|մառան|
հրապարակված է 26.12.2018 | աստղիկ բոյաջյան |
մտորումներ «Չինական պատ»-ից այս կողմ
Նորագույն գրականության մեջ նորություն բերելու խնդիրն է, որ հեղինակն անվանում է վերադարձի գրականություն, երբ բառերը գրվում են, որովհետեւ դատապարտված են գրվելու...

 

Վերջերս ընթերցողի սեղանին դրվեց Նորայր Սարգսյանի «Չինական պատ» պատմվածքների ժողովածուն: Գիրք, որ կարող է օգնել շատերին մեկ էքսկուրս կատարել սեփական ներաշխարհում եւ ճանաչել այն: Հարցեր, որ, մեղմ ասած, մտորելու, բացահայտելու եւ քննելու հնարավորություն են տալիս:

Գրքում զետեղված են հեղինակի մի քանի տարիների գործերը, սակայն տարիների անջրպետը չի խանգարել գրողին ստեղծել հաջորդական կապված պատմություններ: Քարը քարի վրա դնելով` գրողը սարքում է իր «Չինական պատը», որի կառուցումն ընթանում է նույնքան դժվարությամբ, մտքերի եւ բառերի աներեւույթ բախումներով: Այս գրքի ժանրին անդրադառնալիս կարող է հակասություն առաջանալ. պատմվածքների ժողովածո՞ւ, թե՞ վեպ: Եթե քայլենք հեղինակի նախանշած ուղով, ապա գիրքը պատմվածքների ժողովածու է վեպ գրելու մասին: Ըստ հեղինակի` սկզբում փորձել է վեպ գրել հստակ ձեւակերպված վերնագրով՝ «Չինական պատ», սակայն վեպ գրել չի ստացվել: Բայց թույլ տվեք չհամաձայնել հեղինակի հետ: «Չինական պատ» գիրքը կարելի է համարել նաեւ վեպ: Իհարկե, դասական վեպի մասին դժվար է խոսել այս պարագայում, սակայն կան վեպի մի քանի տեսակներ, որոնցից ֆրագմենտալ վեպը գրական հարցադրումներով համապատասխանում է այս գործի ներքին շերտերին եւ ամբողջության մեջ, այո՛, գրիքը կարելի է համարել ֆրագմենտալ վեպ:

Նախ` հասկանանք, որ գրքի բոլոր պատմվածերում ակնհայտ է միեւնույն նարատորի՝ գործող անձի առկայությունը, որը ոչ այլ ոք է, քան հեղինակ-գրողը, իսկ գրքի մյուս կերպարները ուղղակիորեն կամ անուղղակիորեն կոչված են այդ կերպարի ներքին հատկանիշները բացահայտելուն, ինչը յուրաքանչյուր պատմվածքում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում:

Գիրքը բացվում է «Վերադարձի գրականություն» պատմվածքով: Այս պատմվածքը գրական մանիֆեստ է, որ տալիս է գրքում տեղ գտած մյուս գործերը հասկանալու բանալին: Իսկ ի՞նչ է վերադարձի գրականությունը: «Իմը եղավ վերադարձի գրականությունը, ու բառերը գրվեցին ինձ օգնելու համար: Վերադարձ անհայտից ու անհայտը դեպի՝ գիշերային փախած ձայներով…»: Նորագույն գրականության մեջ նորություն բերելու խնդիրն է, որ հեղինակն անվանում է վերադարձի գրականություն, երբ բառերը գրվում են, որովհետեւ դատապարտված են գրվելու, բայց ոչ երբեք արտասանվելու: Մտքեր, որ ուղեկցում են ամենուր, եւ քաղաքի փողոցներում երկար քայլելուց հետո հոգնություն ես զգում ոչ միայն ոտքերում, այլեւ ուղեղում, որովհետեւ մտքերն ու հիշողությունները, իրար հերթ չտալով, շրջում են այնտեղ, երբ գրելը դառնում է ինքնահաղթահարման լավագույն միջոցը:

Այս պատմվածքում է բացվում համեմատության հետաքրքիր ենթաշերտ, որը ընդհանրական կողմ ունի գրքի բոլոր պատմվածքների հետ: Կամյուն է: Գրական նմանությունները սկսվում են մեկ նկարից եւ ավելի կայուն հիմքերի են դրվում, երբ կարդում ես հեղինակի բոլոր գործերը: Առհասարակ Նորայր Սարգսյանի պատմվածքներում կարելի է հանդիպել նաեւ այլ գրական դեմքերի՝ Բուկովսկի, Մայակովսկի, Չարենց, Դոստոեւսկի, Կաֆկա, Կիերկեգոր, Բակունց, Բելյաեւ եւ ի վերջո Մաթեւոսյան: Այս հեղինակներն իրենց կնիքն են թողել Նորայր Սարգսյան գրողի կերտման գործում, եւ ինչ-որ չափով հենց այստեղից է, որ առաջանում է հեղինակի եւ գրականության միջեւ եղած ներքին պայքարը՝ փորձել ստեղծել ավելին, քան կա, տալ չգրված ու չասված, բայց հաճախ մտածելու առիթ տվող հարցերի պատասխանը. «20-րդ դարում բոլորը ամեն ինչ ասացին, հայերն էլ արձակ ստեղծեցին՝ տեղավորվելով սովետի տաքուկ ծոցում, որտեղ կարեւոր էր գրականությունը, եւ անկարեւոր էր հոգին ու հովիվը: Մի խոսքով՝ գրականության ձեռքից առան հոգին, ու պարզվեց առանց դրա, ազնիվ է, բայց ավելի դժվար»:

