|ակտուալ ա|
հրապարակված է 09.11.2019 | ալիս տեր-ղեւոնդյան |
Ատակամայի անապատները կապույտ են

Ներկա հրապարակումը հարգանքի տուրք է չիլիական ըմբոստ ժողովրդին եւ իր պոետներին

Չիլիում սկսվել են բողոքի զանգվածային գործողություններ ընդդեմ կառավարության: Ամեն ինչ սկսվել էր երկրի մայրաքաղաքում՝ Սանտյագոյում մետրոյի տոմսերի թանկացումից: Սակայն, ինչպես ասում են չիլիացիները. «Ոչ թե 30 պեսոն է պատճառը, այլ 30 տարին»:

Թեեւ նախագահ Սեբաստյան Պինյերան չեղարկել է այդ որոշումը, ինչպես նաեւ հայտարարել է սոցիալական հավելյալ ծրագրերի ներդրման մասին ու փոխել է մի քանի նախարարների, չիլիացիները շարունակում են բողոքել անհավասարության, ցածր աշխատավարձերի, սակագների աճի դեմ։ Դժգոհության եւս մի պատճառ է անվճար արժանավայել կրթության անհասանելիությունը:

Նոյեմբերի 5-ի դրությամբ ոստիկանության հետ բախումներում տուժել է 1659 մարդ, որոնց կեսից ավելին ստացել են հրազենային վնասվածքներ: 160 անձ աչքից են վիրավորվել: Ընդհանուր առմամբ բերման են ենթարկվել 4364 մարդ, այդ թվում՝ 670 կին եւ 479 անչափահասներ: 1990թ. բռնապետության անկումից հետո սրանք ամենալուրջ ընդհարումներն են Չիլիում, որոնք արդեն 20 հոգու կյանք են խլել:

Չիլիի ժողովրդի հիշողության մեջ դեռեւս թարմ են գեներալ Պինոչետի զինվորական խունտայի իշխանության տարիներին կատարված հանցագործությունները։

Չիլիացի հայտնի բանաստեղծ Ռաուլ Սուրիտան, ինչպես միշտ անմասն չի մնացել իր ժողովրդի պայքարից։ Ներկայում առողջական խնդիրների պատճառով բանաստեղծը հայտնվել է հիվանդանոցում։

 

Ռաուլ Սուրիտա Raúl Zurita

Բանաստեղծ Ռաուլ Սուրիտան ծնվել է 1950թ. Սանտյագո դե Չիլիում: Հորը կորցրել է շատ վաղ հասակում, ապրել է ծայրահեղ աղքատության մեջ: Փոքր տարիքից իսպաներենի հետ հավասար խոսել է իտալերեն, քանի որ մոր ընտանիքը Իտալիայից էր: Տատիկը նրան ու քրոջը մշտապես պատմում էր Վերդիի, Միքելանջելոյի, Դա Վինչիի, եւ ամենաշատը՝ Դանթեի մասին: «Մեզ հեքիաթներ էր պատմում,- հիշում էր Սուրիտան,- որոնք միշտ կապ ունեին «Աստվածային կատակերգության եւ հատկապես՝ - «Դժոխք» մասի հետ, որը անգիր գիտեր: Այդպիսով՝ ինձ համար «Աստվածային կատակերգությունը» ոչ թե ինտելեկտուալ մի բան էր, այլ իմ ընտանիքի, իմ կյանքի հետ կապված մի բան:» Պոետը խոստովանում է, որ Դանթե Ալիգիերիի ստեղծագործությունը ձեւավորել է նրա գեղարվեստական ճաշակը:

Պինոչետի բռնապետական ռեժիմի տարիներին Սուրիտան բանտարկվել եւ խոշտանգվել է: Այդ սարսափելի փորձառությունը նրան չի վախեցրել, ընդհակառակը՝ նպաստել է հանուն արդարության նրա պայքարին:

Ավելի ուշ Սուրիտան ղեկավարել է մշակութային նախաձեռնությունների մի շարք՝ մամուլի ու արտահայտման ազատության կարեւորությունը շեշտելու համար, չխորշելով անգամ ինքնավնասումից ՝ իր գաղափարները առավել ազդեցիկ դարձնելու մղմամբ:

1982թ. հունիսի 2-ին Սուրիտայի «Նոր կյանքը» պոեմը հինգ օդանավ սպիտակ ծխով «գրում էին» Նյու Յորքի կապույտ երկնքում: Ստեղծագործությունը ներկայացված էր 7-9 կիլոմետր երկարություն ունեցող 15 նախադասությունով: Այս ամենը տեսագրել է ռեժիսոր Խուան Դաունին: Իսկ 1993թ. Չիլիի անապատում բուլդոզերով փորագրվել է «Ոչ ցավ, ոչ վախ» ֆրազը, որն իր երկարության պատճառով (3.140 մ) կարող է կարդացվել միայն երկնքից: Այս նախաձեռնություններով բանաստեղծը փորձ էր անում վերագնահատել գրականության դասական կոնցեպտը` մոտենալով «համապարփակ արվեստի գործին» :
Սուրիտայի «Քավարան» եռերգությունը (1979), «Նախադրախտ» (1982), «Նոր կյանքը» (1994) պոեմների հավաքածուները, ինչպես նաեւ «Սիրո, տառապանքի ու նոր հազարամյակի մասին» էսսեն համարվում են նրա ամենանշանակալի գործերը:

Սուրիտայի ստեղծագործությունը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ Պաբլո Ներուդայի եւ Գրականության ազգային մրցանակների:

 

ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՎԵՐԵԼՔԸ

Եվ ուրեմն վեր խոյացավ օվկիանոսը
ու մեր բիբերը դեռ անհավատ
հառած հրաշքին
Նորից լսում ենք ալեբախումները, երկինք ելնող աստղերի պես
անթիվ-անհամար վեր եկող կղզիները
Այնտեղ Խաղաղ օվկիանոսն է, եղբայր, այնտեղ՝ մեր գլխավերեւում
ու տեսնելով, չես հավատում ու արտասվում ես
ու չես հասկանում ու արտասվում ես
բոլոր սիրահարները՝ ծով են

Ամեն ինչ որ սիրում ենք՝ ծով է
Ամերիկան մի ծով է՝ այլ անունով

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 178

Քեզ պատմում են հիմա կյանքիդ վայրիվերումների մասին

Քեզ պատմում են կեղծ Իթակաների,
հեռավոր կղզիներում նավաբեկման մասին

քո հոգնածության մասին, որ քեզ դեպի ալիքներն է բեկում

Քեզ ասում են որ ավելի անդին աշխարհի վերջն է
Որ այնտեղ ծովը փուլ է գալիս, որ քո սիրած ծովը փուլ է գալիս
ու որ նավերն երբեք դեռ հետ չեն դարձել
Քո իսկ գիշերով քեզ հետ վախերն են խոսում

Որոնք հնչում են որպես այս պոեմներն արթնացնող մի բան
որպես ներսումդ եղած մի բան,
որպես մի բան որ կտրում-անցնում է ծովն ու արթնանում է:


ԱՏԱԿԱՄԱՅԻ ԱՆԱՊԱՏԸ (III)

I. Ատակամայի անապատները կապույտ են

II. Ատակամայի անապատները կապույտ չեն արդեն
ինձ կարող ես արդեն ուզածդ ասել

III. Ատակամայի անապատները կապույտ չեն քանի որ
դրանց վրայով չի սավառնել ոգին Հ.Քրիստոսի որ կորսվածի մեկն էր

IV. Ու եթե ատակամայի անապատները դեռ կապույտ լինեին
կարող է Չիլիի Օազիսը դառնային որպեսզի Չիլիի բոլոր կողմերից
գոհունակությամբ տեսնեին օդում հրկիզվող
Ատակամա անապատի կապույտ տափաստանները

 

ՉԻԼԻԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Կտեսնես քարերի մի ծով
Կտեսնես ծովում գոհարներ
Կտեսնես սովի մի Աստված
Կտեսնես սով
Կտեսնես ֆիգուրներ ծաղկի պես
Կտեսնես անապատ
Կտեսնես ծով անապատում
Կտեսնես ատելու ունակությունդ
Կտեսնես պապակած մի երկիր
Կտեսնես ժայռերը ջրի
Կտեսնես փախչող անուններ
Կտեսնես ծարավը
Կտեսնես փախչող սերեր
Կտեսնես այն քիչ սերը
Կտեսնես քարանման ծաղիկներ
Կտեսնես նրա փախչող աչքերը
Կտեսնես գագաթներ
Կտեսնես գագաթներին գոհարներ
Կտեսնես ճերմակ օր
Կտեսնես որ գնում է
Կտեսնես չտեսնել
Ու կհեկեկաս

 

ՊԱ՛ՀԻՐ ԻՆՁ ՔՈ ՄԵՋ

Սե՛ր իմ. ուրեմն պահի՛ր ինձ քո մեջ
ամենագաղտնի հեղեղներում
որոնց քո գետերն են վեր հանում
ու երբ մեզանից
մնա միայն ափեզրի պես մի բան
ինձ էլ ունեցիր քո մեջ
պահի՛ր ինձ քո մեջ որպես հարց
անհետացող ջրերին
հետո էլ. երբ մեծ թռչունները
տապալվեն ու ամպերը մեզ հայտնեն
որ կյանքը մեր մատների արանքով գնաց
դեռ պահի՛ր ինձ քո մեջ՝
օդի այն նշույլում, որ դեռ տիրում է
քո ձայնի մեջ՝ կոշտ ու հեռավոր՝
սառցադաշտերի ճեղքերի նման
որոնց մեջ իջնում է գարունը

 

Օսկար Ան Oscar Hahn

Բանաստեղծ, արձակագիր եւ գրա­քննադատ Օսկար Անը ծնվել է Չի­լիում, 1938թ.: Դոկտորական ատե­նախոսությունը պաշտպանել է Մերիլենդի համալսարանում (ԱՄՆ): 1971-1972թթ. անդա­մակ­ցել է Յովայի համալսարանի արձակագիրների աշխատանոցին: Հետագա երեսուն տարիների ըն­թացքում դասավանդել է նույն հա­մալսարանում` արժանանալով վաստակավոր պրոֆեսորի կոչմանը:

Անի ստեղծագործությունը` յուրա­հատուկ ու սադրող, մշտական երկ­խոսության մեջ է ճանաչում ունե­- ցող հեղինակների ու նրանց ստեղ­ծագործությունների հետ:

Օսկար Անի ամենահայտնի բանա­ստեղ­ծական հավաքածուներն են. «Այս սեւ վարդը», «Մեռնելու արվեստ», «Սիրո հիվանդություն», «Գողացված բանաստեղծու­թյուն­ներ», «Մի ակնթարթում», «Առա­ջին խավարը»:

Բանաստեղծն արժանացել է բազ­մաթիվ արժեքավոր մրցանակների: Դրանց թվում են «Կասա դե Ամե­րիկա» /Իսպանիա, 2006/, «Խոսե Լեսամա Լիմա» /Կուբա, 2008/, «Պաբլո Ներուդա» /Չիլի, 2011/, «Գրականության Ազգային մրցա­նակ»/Չիլի, 2012/, «Լոեւե» /Իսպանիա, 2014/ մրցանակները:

Անի ստեղծագործությունները թարգ­մանվել են անգլերեն, հու­նարեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ ռումիներեն: Նա համարվում է Ամերիկայի իսպա­նախոս պոեզիայի կարկառուն ներկայացուցիչներից մեկը:

 

ՀԵՐԱԿԼԻՏՈՍԻ ՖՐԱԳՄԵՆՏՆԵՐԸ ԵՐԿՆՔԻՆ ԲԱԽՎԵԼԻՍ

Հերակլիտոսն ապրում էր եփեսոսյան մի գետում
ներփակված երազի ընկերքում
ափեզրին քնածներից հեռու
Հերակլիտոսն ուներ երկայն մորուս
ու երկար լեզու քեզ ավելի լավ լիզելու

Երկու անգամ նույն գետում չենք լողանում
Երկու անգամ նույն մարմինը չենք մտնում
Երկու անգամ նույն մահի մեջ չենք թրջվում

Տակառին նստած բարձրանում է Մռայլը
Դեպի սրընթաց ճարտարամիտները
Պարմենիդեսի հոսանքին հակընթաց
ու հայտնվում Լոնդոնի գրադարանում
ամենասեւ մորուսով ու եթերային նախնիներով

Հերակլիտոսն ապրում էր եփեսոսյան մի գետում
բայց երկու անգամ նույն գետում չէր լողանում
Լողանում էր աչքի ոսպնյակում
Լողանում էր իր ջրե մարմնում
ու փայլփլում էր հոսում ու ալիքվում
Պարմենիդեսն ապրում էր սառցաբեկորում
ու միշտ լողանում էր այդ նույն բեկորում
Նա որ մաքրվում է արյան մեջ թրջվելով
նա որ կեղտը կեղտով է մաքրում
այդ պահին փորձում է հակասել ինքն իրեն
ու նորից է մտնում ջրային կրակները
հրաշունչ բոցակեզ ջրերի

