«Արդիական հեռավորություն» շարքը չի հավակնում դառնալ գրականություն։ Այն փորձարկում է տեքստի սահմանների ճկունությունը, որտեղ սահմանափակումն օգտագործվում է որպես ստեղծագործական խթան։
Փորձ է սահմանափակ թեմայի ու խիստ սահմանափակ բանալի բառերի առանցքի շուրջ խտացնելու վարը նշված բուռն իրադարձությունները՝ շոշափելով սոցիալ-քաղաքական թեմաներ։ Սիրերգությունը ևս ընտրվել է որպես «սահմանափակող» հանգամանք՝ փորձելու համար գտնել սիրո արտահայտության այլընտրանքային ձևեր, երբ թվում է՝ բոլոր ուղիներն արդեն սպառված են, իսկ կրկնվելը՝ անխուսափելի։
Հայաստանում COVID-19-ի առաջին դեպքը գրանցվեց 2020 թվի մարտի 1-ին։ Նույն ամսվա 16-ին արտակարգ դրություն հայտարարվեց ՀՀ ամբողջ տարածքում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվեց պարետ, եղան կարանտին և հակահամաճարակային կանոններ՝ ձեռքերը հաճախակի ախտահանել, սոցիալական հեռավորություն պահպանել (1.5-2 մետր), դիմակ դնել։ Մայիսի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստեց՝ «կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին»։ Հունիսի 2-ից սկսած, գրեթե երկու շաբաթ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց հասարակության կողմից հակահամաճարակային կանոնների խախտումների լուսանկարներ։ Ֆիրդուս թաղամասի քանդման դեմ պայքարի ալիքը վերսկսվեց հունիսի 11-ին, երբ հին շենքերից մեկի պահպանված ֆասադը հողին հավասարեցվեց։ Հուլիսի 12-ին Տավուշի սահմանամերձ հատվածում հայ-ադրբեջանական ռազմական նոր բախումներ սկսվեցին, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ։
ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ՔԱՂԱՔ
Քաղաքը շարունակում է իր հին պատմության
ու ապրած դաժան օրերի վրեժը լուծել՝
բաժանում է,
երկու մասի է բաժանում ամեն ինչ՝
սրտերը,
մտքերը,
ցանկություններն ու
մարդկանց։
Ինձ բաժին է հասել
մեկուսանալը,
նրան՝
մի երկու դիմակ ու մի քանի զույգ ձեռնոց։
***
Դիմակով,
բոլոր զգացմունքները
հայացքիդ մեջ էին կուտակվել,
սիրահարվեցի:
Պարետն էր մեղավոր։
***
Ճիշտ ժամանակին
հայտնվեցիր իմ կյանքում։
Մեն-մենակ
ումի՞ց
հեռավորություն պիտի պահեի։
***
Երկու քայլ ես հեռու,
1500 միլիմետր,
թվում է՝ ոչ մի բան,
եթե չեմ մտածում
սիրահարված
զույգ մրջյունի մասին։
***
Երբեք չես եղել
այսքան հեռու, հիմա
ոչ թե մեկ, այլ տասնյակ սև կատու
կանցնի մեր միջով։
***
Երբ մեր միջև ընկած
1.5 մետրը
լցվում է կարոտով,
արի մտածենք
նրանց մասին, որ
արտագաղթեցին։
***
Հայացքդ մինչև ինձ հասնելը
սառչում է սոցիալական հեռավորությունից,
բայց նույնիսկ
սառը հայացքիդ հպումից է բռնկվում սիրտս,
ինչպես լուցկի՝
յուր կյանքին վերջ տալու գիտակցությամբ։
***
Ժամանակին
իմ ազատությունը
ավարտվում էր, երբ քոնն էր սկսվում,
հիմա՝
քեզ հասնելուց 1.5 մետր պակաս։
SOPHISTICATED
Գտա բնութագրող բառը:
Հենց դա է ամրացնում զգացական մասը,
որ չդիպչեմ ոչ մի բառիդ,
համաճարակը կապ չունի։
***
Պատմությունդ սիրում,
բայց անցյալիդ հետ ապրել չեն ուզում, ու
ամեն շենքից, որ քանդվում է,
մեր միջև եղած հեռավորությունն է շատանում։
Երանի այս հեռավորությունը
նվազեցներ քանդման համաճարակը։
***
1.5 մետր շառավիղով
պտտվում ես շուրջս,
բայց չես մոտենում։
Oրինապահ չես, ու
7 քմ ազատ տարածքը
տիեզերք է երկուսիս համար.
ձգողականությունս եմ կորցրել գուցե։
***
Լուցկիից հեռո՛ւ,
կրակ կա մեջը,- ասում էին,
երբ փոքր էի։
Հիմա թեկուզ հազար ասեն՝
իրարից հեռո՛ւ,
ի՞նչ պիտի անեմ
տեղով հրդեհ հայացքը քո։
***
Ամեն օր թաքուն եմ անցնում պատուհանիդ մոտով՝
նկարող չլինի.
Վարչապետն էլ իր էջում
չհրապարակի դա։
***
Շունչ քաշելու ժամանակ չկա,
արտաշնչելու իմաստ՝ նույնպես,
եթե երկուսս դիմակով ենք,
ու չի հպվում շունչդ շնչիս։
***
Միայնակ
յուրաքանչյուրս մեր դաշտում,
կիսածածկ դեմքերով,
սառը հայացքով իրար ենք նայում։
Ասում են՝ հիմա էլ է պատերազմ,
սահմանը՝ 1.5 մետրի վրա,
ուրեմն բոլորս առաջին գծում ենք,
յուրաքանչյուրս՝ մեր դաշտում
մեն-մենակ։
Ամուր գրկեի, հրաժեշտ տայի քեզ
առաջնագիծ մեկնելուց —
ռազմականին եմ սովոր.
ձեր պատերազմը սկսեց,
մերն ավարտվեց
88-ին,
ծնվելուցդ մեկ տարի առաջ։
***
Չորս տղերքը գնացին առանց հրաժեշտի —
Ո՛չ կարողանում եմ լռել, ո՛չ խոսել։
Սպասում եմ,- ասաց ընկերս։
Հասկանում եմ՝
ինքն էլ գիտի հրաժեշտի գինը։
Երկրորդ պատերազմն է՝
պտտվում է շուրջս,
բայց չի մոտենում,
ինչպես և դու։
Վեցս էլ գիտեինք՝ սա կոչվում է
հարաբերական անդորր։