|եւ|
հրապարակված է 27.06.2019 | սիրանուշ դ'վոյան |
վաչե սարգսյանի վերադարձը

Վեպը բացահայտում է մարդկային փոխօգ­նության ու դրան հակառակ գործողի բարդ մի տնտեսություն: Խոսքը մասնավորաբար աշխատանքի կազմակերպման ու մարմ­նի գործարկ­ման հնարներին է վերաբերում: Խնայելն ու դրանով առավելագույնը ձեռք բերելն աքսորի տնտեսության գլխավոր օրենքն է, որը գործում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային գործունեության մակար­դակներում:

Ներկայացնում ենք Սիրանուշ Դվոյանի Վաչե Սարգսյանի վերադարձը հետազոտությունից մի հատված: 16 տարի ստալինյան տարբեր ճամաբարներում անցկացնելով` Վաչե Սարգսյանը վերադառնում է Հայաստան և 1960-ական թթ. սկզբներին ձեռնամուխ լինում աքսորական իր փորձառության գեղարվեստական պատմությունը գրելուն: Այն ամփոփված է Ակեղդամա ընդհանուր խորագրի տակ ներառնված երեք հատորներում: Խորհրդային տարիներին, չնայած մի քանի փորձերին, վեպը լույս չի տեսնում: Հեղինակը վեպի վրա աշխատում է մինչեւ իր ինքնասպանությունը` 1987 թ.: Հետազոտությունը հետահայաց` արխվային նյութերի, ընտանեկան վկայությունների ու պատմական փաստերի հենքի վրա կառուցում է ստալինյան աքսորները վերապրած գրողի կենսագրությունը` դիտակետ ունենալով նրա անհատական փորձառության ու պատմական ժամանակաշրջանի բարդ ագուցումները: Ներկայացվող հատվածում քննության է առնված հեղինակի աքսորական փորձառությունը` դիտված վեպի մեջից:

Օրերս տպարանից դուրս կգա Սարգսյանի Ակեղդամա վեպի առաջին` Անկրկնելի պատմություն հատորը, որը հրատարակության է պատրաստել Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը: Հատորի մասին մանրամասները այստեղ:

Ս.Դ.

վեպը եւ աքսորական փորձառությունը

Դատելով վեպի հրատարակության պատմությունից ու հետեւելով արխիվային նյութերին՝ Վաչեի գրական գործունեությունը դրական վե­րաբերմունք էր վայելում գրական շրջանակներում: Բացի ժամանակի երկու հայտնի քննադատներից ու 1980­-ական թթ. երիտասարդ գրող­ներից՝ նրա առինքնող մարդկային ու գրական կյանքը տպավորել էր նաեււ Հովհաննես Շիրազին ու Մուշեղ Գալշոյանին: Վերջիններիս՝ Վա­չեին նվիրած գրքերի մակագրություններում կարդում ենք. «Սիրելի Վա­չագանին, բազում տառապանքներից հետո էլ (սիբիրյան դժոխքում) ինչպե՞ս է որ չի մարել գրական կրակներդ... ուրեմ­ն հույսը կընդառաջե քեզ դեպի Հայոց պառնասը՝ դեպի Մասիս...» (Շիրազ): Գալշոյանն իր հերթին գրել է. «Սիրելի Վաչեին, տառապանքով ու կյանքով հարուստ մարդուն, չճանաչված գրողին»:

Շարունակելով Գալշոյանին՝ ստացվել է այնպես, որ Վաչեն որքան էլ գրական շրջանակներում համարում ունեցող, իր ստեղծագործության նշանակալի մասով անտիպ է, ուստի եւ մինչ այժմ չճանաչված: Նրա­նից առայժմ երկու գործ է հրատարակվել՝ «Կարոտ» (1972) եւ «Լեռների ծանրությունը» (1985) պատմվածքները, որոնք, սյուժետային առումով ուղղակիորեն կապված չլինելով Ակեղդամա վեպին, միեւնույն ժամանակ մասն են կազմում նրա աքսորագրության:[1] Վաչեի այս փորձի մասն են կազմում նաեւ արխիվում պահվող անավարտ գեղարվեստական գոր­ծերն ու դրանց էսքիզները, որոնք վեպից ծլարձակած, բայց վերջնա­կան մշակման չհասած առանձին սյուժեներ են,[2] ինչպես նաեւ աքսորից տարբեր մարդկանց ուղղված բազմաթիվ նամակները: Այսքանով հանդերձ, պահպանված նյութը թույլ է տալիս խոսել վերջնական մշակման չհասած, բայց բավականին ամբողջական աքսորական փորձառու­թյան մի հղացքից: Եվ այսպես՝ աքսորական ի՞նչ փորձառություն է բե­րում Վաչե Սարգսյանը:

Ինչպես տեսանք, Ակեղդաման չի տեղավորվել 1960­1980­-ական թթ. իշխող գրական պատկերացումներում: Բազմաթիվ առում­ներով այն խնդրահարույց, բայց միեւնույն ժամանակ անըմբռնելի է եղել ինչպես քննադատների, այնպես էլ պետական հրատարակչության տարբեր պատասխանատուների համար: Վաչեն, քաջատեղյակ այս խնդրին, վե­պի վրա աշխատել է մոտ 25 տարի, կյանքի տարբեր տարիներին խնամ­քով արտագրել կամ որդու օգնությամբ մեքենագրել է վեպի տարբեր հատորները՝ մասնակի փոփոխությունների ենթարկելով, խմբագրելով ու սրբագրելով տեքստը, բայց անփոփոխ պահելով հղացքը:

Վեպի անվանումը՝ Ակեղդամա, գալիս է Աստվածաշնչից եւ բառացի նշանակում է «արյան ագարակ»: Հիսուսի մատնության վարձով ձեռք բերված այս հողակտորում Հուդան ուռչելով պատռվում է մեջտեղից: Ականատեսները տեղական բարբառով տարածքը կոչում են Ակեղդա­մա: Ըստ Աստվածաշնչի՝ այս կերպ իրականանում է Սաղմոսարանում գրվածը. «Թող նրա տունը աւերակ լինի, եւ չգտնուի մէկը, որ նրա մէջ բնակուի», եւ՝ «Նրա պաշտօնը թող ուրիշն առնի» (Գործք առաքելոց, 1:19):[3] Այս ընդհանուր խորագրի տակ Վաչեն ներառել է վեպի երեք հա­տորները՝ Անկրկնելի պատմություն, Հավերժական սառածություն եւ Արյան ագարակ: Վեպի վերջին հատորի համար հեղինակը երեք վերնագիր է թողել՝ ««Արյան ագարակ» կամ «Գերեզմանատեղ օտարականների համար» կամ «Ռուսական մայրամուտ»»: Երեք տարբերակներն էլ նուրբ տարբերություններով հղում են աքսորին՝ իբրեւ ամուլ տարածության:

Վեպը գրելիս Վաչեն ծանոթ էր հրապարակում եղած աքսորական գրականությանը: Ծանոթ էր Սոլժենիցինի աքսորականի մեկ օրը գրե­ լու սկզբունքին, ծանոթ էր Մահարու հետահայաց պատմություն գրելու ու Արմենի լուսանկարչական սկզբունքներին: Վստահաբար մոսկովյան այլախոհական շրջանակների հետ շփում­ների ճանապարհով ծանոթ էր նաեւ ինքնահրատ եղանակով շրջանառվող աքսորական գրականությա­նը:[4] Հետեւաբար, իր փորձառությունը գրելիս հեղինակի համար առաջին եւ հիմ­նական խնդիրը լինելու էր այն, թե ինչ է գրելու՝ գեղարվեստական գո՞րծ, թե՞ վավերագրություն: Որդու վկայությամբ՝ նա ի սկզբանե մտա­հղացել է գրել գեղարվեստական գործ.

Ես վստահ եմ, որ նա ուզում էր գրել իրական վեպ, ոչ թե հու­ շագրություն: (...) Նրա համար շատ կարեւոր էր պատկերել Գու­ լագի բոլոր կալանավորներին որպես մարդկային արարած­ներ, նա ուզում էր կոտրել կալանավոր-­զոհ կարծրատիպը եւ ցույց տալ մարդկանց որպես սովորական մարդիկ կյանքի բոլոր ճանապարհներին՝ սիրահարվելիս, միմյանցով զմայ­լվելիս եւ այլն:[5]

Այսպես գրվում է մեկ հոգու աքսորական կյանքի շուրջ գեղար­ վեստական այս գործը:

Վեպի կառույցը հիշեցնում է 19­-20­-րդ դարերում մեծ տարածում գտած կազմավորման վեպը (bildungsroman), որի դասական նմուշներից մեկը՝ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի Երիտասարդ Վերթերի տառապանքները, Վաչեի գրպանի գիրքն է եղել. «Նա այն իր հետ տանում էր ամենուր, եւ պաշտում էր այդ գիրքն այնպես, ինչպես ուրիշներն էին տարված Սե­լինջերով»,– հիշում է որդին:[6] Գյոթեի գործը նրան կարող էր հմայած լինել իբրեւ երիտասարդ մարդու կրքերի ու իրականության բախումից ծնված տառապանքի պատմություն եւ գրական նախօրինակ հանդի­սանալ գլխավոր հերոս Վազգեն Դարբինյանի պատմության համար: Վերջինս նմանատիպ մի հերոս է, որը ամեն անգամ որեւէ քայլ անելիս, բախվելով իրականությանը, ողբերգական ապրում­ներ է ունենում եւ անդրադառնում, որ բախումից ծնված ցավն ու իրականության հետ իր մղում­ների անհամատեղելիությունը գալիս են իր խառնվածքից.

«Ի՞նչ արեցի, գրողը տանի ինձ, ի՞նչ արեցի ես»,– քայլում էի մայթով ցած ու կշտամբում ինքս ինձ: «Այս բոլորը նրանից չէ՞, որ ինձ գիտուն ու իմաստնացած եմ կարծում, երբ ընդամենը տասնութ տարեկան եմ միայն, նրանից չէ՞, որ ինքնավստահ ու հպարտ եմ ավելին, քան պետք է, նրանից չէ՞, որ այդ ամենն իմ մոտ, շատ հաճախ, ցուցադրական բնույթ է կրում: Ի՞նչ արեցի ես, ի՞նչ արեցի...»:[7]

Այսպես է մտորում հերոսն այն բանից հետո, երբ համալսարանա­կան քննության ժամանակ դասախոսի օգնականի տված հարցին, թե ինչ կարծիք ունի նա պրոլետարական գրականության ուղուց շեղված գրողների մասին, պատասխանում է, թե դժվար է պատկերացնել հայ հեղափոխական պոեզիան առանց Չարենցի: Նույն պահին հերոսն անդրադառնում է, որ ասել է մի բան, ինչը ճակատագրական սխալ է: Այսպես վեպի շատ ու շատ հատվածներում է հերոսը իրականությանը բախվելիս մտածում, որ իր խոսքերով կամ գործողություններով ճա­կատագրական սխալներ է գործում, բայց հաջորդ պահին մոռանալով դրանք՝ շարունակում ապրել նույն կերպ: Կերպարը կազմավորվում է սեփական սխալների ու դրանց մոռացության հենքի վրա եւ այս ըն­ թացքում հասցնում ձեւավորել աշխարհի ու կյանքի մասին իր պատկե­րացում­ները:

Գլխավոր հերոսի պատմությունը զարգանում է աքսորական կյան­քի ճանապարհին նրան հանդիպած բազմաթիվ բախտակից ընկերնե­րի պատմությանը ներհյուսվելով: Ինչպես Խալափյանն է նկատում, «տարբեր ազգությունների ներկայացուցիչների, իսկական ինտերնա­ցիոնալիզմի, ճշմարիտ բարեկամության, ընդհանուր ճակատագրով դատապարտված (...) մարդկանց սքանչելի մի պատկերասրահ է այս գիրքը»:[8] Ընդհանուր դժբախտ ճակատագիրը կիսելը գոյության հիմ­նա­կան ձեւն է աքսորում, մարդկային փոխօգնությունը՝ աքսորի համակե­ցության հիմ­նական օրենքը: Սրան հակառակ են գործում քրեական աշխարհի հիերարխիական ու ոչնչացնող հարաբերությունները, որի օրենքը մեկն է՝ ենթարկեցնել բոլորին մեկի գերիշխանությանը: Աքսորի աշխարհն այս երկու՝ փոխօգնության եւ գերիշխման հարաբերություննե­րի միջակայքում է. մի կողմից՝ բժիշկների հոգատարության, կալանավոր ընկերների հետ օրաբաժինը կիսելու փոխօգնության ամենաուղղակի դրսեւորում­ներ, մյուս կողմից՝ քրեական հանցագործների կողմից ծեծի, թալանի, սպանությունների անընդհատ ներկայություն:

Այս երկու բեւեռներն ստիպում են աչալուրջ լինել հատկապես կյանքի կազմակերպման ձեւերի մեջ: Վեպը բացահայտում է մարդկային փոխօգ­նության ու դրան հակառակ գործողի բարդ մի տնտեսություն: Խոսքը մասնավորաբար աշխատանքի կազմակերպման ու մարմ­նի գործարկ­ման հնարներին է վերաբերում: Խնայելն ու դրանով առավելագույնը ձեռք բերելն աքսորի տնտեսության գլխավոր օրենքն է, որը գործում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային գործունեության մակար­դակներում: Աշխատանքը հնարամտորեն գործարկելն ու աշխատել ձեւացնելը, հետեւաբար մարդկային հնարավորությունների բանեցում­ն ու անբանությունը գրեթե հավասարաչափ են այստեղ: Այս հարաբերու­ թյան մեջ, սակայն, Վաչեն վեպի սյուժեն զարգացնում է մեկ այլ ուշագ­րավ ուղղությամբ: Հերոսներն այստեղ կորցնում են աշխատանքը հնա­րամտորեն գործադրելու իրենց նախնական ունակությունն ու անխնա լարում մարմինը՝ իրենք իրենց համոզելով, թե ի վիճակի են աշխատել այնպես, ինչպես նախկինում: Մարմինն սկսում է «չափն անցնել», աշ­խատանքը՝ կեղծակերպվել հենց աշխատողի կողմից:

Այստեղ էական է դառնում երկու բան, որոնք նույնքան կարեւոր են աքսորական կենսակերպի բացահայտման առումով: Աքսորական կյանքը՝ որպես կենսագրություն, կառուցվում է անընդհատ գործվող, շատացող ու կուտակվող «ճակատագրական» սխալների հենքի վրա: Հերոսը մոռանում է դրանց մասին ամեն հաջորդ քայլին, ձեռք բերում իր նախկին առույգությունն ու շարունակում առաջ քայլել, բայց միեւնույն ժամանակ անդրադառնում, որ այդ սխալներով իր կյանքում կուտակվում են ցավագին կորուստներ: Մյուս կողմից՝ աշխատանքի չափազանցումը սրում է հերոսի կրքերը, մղում ավելի ու ավելի անհա­վանական թվացող գործողությունների, բորբոքում վերջինիս երեւա­կայությունն այնքան, որ ոչ միայն խեղում է իրականության ըմբռնումը, այլեւ սկսում կառուցել ցնորական իրականություն:[9] Այդ կերպ հերոսի հիշողության մեջ ձեւավորվում է գորշ մի գոտի, որը ծանրացնում է նրա ընթացքը ամեն հաջորդ կորստի հավելմամբ, իսկ զուգահեռաբար պա­տահածը մոռացության տալու եռանդը սպառում է մարմ­նի ուժը: Ի վեր­ջո, նա սկսում է չըմբռնել իրականությունը՝ խելագարվում է:

Վեպի վերջին դրվագը հերոսի խելագարության միստերիան է: Այն գլխավոր հերոսի վերջին դատավարության տեսարանն է, երբ դատավո­րը կարդում է մեղադրյալի դատավճիռը, իսկ նրա ականջին հասնում են միայն դատավճռի առաջին բառերը՝ «հանուն Ռուսաստանի Խորհր­ դային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության», ու անդրաշ­խարհից եկող ձայները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ աստծո առջեւ նրան ներելու եւ ընդունելու միջնորդություններ: Իրականության ջնջվող պատ­կերի վրա հնչում են միայն այս ձայները, եւ հերոսը տեսնում է երկու աշխարհների միջեւ բաժանված իր պատկերը՝ մի կողմից՝ անցում դեպի վերերկրային աշխարհ` տառապանքի ու մահվան գնով, մյուս կողմից՝ դատարանի դահլիճից դուրս բերվող շղթայված մարմին: Վեպն ամ­փոփող վերջին նախադասությունը՝ «...Ուր էր պարգեւ՝ որպես շատ ինչ երկնային, եւ սակայն ՈՉ ԵՂԵՒ ԱՄԵՆ ԻՆՉ», ա՛յս խելագարության բա­նաձեւն է: