա­սում է, որ իրենց ար­տոնությունների միակ գրավականը որոշակի երկրում իրենց ծնվելու փաստն է: Այդպես է թրծվում ազգայնականությունը: Բացի այդ, մի­ակ բա­նը, որ կա­րող է համախմբել ազգը, թշնամիներն են: Այդ պատ­ճա­ռով էլ ուռ-ֆա­շիս­տական հոգեբանության հիմքում դրված է դավա­դրու­­­թյան գա­ղափարի մո­լա­գարությունը, հնարավորինս` միջազգային: Անդա­մա­կից­նե­րը հարկ է, որ իրենց պա­շարված զգան: Լսարանը դավադրության վրա կենտրոնացնելու ամե­նա­լավ մի­ջո­ցը քսենոֆոբիայի զսպա­նա­կ­ները կիրառելն է: Ներ­քին դավա­դրու­թյունն էլ կանցնի թերեւս. դրան շատ հար­­մար են հրեաները, քանի որ նրանք կար­­ծես միաժամանակ թե ներսում են, թե մեջը:

8. Անդամակիցներն իրենց պետք է, որ վիրավորված զգան այն բանից, որ թշ­նա­­միներն ի ցույց են դնում իրենց հարստությունը, պարծենում ուժով: Երբ ես փոքր էի, ինձ ներշնչում էին, որ անգլիացիները «հինգանգամյա սնվող» ազգ են: Անգլիացիները սնվում են ավելի ինտենսիվ, քան ընչազուրկ, բայց ազնիվ իտա­լացիները: Հարուստ են եւ հրեաները, ու բացի այդ նրանք օգնում են յուրա­յին­ներին, ունեն փոխօգնության գաղտնի ցանց: Սա մի կողմից. միեւ­նույն ժա­մա­նակ անդամակիցները համոզված են, որ կհաղթեն ցան­կա­ցած թշ­նա­մու: Այս­պես, հռետորական լարերի տատանումների շնոր­հիվ թշ­նամիները պատ­­­­­կեր­վում են միեւնույն պահին որպես չափազանց ուժեղ եւ որպես չափազանց տկար: Այդ պատճառով էլ ֆաշիզմները միշտ պար­տության են մատնված. նրանք ի վիճակի չեն օբյեկտիվորեն գնա­հա­­տել ախոյանի մար­­­տունա­կու­թյու­նը:

9. Ուռ-ֆաշիզմի համար չկա պայքար հանուն կյանքի, այլ կա կյանք հանուն պայ­­քարի: Եթե այդպես է, պացիֆիզմը հավասարազոր է թշնամու հետ եղ­բայ­րա­­նա­­լուն: Պացիֆիզմը դատապարտված է, քանի որ կյանքը հավերժական պայ­­քար է: Միեւ­նույն ժամանակ գոյություն ունի նաեւ Ահեղ Դատաստանի բար­դույ­թը: Քա­նի որ թշ­նամի պետք է որ ոչնչանա - եւ կլինի այդպես - նշանակում է` վեր­­ջին մարտ կլի­նի, որի արդյունքում հիշյալ շարժումը լիա­­կատար վե­­րա­հս­կո­ղություն ձեռք կբերի աշխարհի նկատմամբ: Այսօրինակ ՙտոտալ լուծման՚ պարագայում ենթադր­վում է համ­ընդահանուր խաղաղության դարաշրջանի` Ոսկե դարի սկզբանավորում:

Սակայն սա հակադրվում է տեւական պատերազմի դրույթին, եւ դեռ ոչ մի ֆաշիստական առաջնորդի չի հաջողվել լուծել առաջացող այս հակասու­թյու­նը:

10. Բոլոր ռեակցիոն գաղափարախոսություններին բնորոշ է էլիտարիզմը` իր խո­րը արիստոկրատականության ձգողականությամբ: Պատմության ընթաց­քում բո­­­լոր արիստոկրատական եւ միլիտարիստական էլիտարիզմները հիմն­վում էին տկա­­­րի հանդեպ արհամարհանքի վրա:

Ուռ-ֆաշիզմը դավանում է պոպուլիստական էլիտարիզմ: Շարքային քաղա­քա­ցի­­ներն իրենցով կազմում են լավագույն ժողովուրդն աշխարհում: Կուսակ­ցու­­թյու­­նը կազմվում է շարքային քաղաքացիներից լավագույններից: Շար­քա­յին քա­­ղա­քացին կարող է (կամ պարտավոր է) դառնալ կուսակցու­թյան ան­դամ:

