|ռեւիզոր|
հրապարակված է 05.06.2012 | կարլ մարքս |
ապրանքի ֆետիշային բնույթն ու նրա գաղտնիքը

Այստեղ մարդկային գլխի արդյունքները երեւում են սեփական կյանքով օժտված, իրար հետ ու մարդկանց հետ հարաբերության մեջ գտնվող ինքնակա գոյակներ: Նույնն է լինում ապրանքային աշխարհում մարդկային ձեռքի արդյունքների նկատմամբ:

 

Այսօր Հայաստանում Մարքս հրատարակելն առնվազն անպատեհ, եթե չասենք անհեթեթ է թվում: "Մարքսը" հայաստանյան ներկան սահմանող ու հետապնդող մի ուրվականի անուն է: Ծանրաբեռնված Խորհրդային ամբողջատիրության փորձից բխող բացասական ներիմաստներով, "Մարքսը" շարունակում է բացասականորեն իր գործուն ազդեցությունն ունենալ մեր այսօրը կառուցելու եւ ըմբռնելու գործում. "Մարքսը" հայաստանյան ներկայի նեգատիվի անուն է: Զավեշտալի չէ՞ արդոք, որ այսօր յուրաքանչյուր հայաստանցու առերեսած գերխնդիրը՝ հասարակական անարդարությունն իր ամենատարբեր դրսեւորումներով, եղել է հենց այն հարցը, որն ըմբռնելու եւ հաղթահարելու գործում թերեւս մեծագույն ներդրումը պատկանում է մի մարդու, ում անունն իսկ տալը այսօր անհեթեթ է թվում: Մարքսի տեսությունը մարմնավորում է մի շատ հատկանշական մեթոդաբանական սկզբունք. ճշմարտությունը ոչ թե այնտեղ է, ուր չես փնտրում, այլ այնտեղ, ուր հատկապես չես փնտրում: Ճակատագրի հեգնանքով, այս սկզբունքն այսօր կիրառելի է հենց իր՝ Մարքսի կապակցությամբ: Այնպես որ, ճշմարտությունը միշտ "անպատեհ" է եւ նման մի անպատեհ առիթ ենք ընձեռում ընթերցողին:

Ներկայացվող տեքստը Մարքսի Կապիտալի թերեւս ամենալայն տարածում գտած եւ ամենամեծ ազդեցություն թողած գլուխն է, որտեղ ամփոփված է "ապրանքային ֆետիշիզմի" նրա տեսությունը: Վերջինս ահռելի դեր է կատարել ոչ միայն կապիտալիստական արտադրաեղանակի վերլուծության, այլեւ (գուցե շատ ավելի մեծ չափով) 20-րդ դարի մշակութային եւ արվեստային խնդիրներն ըմբռնելու համար: Գեորգ Լուկաչից եւ Վալտեր Բենյամինից, մինչեւ Գի Դեբոր, Մոնիք Ուիթթիգ, Վ.Ջ.Թ. Միթչելլ եւ Էմիլի Ափթեր, այս տեսությունը, տարբեր մեկնաբանություններով եւ փոխակերպումներով, ցայսօր էլ չի կորցրել իր կենարար ներուժը:

Ներկայացվող հայերեն թարգմանությունն ութսուն տարեկան է, այն իրականացրել է նորագույն շրջանի հայ մեծագույն թարգմանիչներից, մարքսիստ բանասեր եւ տնտեսագետ՝ Թադեւոս Ավդալբեգյանը՝ գերմաներեն բնագրից: Կապիտալի Ավդալբեգյանի թարգմանությունը հայ թարգմանական գրականության խոշորագույն նվաճումներից է, մի թարգմանություն, որը կիսեց իր թարգմանչի ճակատագիրը: Ավդալբեգյանը գնդակահարվեց 1937թ.` թարգմանությունն ամբողջությամբ ավարտելուց անմիջապես հետո: Թարգմանությունը չորս հատորով հրատարակվեց 1933-1949թթ. (վերջին երկու հատորում բացակայում է թարգմանչի անունը), ավելի ուշ, խորհրդային իշխանությունները կարգադրեցին իրականացնել Կապիտալի հայերեն նոր թարգմանություն՝ զավեշտաբար, ռուսերենից: Ավդալբեգյանի թարգմանությունը հայտնվեց հատակում այնպես, ինչպես Մարքսն այսօր Հայաստանում, էլ չասած Մարքսի հայ թարգմանչի մասին:

Թարգմանությունը հրատարակվում է փոփոխված ուղղագրությամբ՝ ըստ Կարլ Մարքս, Կապիտալ. քաղաքատնտեսության քննադատություն, հ. 1 (Երեւան: Կուսակցական հրատարակչություն, 1933), էջ 39-52:

                                                                                                                               Վ.Ա.
 

 


Ապրանք ասածդ առաջին հայացքից թվում է մի ինքնըստինքյան հասկանալի, սովորական իր: Նրա վերլուծությունը ցույց է տալիս, որ նա մի շատ տարօրինակ իր է, լի բնազանցական նրբամտություններով ու աստվածաբանական մանվածաբանություններով: Որչափով որ նա սպառարժեք է, նրա մեջ խորհրդավոր ոչինչ չկա, ուզում է՝ մենք նրան հիմա քննենք այն տեսակետից, որ նա իր հատկություններով մարդկային պահանջմունքներ է բավարարում, թե այն տեսակետից, որ նա այս հատկություններն ստանում է իբրեւ մարդկային աշխատանքի արդյունք միայն: Պարզապես հասկանալի է, որ մարդն իր գործունեությամբ փոփոխում է բնական նյութերի ձեւերն իր համար օգտակար մի եղանակով: Օրինակ՝ փայտի ձեւը փոխվում է, երբ մարդ նրանից մի սեղան է շինում: Բայց այնուամենայնիվ սեղանը մնում է փայտ, մի սովորական, զգայական իր: Բայց հենց որ նա հանդես է գալիս իբրեւ ապրանք, նա դառնում է մի զգայելի գերզգայական իր: Նա ոչ միայն իր ոտքերով կանգնում է գետնի վրա, այլեւ գլխի վրա է տնկվում մյուս բոլոր ապրանքների հանդեպ եւ իր փայտյա գլխից այնպիսի խեւություններ է հնարում, որոնք շատ ավելի զարմանալի են թվում, քան եթե նա սկսեր ինքն իրեն պար գալ [1]:

Այսպիսով ապրանքի միստիկական բնույթն առաջ չի գալիս նրա սպառարժեքից: Նա նույնքան քիչ է առաջ գալիս արժեքային որոշումների բովանդակությունից էլ: Որովհետեւ, նախ, որքան էլ տարբեր լինեն օգտակար աշխատանքները կամ արտադրողական գործունեությունները, մի բնախոսական ճշմարտություն է, որ նրանք մարդկային օրգանիզմի ֆունկցիաներ են, եւ որ ամեն մի այսպիսի ֆունկցիա, ինչ էլ որ լինի նրա բովանդակությունն ու նրա ձեւը, մարդկային ուղեղի, նյարդերի, մկանների, զգայարանական ու այլ օրգանների ծախսումն է էապես: Երկրորդ, ինչ վերաբերում է արժեքային մեծության որոշման հիմքին, ամեն մի ծախսման ժամանակային տեւողությանը կամ թե աշխատանքի քանակին, ապա այս քանակը կարելի է նույնիսկ շոշափելիորեն տարբերել աշխատանքի որակից: Այն աշխատաժամանակը, որ պահանջում է կենսամիջոցների արտադրությունը, բոլոր կացությունների ժամանակ պետք է հետաքրքրեր մարդկանց, թեեւ զարգացման տարբեր աստիճանների ժամանակ ոչ հավասար չափով [2]: Վերջապես, քանի որ մարդիկ այսպես կամ այնպես աշխատում են միմյանց համար, նրանց աշխատանքը նույնպես մի հասարակական ձեւ է ստանում:

Որտեղի՞ց է ուրեմն առաջ գալիս աշխատանքի արդյունքի առեղծվածային բնույթը, հենց որ սա ապրանքաձեւ է ընդունում: Պարզապես հենց նույն այս ձեւից: Մարդկային աշխատանքների հավասարությունն ընդունում է աշխատանքի արդյունքների արժեքային միանման առարկայականության նյութական ձեւ. մարդկային աշխատուժի ծախսման չափը իր ժամանակային տեւողության միջոցով ընդունում է աշխատանքի արդյունքների արժեքային մեծության ձեւ. վերջապես, արտադրողների հարաբերությունները, որոնց մեջ իրագործվում են նրանց աշխատանքների այդ հասարակական որոշումները, ընդունում են աշխատանքի արդյունքների մի հասարակական հարաբերության ձեւ:

Հետեւաբար ապրանքաձեւի խորհրդավորությունը պարզապես այն է, որ նա մարդկանց սեփական աշխատանքի հասարակական բնույթը նրանց աչքին արտացոլացնում է իբրեւ հենց աշխատանքի արդյունքների առարկայական բնույթ, իբրեւ այս իրերի բնական հասարակական հատկություններ. այս պատճառով էլ արտադրողների հասարակական հարաբերությունն ընդհանուր աշխատանքի նկատմամբ ներկայացնում է իբրեւ առարկաների հասարակական հարաբերություն, որ գոյություն ունի արտադրողներից դուրս: Այս՝ quid pro quo-ի (մեկը մյուսի փոխարեն – ծնթ. թրգմ.) միջոցով աշխատանքի արդյունքները դառնում են ապրանքներ, զգայելի գերզգայական կամ հասարակական իրեր: Այնպես, ինչպես մեկ իրի լույսի տպավորությունը դրոշվմում է տեսանյարդի վրա ո՛չ թե իբրեւ հենց տեսանյարդի սուբյեկտիվ գրգիռ, այլ իբրեւ աչքից դուրս գտնվող մեկ իրի առարկայական ձեւ: Բայց տեսողության ժամանակ մեկ իրի, արտաքին առարկայի, լույսն իրոք ընկնում է մի ուրիշ իրի, աչքի վրա: Այս մի ֆիզիկական հարաբերություն է ֆիզիկական իրերի միջեւ: Այնինչ, ընդհակառակը, ապրնաքաձեւն ու աշխատանքի արդյունքների այն արժեքային հարաբերությունը, որոնց մեջ ներկայանում է արժեքը, բացարձակապես ոչ մի ընդհանուր բան չունի ապրանքների ֆիզիկական բնության ու նրանից բխող իրային առնչությունների հետ: Այս՝ հենց իրենց մարդկանց որոշ հասարակական հարաբերություն է միայն, որն այստեղ նրանց աչքում իրերի մի հարաբերության ֆանտասմագորիկ ձեւ է ընդունում: Ուստի եւ մի անալոգիա գտնելու համար մենք պետք է կրոնական աշխարհի մշուշապատ ոլորտները դիմենք: Այստեղ մարդկային գլխի արդյունքները երեւում են սեփական կյանքով օժտված, իրար հետ ու մարդկանց հետ հարաբերության մեջ գտնվող ինքնակա գոյակներ: Նույնն է լինում ապրանքային աշխարհում մարդկային ձեռքի արդյունքների նկատմամբ: Այս ես անվանում եմ ֆետիշիզմ, որը կպչում եւ հատուկ է դառնում աշխատանքի արդյունքներին, հենց որ սրանք արտադրվում են իբրեւ ապրանքներ, եւ որը հետեւաբար անբաժանելի է ապրանքային արտադրությունից:

Ապրանքային աշխարհի այս ֆետիշային բնույթն, ինչպես արդեն ցույց է տվել նախընթաց վերլուծությունը, առաջ է գալիս ապրանքներ արտադրող աշխատանքի յուրահատուկ հասարակական բնույթից:

Սպառման առարկաներն ընդհանրապես ապրանքներ են դառնում միայն այն պատճառով, որ նրանց միմյանցից անկախորեն կիրառվող մասնավոր աշխատանքների արդյունքներ են: Այս մասնավոր աշխատանքների կոմպլեքսը կազմում է հասարակական միագումար աշխատանքը: Քանի որ արտադրողները հասարակական շփման մեջ են մտնում միմյան իրենց աշխատանքի արդյունքների փոխանակության միջոցով, ապա նրանց մասնավոր աշխատանքների առանձնահատուկ հասարակական բնույթներն էլ երեւան են գալիս այս փոխանակության ներսում միայն: Կամ թե մասնավոր աշխատանքները փաստորեն կենսագործվում են իբրեւ հասարակական միագումար աշխատանքի լոկ անդամներ այն հարաբերությունների շնորհիվ, որի մեջ աշխատանքի արդյունքներն ու սրանց միջոցով էլ արտադրողները տեղորոշվում են փոխանակության շնորհիվ: Այս պատճառով էլ նրանց մասնավոր աշխատանքների հասարակական հարաբերություններն արտադրողներին երեւում են այնպես, ինչպես որ են իրոք, այսինքն, ո՛չ թե իբրեւ անհատների անմիջաբար հասարակական հարաբերություններ հենց իրենց աշխատանքների ժամանակ, այլ ավելի շուտ՝ իբրեւ անհատների իրային հարաբերություններ եւ իրերի հասարակական հարաբերություններ:

