| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
|եւ|
հրապարակված է 06.08.2011 | սիրանուշ դ'վոյան
սովետական կարգեր + ամերիկանիզմ (Եղիշե Չարենցի նամակը)
Եղիշե Չարենցի այս նամակն ուղղված է Մամիկոն Գեւորգյանին, ով Նորք հանդեսի պատասխանատու քարտուղարն էր այդ տարիներին, պատմաբան, Նորք հանդեսի խմբագիր Աշոտ Հովհաննիսյանի գաղափարակիցը:

Վերջինիս հորդորներով էլ Չարենցը սկսել է գրել Երկիր Նայիրի վեպը, որը երեք մասերով տպագրվել է Նորք հանդեսում: Բացի նրանից, որ նամակը շատ թանկ տեղեկություններ է տալիս վեպի երկու գլուխներից հետո երրորդին չանցնելու մասին, չափազանց հետաքրքիր է մեկ այլ բան, այն, որ Չարենցը 1924թ. սկզբին, մինչեւ Ստանդարտի հրատարակությունը, մտքում ունեցել է ապագա գրականության բանաձեւ-մոդել, որը ձեւակերպում է որպես սովետական կարգեր +ամերիկանիզմ. տարօրինակ ու հետաքրքիր կամրջում, որը դեռեւս խոսակցության նյութ չի դարձել երբեւէ: Այս նամակից երեք ամիս հետո հրատարակվում է Ստանդարտի եզակի համարը, իսկ ամռանը Չարենցն այնուամենայնիվ ավարտում է վեպը: 1925թ. Չարենցը Եւրոպայում ճամփորդելիս միտք է ունեցել գրել նոր վեպ, "որի մեջ [պիտի] պատկերանա այժմյան արտասահմանը` մեր տեսակետից" (1925-ի հունվարի 8-ին Պոլսից Ալեքսանդր Մյասնիկյանին գրած նամակում): Իսկ Եւրոպայում, ըստ այդ նամակի, "շրջում է ոչ թե «կոմունիզմի ուրվականը", ինչպես ընդունված է ասել, այլ-կոմունիզմի սարսափը" եւ "...ես շրջում եմ այստեղ, դիտում եմ «տիեզերական բուրժուայի» կյանքը եւ սիրտս ուռչում է հպարտությունից, որ բոլշեւիկ եմ, կոմունիստ, լենինյան կազմակերպության անդամ": Որեւէ այլ վեպ կամ վիպային մոտեցումով գործ Չարենցը երբեւէ չի գրում, բացի պոեմներից: Ներկայացվող նամակը վկայում է մի բան, որ հետագա տարիներին Չարենցը հեռանում է իր մտքում մշուշոտ ուրվագծվող մոդելից` վերադառնալով դասականությանը: Մյուս կողմից, թերեւս այս մոդելով էր Չարենցի համար պատկերացնելի նոր իրականության հիմնումը, անշուշտ նկատի ունենք վիպային իրականությունը, մի բան, որը երբեւէ չեղավ: Արդյունքո՞ւմ. հետագա տարիներին եկող գրություններով բացվում է նոր իրականության բացակայության խորխորատը: Այս նամակն, ըստ էության, առաջին վկայությունն է հիմնումի փոխարեն Չարենցի մտքում բացված "բաց տարածության": Մինչդեռ այսօր այդ "բաց տարածությունը" ընթեռնելի է արդյո՞ք որպես մաքրված տարածություն...
Նամակը հրատարակված է Եղիշե Չարենցի երկերի վեցհատորյակում, հ. 6, 1967թ., էջ 403-406:
Ս.Դ.


Սիրելի Մամիկոն,
Մի՞թե վիճակված է վերուստ ինձ, թափառականիս, այնպես էլ «անլուր» մնալ, այդտեղի կյանքին անհաղորդ, եւ ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է այդ բանում մեղավոր, քան ինքը Մամգուն իշխանը, որից ես մի «записка» եմ ստացել միայն 9 պունկտից, որոնցից ամեն մեկը մի մեծ նամակի նյութ է, իսկ ամենավերջինը («Մի երկար նամակ գրել»)- հույս ու ավետում!
Օ, սիրելի Մամգուն, հայտնում եմ քեզ հենց էս գլխից, որ ես, Հայաստանից դուրս գալուս օրից, եւ ոչ մի նամակ չեմ ստացել որեւէ մեկից, եւ ոչ ոքի չեմ գրել (ի բաց առյալ քեզ գրած նամակս). հասկանալի թող լինի ուրեմն քեզ, իշխանիդ, թե որքան ուրախություն կարող է պատճառել ինձ, պոետիս, քո գրությունը, որը (a priori կարելի է ասել) այնքան հետաքրքիր բաներ պիտի որ պարունակե իր մեջ: Օ, սիրելի Մամգուն, լսի՛ր թախանձանքներիս եւ գրիր. գրիր քո մասին, Պետթատրոնի մասին, «Նորքի» մասին, գրական անցուդարձի մասին,- մի խոսքով – ինչի մասին որ կուզես,- եւ, վկա է էս գրիչս, որ քո էդ ըղձալի նամակի ամեն մի բառի համար հազարապատիկը կվարձատրի քեզ ալլահը, կամ, կուզե՞ս, նույնիսկ ես – նամակներով, գրքերով, ինչով կուզես!!
Ամենից առաջ «Նորքը»: Ի՞նչ է անում: Լույս կտեսնի՞, թե ոչ: Շատ հետաքրքիր կլիներ իմանալ բովանդակությունը: Հետո – Պետթատրոնը: Ի՞նչ ծրագիրներ ունի: Գրել էիր, որ դեկտեմբեր ամսին կխաղացվի իմ «Կապկազը». հօ՞դս ցնդեց արդյոք, թե դեռ լույս աշխարհ չի տեսել: Ի՞նչ են անում այդտեղ գրականները. հետաքրքիր է քո կարծիքը մեր արդի գրական իրականության մասին: Այստեղ է ընկ. Կարինյանը. նրա ասելով - ամայություն է, մեռյալ կետ, սպիտակ նիրվանա:
Եթե քեզ հետաքրքրում է իմ, նվաստիս, կյանքը, ապա պիտի ասեմ, որ ես երբեք այնքան ամուլ չեմ եղել, որքան հիմա: Չգիտեմ – կրիզի՞ս է, թե վերջ: Ոչ մի հատիկ թեմա, կամ թեմայանման մի բան չի պղտորում երեւակայությանս ջինջ մաքրությունը, ներողություն - դատարկությունը! Անամպ երկինք է հիմա երեւակայությունս, անարեգակ խավար: Պատճառը ես գիտեմ: Կուզե՞ս – քեզ էլ կասեմ, բայց ոչ ոքի չասես: Անցյալ ձմեռվա ընթացքում Երեւանը մի հսկայական գործ կատարեց իմ հոգեկան զարգացման զիգզագանման ուղիում. այն է` արմատախիլ արեց իմ մեջ այն ամենը, որ նայիրյան էր, ռոմանտիկ, տեղական: Ոնց որ կավիճով գրված էր էդ բոլորը իմ հոգու տախտակի վրա - Եվ ահա ճակատագրական մի ձեռք օրերի սպունգով սրբեց այդ ամենը մի ձմեռ – ու տեղը թողեց - բաց տարածություն: Շատ ուրախ եմ: Ինձ ավելի քան երեխայացնում էր այդ ռոմանտիզմը: Շնորհակալ եմ 1923 թվի Երեւանից: Բայց բանը նրանումն է, որ վերոհիշյալ «բաց տարածությունը» դեռ չի բեղմնավորվել! Եւ կբեղմնավորվի՞ արդյոք, եւ ինչո՞վ, եւ ե՞րբ - անհայտ է ինձ, պոետիս,- բայց մի բան ես զգում եմ, պարզ է ինձ համար. ինչով էլ որ բեղմնավորվի սրանից հետո իմ նայիրյան ռոմանտիզմից ազատագրված հոգին - բերքը ավելի բարձր, ավելի-ավելի լիքը ու հասուն կլինի, քան առաջվանը. ռոմանտիզմը, ինչ գույնի էլ նա լինի, մանկական է, երեխայական հասակը բնորոշող, ինչպես կրոնը մարդկային հասարակությունների զարգացման մեջ, - կամ ընդհակառակը` ծերության, մայրամուտային գոյավիճակի արգասիք է (որ վերջին հաշվով միեւնույնն է. երեխան եւ ծերուկը քչով են տարբերվում իրենց հոգեկանում) - ուրեմն, սիրելի Մամգուն, կեցցե կոնկրետ, պոզիտիվ վերաբերմունքը դեպի կյանքը,- մի վերաբերմունք, որ լուրջ է, ինչպես հարկ է լինել ամեն մի հասակն առած մարդու - եթե միայն այդ մարդը առողջ է ու կենսունակ եւ իրեն կապված է զգում վերելքի ճանապարհին գտնվող, հաղթող դասակարգին:
Ասածներիցս պարզ պիտի լինի, թե ինչու ես չեմ կարող շարունակել «Երկիր Նայիրին». նրա ժամանակն անցավ: Ես օրգանապես արդեն հեռու եմ այդ ամենից - եւ իմ առաջ հիմա, դեռեւս մշուշանման, ուրվագծվում է մեր, մարդկային, համամարդկային այսօրվա կոնկրետ կերպարանքը եւ ապագա կենցաղը (սովետական կարգեր +ամերիկանիզմ) - այդտեղ է ահա, որ նոր հյութեր պիտի գան, եթե միայն նրան վիճակված է գտնել - իմ ստեղծագործական կարողությունը:
...............................................................
Չարենց Էսպես: Սրանով վերջացնենք: Մոսկվայում ձանձրացել եմ, բայց Հայաստան չեմ ուզում գալ. կուզեի գնալ Եվրոպա, գնալ Ամերիկա. գոնե աչքերով հաղորդակից լինել այն կուլտուրային, որի անունն է մաշինիզմ եւ տեխնիցիզմ – որի մասին այնքան անճարակ երեխայություններ է գրում Леф-ը,- եւ այնքան հանճարեղ – Ուելսը:
Բայց թուղթս վերջացավ: Օ, սիրելի Մամգուն - գրի՛ր: Եթե այս նամակս էլ անպատասխան մնաց – կմնա այս մի հատիկ տրադիցիան էլ կտրել Երկիր Նայիրիի հետ. չգրել անգամ մի նայիրցու - եւ պատասխան չսպասել:
Հասցես, որ չասես թե չգիտեի. Москва, Армянск. пер., д. N 2, Д. К. С. А., Егише Чаренцу.
Բարեւներ ինձանից ու Արփիկից:
Քո` Չարենց
Մոսկվա, 1924, 8, II















© սույն նյութն արտատպելիս հեղինակի համաձայնությունը պարտադիր է

|
 
թարմ նյութեր
Arian AMU
Eurasia Partner
| ակտուալ ա | ռեւիզոր | եւ | բադաբադա՞ | մառան |
Փրինթինֆո Fineco The World Bank ակտուալ արվեստ
<հայ գրքի կենտրոն> մշակութային միություն | հեռ. +374 10 541 285, e-mail:arteria@arteria.am