Բայ­ցեւայնպես չեն կարող լինել պատրիկներ առանց պլեբեյների: Առաջնորդը, ով գի­տի, որ իշխանությունը ստացել է ոչ ներկայացուցչականությամբ, այլ գրա­­­­վել է ուժով, հասկանում է նաեւ, որ իր ուժը հենվում է մասսաների տկա­­րու­թյան վրա, եւ այդ մասսան այնքան է թույլ, որ կարիք ունի անաս­նա­վա­­րի եւ արժանի է նրան:

Այդ պատճառով այսպիսի` հիերարխիայով կազմակերպված (միլիտարիս­տա­կան մո­դե­լով) հասարակություններում յուրաքանչյուր առանձին առաջ­նորդ ար­հա­մար­հում է, մի կողմից, իրենից բարձաստիճաններին, մյուս կող­մից` ստո­րա­դաս­ներին:
Այս կերպ ամրապնդվում է մասսայական էլիտարիզմը:

11. Յուրաքանչյուրին ու ամենքին դաստիարակում են այնպես, որ նա դառնա հե­­­րոս: Առասպելներում հերոսը մարմնավորում է բացառիկ, արտասովոր մի երեւ­ույթ, մինչդեռ ուռ-ֆաշիզմի գաղափարախոսության մեջ հե­րո­սակա­նու­թյունը նորմա է: Հերոսականության պաշտամունքը ան­մի­ջականորեն կապված է մահվան պաշտամունքին: Պատահական չէ, որ ֆա­­լանգիստների կոչը Viva la muerte-ն էր: Նորմալ մարդկանց ասվում է, որ մա­հը վշ­տալի է, բայց հարկ է դի­մավորել նրան արժանապատվությամբ: Հա­վ­ա­տա­ցյալ­ներին ասում են, որ մա­հը վերերկրյա երանության հաս­նե­լու տառապալից մեթոդ է: Մինչդեռ ուռ-ֆա­շիզ­­մի հերոսը մահ է տեն­չում, որը նախանշված է նրան` որպես լավագույն փոխ­­հատուցում հերոսական կյան­­քի դիմաց: Ուռ-ֆաշիզմի հերոսն անհամբեր է մեռնելու: Այդ հերոսական ան­­­համ­բե­րության մեջ, նկատենք փակագծերում, որ շատ ավելի հա­ճախ է պա­տահում իրեն մեռցնել ուրիշներին:

12. Քանի որ տեւական պատերազմը, ինչպես նաեւ հերոսությունը բավա­կա­նին բարդ խաղեր են, ուռ-ֆաշիզմն իր իշխանության ձգտումը փոխադրում է սե­­ռա­կան ոլորտ: Սրա վրա է հիմնված առնականության պաշտամունքը (այ­­սինքն` քա­մահրանք կնոջ հանդեպ եւ անողոք հալածանք ցանկացած ոչ­կոն­ֆորմիստական սե­­ռա­կան սովո­րությունների դեմ` ողջախոհությունից մին­չեւ միա­սե­ռա­­կա­նություն): Եւ քանի որ սեռն էլ բավականին դժվար խաղ է, ուռ-ֆա­շիզի հերոսը խա­ղում է ատրճանակով, ասել է թե` ֆալոսի էրզա­ցով: Մշ­տական զորախա­ղերը հավերժական invidia penis-ն ունեն իրենց հիմքում:



Տիգրան Խաչատրյան, Entartete, 2010


13. Ուռ-ֆաշիզմը կառուցվում է որակական պոպուլիզմի վրա: Ժո­ղովրդավարության պայմաններում քաղաքացիներն օգտվում են ան­­ձի իրա­վունքներից, քաղաքացիների խմբերն իրենց քաղաքա­կան իրա­վունք­ներն իրականացնում են միայն որակական (կվանտիտատիվ) հիմքի առ­­­­կայու­թյան դեպքում. իրագործվում են մեծամասնության որոշումները: Ուռ-ֆա­շիզմի աչ­­քում ան­հա­տը անձի իրավունքներ չունի, իսկ Ժողովուրդը հան­­դի­սանում է որ­պես որակ, որպես մոնոլիտ միասնություն` համընդ­հա­նուր կամք արտա­հայ­տող: Քա­նի որ մարդկային արարածների ոչ մի քանա­կու­թյուն իրա­կանում չի կա­­­րող ունե­նալ ընդհանուր կամք, Առաջնորդն հավակ­նում է ներ­կա­յացնել այն բո­լորի կողմից: Պատվիրակելու իրավուն­քը կորց­նե­լով, շար­քա­յին քա­ղա­քացի­նե­րը դադարում են գործել, նրանք միայն զորա­կոչի են են­թարկ­­վում, մասն ամ­բող­ջի փո­խա­րեն, pars pro toto, Ժողովրդի դե­րը խաղալու համար: Ժո­ղո­վուրդն, այս­պի­սով, գոյում է բացառապես որպես թա­տերական ֆե­նո­մեն:

