| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ակտուալ ա|
հրապարակված է 04.12.2011 | մկրտիչ մաթեւոսյան
ապակենտրոնացման նախնական քայլ
...այն օրը, երբ սահմանը կբացվի, Հայաստանի ամենակարեւոր քաղաքը կպարզվի, որ Գյումրին է։ Ես նրանցից եմ, ովքեր մոլեռանդ կերպով հավատում են, որ առնվազն 10 տարուց այդ սահմանը կբացվի, եւ համոզված եմ, որ չնայած վտանգավոր ազդեցություններին, որ կարող է հարուցել սահմանի բացումը, այն կնպաստի Հայաստանի ապաշրջափակմանը եւ նպաստավոր կլինի տնտեսության համար։

- Գիտեմ, որ 88-ից սկսած Հայաստանում լայն գործունեություն ես ծավալել: Երկար տարիներ ինքս ծանոթ եմ քո իրականացրած մշակութային բազմազան ծրագրերին, մի քանիսին էլ մասնակցել եմ: Գիտեմ նաեւ, որ լինելով համեստ, առանձնապես չես սիրում խոսել դրանց մասին, ուստի փորձելու եմ դրդել քեզ մի փոքր պատմել քո եւ քո ծրագրերի, նպատակների մասին:

- Անունս Մանուկ Փամոկջյան է։ Ունեմ երկու ձեռնարկություն, մեկը` Ֆրանսիայում, որը կոչվում է Ֆինեկո Եւրոֆինանսավարում (Fineco Eurofinancement), մյուսն Իտալիայում՝ Ֆինեկո Նորարարություն (Fineco Innovation), որոնք աշխատանքներ են կատարում գիտության ֆինանսավորման ոլորտում։ Երբ 1988թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, անմիջապես գաղափար ծնվեց, որ ուղղակիորեն մարդասիրական օգնությամբ հանդես գալու փոխարեն կարող եմ հանդես գալ տնտեսական եւ արդյունաբերական ոլորտներում։ Մտածեցի, որ կարելի է այստեղ բերել ֆրանսիական ձեռնարկությունների պատվիրակություններ, ֆրանսիական բանկեր, խորհրդատվական ընկերություններ, սպասարկման եւ արդյունաբերության ոլորտի տարբեր ընկերություններ։ Ինձ հաջողվեց կատարել մի շարք տեխնոլոգիաների փոխանցում, մասնավորապես լազերային ոլորտում, իսկ առանձնահատուկությունն այն էր, որ փոխանցումը կատարվում էր Հայաստանից Եւրոպա եւ ոչ հակառակը։ Մոտ տասը տարի վստահ էի, որ կարող ենք իրականացնել այս աշխատանքը, սակայն շուտով հասկացա, որ շատ դժվար է, եւ մասնավորապես ֆրանսիական սփյուռքը չի կարող տնտեսական ոլորտում արդյունավետ համագործակցություն դրսեւորել։ Այսպիսով, շատ արագ սկսեցի այլ գործունեության ոլորտներ փնտրել եւ, իմ կարծիքով, դրանք երկուսն են. ջանքեր գործադրել աջակցելու ապագա էլիտայի կայացմանը, այսինքն` կրթություն, իսկ երկրորդը` մշակույթ։ Ինչո՞ւ: Նախ` որովհետեւ այս երկու ոլորտները, եթե չեմ սխալվում, մենաշնորհի վտանգի տակ չեն, ինչը ներկայումս տիրում է Հայաստանում, եւ, ամենակարեւորը, որ դրանք են ապագայի երաշխիքները:

- Առաջին կոնկրետ գործողությունը, եթե չեմ սխալվում, դեռ 1990 –ին, այսինքն անկախությունից առաջ, որ իրականացրեցիր Հայաստանում, Երեւանի ազգային պատկերասրահի գունազարդ անդրանիկ կատալոգի հրատարակումն էր…

- Այո: Այնուհետեւ ես հասկացա, թե մի շարք հայ մտավորականներ ու արվեստագետներ որքան հուսալքված ու անհույս վիճակում էին գտնվում Հայաստանում տիրող իրավիճակից` խոսքի ազատության առումով։ Եւ այսօր իմ եւ իմ ընտանիքի հիմնական մոտիվացիան իմ երկու ձեռնարկությունների միջոցով սատարելն է գրողներին, նկարիչներին, լուսանկարիչներին, թատերական գործիչներին, մշակութային հաստատություններին, ինչպիսին օրինակ ՆՓԱԿ-ն է, եւ այլն։ Երկրորդ նախագիծը, որ ես իրականացրեցի մեծ մաթեմատիկոս Թոմաս Թոմասյանի ֆրանսերեն-հայերեն մաթեմատիկական բառարանի հրատարակումն էր: Այս պահին հաճույքով կարող եմ հայտնել, որ բառարանը, որի վրա մոտ չորս տարի աշխատել ենք Ֆրանսիայում` այն Փարիզում հրատարակելու համար, եւ որն ընդգրկում է հայերեն ու ֆրանսերեն մոտ 40000 մաթեմատիկական տերմին, շուտով լույս կտեսնի։ Կարեւոր էր ինձ համար իմ ընկեր Մկրտիչ Մաթեւոսյանի հետ հանդիպումը։ Նրա ակտուալ արվեստի նախագծին ես ծանոթացա Դիում` Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտում տեղի ունեցող Արեւելք-Արեւմուտք փառատոնում։ Զարմացած էի նրա լայն մտահորիզոնով` ընդգրկելով հայ, վրացի եւ ադրբեջանցի արվեստագետների` միասին աշխատելու եւ իրականացնելու մի ընդհանուր նախագիծ։ Սա ինձ հաճելի կերպով զարմացրեց եւ արդեն մի քանի տարի է սատարում եմ ակտուալ արվեստի կողմից իրականացվող ծրագրերի աշխատանքներին։

