|ռեւիզոր|
հրապարակված է 23.06.2019 | վարդան ազատյան |
ովքեր արեցին հեղափոխությունը (քաղվածք)
![]() Հեղափոխական գործընթացներն առկախել էին կյանքի տերը լինելու «մեծերի» մենաշնորհը, եւ պատանեկան ավյունը՝ խաղի ու ցուցասիրության, հանդգնության ու ճարպկության գործողություններով բռնել էր Երեւանի փողոցները՝ ցնցելով հաստատված կարգը: Ներկայացնում ենք Վարդան Ազատյանի նորերս լույս տեսած Ովքեր արեցին հեղափոխությունը գրքույկից երկու հատված՝ «Մուտքը» եւ բուն տեքստի երկրորդ՝ «Ապագաղափարականները կամ հաճոյասեր դեռահասները» բաժինը: Հիմնական տեքստից զատ գրքույկն ունի ծավալուն հավելված, որը բաղկացած է չորս պատմական վավերագրերից՝ Միքայել Նալբանդյանի, Լեոյի ու Աշոտ Հովհաննիսյանի տեքստերից եւ «Սլիկ երեց» ժողովրդական հեքիաթ-առակից: Բոլոր չորս տեքստերը պատմականորեն եւ մշակութաբանորեն բացապարզում եւ ընդլայնում են բուն տեքստի ասելիքը՝ այժմեական իրադարձը ներկայացնելով տեղական ավանդույթի հետ կապի մեջ, իսկ տեղական ավանդույթը՝ այժմեական լուսավորությամբ: Գրքույկը լույս է ընծայել Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը: Տիտղոսանկարը՝ Վարդան Ազատյանի: Գրքույկի մասին մանրամասն՝ այստեղ P.S. Լեոյի հոդվածի հետ կապված թյուրիմացության հետեւանքով գրքույկում նշված չէ, որ Լեոն հոդվածը հրատարակելուց հետո քննադատություններին ի պատասխան ստիպված է եղել գրել մի պաշտպանական եւ ավելի ուշ հրատարակել որպես հոդվածի վերջին՝ 5-րդ բաժին (Մուրճ, թիվ 7, 1890, էջ 1026-1036): Վերջինս ոչ միայն նոր բան չի ավելացնում հոդվածի բուն ասելիքին, այլև դուրս է գրքույկի մտահղացման շրջանակից: Վ․ Ա․ մուտք Գրքույկի վերնագրից թերեւս պարզ է, որ ինձ հետաքրքրողը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» անունն ստացած հեղափոխությունն իրականացնողներին կամ, եթե կուզեք, «սուբյեկտներին» պարզելն է: Խնդիրն ինձ չի հետաքրքրում խստորեն սոցիալական, քաղաքական կամ գեղագիտական տեսանկյուններից: Վերնագրի «ովքեր»-ը, այսպիսով, ուղղակիորեն չի վերաբերում հայաստանյան հասարակաշերտերին, սեռերին, քաղաքական-քաղաքացիական խմբերին, կուսակցություններին, մասնագիտական համայնքներին կամ անհատներին: Այս ու նաեւ այլ գործորդներին ուշադրության կենտրոնում ունենալով՝ արվել են բազմաթիվ ու բազմաձեւ վերլուծություններ: Բոլոր այս գործորդներն այս կամ այն չափով, իհարկե, ենթադրվում են վերնագրի «ովքեր»-ում, բայց՝ ինձ հետաքրքրող տեսանկյունից, որը կարելի է բնորոշել իբրեւ մշակութային փիլիսոփայական: Ուստի գրքույկը փիլիսոփայական կերպավորման միջոցով ներկայացնում է հեղափոխության սուբյեկտների մշակութային տիպաբանություն: Կարեւոր է նկատի առնել, որ այս տիպաբանությունը ներկայացնող հեղափոխականների կերպարները ոչ միայն մշակութային են, այլեւ հոգեբանական՝ այն իմաստով, որ տարբեր չափաբաժիններով նրանք գոյություն ունեն միեւնույն անձի մեջ՝ որպես նրա «մշակութային սպառազինություն»: Հայաստանում բառիս խոր իմաստով սոցիալական անարդարությունը՝ երկրի ողջ ռեսուրսների կենտրոնացումը քաղաքական վերնախավի եւ վերջինիս մոտ գտնվող փոքրաթիվ շերտի ձեռքում, քաղաքականության՝ որպես շահաբեր գործիքի հաստատումն ու քաղաքական գործչի՝ որպես ինստիտուտի գրեթե իսպառ վարկաբեկումը, ինչպես նաեւ ընդդեմ պետության գլխիդ ճարը մեն-մենակ տեսնելու վիճակում հայտնված ժողովրդի դրությունն ի թիվս այլ գործոնների պարարտ հող նախապատրաստեցին հեղափոխության համար: Ինչպես դիպուկ նկատել է փորձառու մի հեղափոխական․ «Վերինները չէին կարող, վարինները չէին ուզում»: Լարվածությունը հասել էր գագաթնակետին, դանակը՝ ոսկորին: Սա կասկածից վեր է եւ Հայաստանում ապրող յուրաքանչյուր խելամիտ մարդու համար՝ պարզ: Խնդիրն այլ է․ ովքե՛ր արեցին հեղափոխությունը: [...] ապագաղափարականները կամ հաճոյասեր դեռահասները Հեղափոխությունը թափ հավաքեց, երբ սկսեց աջակցություն գտնել ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդների եւ հատկապես դեռահասների մոտ: Հանրային ակցիաներին եւ նախաձեռնություններին նրանց գործուն մասնակցությունը պայմանավորված չէր Հայաստանի ներկայի կամ ապագայի հստակ քաղաքական ըմբռնումներով կամ գաղափարական օրակարգերով: Դեռահասները գաղափարի մարտիկներ, առավել եւս՝ վկաներ չէին: Իրենց կրթօջախներում նրանք էլ մոտիկից ճաշակել էին նախկին վարչակարգի կամայականությունների ու մեքենայությունների դառը պտուղները, եւ հեղափոխությունը հատուցման պահանջի հիանալի հնարավորություն էր: Հոգեբանական այս հետնախորքին, սակայն, վճռական էր հանրային մասնակցության անմիջական հաճույքը, կարեւոր զգալու, «երեւալու» առաջմղիչ ու բուռն ցանկությունը․ ցանկություն, որը սքողված չէր քաղաքական վարքի ու դիրքորոշման չափահասի բարոյականությամբ: Ոստիկանների հետ առճակատումն ու «բռնոցիները», փողոցների փակումը, հաճախ նաեւ կազմակերպումը նրանց տալիս էր «մեծերի» կյանքի ոչ միայն լիարժեք մասնակիցը լինելու, այլեւ այդ կյանքը փոխելու, նրա՛նց կազմակերպելու զորության հաճույքը: Հեղափոխական գործընթացներն առկախել էին կյանքի տերը լինելու «մեծերի» մենաշնորհը, եւ պատանեկան ավյունը՝ խաղի ու ցուցասիրության, հանդգնության ու ճարպկության գործողություններով բռնել էր Երեւանի փողոցները՝ ցնցելով հաստատված կարգը: Լեգիտիմացված չարաճճության եւ դրա հետ կապված խմբային ու անհատական հաճույքի մթնլորտում էր անցնում հեղափոխության մեջ ներգրավված դեռահասների ակտիվությունը: «Սերժին մերժելը» նախեւառաջ հնարավորություն էր գործնականում մոտենալու «երազած աղջկա (կամ տղայի)» այն պատկերին, որը մշտապես թեւածում է դեռահասի գլխավերեւում իբրեւ բաղձանք: «Սերժին մերժելու» նպատակը, ուստի, ոչ այնքան վարչակարգի տապալումն էր ինքնին, որքան վարչակարգի տապալման գործողություններում «Սերժին մերժողի» դերն ու հաճույքը: Ինքնակենտրոն հաճույքի դրական այս մղումով զորացած՝ նրանք դարձան հեղափոխության շարժիչը: Սմարթֆոններով եւ համակարգչային խաղերով «հղկված» այս «գերմարդուկների» արթուն միտքը, սոցիալական ցանցերում արագ եւ հատու շփման եղանակներին սովոր ուշիմությունը հեղափոխական պայմաններում դրական մեծ նշանակություն ունեցան գործողությունների դինամիզմն ապահովելու տեսակետից: Այս դինամիզմի համար պատասխանատու էր նաեւ զանգվածային մեդիայով՝ մասնավորապես 2000-ականների կեսերից Cars, Transformers «կուլտային» ֆիլմերի միջոցով նրանց հասած նոր այն սուբյեկտիվությունը, որտեղ միավորված էին բարձր-տեխնոլոգիական կառույցն ու մարդկային հերոսականությունը: Ինչպես դեռահասի համակրելի հատկանիշներով օժտված մարդակերպ արշավամեքանա Լայթնինգ ՄակՔուինն է ասում իր մասին․ «Ես արագության եւ աերոդինամիկայի ճշգրիտ գործիք եմ»: [1] Դեռահասների ներգրավվածության դրդապատճառները նաեւ հասակակցության ներքին հարաբերությունների մեջ էին: Հեղափոխական գործընթացներին մասնակցելը տարեկիցների շրջանում սիրախաղի եւ ինքնացուցադրման, խորհրդանշական հակամարտի ու մրցակցության ծավալման հնարավորություն էր: Հեղափոխությունը նրանց համար ասպարեզ էր, մի տեսակ սիրասեռային հանդիսարան, որտեղ հնարավոր էր գործնականում պարզել առավել քաջին ու վախկոտին, կրքոտին ու ճարպիկին, հնարավոր էր պարզել նվիրումի ու անձնվիրության աստիճանները, լինել պաշտպանողի կամ պաշտպանության կարիք ունեցողի դերում, դյութել ու գրավել, հանդես գալ «սիրած» լինելու եւ «սիրածին հասնելու» պատանեկան նպատակադրումներով: Կարգազանց գործունեությամբ պայմանավորված իրական վտանգի սպառնալիքն է՛լ ավելի էր լրջացնում հարաբերությունների այս թնջուկը, շիկացնում կրքերը: Իրադրությունը գաղափարական, պատմա-քաղաքական հեռանկարում տեսնելու անկարողության, այդ անելու շահագրգռության բացակայության, կարճ ասած՝ «ընդամենը երեկ ծնված լինելու» արդյունքում հեղափոխությունը դեռահասների համար դարձավ մոտիկ, զգայա-մարմնական իրադարձություն: Հայաստանյան իրադրության դառնությունը տեսական խորությամբ ու պատմական լայնությամբ չպատկերացնելու պատճառով էր նաեւ, որ դեռահասների պարագայում, ըստ էության, բացակայում էր հուսաբեկությունը հուսառատության, խելահեղությունը ճշմարտության վերածելու քրիստոնեական ալքիմիան: Այնպես որ, նրանց պարագայում պատմական անգիտությունն էր զորացնող այն ուժը, որը մղում էր արդյունավետ գործողության՝ հաճախ մերկապարանոց անվեհերությամբ, առանց որի, իրականում, դժվար է պատկերացնել որեւէ հեղափոխության լինելիությունը, էլ չասած՝ հաջողությունը: Երիտասարդական ավյունը շահեց հասարակության լայն շերտերի համակրանքը հեղափոխության հանդեպ ու թափ հաղորդեց հեղափոխական ալիքին՝ կարեւոր խթան դառնալով նրա համերկրային ծավալման համար: «Էս էրեխեքի՛ հեղափոխությունն ա», «Էրեխեքը դուրս են եկե՛ փողոց՝ պայքարի»․ ամեն կողմից հնարավոր էր լսել հեղափոխության օրերին: Այսպես հեղափոխությունը միջնորդվեց ընտանեկան կապերով՝ բորբոքելով ծնողական վերաբերմունքներ ու կապվածություն: Սա տեղավորվում էր նաեւ Փաշինյանի՝ սովորաբար խոսքն ամփոփող հեղափոխական կարգախոսի շրջանակում․ «Կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»: «Մենք»-ը՝ հեղափոխության սուբյեկտը, այստեղ դիրքավորված է միաժամանակ որպես «ծնող», իսկ հեղափոխությունն արվում է հանուն երեխաների, նրանց ապագայի: Հեղափոխական զարգացումները, սակայն, ցույց տվեցին, որ այս «մենք»-ը ոչ միայն եւ ոչ այնքան ծնողներն են, որքան երեխաներն իրենք: Դերերը որոշ չափով շրջվել էին («Կեցցե՛նք մենք ու մեր ծնողները…»): Սա փոխեց իրերի դրությունն այն իմաստով, որ հեղափոխությունն իսկապե՛ս դարձավ ընտանիքի՝ երեխայի ու նրա համար արժանի երկրի կերտման հարց: Այսպես հեղափոխությունը մտավ ընտանեկան հարկից ներս, կապվեց «միսուարյան» եւ «հողուջրի» հետ: Հեղափոխական ներգրավվածությունն, ուստի, դարձավ ծնողական պատասխանատվության անմիջական հարց: Այսպես սկսվեց հեղափոխության ժողովրդականացումը: 03․03․2019 ________________________ |
| պատկերադարան |
|