Որակական պոպուլիզմի օրինակի համար պարտադիր չէ Նյու­­­րն­­բերգյան մար­­­­զադաշտին կամ Մուսսոլինիի պատշգամբի առջեւ հռո­մեա­կան լեփ-լե­ցուն հրապարակին անդրադառնալը: Մոտակա ապագայում որակական պո­­պու­­լիզ­մի հե­­ռա­նկարը հեռուստատեսությունն է կամ “ինտերնետ” էլեկ­տրո­նա­յին ցան­­­­ցը, որոնք ի զորու են առանձին վերցված քաղաքացիների խմ­­­բի էմո­ցիո­նալ ռեակցիան ներկայացնել իբրեւ “ժողովրդի դատողություն”:

Ամուր կանգնած լինելով իր կվալիտատիվ պոպուլիզմի վրա` ուռ-ֆաշիզմը ոտ­­­քի է ելնում “փտած պառլամենտական դեմոկրատիաների” դեմ: Առա­ջինն, ինչ հայտարարեց Մուսսոլինին իտալական պառլամենտի իր ճառում, այս էր. “Կուզենայի այս խուլ, գորշ դահլիճը վերածել մարզադաշտի իմ տղեր­­քի համար”: Նա, ի­հար­կե, շատ շուտ “իր տղերքի” համար ավելի լավ հան­­գր­­վա­ն գտավ, բայց խորհրդարանն այնուամենայնիվ ցրեց:

Ամեն անգամ, երբ քաղաքական մի այր հարցի տակ է դնում խորհրդարանի լե­գի­­տիմությունը, քանի որ, կարծես թե, այն այլեւս չի արտահայտում “ժո­ղո­վր­դի մտածումը”, ակն­հայ­տորեն Հավերժական Ֆաշիզմի հոտ է գալիս:

14. Ուռ-ֆաշիզմը խոսում է Նորալեզվով: Նորալեզուն հայտնաբերվել է Օրու­ե­լի կող­մից “1984” վեպում` որպես Անգսոցի` Անգլիական սոցիալիզմի պաշտո­նա­կան լե­զու, բայց ուռ-ֆաշիզմի տարրերը բնորոշ են ամենատարբեր բռնա­պե­տու­թյուն­ներին: Թե նացիստական, թե ֆաշիստական դասագրքերը ա­ռանձ­նանում էին իրենց աղքատիկ բառապաշարով ու պարզունակ շարահյու­սու­թյամբ` ցանկու­թյուն ունե­նալով աշակերտի համար առավելա­գույ­նս սահ­մա­նափակ դարձնել բարդ քն­նա­դա­տական մտածողության գործիք­նե­րի հա­վա­քածուն: Բայց մենք պետք է որ զա­տորոշենք Նորալեզվի մյուս դրսեւո­րում­նե­րը նույնպես, նույնիսկ երբ նրանք ժո­ղո­վրդականություն վայելող հեռուս­տա­տե­սային թոք-շոուի անմեղ տեսք ունեն:

Ուռ-ֆաշիզմն առ այժմ մեր շուրջն է, երբեմն այն քայլում է քաղաքցիական հա­­մա­զգեստով: Այնքան հարմար կլիներ մեզ բոլորիս, եթե մեկը դուրս գար հա­մաշխարհային բեմ ու ասեր.ՙԵրազում եմ վերաբացել Օս­վեն­­ցի­մը, ուզեմ եմ, որ սեւ շապիկները նորից քայլեն իտալական հրապարակ­նե­րի շքերթ­նե­րում՚: Ցավոք, կյանքում այդքան լավ չի լինում: Ուռ-ֆաշիզմը կարող է ներ­կա­յանալ ամենաանմեղ ձեւերով ու կերպարանքով: Մեր պարտքն է բացա­հայ­տել նրա էու­թյունն ու ցույց տալ նրա նոր ձեւերը ամեն օր աշխարհի ցան­կա­ցած կե­­տում:

Ազատությունն ու Ազատա գրումը մեր աշխատանքն են: Այն չի ավարտվում եր­բեք: Թող որ մեր նշանաբանը լինի` ուրեմն չմոռանանք:

 

________________________
* ուռ - նախասկզբնական, ակունքային, այդու` հավերժ:

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am