 
 

Միեւնույն ժամանակ կյանքումս մեկ այլ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ. Հրանտ Դինքի սպանությունն էր ու այն ամենը, ինչը հետեւեց դրան։ Այդ պահին ես հասկացա, որ մի նոր ճանապարհ էր բացվում, որը թույլ կտար երեւակայել մի համագործակցություն իսկական դեմոկրատ թուրքերի, հայ սփյուռքի, մասնավորապես Ֆրանսիայի հայ սփյուռքի ու հայաստանցիների միջեւ։





Մեկ այլ կարեւոր հանդիպում ունեցա. դա Անտոնիո Մոնտալդոն էր՝ Իտալիայի պատվո հյուպատոսը Երեւանում։ Անտոնիոն Հայաստան էր եկել երկրաշարժից հետո իր հասարակական կազմակերպության ծրագրով եւ մնացել Հայաստանում` ծավալելով բուռն գործունեություն։ Ես նրան միացա Գյումրիում եւրոպական մշակութային կենտրոն ստեղծելու նախագծում։ Եւ այս պահին կարող եմ ասել, որ մոտ քսան ծրագրերից, որոնք ես ղեկավարում եմ Ֆրանսիայում, Թուրքիայում ու Հայաստանում, Գյումրիի ծրագիրն ամենակարեւորն է։ Երեք հիմնական պատճառ ունեմ Գյումրիում Անտոնիոյի ծրագրին միանալու համար։ Առաջինը, որի մասին խոսեցի կենտրոնի բացման իմ ելույթի ժամանակ, այն է, որ Սփյուռքի, Համաշխարհային բանկի ու Եւրոպայի կողմից կատարվող միջազգային դրամական ներդրումների 98%-ը գալիս ու կանգ են առնում Երեւանում։ Հետեւաբար, շատ կարեւոր է նախաձեռնել ապակենտրոնացման մի նախնական քայլ` մշակութային եւ տնտեսական ոլորտներում միաժամանակ։ Այստեղ մի երկրորդ կողմ էլ կա` Գյումրիի ճարտարապետության առանձնահատուկ համատեքստը։ Ճիշտ այս նույն ճարտարապետությունը կարելի է տեսնել հայկական մեկ այլ քաղաքում՝ Կարսում։ Երրորդ պատճառն, իհարկե, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող քաղաքական ու տնտեսական համատեքստն է. այն օրը, երբ սահմանը կբացվի, Հայաստանի ամենակարեւոր քաղաքը կպարզվի, որ Գյումրին է։ Ես նրանցից եմ, ովքեր մոլեռանդ կերպով հավատում են, որ առնվազն 10 տարուց այդ սահմանը կբացվի, եւ համոզված եմ, որ չնայած վտանգավոր ազդեցություններին, որ կարող է հարուցել սահմանի բացումը, այն կնպաստի Հայաստանի ապաշրջափակմանը եւ նպաստավոր կլինի տնտեսության համար։ Ակնհայտ է, որ այս իրավիճակից կտուժեն սոսկ հայ օլիգարխները:

Այժմ նորից անդրադառնամ Ֆինեկոի, իմ ընտանիքի եւ Մոնտալդոյի հետ Գյումրիի համատեղ ծրագրերին: Դրանք երեքն են: Հոկտեմբերի 25-ին Գյումրիի ամենագեղեցիկ առանձնատանը արեցինք Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոնի բացումը: Գնել ենք այդ տունն ու հիմնովին վերանորոգել. ի դեպ, վերանորոգման աշխատանքները դեռեւս շարունակվում են:
Գյումրիի միջազգային այս կենտրոնը կլինի ողջ աշխարհի ուսանողների ու արվեստագետների հյուրընկալման վայր: Այն կունենա երկու ուղղվածություն. մի կողմից կծառայի որպես հյուրատուն ուսանողների համար (շատ ցածր գներով), իսկ մյուս կողմից կիրականացնի տարաբնույթ մշակութային իրադարձություններ, համաժողովներ... Ի դեպ, պաշտոնական բացման ժամանակ ինձ քաջալերեցին ու շնորհակալություն հայտնեցին Գերմանիայի, Անգլիայի ու Շվեյցարիայի դեսպանները:




Գյումրիի հետ կապված երկրորդ նախագիծը Եւրոպական մշակութային կենտրոնն է: Այս ծրագրի շրջանակներում Անտոնիո Մոնտալդոն նույնպես ձեռք է բերել 1800-ական թթ. հին կառույցներ, որոնք այժմ վերանորոգման փուլում են: Այստեղ պետք է կազմակերպվեն ցուցադրություններ, համաժողովներ եւ այլն: Այն կունենա գրադարան, ցուցասրահ, խեցեգործական արհեստանոց, հյուրասենյակներ, կիբերսրճարան եւ ռեստորան:

Երրորդ նախագիծը. գնել ենք Գյումրիի հին խաշարանի շենքը, որն ամբողջովին քանդված է, անգամ տանիք չունի: Այդտեղ պետք է լինի ձեռագործ գորգերի արտադրության եւ խեցեգործական մի իսկական գործարան: Այս ծրագրի շրջանակներում կստեղծենք մոտ քառասուն աշխատատեղ, մոտ քսան աշխատատեղ էլ կստեղծվի Եւրոպական մշակութային կենտրոնի ու հյուրատների շրջանակներում, այսինքն, այս երեք նախագծերի իրականացման արդյունքում ընդհանուր առմամբ կստեղծվեն մոտ վաթսուն աշխատատեղեր:

Ամփոփեմ: Բացի ապակենտրոնացումից շատ կարեւոր է աստիճանաբար կարողանալ Գյումրու եւ Ստամբուլի մշակութային կենտրոնի (որին նույնպես ֆինանսապես աջակցում եմ), եւ Ֆրանսիայի հայկական սփյուռքի միջեւ համագործակցություն հաստատել։ Այսինքն, եռակողմ հարաբերություններ` Թուրքիա, Ֆրանսիա եւ Հայաստան։ Այս տարբեր միջոցառումների հիմնական գործընկերները կլինեն մի շարք թուրք դեմոկրատ մտավորականներ, ինչպես օրինակ` Օսման Կավալան, ով Անադոլու-Կուլտուր հկ-ի հիմնադիրն է, Երեւանից կլինեն, բնականաբար, իմ ընկեր Մկրտիչ Մաթեւոսյանը, ՆՓԱԿ-ի տնօրեն Էդվարդ Բալասանյանը եւ շատ ուրիշներ, ում անունները առայժմ չեմ թվի: Եւ կան Ֆրանսիայի բազմաթիվ հայ արվեստագետներ` նկարիչներ, կինոգործիչներ, գրողներ, երաժիշտներ, ովքեր պատրաստ են գալ Գյումրի։ Եւ հակառակը, ես հավակնություն ունեմ Գյումրիի արվեստագետներին էլ տանել Ստամբուլ եւ Ֆրանսիա։

Կան նաեւ տնտեսական ուղղվածություն ունեցող մի շարք այլ ծրագրեր, որոնց մասին հիմա չեմ խոսի, քանի որ մեր խոսակցության թեման այլ է։

Եզրափակեմ տեղեկացնելով, որ որոշել եմ 2012թ. ստեղծել իմ սեփական ընտանեկան հիմնադրամը, որը կկոչվի Prunus Armeniaca։ Այն կոչված կլինի միավորել տարբեր բարերարների ֆինանսական միջոցները, ֆրանսիական եւ եւրոպական պետական օժանդակությունները, որպեսզի ավելի արդյունավետ գործենք թվարկածս ծրագրերի շրջանակներում։

– Շնորհակալություն, Մանուկ: Քո օպտիմիզմը վարակիչ է, սակայն լսելով քեզ` տպավորություն է ստեղծվում, որ մի քանի տարուց Հայաստանը Նյու-Վասյուկի է դառնալու... Մի՞թե չկան խոչընդոտներ այս դրախտին հասնելու ճանապարհին: Ու քանի որ մեր կայքը քննադատական է, մի փոքր քննադատություն ներարկենք. կխնդրեի ասել, թե ի՞նչն է խոչընդոտում, ի՞նչն է այսօր խանգարում, որ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն... Ես նկատի չունեմ քաղաքական պատճառները, դրանք պարզ են, այլ գուցե հոգեբանական, մշակութային, մարդկային…

– Դու ինձ մի հարց ուղղեցիր, որը կարծես կատակ լինի, քանի որ պատասխանիս կարիքը չունես... Ամբողջ աշխարհի սփյուռքի մեծ մասը, նաեւ օտարները համոզված են, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը կաշառակերությունն է։ Եւ որպեսզի պարզաբանեմ միտքս, բերեմ կոնկրետ օրինակ. չի կարելի ասել, որ Վրաստանն ավելի ժողովրդավար է, քան Հայաստանը, սակայն նա կաշառակերության խնդիրը լուծել է։ Այս է թիվ մեկ խնդիրը, բայց կան, անշուշտ, նաեւ մշակութային, հոգեբանական խնդիրներ, որոնք կապված են Հայաստանի ու Սովետական միության 70 տարիներից ժառանգած մտածողության հետ։



 

|
 
թարմ նյութեր
Orange գրքի մրցանակ 2012
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am