Միմիայն իրենց փոխանակության ներսում է, որ աշխատանքի արդյունքները ձեռք են բերում հանրորեն հավասար արժեքային առարկայականություն, որը բաժանված է նրանց զգայորեն տարբեր սպառողական առարկայականությունից: Աշխատանքի արդյունքի այս երկճեղքումը, որով նա տրոհվում է օգտակար իրի ու արժեքավոր իրի, գոծնականում իրականանում է միմիայն այն ժամանակ, երբ փոխանակությունն արդեն բավական ծավալ ու կարեւորություն է ստացել, այնպես որ օգտակար իրերն արտադրվում են փոխանակության համար, ուստի եւ իրերի արժեքային բնույթը հաշվի է առնվում հենց արդեն նրանց արտադրության ժամանակ: Այս վայրկյանից սկսած արտադրողների մասնավոր աշխատանքները փաստորեն ընդունում են երկակի հասարակական բնույթ: Նրանք պետք է մի կողմից, իբրեւ որոշակի օգտակար աշխատանքներ, մի որոշ հասարակական պահանջմունք բավարարեն եւ ուրեմն իրենց գոյությունն արդարացնեն իբրեւ միագումար աշխատանքի անդամներ, աշխատանքի հասարակական բաժանման՝ բնականորեն աճած սիստեմի անդամներ: Մյուս կողմից նրանք բավարարում են իրենց սեփական արտադրողների բազմազան պահանջները միմիայն այն չափով, որչափով ամեն մի հատուկ օգտակար մասնավոր աշխատանք փոխանակելի է մասնավոր աշխատանքի ամեն մի ուրիշ օգտակար տեսակի հետ, ուրեմն եւ նրան հավասար նշականություն ունի: Toto coelo (Բոլոր կողմերով – ծնթ. թրգմ.) տարբեր աշխատանքների հավասարությունը կարող է նրանց իրական անհավասարությունից չվող մի վերեցություն լինել միայն, երբ նրանք վեր են ածվում մի այնպիսի ընդհանուր բնույթի, որ նրանք ունեն իբրեւ մարդկային աշխատուժի ծախսում, իբրեւ վերացական մարդկային աշխատանք: Մասնավոր արտադրողների ուղեղը նրանց մասնավոր աշխատանքների այս երկակի հասարակական բնույթն արտացոլում է այն ձեւերի մեջ միայն, որոնք երեւան են գալիս գործնական կյանքում, արդյունքների փոխանակության միջոցին – հետեւաբար նա մարդկանց մասնավոր աշխատանքների հասարակական օգտակար բնույթն արտացոլում է այն ձեւով, որ աշխատանքի արդյունքը պետք է օգտակար լինի, եւ այն էլ ուրիշի համար. – նա այլատեսակ աշխատանքների հավասարության հասարակական բնույթն արտացոլում է նութականապես տարբեր այս իրերի, աշխատանքային արդյունքների արժեքային ընդհանուր բնույթի ձեւով:

Հետեւաբար մարդիկ իրենց աշխատանքի արդյունքներն իրար հետ հարաբերության մեջ են դնում իբրեւ արդեքներ ոժ այն պատճառով, որ այս իրերը նրանց աչքում միանման մարդկային աշխատանքի նյութական պատիճներ են լոկ, այլ, ընդհակառակը, երբ նրանք իրենց այլատեսակ արդյունքները փոխանակության միջոցին հավասարեցնում են իրար իբրեւ արժեքներ, սրանով նրանք իրենց տարբեր աշխատանքները հավասարեցնում են իրար իբրեւ մարդկային աշխատանք: Նրանք այս չեն գիտակցում, բայց անում են այս բանը [3]: Այսպիսով արժեքի ճակատին չի գրված, թե նա ինչ է: Արժեքն ամեն մի աշխատանքի արդյունք ավելի շուտ դարձնում է մի հասարակական հիերոգլիֆ: Հետագայում մարդիկ տքնում են հիերոգլիֆի իմաստը վերծանելու, իրենց սեփական հասարակական արդյունքի գաղտնիքի մեջ թափանցելու, որովհետեւ սպառման առարկաներն իբրեւ արժեքներ որոշելը նրանց հասարակական արգասիքն է ճիշտ նույնպես, ինչպիսին որ լեզուն է: Հետագայում կատարված գիտական այն հայտնագործումը, թե աշխատանքի արդյունքները, որչափով որ արժեքներ են, արդյունքների արտադրության միջոցին ծախսված մարդկային աշխատանքի նյութական արտահայտություններ են լոկ, - այս հայտնագործումը մարդկության զարգացման պատմության մեջ դարագլուխ է կազմում, բայց ամենեւին չի վերացնում աշխատանքի հասարակական բնույթի առարկայական երեւութականությունը: Այն, ինչ որ արտադրության այս հատուկ ձեւի համար, ապրանքային արտադրության համար իրավացի է, թե միմյանցից անկախ մասնավոր աշխատանքների հենց առանձնահատուկ հասարակական բնույթը նրանց, իբրեւ մարդկային աշխատանքների, հավասարությունն է կազմում եւ աշխատանքի արդյունքների արժեքային բնույթի ձեւ ընդունում, - այս հանամանքը, ինչպես հիշյալ հայնտագործումից առաջ, այնպես էլ հետո, ապրանքային արտադրության հարաբերությունների մեջ ընդգրկվածներին թվում է ընդհանրական նշանակություն ունեցող հատկություն ճիշտ այնպես, ինչպես որ օդի՝ գիտության կողմից յուր տարրերին տրոհվելը չի խանգարում, որ օդի ձեւն իբրեւ մի ֆիզիկական մարմնաձեւ շարունակի հարատեւել:

Արդյունք փոխանակողներին գործնականորեն ամեն առաջ այն հարցն է հետաքրքրում, թե իրենց սեփական արդյունքի փոխարեն օտարի որքան շատ արդյունք կարող են ստանալ, ուրեմն եւ արդյունքներն ինչ համամասնությամբ կարող են փոխանակվել: Հենց որ այս պրոպորցիաները զարգանալով ձեռք են բերում սովորական դարձած մի որոշ կայունություն, ապա թվում է թե իշյալ պրոպորցիաները ծագում են աշխատանքի արդյունքների էությունից, այնպես որ, օրինակ, մեկ տոննա յերկաթն ու երկու ունցիա ոսկին հավասարարդեք են թվում այնպես, ինչպես մեկ ֆունտ ոսկին ու մեկ ֆունտ երկաթը, չնայած իրենց ֆիզիկական ու քիմիական տարբեր հատկություններին, հավասար կշիռ ունեն: Այնինչ աշխատանքի արդյունքների արժեքային բնույթն ամրակայվում է միմիայն այն միջոցով, որ նրանք մրարմնանալով ներկայանում են իբրեւ արդեքային մեծություններ: Վերջիններս շարունակ փոփոխվում են՝ փոխնակողների կամքից, նախատեսությունից ու արարքներից անկախ: Փոխանակողների սեփական հասարակական շարժումը նրանց աչքում ընդունում է իրերի շարժման ձեւ, այն իրերի, որոնց վերահսկողության տակ են գտնվում նրանք՝ փոխանակ նրանց ենթարկելու իրենց վերահսկողությանը: Անհրաժեշտ է լիովին զարգացած ապրանքային արտադրություն, որպեսզի հենց փորձից ծնունդ առնի գիտական այն հայացքը, թե միմյանցից անկախ կիրառվող, բայց իբրեւ աշխատանքի հասարակական բաժանման բնականորեն աճած անդամներ, հանրակողմանիորեն միմիյանցից կախում ունեցող մասնավոր աշխատանքներն անընդհատ վեր են ածվում իրենց հասարակական պրոպորցիոնալ չափին, որովհետեւ նրանց արդյունքների պատահական ու մշտապես տատանվող փոխանակային հարաբերությունների ժամանակ նրանց ատադրության համար հանրորեն անհրաժեշտ աշխատաժամանակն ուժգնորեն երեւան է ելնում իբրեւ կարգավորող բնական օրենք, այնպես, ինչպես որ, օրինակ, ծանրության օրենքն է երեւան գալիս, երբ տունը փուլ է գալիս մեկի գլխին [4]: Հետեւաբար արժեքի մեծությունն աշխատաժամանակով որոշելը հարաբերական ապրանքային արժեքների երեւացող շարժումների տակ թագնված մի գաղտնիք է: Այս գաղտնիքի հայտնագործումը վերացնում է աշխատանքի արդյունքների արժեքային մեծությունների լոկ պատահական որոշման երեւութականությունը, բայց ամենեւին չի վերացնում նրանց նյութական ձեւը:

Մարդկային կյանքի ձեւերի մասին խորհրդածելը, ուրեմն եւ նրանց գիտական վերլուծությունը, ընդհանրապես ընթանում է իրական զարգացմանը հակադիր ուղիով: Նա սկսվում է post festum (Հետագայում, իրողությունից հետո – ծնթ. թրգմ)) եւ ուրեմն զարգացման պրոցեսի պատրաստի հետեւանքներից: Այն ձեւերը, որ աշխատանքի արդյունքները դրոշմում են ապրանքների վրա եւ հետեւաբար նախադրյալներ են հանդիսանում ապրանքաշրջանառության համար, հասարակական կյանքի բնական ձեւերի կայունություն են ստանում արդեն ավելի առաջ, քան մարդիկ կփորձեյին իրենց հաշիվ տալ ո՚չ թե այս ձեւերի պատմական բնույթի մասին,- ձեւեր, որոնք արդեն ավելի շուտ անփոփոխելի լինելու հատկությունն են ձեռք բերել նրանց աչքում,- այլ նրանց բովանդակության մասին: Այսպիսով ապրանքագների վերլուծությունն էր միայն, որ հասցրեց արժեքային մեծության որոշմանը, ապրանքների հասարակական դրամական արտահայտությունն էր լոկ, որ հասցրեց ապրանքների արժեքային բնույթի ֆիքսացիային: Բայց ապրանքային աշխարհի նույն այս պատրաստի ձեւը - դրամաձեւն է հենց, որ նյութապես քողարկում է մասնավոր աշխատանքների հասարակական բնույթը եւ ուրեմն մասնավոր գործավորների հասարակական հարաբերությունները՝ փոխանակ հիշյալները քողազերծ հանդես բերելու: Երբ ես ասում եմ ՝ բաճկոնը, կոշիկը եւ այլն հարաբերում են կտավին իբրեւ վերացական մարդկային աշխատանքի ընդհանրական մարմնացում, ապա այս արտահայտության արտառոցությունն աչք է ծակում: Սակայն երբ բաճկոն, կոշիկ եւ այլն արտադրողներն այս ապրանքները հարաբերության մեջ են դնում կտավի հետ - կամ ոսկու ու արծաթի հետ,- մի հանգամանք, որ չի փոխում բանի էությունը,- իբրեւ ընդհանրական համարժեքի հետ, ապա հիշյալների մասնավոր աշխատանքների՝ հասարակական միագումար աշխատանքի հետ ունեցած հարաբերությունը նրանց պատկերանում է ճիշտ այս արտառոց ձեւով:

Հենց այսպիսի ձեւեր են կազմում բուրժուական տնտեսագիտության կատեգորիաները: Նրանք արտադրության՝ պատմականորեն որոշ այս հասարակական եղանակի, ապրանքային արտադրության, արտադրական հարաբերություններին վերաբերող մտածողության հասարակական նշանակություն ունեցող, ուրեմն եւ օբյեկտիվ ձեւեր են: Ուստի եւ ապրանքային աշխարհի ամբողջ միստիցիզմը, բոլոր կախարդանքները եւ ուրվականները, որոնք մշուշապատում են աշխատանքի արդյունքները՝ ապրանքային արտադրության հիմքի վրա խարսխվելով, չքանում են անմիջապես, հենց որ մենք դիմում ենք արտադրության մյուս ձեւերին: Որովհետեւ քաղաքատնտեսությունը սիրում է ռոբինզոնադներ [5], ուստի թող մեր հանդեպ էլ հանդես գա Ռոբինզոնը իր կղզու վրա: Որքան էլ նա համեստ լինի իր սովորություններով, սակայն նա պետք է բավարարի իր տարբեր տեսակի պահանջմունքները, ուստի եւ պետք է տարբեր տեսակի օգտակար աշխատանքներ կատարի - գործիքներ շինի, կահույք պատրաստի, լամա կթի, ձուկ որսա, որսորդություն անի եւ այլն: Աղոթքի ու նման բաների մասին ասյտեղ չենք խոսում, որովհետեւ մեր Ռոբինզոնը նրանց մեջ բավականություն է գտնում եւ այսպիսի գործունեությունը հանգստություն է համարում: Չնայած նրա արտադրողական ֆունկցիաների տարբերությանը՝ նա գիտե, որ նրանք միեւնույն Ռոբինզոնի գործունեության տարբեր ձեւերն են միայն, ուրեմն եւ մարդկային աշխատանքի տարբեր տեսակները միայն: Հենց կարիքը հարկադրում է նրան, որ նա իր ժամանակը ճշտությամբ բաժանի իր տարբեր ֆունկցիաների միջեւ: Թե արդյոք այս ֆունկցիաներից մեկն ավելի շատ, իսկ մյուսն ավելի քիչ տեղ կբռնի նրա ընդհանուր գործունեության մեջ, այս կախված է այն ավելի մեծ կամ ավելի փոքր դժվարություններից, որ նա պետք է հաղթահարի նպատակահարմար օգտակար էֆեկտներին հասնելու համար: Փորձը նրան սովորեցնում է այս, եւ մեր Ռոբինզոնը, որը նավաբեկությունից փրկել էր ժամացույցը, գլխավոր մատյանը, թանակն ու գրիչը, շուտով սկսում է, իբրեւ իսկական անգլիացի, հաշվեգիրք պահել իր համար: Նրա կահույքագիրը կազմում է մի ցանկ, որի մեջ նշվում են սպառման այն առարկաները, որ նա ունի, այն զանազան գործողությունները, որոնք պահանջվում են նրանց արտադրության համար, եւ վերջապես այն աշխատաժամանակը, որն միջին հաշվով անհրաժեշտ է նրան այս տարբեր արդյունքների մի որոշ քանակ պատրաստելու համար: Այն բոլոր հարաբերությունները, որ կան Ռոբինզոնի ու նրա ինքնարուր հարստությունը կազմող իրերի միջեւ, այնքան հասարակ ու թափանցիկ են այստեղ, որ նույնիսկ պարոն Մ. Վիրթը հիշյալները կհասկանար առանց մտքի հատուկ լարման: Եւ այնուամենայնիվ նրանց մեջ պարունակվում են արժեքի բոլոր էական որոշումները:

Հիմա Ռոբինզոնի լուսավոր կղզուց փոխադրվենք եվրոպական խավար միջնադարը: Անկախ մարդու փոխարեն այստեղ գտնում ենք մարդիկ, որոնք բոլորն էլ կախյալ են - ճորտեր ու կալվածատերեր, վասսալներ ու ավատատուներ, աշխարհականներ ու տերտերներ: Անձնական կախումը նույնքան շատ է բնորոշում նյութական արտադրության հասարակական հարաբերությունները, որքան եւ նրանց վրա խարսխված կյանքի ոլորտները: Բայց հենց այն պատճառով, որ անձնական կախման հարաբերությունները կազմում են տվյալ հասարակության հիմքը, ապա աշխատանքներն ու արդյունքները կարիք չունեն իրենց իրական կեցությունից տարբեր երեւակայական կերպարանք ստանալու: Նրանք իբրեւ բնածառայություններ ու բնապարտույթներ մտնում են հասարակական կյանքի նիստուկացի մեջ: Այստեղ աշխատանքի բնաձեւը, նրա առանձնահատկությունն է, որ կազմում է աշխատանքի անմիջաբար հասարակական ձեւը եւ ոչ թե նրա ընդհանրականությունը, ինչպես որ լինում է ապրանքային արտադրության հինման վրա: Կոռային աշխատանքը նույնքան լավ է չափվում ժամանակով, որքան ապրանքներ արտադրող ժամանակը. սակայն յուրաքանչյուր ճորտ գիտե, որ նա իր անձնական աշխատուժի մի որոշ քանակն է միայն ծախսում իր տիրոջ համար կատարած աշխատանքի միջոցին: Տերտերին վճարելի տասանորդն ավելի որոշակի բան է, քան տերտերի որհնանքը: Հետեւաբար ինչպես էլ որ մենք գնահատելու լինենք այն բնութագրող դիմակները, որոնցովվ մարդիկ այստեղ հանդես են գալիս իրար դեմ, համենայն դեպս անհատների՝ իրենց աշխատանքների միջոցին ունեցած հասարակական հարաբերությունները երեւան են գալիս իբրեւ նրանց սեփական անձնական հարաբերություններ եւ պարուրված չեն իրերի - աշխատանքի արդյունքների - հասարակական հարաբերությունների մեջ:

Ընդհանուր, այսինքն անմիջաբար հանրայնացված աշխատանքն ուսումնասիրելու համար մենք կարիք չունենք վերադառնալու նրա նախնադարյան ձեւին, որը մեզ հանդիպում է բոլոր կուլտուրական ժողովուրդների պատմության շեմքին [6]: Ավելի մոտակա օրինակ է կազմում գյուղացիական ընտանիքի երկրագործական նահապետական արտադրությունը, երբ այս ընտանիքը իր կարիքների համար արտադրում է հացահատիկ, անասուն, մանվածք, կտավ, շորեղեն եւ այլն: Այս տարբեր իրերն ընտանիքի համար ներկայանում են իբրեւ իր ընտանեկան աշխատանքի տարբեր արդյունքներ, բայց միմյանց նկատմամբ փոխադարձաբար չեն հանդիպադրվում իբրեւ ապրանքներ: Այս տարբեր աշխատանքները, որոնք պատրաստում են այս արդյունքները, վար ու ցանքը, անասուններին խնամելը, մանելը, գործելը, շոր կարելն եւ այլն, հասարակական ֆունկցիաներ են իրենց բնաձեւերով, որովհետեւ նրանք ֆունկցիաներ են մի ընտանիքի, որն աշխատանքի իր սեփական բնականորեն աճած բաժանումն ունի ճիշտ այնպես, ինչպես որ նույնն ունի ապրանքային արտադրողությունն էլ: Սեռի ու հասակի տարբերությունները, ինչպես եւ աշխատանքի այն բնական պայմանները, որոնք փոփոխվում են տարվա եղանակների փոփոխվելու հետ, կանոնավորում են ընտանիքի մեջ աշխատանքի բաժանումը եւ ընտանիքի առանձին անդամների աշխատաժամանակը: Սակայն անհատական աշխատուժերի՝ ժամանակի տեւողությամբ չափվող ծախսումն այստեղ հենց սկզբից հանդես է գալիս իբրեւ նույն աշխատանքների հանրային որոշում, որովհետեւ անհատական աշխատուժերը հենց սկզբից գործում են իբրեւ ընտանիքի ընդհանուր աշխատուժի օրգաններ միայն:

Վերջապես բազմազանության համար մենք պատկերացնենք ազատ մարդկանց մի միություն, որոնք աշխատում են արտադրության հանրային միջոցներով եւ իրենց բազմաթիվ անհատական աշխատուժերն ինքնագիտակցորեն ծախսվում են իբրեւ մի հասարակական աշխատուժ: Ռոբինզոնի աշխատանքի բոլոր որոշումները կրկնվում են այստեղ, բայց հանրորեն միայն եւ ոչ թե անհատականորեն: Ռոբինզոնի բոլոր արդյունքները նրա անձնական արդյունքն էին բացառապես եւ հետեւաբար նրա համար սպառման առարկաներ էին անմիջականորեն: Միության ընդհանուր արդյունքը մի հասարակական արդյունք է: Այս արդյունքի մի մասը ծառայում է դարձյալ իբրեւ արտադրամիջոց: Այս մասը մնում է հասարակական: Բայց մյուս մասն սպառում են միության անդամներն իբրեւ կենսամիջոց: Հետեւաբար այս մասը պետք է բաշխվի նրանց միջեւ: Այս բաշխման եղանակը փոփոխվում է արտադրության հասարակական օրգանիզմի հենց յուրաքանչյուր տեսակի հետ ու արտադրողների հասարակական զարգացման համապատասխան բարձրության հետ: Ապրանքային արտադրության հետ լոկ մի զուգահեռ անցկացնելու համար ենթադրենք, որ յուրաքանչյուր արտադրողի՝ կենսամիջոցների մեջ ունեցած բաժինը որոշվում է նրա աշխատաժամանակով: Այսպիսով աշխատաժամանակը երկակի դեր կխաղար: Նրա հասարակական պլանաչափ բաժանումը կանոնավորում է աշխատանքային տարբեր ֆունկցիաների ու տարբեր պահանջմունքների միջեւ լինելիք ճիշտ պրոպորցիան: Մյուս կողմից, աշխատաժամանակը միեւնույն միջոցին ծառայում է իբրեւ մի չափ, որով որոշվում է արտադրողի անհատական բաժինն ընդհանուր աշխատանքի մեջ եւ ուրեմն ընդհանուր արդյունքի այն մասի մեջ, որն անհատաբար պետք է սպառվի: Մարդկանց՝ իրենց աշխատանքների ու իրենց աշխատանքի արդյունքների նկատմամբ ունենալիք հասարակական հարաբերություններն այստեղ հստակորեն պարզ են մնում ինչպես արտադրության մեջ, այնպես եւ բաշխման մեջ:

Ապրանք արտադրողների հասարակության համար, որի արտադրության ընդհանուր հասարակական հարաբերությունն այն է, որ իր արդյունքները ներկայացնում է իբրեւ ապրանքներ, ուրեմն եւ իբրեւ արժեքներ, եւ որի մասնավոր աշխատանքներն այս նյութական ձեւով հարաբերում են իրար իբրեւ միանման մարդկային աշխատանք, այսպիսի հասարակության համար կրոնական ամենահամապատասխան ձեւը քրիստոնեությունն է՝ վերացական մարդու իր պաշտամունքով, հատկապես նրա բուրժուական զարգացումը ներկայացնող փոփոխակները - բողոքականությունը, դեիզմը եւ այլն: Արտադրության հին ասիական, անտիկ եւ այլն եղանակների միջոցին արդյունքի ապրանք դառնալը, ուրեմն եւ մարդկանց իբրեւ ապրանք արտադրողների կեցությունը, մի ստորադաս դեր է կատարում, որը սակայն այնքան ավելի նշանավոր է դառնում, որքան ավելի են հասարակական տնտեսաձեւերըմ մտնում իրենց անկման փուլի մեջ: Իսկական առեւտրական ժողովուրդները գոյություն ունեին հին աշխարհի միջերկրային տարածությունների մեջ, ինչպես Էպիկուրի աստվածները կամ ինչպես հրեաները լեհական հասարակության ծակոտիներում: Արտադրության այդ հասարակական հին օրգանիզմներն անհամեմատ ավելի պարզ եւ թափանցիկ են, քան բուրժուականը, բայց նրանք հիմնվում են կամ անհատական մարդու տհասության վրա, որը դեռ չի պոկվել մյուս մարդկանց հետ ունեցած տոհմական բնական կապերի պորտաթելից, կամ թե հիմնված են տիրապետության ու ծառայության անմիջական հարաբերությունների վրա: Նրանք պայմանավորված են աշխատանքի արտադրողական ուժերի զարգացման մի ստորին աստիճնով եւ մարդկանց համապատասխանորեն կաշկանդված հարաբերություններով, որոնք գոյություն են ունենում նրանց կյանքի իրականացման նյութական պրոցեսի ներսում, հետեւաբար միմյանց ու բնության նկատմամբ ունեցած հարաբերությունների մեջ: Այս իրական կաշկանդվածությունը գաղափարապես արտացոլում է հին բնական ու ժողովրդական կրոնների մեջ: Իրական աշխարհի կրոնական արտացոլումը կարող է այն ժամանակ չքանալ ընդհանրապես, երբ մարդկանց առօրյա գործնական կյանքի հարաբերությունները փաստորեն արտահայտվեն մարդկանց՝ միմյանց ու բնության նկատմամբ ունեցած թափանցիկ ու բնական հարաբերությունների մեջ: Կյանքի հասարակական պրոցեսի, այսինքն արտադրության նյութական պրոցեսի կերպարանքը իր միստիկական մշուշային քողը դեն է նետում միմիայն այն ժամանակ, երբ նա իբրեւ ազատորեն հանրայնացված մարդկանց արդյունք՝ գտնվում է նրանց գիտակցական պլանաչափ վերահսկության տակ: Սակայն սրա համար պահանջվում է հասարաության մի նյութական հիմք կամ նյութական գոյապայմանների մի շարք, որոնք իրենց հերթին զարգացման մի երկար ու տանջալից պատմության բնականորեն աճած արդյունքն են:

Քաղաքատնտեսությունն իրոք վերլուծել է, թեւ ոչ բավարար չափով [7], արժեքն ու արժեքային մեծությունը եւ երեւան է հանել այս ձեւերի մեջ թաքնված բովանդակությունը, բայց նա ոչ մի անգամ մինչեւ իսկ չի էլ դրել այս հարցը, թե ինչու է այս բովանդակությունն այն ձեւն ընդունում, հետեւաբար ինչու է աշխատանքն արտահայտվում արժեքի մեջ եւ աշխատաչափն էլ իր ժամանակի տեւողության միջոցով արտահայտվում աշխատանքի արդյունքի արժեքային մեծության մեջ [8]: Այն ֆորմուլաները, որոնց ճակատին գրված է, թե նրանք պատկանում են մի այնպիսի հասարակական ֆորմացիայի, որտեղ արտադրության պրոցեսն է տիրապետում մարդկանց վրա, իսկ մարդը չի իշխում արտադրության պրոցեսի վրա,- նրանց բուրժուական գիտակցությանը երեւում են իբրեւ նույնչափ ինքնըստինքյան հասկանալի բնական անհրաժեշտություն, որքան ինքը՝ արտադրողական աշխատանքը: Այս պատճառով էլ արտադրության հասարակական օրգանիզմի մինչբուրժուական ձեւերի մասին նա դատում է այնպես, ինչպես եկեղեցական հայրերն էին դատում մինչքրիստոնեական կրոնների մասին [9]:

Թե այն ֆետիշիզմը, որը պարուրում է ապրանքային աշխարհին, կամ աշխատանքի հասարակական որոշումների առարկայական երեւութականությունը որքան շատ է մոլորեցնում տնտեսագետների մի մասին, այս, ի միջի այլոց, ապացուցում է այն ձանձրալի անիմաստ վեճը, որ վերաբերում էր փոխանակարժեքի ստեղծման մեջ բնության ունեցած դերին: Որովհետեւ փոխանակարժեքը մի հասարակական որոշ եղանակ է՝ մի իրի վրա թափած աշխատանքն արտահայտելու համար, ապա նա չի կարող բնական նյութ ավելի պարունակել, քան, օրինակ, մուրհակի կուրսը:

Որովհետեւ ապրանքաձեւը բուրժուական արտադրության ամենից ընդհանրական ու ամենից անզարգացած ձեւն է, որի հետեւանքով նա վաղ է հանդես գալիս, թեեւ ոչ իբրեւ նույն արտադրության մեջ տիրապետող, ուրեմն եւ բնորոշ եղանակ, ինչպես որ ներկայումս է,- ապա նրա ֆետիշային բնույթը համեմատաբար դեռ հեշտ է նկատել: Ավելի կոնկրետ ձեւերի ժամանակ պարզության այս արտաքին երեւույթն էլ չքանում է: Ո՞րտեղից են առաջ գալիս մոնետար սիստեմի պատրանքները: Նա ոսկու եւ արծաթի մեջ ո՛չ թե այն էր նկատում, թե սրանք, իբրեւ փող, արտադրության մի հասարակական հարաբերություն են ներկայացնում, այլ այն, որ սրանք հասարակական տարօրինակ հատկություն ունեցող բնական իրերի ձեւն են: Իսկ արդի քաղաքատնտեսությո՞ւնը, որը բարձրամտորեն արհամարհում է մոնետար սիստեմը, մի՞թե նրա ֆետիշիզմը շոշափելի չի դառնում, հենց որ նա կապպիտալն է քննում: Վաղո՞ւց է, որ չքացել է ֆիզիոկրատների այն պատրանքը, թե հողային ռենտան հողից է ծլում եւ ոչ թե հասարակությունից:

Սակայն առաջ չվազելու համար այստեղ բավական կլինի մի օրինակ միայն, որը վերաբերում է հենց ապրանքաձեւին: Եթե ապրանքները կարողանային խոսել, ապա նրանք կասեյին՝ մեր սպառարժեքը կարող է հետաքրքրել մարդկանց: Սպառարժեքը մեզ չի վերաբերում իբրեւ իրերի: Բայց մեզ, իբրեւ իրերի, վերաբերում է արժեքը: Մեր, իբրեւ ապրանքային իրերի, սեփական հաղերդակցումն ապացուցում է այս: Մենք միմյանց հարաբերում ենք իբրեւ փոխանաարժեքներ միայն: Հիմա լսենք, ապրանքի հոգուց ինչ է բարբառում տնտեսագետը. “արժեքը (փոխանակային արժեքն) իրերի հատկությունն է, հարստությունը (սպառարժեքը) մարդու հատկությունն է: Արժեքն այս իմաստով անհրաժեշտորեն ենթադրում է փոխանակություն, իսկ հարստությունը՝ ոչ” [10]: “Հարստությունը (սպառարժեքը) մարդու հատկանիշն է, արժեքն ապրանքների հատկանիշն է: Մի մարդ կամ մի համայնք հարուստ է. մի մարգարիտ կամ մի ադամանդ թանկագին է... Մի մարգարիտ կամ մի ադամանդ արժեք ունի իբրեւ մարգարիտ կամ ադամանդ” [11] : Մինչեւ այժմ դեռ ոչ մի քիմիկոս մարգարտի կամ ադամանդի մեջ փոխանակարժեք չի հայտնագործել: Բայց այս քիմիական սուբստատնցը հայտնագործող տնտեսագետները, որոնք քննադատական խորություն ցույց տալու հատուկ հավակնություն ունեն, գտնում են, որ իրերի սպառարժեքը կախում չունի նրանց նյութական հատկություններից, այնինչ, ընդհակառակը, նրանց արժեքը հատուկ է նրանց, իբրեւ իրերի: Այս հայացքի մեջ նրանց ամրապնդողն այն զարմանալի պարագան է, որ իրերի սպառարժեքը մարդկանց համար իրանում է առանց փոխանակության, հետեւաբար իրի ու մարդու միջեւ եղած անմիջական հարաբերության մեջ, իսկ նրանց արժեքն, ընդհակառակը, մարդկանց համար իրանում է միմիայն փոխանակության մեջ, այսինքն մի հասարակական պրոցեսում: Այստեղ ո՞վ չի մտաբերի բարեհոգի Դոգբերրուն, որն ուսուցանում է գիշերապահ Սիկոլին, թե “լավ արտաքին ունեցող մարդ լինելը հանգամանքների պարգեւ է, բայց կարդալ ու գրել կարողանալը տվածուրիկ է բնությունից” [12] :

 

 

________________________

[1]  Պետք է մտաբերել, որ Չինաստանն ու սեղանները սկսեցին պար գալ հենց այն ժամանակ, երբ մնացած ամբողջ աշխարհը հանդարտ կանգնած էր երեւում – pour encourager les autres (մնացածներին խրախուսելու համար):

[2]  2րդ հրատ. ծանոթագրություն: Հին գերմանների մեջ մի մորգեն (օրավար) հողի մեծությունը հաշվվում էր մի օրվա աշխատանքով եւ այս պատճառով էլ մորգենը կոչվում էր Tagwerk (նաեւ Tagwanne) (jurnale կամ jurnalis, terra jurnalis, jurnalis կամ diornalis), Mannwerk, Mannskraft, Mansmaad, Manshauet եւ այլն: Տե՛ս Georg Ludwig von Maurer: “Einleitung zur Geschichte der Mark-, Hof-, u. s. w. Verfassung. München, 1859”, p. 129 sq.

[3]  2-րդ հրատ. ծանոթագրություն: - Ուստի երբ Գալիանին ասում է՝ “Արժեքն անհատների միջեւ եղած մի հարաբերություն է” - “La Ricchezza è una regione tra due persone” -, ապա նա պետք է ավելացներ. “նյութական կեղեւի տակ թագնված հարաբերություն է” (Galiani: Della Moneta, p. 220, v. III von Custodi’s Sammlung der “Scrittori Classici Italiani di Economia Politica”. Parte Moderna. Milano, 1801):

[4]  “Ի՞նչ անուն կարելի է տալ մի օրենքի, որը կարող է դուրս ցայտել միմիայն պարբերական հեղափոխությունների միջոցով: Այս՝ հենց բնության մի օրենք է, որը խարսխվում է նույն օրենքի ներգործությանը ենթարկվողների անգիտակցության վրա” (Friedrich Engels: “Umrisse zu einer Kritik der Nationalökonomie”, Deutsch-Französische Jahrbücher-ում, herausg. Von Arnold Ruge und Karl Marx. Paris, 1844):

[5]  2-րդ հրատ. ծանոթագրություն:- Ռիկարդոն էլ առանց սեփական ռոբինզոնադի չէ: “Նախնադարյան ձկնորսին ու նախնադարյան որսորդին, իբրեւ ապրանքատերերի, նա իսկույն եւեթ ձուկ ու որսի միս է փոխանակել տալիս այս փոխանակարժեքների մեջ առարկայացած աշխատաժամանակների համամասնությամբ: Այս պարագայում նա թույլատրում է այն անախրոնիզմը, որ նախնադարյան ձկնորսն ու նախնադարյան որսորդն իրենց աշխատագործիքները գնահատելու համար դիմում են գնորոշման այն աղյուսակներին, որոնք գործածական էին Լոնդոնի բորսայում 1817 թվականին: “Պարոն Ոուենի պարալելոգրամներն” ըստ երեւույթին միակ հասարակական ձեւն են, որին նա ծանոթ էր, բուրժուական հասարակական ձեւը չհաշված” (Karl Marx: “Zur Kritik etc.”, p. 38,39):

[6]  2-րդ հրատ. ծանոթագրություն: - “Նորագույն ժամանակներում տարածվել է մի ծիծաղելի նախապաշարում, թե բնաճուն համայնական սեփականությունն առանձնահատուկ սլավոնական ու նույնիսկ բացառապես ռուսական ձեւ է: Այս այն նախաձեւն է, որ մենք կարող ենք հետախուզելով երեւան հանել հռոմեացիների, գերմանների, կելտերի մոտ եւ որի բազմազան տեսակների մի ամբողջ նմուշատետր սակայն դեռ մինչեւ հիմա էլ գտնում ենք հնդիկների մեջ, թեեւ մասամբ անկման վիճակում: Ասիական, հատկապես հնդկական համայնական սեփականության մի ավելի ստույգ ուսումնասիրությունը ցույց կտար, թե ինչպես բնաճուն համայնական սեփականության ձեւերից ստացվում են նրա քայքայման տարբեր ձեւերը: Այսպես, օրինակ, հռոմեացիների ու գերմանների մասնավոր սեփականության տարբեր օրիգինալ տիպերը հնարավոր է բղխեցնել հնդիկների համայնական սեփականության տարբեր ձեւերից” (Karl Marx: “Zur Kritik etc.”, p. 10):

[7]  Այս աշխատության երրորդ ու չորրորդ գրքից կերեւա արժեքի մեծության այն վերլուծության պակասությունը, որ տվել է Ռիկարրդոն,- եւ սրա տվածը լավագույնն է: Բայց ինչ վերաբերվում է արժեքին ընդհանրապես, ապա կլասսիկ քաղաքատնտեսությունըոչ մի տեղ որոծակիորեն ու հստակ գիտակցությամբ չի տարբերում այն ածխատանքը, որ ներկայանում է արժեքի մեջ, նույն այս աշխատանքից, որչափով որ սա երեւան է գալիս իր արդյունքի սպառարժեքի մեջ: Նա փաստորեն, իհարկե, հաշվի առնում է այս տարբերությունը, քանի որ մի անգամ աշխատանքը քանակապես է քննում, մյուս անգամ՝ որակապես: Բայց նա չի կռահում, որ աշխատանքների սոսկ քանակական տարբերությունը նթադրում է նրանց որակական միասնությունը կամ հավասարությունըեւ հետեւաբար նրանց վերածումը մարդկային վերացական աշխատանքի: Ռիկարդոն, օրինակ, հայտարարում է, թե համամիտ է Դեստյուտտ դե-Տրասու հետ, երբ վերջինս ասում է. “Որովհետեւ ճիշտ է, թե մեր ֆիզիկական ու հոգեւոր ունակությունները կազմում են մեր միակ նախասկզբնական հարստությունը, ապա այս ունակություններիկիրառումը, այսինքն որեւէ տեսակի աշխատանքը մեր նախասկզբնական հարստությունն է, եւ այսպիսի կիրառման շնորհիվ է միայն, որ ստեղծվել են այն բոլոր իրերը, որին մենք հարստություն ենք ասում... Նմանապես ճիշտ է, թե բոլոր այսպիսի իրերը լոկ ներկայացնում են յն աշխատանքը, որի ստեղծածն են իրենք. եւ եթե նրանք արժեք կամ նույնիսկ երկու տարբեր արժեքներ ունեն, ապա կարող են իրենց արժեքները փոխ առած լիել այն աշխատանքի արժեքից, որ ծնում է նրանց” (Ricardo: “The principles of Pol. Econ. 3. ed., Lond., 1821”, p. 334): Մնեք նշում ենք միայն, որ Ռիկարդոն իր ավելի խոր միտքը վերագրում է Դեստյուտտին: Դեստյուտտը թեւ մի կողմից իրոք ասում է, թե հարստությունը կազմող բոլոր իրերը “ներկայացնում են այն աշխատանքը, որ ստեղծել է նրանց”, բայց մյուս կողմից էլ պնդում է, թե նրանք իրենց “երկու տարբեր արժեքներն” (սպառարժեքն ու փոխանակարժեքն) ստանում են “աշխատանքի արժեքից”: Սրանով Դեստյուտտն ընկնում է գռեհիկ տնտեսագիտության տափակության մեջ, որը մի ապրանքի (տվյալ դեպքում՝ աշխատանքի) արժեքը ենթադրում է, որպեսզի հետո նրանով որոշի մյուս ապրանքների արժեքը: Ռիկարդոն նրա գրախը կարդում է այսպես, թե՝ ինչպես սպառարժեքի, այնպես էլ փախանակարժեքի մեջ ներկայանում է աշխատանքը (եւ ոչ թե աշխատանքի արժեքը): Բայց նա ինքն էլ այնքան քիչ է տարբերում երկակի ներկայացող աշխատանքի երկճեղքված բնույթը, որ նա այն ամբողջ գլխի մեջ, որի վերնագիրն է “Value and Riches, Their Distinctive Properties” հարկադրված է մի որեւէ Ժ. Բ. Սեյի տափակ հայացքների դեմ տաժանելի կռիվ մղելու: Հենց այս պատճառով նա վերջիվերջո միանգամայն զարմանում է, որ Դեստյուտտը, թեեւ հենց համաձայն է նրա - Ռիկարդոյի - հետ, որ աշխատանքնարժեքի աղբյուրն է, սակայն եւ այնպես մյուս կողմից էլ համերաշխ է Սեյի հետ արժեքի գաղափարի վերաբերմամբ:

[8]  Կլասսիկ քաղաքատնտեսության հիմնական պակասություններից մեկն այն է, որ նրան երբեք չէր հաջողվում ապրանքի ու հատկապես ապրանքարժեքի վերլուծությունից դուրս բերել արժեքի ձեւը, որը հենց ապրանքը փոխանակարժեք է դարձնում: Նա ի դեմս իր հենց լավագույն ներկայացուցիչների, ինչպիսիք են Ա. Սմիթն ու Ռիկարդոն, քննում է արժեձեւն իբրեւ միանգամայն նշանակություն չունեցող կամ բուն իսկ ապրանքի էությունից դուրս գտնվող մի բան: Պատճառը միմիայն