Լույսը հեծնած ելնում է Մռայլը
կապույտ մեծ Կրակի ուղղությամբ
առաջին հայացքից սիրահարվածի
զգացումների արագությամբ
ու աստեղային թրիքով ու կեղտով պատված
վերջավոր տարածքի պատերին բախվելով
փշրվում սառցաբեկորների

Եթե Հերակլիտոսը ջրգողություն չունենար
ջրով կլցվեին հիվանդանոցները
անհատնում հիվանդների սպիտակ մահճակալները
եթե Հերակլիտոսը ջրգողություն չունենար

Ու Համաստեղությունների Փարախում
լուսատու կենդանիները վիճարկում են
իրենց խարսխված մարմինների մնացորդները
Արջն իր ողերից մեղր է լիզում
Ձուկը ջրիմուռներով իր միսն է պոռթում
իսկ Շունն իր ոսկորներն է թաղում երկնքում

Հերակլիտոսն ապրում էր տիեզերաեթերում
ու երկնաքարերի փոթորիկ էր
երկնային Ծովերի ուղղությամբ

Հերակլիտոսի հոգին չոր էր այդ ժամին
ու գինին տխուր ու տեսքը քնատ

 

ՄԱՀԸ ՆՍՏԱԾ Է ԱՆԿՈՂՆՈՒՍ` ՈՏՔԵՐԻՍ ԿՈՂՄԸ
«Մեռնելու արվեստ»-ից (1977)

Անկողինս խառնված է. սավանները գետնին,
ու վերմակները պատրաստ թռչելու:
Հիմա մահն ասում է, թե անկողինս է հավաքելու:
Աղաչում եմ, որ ոչ, որ թողնի` ինչպես կա:
Համառում ու ասում է, թե այս գիշեր է պահը:
Նստում ու հավելում է, թե այս գիշեր ինձ սիրում է:
Ասում եմ` բա ոնց եմ կյանքի հերն անիծելու:
Ասում է, թե բա` գնա գրողի ծոցը:
Մահը նստած է անկողնուս` ոտքերիս կողմը։
Այս համառ մահը բարկացել է վրաս
եւ ուզում է ինձ ուժասպառ անել։
Փորձում եմ նրան ահռելի մի ճյուղով քշել:
Հիմա ասում է, թե ուզում է կողքս պառկել
միայն քնելու համար, որ պետք չէ վախենալ։
Հարգանքից եմ լռում` հայտնի է նրա վատ համբավը։
Մահը նստած է անկողնուս` ոտքերիս կողմը:

 

ՄԵԿԻՆ ԲԱԽՏՍ ԵՐԿՈՒՍԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑԴ
«Սիրո հիվանդություն»-ից (1981)

Ամբողջ գիշեր դռանդ առջեւ կանգնած
սպասել եմ որ դուրս գան քո երազները
Մեկին դուրս եկավ հայելիների մի շարան
երկուսին դուրս եկավ ջրով լի ննջարան
երեքին դուրս եկավ այրվող հյուրանոց
չորսին ես ու դու սեր անող, տոչորվող
հինգին մի տղամարդ ատրճանակով
վեցին կրակոց լսեցիր արթնացար
Յոթին հապճեպ դուրս թռար քո տնից
ութին մտանք Վալդիվիա հյուրանոց
իննին հայելիներում բազմապատկվեցինք
տասին ընկանք ջրե անկողին
տասնմեկին սեր արեցինք վերացանք

Հիմա ցերեկվա տասներկուսն է
ու գիրկս եմ առել
բոլոր հանցանքներիս մարմնավորումը

 

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ԴԻՏՈՂԸ

Նորից այստեղ եմ
Յովա Սիթիի իմ սենյակում

Անջատված հեռուստացույցի առջեւ նստած
Գդալում եմ Քեմփբել ապուրը

Արտացոլվում է էկրանին
Բերանս մտնող գդալի պատկերը

Ու դառնում եմ իմ սեփական գովազդը
Որը ոչ ոքի ոչ մի բան չի ասում

 

ՈՒՐՎԱԿԱՆԻ ԾՆՈՒՆԴԸ

Սավանը վրաս գցած
մտա լոգարան

Անունդ նկարեցի հայելուն
ցնցուղի գոլորշուց մշուշոտ

Դուրս եկա լոգարանից
ու նայեցի մեր դատարկ անկողնուն

Վրա հասած ահարկու մի քամուց
թռան ձեռքերիս գծերը
մարմնիս ձեռքերը
ու մարմինս դեռ քեզանով տաք

Հիմա ես թափառող սավան եմ
նորածին մի ուրվական
որը քեզ է փնտրում ննջարանից ննջարան