|եւ|
հրապարակված է 07.06.2018 | նարե հովհաննիսյան |
լուսավորության պատմական որոգայթները (հատվածներ)
![]() Երեխայի համար ո՛չ թե աշխատանքն է տանում սեփականության, այլ ցանկությունը: Ցանկությունը նրա իրավունքն է առ ամենայն ինչ: Նրա կամքը նրա ճանապարհն է դեպի իր ունեցվածքը: Ի՜նչ զվարթ է նա, երբ իր գահին է, եւ օ՜, ի՛նչ աղետ է նրան դժգոհ տեսնելը:
Ներկայացվող երկու փոքրիկ դրվագները Նարե Հովհաննիսյանի 2017թ. Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկայացրած Լուսավորության պատմական որոգայթները ավարտական աշխատանքից են, որին Նարեն ձեռնմուխ էր եղել ակամայորեն եւ կրքոտությամբ: Ուսումնառության դեռեւս առաջին տարիներից նրա միտքը զբաղեցրած Լուսավորության ուսումնասիրությունը տարբեր հանգրվաններում նրան առերեսում էր բարդագույն հարցերի հետ: Տարբեր պատմական կոնտեքստերի ծնունդ Ջոն Լոկի ու Թոմաս Հոբսի փիլիսոփայական աշխատությունները, ԱՄՆ անկախության հռչակագիրն ու Շահամիրյանների պետականության ցնորք Որոգայթ փառացը եւ սրանց շուրջ եղած ուսումնասիրությունները նրա մտքում արկածախնդիր կերպով թեւածում էին միմյանց ընդառաջ` ի խնդիր օրենքի անհրաժեշտության ու բնույթի փորձառման: Մյուս կողմից, այս տեքստերը, լինելով պատմության փաստական վկաները, իրենց հետ աշխատող անփորձ հեղինակին առերեսում էին իրենց իսկ երեւույթին ու իսկությանը: Ավարտական աշխատանքը նշեց արկածախնդրական այս ձեռնարկի մի հանգրվանը: Ս. Դ.
«Նա այն չէ, ինչ որ թվում է... Նա այն չէ, ինչ որ թվում է» Այս արտահայտությունն առաջին անգամ լսել եմ երեխա ժամանակ սիրածս անիմացիոն ֆիլմի մեջ. փշաքաղեցնող էր: Երբ փոքր էի, դիտում էի ֆիլմն անընդհատ, եւ մահացող թագավորի արտաբերած այս ակնարկը, որն ուղղված էր արքայազնին ու պիտի օգներ նրան քողազերծել թագավորի դահճին, շուտով սկսեց հետապնդել մանկությունս: «Հսկայական կենդանի»,-ասաց թագավորը, բայց հավելեց՝ «նա այն չէ, ինչ որ թվում է...»: Չարը, այդուհետ, ինձ համար առավ մեկ հստակ բնութագիր՝ նա այն չէ, ինչ որ թվում է: Ակնարկն առանցքային էր ֆիլմի սյուժեի համար, եւ նույնիսկ, ինչ-որ պահի մոլորեցրեց արքայազնին իր գործողություններում, ինչով էլ բացահայտեց իր իսկ շփոթեցնող բնույթը. արտահայտությունը, որը պիտի զգուշացներ խաբկանքի մասին, իքնին խաբուսիկ էր: Խաբկանքը, սակայն, կար եւ առարկայական էր: Ծածկելով մեկը մյուսին՝ կենդանին եւ մարդը, չարի երկու դեմքերն էին, եւ յուրաքանչյուրը նա չէր, ինչ որ թվում էր: Բայց այն, ինչը որ չարի բնությունն էր կազմում, այժմ մարդու բնության մեջ հանգրվանեց: Նորի՞ց կանչում ես դու ճշմարիտ էությունը: Նորի՞ց: Իմաստուն դաստիարակի կողմից համոզված անվանական էությունների անկատարության եւ իրական էությունների անիմանալիության մեջ, դու դեռ անդի՞նն ես բաղձում անվարան. ահավադի՛կ. օրենք, սահման. եւ եթե մարդը ոչինչ չի պահում իր հոգու խորքում բոլոր տեսակի սահմաններից զատ, ուրեմն մնա սրտով նվաղած, դեմքով՝ հուսահատ. մի ողջ կյանք ունես, որ ենթարկեցնես ամենայն կարծեաց եւ սովորությանց. եւ այսուհանդերձ անդի՞նն ես բաղձում. ո՛չ տխրատխուր թափառումներում եւ ո՛չ էլ մաշված, մառ գիշերներում չկորցրեցիր խոնարհությանը խորթ ախորժանքդ բորբ: Երկրի մի ծագից մյուս ծագը փոփոխվում է համբավի օրենքը՝ փորձառությամբ, սովորությամբ, սահմանված պես-պես հանգամանքներով: Կառչած փորձին՝ առ ամենայն անորոշն ու անհաստատը, մարդը դառնում է այն, ինչը փորձառում է, եւ մտածում՝ փորձառելու հիմունքի վրա: Մարդը՝ ամենից անորոշն ու անհաստատը, առավելագույնս ճանաչում ու վախենում է այն օրենքից, որը փոփոխվում է ի մեջ տարածության եւ ժամանակի, բայց երբե՛ք չի վարանում: Արդ, երանի՜ առաքինիներին, եւ վա՜յ անառակներին. բայց ի՞նչ բան է առաքինությունը, որ ենթակա է մեծ կասկածանքի. եւ որտե՞ղ գտնել մոլություն չարակիր. եւ եթե սոքա փոփոխելիք են, եւ մարդիկ հերթով փոխվում են այսպես, ի՜նչ էություն է, որ տանջում է քո սիրտը աղեկեզ: Եթե այն, ինչը էություն ես կոչում, այն է, ինչը բանականությունը՝ բնության օրենքը, ընթերցում է իր ներսում, երաշխավոր լինելով իր գոյությանը. եթե էությունը ճանաչում է «բնության օրենքի ճշմարիտ սահմանները, ինչը կանոն պիտի լինի առաքինության ու մոլության համար», ապա կորսվի՛ թող էությունը, զի չի հետապնդում ո՛չ մի նպատակ: Այն, ինչին ձգտում ես դու, ճշմարտությունն է, իսկ ճշմարտությունն էլ փոխվում է այսկերպ: Քանզի որսորդներն իրենց հաճույքի զգալի մի մասը վայելում են սոսկ հետապնդումից: Եվ ճշմարտությունը կթաքնվի մինչեւ դառնա քո որսը, իսկ երբ քո որսն է, կհաճեցնի: Բայց դու անձկում ես ճշմարտությանը, որը ճշմարիտ է մնում ընդլայնված, ողջը փոխում է երբե՛ք այլայլված: Գիտեմ, սիրելիս, ամենասիրելի ընկերը քո ասել է քեզ, որ ձեռք ենք բերում ճշմարտությունը մաս առ մաս, արդեն փոխված եւ փոխվելիս, ափսո՜ս... Ուրիշների մեջ է այն, երբեք մեզանում, մեզանից դո՛ւրս, մեզանից դո՛ւրս: Երբ նա նաեւ կքննարկի «ուղղության ու մոլորության հավիտենական ու անփոփոխելի բնությունը», բնության օրենքին կապված չես ընդունի այն, աստվածային օրենքը չի լինի քո հետաքրքրության առարկան: Այլ` ճշմարտությունը ցանկանում ես, ինչպիսին կամենում ես, իսկ կամենում ես, ինչ ցանկանում ես ողջից գերազանց: Ցանկությունը ձգտում է հաճույքին, հաճույքը միտում է առ երջանկություն, երջանկությունը, կապելով մեզ Աստծուն, կապում է անհրաժեշտությանը, որի մեջ են թե՛ մարդը, թե՛ Աստված: Եվ մարդը, ով ձգտում է ե՛ւ առ ճշմարտություն, ե՛ւ առ հաճույք, մեկ բան է հետապնդում քեզ համար: Այսպես բնածինն ու ձեռք բերովին պսակվում են մեկում, եւ այժմ տեսնում եմ ինչպե՛ս ես ցնծում:
Երեխան Բայց երեխաներն ընդունակ չեն օրենքի: Նրանք չեն տիրապետում փոխադարձության փորձառությանը: Ցանկանալով ապահովել ունեցվածքդ, ազատությունդ, փոխադարձ ազատություն, փոխադարձ սահմանափակում եւ բռնության ու ոտնձգության դատապարտում ես ցանկանում: Այն է՝ երեխա չե՛ս: Օ՜հ, երեխա՛, ինչպես ես դու վրդովում ազատությունը, եւ ինչպես են ձգտում պարգեւել քեզ այն: Երեխան ինքնիշխա՛նն է: Նա անփորձ է, հետեւաբար չի հասկանում փորձի փոխադարձությունը, բայց մեկ այլ փոխադարձություն գիտի. փոխադարձության ներքին օրենքը, որի էությունը միա՛կ օրենքն է, որ երեխան ընկալում է: Եվ այդ օրենքը է՛ հարաշարժ, հարափոխ, հարախինդ: Այս ի՜նչ օրենք է այսքան օտար եւ չտեսնված: Խաղի՛ օրենքն է, երեխայի խաղի: Ամռան հեղձուցիչ մի օր ընկերուհուս տան այգում ես ու նրա մանկահասակ եղբայրը ֆուտբոլ էինք խաղում՝ բոբիկ ու վճռական: Կանոնները որոշված էին, դարպասների տեղը ընտրված, երբ հընթացս խաղի հայտնվեց երեխան: Նա փոխեց կանոնները եւ այլեւս չհանդարտվեց: Սկզբում զիջեցի երեխային՝ հասուն մարդու մեծահոգությամբ, ապա հնազանդվեցի փոփոխվող կանոններին՝ ելնելով երեխայական հետաքրքրությունից, իսկ հետո հիացմունքով հանձնվեցի խաղի ընթացքում առաջ եկած ամեն մի նոր փոփոխությանը. դարպասները մի տեղում էին, հաջորդ րոպեին՝ ուրիշ, գնդակը եզրից անցնում էր, բայց եզրերը շարժվում էին ու խաղադաշտի ներսն առնում դրսում հայտնված գնդակը... Ես հնազանդվեցի հափշտակվածի պես: Որքան շատ էին փոխվում կանոնները, այնքան շատ էր իր մասին հայտնում օրենքը, խաղի՛ օրենքը: Խա՛ղը խաղում էր մեզ, երեխա՛ն խաղի մեջ էր: Երեխա՛ն՝ ով գիտի խաղն այնպես, ինչպես մեծերը չգիտեն, մեծե՛րը՝ ովքեր խաղում են խաղը կանոններին հետեւելով, երբ սոսկ այդկերպ այն հնարավոր է խաղալ: Ի վերջո, խաղն առհասարակ սահմանվում է դրա կանոնների պահպանմամբ, որպեսզի խաղն իբրեւ խաղ իրավորվի: Երբ երեխաները խաղալիս են լինում, նրանց, ովքեր չեն հետեւում կանոններին կամ փոխում են դրանք, մեծերը հակառակն են խրատում, իսկ այն երեխաները, ովքեր խաղում են մեծ ճշգրտությամբ, խորշում են կանոնները շրջանցող իրենց ընկերների անարդար վարմունքից, եւ խաղից հանում նրանց «երեխայական պահվածքի» համար: Երեխան, դեռեւս երեխա, սովորում է մեծահասակի խաղալու ձեւը: Բայց դեռ շատ փոքրիկ հասակում, կամ երբ դեռ ազատ է սահմանափակումներից, երեխան խաղում է խաղին ներհատուկ օրենքով, խաղում է այնպես, ինչպես խաղը կխաղա իրեն. խաղը շարժմա՛նն է, խաղը փոփոխությա՛նն է, խաղը զվարթությա՛նն է, խաղը հաղթությա՛նն է: Երեխան խաղի մասին փորձով մոռացված մի բան գիտի, երեխան փոխադարձության մասին իրականության մեջ գրեթե անհնար մի բան գիտի: Երեխան սիրում է ազատությունը, որը գտնում է խաղի մեջ. սրա մեջ է, որ նա ճանաչում է ազատությունը: Բայց ազատությունից առավել սիրում է տիրելը: Իսկ տիրակալությունը`
[...] սկզբնաղբյուրն է ամենամոլի սովորությունների, որոնք տարածված ու բնական են: Ուժի եւ տիրակալության այս սերն արտահայտվում է բավական վաղ, այն է՝ այս երկու բաներում՝ 1. Նկատում ենք, որ երեխաները (գրեթե ծնվելուն պես, վստահ եմ, շատ ավելի շուտ, քան կխոսեն) լաց են լինում, դառնում են անհաշտ, խոժոռ և անտրամադիր, ոչ այլ ինչի համար, քան կամեցածը ստանալու: Նրանք պետք է ուրիշներին ենթարկեցնեն իրենց ցանկություններին, պնդում են իրենց շուրջը գտնվող յուրաքանչյուրի հոժար ենթարկությունը, հատկապես նրանցը, ովքեր տարիքով, կամ աստիճանով իրենց մերձ կամ ցածր են կանգնած` այս տարբերություններն ուրիշների մեջ նշմարելուն պես: 2. Մեկ այլ բանը, որտեղ նրանք ի ցույց են դնում տիրակալության իրենց սերը, իրերն իրենցով անելու նրանց ցանկությունն է. նրանք պիտի ստանան սեփականություն եւ ունեցվածք, գոհանալով այն ուժով, որը դրանք թվացյալ տալիս են, ինչպես նաեւ այն իրավունքով, որը նրանք այսպիսով ստանում են՝ դրանք տնօրինելու ըստ հաճության:* Երեխան պիտի ստանա իր ցանկացածը, խնդիր չէ ուրիշի՛ սեփականություն է, թե ոչ: Երեխան ցանկանում է ունենալ այն, ինչին ձգտում է, ինչ էլ որ իր ցանկությունը չլինի: Կարեւոր է մեկ բան՝ ցանկությունը պետք է հաղթանակի եւ իրագործվի: Բանականության հետ չէ, որ երեխան պետք է հաշվի նստի, այլ՝ ցանկության, իսկ ցանկությունը չի ճանաչում հավասարություն, այլ՝ գերակայություն: Ցանկությունը շարժվում է նախընտրությամբ՝ ծանրակշռելով, գերազանցելով, եւ երեխան խաղում է, որպեսզի հաղթանակի, գերազանցի, տիրանա, ենթարկեցնի: Իրագործված եւ հաղթանակած ցանկությունը ճանաչելի է միայն ինքնիշխանին, բայց մարդիկ բղավում են՝ «օրե՛նքն է լոկ ինքնիշխան», եւ գահընկեց անում երեխային.... նրա տապալված ոսկե թագը փայլում է մինչեւ փորձը մարում է դրա վերջին ցոլքերը: Նրա ինքնակամ ոգին երեւում է դեռեւս իր մոր որովայնում, երբ «շարժվում է՝ ինչպես եւ երբ որ ինքը կամենա, իսկ ծնունդից հետո նրա մանկությունը վկայում է ինքնիշխանություն հաստատելու մասին, քանզի խաղում է եւ շարժվում, տխրում և ուրախ լինում, ըստ իր կամքի ու հաճույքի [անում] ամեն բան, ինչ ինքը կամենում է»: Իրեն ուրիշներից առավել կարծելով, թեպետև համակրի ուրիշի արած գործը, միևնույնն է նախանձում է՝ ինքը պիտի դրանից մեծ գործ կատարեր:** Հպարտ եւ խանդոտ, եսակենտրոն եւ ինքնակամ, «նրանք ձգտում են այլ մարդ արարածների տիրակալությանը եւ փորձում յուրացնել իրենց հաճելի արտաքին իրերը»:*** Բայց «բնությունից անբարոյական» այս արարածները վարժվում են բարոյական վարքին, իսկ «բարոյական կրթությունը պահանջում է մարմնական և հուզական պատժամիջոցների ամենանուրբ համակցությունը: Սա առավել արդյունավոր է, երբ դրան հետեւում է բարոյական վարքի սովորությունների հիմնումը»:**** Այսպես, առաջնորդվելով բարոյապես կարող իրենց ավագների կողմից, երեխաները, ովքեր նաեւ կախված են նրանցից, ազատությանը կծանոթացվեն քայլ առ քայլ, սակայն միայն որպեսզի լքեն իրենց ունեցած եւ ճանաչած ազատությունը, ազատությո՛ւնը, որն աններդաշնակ է փորձի հետ, հասարակայնության հետ, ապահովության հետ, ի վերջո պահպանման հետ: Երեխան՝ խաղի մեջ, երեխան՝ ուժի մեջ, ուրիշներին տիրող, գոյությունը խաղացող թագավո՛ր: Երեխայի համար ո՛չ թե աշխատանքն է տանում սեփականության, այլ ցանկությունը: Ցանկությունը նրա իրավունքն է առ ամենայն ինչ: Նրա կամքը նրա ճանապարհն է դեպի իր ունեցվածքը: Ի՜նչ զվարթ է նա, երբ իր գահին է, եւ օ՜, ի՛նչ աղետ է նրան դժգոհ տեսնելը: Իբրեւ տարերային ուժեր, չգիտի՛ մերժում, չի՛ տանում մերժում, մերժումը՝ չգո՛յ: Երեխան՝ ազատ օրենքից ու բանականությունից, բայց եւ բոլոր ժամանակներում չփոխվող: Երկրի վրա ամեն տեսակի բարքերից ամեն տեսակի մեծահասակներ են ծնվում, մինչդեռ երեխան ծնվում է միշտ հաղթանակած, հետապնդում է իր ավարը ողջ հավերժություն: Եվ հավերժությունը խաղում է, շարժում խաղաքարերը. թագավորությունը երեխայինն է: Արդյո՞ք երեխան ծնվում է հավերժ անտիկ: Հին հույների եւ հռոմեացիների մեջ նա չէ՞, որ հայտարարում է հաղթանակողի օրենքի մասին: Թե՞ վշտի դառնությամբ պիտի հարցնենք՝ միգուցե որոշ մարդիկ ծնվում են արդեն մեծահասա՞կ: Սիրե՜ք Հերակլիտոսին, թե կարող եք:
________________________
* John Locke, Some Thoughts Concerning Education, The works of John Locke in nine volumes. (Vol. 8). London: Rivington, (12th ed.), § 103-105: Տե՛ս ** Տե՛ս Շահամիր Շահամիրյան, Որոգայթ Փառաց, թրգմ.` Պողոս Խաչատրյան, Հայաստան հրատ., Երեւան, 2002, էջ 63: *** John Dunn,The political thought of John Locke: an historical account of the argument of ‘Two treatises of government’. Cambridge, England: Cambridge University Press, 1969 էջ 114: **** Նույն տեղում: |
| պատկերադարան |
|