|մառան|
հրապարակված է 09.10.2011 | դավիթ պ. վարդազարյան |
ի՞նչ են ուզում կանանցից. Ջեյն Էյր. նորագույն ընթերցում

Դժվարանում եմ ասել, թե Ջեյն Էյր-ի բրիտանա-ամերիկյան նորագույն էկրանավորումը կոնկրետ ում պետք է ուղղված համարել (ես, օրինակ, նախեւառաջ հարկադրաբար դիտման կտանեի տեղացի որոշ ռեժիսորների` ցույց տալու, թե ինչ է նշանակում էկրանավորել դասական գործ):

Կինոդիտողները բաժանվում են 2 տեսակի` նրանք, ովքեր կինոդահլիճ են մտնում ադիբուդիով եւ նրանք, ովքեր չեն մոռանում իրենց հետ վերցնել թաշկինակը (համենայն դեպս): Դժվարանում եմ ասել, թե Ջեյն Էյր-ի բրիտանա-ամերիկյան նորագույն էկրանավորումը կոնկրետ ում պետք է ուղղված համարել (ես, օրինակ, նախեւառաջ հարկադրաբար դիտման կտանեի տեղացի որոշ ռեժիսորների` ցույց տալու, թե ինչ է նշանակում էկրանավորել դասական գործ): Մինչ դիտումը վստահ էի, որ լինելու են հիմնականում կանայք: Բայց ֆիլմը նայելու էին եկել նաեւ զույգեր (ընդ որում` այն տիպի զույգեր, որոնց ըստ մեր իրականության մեջ ընդունված կարգի, կարելի է տեսնել եկեղեցիներում` մոմ վառելիս): Ինձ զարմացրեց ոչ այն, որ դահլիճում կանայք էին, ովքեր սրբում էին աչքերը վերջին տիտրերի ժամանակ, այլ այն, որ աչքովս ընկավ մեկը, ով դա անում էր թաշկինակով, ընդ որում` այնպես նրբագեղ, ինչպես բնորոշ է վիկտորիական դարաշրջանի լեդիներին: Չգիտեմ ինչու, ֆիլմի դիտումից հետո մտածում էի, որ Ջեյն Էյր-ի ամբողջ սյուժեն իրականում իդեալական սերիալային է (հիշում եմ` ինչպես էին ժամանակին բոլոր կանայք Ջեյն Էյր հեռուստաֆիլմը նայում` հանուն Ռոչեսթեր խաղացող Թիմոթի Դալթոնի), բայց կա, այնուամենայնիվ, մի անորսալի բան, որ, այդ ամենով հանդերձ, դասականը դարձնում է դասական: Տվյալ դեպքում` Շառլոտ Բրոնտեի հանրահայտ վեպը (ի դեպ, ըստ BBC-ի` 10-րդ լավագույն գիրքը բոլոր ժամանակների 200 գրքերից) եւ ինչ կարողացել էր փոխադրել դրա նորագույն կինոընթերցումը` ամերիկացի ռեժիսոր Քերի Յոջի Ֆուկունագայի Ջեյն Էյր-ի տեսքով: Ֆիլմը թողարկվել է դեռեւս 2011-ի մարտին, բայց մեր տարածաշրջանում պրեմիերան կայացել է միայն աշնանը: Ուրախալի էր տեսնել, որ ներկա չես մատուցմամբ կանացի պատմության, ինչի մտավախությունն ունեի ի սկզբանե, երբ ֆիլմը մեկնարկվում է գլխավոր հերոսուհու (դերակատարուհին ավստրալացի դերասանուհի Միա Վասիկովսկան է) հուսահատ լացի տեսարանով, որից շատ չանցած հաջորդ բեկումնային գործողությունը լինում է նրա հայտնվելը տղամարդու գրկում, իսկ ընթացքում էլ նման դատողություններ է հնչեցնում. «... ափսոս, որ կինը չի կարող փոխել իր կյանքը այնպես, ինչպես տղամարդը»: Արդեն ֆիլմի ավարտին մոտ հասկանում ես, որ նաեւ ֆեմինիստականության առումով դասական գործի այս էկրանացումը, որքան էլ պարադոքսալ հնչի, «սեռափոխվել» է: Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ է ուզում տղամարդը: Ֆիլմը ստեղծողների շեշտադրումներից ֆիլմի «մեսիջը» դառնում է այն, որ տղամարդը` ի դեմս Ռոչեսթերի (դերակատար` իռլանդացի դերասան Մայքլ Ֆասբենդեր) ձգտում է ներդաշնակության. երբ նա, Ռոչեսթերի բառերով ասած, իր կյանքում ունի «իր դեւին»` ի դեմս խելագար կնոջ` Բերտայի, նա ձգտում է գտնել իր «մաքուր հրեշտակին»` ի դեմս Ջեյնի: Եւ տղամարդը պատրաստ է, բառի բուն իմաստով, ծնկաչոք կառչել կնոջից, երբ գտել է…

