Շնորհակալ եմ, իմ սիրելի, սիրելի՛ եղբայր [դիմում է Սեպուհ Ասլանյանին]։ Ողջունում եմ քեզ, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր նախատեսություն եւ հաստատակամություն ունեցան ի մի բերելու գիտական լուրջ աշխատանքներ եւ սիրող սրտեր՝ հետեւելու պատմության մեջ այս առանձնահատուկ պահին իմ թանկագին հայ եղբայրների ու քույրերի դժվարին կացությանը եւ վիճակին։
Ինչպես գիտեք, ես գալիս եմ մի ժողովրդից, որին չորս հարյուր տարի անընդմեջ եւ համակարգայնորեն ատե՛լ են, բայց որը շարունակում է սիրո մարտիկներ տալ, որին չորս հարյուր տարի ահաբեկե՛լ են, բայց որը շարունակում է ազատության համար մարտնչողներ տալ, որին չորս հարյուր տարի խոցե՛լ են, բայց որը շարունակում է վիրավոր դարմանողներ տալ։ Եվ ուրեմն, մի մեծ ժողովրդից, աշխարհասփյուռ պատմական ժողովրդից, ամերիկյան կայսրության ընդմիջից, ես բարձրացնում եմ ձայնս` մեկ ձայն, բայց ի՛մ ձայնը՝ ի խորը համերաշխություն մեկ այլ աշխարհասփյուռ պատմական ժողովրդի։ ժողովուրդ, որը երկու հազար տարուց ավել խոցվել է, բայց շարունակո՛ւմ է վիրավոր դարմանողներ տալ, որին երկու հազար տարուց ավել անընդմեջ ատել են, բայց որը շարունակո՛ւմ է սիրո մարտիկներ տալ, որին երկու հազար տարուց ավել ահաբեկել են, բայց որը շարունակո՛ւմ է ապշեցնող ազատամարտիկներ տալ։ Ես խոսում եմ հայ ժողովրդի մասին, որը գալիս է դարերի խորքից։
Բայց նախ՝ ուզում եմ կենտրոնանալ, թե ինչի մասին է այս գիտաժողովը: Ուզում եմ սկսել սուրբ Մեսրոպ Մաշտոցի հայերեն գրված առաջին իսկ բառերից, երբ նա թուղթ ու գրիչ վերցրեց և ստեղծեց 36 տառ, եւ ասաց՝ ուզում եմ սկսել Դավթի որդի Սողոմոնի խոսքերից՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», միաձուլեց այն, ինչը հիմնասյուն պիտի դառնար հայ ժողովրդի գոյատեւման եւ բարգավաճման համար. մի կողմից Երուսաղեմի մարգարեական ժառանգությունը — մարդկության պատմության մեջ հազվադեպ է, որ մի ժողովրդի ինքնությունն այդքան հիմնովին ձեւավորած լինի Հիսուս անունով պաղեստինցի հրեայի ժառանգության վրա — այն քրիստոնեությունը, որը հաճախ եղել է հալածանքի աղբյուր, հպատակեցման աղբյուր, տիրապետության աղբյուր, իսկ մյուս կողմից Աթենքի սոկրատյան ժառանգությունը: Ինքնության, համատեքստի, պատմության, հիշողության, մեծարանքի, դիմացկունության, դիմադրության խիստ կարեւոր հարցերը բարձրաձայնելու կամեցողությունը: Եվ ապա` լավագույն հայկական մեծ ավանդույթների չափանիշը՝ արմատները միշտ ուղիներին կապելը. համայնականությունը, միջազգայնությունը։ Այսինքն, հայ լինելու առանձնահատկությունը՝ արմատավորված Երուսաղեմի մարգարեական ժառանգության եւ Աթենքի սոկրատյան ժառանգության մեջ, այն է, որ համերաշխությունը սկսվում է տանը, բայց ձեռքերը միշտ բաց են՝ այլոց տառապանքի առջեւ:
Սա մեծագույն շնորհ է, եւ եկեք այն որեւէ կերպ չթերագնահատենք այս պահին, երբ նեոֆաշիզմները, ցեղախմբային ավտորիտար ռեժիմներն ուժեղանում եւ թափ են հավաքում ողջ աշխարհում, սկսած, այո՛, հենց այստեղ՝ մեր ամերիկյան կայսրությունում, եւ դրսեւորվող Մերձավոր Արեւելքում, Լատինական Ամերիկայում, Ասիայում։ Մենք այնքան բան ունենք սովորելու իմ թանկագին հայ եղբայրներից ու քույրերից, որոնք մարդկության պատմության տարեգրության այս ողջ ընթացքում հավատարիմ են մնացել այդ իմաստությանը, հավատարիմ են մնացել այն հեսեդին՝ գթությանը, որ մեր հրեա եղբայրներն ու քույրերը արձանագրել են իրենց սուրբ գրություններում, հավատարիմ են մնացել հոգատար բարությանն ու անսասան սիրուն, որ ուշադրություն է դարձնում որբին ու այրուն, հայր ու մայր չունեցողներին, հալածվածներին, հպատակեցվածներին ու ստրկացվածներին։
Եվ ուրեմն, սա ընդհանրապես որեւէ ժողովուրդների ատելու մասին չէ, այլ ժողովուրդների իշխելու, բնաջնջելու, բռնազավթելու մոլուցքն ատելու մասին է։ Սա բարոյական եւ հոգևոր հարց է, արմատավորված մի ժողովրդի մեջ, որը . . . Եկեք շատ հստակ լինենք. երբ խոսում ենք պատմության մասին՝ սպանդի, ավերածության, կոտորածների՝ Ադանայի, Համիդյան ջարդերի, ցեղասպանության մասին . . . 1943 թ. հրեա եղբայր Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» բառը ստեղծելիս նկատի ուներ Օսմանյան կայսրության հայ եղբայրներին ու քույրերին։
Այդ պատմությունը չպե՛տք է մեզ կաթվածահար անի, չպե՛տք է թուլացնի, ո՛չ էլ կուրացնի հենց կեղեքողների մարդկայնության հանդեպ։ Ինձ շատ դուր եկավ, իմ սիրելի եղբայր Սեպուհ, երբ ասացիր՝ մենք խոսում ենք բոլոր համայնականների, բոլոր միջազգայնականների մասին, որոնք կանգնած են ճնշված մարդկանց կողքին։ Մենք չե՛նք ատում ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին, մենք չե՛նք ատում թուրք եղբայրներին ու քույրերին, մենք չե՛նք ատում Օսմանյան կայսրության եղբայրներին ու քույրերին։ Մենք ատում ենք իշխումը, բնաջնջումն ու հպատակեցումը։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք ինքնե՛րս էլ ունակ ենք իշխելու, ատելու եւ խոցելու ուրիշներին։ Մեզ դա տրված է հենց քրիստոնեական ավանդույթից, որը եղել է հայկական նախագծի կենտրոնում։
Բայց մենք հրաժարվում ենք լռել։ Մենք հրաժարվում ենք մեր բերանները փակ պահել, երբ մեր սիրելի հարազատները հպատակեցվում են, ստրկացվում ու բնաջնջվում, եւ մենք ամեն ինչ կանենք, որ նրանց հիշատակը, նրանց վկայությունը եւ ամենակարեւորը՝ նրանց թանկագին ու անգին մարդկայնությունը հաստատվեն։ Եվ ուրեմն այս գիտաժողովի նպատակը ճշմարտության հետամտումն է, եւ ճշմարտության պայմանն է թույլ տալ, որ տառապանքը խոսի։ Լինել արդարության հետամտողը։
Իսկ արդարությունը հենց այն է, ինչ սերը հանրայինում, սեր՝ ճշմարտության հանդեպ, սեր՝ գեղեցկության հանդեպ։ Եկեք չթերագնահատենք հայկական մշակույթը, որը ծառայել է որպես դիմադրության եւ դիմացկունության անսպառ աղբյուր․ երաժշտությունը, գեղանկարները, փառահեղ քանդակները եւ հենց հարաբերությունների գեղեցկությունը։
Եվ ուրեմն, անչափ շնորհակալ եմ, որ ինձ խոսելու հնարավորություն տվեցիք։ Երբ մտածում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի մասին, հիշում եմ մեծն Ուիլյամ Սարոյանին, որն անչափ կարևոր դեր է ունեցել իմ մտածողության վրա։ Ինձ բախտ է վիճակվել ճանաչել իմ սիրելի եղբայր Վարդանին [Գրիգորյան]. ես գիտեմ նրան Բրաունի համալսարանից, ծանոթացել ենք Նյու Յորքի հանրային գրադարանում։ Տարբերություն կա՛, երբ իրական, շոշափելի հարաբերություններ ես ունենում մարդկանց հետ։ Նույնը կասեի Փիթերի [Բալաքյան] մասին։
Կարող եմ անվերջ խոսել այս փառահեղ համընկնումների մասին, այնպես որ Համերաշխությունը վերացական չէ, այն արյա՛մբ է ներծծված, այն արցունքո՛վ է ներծծված, եւ սակայն մենք հրաժարվում ենք թույլ տալ, որ հայ եղբայրների ու քույրերի դեմ ուղղված ստերն ու ոճրագործություններն ունենան վերջին խոսքը։
Այսպիսով թույլ տվեք, որ համերաշխության իմ այս համեստ խոսքերը միայն սկիզբը լինեն այն բոլոր խոսքերի, որ ասվելու են այս փորձառու ուսումնագետների կողմից, որոնք կուղեկցեն մեզ ճշմարտության եւ արդարության հետամտման ճանապարհին։ Թող այդ խոսքերը լինեն վերջին խոսքը՝ մինչ մենք մասնակցում ենք ռասայական, ազգային, սեռային, սեռական կողմնորոշման եւ բոլոր այլ ուղղություններով համերաշխության այս նախագծին՝ ընդդեմ ֆաշիզմի ցանկացած տեսակի, ընդդեմ պոպուլիստական բռնապետական ցանկացած ռեժիմի։
Այս օրհասական պահին չհուսալքվե՛ք։ Չթողնե՛ք, որ որեւէ բան մարի ձեր կրակը։
Որպես սեւ մարդ եւ որպես մեկը, ով կապված է իր հայ եղբայրներին ու քույրերին, ես գիտեմ, որ ձեր ներսում սուրբ կրակ է վառվում, եւ այնպե՛ս է վառվում, որ դուք կասե՛ք ճշմարտությունը, դուք կփնտրե՛ք արդարություն։ Ոչ թե ահեղ ինքնարդարության, այլ պարկեշտության եւ բարոյական տոկունության ոգով, որպեսզի այլեւս երբե՛ք, ԵՐԲԵ՛Ք մեր հայ եղբայրներն ու քույրերը չապրեն իրենց պատմության վատագույն էջերը, իսկ լավագույն էջերը շարունակեն կիսել իմ պես եղբայրների հետ, եւ բոլորի, ովքեր պատրաստ են ընդունել, թե ինչ է ճշմարտությունն ու արդարությունը։