|ակտուալ ա|
հրապարակված է 27.07.2017 | ա-ակտուալ արվեստ |
webstiarum
Այլեւս ինստիտուտ, այն էլ Աշոտ Հովհաննիսյանի անվան, այն էլ հումանիտար հետազոտությունների: Եվ այդուհետ ինձ վիճակված է բնակվել հանրային ոլորտում...


հրատարակվում է Աշոտ Հովհաննիսյանի ծննդյան 130-ամյակի կապակցությամբ


 

հարցազրույց Հովհաննիսյան ինստիտուտի անփոփոխ անդամ Վեբսի /Վեբեր/ հետ

 

մմ. օրեր առաջ մամուլից տեղեկացանք ձեր ծննդյան տոնակատարության մասին Հովհաննիսյան ինստիտուտում...զուտ անտեղյակ ընթերցողի համար` ինչո՞ւ Վեբս:



վվ. Փոքր ժամանակս /պատմում է Վարդան Ազատյանը՝ իմ... /այստեղ հարկ եմ համարում տալ բացատրություն. իմ տերը, իմ՝ հայրը, կուզենայի ասել իմ հոգեւոր հայրը, բայց կանխատեսելով իր խոժոռումը, կասեմ՝ մեծ Ընկերս, (թեեւ ճակատագրի հեգնանքով տարիների բերումով ես հիմա, առաջ ընկնելով իրենից, իր կրկնակի տարիքին եմ, սակայն, հասկանում եք, որ մեծը բոլոր դեպքերում տարիքային իմաստով չէր ասված), ուստի հետագայում կթողնեմ միայն Ընկերը/ ուրեմն, երբ ծնողներս տեսան ինձ մանկատանը առաջին անգամ, Վեբեր կամ Վագներ անուններն իսկույն մտքներով անցան, քանի որ, ըստ իրենց, վերջիններս մի տեսակ շատ էին նման ինձ...այդպես կանգնեցին Վեբերի վրա, ինչն իհարկե հղում է Մաքս Վեբերին ու էլի լիքը ուրիշ վեբերների...կարող եք համոզվել..հաֆ...


| երկու վեբեր իրար կից...|

մմ. իսկ ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս հայտնվեցիք Հովհաննիսյան ինստիտուտում:

վվ. Գնահատում եմ ձեր հումորը. անտեղյակ ընթերցողի համար եք ասում երեւի... Իրականում ճիշտ հակառակն է տեղի ունեցել՝ ինստիտուտը եկավ ինձ մոտ... ապրում էինք Ընկերոջս հետ երկուսով մեր տանը՝ անհոգ /թեեւ՝ միապաղաղ/. հաճախ զբոսնում էինք, խաղում... կարծես ամեն ինչ լավ էր...կյանքն ուրախ էր ու անամպ...հաֆ...իսկական շան բախտ...

Առաջին անհանգստության նշանները նշմարվեցին, երբ նկատեցի Ընկերոջս չափազանց խորամուխությունը գրքերի եւ համակարգչի մեջ. ժամերով սուզվում էր, սուզվում, ու էդ ժամանակ ինձ էլ շան տեղ դնող չկար...հաֆ...

Մի գեղեցիկ օր էլ ինչ-որ մարդիկ եկան եւ սկսեցին աչքիս առաջ տունս քանդել /մեր տունը/. աղմուկ, աղաղակ, փոշի...այնպես, որ ստիպված եղանք Ընկերոջս հետ տեղահանվել եւ արտագաղթել իր ծնողների տուն...հաֆ...մի ամբողջ կես տարով...



Կես տարին /շան կյանքի վիթխարի մի հատված/ ապրեցինք այդպես... վերջապես ավարտվեց մեր տարագրությունը ու վերադարձանք տուն...տուն մի ասա՝ ինստիտուտ ասա, այո, այո, ոչ ավել, ոչ պակաս...այն էլ Աշոտ Հովհաննիսյանի անվան, այն էլ հումանիտար հետազոտությունների: Այսուհետ ինձ վիճակված է բնակվել հանրային ոլորտում... էհ, շան կյանք, մտածեցի... մնաս բարով իմ հին, բարի, հարազատ հոտերով տունիկ... հաֆ, հաֆ...

Նոր կահույք հայտվեց ու կասկածելիորեն՝ շատ աթոռներ...ինձ մնաց մի փոքրիկ անկյուն սեղանի տակ...

Մինչ ընտելանում էի նոր միջավայրին, (որն այնքան էր փոխվել, որ եթե չնշմարեի ծանոթ հոտերի աննշան փշրանքները, կմտածեի թե սխալվել ենք հասցեով...) տարբեր մարդիկ (հիմնականում հակառակ սեռի...) շատանում էին ու գալիս կանոնավոր...ու անկանոն...հաֆ...անըդհատ ու միշտ...հաֆ...գալ ու գնալ...հաֆ...գալ ու գնալ, գալ ու...

 


մմ. դուք դժ...

վվ. Չէ, չէ, քավ լիցի...նույնիսկ հակառակը. հիմա նոր եմ հասկանում շան բախտ ասածի բուն իմաստը... (հետաքրքիր է շան բախտ եւ շան կյանք հասկացությունների դիամետրալ հակադրությունը...տեսնես Դեյվիդը ինչ կասեր այս մասին) դա այն է երբ քո երջանկությունը կիսող կա, կիսողներ... աղջիկները /եւ ոչ միայն/ ինձ լավ են վերաբերվում, քորում են ականջիս տակ...շոյում... թեեւ կա մեկը, որի հետ այդպես էլ չծանոթացա /չհոտոտեցի/ ինձ մի մետրից ավել թույլ չի տալիս մոտենալ:

մմ.
նկարագրեք խնդրեմ, ինչով է զբաղվում ինստիտուտը, ինչ առաքելություն ունի...

Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը հիմնադրել են մի խումբ հետազոտողներ 2014 թվականին, Երեւանում...

հաֆ...գիտեք ինչ, տեսնում եմ դուք տրամադրված եք ինչ շատ հաչացնել...բայց չէ որ 21-րդ դարում ենք այլեւս. կա գիտություն, մարդիկ ինտերնետ են հորինել... այցելեք, խնդրեմ մեր կայքը եւ ամեն բան կիմանաք...

մմ. լավ...

վվ. ինչպես նաեւ ֆեյսբուքյան էջը...հաֆ, հաֆ

մմ. լավ, լավ...


| արխիվային նյութերի նախնական ուսումնասիրություն / 2015 |


| նարէ սահակյան, Անժելա Հարությունյան, Լուսինե Չերգեշտյան, Իրինա Շախնազարյան, Ռուզաննա Գրիգորյան, Սիրանուշ Դվոյան / 2014 |

վվ. ...ինստիտուտի հետաքրքրությունների շրջանակը բավական մեծ է. հետազոտական ծրագրեր հումանիտար գիտությունների բնագավառում, արվեստաբանություն, արվեստի պատմություն, գրականագիտություն, պատմագիտություն, փիլիսոփայություն, թարգմանություն, նույնիսկ անիմացիա երեխաների համար...

Բազմազան են հրատարակչական ծրագրերը...օրինակ վերջերս լույս տեսավ Վահե Բուդումյանի եւ Կարին Գրիգորյանի Լուսանկարչության հարցեր. տեսություն եւ տեխնիկա  հրաշալի դասագիրքը...

Կուզենայի հատուկ շեշտել «Ներքին գրոց» մատենաշարը, որի շրջանակում հայերեն թարգմանվում եւ հրատարակվում են 19-րդ դարի առաջին կեսից մինչեւ 20-րդ դարի առաջին կեսը եվրոպական եւ ամերիկյան համալսարաններում ուսանած հայ գիտնականների ավարտաճառերը: Թարգմանությունները հրատարակվում են բնագրերի հետ՝ համալրված հայերեն ներածական հոդվածով, ծանոթագրություններով եւ անգլերեն սեղմագրերով:


| ներքին գրոց մատենաշարի խորհրդանիշը |

Այս մատենաշարով արդեն լույս տեսավ  Աշոտ Հովհաննիսյանի, Իսրայել Օրին եւ հայ ազատագրական գաղափարը (1913) ավարտաճառը եւ պատրաստվում է Միսակ Խոստիկյանի, Դավիթ փիլիսոփան (1907) ...


| հանրային ոլորտի եւ հասարակության միջեւ / իսրայել օրին եւ հայ ազատագրական գաղափարը / պատկեր-պատում-պատմություն երկու հատորով / լուսանկարչության հարցեր

Վերջերս Մատենադարանում տեղի ունեցավ Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառին նվիրված գիտաժողողով, որին, ցավոք..հաֆ, հաֆ... առողջական պատճառներով չկարողացա ներկա լինել: Նյութերը շուտով կհրատարակվեն...


Առանձնահատուկ (ոչ միայն իմ՝ մանկատան զավակ լինելու հանգամանքով պայմանավորված) շեշտում եմ նաեւ Նորա Ն․ Ներսեսյանի Որբաքաղաքը` չորս մասից բաղկացած հսկայածավալ ու ֆանտաստիկ աշխատությունը, որ մի փորձ է հարգանքի տուրք մատուցելու երեխաների մի սերնդի, որն ունեցավ ամեն բան կրելու արիությունը եւ կյանքի վայրիվերումներին այս կամ այն կերպ դիմակայելու վճռականությունը։


| շապիկի նախնական տարբերակը եւ երեխաները Պոլիգոնի մերձակա տարածքում (ՀՑԹԻ հավաքածու) |

մմ.
իսկ ինչպիսի՞ն է ինստիտուտի առօրյան: 

վվ. Կարծեմ վերեւում ասացի. անընդհատ մարդիկ են գալիս-գնում ու պրծում չկա...հաֆ...մեկ-մեկ այնքան են խորասուզված ու քարացած, որ մոռանում եմ, որ օտար /մեղա-մեղա/ մարդիկ կան տանը ու սկսում եմ անհոգ օրերի նման թռչկոտել, ուրախանալ, բայց շատ շուտով սթափվում եմ Ընկերոջս խիստ սաստումից եւ վերադառնում ինստիտուցիոնալ նորմալ առօրյային...սեղանի տակ...հաֆ...



Թեեւ լինում են բացառիկ օրեր, երբ միօրինակությանը փոխարինում է բավական բուռն իրավիճակ...օրինակ, վերջերս ինստիտուտում նշեցինք Դեյվիդի /Դեյվիդ Հյում` ծնթ. խմբ./ ծննդյան տարեդարձը...Դուք, օրինակ, ինչպե՞ս եք ծնունդներ նշում: Հավաքվում եք հաստատ, նստում սեղանի շուրջ, ուտում-խմում, կենաց-մենաց ու էդպիսի տրիվիալ բաներ...հետո, ով է տեսել նշել մի երկու-երեք դար առաջ ծնվածի տարեդարձը...

Մեզ մոտ այլ է. եկան լիքը մարդիկ, զբաղեցրին բոլոր աթոռները (անգամ հարեւաններից մեկ-երկուսը փոխ առան), հերթով ինչ-որ թուղթ էին կարդում, վիճում, քննարկում...ու անընդհատ ինձ չէին թողնում նորմալ ծանոթանալ բոլորի հետ, մարդավարի հոտոտել...հաֆ...



Հետո, իհարկե սեղան էլ գցեցին, եւ կենացներ էլ ասվեցին...բայց ինչ կենացներ...Համով բաներ կային, բայց չգիտես ինչու արգելված է մեզ սեղանից կերակրել.../հապա էլ որտեղի՞ց/...հաֆ, հաֆ, հաֆ...

Սկզբում առանձնապես շան տեղ չէի դնում այդ իրարանցումը, բայց երբ նկատեցի, որ սկսեցին իմ անունն էլ հոլովել, եւ անգամ կենացս խմեցին... որոշեցի խորանալ թեմայի մեջ...

մմ.
կներեք, ո՞ր...

վվ. Այն, ինչ կարդում էին՝ այդ Հյումի աշխատությունից մի հատված /որն Ընկերս թարգմանել էր ժամանակին 18-19 տարեկանում, եւ հիմա վերաթարգմանում է` այսպես ասած, իր նվերը նորածնին/, որ ըստ Ընկերոջս հավաստիացման կարեւորագույններից է այդ աշխատության մեջ, եւ առհասարակ ողջ մարդկության փիլիսոփայական մտքի.../

Նախ, հաճելի էր, երբ իմացա, որ այդ Դեյվիդը լավ է վերաբերվում կենդա­նիներին... պնդելով, որ կենդանիները նույնպես բանակնություն ունեն...(պարզ միտք, ինչ խոսք, բայց, որ ցավոք, հասու չէ դեռ հիմնական մարդկությանը...) Մեր մեջ ասած, լավ չեմ հասկանում, եթե այդ Դեյվիդն է լավ վերաբերում կենդանիներին, ինչո՞ւ են ինստիտուտը մեկ ուրիշի անվամբ կոչել../

Մի խոսքով, այսպես ես դարձա հյումանիստ  կամ հյումակեր... ինչպես կուզեք...հաֆ:

Ի դեպ, եթե կհետաքրքրի, կարող եմ տրամադրել այդ տեքստից մի քանի հատված իմ նշումներով եւ առարկություններով...հաֆ...



մմ. այո, իհարկե, անչափ հետաքրքիր է...

վվ. ուրեմն, համակ ուշադրություն եղեք.

հատվածներ Դեյվիդ Հյումի  Հետազոտություն մարդկային հասկացողության* վերաբերյալ

գլուխ IX. կենդանիների բանականության** մասին

________________________
* հին թարգմանության մեջ՝ ըմբռնողության ( Երեւան 2003թ., Տիգրան Մեծ )
** հին թարգմանության մեջ՝ դատողության ( bravo Ընկեր! )

 

Առաջին. թվում է՝ ակնհայտ է, որ կենդանիները, ինչպես նաեւ մարդիկ շատ բան են սովորում փորձից եւ հետեւցնում (infer), որ նույն իրադարձությունները միշտ կհետեւեն նույն պատճառներին: Այս սկզբունքով նրանք ծանոթանում են արտաքին առարկաների առավել ակնառու հատկությունների հետ եւ աստիճանաբար, ծնվելուց ի վեր, գանձում կրակի, ջրի, հողի, քարերի, բարձրությունների, խորությունների եւ այլնի բնույթի եւ դրանց գործողությունից առաջ եկող ներգործությունների (effect) գիտելիք: Երիտասարդների անգիտությունն ու անփորձությունն այստեղ հստակորեն զատորոշելի է տարիքովների խորամանկությունից եւ ուշիմությունից, որոնք, երկար դիտարկմամբ, սովորել են խուսափել նրանից, ինչ ցավ է պատճառում իրենց եւ հետամտել այն, ինչ բերում է դյուրություն կամ հաճույք: Ձին, որ սովոր է դաշտին, ծանոթ է համապատասխան այն բարձրությանը, որը կարող է ցատկել եւ երբեք չի փորձի այն, ինչ գերազանցում է իր ուժն ու կարողությունը: Տարիքով քերծեն հետապնդման առավել հյուծիչ մասը վստահելու է ավելի երիտասարդներին եւ դիրքավորվելու է այնպես, որ նապաստակին հանդիպի նրա կատարած կտրուկ շրջադարձերին, իսկ այս առիթով նրա կազմած ենթադրությունները (conjecture) հիմնված են ոչ այլ ինչի, եթե ոչ նրա դիտարկման եւ փորձի վրա: (կարծես դեռ ամեն բան լավ է)

Սա է՛լ ավելի ակնհայտ է այն կենդանիների վրա դաստիարակության եւ կրթության ներգործություններից, որոնք, պարգեւների եւ պատիժների համապատասխան կիրառմամբ, կարող են սովորել ցանկացած այնպիսի գործընթաց, որն ամենից հակառակն է իրենց բնական բնազդներին եւ հակամիտումներին: Արդյոք փորձը չէ՞, որ շանը ընկալունակ է դարձնում ցավի հանդեպ, երբ սպառնում եք նրան կամ բարձրացնում մտրակը նրան խփելու համար:
/ինչ վայրենի երկրում է ապրել խեղճ մարդը...աստված իմ, ինչ դաժան ժամանակներ.../
Այլեւ փորձը չէ՞, որ ստիպում է նրան արձագանքել իր անվանը եւ, այդպիսի մի պատահական ձայնից, հետեւցնել, որ նկատի ունեք իրեն, այլ ոչ թե իր ընկերակիցներից որեւէ մեկին եւ մտադիր եք կանչել նրան, երբ արտասանում եք այն մի որոշակի եղանակով, մի որոշակի երանգով ու շեշտադրությամբ:
Այս բոլոր դեպքերում կարող ենք դիտել, որ կենդանին հետեւցնում է մի փաստ, որն անդին է նրանից, ինչն անմիջականորեն բախում է նրա զգայարանները, եւ որ այս հետեւությունն ամբողջությամբ հիմնված է անցած փորձի վրա, երբ արարածը ներկա առարկայից ակնկալում է այն նույն հետեւանքները, որոնք մշտապես պարզել է իր դիտարկումներում, որ առաջ են գալիս միանման առարկաներից:

Երկրորդ․ անհնար է, որ կենդանու այս հետեւությունը հիմնված լինի փաստարկի կամ տրամախոհության մի որեւէ ընթացքի վրա, ինչով նա կեզրակացնի, որ նման իրադարձությունները պետք է հետեւեն նման առարկաներին, եւ որ բնության ընթացքը մշտապես կանոնավոր կլինի իր գործողություններում: /ինչ մեծամտություն, պարզապես շովինիզմ՝ մարդկային/ Քանզի, եթե իրականում լինեն այս բնույթի ինչ-ինչ փաստարկներ, ապա անշուշտ դրանք չափազանց խորն են թաղված լինելու նման անկատար հասկացողությունների դիտարկման համար, որովհետեւ դրանք բացահայտելու եւ դիտարկելու համար թերեւս կարիք կլինի գործադրել փիլիսոփայական հանճարի ծայրագույն հոգատարությունն ու ուշադրությունը:

Կենդանիները, այդ իսկ պատճառով, այս հետեւություններում չեն ուղղորդվում տրամախոհությամբ․ /այ սա խորը միտք է. կասկածի տակ դնել տրամախոհությունը...այո, կան բաներ, որ հասու չեն (ու չեն լինի) ձեզ.../ այդ չեն անում ո՛չ մանուկները, ո՛չ մարդկության մեծամասնությունն իր սովորական գործողություններում եւ եզրակացություններում, ոչ էլ իրենք՝ փիլիսոփաները, որոնք կյանքի բոլոր գործուն հատվածներում գլխավորապես նույնն են, ինչ ռամիկները (the vulgar) եւ ղեկավարվում են նույն կանոններով (maxim): /ինչ մակերեսային մոտեցում. չէ՞ որ կենդանիների մեջ էլ կան մանուկներ եւ հասուն մարդիկ...մարդկության մեծամասնության հետ լիովին համաձայն եմ եւ տխմար փիլիսոփաների հետ նույնպես...կան կենդանիներ, ովքեր իսկապես գուցե վուլգար են, (ես մյուսների համար պատասխանատու չեմ...) հաշվի չեն առնված շների սոցիալական, հիերարխիկ բաժանումները...ինչպես կարելի է Շան սիրտը ֆիլմի ռամիկ հերոսին դնել, ասենք, Լեսսիի հետ նույն սանդղակին.../
Բնությունը պետք է տրամադրած լիներ ավելի առձեռն, ավելի ընդհանուր օգտագործման եւ կիրառման մեկ այլ սկզբունք, եւ կյանքում այսպիսի վիթխարի հետեւանք ունեցող մի գործողություն՝ պատճառներից ներգործություններ հետեւցնելը, չէ՛ր կարող վստահված լինել տրամախոհության եւ փաստարկման անհաստատ ընթացքին: /հիրավի՝ խորը միտք/ Եթե սա կասկածելի է մարդկանց առնչությամբ, ապա, թվում է, որեւէ հարցի տեղիք չի տա անասունների (brute creations) /կոպիտ է հնչում, բայց գուցե արդարացի (թող վիրավորվեն նեղմիտ անասունները...)- ան-ասուն՝ չխոսկան...բայց ինչ ասես, խոսես՝ ամեն բան պարզ է, այդ դուք եք ճարահատյալ դիմում լեզվի օգնությանը իրար հասկանալու տարտամ եզրեր գտնելու համար...ինչպես ասում էր լուսահոգի Հենրի Միլլերը, լեզուն առաջանում է այնտեղ, ուր սպառնալիք կա շփմանը.../
առնչությամբ, իսկ երբ եզրակացությունը մեկի դեպքում մեկ անգամ եւեթ ամուր հաստատվում է, մենք ունենում ենք զորավոր մի կանխավարկած, որ, ըստ վերաբանության բոլոր կանոնների, այն պետք է ընդհանրաբար ընդունվի՝ առանց որեւէ բացառության կամ վերապահության: Միայն սովորույթն է կենդանիներին մղում, որ իրենց զգայարանները բախող ամեն մի առարկայից հետեւցնեն դրա սովորական ուղեկիցը, եւ նրանց երեւակայությունը մեկի երեւալուց տանում մյուսը հղանալուն (conceive) այն մասնավոր եղանակով, որն անվանում ենք հավատ: Ոչ մի այլ բացապարզում չի կարող տրվել այս գործողությանը ինչպես բարձր, այնպես էլ ցածր դասերի բոլոր զգայուն այն էակների պարագայում, որոնք ենթակա են մեր նկատառմանն ու դիտարկմանը:

Ու թեեւ կենդանիներն իրենց գիտելիքի շատ մասեր սերտում են դիտարկումից, կան նաեւ շատ մասեր, որոնք վերցնում են բնության սկզբնական (բավական առատաձեռն!) ձեռքից․ սրանք շատ են գերազանցում կարողության այն բաժինը, որը նրանք ունեն սովորական առիթներին եւ քիչ կամ ընդհանրապես չեն կատարելագործվում թեկուզ ամենաերկար գործադրությամբ եւ փորձով: Սրանք մենք անվանում ենք բնազդներ եւ շատ հակված ենք հիանալ դրանցով իբրեւ մի բան, որը շատ արտասովոր է եւ անբացատրելի մարդկային հասկացողության բոլոր քննախուզություններով: Բայց մեր զարմանքը, թերեւս, դադարի կամ նվազի, երբ նկատի առնենք, որ փորձառական տրամախոհությունն ինքը, որն ընդհանուր է մեր եւ գազանների (beast) (կարծում եք պատահականություն է՝ best!) մոտ, եւ որից կախված է կյանքի ողջ վարքը, ոչ այլ ինչ է, եթե ոչ բնազդի կամ մեքենական ուժի մի տեսակ, որը մեզ անհայտ՝ գործում է մեր մեջ, եւ իր գլխավոր գործողություններում չի ղեկավարվում գաղափարների որեւէ այնպիսի հարաբերություններով կամ համեմատություններով, որոնք մեր իմացական ունակությունների ճշմարիտ առարկաներն են: /BRAVO! ստացվում է, մտածելը բնազդ է/ Թեեւ բնազդը լինում է տարբեր, այնուամենայնիվ, բնա՛զդն է, որ մարդուն սովորեցնում է խուսափել կրակից, որչափ բնազդն է, որ թռչնին, այդպիսի ճշգրտությամբ, սովորեցնում է թխսման արվեստն ու խնամքի ողջ տնտեսությունն ու կարգը: /վերջում, իհարկե, մի քիչ թուլացրեց՝ մեզանից անցնելով հավերին, բադերին...սակայն ներելի է/


| Դեյվիդ Հյումի ծննդյան տարեդարձի առաջին մասը Հովհաննիսյան ինստիտուտում / 2017 |

մմ.
անչափ ուսանելի էր...

վվ. Եվ որպես ավարտ, կուզեի մեջբերել հանճարեղ երգահան Ա. Շնիտկեի այս միտքը.

«Լիովին համաձայն եմ դրա հետ /կարծես Հյումին է ասում վվ./ եւ համաձայն եմ նաեւ սուբյեկտիվ պատճառներով: Արդեն քանիցս եմ քեզ ասել, որ ինսուլտից հետո ստացվել է այնպես, որ գլխով կարծես ավելի քիչ եմ հիշում քան առաջ, բայց դրա հետ մեկտեղ ավելի շատ գիտեմ: Սկսել եմ ավելի շատ ապավնել ոչ թե մտավոր գիտելիքի վրա, այլ մի ինչ-որ շան հոտառութան: Ես գիտեմ ինչ-որ բան, կարող եմ բացատրել ինչու է դա այդպես, գտնել հիմնավորումներ (որպես կանոն գտնում եմ), սակայն մի տեսակ անտարբեր եմ դրանց առկայությունից կամ բացակայությամբ: Միեւնույն է ես դա գիտեմ, թեեւ ոչ ոք ինձ դա չի բացատրել: Իսկ առաջ ես հարկադրված էի հիշել ու մտածել ճիշտ պատասխանելու մասին:»

մմ.
շնորհակալ եմ:

վվ. Խնդրեմ:



| Արփի Մանուսյան, Իրինա Շախնազարյան, Վարդան Ազատյան, Լուսինե Չերգեշտյան |


հարցազրույցը վարեց. մկրտիչ մաթեւոսյանը
գծանկարները. լեւոն գյուլխասյանի
լուսանկարները. հովհաննիսյան ինստիտուտի