հատված Ջեյն Էյր ֆիլմիցՖիլմի մեծագույն արժանիքներից ու միաժամանակ ինչ-որ առումով թերություններից է այն, որ էկրանավորումը հավատարիմ է բնօրինակի ոգուն: Ֆիլմը ստեղծողները շատ մեծ տեղ են վերապահել հերոսների երկխոսություններին: Ընդհանրապես, այնպիսի տպավորություն էր, որ ֆիլմը կառուցված է Ջեյնի եւ Ռոչեսթերի մի քանի ծավալուն երկխոսությունների վրա, իսկ մնացածը մի տեսակ հավելում է: Ընդ որում` ընդունված էկրանային խրոնոմետրաժի պատճառով (տեւողությունը` 120 րոպե) այդ երկխոսությունները, զբաղեցնելով հսկայական ժամանակ, մի տեսակ ճնշում են մնացած ամեն ինչը: Բարեբախտաբար, դրա հետ մեկտեղ, ռեժիսորը այդ նույն երկխոսությունները առավելագույնս ծառայեցրել է կարեւոր գեղարվեստական նպատակների: Հերոսները երկխոսում են շշնջալով, հեգնելով, անգամ լռելով, մկանների թրթիռների «լեզվով»: Չեմ հիշում վերջին շրջանի որեւէ ֆիլմ, որում հերոսները շշուկով խոսեն եւ այդ շշուկի մեջ այդքան «մոռացված բովանդակություն» լինի: Մեկ այլ հին ու բարի եւ արդեն անդառնալիորեն կորած բան, որի հանդեպ կարոտախտ է առաջացնում ֆիլմը, նամակներն են. որքան էլ տարօրինակ է հնչում, մարդիկ այս ֆիլմում նամակներ են կարդում` ժամանակին դրանց ունեցած ողջ կարեւորությունը մատուցելով: Ժամանակի շունչը փոխանցում են նաեւ որոշ ընդունված պատժի տեսարաններ: Բնօրինակի երկխոսություններից բացի, դասականության գիծը ֆիլմում պահում է նաեւ չքնաղ երաժշտությունը: Նկատեմ, որ ֆիլմը բավականին մեղեդային է նաեւ առանձին երաժշտական կտորների ներառումով (կատարումներով հանդես են գալիս մանկամարդ Ադելը, Ռոչեսթերի ֆավորիտուհի Բլանշ Ինգրեմը, խելագար կինը): Հոյակապ են նաեւ պատկերաշարը (անգլիական լաբիրինթոս-այգիներում մտամոլոր Ջեյնի դեգերումը, մոմի լույսի ներքո կտավին պատկերված մերկ կնոջ ուսումնասիրումը եւ այլն), կոստյումները, ինտերիերը: Հենց նման ֆիլմերում է, որ հանդիսատեսը չի ուզում տեսնել էժանագինություն, որը սովորաբար դրսեւորվում է կոստյումների ու դեկորացիաների «համեստությամբ»: Այս դեպքում ավելի շատ գումար է ծախսվել, քան մինչ այս արված Ջեյն Էյր-ի որեւէ էկրանավորման համար, բայց հեղինակները կարողացել են համեստ ֆիլմ ստեղծել մեկ այլ իմաստով: Ամեն ինչ շատ զուսպ է` իբրեւ մեծ արժանիք, ինչից թվում է անհնար է խուսափել, երբ գործ ունենք կրքերի հետ, երբ կա կին եւ կա տղամարդ: Ի դեպ, այս առումով պետք է նկատեմ «հաճելի անսպասելին». միակ «անհարիր» բանը կարող էր համարվել թերեւս այն (եթե ֆիլմը քննախոսելու լինեին դեպքերի ժամանակակիցները իրենց ժամանակին), որ մի քանի անգամ Ջեյնը հայտնվում է… գիշերանոցով (անկողնային տեսարաններ բնորոշ են Ջեյն Էյր-ի անգամ հին էկրանացումներին): Իսկ մերօրյա քննախոսողին այդ հանգամանքը նույնիսկ զարմացնում է, բայց հաճելի է տեսնել մի ֆիլմ, որը միտված չէ հանդիսատեսին «կարթել» մերկ տեսարաններով:

Ժամանակակից կինոյին բնորոշ հնարքներից հեղինակը նախընտրել ու լիուլի շահագործել է այսպես կոչված flashback-երի հնարքը, երբ գործող անձինք վերհիշում են իրենց կյանքը: Տեխնիկապես ամեն ինչ բարեհաջող է, հակառակ հնարքի կիրառման բովանդակային կողմի. հերոսուհին ասես այնքան է տարվում վերհուշերով, որ մնացածի համար ժամանակը` էկրանային ժամանակը բառի բուն իմաստով, չի հերիքում. Ջեյնն ու Ռոչեսթերը վերագտնում են իրար եւ պատումը հենց տեղում էլ ավարտվում է` էկրանավորումից դուրս թողնելով վեպում նկարագրվող նրանց հետագա կյանքը, զավակի ծնունդը, Ռոչեսթերի ապաքինվելը… Սակայն, այս լուծումը ամենեւին էլ մեծ բացթողում չպետք է համարել, մանավանդ, որ արտասահմանում դասական գործերի էկրանավորումներին հաջորդում է բնօրինակների հանդեպ հետաքրքրության աճը` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

հատված Ջեյն Էյր ֆիլմից

հ.գ. Կինոսիրողների համար պետք է որ մեծ բավականություն լինի լեգենդար Ջուդի Դենչի հերթական փայլուն կինոհայտնությունը` լեդի Ֆերֆաքսի դերում:

Ջեյն Էյր կինոնկարը այս օրերին ցուցադրվում է Մոսկվա կինոթատրոնում, ուր և տեղի է ունեցել դիտումը: