|մառան|
հրապարակված է 17.10.2011 | դավիթ պ. վարդազարյան |
կանաչի բոլոր հնչերանգները. Արեւորդի փառատոնի բացման ֆիլմի քննախոսականը

Հանդիսավորությամբ իր ընթացքի մեջ մտավ Արեւորդի բնապահպանական փառատոնը: Փառատոնի կինեմատոգրաֆիկ մասի մեկնարկը տրվեց երեկոյան` բացման ֆիլմով` ֆրանսիացի ռեժիսոր Պատրիկ Ռուսելի Կանաչ-ով (2009թ., Ֆրանսիա, 48 րոպե):

 

Այս կինոգործիչը հայտնի է նրանով, որ 2003-ից նկարում է այնպիսի ֆիլմեր, որոնք բարձրացնում են անտառահատման, կենսաբազմազանության կորստի եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին իրազեկությունը: Բացառություն չէ նաեւ Կանաչ-ը: Ինչպես հուշում է վերնագիրը, ֆիլմն առավել քան բնապահպանական է եւ հարմար շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներ բարձրացնող փառատոնի բացմանը: Զերծ մնալով այն դիտարկումից, թե որքանով է ընդհանրապես որեւէ ֆիլմ համապատասխանում որեւէ փառատոնի բացմանը հանդես գալուն, նշեմ միայն, որ դա լուրջ խնդիր է ոչ միայն մեզ մոտ: Իսկ տվյալ ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել վայրի բնության եւ բնապահպանության տարբեր փառատոններում: Ինչպես նշվում է ֆիլմի պաշտոնական սինոփսիսում, աշխատանքը Կանաչ անունով կապիկի մասին է, որը անտառահատման ու բնական պաշարների շահագործման զոհ է դառնում:

Մարդու եւ կապիկի բախման ելքը, թվում է, հստակորեն որոշված է դեռեւս Քինգ Քոնգի մեջտեղ գալու ժամանակներից. կապիկը դատապարտված է: Տվյալ դեպքը եւս բացառություն չէ: Փոխարենը, կարելի է ասել, բացառիկ է ռեժիսորի մոտեցումը: Այս ֆիլմում ոչ ոք չի հայտնվում ու չգիտես ում չի մեղադրում աշխարհի բոլոր բնապահպանական խնդիրների համար, ինչից հաճախ զերծ չեն թեմատիկ ֆիլմերը: Ռեժիսորը խնայում է նաեւ այն հանդիսատեսին, ով ֆոբիա ունի սարսափելի վիճակագրություններից: Իր, նկատեմ, ոչ մեղադրանքը, այլ բողոքը Ռուսելը մատուցում է բոլորովին այլ կերպ, քան ընդունված է: Ֆրանսիացի ռեժիսորի արտահայտչամիջոցներն են պատկերաշարը եւ հնչյունավորումը: 



Ֆիլմը մեկնարկում է պայուսակի մեջ հյուծված կապկի տեղափոխման տեսարանով: Ապա հանդիսատեսի աչքի առաջ հառնում է ինդոնեզական անտառը` իր ողջ շուքով եւ մի փոքր կենդանիների աշխարհում շարքից հաղորդումների ոգով, ինչը թերություն չէի անվանի` նման բարձրարժեք հաղորդումների հանդեպ անձնական նախասիրություն ունենալուս պատճառով: Մեր առաջ մառախուղում ջրվող փիղն է, չարաճճի կապիկները, տեղի ֆաունայի այլ ներկայացուցիչներ: Բայց, հանկարծ, այս հովվերգությունը խաթարվում է, ինչի մասին հուշում է կապիկների հուսահատ հիստերիան, ընկնող ծառերի «հառաչանքը»: Ապա կադրում ծառահատող մեքենաներ են… Դե, պարզ է, նախաստեղծ բնությունն իր տարերքի մեջ էր, մինչ կհայտնվեր կահույքի սիրահար եւ թերթ կարդացող մարդը` իր մեքենաներով: Այս բեկումնային պահը հնչյունավորում է հոյակապ երաժշտական ձեւավորումը, որն անտառի անմխիթար ոգիների ողբ է հիշեցնում եւ շատ ազդեցիկ է: Ապա կադրում ամեն ինչ ավելի ու ավելի պարզունակ է դառնում. գեղեցիկ կահույք, որը գովազդում են կիսամերկ շեղաչ գեղեցկուհիները` այդպես էլ ոչ մեկին ոչինչ չասելով դրա պատրաստման ոչ այնքան գեղեցիկ կողմերի մասին: Թերթեր, գրքեր, հրատարակություններ, որոնք եւս ոչինչ չեն հայտնում այդ առիթով: Լուռ են նաեւ այն մարդիկ, ովքեր խնամում են պայուսակի միջի օրանգուտանին` Գրինին: Մարդկային լռությունը, այս առումով, միայն զարդարում է ֆիլմը եւ ընկալվում որպես մեղավորի արդարանալու անընդունակության այլաբանություն: Մի խոսքով, կասեի, որ այս առումով Կանաչ-ը ոչ թե գունաբանություն է, այլ հնչյունաբանություն, եւ մեր առաջ լիուլի դրսեւորվում են կանաչի բոլոր հնչերանգները: Ֆիլմի ամբողջ ընթացքում պարբերաբար կադրում հայտնվող անօգնական Գրինը, թվում է, այլեւս մարդկանց հոգատար ձեռքերում է, բայց հեռավոր ազգակիցների հոգատարությունը չի փրկում կապիկին: Ֆիլմի վերջում որպես անհույս սպառող ներկայացված մարդիկ կապիկի մարմինն էլ, աղբի նման, դնում են տոպրակների մեջ եւ աղբասայլով փոխադրում աչքից հեռու…

Իսկ վերջում տեքստի տեսքով առավել քան ընդարձակ մեղադրական ցուցակ է ներկայացվում այն անձանց ու կազմակերպություններին, որոնց գործունեությունը հանգեցնում է նման ողբերգությունների` սկսած Ինդոնեզիայի նախագահից, վերջացրած Համաշխարհային բանկով:

Չգիտեմ, թե տեղացի հանդիսատեսն ինչքանով հաղորդակից դարձավ հեռավոր Ինդոնեզիայի կապիկների խնդիրներին, բայց շատ եմ ուզում հուսալ, որ տեղական ինչ-ինչ խնդիրների մասին, այնուամենայնիվ, կմտահոգվի եւ կգործի. կարելի է սկսել աղբը աղբամաններ գցելուց: