| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ռեւիզոր|
հրապարակված է 12.12.2011 | ելենա այդինյան
խնդիր, ցուցահանդես եւ բարդ ճանապարհ
Անձնական ազատության վրա հենված մտածողություն եւ միջանձնային սիրո վրա վերակառուցված փորձառություն`...իբրեւ ազատ սեռականություն ձեւավորելու մի ճանապարհ:


Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել մի հետաքրքրական միջոցառում. ԱԺԶ-ում բացվել է Ռեֆլորացիա վերնագրով ցուցահանդես: Վերստեղծված էր բնակարանի ինտերիեր: Պատերին կարելի էր գտնել տեքստեր, որոնք կոչված էին ներկայացնելու այն նախապաշարված վերաբերմունքը, որը հաճախ գոյություն ունի սեքսի նկատմամբ ... ուզում էի գրել “մեզանում”, բայց ամենայն պատասխանատվությամբ չեմ կարող դա պնդել. չափից դուրս քիչ մարդկանց հետ եմ քննարկել այս թեման` որեւէ “վիճակագրություն” առաջարկելու համար: Այն, որ այս թեման քննարկելն ընդունված չէ, կամ, եթե քննարկվում է, ապա քննարկումը պորնոգրաֆիկ բնույթ է ստանում, միանշանակ է: Սակայն, “վերաբերմունքի” մասին խոսելը, կարծում եմ, ավելի բարդ եւ խոր մտորումներ ու հարցուփորձ անել է պահանջում:

Միեւնույն ժամանակ “բնակարանի” պատերին տեղ էին գտել նկարիչ Սեւակ Գրիգորյանի գործերը: Դրանք, իրենց պատկերագրությամբ հիշեցնելով ավստրիացի էքսպրեսիոնիստ Էգոն Շիլեի գրաֆիկական աշխատանքները, հեղինակի խոսքով, այնուամենայնիվ, կոչված են ներկայացնելու սեռական կյանքի գեղագիտական կողմը, սեռական հարաբերությունները որպես անառակություն կամ զուտ կենսաբանական գործընթաց չդիտելու կոչ:

    

Առաջինը, ինչը հիշեցնում էր վերստեղծված ընդհանուր մթնոլորտը, 1980-90թթ. խորհրդային եւ ռուսական մի շարք ֆիլմերն են, որոնք պայմանականորեն ընդունված է միավորել “չեռնուխա” բառի տակ: Այս ֆիլմերում առանցքայինը մարդկային հարաբերություններն են` անախորժ, արատավոր, ճնշող, “սխալ” հարաբերություններ, որոնք ծավալվում են անշուք, աղտոտ, մութ ինտերիերների եւ ոչ պակաս անախորժ փողոցների ֆոնի վրա: Այս թվականներին է ստեղծվել նաեւ մի երգ, որում այս ամենը տեղավորված է շուրջ չորս րոպեների մեջ: Դա Նաուտիլուս Պոմպիլիուս խմբի Հայացք էկրանից երգն է: Առանցքայինն այս երգում այն հակադրությունն է, որը գոյություն ունի երգի հերոսուհու համար` իրական կյանքը (խոսքը հատկապես սեռական հարաբերությունների մասին է) եւ Ալեն Դելոնի կերպարը, որը մարմնավորում է ճշմարիտ սերը: Կարեւորն այն է, որ այս հակադրությունն ինքնին դառնում է երգի հիմքը. “Ալեն Դելոնը” եւ իրական կյանքի նկարագրությունը միասին են կազմում այն անելանելիությունը, որը երգի տեքստը ձգտում է ներկայացնել: “Իդեալական պատկերը” միայն ընդգծում է իրականության դաժանությունն ու նողկանքը:

Ռեֆլորացիա ցուցահանդեսի դեպքում Սեւակ Գրիգորյանի գործերը, որոնք կոչված են ներկայացնելու եթե ոչ իդեալականը, ապա ցանկալին, պատկերներ, որոնք հակադրվում են իրականությանը, համադրողների կողմից չեն մտածվել որպես հակակրանք առաջացնող, ճնշող այդ ընդհանուր մթնոլորտի մի մաս, այլ` որպես դրա հակադրություն: Այս դեպքում ծագում է մի այլ հարց: Ինչպես նշեցի, գործերը հիշեցնում են Շիլեի գրաֆիկան, որը մեր օրերում ընկալվում է որպես գեղագիտական բարձր արժեք ունեցող: Այնուամենայնիվ, Շիլեի գործերին, ինչպես նաեւ նրա կենսագրությանը փոքր-ինչ ծանոթ մեկի մոտ նման “լեզուն” կարեկցանքի պես մի բան է առաջացնում, հիվանդագին ինչ-որ զգացողություն: Սեւակ Գրիգորյանի գործերում նման լեզվի օգտագործումը խանգարում է դիտողին ընկալել համադրողների կողմից մտածված հակադրությունը: Լինելով “քաղքենի” բնակարանի ճնշող մթնոլորտում` գործերը, իհարկե, անհամապատասխանություն են ստեղծում, սակայն առաջին հերթին այն պատճառով, որ նման տեղում նման գործեր չէին կախվի: Այնուամենայնիվ, ընդունելով պայմանականությունը, գործերը, համենայն դեպս, առաջին հայացքից ընկալում ես որպես ինտերիերի եւ տեքստերի աղեկեզ շարունակություն:



Ինչեւէ, ընթերցելով ցուցահանդեսին վերաբերող տեքստը, փորձելով իմաստավորել տեսածդ, հասկանում ես նաեւ սկզբնական մտահղացումը, որն արժեքավոր է արդեն իսկ թեման բարձրացնելու պատճառով: Դիտելով ռեֆլորացիան որպես “անձնական ազատակամ կարգավիճակի վերականգնման մի փորձ”` համադրողները անդրադառնում են մարդկային հարաբերությունների կարեւորագույն դրսեւորումներից մեկում գոյություն ունեցող խնդիրներին: Այս խնդիրները այս կամ այն ձեւով միշտ ծառանում են մարդկանց առջեւ: Ցուցահանդեսի կազմակերպիչները ելք են առաջարկում այս խնդրից. “Անձնական ազատության վրա հենված մտածողություն եւ միջանձնային սիրո վրա վերակառուցված փորձառություն`...իբրեւ ազատ սեռականություն ձեւավորելու մի ճանապարհ”: Ընդունել կամ չընդունել, հետեւել կամ չհետեւել` դիտողի գործն է: Սա մի շատ կարեւոր խնդիր է, որը վերաբերում է յուրաքանչյուրին, սակայն, գուցե, դեպի ելքը տանող ճանապարհը յուրաքանչյուրը պետք է գտնի ինքնուրույն:

 

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am