Կարելի՞ է Նորայրին համարել ուրբանացած գրող: Միանշանակ, այո: Քանի որ գրողի միջավայրը քաղաքն է՝ Երեւանը: «Վերադարձի գրականությունից» մինչեւ «Ներկած քուչա» որպես «գործող կերպար» քաղաքն է. «Կյանքը թերեւս շարունակվում է, ես արդեն իրոք վազում եմ Աբովյանով: Հասնում եմ իմ սիրած հատվածին՝ ԿինոՄոսկվային, ու հանդիպող դեմքերը բոլորը ժպտում են…»:

«Գնացքը աննկատ մոտենում է սեւ քաղաքին, որը անհաղորդ էր իմ մտքերին, ինչպես անհաղորդ են եղել բոլոր քաղաքները բոլոր մարդկանց մտքերին»: Այստեղ Նորայրը փոքրիկ քայլերով բախում է համաշխարհային եւ սփյուռքահայ գրականության դռները: Այլ կերպ ասած՝ դիտարկման առանցքում է հայտնվում մեծ քաղաքի եւ մարդու պրոբլեմը: Սփյուռքահայ գրականության մեջ տիպիկ է Զահրատի օրինակը.

Ամէն ինչ մեծ է քաղաքին մէջ
հաճոյքը մեծ
ցաւը մեծ
պողոտաներուն ու շէնքերուն նման
Ու անոնք որոնք պզտիկ մարդիկ են
Երբեք հանդարտ պիտի չըլլան մեծ քաղաքին մէջ:
 

Հեղինակի պատմվածքներում հաճախ ենք հանդիպում երազի, վերհուշի եւ պատկերացումների եռամիասնությանը: Երազը՝ գաղափարական եւ մտածական գերագույն կերպարներին հասնելու, նմանվելու եւ ինչ-որ չափով ձուլվելու միտումն է (Մաթեւոսյան, Չե Գեւարա): Պատկերացումները ծնունդ են տալիս ավելի լավ ու լուսավոր ապագային՝ գիրք գրել ու անպայման մեծ շնորհանդես անել: Վերհուշը, թերեւս, լավագույնս արտահայտված է «Ներկած քուչա» պատմվածքում, որտեղ գրողը ստեղծում է հարազատ բակի նկարագիրը, ֆուտբոլ խաղացող տղաներից մինչեւ վարսահարդար: Իհարկե, գաղափարական տեսանկյունից եւ մտահղացման առումով այս պատմվածքը տարբերվում է մյուսներից. քաղաքի բակերից մեկի տիպիկ նկարագրություն ներսից՝ մասնակցի դիտանկյունից եւ լրումն այն բանի, թե ինչ է կյանքը, որոնք են կյանքի օրենքները, եւ ինչ է ուզում մարդը կյանքից: Այս գիրքը յուրովի պատասխանն է նշված հարցերի:

Ըստ հեղինակի` կյանքը պայքար է, եւ յուրաքանչյուր վայրկյան պետք է վազել այդ «պայքարից» ետ չմնալու համար: «Եթե չկա բան, որի համար պիտի վազես, ու դու նստում ես գետնին՝ հոգնությունդ ու զզվանքդ արտահայտելով կյանքից, հաստատ իմացիր, որ հետեւիցդ վազողներ կլինեն, ու, մեկ է, պիտի վազես»: Ու հենց այս խելագար ընթացքի մեջ պետք է մոռանալ պլանավորել ամեն ինչ, որովհետեւ յուրաքանչյուր մշակված քայլ մեզ ավելի է հեռացնում կյանքի հիմնական գաղափարախոսությունից. «Կյանքը պլանավորել նշանակում է սպանել կյանքը, որովհետեւ ուղիղ այնքան, ինչքան կանես քո պլանավորածը, այդքան ժամանակ կկորցնես կյանքիցդ, որովհետեւ կկրկնես այն, ինչ արդեն արել ես մտքում»:

Սկզբից մինչեւ վերջ… Շղթան շարունակվում է եւ ձգվում երկար, մինչեւ վերջին օղակ. «Մարդը մահանում է մի ամբողջ կյանք ու գրված համակարգչային կոդի նման սկսում է հետհաշվարկը սկզբից եւ, հերթով անցնելով ֆունկցիաների միջով, անելով փոփոխություններ դրսի աշխարհում եւ ինքն իր մեջ, գնում է դեպի ավարտը: Ավարտվում է ընթացքի մեջ՝ այդպես էլ ոչ մի տեղ կանգառ չգտած»: