| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|ռեւիզոր|
հրապարակված է 10.08.2011 | վարդան ազատյան
խմբագրականի փոխարեն
«Երբ Կապիտալի առաջին թարգմանչին, ազնիվ սովետական դասախոսին քննիչները ծեծի են քաշել, դասախոսը փորձել է ուշքի բերել իր նախկին ուսանողներին, դիմելով նրանց զգաստացնող խոսքերով: - Ի՞նչ եք անում, տղաներ, ինչու՞ հեռու չեք նայում, ախր, պատմություն կա, պատասխանատվություն կա... - Քննիչներից մեկը ծխախոտը հանգցրել է՝ սեղմելով իր պրոֆեսորի ճակատին եւ ասել: - Քանի մենք կանք, պատմություն չի լինի, իսկ երբ պատմությունը լինի, մենք չենք լինի:»
Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երկերի ժողովածու, հ. 5 Երեւան, Խորհրդային գրող, 1989, էջ 174-175:

 

ռեւիզոր-ը վերանայումը գործադրում է որպես քննադատություն: Ինչպես ասվում էր հինգ տարի առաջ հղացած ռեւիզոր արվեստի պատմության օնլայն հանդեսի խմբագրականում. «ուժեղի («բաշարող, անողի») գերիշխանությունը հաստատվում է պատմության և, հետևաբար, կենդանի հիշողության չեզոքացման հաշվին»: Վերանայումը քննադատաբար վերհիշելու արարք է, որը որոշեցինք իրականացնել ոչ թե խմբագրականի տեսքով, այլ ուղղակիորեն: Բառիս բուն իմաստով «խմբագրականի փոխարեն» վերահրատարակում ենք մարքսիստ բանասեր, տնտեսագետ եւ թարգմանիչ Թադեւոս Ավդալբեգյանի Առաջին գաղափարական ավազակը հայոց մեջ փոքրիկ հոդվածը, որը ամբողջությամբ ծրարում է ռեւիզոր-ի օրակարգը:

 



Թադեւոս Ավդալբեգյան
Առաջին գաղափարական ավազակը հայոց մեջ Մերկե-Կուլաբի Տեր-Մզրախ 1791-1792թթ.


Պետք է տարբերակել գաղափարական ավազակին ավազակ գաղափարականից:

Ավազակ գաղափարականը ձեւանում է, թե ծառայում է գաղափարին, մինչդեռ իրոք սոսկ կողոպտիչ է: Նա իդեալի դասալիքն է՝ վարագուրված կեղծ բարեմասնություններով, ծայրահեղ եսասեր ու հնարագետ ճիզվիտ՝ բազմազան կերպարանափոխություններով:

Գաղափարական ավազակն, ընդհակառակը, խանգարում է հասարակական անդորրությունը եւ ոտնատակ տալիս տիրող օրենքները գաղափարական նպատակով: Այս տիպն իդեալի մարտիկն է, թեեւ կռվի ու բողոքի ժամանակակից ձեւերին չի հետեւում. նա գործում է լոկ ազգասիրությունից դրդված եւ հանդես գալիս իբրեւ ասպետ առանց վարագուրվելու:

 

Ավազակ գաղափարականությունը հատուկ է բոլոր ժամանակներին. չի հնանում, այլ միշտ ժամանակակից է, հանդես է գալիս ամեն դարում, թեեւ տարբեր անուններով: Մեր հասարակության պատմության վերջին տարիները, հատկապես համաշխարհային պատերազմի տարիներն ու մանավանդ Հայաստանի հանրապետության առաջին տարին ավազակ գաղափարականության ոսկեդար կարելի է համարել, ոսկեդար, երբ, ինչպես ասել է մեկը, «ումը ձեռք գցեցինք, գող դուրս եկավ»:

Սրան հակառակ` գաղափարական ավազակությունն անցած երեւույթ է եւ հատուկ չէ հասարակաության զարգացման բոլոր աստիճաններին: Գաղափարական ավազակը հանդես է գալիս այն շրջանում, երբ ժողովրդական ինքնագիտակցությունը քնած է, չկա կազմակերպված լայն պայքար հանուն ոտնահարված իրավունքի ու շահագործվող բազմության, չկան քաղաքական-հասարակական հոսանքներ ու կուսակցություններ: Այս տիպը հնազանդության ծովի մեջ բողոքի ու ըմբոստության առաջին ու միայնակ ճիչն է: Սա չի գտել գործունեության նոր ձեւ, այլ տակավին խարխափում է կռվի, պայքարի ու բողոքի հին ձեւերի շրջանակներում:

Համաշարհային գեղարվեստական գրականության մեջ ավազակ գաղափարականի տիպերը բազմաթիվ են, իսկ գաղափարական ավազակի ամենահայտնի պատկերացումը տեսնում ենք Շիլլերի Ավազակներ-ի մեջ: Հայոց գրականության մեջ ավազակ գաղափարականության հոսանքներից ամենահռչակվածը Րաֆֆու քավոր Պետրոսն է (Խաչագողի հիշատակարանը), իսկ գաղափարական ավազակի տիպը մարմնավորված է նույն վիպասանի Սարհատի խմբի հերոսների կերպարանքով (Ջալալեդդին), մի խումբ, որ ճնշված ժողովրդի դիմադրական ուժի դեռեւս անկատար արտահայտությունն է ցուցահանում:
........................................
Հայ իրականության մեջ հանդես եկած առաջին գաղափարական ավազակի մասին տեղեկություններ է տալիս Հարություն Աստվածատրյան Արարատյանը իր Жизнь Артемия Араратского ինքնակենսագրության մեջ, որ լույս է տեսել Պետերբուրգում 1813 թվին եւ հայերեն թարգմանվել միայն 80 տարի հետո, 1892 թվին Պերճ Պռոշյանի ձեռքով: Արարատյանը առաջին հայ գաղափարական ավազակի ժամանակակիցն է, պատանի հասակում տեսել է նրան Վաղարշապատում 1791-1792 թվականին եւ բարերարվել նրանից: Թողնելով հիշյալ գրքից այն էջերը, որոնք վերաբերում են գաղափարական ավազակին հանդիպելու ու նրանից բարերարվելու հետաքրքրական հանգամանքներին, մեջ ենք բերում միայն այն հատվածները, որոնք անմիջաբար վերաբերում են մեր նյութին:
Ահա Արարատյանի պատմածը բառացի:

«… Մեր գյուղումն (Վաղարշապատում - Թ. Ա.) սկսեցին խոսել, թե Մերկե-Կուլաբի քահանան յուր գյուղից հեռացել է, եւ թե պատահած ժամանակը հարկավոր է նրանից երկյուղ քաշել: Արդեն հայտնի էր, որ տերտերն ավազակությամբ էր պարապում… Մզրախ մականունով: Մզրախ նշանակում է տեգ, որը տերտերը կրում էր ձեռքին: Ճիշտ է, Մզրախն երբեմնապես պարապում էր ավազակությամբ, միայն նա ուրիշներից նրանով էր տարբերվում, որ ինքը լինելով խիստ տաք, կրակոտ եւ բարկացկոտ, մի տեսակ էլ վրեժխնդիր բնավորության տեր մարդ, նա ավազակությունով առնում էր հարուստներից աղքատների վրեժը այսպես.- որքան ձեռքից գալիս էր, հարուստներից խլում էր, տալիս աղքատներին, կարծես այսպիսով վերադարձնում էր աղքատներին իրենց սեփականությունը, որ հարուստները յուրացրել էին: Մերկե-Կուլաբցիք դառն աղքատ ժողովուրդ էին եւ միայն իրենց քահանայիցն էին ամենատեսակ օգնություն ստանում: Եթե քահանան ճանապարհներին պատահում էր խեղճ մարդի, նա նրան տանում էր ճանապարհ դնում մինչեւ անվտանգ տեղ եւ եթե տեղեկանում էր, որ այդ մարդը աղքատ է, կարիք ունի, օգնում էր նրան, որքան յուր հանգամանքները ներում էին: Իսկ ինքը տերտերը կողպտված ավարից ոչինչ չէր վերցնում, բոլորն ուրիշներին էր բաժանում, այնքան լիներ, մի խեղճ մարդ պատահեր: Շատ գյուղերի աղքատ ընտանիքները օրհնում էին քահանայի կյանքը յուր արած բարերարության համար»:*

_______________________
*Վաղարշապատցի Հարություն Արարատյանի կյանքը, թարգմանեց ռուսերենից Պ. Պ., Թիֆլիս, 1892, էջ 63-67: Մերկե-Կուլաբ գյուղը, որ այժմ կոչվում է պարզապես Կուլաբ, գտնվում է Երեւանի նահանգի Սուրմալու գավառում: Պռոշյանը կարծում է, որ գյուղի անունը Մերկե-Կուլաբ չպիտի լինի, այլ Ներքի կամ Ներքին Կուլաբ: Այս սխալ է: Գյուղը կոչվում է Մերկե-Կուլաբ, որ քրդերեն նշանակում է մարգագետիններով առատ (չիմանով) Կուլաբ:

Այս հատվածները ցույց են տալիս, որ առաջին գաղափարական հայ ավազակը գիտակցում էր սոցիալական անհավասարության անարդարությունը եւ յուրովի կռվում նրա դեմ: Սակայն շարունակության մեջ տեսնում ենք, որ նրա միտքն ամուր կաշկանդված է կրոնի կապանքներով. մի կողմից նա ուժով պաշտպանում է ճնշվածներին ու հարստահարվածներին, մյուս կողմից այս բանը մեղք է համարում եւ արտասուք թափելով ապաշխարում:

«Հայոց եկեղեցական օրենքին համաձայն, - պատմում է Արարտյանը, - պատարագիչ քահանան պարտական է յուր մեղքերը խոստովանել ուրիշ քահանայի: Պատահում էր, որ եթե Մզրախն ուզում էր խոստովանել, քահանաներից մի քանիսն անարգում էին նրա վարմունքը եւ հրաժարվում էին խոստովանեցնելուց: Մզրախը նրանց երկյուղ տալով ստիպում էր, որ իրան խոստովանեցնեն եւ վրեժխնդիր լինելու սպառնալիքով հարկադրում էր իրան թողություն տալ: Որքան եւ խորթ է թվում մեզ նրա արաքը, բայց Մզրախն այնպիսի կատարյալ զղջմամբ եւ այնքան վշտաբեկ սրտով էր մեղքերը քավում, որ նրա հոգու անկեղծությունն իր թափած դառը արտասուքների հետ պարզ արտափայլում էր: Այս բանը միաձայն վկայում էին նրա խոստովանեցնող բոլոր քահանաները` չնայելով, որ շատերը Մզրախին յուր կոպիտ բնավորության եւ կամայականության պատճառով չէին սիրում»:

Չափազանց ուսանելի է պատմաբանի ու ամեն ընթերցողի համար հիշել, թե մեր աշխարհի կենտրոնում, Արարատյան դաշտում առաջին գաղափարական հայ ավազակի գործերը որ թվականներին են կատարվում:

1791-1792 թվականին, առաջ եւ հետո:

Ի՞նչ թվականներ են սրանք Ֆրանսիայի պատմության մեջ:

- Ֆրանսիական առաջին հեղափոխության աշխարհացունց տարիներն են:

Այնտեղ` հեղափոխություն, դասակարգային կռիվ, քաղաքացիական պատերազմ, ըմբոստացած մասսա, ծածանվող կարմիր դրոշակ, ծխացող բարիկադներ ու մարսելյոզ:

Այստեղ, մեզանում, պարսիկ խաների ու ֆառաշների տիրապետություն. հայ հոգեւորական ու աշխարհիկ բռունցքների անողորմ հարստահարություն, անշշունջ տառապող բազմություն, խունկ ու կնդրուկ, աղոթքներ, աղոթքներ ու անվերջ աղոթքներ...

Այնտեղ՝ Միրաբո, Դանտոն, Ռոբեսպիեր, Մարա~տ:

Այստեղ, մեզանում... Մերկե-Կուլաբի միայնակ Տեր-Մզրախ...

1919թ. ապրիլ, Երեւան

|
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am